Ճառ 396. « ՄԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 396. « ՄԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ »

Քիչ չի ապրում նա, ով ապրում է լավ

1. Դուք հիմա, եղբայրներ, փնտրում եք մեկին, որ կմխիթարի ձեզ, բայց ես էլ պետք է մխիթարվեմ։ Եվ մեր մխիթարությունը չի կարող տրվել մեզ ո՛չ մի մարդու կողմից, այլ՝ Նրանից, Ով ստեղծում է մարդուն. որովհետև Նա, Ով արարել է, կրկին արարում է, և Նա, Ով ստեղծել է, ստեղծում է կրկին։

Մեր տկարության արդյունքում մենք ա՛յլ բան չենք կարողանում անել, քան միայն՝ տխրել, և սակայն, հույսի պատճառով, պետք է մխիթարություն գտնենք։ Մենք կցանկանայինք, որ բոլոր լավ մարդիկ ավելի երկար ժամանակ կենդանի մնային, մեր հետ միասին։ Հակադրությունների այս կյանքում մենք երբեք չէինք ցանկանա լքված լինել ընկերների կողմից. բայց նրանք, ովքեր նախորդել են մեզ, լավ ապրելով՝ իրենց օրինակով հորդորում են մեզ ապրել այնպես, որ հասնենք իրենց, անկախ այն հանգամանքից՝ երկար կապրենք այստեղ, թե շուտով կհեռանանք այստեղից։ Որովհետև այստեղ երկար ժամանակ ապրելը ո՛չ ա՛յլ ինչ է, քան երկարատև նեղություններ կրել։

Աստծո հետ և Աստծո մոտ ապրելը, մինչդեռ, նշանակում է ապրել առանց որևէ անհանգստության և առանց վախի, որ այս երջանկությունը կարող է ավարտվել, որովհետև այն վերջ չունի։ Եվ մենք չպետք է մտածենք, թե ձեր եպիսկոպոսը, մեր եղբայրը, վաղ հեռացավ այստեղից և կարճ ժամանակ ապրեց։ Իրոք, ճշգրիտ է խոսքը, թե՝ հանդերձյալ կյանքում մարդը քիչ չի ապրում, քանի որ շատը, որ ասվում է այդ վայրի մասին, չի վերջանում։ Այստեղ, իսկապես, նույնիսկ այն, ինչը որ շատ է, հազիվ ավարտվում է, դառնում է ոչնչություն։ Նա, մյուս կողմից, քիչ չի ապրել այստեղ, եթե, տարիները հաշվելու փոխարեն, թվարկենք նրա գործերը։ Քանի՜ ուրիշներ, թերևս երկար ժամանակվա մեջ, չեն արել կեսը այնքանի, որքանը նա կատարել է սակավաթիվ տարիների ընթացքում։ Նրան այստեղ պահելու ցանկությունը ո՛չ ա՛յլ ինչ էր, քան նրան զրկել իր երջանկությունից։

 

Հանգուցյալ եպիսկոպոսը՝ սրտի մեջ բնօրինակ

2. Մեր տխրությունը վերաբերվում է մի մարդու, և բխում է այն հանգամանքից, որ մարդիկ ենք։ Չենք կարող փախչել այն փաստից, որ մենք մարդիկ ենք։ Որպես մարդիկ՝ մենք մարդկայնորեն տխրում ենք մարդու մահվան պատճառով, բայց աստվածային ընթերցման մեջ լսեցինք. «Կարճ ժամանակում կատարելության հասնելով՝ երկար ասպարեզ անցավ»(1)։ Այդ տեսանկյունից դիտված, հետևաբար, ժամանակը հաշվարկենք այնպես, ինչպես հաշվում ենք մեկ օրը։

Ուստի, պահպանեցեք ձեր մեջ այն ամենը, ինչը որ նա արել է ձեր հետ՝ հորդորելով ձեզ, խոսելով, առաջարկելով իր կյանքի օրինակը՝ Աստծուն գովաբանելու և մեծարելու համար, և դո՛ւք կլինեք նրա գեղեցկագույն հիշատակը։ Կարևորություն չունի, իսկապես, մարմարե դամբարանների մեջ դրվելը, այլ՝ ձեր սրտերի մեջ դրված լինելը։ Թող որ կենդանի լինի, ուրեմն, կենդանի դամբարանների մեջ թաղված։ Նրա թաղումը ձեր հիշատակն է։ Նա Աստծո մոտ ապրում է, որպեսզի ինքը երջանիկ լինի։ Թող որ ձեր մոտ ապրի, որպեսզի դուք երջանիկ լինեք։

Գուցե պետք է հորդորեի ձեզ՝ ամուր իմաստություն ցուցաբերելու, բազում խոսքերով, բայց ես էլ եմ դժվարությամբ կարողանամ խոսել՝ մարդկային ցավի պատճառով։ Տերը մեզ շնորհեց մահամերձի մոտ ժամանակին հասնելու պարգևը, շնորհեց մեզ նրա հուղարկավորությունը կատարելու պարգևը, մի բան, որ սիրո պարտք է, ո՛չ թե՝ երջանկություն տվող բան. շնորհեց ինձ պարգևը՝ տեսնելու ձեզ, խոսելու ձեր հետ, մխիթարելու ձեզ՝ մխիթարելու իմ ձևի համաձայն։ Դուք մտովի լրացրեք պակասն այն ամեն ինչի, որը վիշտը խանգարեց ինձ ասել։ Եվ մեր հոգին, մի այսքա՜ն մեծ մարդու հիշատակի մեջ, նույնիսկ եթե մարդկային տխրություն ունի, չունի հուսահատությունը նրա, ով հավատք չունի։

(1) Իմս 4, 13

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։