
Ճառ 394. « ՍՐԲՈՒՀԻ ՊԵՌՊԵՏՈՒԱՅԻ ԵՎ ՍՐԲՈՒՀԻ ՖԵԼԻՉԻՏԱՅԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Պեռպետուան և Ֆելիչիտան` միացած մարտիրոսության մեջ, միացած` փառաբանության մեջ
1. Այսօր Եկեղեցում երկու գոհարներ պայծառ շողացին միասնական մեկ փայլով։ Պեռպետուան, իրոք, և Ֆելիչիտան, հիշատակվում են մեկ միակ հանդիսավոր տոնակատարությամբ. և կարելի չէ կասկածել երջանկությանը նրա, ով տիրապետում է մշտնջենավոր փառքի։
Նրանց միմյանց միավորեց բանտի մեջ մնալը, նրանց միմյանց միավորեց նաև շնորհը. ոչինչ չկա նրանց մեջ, որ կատարյալ կերպով ներդաշնակ չլինի։ Միասին երգում են [Քրիստոսի] գովքը բանտում, միասին ընդառաջ են գնում Քրիստոսին Երկնքում. միասին կրում են ցլի դեմ մենամարտը, միասին մտնում են մշտնջենավոր Հայրենիք։ Միասին կրում էին մարտիրոսության տառապանքները. մեկը դիում էր, մյուսը` երկնում։ Պեռպետուան ասում էր, երեխային լույս աշխարհ բերելուց և ապա, տակավին նորածին, իրենից հեռու դնելուց հետո(1). «Ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց» (Հռմ 8, 35)։ Ֆելիչիտան դեռ երկունքի ցավերի մեջ էր, բայց արդեն շտապում էր անվեհեր հետևել իր մարտիրոսակից ընկերներին։ Երբ, ապա, դադարում են [ցավերի պատճառած] հեծեծանքները, ի՞նչ խոսքեր էր ուղղում նա Քրիստոսին։ «Փշրեցիր իմ շղթաները. գովաբանության զոհեր եմ մատուցելու Քեզ» (Սղմ 115, 17)։ Եվ արտասանում էին այն խոսքերը, որոնք երանելի Դավիթն ասում էր իր վշտի մխիթարության համար. «Թող որ Տերը շնորհի քեզ քո սրտի փափագների համաձայն, և հաջողացնի քո բոլոր ձեռնարկները» (Սղմ 19, 5)։
Ո՜վ [մարդկային] դյուրաբեկություն։ Փարատվում էր խավարը և, այդուհանդերձ, շարունակում էր ներկա մնալ մարդկային վիճակը։ Բայց Նա, Ով հաղթեց մահվանը և երկունքի վտանգից ազատեց նրան, Պեռպետուային նույնպես սփոփեց դիեցման ցավերից, քանի որ մայրական կաթը ուժգին ցավեր էր առաջացնում նրա կրծքերի մեջ(2)։ Մինչ բարձրանում էին [մարտիրոսության] այդ զմայլելի սանդուղքի աստիճաններով և ոտնակոխ էին անում չար վիշապի նենգ պարանոցը, մուտք գործեցին երկնային հովիտների պարտեզի մեջ և այնտեղ գտան Լավ Հովվին, Ով Իր կյանքը տալիս է Իր ոչխարների համար (հմմտ. Հվհ 10, 11) և ցանկանում է [ստանալ] իր հոտի կաթը(3)։ Նստած էր, – գրված է, – Հովիվը` երիտասարդի և ծերունու տեսքով, մատղաշ տարիքի, բայց ալեհեր, մի տարեց, որ ծերություն չի ճանաչում։ Պայծառ փայլում էր Նրա երիտասարդ դեմքը, որովհետև Նա մնում է միշտ նույնը և Նրա տարիներն անվախճան են (Սղմ 101, 28)։ Գլուխն ալեհեր էր, որովհետև Տերը, [լինելով] արդար, սիրում է արդարությունը և ճանաչում է մարտիրոսների սրբությունը։ Նրա շուրջը հանդարտ պառկած էին ոչխարները, և Նա, Հովվի Իր մատներով, կթում էր նրանց, որոնց տեսնում էր կաթով լի, այսինքն` լի, հոգու մեջ, աստվածապաշտությամբ։ Կթում է Իր մատներով և նրանց դիմում է մխիթարության հայրական խոսքերով, խոստանալով երկնային վարձատրությունները. «Եկե՛ք», ասում էր, «իմ Հոր օրհնյալներ, որպես ժառանգություն ստացե՛ք Արքայությունը, որը ձեր համար պատրաստվել է աշխարհի հիմնումից ի վեր» (Մտթ 25, 34), և նրանց ցույց է տալիս փրփրալի կաթով լի ավազաններ, [այսինքն`] մաքուր սրտի արժանիքները, ստացված` փայլուն ողորմություններով։ Եվ ասում է. «Քաղցած էի, և ինձ ուտելիք տվեցիք. ծարավ էի, և ինձ խմելիք տվեցիք» (Մտթ 25, 35)։ Պեռպետուան անուշ Հովվից ստացավ մի նոր կաթ, իր թանկարժեք արյունը հեղելուց առաջ։ Պատասխանեցին «Ամեն», և սկսեցին աղոթել` հավատարմություն աղերսելով իրենց հոգիների համար։ Աղոթում էին բանտում, այլևս ապահով լինելով Հովվի նկատմամբ։ «Տե՜ր», ասում էին, «թող որ ամուլ չլինի հավատքի մեր խոստովանությունը։ Այնպես արա՜, որ մենք էլ արժանանանք մաս կազմելու Քո թանկագին հոտին, և բաժանված չլինենք Քո մարտիրոսներից»։
Երևում է նրանց, տեսիլքի մեջ արդեն, մենամարտի վայրը` անֆիթատրոնի մեծ մարտադաշտը։ Այնտեղ ներկա է լինում – եգիպտացու կերպարանքով – Արուսյակը, որը պայծառ հրեշտակ էր եղել Երկնքում. մենամարտի ժամանակ նա ընկնում է հողին` փոշիների մեջ։ Պեռպետուան, որ հաղթելու էր Տիրոջ` իր Փրկչի հետ, ձեռքերը խաչաձև միավորում է կրծքի վրա, իր առջև ունենալով – Տիրոջ կողմից ուղարկված – մի երիտասարդ, որը պաշտպանում էր իրեն։ Ստանում է հաղթանակի դափնին և նվաճում է պսակը։ Մենք էլ մատուցենք նրան մեր ընծաները։ Ուրիշներ, նրա երկրային կյանքի ընթացքում, այցելություններ էին ընծայաբերում նրան բանտում, մենք ընծայենք նրան այս հանդիսավոր տոնակատարության աղոթքը, արժանանալու համար Արքայությանը բոլոր Սրբերի հետ։