Հիսնակացի 2-րդ Կիրակի. « ԱՎԱԶԻ ՀԱՏԻԿՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

Հիսնակացի 2-րդ Կիրակի. « ԱՎԱԶԻ ՀԱՏԻԿՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԵՋ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ

 

Բարուք 5, 1-9

Ո՜վ Երուսաղեմ, հանի՛ր քո սգի ու լլկանքի զգեստը և հավիտյա՛ն հագիր Աստծո փառքն ու վայելչությունը, ա՛ռ քո վրա Աստծո արդարության վերարկուն և դի՛ր գլխիդ հավիտենական Տիրոջ փառքի խույրը, որպեսզի Աստված երկնքի ներքո ցույց տա քո ամբողջ պայծառությունը։ Աստծո կողմից քո անունը հավիտյան կկոչվի խաղաղություն, արդարություն և աստվածպաշտության փառք։ Ելի՛ր, Երուսաղեմ, կանգնի՛ր բարձունքի վրա, նայի՛ր դեպի արևելք ու տե՛ս Սրբի խոսքով արևելքից մինչև արևմուտք հավաքված քո որդիներին, որոնք ուրախացել են Աստծուց հիշված լինելու համար։ Նրանք քեզնից հեռացան հետիոտն, թշնամիներից քշված, բայց Աստված նրանց քո մոտ է բերում փառքով, ինչպես թագավորական գահ բարձրացածների։ Արդարև, Աստված հրաման է արձակել, որ բոլոր բարձր լեռները, հավերժական բլուրները խոնարհվեն, ձորերը լցվեն, որպեսզի երկիրը հարթվի, Իսրայելն Աստծո փառքով ապահով քայլի, իսկ բոլոր անտառները և ամեն մի անուշաբույր ծառ Աստծո հրամանով հովանի լինեն Իսրայելին։ Աստված պիտի առաջնորդի Իսրայելին ուրախությամբ, Իր փառքի լույսով՝ Իր ողորմությամբ ու արդարությամբ հանդերձ։

 

Փիլիպպեցիս 1, 4-11

Ձեր բոլորիդ համար աղոթում եմ խնդությամբ՝ առաջին օրվանից մինչև այժմ Ավետարանին ձեր ունեցած մասնակցության համար։ Վստահ եմ այն բանում, թե Ով որ ձեր մեջ սկսեց բարի գործերը, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Ինչպես որ ճշմարիտ է թվում ինձ այդպես խորհել ձեր բոլորի մասին, քանի որ ես ձեզ ունեմ իմ սրտում, դուք, որ իմ կապանքների և Ավետարանի պաշտպանության ու հաստատման մեջ բոլորդ ինձ եղած շնորհին բաժնեկից եղաք։ Վկա է ինձ Աստված, թե ինչպե՜ս եմ կարոտել ձեզ բոլորիդ Քրիստոս Հիսուսի գորովով։ Եվ ահա՛ այս աղոթքն եմ անում. թող ձեր սերը ավելի ու ավելի առատանա գիտության և ամենայն իմաստության մեջ, որպեսզի դուք լավն ընտրեք, հաստատուն մնաք և առանց գայթակղության լինեք Քրիստոսի օրվա համար՝ լցված արդարության պտուղներով, Հիսուս Քրիստոսի միջոցով, ի փառս և ի գովություն Աստծո։

 

Ղուկաս 3, 1-6

Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրեաստանի, և Հերովդեսը՝ չորրորդապետ Գալիլեայի, և նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լյուսանիասը՝ չորրորդապետ Աբիլենեի, և Աննայի ու Կայիափայի քահանայապետության օրով, Աստծո խոսքը լսելի եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում։ Եվ նա եկավ Հորդանանի կողմը ապաշխարության մկրտություն քարոզելու՝ մեղքերի թողության համար, ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում։ Եվ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտվելու, ասում էր. «Իժերի ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկությունից, որ գալու է։ Այսուհետև ապաշխարության արժանի պտուղներ տվեք և մի՛ սկսեք ասել, թե՝ Աբրահամին ունենք իբրև հայր. այս ասեմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ։

 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Մի անապատ, մի մարդ, մի խոսք։

Գրեթե֊ոչինչը, որը սակայն բավական է՝ պատմությունը գլխիվայր շրջելու համար։

Տիբերիոսի կայսրության տասնհինգերորդ տարում, մինչ Հռոմում որոշվում էին ժողովուրդների ճակատագրերը, մինչ Երուսաղեմում ու Դամասկոսում ի կատար էին ածվում ստացված հրամանները, մինչ Պիղատոսը, Հերովդեսը, Աննասն ու Կայիաֆասը իրար մեջ բաժանում էին իշխանությունը, կատարյալ որակով յուղված այս վիթխարի մեխանիզմի վրա ընկնում է անապատի ավազի մի հատիկը. Խոսքը իջավ, արծվի թռիչքով, իր որսի՝ Հովհաննեսի վրա, անապատում. Հովհաննեսի՝ Զաքարիայի որդու և հրաշքի որդու։

Այնտեղ հիմա ծնվում է ապագան։ Աշխարհի նոր մայրաքաղաքը Հուդեայի անապատն է։ Աստված թվում է, թե խաղում է մարդկանց պատմության հետ, բայց Իր մշտական ընտրությունն է ի շահ տկարների, նախընտրելու համար նրանց, ովքեր չեն կարևորվում, կերտելու պատմություն նրա հետ, ով չունի պատմություն, հեռու նրանից, ով իշխանություն ունի և ուժ։

«Աստծո խոսքը իջավ Հովհաննեսի վրա»։ Այս արտահայտությունն իր մեջ ամփոփում է մեր կոչումը։ Դնում եմ իմ անունը՝ մարգարեի անվան տեղը, և գիտեմ վստահաբար, որ շատ անգամներ արդեն Խոսքը եկել է իմ վրա, և ... տուն չի գտել։

Դնում եմ իմ անունը, և գիտեմ, որ տակավին գալիս է՝ փնտրելու ինձ, բոլոր խորխորատների մութ անկյուններում, խոպան բլուրների ու վայրի հովիտների թափառական վայրերում, ձախորդ պատահարներով լի իմ առօրյայում, ծուռումուռ դարձած սրտիս մեջ, մեղմանուշ ու աննահանջ պաշարմամբ մի սիրո, որն ինձնից երբեք չի հոգնում։

Դնում եմ իմ անունը, և գիտեմ, որ կարող եմ ազատ ձայն դառնալ, և ավազահատիկ՝ այս սխալ պատմության մեխանիզմի ներսում։

Կգա Խոսքը, կարող է յուրաքանչյուրի վրա իջնել, որովհետև ոչ ոք Հովհաննեսից քիչ չունի, ոչ ոք անապատից քիչ չունի։

Կգա, որպեսզի դու Հովհաննեսի նման ազատ մարդ լինես, երբեք չստրկացած ու հլու կամակատար չդարձած ո՛չ մի իշխանության համար։

Մեզնից յուրաքանչյուրը պետք է ձայն դառնա Խոսքի համար, որ Քրիստոսն է։ Թե ինչպե՛ս դա պիտի արվի, մատնանշված է այսօրվա հրամայականներից առաջինի կողմից. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը»։ Ինչը նշանակում է. բացե՛ք ճանապարհներ, ուր կհնչի Խոսքը, բազմապատկեցե՛ք Խոսքի ունկնդրման ուղիները։

Լռության մեջ և քո ներքին մենարանում ամփոփված, գոնե մի փոքր ժամանակով մի կողմ թող քո խոսքերը, ամեն օր մի քիչ ժամանակ և մի քիչ սիրտ հատկացրու Ավետարանի ընթերցանությանը։ Հարատևությամբ՝ շարունակական դարձրու, բնական դարձրու – հացի նման, շնչառության նման, արևի նման – Սրբազան Գրքերի ունկնդրումը։

Իսկ հետո, մի՛ դիմադրիր այլևս։

Գալիս է Աստված և հարթեցնում է, ասում է Բարուքը, քո լեռների խառնակույտը։ Ապա, ասում է Հովհաննեսը, յուրաքանչյուր մարդու գործն է իր խորխորատների լաբիրինթոսը բացելը։

Մենք դիմադրում ենք Խոսքին, որովհետև պահանջկոտ է։ Հանձնվել Խոսքին՝ նշանակում է տառապել, մկրտվել հրով, դառնալ ձայն, որ խոսում է սեփական կյանքով։

Բայց է՛լ ավելի՝ նշանակում է բերկրանքով լցվել, որովհետև Խոսքն ուղիղ է՝ լույսի նման, հարթ է՝ ձայնի նման նրա, ով խոսում է սրտին, մեծ է՝ այնքան, որ կարող է լցնել ու լիացնել կյանքը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։