
Ճառ 5. « ՀԱԿՈԲԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՀՐԵՇՏԱԿԻ ՀԵՏ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Ունկնդրել Աստծո Խոսքը
1. Քրիստոնյայի համար գերագույն կարևորություն ունի վարքի այս կանոնը. ունկնդրել Աստծո Խոսքը, քանի դեռ ապրում է այս աշխարհում, և սպասել Նրան, Ով գալիս է փրկելու աշխարհը` նախ ողորմությամբ, իսկ հետո` [բարիներին չարերից] բաժանելով, դատաստանի միջոցով։ Սրա համար մեր Տեր Հիսուս Քրիստոսը Իրեն որպես օրինակ տվեց մեզ (հմմտ. Հվհ 13, 15), որպեսզի, քանի որ քրիստոնյաներ ենք, նմանվենք կա՛մ Իրեն, կա՛մ էլ նրանց, ովքեր նմանվեցին Իրեն (հմմտ. 2Թղ 3, 9)։
Կան ոմանք, որ քրիստոնյա են կոչում իրենց, բայց քրիստոնյա չեն. որոնք Եկեղեցու կողմից մի կողմ են դրվել թրիքի նման, ինչպիսին որ են բոլոր հերետիկոսություններն ու բոլոր հերձվածները, որոնք կարող են նաև համեմատվել անպտուղ ճյուղերի հետ, քանի որ կտրվել են որթատունկից (հմմտ. Հվհ 15, 2), և թեփի հետ, որին քամին, մաղելուց առաջ արդեն, ցրում է կալից (հմմտ. Մտթ 3, 12; Ղկս 3, 17)։
Կան ուրիշներ, մինչդեռ, որոնք վատն են ներսում, այսինքն` ներմուծված են ընդհանրական հաղորդության մեջ. հարկավոր է, որ լավ քրիստոնյան հանդուրժի սրանց մինչև վերջ, որովհետև այս հունձքի ու կալատեղի քամհարումը տեղի չի ունենալու դատաստանի օրվանից առաջ։
Այս բաների մասին միշտ խոսել ենք ձեզ և Քրիստոսի Անունով կարծում ենք, որ դրանք այլևս լավ տպավորված են ձեր սրտերի մեջ։ Այս դրվագները, որ ձեր համար ընթերցվում են, մի՞թե դրանք հիմա առաջին անգամ են ընթերցվում ձեր համար, թե՞ ավելի ճիշտ է, որ դրանք ձեզ կրկնվում են ամեն օր։ Ինչպես որ անհրաժեշտ է, որ ձեզ ամեն օր կրկնվի Աստծո Խոսքի ընթերցումը, որպեսզի աշխարհի չարիքներն ու փշերը չբուսնեն ձեր սրտերի մեջ և չխեղդեն այն սերմը, որն այնտեղ սերմանվել է (հմմտ. Մտթ 13, 7; Ղկս 8, 14), նույնպես նաև անհրաժեշտ է, որ ձեր համար շարունակ կրկնվի նաև Աստծո Խոսքի բացատրությունը, որպեսզի, այն մոռացության մատնելով, չասեք, թե չեք լսել այս բաների մասին, որոնք մենք, մինչդեռ, հաստատում ենք, որ ասել ենք։
Թշնամիներին ներելը
2. Գալիս են շատերը, – և այժմ ժամանակն է, որ Աստծո Անունով շտապեն ստանալու Մկրտության շնորհը, – որոնք հավատում են, որ իրենց ներվում են նախկինում գործված բոլոր մեղքերը, բոլո՛ր բոլորը, և որ կարող են [Մկրտության ավազանից] դուրս գալ առանց որևէ պարտք ունենալու իրենց Տիրոջ հանդեպ. ինչպես այն ծառան, որն արդարանում էր իր տիրոջ առաջ և ընդունում էր, որ նրան տասը հազար տաղանդ էր պարտք (հմմտ. Մտթ 18, 24), և այդուհանդերձ` դուրս ելավ առանց որևէ պարտքի, ո՛չ թե` որովհետև նրա պարտքն իրականում չէր մնացել, այլ` որովհետև տերը բարեգութ էր, ոչինչ չէր պահանջել և ազատ էր արձակել նրան, ով պարտք էր։ Եվ սակայն, եղբայրներ, որքա՜ն ուժգին կերպով սարսափեցնում է մեզ այդ ծառայի վարմունքը։ Քանի որ չցանկացավ [ինքն էլ իր հերթին] ազատ արձակել իր ծառայակցին, կամ առնվազն` հետաձգել հարյուր դահեկանի ետ գանձումը, տերը նրանից կրկին պահանջեց տասը հազար տաղանդը, որ նրան ներել էր։
Նրանք, ուստի, ովքեր Մկրտության ջրից դուրս կգան բոլոր մեղքերից ներված ու արձակված, թող որ խուսափեն վտանգից, որովհետև, եթե ինչ որ մեկը մեղանչի իրենց դեմ և իրենք չուզենան ներել նրան, ո՛չ միայն նորից ներում չեն գտնի [իրենց ապագա մեղքերի համար], այլ` իրենցից կպահանջվի այն ամենը, որը [նախապես] ներվել էր իրենց (հմմտ. Մտթ 18, 34)։ Ոչ ոք, հետևաբար, թող չասի. «Ո՞վ է ներում որ»։ Կամ. «Ո՞վ է երբևէ ներել որ»։ Մարդիկ [իրենց հոգու մեջ] մեռնում են` այս հարցը տալով։ «Սիրի՛ր քո թշնամուն», ասում է Տերը (հմմտ. Մտթ 5, 44)։ Դու, մինչդեռ, Նրան հարցնում ես. «Ո՞վ է երբևէ արել դա»։ Քանի որ ինքը դա չի արել, կարծում է, թե ոչ ոք չի կարողացել դա անել։ Ներելը մի բան է, որ տեղի է ունենում սրտի մեջ։ Որտե՞ղ ես տեսնում, թե ո՛վ է ներում։ Կարծում ես, թե չի՞ ներել նա, ով ձայնը բարձրացնում է։ Թերևս երբեմն մեկը բարձրացնում է իր ձայնը և հրամայում է ապտակել մի մարդու, և դու կարծում ես, թե չի ներել։ Ինչո՞ւ։ Դու, երբ ապտակում ես քո երեխային, ատելությո՞ւն ես պահում քո սրտում։ Ուստի, սա մի բան է, որ տեղի է ունենում սրտի մեջ։ Միայն Աստված է տեսնում, որ ներվել է։ Երբեմն պատահում է, որ մեկը չի հարվածում, թվում է, թե հրաժարվել է գործնական ուղիներից, և սակայն գազազում է սրտի մեջ, ներքուստ չարիք է մաղթում թշնամուն և կուզենար սատկացնել նրան։ Նրա դեմ պահպանում է մի չար կամք, թեև արտաքուստ նրան ֆիզիկապես չի վիրավորում։ Ընդհակառակը, հանդիպում են ոմանք, ովքեր մարմնական պատիժ են սահմանում, բայց այդ մարմնական պատիժը բարյացակամության նշան է հանդիսանում։ Կամենում է, որ մյուսն ընթացք վերցնի ճիշտ ճանապարհի վրա, և որքան ավելի է նրա հանդեպ բարյացակամություն տածում, այնքան ավելի է ցանկանում, որ նա ուղղվի։
Աստված էլ է այսպես վարվում։ Ի՞նչ է, Նա մեզ չի՞ սիրում։ Մի՞թե մեզ չի հորդորում վարվելու այսպես` սիրելու մեր թշնամիներին, որպեսզի, որքան որ կարող ենք, նմանվենք Իրեն։ Իրոք, այսպես է ասել. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Հայրը, որ Երկնքում է, Ով Իր արևը ծագել է տալիս բարիների ու չարերի վրա, և անձրևել է տալիս արդարների ու անարդարների վրա» (Մտթ 5, 48.45)։
Որքա՜ն սեր կար Աստծո մեջ, երբ Քրիստոսին ուղարկեց խաչվելու մեղավորների ու անբարիշտների համար, և մեզ գնեց Նրա Արյան գնով (հմմտ. 1Կր 6, 20), մինչ մենք Իր թշնամիներն էինք, որովհետև սիրում էինք բաները, որոնք Ինքը ստեղծել է, փոխանակ սիրեինք Իրեն, Ով այդ բաները ստեղծել է (հմմտ. Հռմ 5, 10)։ Մինչ մենք այս բաներն էինք անում, Աստված – ինչպես ասում է Առաքյալը – ուղարկեց Իր սեփական Որդուն (Գղտ 4, 4), և մեր` անբարիշտներիս համար հանձնեց Նրան, որպեսզի սպանվեր ուրիշ անբարիշտների կողմից (հմմտ. Հռմ 5, 6)։ Եվ եթե մեզ մի այո՛ այսքա՜ն մեծ շնորհ է արվել, երբ դեռևս չէինք հավատում, [արդյոք] ի՞նչ կտա մեզ հիմա, երբ հավատում ենք (հմմտ. Հռմ 8, 32)։ Ահա՛ թե ինչպե՛ս է Աստված սիրում մարդկանց։ Լա՜վ ուշադրություն դարձնենք, եղբայրներ. մի՞թե նրանց չի մտրակում։ Նրանց չի ուղղո՞ւմ։ Եթե նրանց չի ուղղում, ինչպե՞ս են բացատրվում քաղցը, հիվանդությունները, համաճարակները, ախտերը։ Բոլոր այս բաներն ուղղումներ են Աստծո կողմից։ Եթե, ուրեմն, Նա սիրում է և, այդուհանդերձ, ուղղում է, դու էլ, եթե հեղինակություն ունես ինչ որ մեկի վրա, մինչ նրան ցույց ես տալիս [քո] գորովի նշանը, նրան մի՛ զրկիր ուղղման մտրակից։ Եթե մերժես նրան դա, նշան է, որ նրան ճշմարտապես չես սիրում. որովհետև նա մեռնում է մեղքերի մեջ, մինչդեռ, եթե ուղղման ենթարկվեր, գուցեև կլքեր դրանք. սա քեզ է՛լ ավելի է մեղադրանք առաջադրվելու որպես իսկական ատելություն։
Քրիստոսի օրինակը
3. Թող որ ոչ ոք չասի. «Ո՞վ է կարողանում»։ Ջանացեք գործադրել այս բաները ձեր սրտերի մեջ։ Տոկուն եղեք սիրելու գործում։ Պայքարեցեք և կհաղթեք։ Քրիստոսը հաղթել է այս մենամարտը։ Ինչի՞ դեմ է, որ պետք է պայքարեք։ Մեղքի դեմ պայքարեցեք, այն մարդկանց խոսքերի դեմ, ովքեր անբարիշտ կերպով ասում են ձեզ. «Վրեժխնդիր չես լինո՞ւմ, ուրեմն։ Քեզ չես պաշտպանո՞ւմ և նրան չես պատասխանո՞ւմ։ Օ՜հ, եթե դա ինձ պատահելու լիներ ... »։ Պայքարեցեք և հաղթեցեք։
Եթե, երբ բազմաթիվ տառապանքներ էր կրում հրեաների կողմից, Քրիստոսը կամենար հրամայել երկրին, որ բացվեր և կուլ տար Իրեն հալածողներին, մի՞թե չէր կարողանա անել։ Եթե, ուրեմն, Նա, Ով կարողությունն ուներ դա անելու, համբերությամբ կրեց դրանք մինչև խաչին գամվելու աստիճան, և խաչից կախված` ասաց. «Հա՜յր, ների՜ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղկս 23, 34), դու` քո խաչված Տիրոջ Արյամբ փրկագնված ծառադ, չես հետևելո՞ւ քո Փրկչի տված օրինակին։ Ի՞նչ կարիք կար այդքա՜ն տառապանք կրելու, մինչ կարող էր նաև բնավ չտառապել։ Իրոք, ասել է. «Իշխանությունն ունեմ տալու իմ անձը և իշխանությունն ունեմ այն ետ վերցնելու։ Ոչ ոք ինձնից չի խլում այն, այլ` ես այն տալիս եմ, որպեսզի այն նորից ետ վերցնեմ» (Հվհ 10, 18)։ Եվ այդպես արեց։ Ի՞նչ կատարվեց, եղբայրներ։ Կախված էր խաչից, ինչպես որ կարդում ենք [Մկրտության] թեկնածուներին։ Բայց երբ տեսավ, որ բոլոր Գրվածքներն իրականացել էին հանձինս Իր, մինչև նաև քացախն Իրեն տալը, «Կատարված է» ասաց, «և գլուխը խոնարհեց ու հոգին ավանդեց» (Հվհ 19, 30), կարծես սա մնացած լիներ այն բանին, որպեսզի ամեն ինչ կատարված լիներ։ Երբ կամեցավ, ուստի, ավանդեց Իր հոգին (հմմտ. Հվհ 10, 18)։
Եվ սրա համար Ինքն Աստված էր, մինչ մյուսները, որ խաչվել էին Իր կողքին, մարդիկ էին։ Ինքը [նրանցից] առաջ մահացավ, նրանք` ավելի ուշ։ Եվ երբ հրամայվեց, որ մարմինները խաչից վար իջեցվեին, շաբաթի պատճառով, որպեսզի թաղվեին, երկու ավազակներին դեռ ողջ գտան և նրանց սրունքները կոտրեցին. Տերը, մինչդեռ, արդեն մահացել էր։ Եվ սակայն, նրանցից մեկը գեղարդով խոցեց Նրա կողը, և այնտեղից արյուն և ջուր դուրս հոսեցին (հմմտ. Հվհ 19, 31-34)։ Ահա՛ քո գինը։ Ի՞նչ դուրս ելավ [Քրիստոսի] կողից, եթե ո՛չ` Խորհուրդը, որն ընդունում են հավատացյալները[1]։ Հոգի, արյուն և ջուր (1Հվհ 5, 8)։ Հոգին, որ դուրս փչեց. արյունն ու ջուրը, որոնք կողից դուրս ելան։ Արյան և ջրի կողմից իմաստավորված է և ծնվել է Եկեղեցին։ Իսկ ե՞րբ դուրս ելան արյունն ու ջուրը կողից։ Մինչ Տերն արդեն քնել էր խաչի վրա, որովհետև Ադամը նույնպես դրախտում քուն մտավ, և այդպես` [իր] կողից իր համար ստեղծվեց Եվան (հմմտ. Ծնդ 2, 21-23)[2]։
Ահա՛, ուստի, քո գինը։ Նմանվի՛ր քո Տիրոջ խոնարհությանը և Նրա հետքերի վրայով քայլիր, և մի՛ ասա. «Ո՞վ է կարողանում»։ Քո շուրջը թերևս կան այնպիսիք, որ չեն կարողանում։ Բայց եթե դու կարողանաս, այդպիսի բազմությամբ շրջապատված լինելով հանդերձ, դա քո համար կհաշվվի այն նույն ձևով, որը վերաբերվում է կալում գտնվող ցորենի միայն մեկ հատիկին` թեփի ահագին քանակի հետ։ Դժվարությամբ կգտնես ցորենի երկու հատիկ` միասին իրար միացած, այլ` հատիկների միջև խառնված գտնվում է թեփը։ Այսպես էլ նրանց միջև, ովքեր կամենում են ծառայել Աստծուն, գտնվում է չարերի իրարանցումն ու բազմությունը, որոնք նրանց շրջապատում են ամեն կողմից, որովհետև ո՛ր կողմ էլ որ շրջվում են, [բարիներն] ա՛յլ բան չեն գտնում, եթե ո՛չ` վատ խորհրդականներ։ Ցորենի նման եղիր, ուրեմն, և մի՛ մտահոգվիր թեփի առկայությամբ։ Գալու է բաժանման ժամանակը։ Սրա համար երգեցինք. «Արդարությո՜ւն արա ինձ, Աստվա՜ծ, և անբարիշտ մարդկանցից բաժանի՜ր իմ դատը» (Սղմ 42, 1)։ Այսպես է աղոթում Եկեղեցին, հեծեծալով մեղավորների միջև։ Մի՞թե կարծում եք, եղբայրներ, թե այս խոսքերով Եկեղեցին կամենում է բաժանված լինել` առանձնանալու համար հերետիկոսություններից, ինչպես կտրված ճյուղերից։ Բայց նրանցից արդեն իսկ առանձնացած է։ Գուցե, ուրեմն, Եկեղեցին այսպե՞ս է աղոթում. «Արդարությո՜ւն արա ինձ, Աստվա՜ծ, և [անբարիշտ մարդկանցից] բաժանի՜ր իմ դատը` տարբերվելու համար դոնատիստների, կամ արիոսականների, կամ մանիքեականների աղանդից»։ [Ո՛չ։] Խնդրում է միայն, որ բաժանված լինի նրանցից, ովքեր խառնված են իրեն, և որոնց [ներկայությունը] հարկավոր է համբերությամբ կրել մինչև վերջ։ Աղոթում է այսպես. «Արդարությո՜ւն արա ինձ, Աստվա՜ծ, և բաժանի՜ր իմ դատը, որպեսզի նրանց հետ չդատվեմ և չդատապարտվեմ դատաստանի օրը»։ Ասվել է, իրոք. «Թո՛ղ, որ որոմը աճի», և բարիները հիմա համբերությամբ կրում են չարերին, մինչ զատվելու են դատաստանի օրը (հմմտ. Մտթ 13, 30)։
Հակոբը և Եսավը
4. Եվ ուստի այն Հակոբը, որի մասին այժմ ընթերցեցինք, նշանակում է քրիստոնյա ժողովուրդը։ Նա, իրոք, կրտսեր որդին է, մինչդեռ հրեա ժողովուրդը ներկայացված է Եսավի կողմից։ Անշուշտ, Հակոբից ծնվեց հրեա ժողովուրդը, բայց պատկերավոր իմաստով` հրեաներն առավել ճշգրիտ կերպով պատկերված են Եսավի կողմից, քանի որ ավագ ժողովուրդը մերժվեց, մինչդեռ կրտսեր ժողովուրդը ստացավ առաջնեկությունը։ Մինչ տակավին կռվում էին [իրենց մոր] որովայնում, մայրը, տառապելով, քանի որ իր արգանդը պատռվելու մոտ էր, ասաց. «Այս ի՞նչ է ինձ պատահում։ Ավելի լավ էր ամլությունը, քան այս չարչարանքները» (հմմտ. Ծնդ 25, 22)։ Նրան Տիրոջ կողմից ասվեց, որ երկու ժողովուրդներ և երկու ցեղեր կռվում էին իր արգանդի մեջ, և որ ավագը ծառայելու էր կրտսերին (հմմտ. Ծնդ 25, 23)։
Այն, ինչը որ ասվեց, երբ [նրանք] դեռ արգանդի մեջ էին, կրկնվեց Իսահակի օրհնության մեջ, երբ նա օրհնեց կրտսերին, մինչ կարծում էր, թե ավագին էր օրհնում։ Իսահակը ներկայացնում էր Օրենքը։ Հավաստվում է, որ Օրենքը տրվել է հրեաներին, իսկ Արքայությունը տրվել է քրիստոնյաներին։ Տեսեք, թե ինչպե՛ս հստակ է, որ Օրենքը խոստանում է Արքայությունը։ Հիսուսը հրեաներին ասում է. «Սրա համար վերցվելու է ձեզնից Արքայությունը և տրվելու է մի ժողովրդի, որն արդարություն է գործելու» (Մտթ 21, 43)։ Վերցվելու է Եսավից և տրվելու է Հակոբին։ Եսավը ծնվել էր փռչոտ ու թավամազ, այսինքն` մեղքերով լի. մեղքերը քիփ կպած էին նրան (հմմտ. Ծնդ 25, 25)։ Հակոբը, մինչդեռ, առաջնեկությունը ստանալու համար այծերի մորթիներ դրեց իր ձեռքերի վրա, և այսպես հայրը օրհնեց նրան` նրա ձեռքերը շոշափելուց և դրանք մազոտ գտնելուց հետո (հմմտ. Ծնդ 27, 16.22-23)։ Այդ մազերը, կամ մեղքերը, փաթաթված էին Հակոբի ձեռքերին, բայց կպած չէին նրան։ Այսպես՝ Աստծո Եկեղեցին կրում է ուրիշների մեղքերը, ո՛չ թե իրենները, համբերությամբ կրելով մինչև վերջ, ինչպես նաև Տեր Հիսուս Քրիստոսը կրեց ուրիշների մեղքերը։
Հայրը օրհնեց կրտսերին։ Ինչպե՞ս օրհնեց նրան։ Մի սուրբ խորհուրդ է, ինչպիսին որ էին այդ մարդիկ։ Սուրբ Գրվածքները խորաթափանց աչքեր են պահանջում։ Իսահակը օրհնեց իր կրտսեր որդուն, և խաբված է թվում, քանի որ օրհնել է մեկին` մյուսի փոխարեն։ Եսավը, որ դուրս էր գնացել որսի, բերում է այն, ինչը որ հայրը հրամայել էր և նրան ասում է. «Հա՜յր, կե՜ր. ահա՛ այն, ինչ ուզել էիր»։ Իսահակն ասում է. «Դու ո՞վ ես»։ Եվ նա. «Եսավն եմ, քո ավագ որդին»։ Եվ առաջինը. «Դո՞ւ ես, ուրեմն, Եսավը։ Ո՞վ էր, ուրեմն, նա, որ ինձ ուտելիք բերեց, և ես կերա, և օրհնեցի նրան, և օրհնված կլինի» (հմմտ. Ծնդ 27, 30-33)։
Օ՜հ բարկություն նրա դեմ, ով խարդախություն արեց։ Օ՜հ բարկություն նրա դեմ, ով խաբեց։ Մանավանդ թե, ասա՛. «Ինչո՞ւ խաբեց ինձ։ Ինչո՞ւ խարդախություն արեց»։ Այդ օրհնությունը եղբայրը վերցնի, իսկ ինքը` անիծված լինի։ Որ ավագը ծառայի կրտսերին, սա մի բան չէ՞, որ աղաղակում է, որ կատարվել է խորհրդավոր կերպով։ Նա նույնպես, ուրեմն, օրհնություն ստացավ (հմմտ. Ծնդ 27, 39)։ Բայց իսկույն ավելացրեց. «Եղբորդ ծառան կլինես» (Ծնդ 27, 40)։ Քանի որ Եսավը նրան ասել էր. «Մի՞թե սպառվել են օրհնություններդ։ Ի՛նձ էլ օրհնիր», պատասխանեց. «Նրան օրհնեցի, քեզ ի՞նչ ունեմ տալիք»։ Բայց նա հակադարձեց. «Ի՛նձ էլ օրհնիր, հա՜յր» (Ծնդ 27, 38)։ Ստիպեց և ստացավ օրհնությունը, գրեթե նման [Հակոբի ստացած օրհնությանը, որը վերաբերվում էր] ամեն տեսակ առատության, որ գալիս է երկնքի ցողից և երկրի պտղաբերությունից (հմմտ. Ծնդ 27, 39)։ Եվ իսկույն ավելացրեց. «Եվ եղբորդ կծառայես։ Եվ այսպես կլինի, մինչ դու կաշխատես վզիցդ թոթափել իր լուծը» (Ծնդ 27, 40)։ Ի՞նչ նշանակություն ունեն այս խոսքերը. «Եվ այսպես կլինի, մինչ դու կաշխատես վզիցդ թոթափել իր լուծը», եթե ո՛չ այն, որ ցույց տա, որ նրանք, ովքեր պատկերված են հանձինս Եսավի, այնպիսի մեղավորներ են, որոնք տակավին իրենց իշխանության տակ և իրենց ազատ կամքի տիրույթում ունեն դարձի գալը և եղբոր հետ նույնանալը։
Հրեան քրիստոնյայի ծառա
5. Ուշադրություն դարձրեք խորհրդին։ Հրեան քրիստոնյայի ծառան է։ Սա այսօր ակնհայտ է, և Հակոբը, ինչպես տեսնում եք, ներկա է ամբողջ երկրի վրա։ Եվ որպեսզի ճանաչեք, որ այս բաներն ասվել էին ապագայի վերաբերյալ, քննության առեք ինքնին պատմությունը, և կտեսնեք, որ «Ավագը ծառայելու է կրտսերին» խոսքերը (Ծնդ 25, 23) չեն կատարվել երկու եղբայրների դեպքում։ Կարդում ենք, իրոք, որ Եսավը շատ հարուստ դարձավ և սկսեց թագավորել ամեն ինչի առատության մեջ (հմմտ. Ծնդ 36, 7), մինչդեռ Հակոբը կարիքն ունեցավ գնալու` ուրիշների ոչխարներն արածեցնելու (հմմտ. Ծնդ 29-30)։ Երբ վերադառնում էր, եղբորից վախենալով, – քիչ առաջ կարդում էինք սրա մասին, – Հակոբը չգիտեմ քանի հատ ոչխար ուղարկեց որպես ընծա, և մի ծառա էլ ուղարկեց` ասելու նրան. «Ահա՛ եղբորդ ընծաները»։ Քաջությունը չունեցավ հանդիպելու նրան` նրան ընծաներով հանդարտեցնելուց առաջ, և տեսավ նրան այն բանից հետո, երբ նա ընդունեց ընծաները։ Հասնելով նրա մոտ, Հակոբը երկրպագեց նրան, երբ տակավին հեռվում էր (հմմտ. Ծնդ 32-33)։ Ինչպե՞ս էր, ուրեմն, ավագը ծառայելու կրտսերին (Ծնդ 25, 23), երբ կարդում ենք, որ կրտսերը երկրպագեց ավագին։ Այս խոսքերը, հետևաբար, չեն իրականացել [երկու եղբայրների] պատմության մեջ, որպեսզի հասկանալի լիներ, որ Հակոբին ասվել են ապագայի վերաբերյալ։ Կրտսեր որդին ձեռքբերեց առաջնեկությունը, իսկ ավագ որդին, այսինքն` հրեա ժողովուրդը, կորցրեց առաջնեկությունը։ Հակոբը [իր սերնդով] լցրեց երկիրը, ժողովուրդներ և թագավորություններ ունեցավ։ Հռոմեական Կայսրը, արդեն քրիստոնյա [դարձած], հրեաներին արգելեց ոտք դնել Երուսաղեմ անգամ։ Եվ ամբողջ աշխարհով մեկ ցրված, [հրեաները] դարձան մեր [Սուրբ] Գրքերի կարծես պահապանները։ Ինչպես ծառաները, որոնք, երբ իրենց տերերը դպրոց են գնում, իրենց ձեռքերին կրում են մատյանները և նստում են դրսում. ավագ որդին այսպիսին դարձավ կրտսեր որդու համեմատ։ Որոշ անգամներ [հրեաներն] ինչ որ մի բան են բացահայտում [Սրբազան] Գրվածքների մեջ և հրեական մատյաններից հնարավոր է ինչ որ մի ստույգ բան հայթայթել։ [Աշխարհով մեկ] սփռվեցին, ուստի, որպեսզի մեր համար պահպանեին [Սուրբ] Գրքերը։ Ավագը, հետևաբար, ծառայում է կրտսերին։
Տեսնում եք, իրոք, թե ինչպիսի՜ արժանապատվություն ունի քրիստոնյա ժողովուրդը, և թե ինչպիսի՜ պատվազուրկ վիճակում է գտնվում հրեա ժողովուրդը։ Երբ համարձակվեցին նույնիսկ մի փոքր շարժվել քրիստոնյաների դեմ, այն, ինչը որ վերջերս պատահեց նրանց, դուք դա գիտեք[3]։ Ուստի ճիշտ է, որ ավագը ծառայելու է կրտսերին (Ծնդ 25, 23)։ Ի՞նչ նշանակություն տալ, ուրեմն, այդ օրհնությանը. «[Քո օրհնությունը] կլինի երկնքի ցողից և երկրի պտղաբերությունից» (Ծնդ 27, 28.39)։ Ինչպես որ օրհնվեց կրտսերը, այնպես էլ օրհնվեց ավագը։ Բայց ավագի համար ավելացվեց. «Եվ եղբորդ ծառան կլինես։ Եվ սա` մինչ կաշխատես վզիցդ թոթափել իր լուծը» (Ծնդ 27, 40)։ Քանի՜սն են նրանք, որ իրենց վզից թոթափում են [ծառայության] լուծը և դառնում են մեր եղբայրները։ Ուշադրություն դարձրեք, թե որքա՜ն հրեաներ հավատացին։ Այժմ էլ, եթե ինչ որ մի հրեայի ես հանդիպում և նրան ավետում ես Տեր Հիսուս Քրիստոսին, և նա հավատում է, սա չի նշանակո՞ւմ, որ նա իր վզից թոթափում է [ծառայության] լուծը։ Եվ քանինե՜ր արեցին սա հավատքի առաջին ժամանակներում։ Հազարավորներ (հմմտ. Գրծ 4, 4)։ Անկասկած նրանք, ովքեր այն ժամանակ հավատացին, ինչպես կարդում ենք, ծառայական վիճակից դարձան եղբայրներ և ժառանգակիցներ (հմմտ. Հռմ 8, 17)։
Հակոբը մենամարտում է հրեշտակի հետ և օրհնվում է
6. Երբ Եկեղեցին ասում է. «Արդարությո՜ւն արա ինձ, Աստվա՜ծ, և բաժանի՜ր իմ դատը անբարիշտ մարդկանցից» (Սղմ 42, 1), մտադիր չէ զատորոշվել Եսավից, որից արդեն բաժանված է, այլ` վատ քրիստոնյաներից։ Լսեցիք, թե ինչպե՛ս Հակոբը, հանձինս որի պատկերված է քրիստոնյա ժողովուրդը, մենամարտեց Տիրոջ հետ։ Տերն, իրոք, հայտնվեց նրան, կամ ավելի ճիշտը` Աստծուն ներկայացնող մի հրեշտակ, և Հակոբը մենամարտեց նրա հետ, և կամենում էր բռնել նրան և անշարժացնել (հմմտ. Ծնդ 32, 24-30)։ Մենամարտում էր Հակոբը, [և վերջում] հաղթեց և բռնեց նրան։ Նրան բռնելուց հետո` բաց չթողեց, մինչև որ ստացավ նրա օրհնությունը։ Թող որ Տերը շնորհի ինձ, եղբայրներ, բացատրել այսքա՜ն մեծ խորհուրդը։ Մենամարտեց, հաղթեց, և ցանկացավ օրհնություն ստանալ նրանից, ում հաղթել էր։ Ի՞նչ է նշանակում, որ մենամարտում էր և ցանկանում էր փաթաթվելով բռնել նրան։ Տերն Ավետարանում ասել է. «Երկնքի Արքայությունը բռնություն է պահանջում, և նրանք, ովքեր բռնություն են գործադրում, հափշտակում են այն» (Մտթ 11, 12)։ Սա նշանակում է այն, ինչը որ քիչ առաջ ասում էինք. պայքար` Քրիստոսին ունենալու համար, [քո] թշնամուն սիրելու համար։ Քրիստոսին, արդարև, ունես, եթե սիրում ես [քո] թշնամուն։ Եվ ի՞նչ ասաց Տերն Ինքը, այսինքն` Տիրոջը ներկայացնող հրեշտակը, երբ Հակոբը հաղթեց և բռնեց նրան։ Հարվածեց նրա ազդրոսկրի հոդին, որը տեղից խախտվեց (հմմտ. Ծնդ 32, 25) և Հակոբը սկսեց կաղալ (Ծնդ 32, 31)։ Ասաց հրեշտակը. «Թո՛ղ ինձ, որ գնամ, որովհետև արևը ծագել է» (Ծնդ 32, 26)։ Իսկ Հակոբը. «Չեմ թողնելու գնաս, եթե նախ չօրհնես ինձ» (Ծնդ 32, 26)։ Եվ նա օրհնեց նրան։ Ինչպե՞ս։ Փոխելով նրա անունը. «Այլևս Հակոբ չես կոչվի, այլ` Իսրայել։ Քանի որ հաղթեցիր Աստծուն, կհաղթես նաև մարդկանց» (Ծնդ 32, 28)։ Սա՛ է օրհնությունը։ Տեսեք, միևնույն մարդը մի կողմից հարված է ստանում և [նրա հոդը] խախտվում է, [իսկ] մյուս կողմից` օրհնվում է։ Միևնույն մարդը մի կողմից հոդախախտ է լինում և կաղում է, [իսկ] մյուս կողմից` օրհնվում է, որպեսզի կորով ունենա։
Ճանաչել Քրիստոսին որպես Աստված
7. Ի՞նչ է նշանակում, – սա ասում ենք այնքանով, որքանով որ Տերը ներշնչում է մեզ, առանց լավագույն հասկացողության հավակնությունն ունենալու, – ի՞նչ է նշանակում. «Ահա՛, արևն արդեն ծագում է, թո՛ղ ինձ, որ գնամ» (Ծնդ 32, 26)։
Նույն բանն է, որը Տերը, Իր չարչարանքներից հետո, ասաց այն կնոջը, որը ցանկանում էր Իր ոտքերին դիպչել. «Մի՛ դիպչիր ինձ. ես տակավին չեմ բարձրացել Հոր մոտ» (Հվհ 20, 17)։ Ի՞նչ է նշանակում այս խոսքը։ Նաև երբ ընթերցվեց [ավետարանական] այս հատվածը, այդ ժամանակ էլ խոսեցի [այն բանի մասին], թե ինչո՛ւ ասաց. «Մի՛ դիպչիր ինձ. ես տակավին չեմ բարձրացել Հոր մոտ»։ Ինչո՞ւ։ Ոչ ոք չդիպա՞վ Նրան ֆիզիկապես, քանի դեռ չէր բարձրացել Հոր մոտ։ Դեռևս այստեղ` երկրի վրա էր, երբ կասկածամիտ աշակերտը շոշափեց Նրա սպիերը (հմմտ. Հվհ 20, 28)։ Ի՞նչ իմաստով, ուրեմն, չէր ուզում, որ դիպչեին Իրեն, եթե ո՛չ` որ այս խոսքերն ասվել են պատկերավոր կերպով։ Այդ կինը Եկեղեցին էր։ Եվ այս «Ինձ մի՛ դիպչիր»ը նշանակում է «Ինձ մի՛ դիպչիր նյութական եղանակով, այլ` որպես Հորը հավասարի։ Քանի դեռ ինձ չեք ճանաչում հավասար Հորը, ինձ մի՛ դիպչեք, որովհետև [այդ դեպքում] դիպչում եք ո՛չ թե ինձ, այլ` իմ մարմնին» (Հվհ 20, 17)։
Պողոսն իր հոգևոր փորձառության բարձունքից ասում է. «Եթե նույնիսկ ճանաչել ենք Քրիստոսին ըստ մարմնի, այժմ չենք ճանաչում այլևս»։ Եվ. «Հին բաներն անցել են, ահա՛ նորերն են հասել. և բոլորը գալիս են Աստծուց» (2Կր 5, 16-18)։ Ի՞նչ է նշանակում. «Եթե նույնիսկ ճանաչել ենք Քրիստոսին ըստ մարմնի, այժմ չենք ճանաչում այլևս»։ Որ, երբ Նրան ճանաչում էինք Իր մարմնի մեջ, կարծում էինք, թե միայն մարդ էր։ Բայց այն բանից հետո, ինչ Իր շնորհը լուսավորեց մեզ, հանձինս Իր ճանաչեցինք Հորը հավասար Բանին[4]։ Հակոբը Նրան փաթաթված էր պահում և պայքարում էր, կարծես կամենար սեղմել Նրան մարմնական կերպարանքի ներքո։ Մյուսը նրան ասում էր. «Թո՛ղ ինձ, որ գնամ իմ մարմնական կերպարանքով, որովհետև այլևս ցերեկ է և դու պետք է հոգևոր եղանակով լուսավորված լինես, այսինքն. "Ինձ [սոսկ] մարդ մի՛ համարիր։ Թո՛ղ ինձ, որ գնամ, որովհետև այլևս ցերեկ է" (Ծնդ 32, 26)»։ «Ցերեկ»ը հասկանում ենք որպես ճշմարտության և իմաստության լույսը, որի միջոցով է ստեղծվել ամեն ինչ (հմմտ. Հվհ 1, 3)։ Այդ լույսը դու կվայելես, երբ կանցնի այս գիշերը, այսինքն` այս աշխարհի անօրենությունը։ Ցերեկ կլինի, երբ կգա Տերը, որպեսզի մենք տեսնենք Իրեն այն նույն ձևով, որով Իրեն տեսնում են հրեշտակները։ Որովհետև այժմ տեսնում ենք պատկերավոր կերպով, կարծես հայելու մեջ, իսկ այդ ժամանակ տեսնելու ենք Իրեն դեմ առ դեմ (1Կր 13, 12)։
Ուստի, եղբայրներ, մեր մտքում ամուր պահենք այս խոսքը. «Թո՛ղ ինձ, որ գնամ։ Այլևս ցերեկ է»։ Բայց մյուսը ի՞նչ պատասխանեց։ «Քեզ չեմ թողնի, որ գնաս, մինչև որ չօրհնես ինձ» (Ծնդ 32, 26)։ Որովհետև Տերը մեզ նախևառաջ օրհնում է Իր Մարմնի միջոցով։ Հավատացյալները գիտեն, թե ի՛նչ են ընդունում[5]. որ օրհնվում են Մարմնի միջոցով։ Եվ գիտեն, որ չէին օրհնվի, եթե այդ Խաչված Մարմինը տրված չլիներ աշխարհի կյանքի համար (հմմտ. Հվհ 6, 51)։ Ինչո՞ւ [Հակոբը] օրհնվեց։ Որովհետև ''հաղթեց'' Աստծուն, որովհետև պինդ գրկած պահեց, և հարատևեց, և ձեռքերից բաց չթողեց այն, ինչը որ բաց էր թողել Ադամը։ Շատ պինդ պահենք, ուրեմն, հավատացյալնե՜ր, այն, ինչը որ ընդունել ենք, որպեսզի արժանանանք օրհնվելու։
Եկեղեցին կազմված է լավերից ու վատերից
8. Հակոբի վիրավորված մասը ներկայացնում է վատ քրիստոնյաներին, որպեսզի նույն Հակոբի մեջ առկա լինեն և՛ օրհնությունը, և՛ կաղալը։ Օրհնված է նրանց մասով, ովքեր ճիշտ են ապրում. կաղում է նրանց մասով, ովքեր սխալ են ապրում։ Դեռևս միևնույն մարդու մեջ ներկա են երկուսն էլ։ Հետագայում լինելու է զատորոշումն ու բաժանումը։ Այն է, ինչ փափագում է Եկեղեցին, ասելով Սաղմոսի մեջ. «Արդարությո՜ւն արա ինձ, Աստվա՜ծ, և բաժանի՜ր իմ դատը անբարիշտ մարդկանցից» (Սղմ 42, 1)։ Ճիշտ այսպես, որովհետև Ավետարանն ասում է. «Եթե քո ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից։ Քո համար ավելի լավ է միայն մեկ ոտքով մտնել Աստծո Արքայություն, քան թե երկու ոտքով գնալ հավիտենական կրակի մեջ» (Մտթ 18, 8)։
Այս վատերը պետք է բաժանվեն վերջում։ Այժմ Եկեղեցին կաղում է։ Ամուր կերպով հենվում է միայն մեկ ոտքի վրա, մյուսն անդամալույծ է։ Նայեցե՛ք հեթանոսներին, եղբայրներ։ [Եթե] պատահաբար հանդիպում են համոզված քրիստոնյաների, որոնք ծառայում են Աստծուն, հիանում են նրանցով, հետևում են նրանց և դարձի են գալիս։ Ուրիշ անգամներ, մինչդեռ, նայում են նրանց, ովքեր վատ վարք ունեն, և ասում են. «Ահա՛ քրիստոնյաները»։ Բայց նրանք, ովքեր վատ վարք են դրսևորում, պատկանում են Հակոբի ազդրոսկրի վնասված հոդին, և ցամաքում են։ Տիրոջ հպումը Տիրոջ ձեռքն է, որ ուղղում է և կենագործում։ [Հակոբը], հետևաբար, մի մասով օրհնվում է, իսկ մի մասով` ցամաքում է։ Տերը Եկեղեցու մեջ ցույց է տալիս նրանց, ովքեր չարաբար են վարվում, որովհետև դա ապացույցն է այն բանի, որը գրվել է Ավետարանի մեջ, թե` «երբ ցորենը աճեց, երևաց նաև որոմը» (հմմտ. Մտթ 13, 26), որովհետև երբ մարդիկ սկսում են առաջխաղացում ապրել, այդ ժամանակ է, որ սկսում են նկատել վատերին։ Այս բաները ձեզ հայտնի են, Աստծո շնորհն այնպես է անում, որ սրանք ճանաչված լինեն։ Բայց այժմ հարկավոր է համբերությամբ կրել որոմի ներկայությունը, մինչև հունձքի համար հարմար ժամանակը, որպեսզի, որոմը հիմա արմատախիլ անելիս, միասին արմատախիլ չարվի նաև ցորենը (հմմտ. Մտթ 13, 29)։ Կգա ժամանակը, երբ կկատարվի Եկեղեցու խնդրանքը, որ կրկնում է. «Արդարությո՜ւն արա ինձ, Աստվա՜ծ, և բաժանի՜ր իմ դատը անբարիշտ մարդկանցից» (Սղմ 42, 1). երբ Տերը «կգա Իր փառքով, Իր սուրբ հրեշտակների հետ միասին, և Նրա առաջ կհավաքվեն բոլոր ժողովուրդները, և Նա կբաժանի նրանց` ինչպես հովիվն է բաժանում ոչխարներին այծերից, և արդարները կդասվեն Նրա աջ, իսկ այծերը` ձախ կողմում» (հմմտ. Մտթ 25, 31-34)։ «Եվ առաջիններին կասվի. "Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ստացե՛ք Արքայությունը"։ Իսկ երկրորդներին. "Գնացե՛ք հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի ու իր հրեշտակների համար"» (Մտթ 25, 41)։