« ԱԶԱՏ ՝ ԻՆՉՊԵՍ ԳԱՐՆԱՆԸ ԲԵՂՄՆԱՓՈՇԻ ՏԱՐԱԾՈՂ ՔԱՄԻՆ ». Հվհ 14, 14-16.24-26 – Գրադարան – Mashtoz.org

« ԱԶԱՏ ՝ ԻՆՉՊԵՍ ԳԱՐՆԱՆԸ ԲԵՂՄՆԱՓՈՇԻ ՏԱՐԱԾՈՂ ՔԱՄԻՆ ». Հվհ 14, 14-16.24-26

Ո՞վ է Սուրբ Հոգին։ Աստծո Ազատությունն է, Աստված Ազատության մեջ, անդադար չվող Քամի, որ բեղմնափոշի է տանում այնտեղ, ուր կամենում է. այնտեղ, ուր ցանկանում է, որ գարուն լինի։ Նա է, ով տարածում է աստվածային կյանքի բեղմնափոշին։

Աստված Ազատության մեջ, որ չի հանդուրժում վիճակագրությունները և չի ենթարկվում դրանց։ Ուսումնասիրողները փնտրում են տևական դեպքեր ու սխեմաներ։ Ասում են. Աստվածաշնչում Աստված ահա՛ այսպես է վարվում։ Մի՛ հավատացեք։ Կյանքի մեջ և Աստվածաշնչում, Աստված երբեք սխեմաների չի հետևում։

Ազատ՝ ինչպես քամին, գոյություն ունեցող ամենաազատ իրականությունը, որն երբեմն մեղմիկ զեփյուռ է, երբեմն էլ՝ տունն ու քաղաքը դղրդացնող փոթորիկ. Նրա Խոսքը լռության հազիվ ընկալելի շշունջն է երբեմն, իսկ երբեմն էլ՝ հրաբորբոք կրակ, մարգարեի ոսկորների մեջ փակված։

Հոգեգալուստը մի հեղափոխական տոն է, որի ողջ տարողությունը դեռ չենք ըմբռնել։ Հոգին «կուսուցանի ձեզ ամեն ինչ», Նա սիրում է ուսուցանել, սովորեցնել, ուղեկցել դեպի անդին, բացահայտել տալ անծանոթ տեսարաններ, մղում է հավատացյալներին՝ ապրելու որպես հետախույզներ, ո՛չ իբրև հրամաններ կատարողներ, այլ՝ որպես ճանապարհներ կերտողներ։ Հոգին արարիչ է, և կամենում է, որ մենք էլ արարիչներ լինենք, Իր պատկերով ու նմանությամբ։

Որովհետև Հոգին փչում է նաև հիմա, և փչելու է միշտ, անդադար. փչում է անձանց կյանքերի մեջ, սպասումների մեջ, վշտերի մեջ, գեղեցկության մեջ։ Սրա համար է, որ յուրաքանչյուր աշակերտ թաթախված է Սուրբ Հոգով, ունի ամբողջ Հոգին, ունի այնքան Սուրբ Հոգի, որքան Նրանից ունեն իր հովիվները։ Արդարև, «Աստծո ժողովուրդը, Հոգու տևական ազդեցության ներքո, անդադար ավետարանում է ինքն իրեն» (Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ, Կոնդակ «Ավետարանի բերկրանքը», 139)։ Խոսքեր, որ նման են անցումներ բացող քամու, գարնանային բեղմնափոշի տարածող քամու. Աստծո ժողովուրդն ավետարանում է ինքն իրեն, անդադար, Սուրբ Հոգու հետ միանպատակ համագործակցությամբ։ Զորավոր վստահության մի տեսություն, որի մեջ յուրաքանչյուր այր և յուրաքանչյուր կին ունեն մարգարեական և հովվական արժանապատվությունը, բոլորն էլ դերակատարներ են հասարակության ներսում. յուրաքանչյուրն իր սեփական «հինգերորդ Ավետարանի» հեղինակն է, Սուրբ Հոգու ներշնչմամբ։

«Կհիշեցնի ձեզ այն ամենն, ինչ ասացի ձեզ»։ Ձեր սրտի մեջ կրկին կդնի Հիսուսի պատմությունը, կվերարծարծի այն (հմմտ. Ղկս 24, 32. «Մի՞թե մեր սրտերը չէին այրվում մեզնում»), որովհետև մարդկանց հիշողության մեջ դրոշմված մնում և ապրում է միայն այն, ինչն իսկապես կարևոր է։ Երկար ապրում է միայն այն, ինչը սիրում ենք։ Ընդմիշտ ապրում է միայն այն, ինչը գողացել, հափշտակել է մեր սիրտը։

Հոգին սկզբնական անդունդների վրա շրջող քամին է, Քորեբ լեռան վրա Եղիային պատած մեղմիկ զեփյուռը, Պենտեկոստեի օրը Երուսաղեմում ուժգին փչած քամին։ Ահա՛, ուրեմն, եզրակացությունը. հարկավոր է ընդունակ լինել ամեն գնով վեր բարձրացնելու առագաստը ծովի դատարկության վրա (Ժուլիեն Գրակք)։

Երբ մի առագաստ կա, ծովն իսկույն փոխվում է, դադարում է մի դատարկություն լինել, որի մեջ կորչում ենք կամ ընկղմվում։ Բավական է վեր բարձրացնել առագաստը, այնքան՝ որքան բավական է Հոգու կորովի շունչը բռնելու համար, և ահա՛ սկիզբ է առնում մի կրքոտ արկածախնդրություն, մոռանալով դատարկությունը, հետևելով նպատակակետի ուղղությանը։ Եվ այնտեղից, որտեղ կանգ էիր առել, նա քեզ կրկին մեկնել կտա։ Աստծո ազատ Հոգին մեզ միշտ տրվում է որպես Ա՛յլ. նավին իբրև ցամաք, ցամաքին իբրև նավ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։