
Հոգեբան Ռուդոլֆ Ալլեռս
Ավստրիացի Ռուդոլֆ Ալլեռսը (Վիեննա, 13 Հունվարի, 1883թ. - Հայաթսվիլ, 14 Դեկտեմբերի, 1963թ.) անցյալ դարի հռչակավոր հոգեբան և հոգեբույժ էր, ով շատերի կողմից անվանվում էր «հակա-Ֆրոյդ» (տիտղոս, որը նրան տվել է փիլիսոփա Լուի Յունյեն), քանի որ նա միշտ արմատապես քննադատական դիրքորոշում էր պահպանում Ֆրոյդի և նրա հոգեվերլուծության նկատմամբ։ Ալլեռսը տարիներ շարունակ աշխատել է փսիխոպաթոլոգիայի հայրը համարվող Էմիլ Կրեյփելինի հետ, ինչպես նաև Ալֆրեդ Ադլերի՝ փսիխոդինամիկայի հիմնադիրներից մեկի հետ, ով սկզբում եղել է Ֆրոյդի գործակիցներից մեկը, բայց նրանից բաժանվել է 1912 թվականին՝ հոգեվերլուծության հիմնադրի ծայրահեղ դոգմատիզմի և այն պանսեքսուալիզմի պատճառով, որն այդ ժամանակ Ֆրոյդը պաշտպանում էր։
Ալլեռսը եղել է Մյունխենի Համալսարանի Բժշկական Դպրոցի հոգեբուժության դոցենտ, Վիեննայի Համալսարանի Բժշկական Դպրոցի հոգեբանության դոցենտ, որտեղ նա դարձել է Ֆիզիոլոգիայի Ինստիտուտի Բժշկական Հոգեբանության և Զգայական Հոգեբանության Կենտրոնի տնօրեն, դասավանդել է Ջորջթաունի Համալսարանում (Georgetown University) և Ամերիկայի Կաթոլիկ Համալսարանում (Catholic University of America): Իրոք, ավստրիացի հոգեբանը միշտ եղել է բարեպաշտ և համոզված կաթոլիկ։
Քսաներորդ դարում, երբ միջազգային հարթակում տիրում էին բռնապետական վարչակարգերը և զանգվածային լրատվական կենտրոնները գտնվում էին հակաքրիստոնեական գրաքննության ներքո, Ալլեռսի կերպարը և մասնագիտական կարծիքը ետ էին մղվել, քանի որ հակասում էին տիրող պրոպագանդայի մոտեցումներին։ Այսօր, երբ համացանցի միջոցով տեղեկություններն ավելի ազատ կերպով են տարածվում և կոմունիստական, ֆաշիստական, իլլումինիստական տարբեր վարչակարգերի ձեռքից հսկողությունը պատմական ճշմարտությունների վրա թուլացել է, հնարավոր է դարձել նաև վերստին բացահայտել նման ազդեցիկ մասնագետների դիրքորոշումները։ 2015 թվականին լույս է տեսել Ռուդոլֆ Ալլեռսին նվիրված մի գիրք. «Ռուդոլֆ Ալլեռս՝ Մարդկայինի Հոգեբանը. Հանուն մարդկային անձի փիլիսոփայական-մարդաբանական հոգեբանության» (D'Ettoris Editore 2015). նույն հրատարակչությունն արդեն հրատարակել էր «Ռուդոլֆ Ալլեռս. Հոգեբանություն և Կաթոլիկություն» հատորը (2009)։ Երկու գրքերի առաջաբանի հեղինակ Ռոբեռտո Մառքեզինիի համաձայն ավստրիացի գիտնականը նախորդ դարի ամենամեծ կաթոլիկ հոգեբանն է, գերազանցում է անգամ իր հայրենակից Վիկտոր Ֆռանկլին (1905-1997), և եղել է Քսաներորդ դարի մշակութային կյանքի գլխավոր դերակատարը. շփվել է ժամանակի փիլիսոփայության և հոգեբանության ամենախոշոր ներկայացուցիչների հետ, ունեցել է ակադեմիական փայլուն կարիերա և արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների:
Ալլեռսը հաստատապես համոզված էր, որ հոգեբանությունը և հոգեբուժությունը իսկապես արդյունավետ լինելու համար պետք է ունենան ամուր մետաֆիզիկական հիմք, նա աստվածաբան Հանս Ուրս ֆոն Բալթասարի (1905-1988) առաջնորդն էր և Սրբուհի Էդիթ Շթայնի (1891-1942) մտերիմ ընկերը: Կյանքի վերջին տարիներին, հիվանդ վիճակում, նա ապրում էր Վաշինգտոնի Արքեպիսկոպոսության ծերանոցում, որի արևոտ պատշգամբը խնամող միանձնուհիները վերածեցին դասարանի, որտեղ ուսանողները հավաքվում էին տակավին ունկնդրելու նրա խոսքը: Նա մահացավ Ջորջթաունում, 1963 թվականի Դեկտեմբերի 14-ին, 80 տարեկան հասակում, Ամերիկայում բժշկական հոգեբանության մի կաթոլիկ ինստիտուտ հիմնելու չկատարված երազանքով։ Աշխատանք, որ պետք է վստահվի «կաթոլիկ աշխարհական գիտնականների», ովքեր, ինչպես վստահեց իր ընկեր, իտալացի հանրահայտ բժիշկ Հայր Ագոստինո Ջեմելլիին (1878-1959), կնպաստեն առաջխաղացմանը մի մտածողության, որն ընդունակ կլինի «հակազդելու բոլոր հակակաթոլիկ միտումներին, որոնց թվում հոգեբանության բնագավառում ի հայտ եկող միտումները յուրահատուկ կերպով կարևոր են»:
Ֆրոյդի հասցեին կատարված քննադատությունը կենտրոնացած էր նևրոզի վրա. Ալլեռսն, իրոք, կարծում էր, որ դա բախում չէ տարբեր բնազդների միջև, կամ ինչ որ մի գրգիռի և դրա առաջացրած մղումն իրականացնելու անհնարինության միջև, ինչպես պնդում էր Ֆրոյդը: Ավելի շուտ, Ալլեռսի համաձայն, նևրոզի պատճառը մարդու վերաբերմունքը, դիրքորոշումն է այդ կոնֆլիկտի դիմաց։ Նևրոզը, ասում էր, «հիվանդության և շեղման այն ձևն է, որն առաջանում է արարածի ապստամբության հետևանքով՝ իր բնական մահկանացու էության և անզորության դեմ»։ Հետևաբար, հոգեթերապիայի խնդիրն այն է, որ մեզ գիտակից դարձնի, օգնի գիտակցություն ձեռքբերել մեր սահմանափակության վերաբերյալ՝ հրաժարվելով անհիմն հպարտությունից՝ հանուն իրականության խոնարհ ընդունման, նաև երբ այն ներկայանում է որպես տարբերվող այն ձևից, որով մենք այն կցանկանայինք, որ լիներ: «Մինչև օրս երբեք չեմ հանդիպել նևրոզի մի այնպիսի դեպքի, որը, վերջնական հաշվով, չներկայանա որպես չլուծված մետաֆիզիկական խնդիր, որպես վերջնական կոնֆլիկտ և խնդիր», ասում էր նա:
Եվ իրոք, Ալլեռսի համաձայն, «միակ մարդը, ով կարող է լիովին զերծ մնալ նևրոզից, նա է, ով իր կյանքն անցկացնում է անկեղծ նվիրումով իր բնական և գերբնական պարտականություններին և ով մշտապես հաստատում է իր դիրքը որպես արարած և իր տեղը արարչագործության կարգում. ա՛յլ կերպ ասած, նևրոտիկից այն կողմ միայն սուրբն է»։ Եվ սակայն, կրկնում էր նա, նևրոզը հաղթահարելու ճանապարհը նվազ հեռավոր է, քան կարելի է կարծել. «Նևրոզը բուժելու համար անհրաժեշտ չէ մի այնպիսի վերլուծություն կատարել, որն իջնի մինչև անգիտակցականի խորքերը, այնտեղից դուրս բերելու համար ով գիտի ինչ հիշողություններ, ո՛չ էլ մի մեկնաբանություն՝ ընդունակ տեսնելու բնազդի փոփոխությունները կամ դիմակները մեր մտքերի, երազների և արարքների մեջ: Նևրոզը բուժելու համար անհրաժեշտ է մի ճշմարիտ մետանոյա՝ դարձ, ներքին հեղափոխություն, որը խոնարհությամբ կփոխարինի հպարտությանը, վստահ ինքնահանձնումով՝ եսակենտրոնությանը: Եթե պարզ դառնանք, կարող ենք բնազդին հաղթել սիրով, որը – եթե նրան իսկապես թույլ է տրվում զարգանալ – հիանալի և անպարտելի ուժ է հանդիսանում»: