« ԱՍՏԾՈ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՐԿՈՒ ՄԱՆՐԱԴՐԱՄ Է ». Մրկ 12, 41-44 – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՐԿՈՒ ՄԱՆՐԱԴՐԱՄ Է ». Մրկ 12, 41-44

Խորհրդածություն  Մարկոս 12, 41-44  ( « ԱՅՐԻ ԿՆՈՋ ԼՈՒՄԱՆ » )  հատվածի շուրջ
 
 
Վերջին անձնավորությունը, որին Հիսուսը հանդիպում է Մարկոսի Ավետարանի մեջ, մի անանուն կին է, մի անխոս ուսուցչուհի` առանց վկայականների, ով, սակայն, գիտի ապրելու իմաստությունը։
 
Հիսուսը, նստած, դիտում է։ Նրա խորաթափանց հայացքը, սուր՝ ինչպես մարգարեներինը, նկատում է այդ աղքատ այրի կնոջ աննշան մեկ շարժումը, որի մեջ թաքնված է աստվածայինը. տեսնում է, թե ինչպե՛ս է բացարձակը փայլատակում երկու լումայի սակավության մեջ։
 
Նա երկու մանրադրամ գցեց, բայց մյուս բոլորից ավելի տվեց։
Ինչո՞ւ բոլորից ավելի։ Որովհետև Աստծո կշեռքները քանակական չեն, այլ` որակական։ Հաշվի է առնվում այն, թե որքա՛ն սիրտ կա ներսում, որքա՛ն կշիռ` արցունքների, և որքա՛ն հավատք։
Այդ կնոջ համար, սկզբնական խոսքերը, որոնք Մարկոսը գործածում է, հանճարեղ են. «գանձանակի մեջ գցեց իր ամբողջ կյանքը»:
Գցեց այն ամբողջը, որն իրեն անհրաժեշտ էր ապրելու համար։ Ով տալիս է ամբողջը, չի զարմանում, հետո, երբ ստանում է ամբողջը։
Այդ կինը աշխարհի մեջ ներմուծեց լավագույնը, որ ուներ. իր մեծ քաջությունը, որն իր մեջ պարունակում էր աստվածայինի մի բեկոր։
 
Նրա նրբանկատ արարքի մեջ Հիսուսը մեզ մի հիմնական դաս է թողնում. կյանքում մի՛ փնտրեք սուրբ մարդկանց։
Թերևս կգտնեք նրանց, կամ թերևս` ո՛չ (իրոք, ոչինչ չգիտենք այդ կնոջ բարոյական կյանքի մասին): Փնտրեք, ավելի շուտ, վեհանձն, առատաձեռն անձինք։
Վեհանձնությունը Աստծո տարբերանշանն է։ Վստահենք մեր կյանքը վեհանձներին, գնանք նրանցից սովորելու, և ո՛չ թե՝ սոսկ ձևականորեն առաքինի ու բարեպաշտ օրենսգետներից:
 
Արմատական հարց ծնող Ավետարան է սա. «Ի՞նչն է մեզ ապրեցնում»։ Միաժամանակ Ավետարան է՝ պարզ պատասխան տվող. «Նվիրումը»։
«Սիրել» բայը Ավետարանի մեջ միշտ թարգմանվում է մեկ ա՛յլ բայով, մեծապես կոնկրետ, ցամաք, ձեռքերը մատնանշող. «Տալ»: Զգացմունքների խնդիր չէ, այլ` նվիրման։
Կրոնի հիմնասյունը նվիրումն է, և ո՛չ թե՝ պարտականությունը, կամ վճարելիք պարտքերը։
«Հավատում եմ Սուրբ Հոգուն, Ով Տեր է և տալիս է կյանքը»:
Աստված տալիս է։
Շունչ տուր իմ շնչին, թռչուններին` թռիչք, վարդին` ծաղկում, մայրերին` բուժիչ գրկախառնություն, կյանքին` վերածնունդ, մի փոքրիկ աղքատ կնոջ` արժենալ շատ ավելի, քան ուսյալները, է՛լ ավելի շատ, քան հարուստները։ «Եթե դու գոնե մի ժամ միայն լսեիր քո սրտին, դաս կտայիր ուսյալներին» (Ռումի):
Այս կինն արել է դա, լսել է սրտին և տվել է բոլորից ավելի։
 
Վերջին երեկոյի հարցը հնչելու է թերևս որպես այս փոքրիկ դեպքի արձագանք. «Ի՞նչ ես տվել կյանքին»:
Շա՞տ ես տվել, թե՞ քիչ, քեզ հանձնված կյանքերին։
Առատաձեռնորեն տվե՞լ ես այն, ինչ ունեիր. ժամանակ, գորովներ, լույս, դրդապատճառներ, որոնք քեզ ապրել են տալիս, ուրախանալ, և, առնվազն երբեմն, փորձել պարի մի քայլ արևի մեջ, և մինչև իսկ՝ անձրևի մեջ։
 
Առաջին տեղերը չեն պատկանում կրոնի փորձառու օրենսգետներին, այլ` նրանց, ովքեր տալիս են այն, ինչն անհրաժեշտ է իրենց ապրուստի համար. նրանց, ովքեր սիրտ են նվիրում՝ հոգատարության, ուշադրության, բարեհամբույր վարմունքի փոքր կամ մեծ ժեստերով։
 
Անսահմանը սահմանկցում է մի գգվանքի հետ,
Բացարձակը` երկու աղքատիկ մանրադրամի,
Գիշերը սկսվում է առաջին աստղով,
Սերը` առաջին հայացքով,
Նոր աշխարհը` մի անանուն այրի կնոջ փոքրիկ արարքով։

Թարգմանեց՝ Ալբերտ Պետրոսյան

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։