ԷՁԵՔԻԵԼԵ ՊԱԶՈՏՏԻ. « ԱՄԵՆ ՄԱՐԴ ՏԵՍՆԵԼՈՒ Է ԱՍՏԾՈ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

ԷՁԵՔԻԵԼԵ ՊԱԶՈՏՏԻ. « ԱՄԵՆ ՄԱՐԴ ՏԵՍՆԵԼՈՒ Է ԱՍՏԾՈ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ »

Աստվածաշնչյան ընթերցում

Ղուկաս 3, 1-6
Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրեաստանի, իսկ Հերովդեսը՝ չորրորդապետ Գալիլիայի, և նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լյուսանիասը՝ չորրորդապետ Աբիլենեի, և Աննայի ու Կայիափայի քահանայապետության օրով, Աստծո խոսքը լսելի եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում։ Եվ նա եկավ Հորդանանի կողմը ապաշխարության մկրտություն քարոզելու՝ մեղքերի թողության համար, ինչպես գրված է Եսայի Մարգարեի պատգամների գրքում. «Անապատում կանչողի ձայնն է. ''Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք նրա շավիղները։ Բոլոր ձորերը թող լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները թող խոնարհվեն, դժվարին ճանապարհները թող հեշտ դառնան, և առապարները՝ հարթ ճանապարհներ։ Եվ ամեն մարդ կտեսնի Աստծո փրկությունը''»։


Խորհրդածություն

Ղուկաս Ավետարանիչը նկարագրում է Աստծո Խոսքի ''ներխուժումը'' անապատում. այն Խոսքը, որի մասին քիչ հետո պատմելու է, թե ինչպես մարդացավ Կույս Մարիամի արգանդում։
Աշխարհում թվում է, թե ամեն բան կարգին է. կայսրությունը Տիբերիոսի իշխանության ներքո է, Հրեաստանի կառավարիչն է Պոնտացի Պիղատոսը, Հերովդեսը, Փիլիպպոսն ու Լյուսանիասը տիրում են իրենց տարածքներում։ Կրոնական ոլորտն էլ հանգիստ է, Աննայի ու Կայիափայի քահանայապետության ներքո։
Կարիքը չկա ոչ մի Աստծո. մենք ինքներս մեզ բավական ենք։ Ճիշտ է, երբեմն-երբեմն պատահում են որոշ խառնաշփոթություններ, որոշ ճգնաժամեր, ... ... ... բայց ունենք Կենտրոնական Բանկերը, ունենք Միացյալ Ազգերի Կազմակերպությունը, ունենք Նախարարություններ և բազմաթիվ պետական մեխանիզմներ՝ ամեն բան կարգի դնելու համար։
Բայց իրո՞ք այդպես է։ Եթե բացում ենք մեր աչքերը, հատկապես Հավատքի աչքերը, տեսնում ենք մի ա՛յլ իրականություն. բռնության ու անարդարությունների խավարի մեջ ընկղմված մի աշխարհ։ Ադամն ու Եվան – ես և դու – մեղքին ստրկացած, մահվան սարսափի մեջ (հմմտ. Եբր 2, 14-15), շարունակում են չարիք ու մահ տարածել։
Բայց Աստված մեզ չի լքում։ Մեզ հանուն սիրո ստեղծել է և հանուն սիրո էլ ուզում է փրկել, հատկապես ինքներս մեզնից, որ ընկել ենք Չարի ձեռքը։ Հովհաննես Մկրտիչը, Նախակարապետը, առաքվել է Տիրոջ ճանապարհները պատրաստելու համար։ Քրիստոնեական Ծեսը չի հիշատակում սոսկ անցյալ դեպքեր ու իրադարձություններ. դրանք այժմեացնում է, դարձնում է մեր համար «այսօր»։ Մի բարի լուր կա իմ ու քո համար. ճիշտ է, որ գտնվում ենք մի անապատում, մի անիմաստ դատարկության մեջ, մեր տներն ու մեր սրտերը լի են թափվելիք բաներով. ճիշտ է, մեր ճանապարհները հաճախ անհարթ են, ծուռումուռ, տատասկով ու փշերով լի, ... ... ... , բայց կա մի հույս. «Ամեն մարդ տեսնելու է Աստծո փրկությունը», ասում է մեզ Ավետարանն այսօր։ Բացվի՛ր Քրիստոսի առաջ, ընդունի՛ր Նրան, և ընդունակ կլինես ընդունելու նաև ուրիշներին։
 
Հայր Էձեքիելե Պազոտտիի 05.12.2015-ին Հռոմում արտասանած քարոզից
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։