Ճառ 72. « ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ 12, 33 ՀԱՏՎԱԾԻ ԽՈՍՔԻ ՄԱՍԻՆ, ԹԵ. "ԾԱՌԸ ԲԱՐԻ ԴԱՐՁՐԵՔ, ԵՎ ԲԱՐԻ` ՆԱԵՎ ՆՐԱ ՊՏՈՒՂՆԵՐԸ" » – Գրադարան – Mashtoz.org

Ճառ 72. « ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ 12, 33 ՀԱՏՎԱԾԻ ԽՈՍՔԻ ՄԱՍԻՆ, ԹԵ. "ԾԱՌԸ ԲԱՐԻ ԴԱՐՁՐԵՔ, ԵՎ ԲԱՐԻ` ՆԱԵՎ ՆՐԱ ՊՏՈՒՂՆԵՐԸ" »

Չարերը չեն կարող բարի գործեր անել

1. 1. Մեր Տեր Հիսուս Քրիստոսը հորդորում է մեզ` բարի ծառեր լինել, որպեսզի կարողանանք բարի պտուղներ հասունացնել։ Քանի որ այսպես է ասում. «Ծառը բարի դարձրեք, և բարի` նաև նրա պտուղները. կամ էլ` ծառը չար դարձրեք, և չար` նաև նրա պտուղները։ Արդարև, պտղից է ճանաչվում ծառը» (Մտթ 12, 33)։

Երբ ասում է. «Ծառը բարի դարձրեք, և բարի` նաև նրա պտուղները», սա բնականաբար հորդոր չէ, այլ` փրկարար պատվիրան, որն անհրաժեշտ է գործադրել։ Ինչ, մինչդեռ, վերաբերվում է [հաջորդ] նախադասությանը. «Ծառը չար դարձրեք, և չար` նաև նրա պտուղները», այն պատվիրան չէ, որն հարկավոր է պահել, այլ` զգուշացում, որպեսզի խուսափենք այդ ծառի նման վարվելուց։ Նա, իրոք, այս խոսքը նրանց դեմ ասաց, ովքեր, չար լինելով հանդերձ, հավակնում էին ներկայացնել իրենց իբրև ընդունակ` ասելու բարի բաներ կամ ունենալու բարի գործեր։ Տեր Հիսուսը հաստատում է, որ դա անհնարին է։ Իրոք, նախ պետք է մարդը փոխվի, որպեսզի փոխվեն նաև [իրեն վերաբերվող] բաները։ Գործնականում, եթե մեկը շարունակում է չար լինել, չի կարող բարի գործեր կատարել. եթե, մինչդեռ, շարունակում է բարի մնալ, չի կարող չար գործեր կատարել։

 

Մենք բոլորս չար վիճակում ենք գտնվել

1. 2. Բայց ո՞վ է Տիրոջ կողմից բարի գտնվել, մինչ Քրիստոսը մեռել է բոլորի համար (հմմտ. Հռմ 5, 6)։ Բոլորին, հետևաբար, գտել է չար ծառերին նման, բայց նրանց, ովքեր հավատացել են Իր Անվանը, տվել է Աստծո զավակներ դառնալու կարողությունը (հմմտ. Հվհ 1, 12)։

Յուրաքանչյուր ոք, ուստի, ով ներկայումս բարի է, այսինքն` բարի ծառ է, չար [վիճակում] է գտնվել և բարի դարձվել։ Բայց երբ [Քրիստոսը] գտավ նրանց, եթե կամենար արմատախիլ անել չար ծառերը, ո՞ր մեկը կմնար, որ չէր արժանանա արմատախիլ լինելու։ Նա, սակայն, եկավ նախ ողորմությունը պարգևելու, հետո արդարությունը կիրառելու, ինչպես որ Իր մասին ասված է. «Ողորմությունդ ու արդարությունդ եմ ես երգելու, ո՜վ Տեր» (Սղմ 100, 1)։ Հավատացյալներին, հետևաբար, տվեց մեղքերի թողությունը, և չկամեցավ պահանջել նրանցից և ո՛չ իսկ անցյալ պարտքերի հաշիվը։ Շնորհեց մեղքերի ներումը. ծառերը բարի դարձրեց։ Հեռացրեց կացինը. տվեց ապահովությունը։

 

Մեր հանդեպ Աստծո համբերությունը

2. 3. Այս կացնի մասին է խոսում Հովհաննեսը, երբ ասում է. «Կացինը պատրաստ արդեն դրված է ծառերի արմատին։ Յուրաքանչյուր ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվելու և գցվելու է կրակի մեջ» (Մտթ 3, 10)։

Կացինը գործածելու սպառնալիք է հնչեցնում ընտանիքի հայրը` Ավետարանում, երբ ասում է. «Երեք տարի է արդեն, որ գալիս եմ այս ծառի վրա պտուղ փնտրելու, բայց չեմ գտնում։ Այժմ պետք է տեղն ազատեմ. թող որ կտրվի, ուրեմն» (Ղկս 13, 7)։ Բայց հողագործը միջամտում է` ասելով. «Տե՜ր, այս տարի էլ թող մնա. հողը կփորեմ շուրջը և մի պարկ գոմաղբ կլցնեմ. եթե պտուղ տա, լա՛վ. այլապես` կգաս և կտրել կտաս» (Ղկս 13, 8-9)։

[Այս] համեմատությունն ուզում էր հասկացնել, որ Տերը երեք տարի շարունակ այցելել էր մարդկային ցեղին, այսինքն, այսպես ասած, երեք որոշակի դարաշրջաններում։ Առաջինը Օրենքից առաջ ընկած դարաշրջանն էր, երկրորդը` Օրենքի վավերականության դարաշրջանը, երրորդը` ներկան է, որը շնորհի դարաշրջանն է։ Եթե, իրոք, մարդկությանը այցելած չլիներ Օրենքից առաջ, ինչպե՞ս կբացատրվեր սրբությունը Աբելի, Ենոքի, Նոյի, Աբրահամի, Իսահակի և Հակոբի, որոնց համար Աստված կամեցավ Տեր կոչվել։ Եվ, կարծես միայն երեք մարդկանց Աստվածը լիներ, չնայած որ Իրեն են պատկանում բոլոր ժողովուրդները, «Ես եմ», ասում է, «Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը» (Ել 3, 14)։ Եթե, ապա, Աստված օգնության հասած չլիներ մարդկությանը Օրենքի ժամանակներում, տված չէր լինի ինքնին Օրենքը։ Օրենքից հետո եկավ անձամբ ընտանիքի հայրը, կրեց չարչարանքները, մեռավ, հարություն առավ, տվեց Սուրբ Հոգին, ամբողջ աշխարհով մեկ քարոզել տվեց Ավետարանը, և այդուհանդերձ` դեռևս մնացել են մի քանի անպտուղ ծառեր։ Կա տակավին մարդկության մի մասը, որ չի ուղղվում։ Հողագործը, սակայն, խնդրում է Նրան սպասել դեռ մի քիչ. այսպես էր հավատացյալների համար աղոթում նաև Առաքյալը. «Ծունկի եմ գալիս», ասում էր, «ձեր համար, Հայր Աստծո առաջ, որպեսզի սիրո մեջ արմատավորված ու հիմնված, Աստծո բոլոր լավ ծառաների հետ միասին ընդունակ լինեք ըմբռնել ընդարձակությունը, երկարությունը, բարձրությունը և խորությունը Քրիստոսի սիրո, որն ամեն տեսակ ճանաչողությունների մեջ ամենավսեմն է, և այդպես լցված լինեք Աստծո ողջ հարստությամբ» (Եփս 3, 14.17-19)։ Ծունկի գալով` ընտանիքի հոր մոտ միջնորդում է մեր համար, որպեսզի արմատախիլ չարվենք։

Հետևաբար, քանի որ անխուսափելի է, որ [ընտանիքի հայրը] գա, այնպես գործենք, որ մեզ պտուղներով լեցուն գտնի։ Ծառի շուրջը փորելը նշանակում է զղջացողի խոնարհությունը, քանի որ ամեն փոս ցածր է։ Գոմաղբի պարկը նշանակում է բարոյական աղտեղությունները, որոնց համար զղջում է. իրոք, գոմաղբից ավելի աղտեղի ի՞նչ կա։ Եվ սակայն, եթե այն ճիշտ գործածես, դրանից ավելի պարարտ ի՞նչ կա։

 

Երկու արմատները. սերը և ընչաքաղցությունը։ Ամեն ոք ցանկանում է բոլոր բարիքները, բարությունից բացի։

3. 4. Ամեն ոք, ուրեմն, թող որ բարի ծառ լինի։ Թող որ չկարծի, թե բարի պտուղներ ունի, եթե շարունակում է չար ծառ մնալ։ Բարի ծառի պտուղները միայն կարող են բարի լինել։ Փոխիր սիրտդ և կփոխվի գործդ։ Սրտիցդ արմատախիլ արա ագահությունը և այնտեղ տնկիր սերը։ Քանի որ այն նույն ձևով, որով փողի հանդեպ ցուցաբերված ագահությունը բոլոր չարիքների արմատն է (հմմտ. 1Տմ 6, 10), այդպես էլ սերը արմատն է բոլոր բարիքների։

Ուրեմն ինչո՞ւ են մարդիկ փսփսում և իրար մեջ քննարկում` ասելով. «Ի՞նչ է բարիքը»։ Օ՜հ, եթե դու իմանայիր, թե ի՛նչ է բարիքը։ Այն, ինչը որ դու ցանկանում ես ունենալ, շատ բարի չէ։ Այն, ինչը որ դու չես ուզում լինել, ահա՛ սա բարիքն է։ Դու ցանկանում ես ունենալ մարմնի առողջությունը. սա մի բարիք է, բայց մի՛ կարծիր, այնուամենայնիվ, թե մի մեծ բարիք է այն, ինչը որ մի չար անհատ նույնպես ունի։ Ուզում ես ոսկի և արծաթ ունենալ. ահա՛, ես սա էլ եմ հաստատում. դա մի բարիք է. եթե, սակայն, ճիշտ կգործածես դրանք. բայց դրանք ճիշտ չես գործածի, եթե [ինքդ] չար լինես։ Հետևաբար, ոսկին ու արծաթը չարերի համար չարիք է, բարիների համար` բարիք. ո՛չ թե` որովհետև նրանց բարի են դարձնում ոսկին ու արծաթը, այլ` քանի որ նրանց որպես բարիներ են գտնում, իրենք էլ բարի գործածության են փոխվում։ Եթե ցանկանում ես ինչ որ մի պաշտոն ունենալ, դա բարիք է, բայց միայն այն պայմանով, որ դու այդ պաշտոնը ճիշտ գործածես։ Քանիների՜ համար է պաշտոնը կործանման առիթ հանդիսացել։ Քանիների՜ համար, մինչդեռ, պաշտոնը ծառայություն է եղել` բարիք գործելու նպատակով։

 

Ամեն ոք ցանկանում է իր սեփական բարիքները, իր սեփական բարությունից բացի

4. 5. Զանազանենք, ուստի, այս բարիքները, եթե ընդունակ ենք դրան, քանի որ խոսում ենք բարի ծառերի մասին։ Այս առումով չկա [ուրիշ] ոչինչ, որի մասին յուրաքանչյուր ոք պետք է մտածի, եթե ո՛չ միայն` ապահովելու, որ սեփական հայացքն ուղղվի սեփական անձի վրա, որպեսզի ճանաչի ինքն իրեն, քննի, զննի, հետախուզի և բացահայտի ինքն իրեն։ Այն, ինչը որ տհաճ է իրեն [ուրիշների մեջ], թող որ վերացնի [սեփական անձի մեջ], [իսկ] այն, ինչը որ հաճելի է իրեն [ուրիշների մեջ], թող որ կիրառի իր սեփական անձի մեջ և տնկի իր սրտում։ Երբ, իրոք, մեկը գտնվում է հոգևոր բարիքներից դատարկ վիճակի մեջ, արդյոք ինչո՞ւ է նյութական բարիքների անհագ ծարավ զգում։ Ահա՛, ի՞նչ օգտակարություն ունի բարիքներով լի գանձարանը, եթե խիղճը դատարկ է։ Ցանկանում ես բարիքներ ունենալ, բայց չես ուզում բարի լինել։ Չես հասկանո՞ւմ, որ պետք է ամաչեիր քո բարիքների համար, եթե տունդ լի է բարիքներով, մինչդեռ դու ստրուկ ես չարիքին։ Արդարև, ի՞նչ կա չար, որը դու կցանկանայիր ունենալ։ Ասա՛ ինձ։ Բացարձակապես ոչի՛նչ. ո՛չ կինդ [կուզենայիր, որ չար լիներ], ո՛չ որդիդ, ո՛չ դուստրդ, ո՛չ ստրուկդ, ո՛չ աղախինդ, ո՛չ առանձնատունդ [վատը լիներ], ո՛չ պատմուճանդ, ո՛չ էլ, ի վերջո, կոշիկներդ. այդուհանդերձ, ուզում ես չար կյանք ունենալ։

Խնդրում եմ քեզ, կյանքդ ավելի արժեքավոր գնահատիր, քան կոշիկներդ։ Քո համար թանկագին են բոլոր այն բաները, որոնք վայելուչ և գեղեցիկ են քո աչքերին, որոնցով շրջապատված ես, և միայն դու ի՞նքդ ես անարժեք և տգեղ ինքդ քո աչքերին։ Եթե կարողանային պատասխանել քեզ բարիքները, որոնցով լի է քո տունը, այն բարիքները, որոնք ցանկացել ես ունենալ և որոնք վախեցել ես կորցնել, մի՞թե չէին ասի քեզ բարձր ձայնով. «Այնպես, ինչպես դու ուզում ես ունենալ մեզ` քո բարիքները, այդպես էլ մենք ցանկանում ենք բարի տեսնել[1] [մեր] տիրոջը»։ [Դրանք] լռելյայն դիմում են Աստծուն` իբրև դատավոր քո դեմ. «Ահա՛, սրան բազմաթիվ բարիքներ շնորհեցիր, մինչդեռ ինքը չար է։ Ի՞նչ օգտակարություն ունեն իր համար այն բաները, որոնց տիրապետում է, եթե չի տիրապետում Նրան, Ով իրեն տվել է բոլոր այդ բաները»։

 

Ճշմարիտ բարիքը

5. 6. Ինչ որ մեկը, իմ այս խոսքերից խրատվելով և թերևս խղճի խայթ զգալով, հարցնում է ինձ, թե ի՞նչ է բարիքը, ի՞նչ տեսակի է բարիքը, որտեղի՞ց է այն սերում։ Ճիշտ հասկացար, որ պետք է այս հարցը տայիր։ Նրան, ով ինձ այդ հարցն ուղղում է, կպատասխանեմ. «Բարիք է այն, ինչը որ չես կարող կորցնել, եթե չես ուզում [կորցնել]։ Ոսկին կարող ես կորցնել նաև առանց ուզենալու. կարող ես կորցնել տունը, պաշտոնները, նաև ֆիզիկական առողջությունը. ընդհակառակը` բարիքը, որի բերմամբ իսկապես բարի ես, ո՛չ ստանում ես քո կամքին հակառակ, ո՛չ էլ կորցնում ես քո կամքին հակառակ»։

Փնտրում եմ, ապա, թե ի՛նչ տեսակի է այս բարիքը։ Սաղմոսը մեզ իսկապես մտաբերել է տալիս մի կարևոր բան, թերևս այն, ինչը որ մենք փնտրում ենք. «Մինչև ե՞րբ եք, մարդի՜կ, կարծրասիրտ լինելու» (Սղմ 4, 3)։ Մինչև ե՞րբ է այդ ծառն ամուլ մնալու` երեք տարիների տևողության ընթացքում։ Մինչև ե՞րբ եք, մարդի՜կ, կարծրասիրտ լինելու։ Ի՞նչ է նշանակում «կարծրասիրտ»։ «Ինչո՞ւ եք ունայնություններ սիրում և ստությունը փնտրում» (Սղմ 4, 3)։ Սաղմոսն ապա մատնանշում է, թե ո՛րը պետք է լինի մեր փնտրտուքի առարկան. «Իմացած եղեք, որ Տերը փառավորել է Իր Սրբին» (Սղմ 4, 4)։ Արդեն Քրիստոսն էլ է եկել, արդեն փառավորվել է, արդեն հարություն է առել և Երկինք համբարձվել, արդեն Իր Անունը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ. մինչև ե՞րբ եք կարծրասիրտ լինելու։ Թող որ բավարար լինեն անցյալ ժամանակները. արդեն փառավորվել է այդ Սուրբը. մինչև ե՞րբ եք կարծրասիրտ լինելու։ Երեք տարվա սպասումից հետո ի՞նչ է մնում, եթե ո՛չ` կացինը։ Մինչև ե՞րբ եք կարծրասիրտ լինելու։ Ինչո՞ւ եք ունայնությունները սիրում և ստությունը փնտրում։ Դեռևս փնտրվում են ունայն, անօգուտ, շքեղ, վաղանցուկ բաները. այն բանից հետո, երբ Քրիստոսն ա՛յս կերպ փառավորվեց, դեռևս նմանատիպ բաներ են տենչալի ցանկացվում։ Այլևս աղաղակում է Ճշմարտությունը, և դեռևս ունայնությունն է փնտրվում։ Մինչև ե՞րբ եք կարծրասիրտ լինելու։

 

Թե ինչո՛ւ է աշխարհն այսքա՜ն նեղությունների ենթարկվում

6. 7. Աշխարհն արդարացիորեն է ենթարկվում ծանր պատիժների հարվածներին. քանի որ աշխարհն արդեն ճանաչել է Տիրոջ խոսքերը. «Եթե մի ծառա պատժի արժանի արարքներ է կատարում, բայց առանց իմանալու, թե ի՛նչ է կամենում իր տերը, կպատժվի մտրակի ավելի քիչ հարվածներով» (Ղկս 12, 47)։ Ինչո՞ւ։ Որպեսզի նա ջանք գործադրի` ճանաչելու իր տիրոջ կամքը։ Մի ծառա, ուրեմն, որ չգիտեր այդ կամքը. այդպիսին էր աշխարհը առաջ, երբ Տերը դեռ չէր փառավորել Իր Սրբին (հմմտ. Սղմ 4, 4), մի ծառա էր, որ չէր ճանաչում իր Տիրոջ կամքը, և հետևաբար` նվազ խստությամբ էր պատժվում։ Մի ծառա, որն այլևս գիտակցում է, թե ի՛նչ է կամենում իր տերը (հմմտ. Ղկս 12, 48). այսպիսին է այժմ աշխարհը, այն օրվանից, երբ Աստված փառավորեց Իր Սրբին, բայց եթե չի կատարում իր Տիրոջ կամքը, պատժվելու է խիստ կերպով։

Տարօրինակ ի՞նչ կա, հետևաբար, եթե աշխարհը պատժվում է խստությամբ։ Մի ծառա է, որ գիտի [իր] Տիրոջ կամքը, բայց պատժի արժանի գործեր է անում։ Թող որ չմերժի, ուրեմն, խիստ պատիժներ կրելու [հանգամանքը], որովհետև, եթե, անարդար կերպով, չի ուզում լսել Նրան, Ով տալիս է պատվիրանները, ստիպված կլինի կրել Նրան, արդարացի կերպով, որպես վրիժառու. գոնե թող չտրտնջա Նրա դեմ, Ով իրեն պատժում է, տեսնելով իրեն պատժի արժանի, որպեսզի արժանանա ողորմությանը։

[1] Բնագրում բառացի` ունենալ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։