« ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՐԴԻԿ ». Մտթ 4, 12-23 – Գրադարան – Mashtoz.org

« ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՐԴԻԿ ». Մտթ 4, 12-23

Խորհրդածություն  Մատթեոս 4, 12-23  ( « ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԳԱԼԻԼԵԱՅՈՒՄ » ) հատվածի շուրջ

 

Հովհաննես Մկրտիչը դեռ նոր է ձերբակալվել։

Մի դեպք, որը, փոխանակ Հիսուսին խոհեմ դարձնելու, Նրան մղում է դուրս՝ հրապարակ, բացահայտ քարոզչության, փոխարինելու համար Հովհաննեսին։ Թողնում է, այդպիսով, ընտանիք, տուն, աշխատանք, Նազարեթից Կաֆառնաում տեղափոխվելով։ Ոչինչ չի տանում Իր հետ, միայն մի պատգամ, որը վերստին մեկնարկ է տալիս քարոզչությանը այն կետից, որտեղ Հովհաննեսը կանգ էր առել. Դարձի՛ եկեք, Արքայությունը մոտ է։

Դարձի՛ եկեք։ Սա նույնը չէ, ինչ «ապաշխարեցե՛ք»ը. սա հրավեր է` գլխիվայր շրջելու կյանքը. փոխեցե՛ք տրամաբանությունը, փոխեցե՛ք ուղղությունը, չեք տեսնո՞ւմ, թե ո՛ւր է ձեզ տանում այս ճանապարհը։

Եկե՛ք այնտեղ, ուր երկինքն ավելի կապույտ է, արևն` ավելի ջերմ, անձինք` ավելի ողջամիտ, կյանքն` ավելի ճշմարիտ։ Փոխեցե՛ք իրականությունների վերաբերյալ ունեցած տեսությունը, պատկերացումները, փոխեցե՛ք ուղղությունը. ճանապարհը, որով ձեզ ընթանալ են տվել, տխրության է հանգեցնում և խավարի։

Դարձը պատճառը չէ, այլ` հետևանքը, «իմ այն գիշերվա, որի սրտում հանկարծակի տարածվել է լույսի ուժը» (Մարիա Ձամբռանո)։

Երևակայում էի դարձը որպես այն վայրը, ուր գտնելու էի Աստծուն, որպես իմ ճիգ ու ջանքի հատուցում։

Բայց էլ ի՞նչ լավ լուր կլիներ դա` մի Աստված, որ տալիս է գործադրած ճիգ ու ջանքի համաձայն։

Շարժման ուղղությունը ճշգրիտ կերպով հակառակն է. Նա Ինքն է, որ հասնում է ինձ. Նա Ինքն է, որ բնակություն է հաստատում իմ մեջ։ Ձրիաբար։

Նախքան, որ ես որևիցէ մի բան կանեմ։ Այդ ժամանակ է, որ ես փոխում եմ կյանքս, և իրականությունն ընկալելու ձևս։

Հիսուսը քայլում է Գալիլեայի ծովի ափին և դիտում է։ Երկու եղբայրների՞ է միայն տեսնում, երկու նավակնե՞ր, նրանց աշխատա՞նքը։

Ո՛չ, տեսնում է շա՜տ ավելին. հանձինս Հովնանի որդի Սիմոնի տեսնում է Կեփասին` Պետրոսին, վեմին. հանձինս Հովհաննեսի՝ նրան, ով փայլատակելով լուսավորելու է մեզ` սահմանելով Աստծուն որպես «Սեր». Հակոբոսը լինելու է «որոտման որդի», լիուլի հագեցած Նրա սրտի թրթիռներով և Նրա զորությամբ։

Մարմնավաճառի հոգում մի օր վերարթնացնելու է հարսնացուի սիրտը` սիրող ու հավատարիմ. և վախվորած Նիկոդեմոսի սրտում` անվախ ու քաջարի մի այր, ով Պիղատոսից պահանջելու է մահվան դատապարտվածի մարմինը։

Հիսուսի հայացքը մարգարեություն է։ Դիտում է ինձ, և իմ մեջ տեսնում է մի թաքնված գանձ, իմ ձմեռվա մեջ տեսնում է ցորենը, որ հասունանում է, և ճանապարհներ` արևի մեջ։ Իր աչքերի մեջ տեսնում եմ իմ համար լույսը առավել մեծ հորիզոնների, մի մեղեդի, որ չէի լսում, վերածնվելու քաղց։ Եվ ասում է ինձ. Արի՛ իմ ետևից։

Չորս ձկնորսները բացահայտում են, որ իրենց մեջ կրում են ո՛չ թե լճի նավարկության ուղիները, կամ տուն տանող ճանապարհը, այլ` երկնքի, աշխարհի, մարդու սրտի քարտեզը։

Դարձն է։

Եվ գնում են Հիսուսի ետևից` առանց իմանալու, թե ո՛ւր։ Եվ չեն էլ հարցնում։ Բացահայտել են աշխարհի ճանապարհները Աստծո սրտի մեջ, և դա բավական է։

Հիսուսը շրջում էր Գալիլեայում, ազատ ու արքայական կեցվածքով անցնում էր մարդկանց ու առարկաների միջով, և բժշկում էր կյանքը։ Ցույց տալով, որ «մեր անսահման տխրությունը բժշկվում է միմիայն անսահման սիրով» (Ֆրանցիսկոս Պապ, «Ավետարանի բերկրանքը» կոնդակից)։

Ուրեմն կգամ Քո ետևից, Հիսո՜ւս, որովհետև Քո ետևից ա՛յլ բան չես թողնում, եթե ո՛չ միայն` լույս։ Քո չորս ընկերների նման, թողնում եմ նավակներն ու փոքրիկ ուռկանները` ինչ որ մի ավելի մեծ բանի համար։

Հոգատար կլինեմ նրա հանդեպ, ով փնտրտուքի մեջ է, և նրա հանդեպ, ով տառապում է և մենակ է. իսկ հետո, ամեն ինչից ավելի, կպահպանեմ իմ սիրտը, նաև նրա դյուրաբեկ ու հիվանդ մասերը, որպեսզի «նրանից բխի կյանքը» (Առկ 4, 23)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։