Ճառ 395. « ՏԻՐՈՋ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 395. « ՏԻՐՈՋ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ »

Քրիստոնեական հույսը

1. Այսօր տոնակատարում ենք Տիրոջ Համբարձումը Երկինք։ Ջանանք իզուր չլսել [կոչը]. «Վե՜ր [բարձրացրեք ձեր] սրտերը», և ամբողջ հոգով վեր բարձրանանք Իր հետ` Առաքյալի ուսուցման համաձայն, որն ասում է. «Եթե հարություն եք առել Քրիստոսի հետ, վերին իրողություններին հետամուտ եղեք, որտեղ Քրիստոսը գտնվում է Աստծո աջ կողմում բազմած։ Վերին իրողությունների մասին մտածեցեք, ո՛չ թե` երկրայինների» (Կղս 3, 1-2)։

Երկրի վրա թող որ լինի անհրաժեշտ աշխատասիրությունը, բայց Երկնքի վերաբերյալ` վերամբարձման կամք։ Այստեղ` հույսը, այնտեղ` իրականությունը։ Բայց գալու է ժամանակը, երբ այս իրականությունը ներկա է լինելու։ Երբ իրականությունը ներկա կլինի, այնտեղ այլևս չի լինի հույսը. ո՛չ այստեղ, ո՛չ էլ այնտեղ։ Ո՛չ որովհետև հույսը ունայն է, այլ` որովհետև այն վերջացել է, երբ կատարվել է իրականության մեջ։

Լսեցեք, ի վերջո, այն, ինչ ասում է Առաքյալը հույսի մասին. «Հույսի մեջ ենք», ասում է, «մենք փրկվել։ Արդ, այն, ինչի հույսը որ տածվում է, երբ ձեռք է բերվում, այլևս հույս չէ. արդարև, այն, ինչը որ մեկն արդեն տեսնում է, ինչպե՞ս կարող է հուսալ դա։ Իսկ եթե հույսն ունենք այն բանի, ինչը որ չենք տեսնում, դրան սպասում ենք հարատևությամբ» (Հռմ 8, 24-25)։

Նայեցեք մարդկային իսկ իրականությունների դաշտում և ի նկատի առեք, որ եթե ինչ որ մեկը հույս է տածում կին ունենալու, դա նշան է, որ դեռևս կին չունի։ Իրոք, եթե կին ունենար, էլ ինչո՞ւ պիտի հույս տածեր։ Արդեն իսկ ամուսնացել է այն կնոջ հետ, որի համար հույս էր տածում, և այդուհետև հույս չի տածում այլևս։ Հույսը, հետևաբար, ավարտվում է ուրախությամբ, երբ իրականանում է այն, ինչը որ հանդիսանում էր հույսի առարկան։ Պանդուխտը հույս ունի հայրենիք վերադառնալ. հույս է տածում, քանի դեռ տեղ չի հասել. հազիվ հասնում է, դադարում է հուսալ։ Իրականությունն, իրոք, հաջորդում է հույսին[1]։ Հույսն ավարտվում է երջանկաբար, երբ ձեռք է բերվում այն, ինչը որ հույսի առարկան էր։ Արդ, ուրեմն, թանկագիններ, այն կոչի վերաբերյալ, որն ուղղվեց ձեզ, վե՜ր բարձրացնելու [ձեր] սրտերը, նշանակում է, որ սեփական սրտով է, որ մենք մեր մտքերը վերամբարձում ենք դեպի այդ գալիք կյանքը։ Եվ ջանք ենք գործադրում բարի կյանք վարելու, որպեսզի կարողանանք կյանքն ունենալ այնտեղ։

 

Միստիկ մարմինը

2. Ահա՛, ուրեմն, թե որքա՜ն մեծ է մեր Տիրոջ ներողամտությունը։ Նա ստեղծեց մեզ, և ապա իջավ մինչև մեր մոտ, որովհետև մենք ընկել էինք Իրենից հեռու։ Եվ մինչև մեր մոտ գալու համար` Նա իջավ, ո՛չ թե` Ինքն էլ ընկավ։ Քանի որ, ուստի, իջավ, մեզ բարձրացրեց։ Նա` մեր Գլուխը, մեզ վեր հանեց, քանի որ Իր մարմինն ենք. որտեղ որ Ինքն է, Իրեն հետևելու են նաև [Իր] անդամները։ Որովհետև ո՛ւր նախընթաց գնում է գլուխը, նրա ետևից գալիս են անդամները։ Ինքը Գլուխն է, մենք անդամներն ենք։ Ինքը Երկնքում է, մենք` երկրի վրա։ Գուցե հեռո՞ւ է մեզնից։ Անշուշտ ո՛չ։ Եթե հարցդ ուղղում ես տարածքներին, հեռու է, [իսկ] եթե հարցդ ուղղում ես սիրույն, մեր հետ է։ Եթե մեր հետ չլիներ, չէր ասի Ավետարանում. «Ահա՛, ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վախճանը» (Մտթ 28, 20)։ Եթե մեր հետ չէ, մենք ստախոս կլինեինք, երբ ձեզ ասում ենք. «Տերը ձեր հետ է»[2]։ Եվ եթե մեր հետ չլիներ, Երկնքից չէր աղաղակի, երբ Սողոսը հալածում էր ո՛չ թե Իրեն, այլ` Իր սրբերին, Իր ծառաներին, կամ, առավել ընտանի կերպով ասելու համար, Իր անդամներին. «Սողո՜ս, Սողո՜ս, ինչո՞ւ ես հալածում ինձ» (Գրծ 9, 4)։ «Ահա՛, ես այստեղ եմ, Երկնքում. դու` երկրի վրա, հալածիչների մեջ»։ Ինչո՞ւ է ասում «ինձ»։ «Որովհետև նրանք իմ անդամներն են. և, իմ անդամների միջոցով, ես այնտեղ եմ»։ Եթե միայն ոտքդ է կոխոտվում, դա չի նշանակում, որ լեզուդ պետք է լռի։ Նա, ուստի, Ում ձեռամբ ստեղծվեցին երկինքն ու երկիրը, երկիր իջավ նրա համար, ում ստեղծեց երկրի փոշուց, և այստեղից մեկնելով` դեպի Երկինք բարձրացրեց երկիրը։

Այն, հետևաբար, ինչը որ նախապես կատարվել է Նրա մեջ, մենք հույսն ունենք, որ ժամանակների վերջում կատարվելու է մեր համար։ Տալու է մեզ այն, ինչ խոստացել է. մենք վստահ ենք սրան, տվել է մեզ դրա երաշխիքը, դա գրել է տվել Ավետարանում. պահելու է խոստումը։ Բայց է՛լ ավելին է այն, ինչը որ [արդեն] վճարել է[3] մեր համար։ Ով արդեն տվել է մեզ Իր մահը, չպե՞տք է համոզված լինենք, որ կտա մեզ նաև Իր կյանքը։ Մեր համար երկրի վրա համբերությամբ կրեց Իր չարչարանքների ստորացումները, անպատվությունները, վիրավորանքները, բոլոր ամենաանվայելուչ անարգանքները. չի՞ տա մեզ Արքայությունը, երջանկությունը, անմահությունը, հավիտենությունը։ Համբերությամբ կրեց մեր չարիքները։ Չի՞ տա մեզ Իր բարիքները։ Վստահությամբ ընթանանք դեպի այս հույսը, որովհետև Նա, Ով խոստացել է, ճշմարտախոս է։ Եվ այնպես ապրենք, որ կարողանանք բարձր պահած ճակատով ասել Իրեն. «Արել ենք այն, ինչ հրամայել ես. տո՜ւր փոխարենը այն, ինչ խոստացել ես»։

[1] Պատահական չէ, որ Հայրապետը քրիստոնեական հույսի համար իբրև օրինակներ բերում է ամուսնությունը և վերադարձը հայրենիք։ Դրանք երկուսն էլ ավետարանական պատկերներ են. անառակ որդու վերադարձը հայրական տուն և Արքայության ուրախությունը որպես հարսանեկան խնջույք։
[2] Հռոմեական Ծեսի «Տերը ձեր հետ է» կամ «Տերը ձեր հետ լինի» մաղթանք-օրհնությունը համապատասխանում է Հայկական Ծեսի «Խաղաղութի՜ւն ամենեցուն» - «Խաղաղությո՜ւն բոլորին» մաղթանք-օրհնությանը։
[3] Բնագրում բառացի` ծախսել է, շռայլորեն կատարված ծախսի իմաստով։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։