« Ի՞նչ է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ։ Ե՞րբ և ինչպե՞ս է այն հասնում մեզ » – Գրադարան – Mashtoz.org

« Ի՞նչ է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ։ Ե՞րբ և ինչպե՞ս է այն հասնում մեզ »

Ծնթ. – Այս խորհրդածությունը Հայր Ալբերտո Ռավանյանին կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
 
Բոլոր մարդիկ որոնում են երջանկությունը։
Եթե հարցնես երկու մարդու, թե կցանկանա՞ն դառնալ զինվորական, հավանական է, որ նրանցից մեկը պատասխանի այո՛, իսկ մյուսը՝ ո՛չ։
Բայց եթե նրանց հարցնես, թե ցանկանո՞ւմ են երջանիկ լինել, երկուսն էլ կպատասխանեն իսկույն, առանց մի նշույլ կասկածի, այո՛։
Մանավանդ թե, պատճառը, որից մղված՝ նրանցից մեկը կցանկանար դառնալ զինվորական, իսկ մյուսը՝ ոչ, միայն ու միայն երջանկությունն է։
Սա ասում էր Սուրբ Օգոստինոսը 1600 տարի առաջ, բայց այսօր ևս կարող ենք վերահաստատել սա, նաև մենք, որ այսօր այստեղ ենք, ես՝ որ խոսում եմ այս բեմի վրա, նրանք՝ որ կազմակերպել են այս հանդիպումը, դուք՝ որ եկել եք մասնակցելու, նրանք՝ որ դիտում են տնից ... սա անում ենք, որովհետև համոզված ենք, որ այս ամենը ինչ որ կերպ առնչություն ունի մեր երջանկության հետ։ Բայց ... նաև ընկերների հետ քաղաքում հանդիպելը, սպորտով զբաղվելը, երեխա ունենալը ... ինչո՞ւ ենք դա անում, ինչո՞ւ ենք էներգիա ներդնում այդ գործողությունների մեջ ... ։ Պատճառը միշտ երջանկությունն է։
Բայց ի՞նչ է երջանկությունը։
Եթե ցանկանայինք բանաձևով սահմանել այն, կկարողանայի՞նք պատասխան տալ։ Սա դժվարին հարց է, և նաև վտանգավոր, որովհետև ռիսկը այն է, որ ստիպված կլինենք խոստովանել, որ չգիտենք։
Եվ սակայն, էական է այդ հարցին պատասխանելը, որովհետև գոնե ստիպում է մեզ մեր ուշադրությունը սևեռել այն բանի վրա, որը մեր կյանքի թիրախն է։
Որովհետև ափսոս, մեղք կլինի, հևիհև վազել՝ երջանիկ լինելու համար, և վերջում հասկանալ, որ բոլոր փորձերը, որ կատարել ենք, վրիպել են, պարզապես որովհետև նշանառության տակ էինք առել սխալ թիրախներ։ Մեղք բառը հունարենում ճշգրիտ կերպով նշանակում է սա. ճիշտ թիրախից վրիպել։ Մեղքերի մեծամասնությունը, որ կատարում ենք, իրականում երջանիկ լինելու անհաջող փորձեր են։ Ամենամեծ մեղքը ... երջանիկ չլինելն է։
Իսկ եթե երջանիկ չենք, թերևս պատճառն այն է, որ չգիտենք, թե ի՛նչ է երջանկությունը, կամ թերևս որովհետև շփոթել ենք ա՛յլ բաների հետ, օրինակ՝ կարող ենք այն շփոթած լինել ... հաճույքի որոնման հետ ... արդ, փա՜ռք Աստծո, կյանքը գեղեցիկ է, որովհետև կարող ենք բազմաթիվ հաճույքներ վայելել, բայց ... լավ ուտելը, սպորտով զբաղվելը, սեքս անելը ... չեն կարող բավարարել երջանկության մեր կարիքը, որովհետև հաճույքներ են և իրենց էությամբ իսկ վայրկենական են, և երբ վերջանում են, սրտի խորքում թողնում են դատարկություն ... ։
Կամ էլ՝ կարող ենք երջանկությունը շփոթած լինել բարեկեցության հետ ... սնունդ, առողջություն, մարմնի խնամք, մեդիտացիա, փո՜ղ ... անշուշտ, այս ամենը օգնում է երջանկությանը, բայց ... ամբողջ չէ։ Գիտեմ հիվանդներ, որ երջանիկ են չնայած իրենց հիվանդությանը, և բարեկեցիկ մարդիկ, որ տխուր են, հակառակ որ ֆիզիկական անթերի վիճակում են։
Ի վերջո, կարող ենք երջանկությունը շփոթած լինել ... անհատական իրագործման, սեփական նպատակների իրականացման հետ ... ուրեմն, արդարացի է, մանավանդ թե՝ պարտավորիչ է, գործի լծվել՝ դառնալու համար այն, ինչ կամենում ենք, մարմին տալու համար մեր իղձերին ... բայց ... չենք կարող մեր երջանկության ձեռքբերումը կախումնավոր դարձնել մեր հավակնությունների իրականացումից ... ։ Կան անձինք, մասնագիտական և էկոնոմիկ գետնի վրա մեծագույն առաջընթաց ապրած, որոնց վերաբերյալ թերթերը շատ հաճախ մեզ հասկացնում են ... նաև ողբերգական պատմություններով ... որ իրականում բնավ էլ երջանիկ չէին։
Երջանկությունը միայն հաճույք չէ, միայն բարեկեցություն չէ, միայն անհատական իրագործում չէ, և ուրեմն ի՞նչ է։ Սակայն այս հարցին պատասխանելուց առաջ մեր առաջ մի ուրիշ հարց պետք է դնենք, որը թերևս ավելի վտանգավոր է։ Գոնե ես այդ կերպ եմ վարվել։ Տասնյոթ տարեկան էի, պատանեկությանս բուռն տարիքում էի, սիրտս լի էր երազանքներով, իսկ ուղեղս լի էր կասկածներով։ Այդ օրերին իմ ծուխ էր եկել մի նոր քահանա, որ շատ երիտասարդ էր, բայց խոստովանեմ, որ ինձ այնքան էլ համակրելի չէր, մի երեկոյան, երիտասարդական մի հավաքից հետո, ինձ մեքենայով տուն էր տանում, ճանապարհին մի քիչ զրուցեցինք, ծանոթացանք, վերջում ցտեսություն ասեցինք ... պատրաստվում էի մեքենայից դուրս գալ, բայց կանգնեցրեց ինձ. «Սպասիր», ասեց, ապա ուղիղ աչքերիս մեջ նայելով, ամբողջովին լուրջ, հարցրեց. «Երջանի՞կ ես»։ Քարացած մնացի։ Ես ինձ երբեք նման հարց չէի տվել և ոչ ոք ինձ երբևէ նման հարց չէր տվել այդ ձևով։ Չգիտեի ի՛նչ պատասխանել։ Մյուս կողմից զգում էի, որ նրան իսկապես, սրտանց հետաքրքրում էր իմ պատասխանը և իր հայացքը այնպիսի մարդու հայացք էր, ով իսկապես գիտի, թե ի՛նչ է երջանկությունը։ Փորձեցի ինչ որ մի բան թոթովել, ապուշի տպավորություն չթողնելու համար, բայց ինքը օգնության հասավ, ասելով. «Չպետք է անմիջապես պատասխանես ինձ», ասաց, «սա շատ կարևոր հարց է, մանավանդ թե՝ թերևս կյանքի ամենակարևոր հարցն է։ Ուշադի՛ր մտածիր դրա մասին»։
Եվ այդպես եղավ, որ ճգնաժամի մեջ մտա։ Այդ երեկոյան, այդ մեքենայի մեջ, ես հասկացա, որ չգիտեի, թե երջանիկ էի կամ ո՛չ։ Երբեք ինքս իմ առաջ նման հարց չէի դրել ուղղակի կերպով։ Պատանի էի ... գոհ, բազմաթիվ հաճույքներ ունեի, դպրոցում ամեն ինչ կարգին էր, ունեի ընկերներ, զբաղվում էի սպորտով, որոշակի մակարդակի բարեկեցություն էի վայելում ... բայց, սրտիս խորքում, երջանիկ չէի։ ... Ինչո՞ւ։
Ուստի փորձեցի չորս կողմս նայել, ուրիշների կյանքը դիտել, հասկանալու համար, թե ինչպե՞ս կարող էի երջանիկ լինել, ... և, մանավանդ թե, երբեք չեմ դադարել դա անելուց, որովհետև այս խնդիրն իմ համար իսկապես շատ կարևոր է, ... բայց ինչը որ գտա, ինձ մի քիչ, նաև այսօր, բերանումս դառնահամ է թողնում։ Տեսնում եմ բազմաթիվ երիտասարդներ, որ խենթի նման զվարճանում են շաբաթ օրը երերկոյան, և հետո, ամբողջ շաբաթվա ընթացքում, դպրոցում քարշ են գալիս չկամությամբ։ Փողոցներում տեսնում եմ մասնագիտական գետնի վրա առաջընթաց ապրող տղամարդկանց ու կանանց հոծ բազմություններ, որոնք լի՜քը ժամանակ ունեն աշխատելու, բայց մի ակնթարթ անգամ չունեն մի աղքատի ժպտալու համար։ Տեսնում եմ, որ երբեք ոչ մի բանով չենք գոհանում, որովհետև հազիվ թողարկվում է կոշիկի կամ հեռախոսի մի նոր մոդել, անմիջապես վազում ենք գնելու այն, ... և չասեք, թե այդպես չէ, որովհետև բոլորս ենք այդպես վարվում։
Չկանոնակարգված կարիքը հաճույքների, չափազանցված բարեկեցությունը, անսանձ վազքը անհատական կարիերայի ետևից, ... սա՞ է երջանկությունը, որ փնտրում ենք։ Թիվը երիտասարդների ու պատանիների, որ թմրանյութեր են գործածում կանոնավոր կերպով, ուժգին թափով ավելանում է։ Ինքնասպանությունների թիվը պատանիների մեջ սարսափելի վերելք է գրանցում։ Ինքն իրեն վնաս հասցնելու, հոգեկան պանիկայի ախտը դպրոցներում դարձել է ամեն օր հանդիպող երևույթ։ Օրինակ՝ դեպրեսսիան, մինչև մի քանի տասնամյակ առաջ մի հիվանդություն էր, որ վերաբերվում էր բնակչության չափահաս խավին, մինչդեռ այսօր նրանք, ովքեր կարիքն են ունենում յուրահատուկ խնդիրներով դիմելու հոգեբույժներին, և նաև հոգեմետ դեղեր գործածելու, մինչև իսկ միջնակարգ դասարանների աշակերտներն են։ Ինչ որ մի բան ծուռ է, այնպես չէ՞։ Թերևս ամբողջ համակարգը ծուռ է։
Այսօր, ժամանակակից մշակույթն այլևս հիմնված չէ երջանկության վրա, իմաստի փնտրտուքի վրա, լինելության, էության վրա, այլ՝ արտադրողականության վրա, շահի փնտրտուքի վրա, անելու վրա, ... ա՛յլ խոսքերով ասած, տնտեսությունն է աշխարհի սիրտը, ո՛չ թե մարդը։ Մի մարդ, որ երջանիկ է, ավելացված շահ չի արտադրում։ Ապերջանիկներն են, որ շարժում են տնտեսության անիվը և սնուցում են կապիտալիզմը, որովհետև ով բազմաթիվ բաներ է գնում, գնում է հենց իր ապերջանկությունը որպես մեկնակետ ունենալով։ Որովհետև երջանիկ մարդը, խորքում, բոլոր այդ ապրանքների կարիքը չունի։ Սրա համար է, որ աշխարհն ուղղակի պարտավոր է սնուցել մարդկանց ապերջանկությունը, քանի որ սա է, որ շարժում է տնտեսության անիվը։ Մեզ համոզել էին, թե երջանիկ կլինենք, երբ կունենանք այն, ինչը որ այժմ չունենք. երբ կհասնենք ֆիզիկական ահա՛ այդ տվյալներին. երբ ... է՜հ ... կլինենք այն անձը, որը որ այժմ չենք։ ... Եվ ահա՛ մենք՝ մեր այս վիճակում. կուշտ և հուսահատ, ստամոքսներս լիքը, և սակայն՝ միշտ ինչ որ մի բանի պակասն ունենալու զգացումով։
Այն երիտասարդի նման, ով, շա՜տ ժամանակ առաջ, վազելով գնացել էր Հիսուսի մոտ, որպեսզի հարցներ, թե ի՞նչ կարող էր անել՝ վերջապես երջանիկ լինելու համար։ Բայց ... ունես այն ամեն ինչը, որ քեզ ծառայում է այդպիսին լինելու համար, ... պատասխանեց նրան Հիսուսը։ Ո՛չ, դա ինձ բավական չէ, ասաց երիտասարդը։ Հիսուսն այդ պահին հասկացավ, որ նրա մոտեցումը լուրջ էր, ուղիղ նրա աչքերի մեջ նայեց և ասաց. «Երջանկության գաղտնիքը սա է. Բոլոր ունեցվածքներդ վաճառի՛ր, տո՛ւր դրանք աղքատներին, և հետևի՛ր Ինձ»։ Շըրը՜խկ։ Այդ ի՜նչ ապտակ էր, անսպասելի ... ինչպե՞ս, իմ բոլոր ունեցվածքնե՞րը ... ... ... չեմ կարող ... ։ Եվ այդ երիտասարդը, այդ օրը, ետ վերադարձավ տխուր, որովհետև չափազանց շատ հարստություններ ուներ, և չէր կարողանում որևիցէ մի բան տալ ուրիշներին։
Ահա՜ թե ինչու չէի կարողանում երջանիկ լինել։ Որովհետև ապրում էի միայն ինքս իմ համար, և չէի կարողանում դնել իմ կյանքը ուրիշների տրամադրության տակ։ Ապերջանկության իմ ճգնաժամն իրականում գոյաբանական անպտղության, ամլության ճգնաժամ էր։ «Երջանիկ» բառը լատիներենում միևնույն արմատն ունի, ինչ «արգասավոր» բառը։ «Ֆե՛լիքս» բառը լատիներենում մատնանշում է պտղատու ծառը։ «Ա՛ռբոռ ֆե՛լիքս» արտահայտությունը գյուղացու համար նշանակում էր ծառը, որ պտուղներ էր հասունացնում, որոնք պիտի սեղանին դրվեին ուտելու համար կամ նոր ցանք կատարելու համար։ «Երջանիկ ծառը» դա «արգասավոր ծառն» է, որ սնուցում և կայքն է ծնում։ Երջանիկ անձը դա արգասավոր անձն է, ով ուրիշների կյանքը հարստացնում է իր սեփական կյանքով, և նոր կյանք է ծնում իր շուրջը. ով պտղաբեր է դարձնում իր կարողությունները, իր ձիրքերը՝ ուրիշների համար, և ծնում է վավերական, անխարդախ հարաբերություններ։
Ահա՛ երջանկությունը, որ փնտրում էի. լինել արգասավոր՝ ուրիշների կյանքի համար։ Երջանկությունը սեփական ձիրքերի մշակումն է և դրանց հասունացումը, մինչև որ կդրվեն ուրիշների տրամադրության ներքո, նաև երբ այդ ամենը պահանջում է մեզնից զոհողություններ, ժամանակ, էներգիաներ։ Երջանկություն է մի զավակ ծնելը, հմուտ ուսուցիչ դառնալը, դաստիարակ, ընկեր դառնալը, նաև երբ դա նշանակում է փակագծերի մեջ առնել սեփական շահը, սեփական ծրագրերը։ Երջանկությունը սեփական կյանքն ընծայելն է ինչ որ մեկի կամ ինչ որ մի բանի համար, նաև երբ դա կարող է նշանակել կորցնել համբերությունը, կամ քունը, կամ կյանքն ինքնին։
Անշուշտ, սա այն փրփռուն ''երջանկությունը'' չէ, որը մեզ առաջարկում են գովազդները, այն երջանկությունը, որը շամպայնի նման բացում ես, մի պահ փրփռում է, և իսկույն վերջանում։ Հաճախ՝ թողնելով մեզ ավելի վատ վիճակում, քան առաջ էինք։ Այստեղ խոսում ենք իրական երջանկության մասին։ Որ տևում է ժամանակի մեջ։ Եվ համապատասխանում է մեր կյանքի ճշմարտությանը։ Իսկ ճշմարտությունը մեր կյանքի վերաբերյալ այն է, որ չենք կարող ինքներս մեզ նկատել որպես անհատներ, այլ նախևառաջ՝ որպես անձեր։ Անհատը ինքն իրեն սահմանում է որպես մեկնակետ ունենալով միայն ինքն իրեն. սկսում է ինքն իրենով և վերջացնում է ինքն իրենով։ Անձը, մինչդեռ, ինքն իրեն սահմանում է որպես մեկնակետ ունենալով իր հարաբերությունները։ Մենք մեր հարաբերություններն ենք, լավի թե վատի մեջ. մեր ծնողներն ենք, մեր ընկերներն ենք, այն անձերն ենք, որոնք մեզ օգնել են, և ցավոք նաև նրանք, ովքեր մեզ խոցել են։ Եթե «ես» ցանկանում եմ երջանիկ լինել, նախևառաջ ես պետք է լինեմ ես։ Իսկ ես ո՞վ եմ։ Ես միայն անհատ չեմ, այլ նախևառաջ՝ անձ եմ, հետևաբար՝ իմ երջանկությունը կապակցության մեջ է ուրիշների հետ։
Մեզ միշտ սովորեցրել են, թե՝ «Ով ինքնուրույն է գործում, եռակի է շահում», թե «Ավելի լավ է մենակ, քան տհաճ ընկերակցությամբ», թե «Քո ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ ազատությունը»։ Մեզ հավատալ են տվել, թե «ես»ն առավել առաջնային է, քան «դու»ն, և հետևաբար՝ իմ իրավունքները միշտ առավել առաջնային են, քան քո իրավունքները։ Մեզ հասցրել են մտածելու, թե բարեկեցիկ վիճակում ենք, եթե մեր ուշադրությունը սևեռում ենք միայն ինքներս մեր վրա, և որ ուրիշները արժեքավոր, կարևոր են միայն այն աստիճան, որքանով որ օգտակար, շահավոր են մեր համար։ Եվ այս ամենը ճիշտ է, եթե մեր նպատակը հարմարավետ գոյությամբ բավարարվելն է։ Բայց եթե մեր նպատակը երջանիկ, այսինքն՝ արգասավոր կյանքն է, իմաստով լի կյանքը, հիշենք, թե մենք ո՛վ ենք. մենք անձեր ենք, մենք մեր հարաբերություններն ենք, ստեղծված ենք սիրելու համար։ ... Եվ սա ... մեր սիրտը շատ լավ գիտի։ Այնպես, ինչպես երբ վրա է հասնում երջանկությունը։
Շնորհակալություն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։