« ԿԱՆԱՉ ԴՊՐՈՑԸ ». Մրկ 13, 24-32 – Գրադարան – Mashtoz.org

« ԿԱՆԱՉ ԴՊՐՈՑԸ ». Մրկ 13, 24-32

Խորհրդածություն  Մարկոս 13, 24-32  ( « ԹԶԵՆՈՒ ԴԱՍԸ » )  հատվածի շուրջ
 
 
Վախճանաբանական տեսարաններ, ինչպես Ավետարանի, այնպես էլ մեր պատմության մեջ։
Այդ օրերին արևը խավարելու է, լուսինը՝ հանգելու, և երկնքից ընկնելու են աստղերը։
 
Մի աշխարհ, որ գնում է դեպի խորտակո՞ւմ։ Նայիր ավելի խորքը թափանցող հայացքով, մարգարեի աչքերով․ իրականում դա մի աշխարհ է, որ վերածնվում է։
Թզենուց սովորեցեք․ երբ նրա ճյուղը փափկում է և տերևները բուսնում են, իմանում եք, որ ամառը մոտ է։ Հիսուսը մեզ դպրոց է տանում բույսերի մոտ, որովհետև հոգու օրենքները և իրականության օրենքները, խորքում, համընկնում են։
Թզենին ամենաշատը հիշատակված բույսն է Աստվածաշունչ Սուրբ Գրությունների մեջ։ Ցորենից ավելի, որթատունկից ավելի։ Թզենին տան դիմաց տնկված ծառն էր, որի ստվերը և որի պտուղները հիշեցնում էին անամպ կյանքի հանդարտությունը, Աստծո Խոսքի քաղցրությունը, ներկայությունը ինչ որ մեկի, ով, տան ներսում, առաջ է տանում և հոգատարությամբ խնամում է կյանքը։
 
Սովորեցեք ծառերի իմաստությունից․ ճյուղի փափկելը, ավիշը, որ կրկին սկսում է լցնել իր փոքրիկ առվակները, մի անակնկալ է, որ կախում չունի քեզնից։ Մի հիացմունք, որ ամեն անգամ նոր է։
Այսպես նաև դուք իմացեք, որ Նա մոտ է, դռան դիմաց։ Աստված այստեղ է. և ասում է «կյա՜նք», ասում է «գարո՜ւն»։
 
Թզենու մի բողբոջից, դեպի իր լիարժեքությունը ճանապարհ ընկած այդ փոքրիկ իրականությունից, ուսանեցեք աշխարհի ապագան. աշխարհն ավարտված, եզրափակված չէ, այնպիսին՝ ինչպիսին որ կա. արարչությունը բողբոջող իրականություն է։
Մի բողբոջից ուսանեցեք Աստծուն. Նրա հարյուր անուններից մեկը նաև «Բողբոջ»ն է (հմմտ. Ես 11, 1; Երմ 23, 5; 33, 15; Զքր 3, 8; 6, 12; Հյտ 5, 5)։ Նրա անունը հավերժություն է, արեգակի դիմաց։ Բողբոջ է Նրա անունը։ Ո՛չ թե քարի անշարժ հավերժությունը, այլ՝ հավերժությունը արևածագի, վերածննդի։ Բողբոջների մի հավերժություն։
Ինձ խաղաղություն, զվարթություն, հույս, լավ տրամադրություն է պարգևում Աստծուն պատկերացնելը և Աստծո մասին մտածելը որպես գարնանային բողբոջումի․ ո՛չ թե մի չոր ճյուղ, կրակի մեջ այրելիք փայտի մի փոքր կտոր, այլ՝ մի մատղաշ ոստ։
Իսկ վրան բացվում են բողբոջներ՝ աչքերի նման, կարծես կանաչ աստղեր։
 
«Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։ Անցնում են արևն ու լուսինը, փշուր փշուր է լինում երկիրը, բայց իմ խոսքերը մի արև են, որ մայր չի մտնում, որովհետև քանդակված են մարդու սրտի մեջ։
 
Հիսուսը մեզ բոլորիս կանչում է վստահությամբ նայելու ապագային. հավատալու, որ պատմության ընթացքը, ի հեճուկս բոլոր հերքումների, փրկության ընթացք է։
Ավետարանը խոսում է աստղերի մասին, որ ընկնում են, Դանիել Մարգարեն խոսում է աստղերի մասին, որ բարձրանում են բնակեցնելու երկինքը․ «Արդար այրեր և սուրբ կանայք բարձրանում են լույսերի տունը, որտեղ փայլելու են ինչպես աստղերը» (Դն 12, 13)։
 
Փնտրիր նրանց, դիտիր նրանց, շնորհակալություն հայտնիր նրանց, այդ արդարներին ու ջինջ մաքուրներին, որ ապրում են քո շրջապատում, մերօրյա մարգարեներին, որ լցվել են լույսով, քո համար։
Օրհնյա՜լ բողբոջներ, երկնքով լցված, Աստծով լիացած, հույսի օազիսներ։ Շատ են, և «յուրաքանչյուրը Աստծո մի ինքնահատուկ պահն է» (Դ.Մ. Թուրոլդո), յուրաքանչյուրը՝ Բանի մի վանկն է, յուրաքանչյուրը՝ բաղաձայնը այն «հույսի, որը մեր ապագայի ներկան է» (Թովմա Աքուինացի)։
Աշխարհը չի վերջանալու կրակի մեջ, այլ՝ գերագույն գեղեցկության։

Թարգմանեց՝ Ալբերտ Պետրոսյան

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։