ՌՈՄԱՆՈ ԳՈՒԱՐԴԻՆԻ. « ՍՏԱՆԱԼ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԱՍՏԾՈ ՁԵՌՔԵՐԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

ՌՈՄԱՆՈ ԳՈՒԱՐԴԻՆԻ. « ՍՏԱՆԱԼ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԱՍՏԾՈ ՁԵՌՔԵՐԻՑ »

Հատված Ռոմանո Գուարդինիի (1885-1968) « Ընդունել ինքներս մեզ » (« Accettare se stessi ») գրքից, էջ 13-17.



[...] Գոյությանս սկզբում – «սկիզբ» եզրույթի ներքո հասկանալով ո՛չ սոսկ ժամանակային նշանակությունը, այլ առավել ևս՝ էականը, որպես դրա արմատ և գոյապատճառ – գոյություն ունենալու ինքնուրույն կերպով կայացված որոշումս չէ։ Այնպես էլ չէ, որ կարծես թե պարզապես գոյություն ունեմ, առանց գոյություն ունենալու որևէ որոշման կարիքի։ Այդ ամենն այդպես է միմիայն Աստծո պարագայում։

Գոյությանս սկզբում կա մի նախաձեռնություն, մի Ինչ-որ-Մեկը, որ ինձ տվել է ինքս ինձ։

Համենայն դեպս, ես տրվել եմ, և տրվել եմ որպես այս որոշակի անհատը։ Ո՛չ պարզապես իբրև մարդ, այլ՝ որպես ա՛յս մարդը. պատկանում եմ ա՛յս ժողովրդին, ա՛յս ժամանակին, ա՛յս նկարագրի եմ և ա՛յս ընդունակություններով, մինչև այն վերջին սահմանումները, որոնք պարզապես գոյություն ունեն միայն մի անգամ, այսինքն՝ իմ մեջ. այն վերջին ինքնատիպությանը, որի մղմամբ՝ այն ամեն ինչում, որ անում եմ, ես ճանաչում եմ ինքս ինձ, և որն արտահայտվում է իմ անունով։

Այդպիսով, սակայն, դրվում է նաև մի առաջադրանք։ Եվ բավականին մեծ առաջադրանք։ Կարելի է ասել. այն առաջադրանքը, որ գտնվում է բոլոր առանձին առաջադրանքների հիմքում։

Պարտականությունն ունեմ կամենալու լինել այն, ինչ որ եմ. իսկապես կամենալ լինել ես, և միմիայն ես։ Պետք է տեղադրեմ ինձ իմ «ինքս ինձնում», ինչպիսին որ այն է, և ստանձնել այն առաջադրանքը, որն այդ կերպ վստահվել է ինձ աշխարհում։ Հիմնական կերպն է այն ամենի, որ անվանվում է «կոչում». որովհետև սրանից մեկնելով է, որ դիմում եմ ինձնից դուրս գոյություն ունեցող ամեն ինչի և դրանք ընդունում եմ։

Արտահայտենք դա բացասական եղանակով. չեմ կարող խուսափել ինձ հանձնված այդ առաջադրանքից. օրինակ, փախչելով երևակայության մեջ, և երազելով լինել մի ուրիշը. իբր ես այն մեկն եմ, կամ այն մյուսը ... , անում եմ այն կամ այն մյուս գործը ... , ունեմ այն կամ այն մյուս ընդունակությունները ... , կատարում եմ այն կամ այն մյուս դերը ... ։ Մինչև որոշակի մի կետի հասնելը՝ այդ ամենն անմեղ իրականություն է. այդպես ենք հանգստանում ինքներս մեզ լինելուց։ Բայց այդ կետից անդին դառնում է ինքներս մեզնից փախչելու վտանգ։

Իմ մեջ եղող չարիքի դիմաց էլ չեմ կարող փախչել. վատ ունակություններից, քարացած սովորություններից, կուտակված հանցանքներից։ Պետք է ընդունեմ դրանք և ճանաչեմ. այսպիսին եմ ... արել եմ այդ գործը ... ։ Ո՛չ բարկությամբ ու չարամտությամբ. դա ընդունում և ճանաչում չէ, այլ ավելի՝ պնդագլուխ համառություն։ Պետք է ընդունեմ դրանք և ճանաչեմ ճշմարտության մեջ, որովհետև միմիայն ճշմարտությունն է օգնում հաղթահարելու չարիքին. այո՛, այսպիսին եմ, բայց ուզում եմ փոխվել, դառնալ տարբեր մեկը։ [...]

Գոյություն ունենալու առաջադրանքը կարող է շատ դժվարին բան լինել։

Կա մի տեսակ ապստամբություն ինքներս մեզ լինելու պարտականության դեմ. ինչո՞ւ եմ պարտական։ Մի՞թե ես խնդրել եմ գոյություն ունենալ։ ... Այնպիսի զգացում կա, որ չարժե ինքներս մեզ լինել. ի՞նչ օգուտ ենք ստանում դրանից։ Ձանձրանում եմ ինքս ինձնից։ Զզվում եմ ինքս ինձնից։ Չեմ կարողանում այլևս հանդուրժել ինքս ինձ։ ... Այնպիսի զգացում կա, որ կարծես մեզ խաբել են ինքներս մեր մասին. կարծես թե բանտարկված ենք ինքներս մեր ներսում. սոսկ այսպիսին եմ, և սակայն՝ կուզենայի ավելին լինել։ Միայն այս ձիրքն ունեմ, բայց ավելի մեծ, ավելի փայլուն ձիրքեր կուզենայի։ Միշտ միևնույն բանը պետք է անեմ։ Միշտ բախվում եմ միևնույն սահմաններին։ Միշտ գործում եմ միևնույն սխալները, փորձառությունն եմ ունենում միևնույն ձախողման ... ։

Այս ամենից կարող է ծնունդ առնել մի անսահմանափակ միապաղաղություն. մի սարսափելի տաղտուկ։ Ամբողջական դարաշրջաններ դրանով են բնութագրվել։ Այսպիսով, ինքներս մեզ լինելու գործողությունն իր արմատում դառնում է ճգնություն. պետք է հրաժարվեմ ա՛յլ կերպ լինելու ցանկությունից, քան այն կերպը, որով եմ, կամ մինչև իսկ ուրիշ մեկը լինելու ցանկությունից, քան այն, ինչ որ եմ։ [...]

Ամեն ինչի արմատին գտնվում է ինքներս մեզ ընդունելու գործողությունը։ Պետք է համաձայնվեմ լինելու այն, ինչ որ եմ։ Համաձայնվել ունենալու այն ունակությունները, որոնք ունեմ։ Համաձայնվել մնալու այն սահմանների մեջ, որոնք իմ համար գծված են։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։