ՖԻԼԻՊ ԲԵԳԵՐԻ. « ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵՆՔ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՖԻԼԻՊ ԲԵԳԵՐԻ. « ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵՆՔ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ »

Հատված Ֆիլիպ Բեգերիի (ծնվ. 1925թ.) « Գոհաբանություն » (« Éucharistie ») գրքից, էջ 76-77.
 


[...] Երբ խոսում ենք Եկեղեցու միության մասին, իսկույն ներկայանում է մի դժվարություն. ինչպե՞ս է հնարավոր, որ այն տակավին չի իրականացել Եկեղեցում։ Սա մեզ գայթակղեցուցիչ իրողություն է թվում։ Ինչպե՞ս կարող է Եկեղեցին քարոզել միությունը, եթե չի կարողանում իրագործել այն ավելի լավ կերպով, քան որքան որ անում է այժմ։

Սա մի առարկություն է, որ հարևնման կերպով կարող է գործածվել մեր հավատքի ուրիշ շատ իրականությունների դեպքում ևս. ինչպե՞ս կարող են քրիստոնյաները խոսել սրբության մասին, երբ ակնհայտ է, որ իրենք իսկ սուրբ չեն։ Ինչպե՞ս կարող են քարոզել սիրո մի Աստծո, երբ ակնհայտ է, որ իրենք իսկ սիրել չգիտեն։ Ա՛յլ խոսքերով ասված. Եկեղեցին կարող է քարոզել միայն այն, ինչ գործադրո՞ւմ է։ Թե՞ ավանդապահն է ինչ որ մի բանի, որը գերազանցում է իր իսկ ներկա իրականությանը։ Քրիստոսը եկել է քարոզելու Աստծո արքայությունը և, որոշակի առումով, Քրիստոսն Ինքն է Աստծո արքայությունը, որն արդեն իսկ ներկա է մարդկանց մեջ։ Միայն Նա է Սուրբ, ինչպես որ Սուրբ է Հայրը, միայն Նա գիտե սիրել այնպես, ինչպես պետք է սիրել, միայն Նա է, որ հավաքում է միության մեջ։ Բայց Եկեղեցին Քրիստոսը չէ. Նրա մարմինն է միայն։ Եկեղեցին արքայությունը չէ. նրա խորհուրդն ու նշանն է միայն։

Ձևը, որով խոսում ենք, դատում, մտածում, թվում է, թե շատ հաճախ շփոթում է Եկեղեցին և արքայությունը։ Արդ, Եկեղեցին արքայության խորհուրդն է ու նշանը, այն իմաստով, որ ընդունում է այն և քարոզում։ Այն ընդունում է բերկրանքի և գոհաբանության մատուցման միջոցով։ Եկեղեցին արքայության այստեղ՝ երկրի վրա արդեն ներկա փուլը չէ, նրա գծագիրը չէ։ Արքայությունը չի դադարում գալ ամբողջ տիեզերքի մեջ, բայց հնարավոր չէ ասել, թե այստեղ է կամ այնտեղ. հնարավոր է միայն ասել, որ գալիս է։ Երբ մենք ասում ենք. «Հայր մեր, թող գա քո արքայությունը», չենք աղոթում միայն այն նպատակի համար, որ արքայությունն իր կատարելությանը հասնի Եկեղեցու մեջ, չենք աղոթում միայն քրիստոնյաների համար, այլ՝ բարի կամքի տեր բոլոր մարդկանց համար։ Արքայությունն ընդունելու համար, սակայն, հարկավոր է նախ ճանաչել, որ այն արդեն այնտեղ է. Քրիստոսը մեզ սա ասում է ո՛չ միայն Իր Խոսքով, այլ՝ Իր ներկայությամբ ինքնին։

Քանի որ արքայությունը մեր ներսում է, հարկավոր է կշռադատության շարունակական գործողություն կատարել՝ բացահայտելու համար այն, ինչը որ արքայությանն է, և այն, ինչը որ արքայությանը չէ։ Աստծո Խոսքը ստիպում է Եկեղեցուն կատարելու այս կշռադատությունը, և միայն Խոսքն է, որ թույլ է տալիս կատարել այն։

Ինչպես նաև, Եկեղեցին արքայությունը Խոսքով քարոզում է իր սեփական կյանքի սրտին իսկ, քանի որ Խոսքը արքայության անդադար խոստումն է ու ճանապարհը։ Այն քարոզում է նաև Խորհուրդների մատակարարմամբ, որոնք հույսի մեջ մասնակցություն են արքայությանը, որ գալիս է։

Ցավոք, սակայն, դրանք թերևս բավականաչափ զգեստավորված չեն այլևս հույսի նշանով. դրանք «առարկայացնելով», մենք դրանց զրկել ենք դեպի ապագան ուղղված իրենց լարված ձգտումից։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։