« ԱՆՏՈՒՆ ՄՆԱՑԱԾ ՉԱՐԸ ». Մտթ 4, 1-11 – Գրադարան – Mashtoz.org

« ԱՆՏՈՒՆ ՄՆԱՑԱԾ ՉԱՐԸ ». Մտթ 4, 1-11

Խորհրդածություն  Մատթեոս 4, 1֊11  ( « ՀԻՍՈՒՍԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ » )  հատվածի շուրջ

 

Յուրաքանչյուր փորձություն դա մի ընտրություն է երկու սերերի միջև. «Միշտ երկու անդունդների եզրին / դու պետք է քայլես և չիմանաս, / թե հրապուրանքներից ո՞րը, / Ոչնչի, թե Ամբողջի, / քեզ կգրավի» (Դավիդ Մարիա Թուրոլդո)։

Ոգիներից ամենանենգն ու ամենախորամանկը դիմակավորվել և ներկայանում է որպես ընկեր, ով ուզում է օգնել Հիսուսին` ավելի լավ կատարել Մեսսիայի Իր առաքելությունը։ Բայց այդքան զորավոր ի՞նչ է առաջարկում սատանան։ Ո՛չ այն "ավանդական" փորձությունները, որ կարող էինք սպասել. սեռական ոլորտ կամ կրոնական օրինապահությանը վերաբերվող խնդիրներ։ Խոսքը վերաբերվում է, մինչդեռ, ընտրելուն, թե ի՞նչ տեսակի Մեսսիա ես ցանկանում դառնալ, ի՞նչ տեսակի Մարդ։ Եթե Վարդապետն ա՛յլ կերպ պատասխանած լիներ փորձողին, ո՛չ խաչը կունենայինք, ո՛չ էլ քրիստոնեական կյանքը։

Երեք փորձությունները վերագծագրում են հարաբերությունների աղյուսակը. հարաբերությունը ինքս իմ և առարկաների հետ (քարե՞ր, թե՞ հաց). Աստծո հետ (մի քմահաճ Ամենակարո՞ղ, որ մոգանման շնորհներ է բաժանում մեզ ի ծառայություն). ուրիշների հետ (իշխանությունը և սատանան)։ Բոլոր այս բաներով սատանան առևտուր է անում ( ... եթե պաշտես ինձ ... ), վարվելով Աստծո վարվելակերպի հակառակ ձևով, Ով երբեք վաճառականություն չի անում Իր պարգևների վրա։ Եվ մարդու համար որքա՜ն հեշտ է վաճառքի հանել սեփական անձը` փոխանակելով համբավի, աթոռի, փողի հետ։

Հիսուսի փորձությունները վերամփոփում են կյանքի մեծագույն խաբեությունները, որոնց մեջ առաջինը Աստծուն առարկաներով փոխարինելն է. «Ասա՛, որ այս քարերը հաց դառնան, սա՛ է ամբողջ կյանքը, ա՛յլ բան չկա»։ Քարեր կամ հա՞ց, ուրեմն։ Հիսուսն ընդդիմանում է այս երկընտրանքին, որտեղ մարդը գոյապահպանությամբ է սոսկ մտահոգվում. Հիսուսը կամենում է ընդարձակել սրտի քաղցն ու հորիզոնները. միայն հացով մարդը չի ապրում, ընդհակառակը՝ դանդաղորեն մեռնում է։

Հացը մի բարիք է, մի սուրբ բարիք։ Ի՞նչ վատ բան կա հացի մեջ։ Հիսուսը բազմացրեց հացը, բայց այն երբեք չցանկացավ Ինքն Իր համար, Ինքն Իրեն մինչդեռ դարձրեց հաց` բոլորին ընծայված, բոլորին առանց որևէ բացառության։

Մեր սխալն այն է, որ բացարձակ արժեք ենք վերագրում առարկաներին։

Այդ ժամանակ հասկանում եմ, որ հավատքը դա առավել կյանքի ընծայումն է. հացը գոյապահպանման միջոց է, բայց առավել կյանք եմ ստանում Աստծո Խոսքից։ Եվ նկատում եմ կրկին, որ մուրացկան եմ` երկնքի, ճշմարիտ ու գեղեցիկ արդարության, սիրո` իմ և ուրիշների համար, ըղձալի խաղաղության, որտեղ իմաստ է գտնում Քառասնորդացի գեղեցիկ ուղևորությունը, այս անցումը` ցրվածությունից խորության։

Գեղեցիկ է Քառասնորդաց շրջանը։ Ինքն իրեն չի պարտադրում որպես ապաշխարության ժամանակամիջոց, այլ` ինքն իրեն առաջարկում է որպես վերահայտնաբերման հնարավորություն. գարունը, որ վերսկսվում է, կյանքը, որ անշեղ ընթանում է դեպի Զատկական լույսը։ Մի ժամանակահատված` նորության, նորոգման, պարզության, համերաշխության, կոնկրետության, նոր կենսակերպի, համընդհանուր տան և իր բոլոր բնակիչների հանդեպ հոգատար խնամքի։

«Եվ ահա՛ հրեշտակներ մոտեցան և ծառայում էին Նրան»։ Մոտենալ և ծառայել. հրեշտակային խոսքեր, հրեշտակային վարքագիծ։ Եթե այս Քառասնորդացի ընթացքում մեզնից յուրաքանչյուրը մոտենա և հոգատար խնամք ընծայի մի հոգու, ով դրա կարիքն ունի, նվիրելով մի քիչ ժամանակ և մի կտոր սիրտ, սա նրա համար կլինի մի հրեշտակի մոտենալը, հրեշտակային թևերի սոսափյուն, որ տարածվում է տան մեջ և սրտի խորքում։

Թշնամին, այդ ժամանակ, կհեռանա, տեղը զիջելու համար հրեշտակների, մեր մերձենալուն և ծառայելուն. սա՛ է պարզ ավետարանը, որտեղ չարն այլևս տուն չունի, որտեղից նա շարունակում է փախչել։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։