« ՄԻ ԱՇԽԱՐՀ, ՈՐ ԼՑՎԵԼ Է ԱՍՏԾՈ ՇՆՉՈՎ ». Հվհ 15, 26-27; 16, 12-15 – Գրադարան – Mashtoz.org

« ՄԻ ԱՇԽԱՐՀ, ՈՐ ԼՑՎԵԼ Է ԱՍՏԾՈ ՇՆՉՈՎ ». Հվհ 15, 26-27; 16, 12-15

Գալիս է Հոգին, ըստ Հովհաննեսի Ավետարանի, թեթև ու հանդարտ, ինչպես մի շունչ. «Փչեց նրանց վրա և ասաց. ''Առեք Սուրբ Հոգին''» (Հվհ 20, 22)։

Գալիս է Հոգին, Ղուկասի պատմության համաձայն, որպես կորով, քաջություն, առաքելություն, դռները կրնկի վրա բացող քամի, և հրեղեն խոսքեր (Գրծ 2, 2...)։

Գալիս է Հոգին, Պողոս Առաքյալի փորձառության մեջ, որպես պարգև, գեղեցկություն, յուրաքանչյուրի համար տարբեր հանճար (Գղտ 5, 22)։

Երեք տարբեր կերպեր՝ ասելու համար, որ Հոգին ճանաչում ու արգասավորում է կյանքի բոլոր ճանապարհները, կոտրում է կարծրացած սխեմաները, ''անխոհեմ'' էներգիա է, կախում չունի պատմությունից, այլ՝ պատմությունն է, որ կախում ունի Նրա ազատ ու ստեղծագործ քամուց։

Ամբրոզյան Ծեսը գեղեցկագույն խոսքեր ունի Հոգեգալստյան տոնի համար. «Ո՜վ Աստված, որ առաքեցիր Հոգին՝ բոցավառ հեղումը սիրո Քո կյանքի»։ Սիրո հեղում։ Սուրբ Հոգին Աստծո հափշտակությունն է (էքստազիս), հորդելը, ափերից դուրս գալը մի որոնող սիրո, որ ճնշում է, տարածվում, ողողում, իր առջև ճանապարհ է բացում դեպի մարդու սիրտը։

Կյանքի հեղում։ Սուրբ Հոգին այն է, ինչը որ ապրել է տալիս Աստծուն։ Աստված պարգևում է մարդուն այն, ինչը որ ապրել է տալիս Իրեն իսկ. Աստված չի ցանկանում, որ մարդը գոյություն ունենա Իրեն ծառայելու համար, այլ՝ որ ապրի Իրենով։ Չի ստեղծել մարդուն, որպեսզի ետ պահանջի նրան տված կյանքը, այլ՝ վերարթնացնելու համար նրա բոլոր էներգիաների ծածուկ աղբյուրը։

Բոցավառ հեղում. կրակի խորհրդանշանն ասում է, որ Հոգին որպես պարգև բերում է Էմմավուսի աշակերտների սիրտը տոչորող այրուցքը, հոգու բարձր ջերմաստիճանը, որն ընդդիմանում է սրտի անտարբերությանն ու անհոգությանը և հավատքի հիվանդագին ու անդամալույծ վիճակին, որի պատճառով ցամաքել է այսօրվա մարդն ու հավատացյալը։

Առաջին օրվա զարմանքը. « Ինչպե՞ս է, որ մեզնից յուրաքանչյուրը լսում է նրանց խոսքերը իր մայրենի լեզվով »։ Աստծո Հոգին ի սկզբանե և միշտ խոսում է յուրաքանչյուր մարդու, Իր խոսքն ուղղում է այն խորին, բնածին, էական մասին, որ յուրաքանչյուրի մեջ է և որ գալիս է ցեղի, ազգության, հարստության, մշակույթի, տարիքի, կրոնի բոլոր բաժանումներից առաջ։

Խոսքը չի վերաբերվում միայն Բաբելոնի լեզուների բաժանման վիճակի գլխիվայր շրջմանը. այժմ Հոգին խոսում է տոնակատարության ու վշտակրության, հոգնության ու կորովի իմ լեզուն։ «Աստծո խոսքը դառնում է իմ լեզուն, իմ կիրքը, իմ կյանքը, իմ հուրը» (Ա. Քազատի)։ Դառնում է իմ լավագույն մասը, յուրաքանչյուր խոսքի գաղտնի շունչը։

Եվ, ուրեմն, «Քո Հոգիով, ո՜վ Տեր, լի է երկիրը»։ Երկիրն իր անապատներով ու իր մշտադալար անտառներով, լույսով լի իր մանուկներով ու իր տարեցներով, և կանայք, որոնք ամենամոտիկներն են Աստծուն (Կ. Բոբին), երկիրը լի է Աստծո Հոգիով։

Եվ ուստրերն ու դուստրերը մարգարեանալու են, տարեցներն ու երիտասարդները տեսիլքներ են տեսնելու, ստրուկներն ու ստրկուհիները խոսելու են Աստծո մասին, ինչպես ասում է Հովելի մարգարեությունը։ Եվ ուրախությունն ու հարստությունը այս ամենի։

Երկիրը լի է Հոգիով։ Նայի՛ր շուրջբոլորդ, փնտրի՛ր, ակա՛նջ դիր քամուն անդունդների վրա, լսի՛ր սրտի շնչառությունը. երկիրը լի է Աստծով։ Փնտրի՛ր փրկարար գեղեցկությունը, Սերը յուրաքանչյուր սիրո մեջ։ Լի է երկիրը։ Եվ անխոնջ կերպով Աստծո Շունչը գարնան բեղմնափոշի է բերում և ցիրուցան է անում մահվան մոխիրները։

 

 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Կյանքի այբուբենը » (« L'alfabeto della vita ») գրքից, էջ 80-81.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։