« ՆՈՒՅՆԻՍԿ ՔՉԻ ՄԵՋ, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆԿԱՏԱՐ ». Մրկ 10, 35-45 – Գրադարան – Mashtoz.org

« ՆՈՒՅՆԻՍԿ ՔՉԻ ՄԵՋ, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆԿԱՏԱՐ ». Մրկ 10, 35-45

Խորհրդածություն  Մարկոս 10, 35-45  ( « ԶԵԲԵԴԵՈՍԻ ՈՐԴԻՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ » ) հատվածի շուրջ

 

Բայց ովքե՞ր են այս մարդիկ, որ ելան ու ճանապարհ ընկան Հիսուսի ետևից։ Հերոսներ չեն, բարդ մարդիկ են, նրանցից ոմանց ներկայությունը մինչև իսկ շփոթեցնող է, ճի՛շտ ինչպես իմը։
Նրանցից երկուսն այնքա՜ն բռնկուն ու աղմկոտ են, որ Հիսուսն իրենց համար ուժեղ և գեղեցիկ մականուն է մտածել. «Որոտման որդիներ»։ Մի հաճոյախոսություն։ Հիսուսը հիանալի էր գովասանքներ տալու մեջ։
 
Երկու եղբայրները մոտենում են. «Ի՞նչ եք ցանկանում, որ ես ձեր համար անեմ»։ Նա դա հարցնելու է նաև Երիքովի կույրին. նա չի փնտրում իշխանություն, ցանկանում է լույսը. « ... որ ես տեսնեմ»: Մենք բոլորս մի փոքր նման ենք Բարտիմեոսին. լույսի մուրացկաններ՝ կախված ինչ որ մեկից, ով մեր վրա կուղղի իր հայացքը և մեզ կվճարի մի փոքրիկ ''մետաղադրամ''։
 
Երկու եղբայրները, մինչդեռ, չեն խնդրում լույս, այլ` իշխանություն. մեկիս քո գահի ա՛ջ կողմում նստեցրու, իսկ մյուսիս` ձա՛խ կողմում։
Այս խնդրանքի մեջ ճանաչում եմ մեր բոլոր մարդկային աղոթքներից ամենատարածվածը, երբ հայցում ենք ընդունելի լինել այն բաների մեջ, որոնք վախերը, թուլությունները կամ կրքերը ծնում են ներաշխարհում. վերցնելու, բարձրանալու, հրամայելու կամք։ Երեք բայ, որ վնասում են։ Հետևաբար՝ երեք նզովյալ բայեր։
Կան նաև օրնյալ խնդրանքներ, որ ծնվում են լույսի և ուրախության քաղցից, սիրուց, որ պակասում է ինչպես հացը, օրհնյալ բայերից, ինչպիսիք են տալը, իջնելը, ծառայելը։
Բայց նույնիսկ սա բավական չէ, որովհետև աղոթքը չի կատարվում ինչ որ մի բան ստանալու նպատակով, այլ` փոխակերպված լինելու համար։ Ինչպես հուշում է Դա՛վիդ Մարիա Թուրոլդոն. «Ես տակավին, և երբեք, Քրիստոսը չեմ, բայց ես այդ անվերջ հնարավորությունն եմ»:
Աղոթքը չի կատարվում կառչելու համար, այլ՝ ապշելու։
 
Երեք տարվա ճանապարհներից, բժշկված հիվանդներից, ձեռքերից և զամբյուղներից հորդացող հացից, խաչի վրա մահվան երեք ծանուցումներից հետո, այնպես է, կարծես թե աշակերտները դեռևս ոչինչ չեն հասկացել։
Իսկ Հիսուսը, անհավատալի Հիսուսը, վհատվելու փոխարեն վերսկսում է դարձյալ բացատրել նոր երկնքի և նոր երկրի իր երազը։
«Լա՛վ, բայց պայմանով, որ դուք ընդունակ լինեք անելու այն, ինչ ես անելու եմ»:
– Կարո՞ղ եք իմ նույն բաժակը խմել։
– Ինչպե՞ս թե ո՛չ, իհարկե կարող ենք։
Եվ իրոք, խաչի տակ երկու եղբայրներից ո՛չ մեկը կար, ո՛չ էլ մյուսը:
 
Եվ Հիսուսը նրանց կրկին կանչում է Իր մոտ, նրանց է հանձնում խաղաղության մեջ հաստատված աշխարհի կամարածածկի փականաքարը, մի գեղեցկագույն արտահայտությամբ, որն ուժգին կրկնում է երեք անգամ. «Ձեր միջև չպետք է այդպես լինի»։ Այդպես չպետք է լինի ձեր միջև։
Աշխարհում հաղթում են ավելի ուժեղները, ավելի խորամանկները, ավելի հարուստները. ձեր միջև այդպես չէ։
Աշխարհում իրավունքը կարողություններ ունեցողների, խելացիների, ավելի շատ քանակ ունեցողների կողմում է. ձեր միջև այդպես չէ։
Դուք աշխարհի մեջ եք, բայց աշխարհինը չեք, մի՛ միաձևվեք տիրող մտահամակարգի հետ։
 
«Աշխարհի մեծերը կայսրություններ են կառուցում տիրապետությամբ և ուժով։ Այդպես չէ Աստծո մոտ»: Նա չունի գահեր, Իր գոտկատեղին սրբիչ է կապում, ծնկի է գալիս յուրաքանչյուրի առաջ, Նրա կայսրությունը այն սակավ տարածքն է, որը բավարար է քո ոտքերը լվանալու համար։
Այնտեղից` ցածրից, փնտրում է յուրաքանչյուր զավակի աչքերը, փնտրում է իմ վերքերը՝ դրանք լուսեղեն վիրակապերով կապելու համար։
 
Մյուսի վրա լինելը՝ դա մյուսից հնարավոր առավելագույն հեռավորությունն է։
Աստված, մինչդեռ, տեղ է գրավում առավելագույն մոտիկության վրա. քո ոտքերի մոտ։

Թարգմանեց՝ Ալբերտ Պետրոսյան

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։