
Ճառ 9. « ՏԱՍՆԱԼԱՐՅԱՆ ՍԱՂՄՈՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Աստված ողորմած և արդար
1. Մեր Տերը և Աստվածը` ողորմած և գթառատ, երկայնամիտ, ողորմությամբ լի և ճշմարտախոս, որքան ավելի բարյացակամությամբ է բաշխում ողորմությունը ներկա կյանքում, այնքան ավելի խստությամբ սպառնում է դատաստանով՝ գալիք կյանքի մեջ։ Խոսքերը, որ մեջբերեցի. «Տերը ողորմած և գթառատ է, երկայնամիտ, ողորմությամբ լի և ճշմարտախոս» (Սղմ 85, 15), գրվել և երաշխավորվել են աստվածային հեղինակության կողմից։
Բոլոր մեղավորներին և նրանց, ովքեր սիրում են ներկա կյանքը, մեծ հաճույք է պատճառում լսելը, որ Տերը ողորմած է և գթառատ, որ երկայնամիտ է և լի ողորմությամբ։ Բայց եթե գոհ ես այն փաստի համար, որ այդքա՜ն ողորմած է, երկնչիր այն խոսքից, որ ասվում է տողի վերջում. «Եվ ճշմարտախոս»։ Եթե ասած լիներ միայն. «Տերը ողորմած և գթառատ է, երկայնամիտ և ողորմությամբ լի», դու քեզ արդեն ապահով ու անպատիժ կզգայիր, և կտրվեիր աշխարհային հաճույքներին, մեղքերի սանձարձակությանը։ Կանեիր այն, ինչ կանցներ մտքովդ, կգործեիր այնքան, որքան քեզ հնարավոր կլիներ, կամ մինչև ո՛ւր կմղեր քեզ կիրքը։ Իսկ եթե ինչ որ մեկը բարի խրատներով հանդիմաներ քեզ և երկյուղ ներշնչեր` կրքերիդ ետևից վազելու և Աստծուդ լքելու անարգել մոլությունից քեզ ետ պահելու նպատակով, դու կլռեցնեիր քեզ հանդիմանողի խոսքերը, ճակատդ բարձր, կարծես լսած լինեիր Աստծո վավերական կարծիքը, և [նրան ի լուր] կկարդայիր Սուրբ Գրքից. «Ինչո՞ւ ես փորձում սարսափեցնել ինձ մեր Աստծո վերաբերյալ։ Նա ողորմած է և գթառատ և լի ողորմությամբ»։
Որպեսզի մարդիկ այսպես չասեն, Սուրբ Գիրքը մի բառ է ավելացնում վերջում. «Եվ ճշմարտախոս»։ Եվ այսպես չեզոքացնում է թեթևամտությունը նրանց, ովքեր [փրկության մասին] սխալ ենթադրություններ են անում, և ջնջում է [չափազանցված] վախը նրանց, ովքեր վշտահար են։ Ուրախանա՜նք Տիրոջ ողորմության համար, բայց նաև երկնչենք Տիրոջ դատաստանից։ Տերը ներում է, բայց չի լռում։ Լռում է հիմա, բայց չի լռելու միշտ (հմմտ. Ես 42, 14)։ Լսի՛ր Նրան այժմ, մինչ խոսում է քեզ, որպեսզի Նրան լսելու ժամանակի պակաս չունենաս, երբ չի լռի դատաստանի ժամանակ։
Հիմա՛ հաշտվիր հակառակորդիդ հետ
2. Հիմա՛, իրոք, հնարավորությունն ունես շտկելու դատդ։ Կարգավորի՛ր դատդ՝ Աստծուդ վերջնական դատաստանից առաջ։ Հնարավորություն չես ունենալու ինչ որ բան ենթադրելու, երբ Նա գա, ո՛չ էլ կարողանալու ես սուտ վկաներ կանչել, որոնց կողմից Նա կկարողանա խաբվել, ո՛չ էլ կարողանալու ես ստապատիր խաբեություններ խոսող և բազմաբարբառ պերճախոսությամբ հայտնի դատապաշտպան ունենալ, ո՛չ էլ կարողանալու ես ինչ որ մի ձևով կաշառել Դատավորին։ Ուրեմն ի՞նչ կարող ես անել այդպիսի Դատավորի մոտ, որին ո՛չ կաշառել կարող ես, ո՛չ էլ խաբել։
Մի բան, սակայն, կարող ես անել։ Նույն [Անձը], որն այդ ժամանակ քո դատը անող Դատավորն է լինելու, այժմ քո կյանքի Վկան է։ Ձայն բարձրացրեցինք և երգեցինք Իր գովքը։ [Նախապես] սահմանենք մեր դատը։ Ձեր գործերի Վկան նաև այս աղոթքների[1] Վկան է։ Այս աղոթքները թող որ անօգուտ չլինեն. թող որ հեծեծանքի փոխակերպվեն։ Հակառակորդի հետ պատրաստակամությամբ համաձայնվելու պահն է (հմմտ. Մտթ 5, 25)։ Որքան որ երկայնամիտ է Աստված [այժմ], երբ ամեն օր տեսնում է անօրենությունները և դրանք չի պատժում, այնքան էլ ակնթարթային կերպով վրա է հասնելու գալիք դատաստանը։
Եթե համեմատում ենք մարդկային կյանքի հետ, շատ երկարատև է այն, ինչը որ Աստծո համար կարճատև է։ Բայց ի՞նչ մխիթարություն է տալիս քեզ փաստը, որ և՛ աշխարհին, և՛ մարդկությանը [շնորհված ժամանակը] քեզ երկարատև է թվում։ Նույնիսկ եթե ամբողջ մարդկության վերջին օրը հեռավոր լիներ, մի՞թե հեռավոր է յուրաքանչյուր մարդու վերջին օրը։ Ուզում եմ ասել. Ադամից սկսած շա՜տ տարիներ են անցել, շա՜տ տարիներ են անցել և դեռ անցնելու են, հաստատ ո՛չ այսքա՜ն բազմաթիվ, բայց այնուամենայնիվ` մինչև աշխարհի վախճանը դեռ տարիներ են անցնելու, ինչպես որ այն մյուսներն են անցել։
Երկար է թվում ժամանակը, որ դեռ մնացել է, թեև այնքան երկարատև չի լինելու, որքան որ եղել է անցյալ ժամանակը, և այդուհանդերձ` այն փաստից, որ անցյալ ժամանակն անցել է, եզրակացնում ենք[2], որ մնացած ժամանակն էլ է հասնելու իր ավարտին[3]։ [Սկզբում] եղել է մի որոշակի օր, որն ապա կոչվել է այսօր։ Այդ օրվանից մինչև այս այսօրը, այն, ինչը որ ապագա էր, չդարձա՞վ անցյալ։ Այնպես է, որ կարծես չի էլ եղել։ Այսպես է լինելու [նաև] այն օրվա պարագան, որը ներկայանալու է[4] որպես վերջինը։
Բայց նույնիսկ եթե սա երկարատև լինի, տևական լինի այնքան, որքան կարող ես կարծել, որքան կարող ես արտահայտել, որքան կարող ես մտածել, ո՛չ թե որքան հնարավոր է արտահայտել գրությամբ, այլ` որքան որ այն կարող է պատկերացնել միտքը. հետաձգիր որքա՛ն ուզում ես դատաստանի օրը. մի՞թե կարող ես երկար ժամանակով հետաձգել քո, այսինքն` քո կյանքի վերջին օրը, երբ դուրս ես գալու այս մարմնից։ Նույնիսկ եթե ապահով ծերություն ունենաս, որքան որ հնարավոր է։ Բայց ո՞ւմ է սա հնարավոր։ Մի՞թե մարդը չի սկսում մահանալու կարողությունն ունենալ այն պահին, երբ սկսում է ապրելու կարողությունն ունենալ։ Կյանքի սկիզբը ծնունդ է տալիս մահանալու հնարավորությանը։ Այս երկրի վրա և մարդկանց մեջ՝ դեռևս չի կարող մահանալ միայն նա, ով դեռևս չի սկսել ապրել։ [Այդ] անորոշ օրվան պետք է սպասենք օրեցօր։ Եթե օրեցօր պետք է սպասենք [այդ] անորոշ օրվան, համաձայնվի՛ր հակառակորդի հետ, քանի դեռ նա քո հետ է ճանապարհին (հմմտ. Մտթ 5, 25)։ Ճանապարհ ասելով հասկացվում է այս կյանքը, որով բոլորն են անցնում։ Եվ այս հակառակորդը ետ չի քաշվում։
Քո հակառակորդը Աստծո Խոսքն է
3. Բայց ո՞վ է այս հակառակորդը։ Սատանան չէ։ Աստվածաշունչը երբե՛ք չէր հորդորի քեզ համաձայնության գալ սատանայի հետ։ Սա մի ուրիշ հակառակորդ է, որին մարդն ինքն է հակառակորդ դառնում։ Ինքը, եթե հակառակորդ լիներ քեզ, քո հետ չէր լինի ճանապարհին. մինչդեռ, հե՛նց սրա համար է ճանապարհին քո հետ. քո հետ համաձայնության գալու համար։ Նա, իրոք, գիտի, որ եթե համաձայնության չգաս ճանապարհին, քեզ դատավորի առաջ կտանի, դատավորը քեզ կհանձնի ոստիկանին, ոստիկանը քեզ բանտ կնետի (հմմտ. Մտթ 5, 25)։ Այս խոսքերն Ավետարանից են քաղված. մեր հետ միասին դրանք հիշում են և՛ նրանք, ովքեր կարդացել են դրանք, և՛ նրանք, ովքեր դրանք լսել են։
Ո՞վ է, ուրեմն, [այս] հակառակորդը։ Աստծո Խոսքը։ Աստծո Խոսքն է քո հակառակորդը։ Ինչո՞ւ է հակառակորդ։ Որովհետև հրամայում է բաներ, որոնք հակառակ են այն բաներին, որոնք դու անում ես։
Քեզ ասում է. «Քո Աստվածը մեկ է (2Օր 6, 4; հմմտ. Ել 20, 2-3), պաշտի՛ր միակ Աստծուն»։ Դու, մինչդեռ, թողնելով միակ Աստծուն, Ով քո հոգու օրինավոր փեսան է կարծես, ցանկանում ես պոռնկանալ բազմաթիվ դևերի հետ և, ինչը որ ավելի ծանր է, Նրան չես թողնում և Նրան ապահարզան չես տալիս բացահայտ կերպով, ինչպես անում են ուրացողները, այլ` փեսայիդ տանը մնալով, ներս ես մտցնում շնացողներին։ Այսինքն, որպես քրիստոնյա չես թողնում Եկեղեցին, բայց խորհրդակցում ես աստղագուշակների, կամ հարուսպիկների, կամ գուշակների կամ կախարդների հետ։ Որպես շնացող հոգի, չես թողնում փեսայի տունը, բայց տրվում ես շնությանը` Նրա հետ ամուսնացած մնալով հանդերձ։
Քեզ ասվում է. «Իզուր չարտասանես քո Տեր Աստծո Անունը» (Ել 20, 7), որպեսզի չմտածես, թե Քրիստոսը [սոսկ] արարած է, այն պատճառով, որ քո համար հանձն առավ արարածի [բնությունը]։ Եվ դու արհամարհում ես Նրան, Ով հավասար է Հորը և միայն մեկ իրողություն է Հոր հետ (հմմտ. Հվհ 10, 30)։ Քեզ ասվում է հոգևոր եղանակով հարգել շաբաթը (հմմտ. Ել 20, 8), ո՛չ հրեաների նման, որոնք շաբաթը պահում են առանց որևէ նյութական գործ կատարելու։ Ցանկանում են, փաստացի, հեռու մնալ աշխատանքից` անմիտ բաներին ու իրենց մոլություններին տրվելու համար։ Շատ ավելի լավ կլիներ, եթե հրեան ինչ որ մի օգտակար բան աներ իր արտի համար, քան թե խռովալի վարքով գտնվեր թատրոնում, և ավելի լավ կլիներ, որ նրանց կանայք շաբաթ օրը բուրդ մանեին, քան թե ամբողջ օրն անամոթաբար պարեին իրենց [տան մուտքի] կամարների տակ։ Քեզ ասված է հոգևոր եղանակով հարգել շաբաթը, գալիք հանգստի հույսով, որը Տերը խոստանում է քեզ։ Ամեն ոք, այդ ապագա հանգստի համար, գործում է հնարավորի սահմաններում, թեև հոգնեցուցիչ է թվում այն, ինչ անում է, այդուհանդերձ, եթե դա հիմնում է խոստացված հանգստի հանդեպ հավատքի վրա, դեռևս չունի Շաբաթը իրականության մեջ, բայց այն ունի հույսի մեջ։ Դու, սակայն, ուզում ես հանգստանալ` [հետո] հոգնելու համար, մինչդեռ պետք է աշխատես` հետո հանգստանալ կարողանալու համար։
Քեզ ասվում է. «Պատվի՛ր հորդ ու մորդ» (Ել 20, 12)։ Անպատվություն ես հասցնում [քո] ծնողներին, դու, որ չես ուզում անհարմարություններ կրել զավակներիդ պատճառով։
Քեզ ասվում է. «Մի՛ սպանիր» (Ել 20, 13). դու, մինչդեռ, ուզում ես սպանել քո թշնամուն. և թերևս չես գործադրում քո այս ցանկությունը, որովհետև վախենում ես մարդկային դատավորից, ո՛չ որովհետև մտածում ես Աստծո մասին։ Չգիտե՞ս, որ Նա վկա է նաև մտքերին։ Նույնիսկ եթե շարունակում է ապրել նա, ում [վերաբերյալ] դու կուզենայիր, որ մեռներ, Աստված քեզ համարում է մարդասպան սրտիդ մեջ (հմմտ. 1Հվհ 3, 15)։
Քեզ ասվում է. «Մի՛ շնացիր» (Ել 20, 14), այսինքն` մի՛ գնա ուրիշ ո՛չ մի կնոջ հետ, բացի քո կնոջից։ Դու, մինչդեռ, այս վարմունքը պահանջում ես քո կնոջից, բայց դու ինքդ չես ուզում այն հարգել քո կնոջ նկատմամբ։ Եվ մինչ պետք է գերազանցեիր կնոջը առաքինության մեջ, – իսկ ողջախոհությունը առաքինություններից մեկն է, – դու ընկնում ես տռփասիրության առաջին իսկ հարձակման դեպքում։ Ուզում ես, որ կինդ այդ հարձակումներից հաղթող դուրս գա, [երբ] դու պարտված ես մնում։ Եվ մինչ դու ես քո կնոջ գլուխը, նա քեզ գերազանցում է Աստծո մոտ գնացող ընթացքի մեջ, նա, որի գլուխը դու ես։ Ուզում ես, որ քո տունը գլխիվայր շրջվի՞։ Կնոջ գլուխն, արդարև, տղամարդն է (Եփս 5, 23)։ Որտեղ կինն ապրում է առավել առաքինի կերպով, քան տղամարդը, տունը գլխիվայր շրջվում է։ Եթե գլուխը տղամարդն է, տղամարդը պետք է առավել առաքինի վարքով ապրի և բոլոր բարի գործերի մեջ գերազանցի կնոջը, այնպես` որ կինը նմանվի ամուսնուն և հետևի իր գլխին։ Ինչպես որ Քրիստոսը Եկեղեցու Գլուխն է (հմմտ. Եփս 5, 23) և Եկեղեցուն հրամայվում է հետևել իր Գլխին և քայլել իր Գլխի հետքերի վրայով (հմմտ. 1Պտ 2, 21), այնպես էլ յուրաքանչյուր տուն իրեն որպես գլուխ ունի տղամարդուն, և որպես մարմին` կնոջը։ Որտեղ գլուխն առաջնորդում է, այնտեղ պետք է հետևի մարմինը։ Ինչո՞ւ է, ուրեմն, գլուխը ցանկանում գնալ այնտեղ, որտեղ չի ուզում, որ իրեն հետևի մարմինը։ Ինչո՞ւ է տղամարդը ցանկանում գնալ այնտեղ, որտեղ չի ուզում, որ իրեն հետևի իր կինը։
Բոլոր այս բաները հրամայելով` Աստծո Խոսքը հակառակորդ է [քեզ]։ Իրոք, մարդիկ չեն կամենում անել այն, ինչ կամենում է Աստծո Խոսքը։ Իսկ ի՞նչ կարող եմ ասել այն փաստի վերաբերյալ, որ Աստծո Խոսքը հակառակորդ է, քանի որ հրամայում է։ Վախենամ ես էլ եմ հակառակորդ ոմանց համար, որովհետև ասում եմ այս բաները։ Բայց ի՞նչ կարևորություն ունի դա իմ համար։ Նա, Ով սարսափեցնում է ինձ, ինձ խոսելու մղելով` թող որ ինձ այնքան քաջարի դարձնի, որ չվախենամ մարդկանց տրտունջներից։ Նրանք, այո՛, ովքեր չեն ուզում հավատարիմ մնալ իրենց կանանց, – և բազմառատ են նմանները, – չէին ցանկանա, որ ես այս բաներն ասեի։ Բայց, ուզենան դա, թե չուզենան, ես խոսելու եմ։ Եթե չհորդորեմ ձեզ` համաձայնության գալու հակառակորդի հետ, ես ինքս վեճի մեջ կմնամ իր հետ։ Նա, Ով ձեզ հրամայում է գործել, ինձ հրամայում է խոսել։ Ինչպես որ դուք, չանելով այն, ինչ հրամայում է ձեզ անել, իր հակառակորդներն եք, այդպես էլ մենք իր հակառակորդները կմնանք, եթե չասենք այն, ինչ հրամայում է ասել։
Շնության դեմ
4. Մյուս կետերի վերաբերյալ – որոնց վերևում անդրադարձա – երկար կանգ չառա։ Ենթադրում եմ, արդարև, ձեր վերաբերյալ, որ պաշտում եք միայն մեկ Աստծո (հմմտ. Ել 20, 2-3)։ Ենթադրում եմ, որ ընդհանրական հավատքի մեջ եք՝ հավատալով, որ Աստծո Որդին հավասար է Հորը։ Եվ որ իզուր չեք արտասանում Տիրոջ` ձեր Աստծո Անունը (հմմտ. Ել 20, 7), հավատալով, թե Աստծո Որդին արարած է։ Քանի որ ամեն արարած ենթակա է ունայնությանը (Հռմ 8, 20)։ Դուք հավատում եք, որ Նա հավասար է Հորը, Աստված է Աստծուց, Բանը[5], որ Աստծո մոտ էր, Բանն Աստված, որի միջոցով ստեղծվեցին բոլոր բաները (հմմտ. Հվհ 1, 1-3). Լույս է Լույսից (հմմտ. Հվհ 1, 4-5), հավիտենակից է Նրան, Ով ծնել է Իրեն, միայն մեկ իրողություն է Նրա հետ, Ով ծնել է Իրեն (հմմտ. Հվհ 10, 30)։ Հավատում եք, որ այս Բանը հանձն առավ արարածի [բնությունը] (հմմտ. Հվհ 1, 14), որ Կույս Մարիամից վերցրեց մահկանացու բնությունը, և որ չարչարվեց մեր համար։
Բոլոր այս բաները գրված ենք գտնում [Աստվածաշնչում] և դրանց հավատում ենք` փրկվել կարողանալու համար։ Կանգ չառա նաև այս կետի վրա. որ այն ամենը, ինչ անում եք, պետք է անեք գալիք հույսի համար։ Գիտեմ, որ բոլոր քրիստոնյաների միտքն ուղղված է գալիք կյանքին։ Ով չի մտածում գալիք կյանքի մասին, կա՛մ քրիստոնյա չէ, որի բնորոշ նպատակն է վերջում Աստծուց ստանալ այն, ինչը որ Նա խոստանում է, կա՛մ էլ` ճշմարիտ քրիստոնյա չէ։ Կանգ չառա նաև այն կետի վրա, որն ասում է Աստծո Խոսքը. «Պատվի՛ր հորդ ու մորդ» (Ել 20, 12)։ Շատերն, իսկապես, հարգում են [իրենց] ծնողներին, և հազվադեպ ենք հանդիպում ծնողների, որոնք տրտնջում են զավակների ապերախտության պատճառով, չնայած որ այդպիսիք էլ կան. այդուհանդերձ, սակայն, քանի որ դա հազվադեպ է պատահում, խրատս կարճառոտ եղավ։ Չկամեցա նաև կանգ առնել այն տողի վրա, որն ասում է. «Մի՛ սպանիր» (Ել 20, 13)։ Չեմ կարծում, թե այստեղ մարդասպանների բազմություն է գտնվում։
Մի ուրիշ մոլություն, մինչդեռ, [շնության մոլությունը], ավելի տարածված կերպով սողում է օձի նման և ավելի ընդարձակ չափսերի է հասել։ Այս մոլության դեմ առավել թափով է հառնում այս հակառակորդը, [այսինքն` Աստծո Խոսքը], որը ձայն է բարձրացնում` մեկընդմիշտ դաշնակից դառնալու նպատակով։ Դժգոհություններն ամեն օր են լսվում. այն աստիճան, որ կանայք անգամ այլևս չեն համարձակվում բողոքել իրենց ամուսիններից։ Սովորույթը, ամենուր ներթափանցած, պահպանվում է որպես օրենք, այն աստիճան, որ այլևս կանայք էլ են համոզվել, որ այս մոլությունը թույլատրելի է տղամարդկանց, [մինչ] թույլատրելի չէ կանանց։
Հաճախ ենք լսում կանանց մասին, որոնք դատարան են տարվել [և] մեղադրվել են, որ բռնվել են ծառաների հետ։ Երբեք չենք լսել, որ մի տղամարդ տարված լինի դատարան, որովհետև բռնվել է իր աղախնու հետ, բնականաբար` մեղանչելու նպատակով։ Մեղքի հավասար պատասխանատվության դեպքում, ո՛չ թե աստվածային ճշմարտությունը, այլ` մարդկային այլասերվածությունն է տղամարդուն ավելի անմեղ համարել տալիս, [քան կնոջը]։
[Ձեզնից] ինչ որ մեկն այսօր գուցեև ստիպված կլինի համբերությամբ կրել իր կնոջ [բողոքները, որոնք] սովորականից ավելի թթու կլինեն. կլսի նրա [սովորականից] ավելի համարձակ գանգատները, որովհետև, եթե առաջ կարծում էր, թե ամուսնու համար թույլատրելի է [այս մոլությունը], այժմ եկեղեցում լսեց, որ թույլատրելի չէ նաև ամուսնուն. գուցե, հետևաբար, [ձեզնից] ինչ որ մեկը ստիպված կլինի համբերությամբ կրել իր կնոջ գանգատները, ինչպես ասացինք, ավելի բացեիբաց, և որն իրեն ասում է. «Չես կարող անել այն, ինչ անում ես։ Իրար հետ լսեցինք դրա մասին։ Մենք քրիստոնյա ենք։ Դու էլ տուր ինձ այն, ինչը որ պահանջում ես ինձնից։ Ես քեզ պարտավոր եմ հավատարմություն, դու ինձ պարտավոր ես հավատարմություն, մենք երկուսով հավատարմություն ենք պարտավոր Քրիստոսին։ Եվ եթե կարող ես ինձ խաբել, չես կարող խաբել Նրան, Ում մենք պատկանում ենք, չես կարող խաբել Նրան, Ով մեզ [Իր Արյամբ] գնել է»։
Լսելով իր համար նոր և նման ձևով ասված այս բաները, չուզենալով խելքի գալ իր վարքի մեջ, [այդ տղամարդը] զայրանում է իմ դեմ։ Բարկանում է, անիծում։ Թերևս կասի նաև. «Գրողը տանի այն օրը, երբ սա եկավ այստեղ, կամ այն օրը, երբ կինս եկեղեցի գնաց»։ Եվ կարծում եմ, որ այս բաները նա ասում է իր մտքում, չհամարձակվելով արտահայտել դրանք բարձրաձայն, ազատորեն, և ո՛չ իսկ միայն իր կնոջ առաջ։ Եթե արտահայտեր դրանք և այս կերպ խոսեր, կինը կկարողանար պատասխանել իրեն և ասել. «Ինչո՞ւ ես անիծում նրան, ում քիչ առաջ ծափահարում էիր։ Մենք ամուսիններ ենք։ Եթե քո լեզուն երկդիմի է, ինչպե՞ս կարող ես համերաշխությամբ ապրել իմ հետ»։
Մենք, եղբայրներ, մտածում ենք ձեզ [սպառնացող] վտանգների մասին, ուշադրություն չենք դարձնում այն բաներին, որոնք դուք կցանկանայիք։ Բժիշկն էլ, եթե ուշադրություն դարձներ հիվանդի կամքին, երբեք չէր բուժի նրան։ Այն, ինչը որ չպետք է անել, թող որ չարվի։ Այն, ինչը որ Աստված արգելում է, թող որ չարվի։ Ով հավատում է Աստծուն, Նրանից է լսում այն, ինչը որ ասում ենք։ Անշուշտ, ավելի լավ կլիներ, – նրանց համար, ովքեր չեն ցանկանում ուղղվել, – որ կա՛մ եկած չլինեինք այստեղ, եթե պետք է այսպես խոսեինք, կա՛մ էլ, քանի որ արդեն եկել ենք, չխոսեինք այս բաների մասին։
Չենք վախենում դառնահամ խոսքեր արտասանելուց` ձեր բարիքի համար
5. Հիշում եմ, որ երեկ չէ առաջի օրն ասացի ձեզ, եղբայրներ, որ եթե տավիղ նվագող լինեինք, կամ ժողովրդական սովորության համաձայն բեմ բարձրանայինք նմանատիպ ինչ որ մի բան անելով, թեթևսոլիկ բաների ձեր տենչին համապատասխանելու համար, – բաներ, որոնք արդեն խնդրել ենք ձեզ մի կողմ թողնել, – դուք մեզ ձեր մոտ կպահեիք, որպեսզի մի ամբողջ օր ձեզ հատկացնեինք, և [ձեզնից] յուրաքանչյուրն իր ձևով կվարձատրեր մեզ։
Ինչո՞ւ պետք է քայլենք` զվարճանալով անօգուտ երգերի հնչմամբ, որոնք մեզ ոչ մի առավելություն չեն տալու. [որոնք] անուշ են ներկա պահին, [բայց] դառն են ապագայում։ Այդ երգերի անպարկեշտությամբ դյութված մարդկային հոգին ջլատվում է, անկում է ապրում առաքինությունից և գահավիժում է գռեհիկ անվայելչության մեջ։ Եվ այդ նույն անվայելչությունների պատճառով ավելի ուշ տառապում է և մեծ դառնությամբ է մարսում այն, ինչը որ ըմպել էր վաղանցուկ անուշությամբ։
Ավելի լավ է, ուստի, որ հիմա դառնահամ երգեր երգենք ձեր համար, որոնք հետո կարող են ձեր համար քաղցրություն ապահովել։ Ոչ մի վարձատրություն չենք պահանջում ձեզնից, բացի այն, որ անեք մեր կողմից ասվածները, մանավանդ թե` որ չանեք, եթե մենք ասում ենք չանել [այդ բաները]։ Եթե, հետևաբար, բոլորին խոսում է Նա, Ով ոչ ոքից չի վախենում, և Ում շնորհիվ է, որ մենք էլ ոչ ոքից չենք վախենում, [խոսելով] Իր Անունից և ի փառս Իր ողորմության, բոլորս լսենք, բոլորս կատարենք, բոլորս համաձայնության գանք մեր հակառակորդի հետ։
Աստծուն վերաբերվող առաջին երեք պատվիրանների մասին
6. Պատկերացրեք, թե ես տավիղ նվագող եմ. ի՞նչ կկարողանայի երգել ձեր համար առավել երկար ժամանակով։ Ահա՛, կրում եմ սաղմոսարանը, [որը] տասը լար ունի։ Մի քանի րոպե առաջ երգեցիք դա, նախքան իմ խոսել սկսելը։ Դուք եղաք իմ երգչախումբը։ Մի քանի րոպե առաջ չերգեցի՞ք. «Ո՜վ Աստված, մի նոր երգ եմ երգելու Քո համար, տասնալարյան սաղմոսարանով գովաբանելու եմ Քեզ» (Սղմ 143, 9)։ Այժմ թրթռացնելու եմ տասը լարերը։ Ինչո՞ւ է Աստծո սաղմոսարանի ձայնը ո՛չ դուրեկան։ Բոլորս երգենք տասնալարյան սաղմոսարանով։ Ձեր համար կերգեմ այն, ինչ պետք է անեք։ Օրենքի Տասնաբանյան, իրոք, տասը պատվիրաններ ունի։ Այս տասը պատվիրանները բաշխված են այնպես, որ [դրանցից] երեքը վերաբերվում են Աստծուն, [իսկ] յոթը վերաբերվում են մարդկանց։ Երեքը, որ վերաբերվում են Աստծուն, դրանց արդեն ակնարկեցի. Մեր Աստվածը մեկ է և չպետք է ոչ մի կուռք շինենք (հմմտ. Ել 20, 24; 2Օր 6, 4), և չպետք է կռապաշտության տրվենք` դավաճանելով միակ Աստծուն (հմմտ. 2Օր 31, 16), որովհետև Քրիստոս Աստվածը` Աստծո Որդին, միայն մեկ իրողություն է Հոր հետ (հմմտ. Հվհ 10, 30)։ Եվ, հետևաբար, չպետք է հավատանք կեղծ եղանակով (հմմտ. Ել 20, 7), համարելով, թե ստեղծված է, այսինքն` մի սովորական արարած, [Նա], Ում միջոցով են ստեղծվել բոլոր բաները։ Ուստի, քանի որ Նա մեկ միակ Աստված է` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, մեզ խոստացվում է հավիտենական հանգիստը Սուրբ Հոգու, այսինքն` Աստծո Պարգևի մեջ (հմմտ. Գրծ 2, 38; 8, 20)։ Այժմ ստանում ենք դրա գրավականը։ Արդարև, այսպես է ասում Առաքյալը. «Նա, Ով մեզ որպես գրավական տվեց Հոգին, ... » (2Կր 1, 22)։ Եթե ստացել ենք գրավականը, այնպես` որ կարողանանք սկսել հանգիստ լինել Տիրոջ և մեր Աստծո մեջ, հեզ լինել մեր Աստծո մեջ, համբերատար լինել Աստծո մեջ, նաև ընդմիշտ ուրախ կլինենք Նրա մեջ, Ումից ստացել ենք գրավականը։ Սա կլինի շաբաթների Շաբաթը` այն հանգստի համար, որը պատկանում է Սուրբ Հոգու պարգևին։
Երրորդ պատվիրանն, ուստի, որ վերաբերվում է շաբաթին, մինչ հրեաներն այն պահում են նյութական եղանակով, մենք այն պետք է պահենք հոգևոր եղանակով։ Քանի որ Հոգին կոչվում է Սուրբ, սրա համար Աստված սրբացրեց յոթերորդ օրը, երբ ավարտեց Իր բոլոր գործերը, ինչպես որ գրված ենք գտնում Ծննդոց գրքում (հմմտ. Ծնդ 2, 3)։ Սրբացման մասին խոսք չես գտնում, եթե ո՛չ միայն` այդ [յոթերորդ] օրվա մեջ, որտեղ ասվում է. «Աստված հանգստացավ Իր գործերից» (Ծնդ 2, 2)։ Տերը չէր հոգնել, նույնիսկ եթե ասվում է. «Աստված հանգստացավ Իր գործերից», այլ` այդ խոսքի մեջ խոստացել է հանգիստը քեզ, որ հոգնելու էիր։ Եվ քանի որ [Իր] բոլոր գործերը [Նա] շատ լավ արեց (Ծնդ 1, 31), ասվում է. «Աստված հանգստացավ», քեզ հասկացնելու համար նաև, որ դու էլ, բարի գործերը կատարելուց հետո, հանգստանալու ես, և [հանգստանալու ես] անվերջանալի [հանգստով]։
Իրոք, նախապես հիշատակված բոլոր գործերը, այսինքն` առաջին վեց օրերը, ունեն [իրենց] երեկոն։ Այս յոթերորդ օրը, մինչդեռ, երբ Աստված սրբացրեց հանգիստը, երեկո չունի։ Այնտեղ ասվում է. «Եղավ առավոտ», որպեսզի օրը սկիզբ ունենար. բայց չի ասվում. «Եղավ երեկո», որպեսզի օրը ավարտվեր, այլ` ասվում է. «Եղավ առավոտ», որպեսզի սկսվեր անվախճան օրը։ Այսպես էլ մեր հանգիստը սկսվում է, ինչպես որ սկսվում է առավոտը, բայց չի ավարտվում, որովհետև ապրելու ենք հավիտյան։ Եթե, ինչ էլ որ անում ենք, անենք այս հույսով, պահում ենք շաբաթը։ Սա է այս Տասնաբանյայի, այսինքն` տասնալարյան սաղմոսարանի երրորդ լարը. առաջին երեք լարերը [ներկայացնում են] այն պատվիրանները, որոնք վերաբերվում են Աստծուն։
Մերձավորին վերաբերվող մյուս յոթը պատվիրանները
7. Եթե մեզ ասվեր. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ողջ սրտով և քո ողջ հոգով և քո ողջ մտքով» (Մտթ 22, 37; 2Օր 6, 5), բայց մեզ ոչինչ չասվեր մեր մերձավորի վերաբերյալ, խոսքը չէր վերաբերվի տասնալարյան տավիղի, այլ` եռալար [տավիղի]։ Քանի որ, սակայն, Տերը հավելեց. «Եվ պիտի սիրես մերձավորիդ ինչպես ինքդ քեզ» (Մտթ 22, 39), և եզրակացրեց ասելով. «Այս երկու պատվիրանների մեջ են բովանդակված ամբողջ Օրենքն ու Մարգարեները» (Մտթ 22, 40), ամբողջ Օրենքը բովանդակված է Աստծո հանդեպ սիրո և մերձավորի հանդեպ սիրո երկու պատվիրանների մեջ։
Տասնաբանյան, հետևաբար, վերաբերվում է երկու պատվիրաններին, այսինքն` Աստծո հանդեպ սիրույն և մերձավորի հանդեպ սիրույն։ Լարերից երեքը վերաբերվում են առաջին պատվիրանին, որովհետև Աստված Երրորդություն է։ Երկրորդ պատվիրանին, այսինքն` մերձավորի հանդեպ սիրույն են վերաբերվում մյուս յոթը լարերը. այսինքն` թե ինչպե՛ս է պետք ապրել մարդկանց մեջ։
Յոթնյակ թիվը, այսինքն` յոթը լարերը, սկսվում է ծնողների հանդեպ հարգանքով. «Պատվի՛ր հորդ ու մորդ» (Ել 20, 12)։ Արդարև, առաջինը սեփական ծնողներին ի տես է իր աչքերը բացում մարդը, և ներկա կյանքը ծնունդ է առնում նրանց սիրուց։ Ով հարգանք չի ցուցաբերում սեփական ծնողների հանդեպ, ո՞ւմ կարող է հարգել։ «Պատվի՛ր հորդ ու մորդ»։ Եվ Առաքյալն ասում է. «"Պատվի՛ր հորդ ու մորդ". սա առաջին պատվիրանն է» (Եփս 6, 2)։ Ի՞նչ իմաստով է առաջինը, երբ չորրորդ պատվիրանն է, եթե ո՛չ` որովհետև յոթը լարերից առաջինն է։ Առաջինն է երկրորդ տախտակի, որ վերաբերվում է մերձավորի հանդեպ սիրույն։
Սրա համար Օրենքի երկու տախտակներ տրվեցին։ «Աստված Իր ծառա Մովսեսին երկու տախտակներ տվեց լեռան վրա» (հմմտ. Ել 31, 18). այդ քարե երկու տախտակների վրա գրված էին Օրենքի տասը պատվիրանները, – այսինքն` տասնալարյան սաղմոսարանը, – երեքը` Աստծուն վերաբերվող տախտակի վրա, իսկ յոթը` մերձավորին վերաբերվող մյուս տախտակի վրա։ Երկրորդ տախտակի վրա, հետևաբար, առաջին պատվիրանը սա է. «Պատվի՛ր հորդ ու մորդ», երկրորդը. «Մի՛ շնացիր», երրորդը. «Մի՛ սպանիր», չորրորդը. «Մի՛ գողացիր», հինգերորդը. «Սուտ մի՛ վկայիր», վեցերորդը. «Մերձավորիդ կնոջը մի՛ ցանկացիր», յոթերորդը. «Մերձավորիդ ունեցվածքը մի՛ ցանկացիր»։
Ավելացնենք այս պատվիրանները այն երեքին, որ վերաբերվում են Աստծո սիրույն, եթե կամենում ենք մի նոր երգ երգել տասնալարյան սաղմոսարանով։
Հին մարդը և նոր մարդը. Հին երգը և նոր երգը
8. Թող որ ուշադրություն դարձնի ձեր սերը, որպեսզի ասեմ միայն այն, ինչ հուշում է Տերը։ Հրեա ժողովուրդը ստացավ Օրենքը, բայց չպահեց Տասնաբանյայում գրված բաները (հմմտ. Հռմ 2, 17-24). իսկ ով հնազանդվում էր, դա անում էր պատժից վախենալով, ո՛չ թե հանուն արդարության հանդեպ սիրո։ Կրում էր սաղմոսարանը, բայց չէր երգում։ [Սաղմոսարանը կրելը] հաճույք է նրա համար, ով երգում է. [իսկ] նրա համար, ով վախենում է, բեռ է։ Հին մարդը, հետևաբար, կա՛մ չի պահում [պատվիրանները], կա՛մ դրանք պահում է վախից, ո՛չ թե սրբության սիրուց մղված. ո՛չ թե ողջախոհության հաճույքի, ո՛չ թե սիրո ժուժկալության, այլ` վախի պատճառով։
Սա հին մարդն է, իսկ հին մարդը կարող է հին երգը երգել, ո՛չ թե նորը։ Որպեսզի հնարավորությունն ունենա մի նոր երգ երգելու, թող որ նոր մարդ դառնա։ Թե ինչպե՛ս կարող է նոր մարդ դառնալ, թող որ լսի ո՛չ թե ինձ, այլ` Առաքյալին, ով ասում է. «Մերկացե՛ք հին մարդուց և զգեստավորվեցե՛ք նորով» (Եփս 4, 22.24; հմմտ. Կղս 3, 9-10)։ Եվ որպեսզի ոչ ոք չմտածի, թե ասելով` «Մերկացե՛ք հին մարդուց և զգեստավորվեցե՛ք նորով», հարկավոր է ինչ որ մի բան մի կողմ դնել և ուրիշ մի բան վերցնել, երբ պատվիրում է մարդուն փոխել, հավելում է` ասելով. «Ուստի, սուտը ձեզնից թոթափելով, ասացեք ճշմարտությունը» (Եփս 4, 25)։ Սա՛ է նշանակում «Մերկացե՛ք հին մարդուց և զգեստավորվեցե՛ք նորով» [խոսքը]։ Սա՛ էր կամենում ասել. «Փոխե՛ք [ձեր] վարքը»։ Առաջ սիրում էիք աշխարհը, այժմ սիրում եք Աստծուն։ Սիրում էիք մեղքի թեթևսոլիկությունները, ժամանակավոր հաճույքները, այժմ սիրում եք մերձավորին։ Եթե դա սիրով եք անում, նոր երգն եք երգում։ Եթե դա անում եք վախով, բայց [համենայն դեպս] անում եք, այո՛ կրում եք սաղմոսարանը, բայց տակավին չեք երգում։ Իսկ եթե դա չեք անում, դեն եք գցում սաղմոսարանը։ Անշուշտ, ավելի լավ է այն նույնիսկ սոսկ կրելը, քան դեն գցելը։ Բայց է՛լ ավելի լավ է ուրախությամբ երգելը, քան որպես բեռ կրելը։ Մարդը չի հասնում նոր երգին, եթե արդեն չի երգում ուրախությամբ։ Ով այն կրում է վախով, դեռևս հին երգի մեջ է։
Ուշադրություն դարձրեք, եղբայրներ, ասածիս նշանակությանը։ Ով տակավին գործում է վախով, [դեռևս] համաձայնության չի եկել իր հակառակորդի հետ (հմմտ. Մտթ 5, 25)։ Վախենում է, հիրավի, որ Աստված կգա ու կդատապարտի իրեն։ Նրան դեռևս վայելք չի պատճառում ողջախոհությունը, նրան վայելք չի պատճառում արդարությունը, բայց, համենայն դեպս, Աստծո դատաստանից վախենալով՝ հեռու է մնում վատ արարքներից։ Ամբողջովին չի արհամարհում ցանկասիրությունը, որը կատաղի բորբոքվում է իր մեջ։ Նրան դեռևս վայելք չի պատճառում այն, ինչը որ բարի է։ Դեռևս չունի նոր երգը երգելու համար [պահանջվող] նրբանկատությունը, բայց, հին մարդուն վայելող ձևով, վախենում է պատժից։ Դեռևս համաձայնության չի եկել հակառակորդի հետ։
Սիրիր Աստծուն այնպիսին, ինչպիսին որ Ինքը կա, ո՛չ թե` ինչպիսին դու կցանկանայիր, որ Նա լիներ
9. Այդպիսի մարդիկ մեծավ մասամբ խաբվում են նմանատիպ մտածելակերպով. «Որքան որ հնարավոր է, Աստված չպետք է որ սպառնար մեզ. չպետք է որ [առաջին անգամ] գար` բոլորին ներումը տալու, բոլորի պարտքերը ներելու, և ապա, [կրկին] գալով, պետք է որ ոչ ոքի չուղարկեր գեհեն»։
Քանի որ ինքը անբարիշտ է, անբարիշտ Աստված է ուզում։ Աստված ուզում է, որ դու Իր նման դառնաս, իսկ դու կուզենայիր քեզ նմանվող մի Աստված ստեղծել քո համար։ Ընդունիր Աստծուն այնպիսին, ինչպիսին որ Ինքը կա, ո՛չ թե` ինչպես դու կցանկանայիր, որ Նա լիներ։ Դու այլասերված ես և ցանկանում ես մի [այնպիսի] Աստված, ինչպիսին դու ես, ո՛չ թե` այնպիսին, ինչպիսին Ինքը կա։ Եթե ընդունեիր Նրան այնպիսին, ինչպիսին Ինքը կա, կսրբագրեիր քեզ և կհարմարեցնեիր քո սիրտը այդ բնօրինակին[6], որից հեռանալով` դարձել ես ծուռումուռ։ Ընդունիր Աստծուն այնպիսին, ինչպիսին որ Ինքը կա. սիրիր Նրան այնպիսին, ինչպիսին որ Ինքը կա։
Նա քեզ չի սիրում այնպիսին, ինչպիսին որ դու կաս, մանավանդ թե` քեզ ատում է այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Հետևաբար, գութ է դրսևորում քո հանդեպ, որովհետև ատում է քեզ այնպիսին, ինչպիսին որ դու կաս, դարձնելու համար քեզ այնպիսին, ինչպիսին որ դեռևս չես։ Որպեսզի քեզ դարձնի, ասացի, այնպիսին, ինչպիսին որ դու դեռևս չես։ Իսկապես, քեզ չի խոստացել դարձնել այնպիսին, ինչպիսին որ Ինքն է։ Նրա նման ես լինելու, բայց մի որոշակի կերպով, այսինքն` Աստծուն նման ինչպես Իր պատկերը, բայց ո՛չ այն նույն ձևով, որով Նրա պատկերն է Որդին։ Իրոք, պատկերները մարդկանց մեջ էլ են տարբեր։ Մի մարդու որդին կրում է իր հոր պատկերը, և նույն բանն է, ինչ իր հայրը, որովհետև մարդ է` ինչպես իր հայրը։ Հայելու մեջ, մինչդեռ, քո պատկերը նույն բանը չէ, ինչ դու ինքդ։ Ուրիշ բան է, արդարև, քո պատկերը որդուդ մեջ, ուրիշ բան է` հայելու մեջ։ Որդու մեջ կա քո պատկերը գոյացության հավասարության համաձայն, մինչդեռ հայելու մեջ որքա՜ն տարբերություն կա քո գոյացության հետ։ Եվ այդուհանդերձ, մի որոշակի նմանություն կա քո հետ, թեև ո՛չ այնպիսին, ինչպիսին կա քո որդու մեջ` ըստ գոյացության։ Այսպես էլ արարածի մեջ, Աստծո պատկերն այնպիսին չէ, ինչպիսին որ է Որդու մեջ, Ով հավասար է Հորը, այսինքն` Աստված [է], Աստծո Բանը, որի միջոցով են ստեղծվել բոլոր բաները (հմմտ. Հվհ 1, 1-3)։ Վերստին ձեռքբեր, ուրեմն, Աստծո հետ նմանությունը, որը կորցրել ես վատ գործերով։ Ինչպես որ կայսրի պատկերը մի իմաստով մետաղադրամի վրա է, մի ուրիշ իմաստով` [իր] որդու, – երկուսն էլ պատկերներ են, բայց տարբեր իմաստով է [ասվում, որ] դրոշմված է մետաղադրամի վրա. մի իմաստով է կայսեր պատկերը գտնվում [իր] որդու մեջ, մի ուրիշ իմաստով` ոսկե մետաղադրամի վրա, – այսպես դու էլ Աստծո մետաղադրամ ես. բայց [սովորական] մետաղադրամից ավելի լավն ես, որովհետև խելք և կենսաձև ունենալով` Աստծո մետաղադրամ ես մի այնպիսի ձևով, որ նաև գիտես, թե Ո՛ւմ պատկերն ես կրում և թե Ո՛ւմ պատկերով ես ստեղծվել, մինչ [սովորական] մետաղադրամը չի գիտակցում, որ կրում է թագավորի պատկերը։ Ուստի, ինչպես որ սկսել էի ասել, Աստված քեզ ատում է այնպիսին, ինչպիսին որ կաս, բայց քեզ սիրում է այնպիսին, ինչպիսին որ կամենում է, որ դու լինես, և հետևաբար` հորդորում է քեզ փոխել [վարքդ]։ Համաձայնության եկ Նրա հետ և սկսիր նախևառաջ կամենալ բարին և ատել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս [այժմ]։ Սա թող լինի քո համար Աստծո Խոսքի հետ համաձայնության սկիզբը. սկսել նախևառաջ ատել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս [այժմ]։ Երբ կսկսես դու էլ ատել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս, ինչպես որ Աստված Ինքն է ատում քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս, արդեն կսկսես սիրել Աստծուն այնպիսին, ինչպիսին որ Ինքը կա։
Հիվանդն ու բժիշկը
10. Նայեցեք հիվանդին։ Հիվանդն ատում է իրեն իբրև հիվանդ. [և] այս կետից սկսում է համաձայնվել բժշկի հետ։ Որովհետև բժիշկն էլ է նրան ատում ներկա վիճակում։ Սրա համար է ուզում, որ առողջանա, որովհետև ատում է նրա տենդով բռնված վիճակը, և բժիշկը տենդի ոխերիմ թշնամին է` ազատելու համար մարդուն։
[Ճիշտ] այսպես` ագահությունը, տռփանքը, ատելությունը, կիրքը, ցանկասիրությունը, բեմական ներկայացումների թեթևսոլիկությունները, [սրանք բոլորը] քո հոգու տենդային վիճակներն են։ Պետք է ատես դրանք [այնպես], ինչպես որ դրանք ատում է [քո հոգու] Բժիշկը։ Սրանով համաձայնության ես գալիս Բժշկի հետ, վստահում ես Բժշկին և հոժարությամբ լսում ես Բժշկի հրահանգները, հոժարությամբ անում ես այն, ինչ որ պատվիրում է Բժիշկը, և առողջության սկզբի հետ՝ սկսում են հաճելի լինել քեզ նաև Իր հրամանները։
Որքա՜ն տհաճ է ուտելիքը հիվանդների համար, երբ պետք է կերակրվեն։ Հիվանդներն ավելի տանջալի են համարում սննդառության պահը, քան թե տենդի [պատճառած] ճգնաժամերը։ Եվ սակայն, բժշկի հետ համաձայնությամբ, ուժ են բանեցնում իրենք իրենց վրա և, թեև չկամությամբ և ճիգ գործադրելով, հաղթում են իրենք իրենց և ուտում են ինչ որ մի բան։ Հազիվ լավանան, ինչպիսի՜ անհագությամբ են շատ ավելի կերակուր ուտելու, մինչ հիմա, որ հիվանդ են, հազիվ մի կտոր բան են ուտում։
Բայց ինչո՞ւ է այսպես պատահում։ Որովհետև ատում էին տենդը, որն ունեին, և համաձայնության էին եկել բժշկի հետ, և բժիշկն ու հիվանդը միասին պայքարում էին տենդի դեմ։ Երբ, հետևաբար, մենք էլ ասում ենք այս բաները, ձեր տենդային վիճակներն են միայն, որ ատում ենք, մանավանդ թե` ինքնին Աստծո Խոսքն է ատում ձեր մեջ ձեր տենդային վիճակները. ուստի, պետք է համաձայնության գաք նրա հետ։ Ի՞նչ ենք մենք, եթե ո՛չ` անձինք, որոնք պետք է ազատագրվեն ձեզ համահավասար կերպով, [և] որ պետք է բուժվեն ձեզ համահավասար կերպով։
Չշնանալ
11. Այժմ ուշադրություն դարձրեք` ո՛չ թե ինձ, այլ` Աստծո Խոսքին։ Մի՛ զայրացեք ձեր դեղորայքի դեմ. ուրիշ ճանապարհ չգտա, որով կարող էի անցնել։ Հասել եմ հինգերորդ լարին, ես, որ նվագում եմ տասնալարյան սաղմոսարանի վրա։ Մի՞թե պետք է բաց թողնեի հինգերորդ լարը։ Ընդհակառակը, այն առավել թափով եմ թրթռացնելու։ Այս կետում, արդարև, ընկած եմ տեսնում գրեթե ամբողջ մարդկությունը. հատկապես այս կետում եմ նրան մաքառելիս տեսնում։ Այս լարը թրթռացնելով` ի՞նչ եմ ասում։ Մի՛ շնացեք` դավաճանելով ձեր կանանց, այն նույն ձևով, որով դուք չեք ուզում, որ ձեր կանայք շնանան` ձեզ դավաճանելով։ Դուք մի՛ գնացեք այնտեղ, որտեղ չեք ուզում, որ նրանք գան ձեր ետևից։ Խարդախորեն եք փորձում արդարացնել ձեզ, ասելով. «Մի՞թե ուրիշի կնոջ մոտ եմ գնում։ Ես իմ աղախնու մոտ եմ գնում»։ Ուզո՞ւմ ես, որ կինդ քեզ ասի. «Մի՞թե ուրիշի ամուսնու մոտ եմ գնում։ Ես իմ ծառայի մոտ եմ գնում»։ Դու ասում ես. «Ոչ ոքի կինը չէ նա, ում մոտ որ ես գնում եմ»։ Արդյոք ուզո՞ւմ ես, որ քեզ ասվի. «Ոչ ոքի ամուսինը չէ նա, ում մոտ որ ես գնում եմ»։ Թող որ երբեք չպատահի, որ կինդ այսպես ասի։ Ավելի լավ է, որ տխրի քո համար, քան թե նմանվի քեզ։ Նա ողջախոհ և սուրբ կին է, և ճշմարտապես քրիստոնյա. վշտանում է այն բանի համար, որ շնացող ամուսին ունի, և չի վշտանում մարմնական պատճառներից մղված, այլ` որովհետև իրեն ոգևորում է սերը. եթե ուզում է, որ այս բաները չարվեն, դա չի ուզում այն պատճառով, որ ինքը դրանք չի անում, այլ` որովհետև դրանք օգտակար չեն քեզ։ Իրոք, եթե նա դրանք չաներ այն մտադրությամբ, որ դու էլ չանես դրանք, քանի որ դու դրանք անում ես, ինքն էլ կաներ դրանք։ Եթե պարտավոր է Աստծուն, եթե պարտավոր է Քրիստոսին ընծայել հավատարմության պարտքը, որը դու պահանջում ես, և հավատարիմ է մնում, որովհետև իրեն դա հրամայում է Տերը, նույնիսկ եթե իր ամուսինը շնացող է, նա հավասարապես Աստծուն է ընծայում իր ողջախոհությունը։ Քրիստոսն, արդարև, խոսում է սուրբ կանանց սրտում, ներքուստ խոսում է այնտեղ, որտեղ ամուսինը չի կարող լսել, որովհետև արժանի չէ դրան, եթե այդ իրավիճակում է գտնվում։ Քրիստոսը, հետևաբար, խոսում է ներքուստ և ասում և մխիթարում է իր դստերը այս կամ նման խոսքերով. «Վշտանո՞ւմ ես վիրավորանքների պատճառով, որոնք քեզ հասցնում է ամուսինդ, այն բաների պատճառով, որ արել է քեզ։ Ցավ զգա, բայց նրան մի՛ նմանվիր, այնպես` որ դու էլ վատ վարվես. ընդհակառակը, թող որ ինքը նմանվի քեզ բարու մեջ։ Այն հարցերում, որոնց մեջ նա վատ է վարվում, նրան քո գլուխը մի՛ համարիր, այլ` ինձ»։ Իրոք, եթե ամուսինը լիներ իր գլուխը նաև վատ վարքի մեջ, մարմինը պետք է որ հետևեր իր գլխին և երկուսն էլ անդունդը կընկնեին։ Իր վատ գլխին չհետևելու համար` թող որ շրջվի Եկեղեցու Գլխի` Քրիստոսի կողմը։ Նրան ընծայելով իր ողջախոհությունը, Նրան հանձնելով իր պատիվը, ամուսինը բացակա լինի, թե ներկա, ինքը չի մեղանչում, որովհետև երբեք բացակա չէ Նա, Ում հանդեպ ինքն ունի չմեղանչելու պարտականությունը։
Կնոջից պահանջվող ողջախոհությունը կարող է պահել նաև տղամարդը
12. Այսպես վարվեցեք, եղբայրներ, որպեսզի կարողանաք համաձայնության գալ հակառակորդի հետ։ Դառը չեն բաները, որ ասում եմ, կամ, եթե դառն են, տանում են առողջացման։ Նույնիսկ եթե դառն է այս դեղը, թող որ խմվի։ Քանի որ աղիքները վտանգի տակ են, պետք է խմվի, նույնիսկ եթե դառն է։ Անցողիկ դառնությունը բերանի մեջ նախընտրելի է աղիքների միջի հավիտենական ցավից։ Փոխվեցե՛ք, ուրեմն։ Ձեզնից յուրաքանչյուրը, որ չի պահում ողջախոհության այս բարիքը, այժմ թող որ պահի այն։ Մի՛ ասեք. «Անհնարին է պահել այն»։ Ամոթալի բան է, եղբայրներ, անպատվաբեր բան է, որ տղամարդն ասի, թե չի կարող պահել այն, ինչը որ կինը կարող է պահել։ Ոճիր է, որ տղամարդն ասի. «Չեմ կարող»։ Ինչը որ կարող է կինը, չի՞ կարող տղամարդը։ Եվ ի՞նչ, կինն էլ միս ու արյունից չէ՞ ստեղծված։ Նա առաջինը խաբվեց օձից։ Ձեր կանանց ողջախոհությունը ձեզ ապացուցում է, որ հնարավոր է անել այն, ինչը որ դուք չեք ուզում անել և ասում եք, թե հնարավոր չէ անել։
Բայց թերևս կասես, թե նա դա կարող է ավելի հեշտորեն անել, որովհետև ավելի շատ պաշտպանություններ ունի. օրենքի հրամանը, ամուսնու հսկողությունը, քաղաքացիական օրենքների վախն ինքնին։ Մեծ պաշտպանություն է հանդիսանում նաև ինքնամփոփության ու ամոթխածության նրա զգացումը։ Պաշտպանական բազմաթիվ միջոցները թույլ են տալիս կնոջն ավելի ողջախոհ լինել. տղամարդուն թող որ ավելի ողջախոհ դարձնի առնականությունը։ Կինը պաշտպանական ավելի շատ միջոցների կարիք ունի, որովհետև ավելի թույլ է։ Նա ամաչում է ամուսնուն ի տես, դու չես ամաչո՞ւմ Քրիստոսի պատճառով։ Դու ավելի ազատ ես, որովհետև ավելի ուժեղ ես։ Քանի որ հեշտությամբ ես հաղթում, վստահված ես ինքդ քեզ։ Կնոջ վրա ազդում են ամուսնու հսկողությունը, օրենքների վախը, բարքերի սովորությունը, ինքնամփոփության ավելի մեծ զգացումը։ Քո վրա` Աստված, միմիայն Աստված։
Իրոք, հեշտությամբ գտնում ես քո նման տղամարդկանց, որոնց առաջ չես վախենում, թե կամաչես[7], որովհետև շատերն են այսպես վարվում։ Եվ մարդկությունն այնքա՜ն է այլասերվել, որ երբեմն վախ կա, որ ողջախոհ տղամարդը կարող է ամաչել մյուս բոլոր անամոթների շրջապատում։ Ուստի չեմ դադարում թրթռացնել այս հինգերորդ լարը` այս այլասերված սովորության պատճառով, որ պատուհասում է, ինչպես ասացի, ամբողջ մարդկային ցեղին։ Եթե ձեր միջից ինչ որ մեկը մարդասպանություն գործեր, – Աստված ո՛չ արասցե, – դուք կուզենայիք արտաքսել նրան հայրենիքից և, եթե հնարավոր լիներ, անմիջապես հեռացնել նրան [ձեզնից]։ Եթե ինչ որ մեկը գողություն աներ, կատեիք նրան և նրան տեսնել անգամ չէիք ուզենա։ Եթե ինչ որ մեկը սուտ վկայություն տար, կարհամարհեիք նրան և նրան այլևս մարդ անգամ չէիք համարի։ Եթե ինչ որ մեկը ցանկանար ուրիշների ունեցվածքը, կմեղադրվեր որպես ավազակ և անազնիվ։ Մինչդեռ, եթե ինչ որ մեկն անպարկեշտ կերպով զվարճացել է իր աղախինների հետ, հարգանքի է արժանանում, լավ ընդունելություն գտնում. [և] հանցանքը, որ դրա միջոցով խոցում է հոգին, ընդունվում է որպես խաղ։
Ահա՛, ընդհակառակը, մեկը, ով ասում է, թե ողջախոհ է, թե շնություն չի անում, և հաստատ գիտենք, որ չի անում. ամաչում է անգամ մոտիկանալ նրանց, որոնք իր նման չեն վարվում, որովհետև անարգում են նրան, ծաղրում, ասում են, թե տղամարդ չէ։ Այս աստիճանի է հասել մարդկային այլասերվածությունը, որ նա, ով հաղթվում է ցանկասիրության կողմից, տղամարդ է համարվում, մինչդեռ իբր թե տղամարդ չէ նա, ով հաղթում է ցանկասիրությանը։ Ցնծում են, որովհետև հաղթանակ են տոնել, և տղամարդ չե՞ն. պարտված փռված են գետնին, և տղամա՞րդ են։ Եթե թատրոնում ներկայացում դիտելիս լինեիր, ո՞վ քեզ ավելի ուժեղ կթվար. նա, ով մնում է գազանի տա՞կ, թե՞ նա, ով գազանին սպանում է։
Տղամարդու ներքին պայքարը
13. Բայց քանի որ անհոգ եք գտնվում ներքին պայքարի նկատմամբ, – մինչդեռ, ընդհակառակը, արտաքին մարտնչումները խանդավառում են ձեզ, – չեք կամենում պատկանել նոր երգին, որտեղ ասվում է. «Ով իմ ձեռքերը վարժեցնում է ճակատամարտի, և իմ մատները` պատերազմի» (Սղմ 143, 1)։
Կա մի պատերազմ, որը մարդը մղում է ինքն իր դեմ, երբ պայքարում է վատ ցանկությունների դեմ, արգելակում է ագահությունը, վերացնում է հպարտությունը, խեղդում է հավակնոտությունը, հանգցնում է տռփասիրությունը։ Եթե ներսումդ ձեռնարկես այս պայքարները, արտաքուստ չես հաղթվի։ Սրա համար են ձեր ձեռքերը վարժեցվում ճակատամարտի համար, և ձեր մատները` պատերազմի։ Նույն բանը չէ ձեր ներկայացումներում։ Թատրոնի ներկայացումներում մենամարտողը[8] տարբեր է նրանից, ով նվագում է տավիղը. մի բան է մենամարտողը, մի ուրիշ բան` նա, ով նվագում է տավիղը։ Աստծո ներկայացման մեջ միասնական է անձը։ Թրթռացրու տասը լարերը և կսպանես գազաններին. երկու բանն էլ միասին արա։ Թրթռացրու առաջին լարը, որով հրամայվում է պաշտել միակ Աստծուն (հմմտ. Ել 20, 2-5). կընկնի սնապաշտության գազանը։ Թրթռացրու երկրորդ լարը, որի զորությամբ` սխալ կերպով չես արտասանում Տիրոջ` քո Աստծո Անունը (հմմտ. Ել 20, 7). կընկնի անբարիշտ հերետիկոսությունների սխալի գազանը, որին [մարդիկ] հավատացել են ստապատիր ձևով։ Թրթռացրու երրորդ լարը, որի զորությամբ` որևիցէ մի բան, որ անում ես, անում ես գալիք հանգստի հույսով (հմմտ. Ել 20, 8). կսպանվի մյուսներից ավելի դաժան գազանը` կապվածությունը այս աշխարհին։ Իրոք, այս աշխարհի սիրուց մղված են մարդիկ տանջվում իրենց բոլոր գործերի մեջ։ Դու, մինչդեռ, քո յուրաքանչյուր բարի գործի մեջ, գործի լծվիր ո՛չ թե հանուն այս աշխարհի սիրո, այլ` հավիտենական հանգստի համար, որը քեզ խոստանում է Աստված։
Տեսնո՞ւմ ես, թե ինչպե՛ս ես երկու բաներն էլ միաժամանակ անում. թրթռացնում ես լարերը և սպանում ես գազաններին. այսինքն` միաժամանակ տավիղ նվագող ես և մենամարտիկ։ Ձեզ հաճույք չեն պատճառո՞ւմ այն ներկայացումները, որտեղ մեր վրա գրավում ենք ո՛չ թե ինչ որ մի ներկայացումներ կազմակերպողի, այլ` Փրկչի ուշադրությունը։
«Պատվի՛ր հորդ և մորդ» (Ել 20, 12). թրթռացրու ծնողների հարգանքին վերաբերվող այս լարը. կընկնի անբարշտության գազանը։ «Մի՛ շնացիր» (Ել 20, 14). թրթռացրու հինգերորդ լարը. կընկնի ցանկասիրության գազանը։ «Մի՛ սպանիր» (Ել 20, 13). թրթռացրու վեցերորդ լարը. կընկնի դաժանության գազանը։ «Մի՛ գողացիր» (Ել 20, 15). թրթռացրու յոթերորդ լարը. կընկնի հափշտակողության գազանը։ «Սուտ մի՛ վկայիր» (Ել 20, 16). թրթռացրու ութերորդ լարը. կընկնի ստության գազանը։ «Մի՛ ցանկացիր մերձավորիդ կնոջը» (Ել 20, 17). թրթռացրու իններորդ լարը. կընկնի շնության ցանկության գազանը։ Իրոք, ա՛յլ բան է նման ինչ որ մի բան չանելը ուրիշ կնոջ հետ, սեփական կնոջից բացի, ա՛յլ բան է ուրիշ մարդու կնոջը չցանկանալը։ Ուստի, երկու տարբեր պատվիրաններ են. «Մի՛ շնացիր» (Ել 20, 14), և. «Մի՛ ցանկացիր մերձավորիդ կնոջը» (Ել 20, 17)։ «Մի՛ ցանկացիր մերձավորիդ ունեցվածքը» (Ել 20, 17). թրթռացրու տասներորդ լարը. կընկնի ագահության գազանը։
Բոլոր գազանների անկումից հետո ապահով կլինես և անմեղ` Աստծո սիրո մեջ և մարդկային հասարակության ներսում։ Քանի՜ գազաններ ես սպանում տասը լարերը թրթռացնելով։ Իրոք, բազմաթիվ գլուխներ են թաքնվում այս գլխավոր մոլությունների տակ։ Յուրաքանչյուր լարը թրթռացնելով` առանձին գազաններ չէ, որ սպանում ես, այլ` գազանների երամակներ։ Այս կերպ վարվելով` կերգես նոր երգը սիրով, ո՛չ թե վախով։
Մի՛ արա ուրիշներին այն, ինչը որ չես ուզում, որ քեզ անեն
14. Երբ զգայական հաճույքների ցանկություն կունենաս, մի՛ ասա մտքումդ. «Կին չունեմ։ Անում եմ այն, ինչ ուզում եմ։ Հո չե՞մ մեղանչում` դավաճանելով կնոջս»։ Գիտես արդեն, թե որքա՛ն արժես. գիտես արդեն, թե ինչի՛ն ես մերձենում, ի՛նչ ես ուտում, ի՛նչ ես խմում, մանավանդ թե` Ո՛ւմ ես ուտում, Ո՛ւմ ես խմում[9]։ «Հեռո՛ւ մնա պոռնկություններից» (հմմտ. 1Թղ 4, 3)։ Ինձ մի՛ ասա. «Բայց ես բոզանոց չեմ գնում, մարմնավաճառի, պոռնիկի մոտ [չեմ գնում], և ուրեմն չեմ խախտում պատվիրանը, որն ասում է. "Մի՛ շնացիր" (Ել 20, 14), որովհետև դեռևս կին չունեմ և, հետևաբար, նրան չեմ դավաճանում։ Ո՛չ էլ մյուս պատվիրանն եմ խախտում. "Մի՛ ցանկացիր մերձավորիդ կնոջը" (Ել 20, 17)։ Ես մի տեղ եմ գնում, որը բաց է բոլորի համար, պատվիրաններից ո՞ր մեկն եմ խախտում»։
Թրթռացնելիք մի լար չե՞նք գտնի [այս դեպքում]։ Չե՞նք գտնի մի լար, որով կկարողանանք կապել այս փախստականին։ Թող որ չփախչի, [որովհետև] ինքն էլ մի բան ունի, որով կարող է կապվել։ Բայց թող որ սիրի, և կապանքը զարդարանքի կվերածվի։ Այն գտնում ենք նույն տասը լարերի մեջ։ Տասը պատվիրաններն, իրոք, ինչպես արդեն լսեցինք, ամփոփվում են Աստծո և մերձավորի սիրո երկու պատվիրանների մեջ (հմմտ. Ղկս 10, 27), իսկ այս երկուսը` միայն մեկի մեջ։ Եվ այս մեկը սա է. «Այն, ինչը որ չես ուզում, որ քեզ անեն, դու մի՛ արա ուրիշներին» (Տվբ 4, 16; հմմտ. Մտթ 7, 12; Ղկս 6, 31)։ Այս նախադասության մեջ ամփոփված են տասը պատվիրանները, ամփոփված են երկու պատվիրանները։
Աստծո տաճար ես
15. Բայց առարկում ես. «Եթե գողանում եմ, անում եմ մի բան, որը չեմ ուզում, որ ինձ անեն. եթե սպանում եմ, անում եմ մի բան, որը չեմ ուզում, որ ինձ արվի ուրիշի կողմից. եթե չեմ հարգում իմ ծնողներին, մինչ ուզում եմ, որ իմ զավակները ինձ հարգեն, անում եմ մի բան, որը չեմ ուզում, որ ինձ արվի. եթե շնանում եմ և նմանատիպ ինչ որ մի բան եմ անում, անում եմ մի բան, որը չեմ ուզում, որ ինձ արվի. – իրոք, եթե որևիցէ մեկի հարցվի, կպատասխանի. "Չեմ ուզում, որ իմ կինը նմանատիպ ինչ որ մի բան անի". – եթե ցանկանում եմ մերձավորիս կնոջը, չեմ ուզում, սակայն, որ ինչ որ մեկը ցանկանա իմ կնոջը, հետևաբար` անում եմ մի բան, որը չեմ ուզում, որ ինձ արվի. եթե ցանկանում եմ մերձավորիս ունեցվածքը, չեմ ուզում, որ ինձնից վերցվի իմ ունեցածը, հետևաբար` անում եմ մի բան, որը չեմ ուզում, որ ինձ արվի։ Երբ, մինչդեռ, գնում եմ մարմնավաճառի մոտ, ո՞ւմ եմ վնաս պատճառում, որը չեմ ուզում, որ ինձ պատճառվի»։
Այդ վնասը ուղղակի Աստծուն ես պատճառում, և դա ավելի ծանր է։ Փորձեցեք հասկանալ, եղբայրներ։ Հրահանգը. «Այն, ինչը որ չես ուզում, որ քեզ արվի, դու մի՛ արա ուրիշներին» (Տվբ 4, 16), վերաբերվում է երկու պատվիրաններին։ Ինչպե՞ս է վերաբերվում երկու պատվիրաններին։ Եթե մի մարդու չես անում այն, ինչը որ չես ուզում, որ քեզ արվի մի ուրիշ մարդու կողմից, սա վերաբերվում է մերձավորի [հանդեպ սիրո] պատվիրանին. մերձավորի հանդեպ սիրույն, յոթը լարերին։ Մինչդեռ, եթե այն, ինչը որ դու չես ուզում, որ քեզ արվի մի մարդու կողմից, դու դա ուզում ես անել նույն Ինքն Աստծուն, ի՞նչ է սա նշանակում։ Ուրիշի չե՞ս անում այն, ինչը որ չես ուզում, որ արվի քեզ։ Ավելի մարդու դեպքում ես մտահոգվում, քան թե Աստծո՞։
«Բայց», կպատասխանես ինձ, «ի՞նչ կերպով եմ այն, ինչը որ անում եմ, նույն Ինքն Աստծուն անում»։ Ապականում ես ինքդ քեզ։ «Իսկ ի՞նչ կերպով եմ Աստծուն վիրավորում, եթե ապականում եմ ինքս ինձ»։ Այն նույն ձևով, որով քեզ վիրավորում է նա, ով կուզենար քարերով խփել քո դիմանկարին, որի մեջ դրոշմված է քո պատկերը և որը դու սնապարծությամբ պահում ես քո տանը` քո անմիտ պատվի համար. մի նկար, որը ո՛չ զգում է, ո՛չ խոսում է, ո՛չ տեսնում է։ Եթե ինչ որ մեկը քարերով խփեր քո դիմանկարին, չէր վիրավորի՞ քեզ։ Երբ, մինչդեռ, պոռնկություններով և նվաստացուցիչ ցանկասիրությամբ ապականում ես քո մեջ Աստծո պատկերը, որը դու ինքդ ես, փորձում ես խորհել, որ ոչ ոքի կնոջ մոտ չես գնում, որ քո կնոջը չես դավաճանում, դու, որ ամուսնացած չես։ Եվ ուշադրություն չես դարձնում Նրան, Ում պատկերն ես պղծում պոռնկության անօրեն ցանկություններով։ Մի խոսքով` Աստծո, Ով գիտի, թե ի՛նչն է քեզ օգտակար, Ով ճշմարտապես հոգ է տանում Իր ծառաների համար` նրանց իսկ շահի համար, ո՛չ թե Իր սեփական շահից դրդված. – Նա Իր ծառաների օգնության կարիքը չունի. դու ես, որ քո Տիրոջ օգնության կարիքն ունես. – նույն Տերն, ուրեմն, որ գիտի, թե ի՛նչն է քեզ օգտակար, քեզ մի կին է տվել, ավելի ոչինչ։ Սա՛ է հրամայել, այսպե՛ս է հաստատել, որպեսզի դու, որ սկսել ես Իր տաճարը լինել, կործանման չգնաս անօրեն ցանկություններով։
Այս պնդումները մի՞թե իմն են։ Լսեցեք Առաքյալին. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ» (1Կր 3, 16)։ Այս խոսքերը նա ուղղում է քրիստոնյաներին, այս խոսքերը նա ուղղում է հավատավորներին. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք, և որ Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ։ Որ, եթե մեկն ավերում է Աստծո տաճարը, Աստված էլ ավերում է իրեն» (1Կր 3, 17)։ Տեսնո՞ւմ եք, թե ի՛նչ սպառնալիք է տրվում։ Չես ուզո՞ւմ, որ քո տունը ավերվի. [ուրեմն] ինչո՞ւ ես ավերում Աստծո տունը։ Այսպես վարվելով` ինչ որ մեկին չես անո՞ւմ այն, ինչը որ չես ուզում, որ քեզ արվի։ Փախուստի ճանապարհ չունի. կապված է` նա, ով կարծում էր, թե չի կարող կապվել։ Մարդկանց բոլոր մեղքերը կայանում են կա՛մ անբարեխիղճ, զազրամոլ արարքների, կա՛մ էլ՝ վնասակար արարքների մեջ։ Քանի որ չես կարող վնասել Աստծուն [ուղղակիորեն Իր դեմ ուղղված] գործերով, Նրան վիրավորում ես անբարեխիղճ արարքներով, Նրան վիրավորում ես զազրամոլություններով, Նրան անպատվում ես քո անձի մեջ։ Իրոք, Իր շնորհին, Իր պարգևին ես վիրավորանք հասցնում (հմմտ. 2Կր 1, 22)։
Աստծո հանդեպ ունեցիր այն հավատարմությունը, որը պահանջում ես քո ծառայից
16. Եթե դու ծառա ունենայիր, կպահանջեիր, որ ծառադ ծառայեր քեզ։ Դու էլ, ուրեմն, ծառայիր քո Աստծուն, Ով քեզնից ավելի լավ Տեր է։ Քո ծառային դու չես ստեղծել. Աստված ստեղծել է և՛ քեզ, և՛ քո ծառային։ Ուզում ես, որ քեզ ծառայի մեկը, ով ստեղծվել է քո հետ միասին, և չես ուզո՞ւմ ծառայել Նրան, Ում կողմից ես դու ստեղծվել։ Երբ ուզում ես, որ ծառայի քեզ ծառադ, որը մի մարդ է, և չես ուզում դու ծառայել քո Տիրոջը, Աստծո նկատմամբ անում ես մի բան, որը չես ուզում, որ արվի քեզ (հմմտ. Տվբ 4, 1-6)։
Ուստի, այս միակ պատվիրանն իր մեջ բովանդակում է երկու [պատվիրանները], երկուսը բովանդակում են տասը, տասը [պատվիրանները] բովանդակում են ամեն ինչ։ Երգեցե՛ք, ուրեմն, նոր երգը` տասնալարյան սաղմոսարանի վրա (Սղմ 32, 2-3; հմմտ. Սղմ 143, 9)։ Որպեսզի կարողանաք երգել նոր երգը, նոր մարդիկ եղեք։ Սիրեցե՛ք արդարությունը. [այն] իր հատուկ գեղեցկությունն ունի։ Չեք ուզում տեսնել այն, որովհետև ինչ որ մի ուրիշ բան եք սիրում։ Եթե ինչ որ մի ուրիշ բան չսիրեիք, վստահաբար կտեսնեիք այն։ Ինչո՞ւ եք կարողանում տեսնել այն, երբ այն պահանջում եք։ Ինչո՞ւ ես գովում հավատարմությունը, երբ այն պահանջում ես քո ծառայից։ Որքա՜ն գեղեցիկ է հավատարմությունը։ Բայց այն ժամանակ է գեղեցիկ, երբ պահանջվում է ծառայից. այն ժամանակ է տեսնվում, երբ այն պահանջվում է ուրիշ մեկից։ Մինչդեռ, երբ պահանջվում է քեզնից, չի տեսնվում։ Տեսնում ես ոսկին, չես տեսնում հավատարմությունը։ Ինչպես որ ոսկին է փայլում մարմնի աչքերի առաջ, այնպես էլ հավատարմությունն է փայլում սրտի աչքերի առաջ։ Դու նրա առաջ բացիր սրտիդ աչքերը, երբ ուզում ես, որ ծառադ քո հանդեպ հավատարմություն ցուցաբերի։ Եվ եթե դրսևորում է, դու գովում ես ծառայիդ և պանծացնում ես նրան, և ասում ես. «Հիանալի ծառա ունեմ, ազնիվ ծառա ունեմ, հավատարիմ ծառա ունեմ»։ Այն, ինչը որ գովում ես ծառայիդ մեջ, նույնը չես դրսևորում Տիրոջ հանդեպ, իսկ սա անբարիշտ բան է, որովհետև դու ուզում ես ավելի լավ ծառա ունենալ, քան դու ինքդ ես Աստծո նկատմամբ։
Աստված քո ծառային հրամայում է լավ վարվել քո նկատմամբ։ Ինչպես որ կնոջդ հրամայում է շնացող չլինել, նույնիսկ եթե դու շնացող ես, այդպես էլ ծառայիդ հրամայում է ծառայել քեզ, նույնիսկ եթե դու չես ծառայում քո Աստծուն։ Բայց այս բոլոր բաների մասին մտածիր այնպիսի եղանակով, որ օգտակար լինի քեզ որպես զգուշացում, ո՛չ թե քո կործանման համար լինի։ Արդարև, այդ ծառան Աստծուն է պարտական, ո՛չ թե քեզ, փաստը, որ արդարորեն է ծառայում քեզ, մինչ դու դրան արժանի չես, այսինքն` փաստը, որ լավ է ծառայում քեզ, նույնիսկ եթե դու դրան արժանի չես, և քեզ հավատարմորեն ծառայում է և ազնվորեն սիրում։
Արդարացի է, հետևաբար, որ դու էլ խորհես այն մասին, որ կախում ունես Տիրոջից. այն շնորհի ուժով, որով քո ծառան էլ մտածում է, որ պետք է ծառայի քեզ։ Կատարի՛ր, ուրեմն, այն, ինչն ասվել է. «Ինչը որ չես ուզում, որ քեզ արվի, մի՛ արա ուրիշներին» (Տվբ 4, 16)։ Երբ ասում ես «ուրիշներին», մտածիր երկուսին էլ` և՛ մերձավորին, և՛ Աստծուն։ Երգի՛ր տասնալարյան սաղմոսարանով, երգի՛ր նոր երգը, ներդաշնակվի՛ր Աստծո Խոսքի հետ, քանի դեռ քո հետ է ճանապարհին։ Շուտո՛վ համաձայնվիր հակառակորդիդ հետ (հմմտ. Մտթ 5, 25; Ղկս 12, 58), որպեսզի անհամաձայնության վիճակում չհասնես Դատավորի առաջ։ Եթե անես այն, ինչը որ լսեցիր, համաձայնված կլինես Նրա հետ։ Եթե չանես, տակավին վեճի մեջ կլինես Նրա հետ և տակավին [հաշտություն] սահմանած չես լինի Նրա հետ, մինչև որ կորոշես անել դա։
Զգուշանալ թեթև մեղքերից
17. Որպեսզի կարողանաք համաձայնության գալ, հեռո՛ւ մնացեք գարշելի զազրամոլություններից, դատական նողկալի հետաքննություններից[10], աստղագուշակներից, հարցուկ կախարդներից, բախտագուշակներից, գուշակություններ անող քուրմերից, սրբապիղծ ծեսերից. հեռո՛ւ մնացեք, որքան որ կարող եք, թեթևսոլիկ ներկայացումներից։ Եթե աշխարհային դյութանքներ փորձում են խցկվել ձեր հոգուց ներս, նվիրվեցեք գթության գործերին, ուշադիր եղեք ողորմություն տալուն, պահքին, աղոթքին։ Այս միջոցներով են, հիրավի, արձակվում ամենօրյա մեղքերը, որոնք չեն կարող չսողոսկել հոգու մեջ, մարդկային դյուրաբեկության պատճառով։ Մի՛ անտեսիր դրանք, որովհետև նվազ ծանր են, այլ` վախեցիր այն պատճառով, որ շատ են։
Ուշադրություն դարձրեք, եղբայրներ իմ։ Թեթև են, ծանր չեն։ Մեծղի գազան չէ, առյուծի նման, որ կարող է հոշոտել քեզ միայն մեկ անգամ կծելով։ Բայց իրավիճակների մեծամասնության դեպքում փոքրիկ կենդանիներն էլ, երբ շատ են, կարող են սպանել [մարդուն]։ Եթե մեկը լվիճներով լի մի տեղ գցվի, մի՞թե չի մեռնի։ Լվիճները մեծ չեն, բայց մարդկային բնությունը տկար է, և կարող է սպանվել նաև փոքրագույն կենդանիների կողմից։ Այսպես նաև փոքր մեղքերը. դուք նկատել եք տալիս, որ փոքր են. ուշադիր եղեք, սակայն, որովհետև շատ են։ Որքա՜ն նրբիկ են ավազի հատիկները։ Բայց եթե նավի մեջ չափազանց շատ ավազահատիկներ լցվեն, այն ամբողջովին կծածկեն, մինչև որ [ի վերջո] կխորտակեն։ Որքա՜ն փոքրիկ են անձրևի կաթիլները։ Այդուհանդերձ, սակայն, մի՞թե վարարել չեն տալիս գետերին և չեն փլուզում շենքերը։ Ուստի, մի՛ անտեսեք այս փոքրիկ մեղքերը։
Բայց կասեք. «Իսկ ո՞վ կարող է դրանցից զերծ լինել»։ Որպեսզի դու սա չասես, – քանի որ, իսկապես, ոչ ոք չի կարող, – ողորմածն Աստված, տեսնելով մեր դյուրաբեկությունը, իրավիճակի շտկման միջոցներ է հաստատել դրանց դեմ։ Որո՞նք են շտկման միջոցները։ Ողորմությունները, պահքերը, աղոթքները. այս երեքն են։ Որպեսզի դու կարողանաս աղոթել անկեղծությամբ, պետք է կատարյալ ողորմություններ անես։ Որո՞նք են կատարյալ ողորմությունները։ Սրանք. որքան որ ավելանում է քո մոտ, տուր նրան, ով չունի, և երբ ինչ որ մեկը վիրավորում է քեզ, ներիր։
Թեթև մեղքերը ջնջվում են ողորմություններով
18. Մի՛ կարծեք, սակայն, եղբայրներ, որ կարելի է ամեն օր շնություններ գործել, որոնք հետո կարող են ամենօրյա ողորմություններով ներվել։ Ամենածանր մեղքերի արձակման համար բավարար չեն ամենօրյա ողորմությունները։ Մի բան է, երբ պետք է կյանքդ փոխես, ուրիշ բան է, երբ պետք է այն կատարելագործես։ Առաջինը` հարկավոր է փոխել այն, այնպես` որ եթե շնացող էիր, այժմ պետք է կամենաս չլինել այդպիսին այլևս. եթե պոռնկանում էիր, պետք է չպոռնկանաս այլևս. եթե մարդասպան էիր, պետք է մարդասպան չլինես այլևս. եթե գնում էիր աստղագուշակի մոտ կամ նման ժանտային գործեր էիր անում, այժմ պետք է դադարես անել դրանք։ Թե՞ գուցե կարծում ես, որ այս մեղքերը, եթե չես դադարում անել դրանք, կարող են ջնջվել ամենօրյա ողորմություններով։
Ամենօրյա մեղքեր ասելով` ես ի նկատի ունեմ այն մեղքերը, որոնք հեշտորեն գործվում են լեզվով, ինչպիսիք են կծու խոսքերը, կամ էլ` երբ ինչ որ մեկն ընկնում է գռեհիկ ծիծաղի կամ ամենօրյա ինչ որ մի նմանատիպ թեթևսոլիկության մեջ։
Մեղքեր են գործվում նաև օրինավոր բաների մեջ։ Եթե չափազանցվում է սեփական կնոջը միանալու ձևի մեջ, որն անհրաժեշտ է որդեծնության համար, արդեն մեղք է։ Արդարև, սրա համար է մարդն ամուսնանում. դա մատնանշված է նաև օրենքի կանոններում, ուր գրված է. զավակներ ծնելու նպատակով[11]։ Երբ դու ցանկանում ես տիրանալ կնոջդ ավելի, քան որքան դա պահանջում է որդեծնության անհրաժեշտությունը, արդեն մեղք է։ Բայց նաև այս [և] նմանատիպ մեղքերը արձակվում են ամենօրյա ողորմությունների միջոցով։ Նաև կերակուրների դեպքում, որոնք անշուշտ թույլատրված են, եթե չափազանցում ես [սննդառության] ձևի մեջ և հարկավոր քանակից ավելի ես ուտում, մեղանչում ես։
Այս մեղքերը, որոնց մասին խոսում եմ, ամենօրյա մեղքեր են, բայց այդուհանդերձ` մեղքեր են, և կարևորությունից զուրկ չեն, այն պատճառով, որ բազմաթիվ են։ Քանի որ ամենօրյա են և բազմաթիվ, հարկավոր է վախենալ այն վնասից, որ բխում է դրանց բազմաքանակ լինելու փաստից, նույնիսկ եթե [հարկավոր չէ վախենալ] այն վնասից, որ բխում է դրանց ծանրության աստիճանից։ Ասում ենք, եղբայրներ, որ այս մեղքերը կարող են ջնջվել ամենօրյա ողորմությունների միջոցով։ Արե՛ք ողորմություններ, և մի՛ ցանկացեք անտեսել դրանք։ Նայեցե՛ք, թե ինչպե՛ս են ձեր ամենօրյա կյանքում վխտում այս մեղքերը, ի նկատի ունեմ թեթևները։
Ողորմություններդ թող որ առատաձեռն լինեն
19. Երբ ողորմություն ես տալիս, մի՛ տուր հպարտությամբ, և մի՛ աղոթիր Ավետարանում հիշված փարիսեցու նման։ Ի՞նչ էր նա ասում։ «Շաբաթը երկու անգամ պահք եմ պահում, ամբողջ ունեցվածքիցս տասանորդ եմ վճարում» (Ղկս 18, 12)։ Բայց դեռևս չէր թափվել Տիրոջ Արյունը։ «Մեր համար այսքա՜ն թանկ գին է վճարվել» (հմմտ. 1Կր 6, 20). և սակայն, չենք տալիս և ո՛չ իսկ այնքան, որքան փարիսեցին էր տալիս։ [Ավետարանի] մի ուրիշ տեղում Տերը բացահայտ կերպով ասում է. «Եթե ձեր արդարությունը չլինի ավելի մեծ, քան օրենսգետներինն ու փարիսեցիներինը, Երկնքի Արքայություն չեք մտնի» (Մտթ 5, 20)։ Նրանք [իրենց ունեցվածքի] տասներորդ մասն էին տալիս. դու, եթե մեկ հարյուրերորդ մասն ես տալիս, պարծենում ես, թե ինչ որ մի մեծ բան ես արել։ Գրանցում ես, թե ուրիշներն ինչեր չեն անում, բայց ո՛չ այն, ինչը որ Աստված քեզ հրամայում է անել։ Քո գործելու սահմանները որոշում ես` համեմատելով քեզ նրա հետ, ով քեզնից ավելի վատն է, փոխանակ հիմք ընդունելու այն, ինչը որ քեզ հրամայել է Նա, Ով քեզնից ավելի լավն է։ Այն, որ քեզնից վատ անձը ոչինչ չի անում, չի նշանակում, որ դու ինչ որ մի մեծ բան ես անում։ Բայց քանի որ մենք ուրախակցում ենք, երբ դուք ինչ որ մի գոնե նվազագույն բարի գործ եք անում, – քանի որ այնքա՜ն մեծ է բարիք գործելու մեջ ձեր ամլությունը, որ վայելք ենք ապրում նաև այն քչի համար, որ անում եք, – դուք հանգիստ կերպով արբենում եք ձեր ողորմությունների փոքրագույն ավազահատիկներով, և մոռանում եք ձեր մեղքերի կույտերը։ [Քսակիցդ] թերևս դուրս ես հանել չգիտեմ ինչ [չափի] մի փոքրիկ [գումար], որը մյուսը կա՛մ չուներ, կա՛մ էլ ցույց չտվեց, չնայած որ ուներ։ Մի՛ նայիր քո ետևում նրան, ով չի անում, այլ` նայիր, թե Աստված ի՛նչ է հրամայում քեզ անել։
Օրինակ, այս աշխարհի բարիքներին ձգտելիս` ինչո՞ւ ձեր համար բավարար չի լինում նայելը նրանց, որոնց գերազանցել եք, այլ` ցանկանում եք [ավելի] հարուստ լինել, հավասարվել նրանց, ովքեր ձեզնից ավելի հարուստ են։ Չեք նայում, թե որքա՛ն ձեզնից ավելի աղքատների եք գերազանցել. ցանկանում եք գերազանցել ձեզնից ավելի հարուստներին։ Ողորմություն տալուց, սակայն, սահման է դրվում։ Այս դեպքում ասվում է. «Մինչև ո՞ւր եմ հասնելու», մինչդեռ մյուս դեպքում չի ասվում. «Քանի՞ հարուստներից եմ ավելի հարուստ»։ Չի նայվում անթիվ մուրացկանների կարիքներին, ուշադրություն չի դարձվում աղքատների բազմությանը, որոնք ավելի վատ վիճակում են գտնվում, բայց սեփական աչքերի առաջ դրվում են այն քիչ հարուստները, որոնք գտնվում են առջևում։ Բարի գործ կատարելիս ինչո՞ւ չի նայվում Զակքեոսին, ով իր ունեցվածքների կեսը տվեց աղքատներին (հմմտ. Ղկս 19, 8)։ Մինչդեռ ստիպված ենք հուսալ և մաղթել, որ գոնե փարիսեցու օրինակին նայվի, ով տալիս էր իր ողջ ունեցվածքի մեկ տասներորդ մասը։
Պատրվակներ՝ ողորմություն չտալու համար
20. Համարում մի՛ ունեցիր անցողիկ գանձերի նկատմամբ, անհետացող գանձերի նկատմամբ։ Մի՛ ցանկացիր ավելացնել փողը` [ընտանիքի հանդեպ] սիրո պատրվակով. «Պահում եմ զավակներիս համար»։ Խորամա՜նկ պատրվակ։ Փողը պահում է իր զավակների համար։ Տեսնե՛նք։ Հայրդ փողը պահում է քո համար, դու փողը պահում ես զավակներիդ համար, զավակներդ` իրենց զավակների համար, և այսպես` մյուս բոլոր սերունդների համար. բայց ոչ ոք չի կատարի Աստծո պատվիրանները։ Ինչո՞ւ փոխարենը քո բոլոր ունեցվածքները չես վստահում Նրան, Ով քեզ ստեղծել է ոչնչից։ Ով ստեղծել է քեզ, Նա Ինքը պահում է քեզ` այն բաների հետ, որոնք ստեղծել է. Նա կպահի նաև զավակներիդ։ Զավակներիդ առավել ապահովությամբ չես վստահում ունեցվածքներիդ, քան Արարչիդ։
Եվ մարդիկ ստում են նաև. վնասակա՜ր է ագահությունը։ Մարդիկ ցանկանում են քողարկվել [ընտանիքի հանդեպ] սիրո պատրվակով և անմեղ երևալ, այնպես` որ թվա, թե զավակների համար են պահում այն, ինչը որ, մինչդեռ, պահում են ագահությունից մղված։ Գիտեք, իրոք, որ սովորաբար այսպես է պատահում. ինչ որ մեկի մասին ասվում է. «Ինչո՞ւ ողորմություն չի տալիս։ Որովհետև իր ունեցվածքները պահում է իր զավակների համար»։ Ենթադրենք մի դեպք, երբ մի զավակ է կորցնում։ Եթե ունեցվածքները զավակների համար էր պահում, թող որ նրան իր հետ տանելու տա իր բաժինը։ Ինչո՞ւ է, մինչդեռ, [փողը] քսակի մեջ պահում, մինչ սրտից հեռացնում է զավակին։ Տո՛ւր նրան այն, ինչը որ իրենն է. տո՛ւր նրան այն, ինչը որ պահում էիր իր համար։ «Մեռել է», կպատասխանի։ Բայց ներկայացել է Աստծուն, [և] իր բաժինը պատկանում է աղքատներին։ Պատկանում է Նրան, Ում առաջ է նա ներկայացել։ Պատկանում է Քրիստոսին. իրոք, Նրան է նա ներկայացել։ Իսկ Քրիստոսն ասել է. «Ով ինչ որ մի բան է արել այս ամենափոքրերից մեկի համար, ի՛մ համար է դա արել, և ով ինչ որ մի բան չի արել այս ամենափոքրերից մեկի համար, ի՛մ համար է, որ դա չի արել» (Մտթ 25, 40.45)։
Ի՞նչ ես ասում հիմա։ «Իր բաժինը պահում եմ իր եղբայրների համար»։ Եթե նա շարունակեր ապրել, չէր կիսելու [իր բաժինը] իր եղբայրների հետ։ Ո՜վ մեռած հավատք (հմմտ. Հկբ 2, 17)։ Զավակդ մահացել է։ Ի՛նչ չքմեղանք էլ որ ներկայացնես, պետք է ննջեցյալին տաս այնքան, որքան որ պահում էիր իր համար, քանի դեռ ողջ էր։ «Զավակս մահացել է, բայց զավակիս հասանելիք բաժինը պահում եմ իր եղբայրների համար»։ Ուրեմն կարծում ես, թե մեռա՞ծ է։ Եթե Քրիստոսը նրա համար մեռած չլիներ, այդ դեպքում այո՛, զավակդ ճշմարտապես մեռած կլիներ։ Բայց եթե հավատքն ունես, զավակդ ապրում է։ Անշուշտ, թե ապրում է։ Չի մեռել, այլ` քեզնից առաջ է անցել։ Ի՞նչ երեսով ես ներկայանալու զավակիդ, ով քեզնից առաջ է անցել, եթե նրան, որ քեզնից առաջ է անցել, Երկինք չես ուղարկում իր բաժինը։ Թե՞ կարելի չէ Երկինք ուղարկել [իր բաժինը]։ Անշուշտ, թե կարելի է։ Լսիր Տիրոջը, որ ասում է. «Գանձեր կուտակեցեք Երկնքում» (Մտթ 6, 20)։ Եթե, ուրեմն, այդ գանձը առավել ապահովությամբ պահվում է Երկնքում, [դրանից] չի հետևո՞ւմ, որ այն հարկավոր է ուղարկել [մահացած] զավակին, այն պատճառով, որ, ուղարկվելու դեպքում, չի կորելու։ Այն պահվում է այստեղ, որտեղ կարող է կորչել, և չի ուղարկվո՞ւմ այնտեղ, որտեղ Քրիստոսն է դրա պահապանը։ Ունեցվածքները, որոնք պահում ես այստեղ և որոնք չես ուզում ուղարկել այնտեղ, որտեղ զավակդ գտնվում է, ո՞ւմ ես վստահում։ Մատակարարներիդ ու գործակալներիդ։ Մատակարարներիդ վստահում ես քեզնից առաջ անցած զավակիդ մասը, բայց չես վստահո՞ւմ Քրիստոսին, Ում առաջ է քեզնից առաջ ներկայացել զավակդ։ Թե՞ քո կարծիքով մատակարարդ ավելի ընդունակ է, իսկ Քրիստոսը` նվազ ընդունակ։
Բավական չէ լոկ անունով քրիստոնյա կոչվելը
21. Հստակ տեսնում եք, ուրեմն, եղբայրներ, որ սուտ է, երբ ոմանք ասում են. «Պահում եմ զավակներիս համար»։ Սո՛ւտ է, եղբայրներս, սո՛ւտ է։ Ճշմարտությունն այն է, որ ագահ են։ Գոնե այս եղանակով ստիպված են լինում խոստովանել այն, ինչը որ չեն ուզում անել, մինչ ամաչում են լռել այն, ինչը որ իրենք կան։ Թող որ դուրս հանեն [չարիքը], թող որ խոստովանության մեջ դուրս փսխեն այն ամենը, որ կրում են իրենց ներսում։ Ստամոքսներն ուռած են, անօրենությամբ արբած։ Խոստովանությունն այդ ամենը դուրս է փսխում, բայց հարկավոր է ուշադիր լինել` չվերադառնալու սեփական փսխածին, շների նման (հմմտ. Առկ 26, 11; 2Պտ 2, 22)։
Քրիստոնյա եղեք, որովհետև չափազանց քիչ է [լոկ անունով] քրիստոնյա կոչվելը։ Որքա՞ն եք ծախսում դերասանների վրա։ Որքա՞ն` կրկեսում մարտնչողների վրա։ Որքա՞ն` անբարո դիմակների[12] վրա։ Դուք [փող] եք տալիս նրանց, ովքեր ձեզ սպանում են. այդ ներկայացումների կատարմամբ, իրոք, նրանք սպանում են ձեր հոգիները։ Եվ խելակորույս կերպով մրցում եք, թե ո՛վ է ավելի շատ ծախսում։ Եթե մոլուցքն ունենայիք մրցակցելու, թե ո՛վ է ավելի շատ կուտակում, [այդ դեպքում էլ] չպետք է արդարացվեիք։ Մրցակցել, թե ո՛վ է ավելի շատ կուտակում, ագահության նշան է. մրցակցել, թե ո՛վ է ավելի շատ ծախսում, շվայտության նշան է։ Աստված չի ուզում [տեսնել] քեզ ո՛չ ագահ, ո՛չ էլ վատնող։ Ուզում է, որ ապահովես այն, ինչ ունես, ո՛չ թե` որ դեն գցես։ Մրցակցեցեք, թե ո՛վ է հաղթում չարին. գործի մի՛ լծվեցեք [աշխարհում] լավագույնը լինելու նպատակով։ Եվ երանի՜ թե ճիշտ լիներ, որ գործի չեք լծվում վատթարագույնը լինելու նպատակով։ Եվ ասում եք. «Մենք քրիստոնյա ենք»։ Վատնում եք ձեր ունեցվածքները` շահելու համար մարդկանց բարյացակամությունը, կամ էլ` ձեր համար եք պահում դրանք, [քրիստոնեական կյանքի] պահանջներին հակառակ։
Քրիստոսը չի հրամայում, Քրիստոսը խնդրում է, Քրիստոսը կարիք ունի։ «Քաղցած էի», ասում է Քրիստոսը, «և ինձ ուտելիք չտվեցիք» (Մտթ 25, 42)։ Կամեցավ կարիք ունենալ քո համար, որպեսզի դու [տեղ] ունենայիր, որտեղ [կկարողանայիր] սերմանել քո երկրային բարիքները (հմմտ. 2Կր 8, 9), որոնք տվել է քեզ, և կարողանայիր [որպես պտուղ] հավաքել հավիտենական կյանքը։ Մի՛ ցանկացեք ծույլ ու անհոգ լինել՝ ի վնաս ձեզ։ Սրբագրեցե՛ք ձեր բարքերը, հատուցո՛ւմ արեք մեղքերի փոխարեն։ Եթե արդեն այդպես եք վարվում, դրա համար շնորհակալություն հայտնեցեք Աստծուն (հմմտ. 1Թղ 5, 18), Ումից ստացել եք արդարորեն ապրելու շնորհը։ Եվ ձեր կողմից Աստծուն շնորհակալություն հայտնելը թող որ վիրավորանք չլինի նրանց համար, ովքեր դեռևս չեն ապրում արդարորեն (հմմտ. Ղկս 18, 11), այլ` քաջալերանք, ձեր վարվելակերպի միջոցով։ Այսպես գործելով` կունենաք կատարյալ արդարությունը, որքան որ հնարավոր է այս կյանքում։
Բարի գործերին, աղոթքներին, պահքերին, թեթև մեղքերի համար տրվող ողորմություններին նվիրվելով, և ծանր մեղքերից հեռու մնալով, համաձայնության մեջ եղեք հակառակորդի հետ և հանգիստ կերպով կկարողանաք աղոթքի ժամանակ ասել. «Ների՜ր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք էլ ներում ենք մեր հանդեպ պարտք ունեցողներին» (Մտթ 6, 12)։ Արդարև, ամեն օր կարիքն ունեք ներում ստանալու, այնպես` ինչպես որ ամեն օր առիթն ունեք ներելու։ Եվ այսպես, հոգու հանդարտությամբ քայլելով ճանապարհի երկայնքին, չեք վախենա սատանայի կողմից թալանվելուց, որովհետև Քրիստոսն Ինքն Իրեն ճանապարհ դարձրեց (հմմտ. Հվհ 14, 6) և հարմարավետ սալարկված փողոց, որ տանում հասցնում է Հայրենիք։ Այնտեղ` վերևում կգտնենք գերագույն ապահովությունը, գերագույն անդորրը. ողորմության գործերն իսկ կդադարեն, որովհետև այլևս գոյություն չի ունենա աղքատ մարդկանց թշվառությունը։ Դա կլինի շաբաթների Շաբաթը, և այն ամենը, որ այստեղ փափագում ենք, կգտնենք այնտեղ։ Ամեն։