« ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ »

Հայր Էրմես Մարիա Ռոնքին այս խորհրդածությունը կատարել է բանավոր, մի հոգևոր հանդիպման ժամանակ։ Այստեղ ներկայացնում ենք այդ խորհրդածության տեքստը, իսկ ձայնային տարբերակը կարող եք ունկնդրել էջի ներքևում տեղադրված հղմանը հետևելով։

*******

 

Թեման, որը քննարկելու ենք այսօր, վերաբերվում է հավատալու օգտակարությանը, որի մեջ կփորձեմ խորանալ: ... Այսօր գնալով ավելի է կարևորվում քրիստոնեական հավատքի գիտակցության խորացումը, ... կանգ չառնելով սոսկ կրոնագիտական բանաձևեր անգիր անելու վրա։ ... Արդյունավետ քարոզչություն կատարելու համար հարկավոր է նաև ցույց տալ, որ հավատալը լավ բան է, ... որ հավատալը խիստ օգտակար է մարդու կյանքին։

Մի հոգեբան և հոգեվերլուծաբան ընկերուհի, որին ծանոթ եմ Միլանում, մի քանի օր առաջ կիսվեց իմ հետ այն տեղեկությամբ, որ Թուրինում և Միլանում ծավալած իր քառասնամյա գործունեության ընթացքում երբեք չի ունեցել բուժման դիմած մի պացիենտ, ով լուրջ ու գիտակից հավատացյալ քրիստոնյա լիներ, ... ... ... և որ դա վավերական էր նաև իր կոլեգաների համար։ ... ... ... Եվ դա ինձ շատ տպավորեց, քանի որ ասվում էր բժշկական չեզոք տեսանկյունից դիտված, որ հավատալը լավ բան է, որ հավատքը պաշտպանում է, ... ... ... բայց, անշուշտ, ո՛չ թե ուղեղի ախտերից, մտային պաթոլոգիաներից, այլ՝ հոգու հիվանդություններից: ... Մեկ ա՛յլ մեծ հոգեբույժ ՝ Ֆրենկ Չոմոնն ասում է, որ նրանք, ովքեր կյանքի իմաստ չեն գտնում, հիվանդանում են։

Այստեղ, անշուշտ, հարկավոր է մի ընդգծում կատարել. խոսում ենք ո՛չ թե ընդհանուր առմամբ, որևիցէ մի բանի հավատալու մասին, այլ՝ միայն ու միայն քրիստոնեական հավատքի մասին, և միայն ու միայն գիտակից ու ապրված, հասուն, ո՛չ մակերեսային, ո՛չ սնոտիապաշտ հավատքի մասին։

Այժմ մենք գիտենք, որ հատկապես Ամերիկայում կա բժշկական հետազոտությունների մի ծաղկում, մի զարգացում ՝ աղոթքի, խոկման վերաբերյալ: Ասում են, որ աղոթքն ու խորհրդածությունը ազդում են շնչառության ռիթմի վրա, որը դանդաղում է, հանգստանում, և այդ ժամանակ բարելավվում է թթվածնացումը և նվազում է սթրեսը։ Եվ նույնիսկ այդ պահերին կատարված մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տալիս, որ ակտիվանում են ուղեղի շատ խորը հատվածներ, ինչպիսիք են թալամուսը, հիպոթալամուսը, ստեղծելով մի ներդաշնակ կապ մարդու և իր այն մասերի միջև, որոնք նա մոռացել է:

Բայց հավատքը չի համապատասխանում սրան, չի նույնանում սրա հետ։ Հավատքը հոգևոր ֆիթնեսի տեսակ չէ (հոգևոր մարզասրահ), կամ հոգու բյութի-ֆարմ (գեղեցկության սրահ), կամ ցավազրկող ու հանգստացնող դեղամիջոց: ... ... ... Հավատքը մեզ շա՜տ ավելի հեռու է տանում:

Հավատքը – քրիստոնեակա՛ն հավատքը – դա բոլորովին ա՛յլ, բոլորովին ուրիշ իրականության մասին է, այսինքն՝ Աստծո, ... ... ... Ով գալիս է, որպեսզի պատմությունը լինի բոլորովին ա՛յլ, քան այն, ինչ կա: ... ... ... Հիշենք Կառլ Բարթի մի հայտնի բանաձևը, որը, սակայն, շատ լավ բացատրում է այն էականը, թե ինչ կարող է բերել հավատը։ ... Շատերն են հավատում Աստծուն, ... ... ... բայց ... մի փոքր ժպտալով՝ ուզում եմ ասել. դու հավատո՞ւմ ես, ... հարցնում եմ մի ամուսնու, ... դու հավատո՞ւմ ես կնոջդ։ Այո՛, այո՛, պատասխանում է, ես հավատում եմ, որ իմ կինը կա, ... ... ... և այսպես ես հավատում եմ, որ Աստված կա: Եվ նման է ասելուն, որ հավատում եմ, որ իմ կինը կա, գոյություն ունի։ ... Բայց սա ի՞նչ է նշանակում։ ... Արդյո՞ք, որ սիրում ես նրան, ... որ գոհ ես նրանից, ... որ հավատարիմ ես նրան, ... որ ցանկանում ես նրան երջանիկ տեսնել։ ... ... ... Հավատալ, որ Աստված գոյություն ունի, սա հավատալ չէ, – Ավետարանի՛, Քրիստոնեությա՛ն համար, – նման է հավատալու, որ ամուսինս կամ կինս գոյություն ունի։

Տեսեք, շատերն են հավատում Աստծուն։ Մուսուլմաններ, հրեաներ, քրիստոնյաներ, Նյու-Էյջի նեո-հեթանոսներ, ... ... ... աղոթում է Բին Լադենը, և աղոթում են Պակիստանում գտնվող նրա համալիրի վրա հարձակվողները, ... ... ... աղոթում են իսրայելական բանակի հրեաները, և աղոթում են Ալ-Ֆաթհի արաբները: ... ... ... Խնդիրն այն է, թե ո՛ր Աստծուն, թե ինչպիսի՛ Աստծո են նրանք աղոթում: ... ... ... Եվ Հայր Դավիդ Թուրոլդոն ասում էր, որ Աստծո մասին սխալվելը վատթարագույն բանն է, որ կարող է մեզ պատահել: ... ... ... Որովհետև հետո սխալվում ես ամե՛ն հարցում. պատմության, մարդու, ինքդ քո վերաբերյալ, բարու և չարի վերաբերյալ։ ... ... ... Եթե այդպես է, ուրեմն, ե՞րբ է հավատքը ճշմարիտ, և ե՞րբ է հավատքը կեղծ: ... Ե՞րբ է հավատք, կամ սոսկ կրոնականություն: ... Ճշմարիտ հավատք և կեղծ հավատք։ ... Ահա՛ այլընտրանքը։

Եվ այստեղ ինձ նորից օգնեց Հայր Դավիդ Թուրոլդոյի մատնանշումը, որը խնդիրը պարզեցնում է հետևյալ կերպ։ Կրոնն այն է, երբ դու Աստված ես ստեղծում քո՛ պատկերով ու նմանությամբ: Հավատքն այն է, երբ դու քեզ դարձնում ես, փորձում ես, ճիգ ես գործադրում ՝ լինելու Աստծո պատկերով ու նմանությամբ, ... և փոխում ես քեզ, ... այսինքն՝ բոլորովին Ա՛յլը, Ուրիշը:

Տեսեք, օրինակ. մաֆիայի պարագլուխներից Բեռնառդո Պռովենցանոն այն որջում, որտեղ թաքնվել էր, ուներ Աստվածաշունչ և Սրբապատկերներ, որպես հավատացյալ, ... բայց նա Աստծուն տեղավորում էր մաֆիայի իր տրամաբանության մեջ, չէր փոխում իր սեփական կյանքը՝ Աստծո պատկերով և նմանությամբ։ ... ... ... Կոլումբիայում գտնվածս ժամանակ ինձ պատմեցին մարդասպանների մասին, ովքեր հակառակորդ և մրցակից թմրավաճառների հետ հրազենային ընդհարման գնալուց առաջ եկեղեցում մոմեր էին վառում և աղոթում էին Աստվածածնին իրենց մահաշունչ առաքելության համար: ... ... ... Ահա՛, ուրեմն, ճշմարիտ հավատքը այն ժամանակ է, երբ դո՛ւ քե՛զ դարձնում ես Աստծո պատկերով ու նմանությամբ, ո՛չ թե հակառակը:

Ֆրանսիացի մեծ գրող Քամյուի դիտարկումներից մեկն ասում է, որ քառասուն տարեկանից հետո յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր ունեցած դեմքի համար։ Այն, որ նա բարեհամբույր, առինքնող և խաղաղությամբ փայլող դեմք ունի, կամ վատ մարսողություն ունեցած մեկի վանող ու դառնաթթու դեմքը, ... յուրաքանչյուր ոք արտացոլում է այն, ինչը որ սնուցել է իր սիրտը, իր ուղեղը, իր հոգին: ... ... ... Ի՞նչ դեմքով ենք մենք դուրս գալիս փողոց, շրջում մարդկանց մեջ: ... Ուզում եմ ասել՝ ինչո՞վ ենք մենք սնուցում մեր հոգին ու մտքերը։ ... Ինքներս մեզ կերակրում ենք առատաձեռնությա՞ն մտքերով, բարության, գեղեցկության, ո՛չ մակերեսային խորության, ... թե՞ ինքներս մեզ կերակրում ենք եսասիրության, անհանդուրժողականության, հոգու կարճատեսության, կյանքն անմտությամբ ապրելու տարատեսակ արտահայտություններով, ... վախերով՝ ամեն ինչի հանդեպ։ ... ... ... Եթե ընդունում ենք վատթար, արժեզուրկ մտքերը, դրանք մեզ դարձնում են իրենց պատկերով և նմանությամբ։ ... ... ...

Եթե ընդունում ենք Ավետարանի, հոգու գեղեցկության և բարության մտքեր, ապա դրանք մեզ դարձնում են այրեր և կանայք՝ հոգևոր գեղեցկության: ... ... ... Անշուշտ, բազմիցս լսել ենք՝ մարդն այն է, ինչ ուտում է, ... ... ... բայց ո՛չ կենդանական կամ բուսական սպիտակուցները, ... այլ՝ այն, ինչ նա ուտում է հոգևոր մակարդակի վրա՝ հոգևոր ''սպիտակուցները''։ ... ... ... Եթե սնվում ենք բարությամբ և գեղեցկությամբ, վստահությամբ և ազատությամբ, դրանք բնակություն են հաստատում մեր մեջ և փոխակերպում են մեզ, կերպարանք են տալիս մտքին, զգալու, սիրելու մեր կերպին, ... ... ... մարդը դառնում է այն, ինչը որ ընդունում է իր մեջ, և այն, ինչը որ բնակվում է նրա մեջ:

Հարցը, ուրեմն, այն է, թե ի՞նչ է բնակվում իմ ներսում: ... ... ... Աստվածաշունչ Սուրբ Գրքի համաձայն, հիմնարար այլընտրանքը մարդու համար հաղթելն ու պարտվելը, աղքատ կամ հարուստ լինելը, երկար կամ կարճ կյանք ունենալը չէ։ ... Ջրբաժանը ճշմարիտ է, գտնվում է աշխարհում որպես դեն նետված, դուրս թափված լինելու միջև: ... Հայդըգերն ասում է. «աշխարհում գտնվել գցվածության կարգավիճակով, կորածության կարգավիճակով», կամ էլ՝ աշխարհի մեջ գտնվել ընդունված, խնամված լինելու կարգավիճակով, Ինչ Որ Մեկի կողմից, Ով հոգատար է քո հանդեպ: Ահա՛ ջրբաժանը։

Հիմքի այլընտրանքը դեն նետվածի կարգավիճակի և խնամված լինելու գիտակցության միջև է. ... դեն նետվածի կարգավիճակ, նման մի երեխայի, որին, հազիվ ծնված, գցել են աղբարկղի մեջ, այդպես էլ ես նետված եմ աշխարհ, ... կամ խնամված լինելու գիտակցություն, նման մի երեխայի, ով գիտի, որ մայրը գալու է, իրեն կաթ է տալու, ... նույնիսկ եթե կոնկրետ այս պահին մայրը սենյակում ներկա չէ, որովհետև ինչ որ մի բան է անում, ... բայց գալու է և տալու է իր կուրծքը, կաթնածոր այդ բլուրը, որ կյանք է և ջերմություն: ... ... ... Ահա՛, ուրեմն, թե ի՛նչ է նշանակում հավատալը։ Հավատալը, քրիստոնյայի համար, նշանակում է իմանալ, որ աշխարհում դու, և ողջ աշխարհն ինքնին, ընդունված ես և հոգատարության առարկա:

Սա՛ է հավատալը։ Զգալ, որ ընկղմված ենք մեզնից ավելի մեծ մի ուժի մեջ, որը հասնում է մեզ, պարուրում է մեզ, ներթափանցում է մեր մեջ, ... մի էներգիա, որ երբեք չի սպառվելու, չի նվազելու, ... միշտ հասանելի, միշտ տրամադիր, որից միշտ կարող ենք քաղել: ... ... ... Հավատքը սկսվում է, իմ կարծիքով, որպես հավատալու մարդկային գործողություն:

Մենք բոլորս մարդկայնանում ենք վստահության փոխհարաբերությունների միջոցով՝ որպես մեկնակետ ունենալով մեր ծնողներին: Մենք դառնում ենք տղամարդիկ և կանայք՝ այս սկզբնածին վստահության մեջ: Մենք դառնում ենք մարդկային՝ փոխադարձ վստահության կապեր հյուսելով։

Հավատալու մարդկային գործողությունն է, ... սա է, որ սովորում ենք մանուկ հասակից: Հավատալու մարդկային գործողությունը՝ հավատքը, գոյության առաջին իսկ պահից մեծապես մարդկային, կենսական գործողություն է, որ միտված է կյանքին, որ վերստին արթնացնում է մեր մարդկայնությունը։ ... ... ... Առանց հավատքի անհնարին է լինել մարդկային:

Չեմ խոսում առ Աստված հավատքի մասին, քանի որ շատերը չեն հավատում աստվածայինին, ա՛յլ մտահամակարգեր ունեն, ... ... ... բայց առանց ինչ որ մեկի հանդեպ հավատքի՝ հնարավոր չէ ապրել։ ... Հնարավոր չէ տնից դուրս գալ առավոտյան, հնարավոր չէ մեքենա վարել՝ առանց վստահության, որ մյուսները կհետևեն ճանապարհային երթևեկության կանոններին։ ... Հնարավոր չէ վերելակով իջնել կամ բարձրանալ՝ առանց կույր վստահության՝ շինարարի նկատմամբ, ով կառուցել է համակարգը։ ... Հնարավոր չէ ուտել հացը, որ գնել ես, և վստահ լինել, որ որակյալ է և մեջը որևէ տարօրինակ բան չկա: ... ... ... Առանց հավատքի, առանց դաշինքի, առանց ուխտի, առանց հավատարմության և վստահության ... հնարավոր չէ հասարակություն կառուցել։

Ուստի, ես կարծում եմ, որ եթե այսօր հավատքի ճգնաժամ կա, դա առաջին հերթին հավատքի ճգնաժամ է ուրիշների, մարդկանց նկատմամբ: ... Դա փաստում են, ողբերգական կերպով, սիրո պատմությունները, որ խզվում են, ... ամուսնությունները, ընտանիքները, որ բաժանվում են ... ... ... աճող թիվը նրանց, ովքեր չեն ներգրավվում հասարակության կյանքի մեջ, չեն գնում քվեարկելու: ... ... ... Մի հարցման համաձայն՝ իտալացիների միայն 21%-ն է վստահում ուրիշներին։ Եվրոպական միջինը 36%-ն է։ ... ... ... Հավատքի ճգնաժամը սկսվում է հավատալու մարդկային գործողության ճգնաժամից:

Ինչո՞ւ չենք հավատում Աստծուն։ Այն պարզ պատճառով, որ չենք հավատում սիրույն ... և չենք վստահում միմյանց: ... Սա՛ է, որ ցավ է պատճառում կյանքին: ... ... ... Ուրեմն, ի՞նչ է հավատքը: ... Մի ուժ, որ փոխում է կյանքը, ... ամբողջովին Ա՛յլը, որ գալիս է՝ ինձ ամբողջովին ա՛յլ դարձնելու:

Իմ համար՝ որպես քրիստոնյայի, փոփոխության ուղղությունը Հիսուսի կյանքն է, Նրա լավ ու բարի, գեղեցիկ ու երանելի կյանքը։ ... ... ... Թույլ տվեք ասել, որ բարի՛ էր Հիսուսի կյանքը, քանի որ անընդունակ էր վնասելու և ընդունակ էր սիրելու, այնպես՝ ինչպես ուրիշ ոչ ոք: ... Քանի որ անցնում էր փողոցներով, և բավական էր նրա թիկնոցի եզերքը՝ չարիքներից բժշկելու, ապրելու ցավը հեռացնելու համար։

Բարի է, որովհետև այն նույն ''նյութից'' է, որից Աստված Ինքն է, ... որից ստեղծված են կյանքը և սերը և ողորմությունը: ... ... ... Նա գիտեր սիրել այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք, ... ... ... Նա սիրում էր մինչև իսկ չսիրելին:

Եվ գեղեցի՛կ է, մարդկայնորեն գեղեցիկ է Հիսուսի կյանքը, քանի որ շրջապատված էր ընկերներով, ընդունակ՝ վայելելու Տաճարի քարերի գեղեցկությունը, թռչունների ազատ թռիչքը օդում, դաշտի շուշանների գեղեցկությունը:

Գեղեցիկ, որովհետև ազատ ու կրքոտ կյանք է, ... որովհետև լի է ընկերներով, որովհետև լուսավոր է, որովհետև բաբախում է ազատությամբ, որովհետև խանդավառ է, լիցքառատ, և առանց վախի: ... ... ... Կարծում եմ, որ բոլորս էլ, ... մեկն ավելի, մյուսը նվազ, ... տառապում ենք բանտարկություններից, կապանքներից, և Հիսուսի՝ ազատ մարդու հմայքը մեզնից յուրաքանչյուրի մեջ հուզմունքի ժայթքումներ է առաջացնում:

Չկան կարծրատիպեր, որ կարող են դիմանալ, ... եթե դու դարձնում ես քեզ Ավետարանի ուշադիր ընթերցող, չես կարող խուսափել Հիսուսի ազատության հմայքից։ ... ... ... Կարդում ես Ավետարանը և լիուլի թոքերով շնչում ես ազատությունը, ... ո՛չ թե մագաղաթների անփոփոխությունը, այլ՝ կենդանի մարդուն, որ դրված է որևէ օրենքից առաջ: ... ... ... Միշտ հիշենք Սիմոն Վեյլին, ով ասում է, որ սրբապղծության էությունը օրենքը մարդուց առաջ դնելն է. հաստատելը, թե օրենքն առավել առաջնահերթ է ու կարևոր, քան մարդկային անձը:

Ազատությունը – մեր, իմ, – մի գաղտնիք ունի։ ... Գաղտնիքը Աստծո այն շողն է մեր ներսում, որը Հոգու ճշմարիտ Ուսուցիչները մեզ հրավիրում են բացահայտելու: ... Եթե հավատարիմ ես քո մեջ եղած Աստծո այս շողին, ազատ ես ուրիշների, առարկաների ստրկությունից, չարաշահված ավանդույթներից: Ազատ ես անհոգի կանոններից, ուրիշների սպասումներից, այն կերպարից, որ ուրիշներն ունեն քո մասին։ Ազատ ես միաձևվելու փորձությունից: ... ... ... Քո համար կարևոր են քո Տիրոջ աչքերը, ... Իր հայացքը քո վրա: ... Կարևորը Նրա մի փոքրիկ շողն է քո ներսում: ... ... ...

Եվ Հիսուսի կյանքը, գեղեցիկ լինելուց բացի, նաև երանելի կյանք էր, այսինքն՝ բերկրալի, երջանիկ։ ... Նա այն Ռաբբին էր, ով սիրում էր խնջույքները: ... Նրան տեսնում ենք երեխաներին գրկած, հուզված՝ մեղավոր կնոջ օծանելիքի համար, Իր վրա հեղված։ ... Ասել, որ մարդկային կյանքն ա՛յլ բան չէ և ա՛յլ բան չի կարող լինել, քան միայն՝ երջանկության որոնում: ... Նա տասը երանություններ դրեց Ավետարանի հիմքում, այսինքն՝ տասը ճանապարհներ՝ երջանիկ լինելու համար:

Իսկ ինչո՞ւ ընդունեց խաչը։ ... Որովհետև գոհունակ մարդ էր, ... այլապես հնարավոր չէ մեռնելու գնալ Նրա նույն քաջությամբ։ ... ... ... Եվ Նրան բավական էր, փրկվելու համար, ընդամենը մի քանի հայտարարություն փոխելը։ ... ... ... Հնարավոր չէ ընդունել մեռնել մի խառնաշփոթ գոյության, մի անկարգ ու անկանոն կյանքի համար, որը քեզ բավարարվածություն չի տալիս:

Այս լավ ու բարի, գեղեցիկ, երանելի կյանքը գրավեց աշակերտներին: ... Ա՜յն աստիճան գեղեցիկ էր, որ ասացին` այսպիսի մարդը չի կարող ա՛յլ բան լինել, քան միայն՝ Աստված։ ... ... ... Եվ Սուրբ Բերնարդոսն ասում է. «Գիտե՞ք, թե ի՛նչ են մեզ սովորեցրել Առաքյալները, թե ի՛նչ են արել»: Ասում է. «Ուսուցանեցին լավ ապրել»։ ... Սա՛ է նրանց պատգամը։ ... Ուսուցանեցին լավ ապրել։ ... Ուսուցանել են լավ կյանքը, հիմնված՝ Հիսուսի կյանքի վրա, համակարգված՝ Հիսուսի կյանքի օրինակով ու նմանությամբ:

Այդ դեպքում, ինչի՞ մեջ է կայանում բարի լուրը՝ Ավետարանի ուրախ նորությունը, բարի ավետիսը: ... ... ... Դա ավետիսն է, որ հնարավոր է լավ ու բարի կյանքով ապրել, ... որ հնարավոր է ավելի լավ ու ավելի բարի կյանքով ապրել, ... բոլորի՛ համար ... հնարավոր է լիարժեք կյանքն ունենալ՝ այստեղ և ընդմիշտ, ... և Հիսուսի ձեռքին է դրա բանալին: ... ... ... Հավատացյալը կանչված է ապրելու այդ նույն լավ ու բարի, գեղեցիկ, երանելի կյանքը։ ... ... ... Հե՛նց հիմա, այդ ավելի մեծ կյանքը, քանի որ Տեր Հիսուսը չի եկել բերելու համար մեզ մտքի մի համակարգ, կրոնական մի տեսություն, ... Նա եկել է՝ բերելու մի ավելի մեծ կյանքի իղձը: ... ... ... Նա հաղորդեց մեզ կյանք և առավել կյանքի բաղձանք:

Այս ավելի մեծ կյանքը պատմվում է ավստրիացի մեծ փիլիսոփա Վիթգենշթայնի կողմից ներկայացված մի պատկերով: ... Իր աշխատություններից մեկում նա պատկերացնում է մարդուն որպես մի կղզի ... և ասում է, որ հավատքը առաջնորդում է քեզ քայլելու այդ կղզու ճանապարհներով, ճանաչելու տարածքի բոլոր անկյունները, կտրել անցնելու ափի ողջ ոլորապտույտով, բոլոր նեղուցներով, հրվանդաններով, գոյության ծովածոցերով, ... ... ... այսինքն՝ ծնվելը, վայելելը, սիրելը, տառապելը, մեռնելը, ... ամբողջ գոյությունը, ... ջրից դուրս ցցված ժայռաբեկորները, լողափերը, ... ... ... իսկ հետո, երբ սպառում ես կղզու շրջապտույտը և վերադառնում ես մեկնակետին, ... ... ... երբ ամեն բան ապրել վերջացրել ես, տեղի է ունենում մի շատ հետաքրքրական բան։ ... Դու նկատում ես, որ կղզին ավարտվում է, այո՛, ... բայց որ հե՛նց այնտեղ, որտեղ դու կարծում ես, թե կղզին ավարտվում է, ... այնտեղ սկսվում է օվկիանոսը: ... ... ... Հիշո՞ւմ եք Լուչո Դալլայի այն երգը, ... այն տողը, որտեղ ասում էր. «Այնտեղ, որտեղ վերջանում է երկիրը, այնտեղ սկսվում է երկինքը»։

Այնտեղ, որտեղ դու կարծում ես, որ մարդն ավարտվում է, այնտե՛ղ սկսվում է Աստված։ ... Կղզու եզրերը միաժամանակ օվկիանոսի եզրերն են, և այնտեղ գալիս են բախվելու և փշրվելու անսահմանի ու հավերժականի ալիքները, ... այդպես է տեղի ունենում հավատքի մեջ: ... ... ... Կղզին դուրս է գալիս իր սահմաններից, իմ կղզին կարծես սկսում է նավարկել դեպի ավելի մեծ հորիզոններ, և այնտեղ, որտեղ ավարտվում է իմ պատմությունը, սկսվում է Աստծո պատմությունը, ահա՛:

Մարդկայինի ավարտը Աստվածայինի սկիզբն է, ... քո սահմանը Աստծո սահմանն է, ... իմ մարմնի եզրերը միաժամանակ անսահմանության եզրերն են: ... ... ... Ահա՛ հավատքը, որ ընդարձակում է հորիզոնները, և փոխում է պատմությունը, և պաշտպանում է քեզ նարցիսիզմից, որը հիվանդություններից ամենավատն է, մահաբեր հիվանդությունը: ... ... ... Նարցիսին ավելի դժվար է դարձի բերել, քան Կայենին, քանի որ Նարցիսը ոչինչ չի տեսնում ինքն իրենից դուրս, ... գոյություն ունի միայն ինքը, ... ... ... մինչդեռ հավատքը քեզ դեմ առ դեմ է հանում Մյուսի հետ, ստիպում է քեզ դուրս գալ ինքդ քեզնից և չափվել Ուրիշի հետ, ուրիշների հետ, մեծ հորիզոնների և պատմության հետ։

Հավատքը հորիզոններ է ընդարձակում, ... ... ... և առաջին հորիզոնը, որն ընդարձակում է, ... ամենահրապուրիչը, ... թերևս բառը, որն ամենաթանկն է մեր ականջներին, ... ազատությունն է։ ... Մակերեսային հայացքով դիտողին, զանգվածային լրատվամիջոցների սովորական բառապաշարի համաձայն, հավատքն ու ազատությունը թվում է, թե իրարամերժ են, ... սակայն, մինչդեռ, որքա՜ն ազատություն է ճառագայթում քրիստոնյա Սրբերի արարքներից: ... Եվ որտեղի՞ց են նրանք քաղում այս ազատությունը: ... Հազարամյակներով դիզված ավանդույթների՞ց։ ... Ո՛չ, նրանք ազատությունը քաղում են աստվածաշնչյան հավատքից:

Երեք պատճառով։ ... Ազատությունը։ ... Աստված ազատ կյանքերի ակունքն է։

Ինչո՞ւ։ Տեսե՛ք, առաջին բայը, որն Աստված գործածում է մարդու հետ երկխոսության մեջ Ծննդոց գրքում, դա «դու կարող ես» խոսքն է. ... պարտեզի բոլոր ծառերից « դու կարող ես» ուտել (հմմտ. Ծնդ 2, 16): ... Առաջին բայը, որ դուրս է գալիս Եվայի բերանից՝ օձի հետ երկխոսության ժամանակ, ... տղամարդու և կնոջ առաջին բառը «մենք կարող ենք» հաստատումն է. ... ... ... պարտեզի ծառերից՝ «մենք կարող ենք» ուտել (հմմտ. Ծնդ 3, 2)։ ... ... ... Աստվածաշունչը «դու կկարողանաս» առաջին բայով մատնանշում է, որ կյանքի իմաստը մի ազատություն է, մի ներուժ, մի զարգացում, մի աճ:

Ապրելը՝ որպես հետախույզներ մեկնելն է դեպի հնարավորի սահմանները: ... Ապրել՝ նշանակում է հետախուզել հնարավորությունները: ... Ապրելը՝ ազատության վճռագիր է։

Եվ մինչդեռ, օձի բերանում, մարդուն վերաբերվող առաջին բայն է՝ «չպետք է»։ ... «Ճի՞շտ է, որ ոչ մի ծառից չպետք է ուտեք» (հմմտ. Ծնդ 3, 1)։ ... ... ... Թշնամին կյանքը ներկայացնում է որպես արգելքների ծուղակ, որի իմաստը հրամաններ կատարելն է կամ չկատարելը։  ... «Դու կարող ես», կամ էլ՝ «դու պետք է»:

Աստված և մարդը որպես առաջին բայ գործածում են այն բայը, որը մատնանշում է մի այո՛ կյանքին: ... ... ... Թշնամին գործածում է արգելքի բայը, մի ո՛չ կյանքին։ ... ... ... Աստվածաշնչյան մտածելակերպի մեջ մարդը զավակ է մի գումարման, ո՛չ թե՝ մի հանման:

«Դուք կարող եք», ո՛չ թե՝ «դուք պետք է», «դուք պարտավոր եք»: ... ... ... Բերկրանքն է, որ ինձ տալիս է զգալ, որ պատկանում եմ մի բաց համակարգի, և ո՛չ թե մի փակ, արգելափակված, կանխորոշված համակարգի։ ... ... ... Մենք համակարգիչներ չենք, որոնց մեջ տեղադրվում է մի ծրագիր, և մենք սոսկ պարտավոր ենք աշխատել այդ ծրագրի համաձայն:

Քրիստոնյա հավատացյալները հրամաններ կատարողներ չեն։ ... Մենք ճանապարհներ ստեղծողներ ենք, ... ճանապարհներ արևի մեջ, ... որոնք տանում են դեպի լավ ու բարի, գեղեցիկ և երանելի մի կյանք, ... ... ... որոնք մեզ տանում են դեպի միմյանց, և ապա միասին՝ փոքրիկ ծովափեր ունեցող կղզուց այն կողմ, դեպի առավել լուսապայծառ հորիզոններ:

Եվ ապա կա ազատության մի երկրորդ պատճառ, որը հավատքն ընդարձակում է: ... Ավետարանի կենտրոնը, նոր տասը պատվիրանները, ... տասը երանություններն են, որոնք հրամաններ չեն: ... Չկա մի խոսք «արա՛» կամ «մի՛ արա» տրամաբանությամբ: ... Դրանք պարտադրանքներ չեն, – «դու պե՛տք է այսպես անես» կամ «չպետք է այսպես անես», – այլ՝ ազատ, ձրի, սրտաբուխ ընծա են, որն ասում է. «Այս Աստվածը բերկրանք է պարգևում նրանց, ովքեր սեր և բարություն են տարածում»:

Երանի՜ աղքատներին (հմմտ. Մտթ 5, 3), ... ... ... տարօրինակ խոսք է, ... ... ... բայց կարծես ուզում է ասել. «Դու ո՞ւմ հետ ես նախընտրում ապրել»։ ... Հարուստների՞ շրջապատում, ովքեր ի ցույց են դնում իրենց փողերը։ Փողի սովով բռնվածների՞ շրջապատում, որոնց համար յուրաքանչյուր մարդ մի գին ունի ... և կարող է գնվել: ... ... ... Թե՞ աղքատների հետ, ովքեր դատարկ ձեռքեր ունեն, ազատ ձեռքեր, քեզ տալու ոչինչ չունեն։ ... Բայց, հետևաբար, ունեն իրենք իրենց, որ կարող են տալ, և այնքա՜ն գորով, ... ... ... իրենց սիրտն են քեզ տալիս: ... ... ... Ո՞ւմ կցանկանայիր տեսնել քո կողքին ընտանիքում: ... Կցանկանայի՞ր մաքուր սրտերով բնակեցված մի տուն: ... Ջինջ աչքերով բնակեցված մի տուն։ ... ... ... Թե՞ անձինք, որ կեղտոտ են ներքուստ, և ունեն ծամածռված սրտեր: ... Երանի՜ նրանց, ովքեր մաքուր են սրտով (հմմտ. Մտթ 5, 8): ... ... ... Բայց ինչպիսի՞ աշխարհի մասին ես դու երազում: Որտեղ գործի են լծված խաղաղարարնե՞րը (հմմտ. Մտթ 5, 9)։ Թե՞ որտեղ միշտ հաղթում է ավելի ուժեղը, ավելի զինվածը, ավելի դաժանը: ... Ուզում ես ապրել մի քաղաքում, մի պետության մեջ՝ անազնիվ ու կաշառակեր մարդկա՞նց։ Թե՞ փոխարենը՝ մի երկրում, որտեղ բոլորը արդարության քաղցն ու ծարավն ունեն (հմմտ. Մտթ 5, 6)։

Սրանք հռետորական հարցեր չեն։ ... Ուրվագծում են մի աշխարհ, որն ամբողջությամբ ա՛յլ է, լիովին տարբերվում է այն աշխարհից, որն հիմա առկա է. ... մի աշխարհ, որտեղ ապրելը գեղեցիկ է, և դու կարող ես դա անել ազատության մեջ:

Եվ հավատքի երրորդ պատճառը, որն ընդարձակում է ազատությունը, ... երկու բևեռները, որոնց միջև շարժվում է հավատացյալի կյանքը, մի կողմից հոգին է՝ Սուրբ Հոգին, իսկ մյուս կողմից՝ խիղճը։ ... ... ... Երբե՛ք խղճի դեմ, երբե՛ք խղճից այն կողմ, անտեսելով խիղճը: ... Խիղճը ազատության պատվարն է։ ... ... ... Բարի գործն անգամ չպետք է պարտադրաբար արվի, ... ... ... այն շատ վատ ձևով կանեիր, եթե պարտադրանքի տակ անեիր, ինչպես ավագ որդին՝ Անառակ Որդու առակի մեջ (հմմտ. Ղկս 15, 11-32)։ ... «Ես միշտ հնազանդվել եմ, ... ես միշտ արել եմ», բայց ... սիրտը հիվանդ է, ... սիրտը բացակա է։

Երկու բևեռները։ Եվ եթե սա ազատություն չէ՞ ... ։ ... ... ... Մի ռաբբին, տեսնելով մի մարդ, ով շաբաթ օրով ինչ որ աշխատանք էր անում, մոտենում է նրան և ասում. «Տե՛ս, դու արգելված բան ես անում, բայց ... եթե դու չգիտես, թե ինչո՛ւ ես դա անում, մեղանչում ես, ... բայց եթե դու գիտես, թե ինչո՛ւ ես դա անում, օրհնված ես»։ ... ... ... Վերջին լույսը խիղճն է, ո՛չ թե՝ օրենքը:

Եվ այս ազատությունը, որը քրիստոնեական հավատքը բերում է, ... ազատության այս կառուցվածքը հոգու համար, ... մեզ օգնում է ազատ լինել երկու բաներից. դիմակներից և վախերից։ ... ... ... Միլանի Թեմի մի բանվոր քահանա՝ Դոն Չեզառե Սոմմառիվան, իր կտակի մեջ թողել է այս պարզ մեծ կանոնները։ ... Նա գրում է. «Ամեն ինչի վերջում, կարող ենք դնել մարդկային դաստիարակի երեք օրենքները»։

Առաջին. չվախենալ։ ... Երկրորդ. վախ չներշնչել։ ... Երրորդ. վախից ազատել։

Այն, ինչը որ կարևոր է, հարաբերությունն է, որի ներսում չլինի ոչինչ, որ կարող է կապ ունենալ վախի հետ: ... Եվ հավատքը մեզ ազատում է հենց սրանից. դիմակներից ու վախերից։ ... ... ... Դիմակներից, որովհետև Աստծո առաջ ի՞նչ ես ուզում դիմակներով գաղտնի պահել։ ... Ի՞նչ ես ուզում թաքցնել։ ... Քեզ կանչում է սրտի անկեղծությունը, ուրիշ ոչի՛նչ։ ... ... ...

Մենք, մինչդեռ, դուրս ենք գալիս տնից և իսկույն դիմակ ենք դնում։ ... Գնում ենք աշխատանքի և մի երկրորդ դիմակ ենք հագնում։ ... ... ... Դպրոցում, կամ ընկերների հետ գտնված ժամանակ, ևս մեկ դիմակ, ... ... ... թերևս նաև ամուսնուս հետ, կնոջս հետ՝ մի ուրիշ դիմակ էլ։ ... ... ... Գուցե միայն մի քանի վստահելի ընկերոջ հետ է, որ դիմակներ չենք կրում։ ... ... ...

Ինչու՞ ենք այդպես վարվում: ... Որովհետև վախենում ենք, վախեր ունենք։ ... Չենք ներկայացնում մեզ որպես մենք ինքներս, որովհետև վախ ունենք։ ... ... ... Երկուսն են այն բաները, որոնք մենք պետք է որ ավանդենք, փոխանցենք մեր զավակներին։ Միայն երկու բան։ Որ դիմակներ չկրեն, և որ չվախենան։ ...

Ինչո՞ւ եք վախենում։ Աստծո խոսքը Աստվածաշնչի մի ծայրից մինչև մյուսը մխիթարում է, և ապա հորդորում է մեզ՝ անթիվ անգամներ կրկնելով. Մի՛ վախեցիր, ... Մի՛ վախեցիր. ... ... ... Աստծո շուրթերին, Հիսուսի շուրթերին, մարգարեների, քահանաների, կանանց, թագավորների, մուրացկանների, օտարականների շուրթերին հնչում է այս կոչը. Մի՛ վախեցիր: ... ... ... Հարյուրավոր անգամներ։ ... ... ... Ինչ որ մեկը հաշվել է դրանք և ասում է, որ թվով 365-ն են, ... մեկական կոչ՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար: ... Հասնում է մեզ, ասես Աստծո բարի լույսի ողջույնն է մեր յուրաքանչյուր զարթոնքին, ամեն օրվա սկզբում, որպես մեր հանապազօրյա հաց՝ Աստծո «Մի՛ վախեցիր»ը: ... ... ...

Ինչո՞ւ եք վախենում։ ... Դե, հազարավոր պատճառներ կան։ ... Վավերական պատճառներ։ ... Վախենում ենք երեխայից, ... նրանից, ով հիվանդ է, տկար, դյուրաբեկ, ... նրանից, ով աղքատ է, ով մահամերձ է, ... քաղաքացուց՝ առանց կառավարության, ... ճգնաժամից։ ... ... ... Հետաքրքրական է, և հատկանշական, որ «վախ» եզրը լատիներենում ունի միևնույն արմատը, որից առաջացել է նաև «հատակ» եզրը։ ... ... ... Վախն իր մեջ կրում է այս սկզբնածին նշանակությունը՝ գետնին ընկած, տարածված լինել, գետնատարած, ... ցածրում, ... ոտքի տակ տրորված, ... հարթեցված, տափակացված, ... ինչպես հին տների հողաշեն հատակները: ... ... ... Մի մարդ, այսինքն, ոտքի տակ տրորված, հարթեցված, գետնին անշարժ պառկած։

Եվ այս ոտնատակ եղած մարդուն, որ չի կարողանում վեր կենալ, կրկին ոտքի կանգնել, ... ընկճախտի մեջ տառապող այս մարդուն է ուղղվում Եսայիա Մարգարեի լուսավոր հրավերը. «Կրկին վե՛ր կացեք, բարձրացրե՛ք ձեր գլուխները, որովհետև մոտ է ձեր ազատագրումը» (հմմտ. Ղկս 21, 28)։

Աստծո Մարգարեն երազում է տղամարդիկ և կանայք, ովքեր ուղղահայաց կյանք ունեն, աչքերը դեպի վեր, և ազատ: ... ... ... Կա մի բան, որ հակադրվում է վախին։ ... Եվ դա հույսն է, ... հավատքի քույրը:

Հույսը՝ այս մանուկ առաքինությունը, երեք քույրերից կրտսերը, ասում է Պեգին։ ... Գտնվում է մյուս երկուսի՝ հավատքի և սիրո միջև: ... Հույսը ամենափոքրն է։

Թվում է, թե մյուս երկուսը բռնած պահում են նրա ձեռքերից և առաջ են տանում, օգնում են քայլել, ... ... ... մինչդեռ ընդհակառակը, փոքր քույրն է, որ առաջ է տանում մյուս երկու քույրերին։ ... ... ... Մենք կարողանում ենք հավատալ միայն այն բաներին, որոնց հանդեպ կարողանում ենք հույս տածել: ...

Եվ «հուսալ» եբրայեցերենում ասվում է «քիվվա՛»։ ... Հույսը մի եզր է, որի արմատը կապված է «քավ» եզրի հետ՝ կրկին եբրայեցերենում, որը որմնադիրների պարանն է, այն թելը, որը շինարարները ձգում են՝ ուղիղ վեր բարձրացնելու համար տան պատերը կամ քաղաքի պարիսպները։ ... Կամ նաև՝ աղեղի լարն է` նետը հեռու արձակելու համար: ... ... ... Հույս ունենալը, հետևաբար, հղում է կատարում ինչ որ մի ուղղությամբ ձգված պարանի գաղափարին, ... մատնանշում է մի հակվածություն, ... ծրագրավորում, ... դեպի առաջ արձակել իմ կյանքը, ... մի տուն, որ կառուցվում է: ... ... ... Մատնանշում է ինչ որ մի բան կամ ինչ որ մեկին սպասելը, ինչ որ մի ակնկալիք ունենալը, ... գետնից վեր կենալը: ... ... ... Հույսը իմ ներկան է, որ ձգտում է դեպի ապագան: ... ... ... Սուրբ Թովմա Աքուինացին ասում է. «Հույսը ապագայի ներկան է»: ... ... ...

Գիտեմ, որ իմ պատմության կարմիր թելի ծայրը հաստատուն գտնվում է Աստծո ձեռքերում։ ... Եվ հետևաբար՝ վստահում եմ, հավատք ունեմ, ունեմ հույս: ... Մի լավ ու բարի ապագա եմ մշակում իմ ներկայում, ... մշակում եմ արգասավորության բոլոր պայմանները՝ իմ կյանքի և ուրիշների կյանքի:

Ուրեմն ահա՛, թե ո՛վ է քրիստոնյան, հավատացյալը, ... ... ... ճիշտ հակառակն է նրա, ով ընկած է գետնին, ... նրա, ով այլևս ոչինչ չի սպասում կյանքից և ուրիշներից: ... ... ... Հավատքը համառ հավատարմությունն է գաղափարին, որ պատմությունն ու կյանքը ճանապարհ են – հակառակ բոլոր ժխտումների – դեպի փրկությունը: ... ... ... Հավատքը համառ հավատարմությունն է գաղափարին, որ կյանքն իմաստ ունի, ... որ կյանքի իմաստը դրական է, ... այս իմաստը հավերժական է, երբեք չի վերջանալու: ... ... ...

Մի շատ պարզ այլաբանություն հիշենք։ Մեր գոյության մեջ մենք քայլում ենք այնպես, կարծես թե զբոսանքի ենք դուրս եկել երկու շների ուղեկցությամբ։ Երկու շներից մեկը վախն է, մյուսը՝ հույսը, վստահությունը, հավատքը։

Շունը, որին դու ավելի շատ ես կերակրում, միշտ ավելի մեծ և միշտ ավելի ուժեղ է դառնում: Շունը, որին քիչ ես կերակրում, ավելի փոքր է մնում: ... Ուստի, եթե ես սնուցում եմ վախը, իմ բոլոր վախերը, ... եթե ես ուշադրություն եմ դարձնում վախին և համաձայնվում եմ վախի հետ, ... եթե կերակրում եմ վախի զգացումը, այն շարունակում է աճել:

Եթե, մինչդեռ, պահպանում և մշակում եմ հույսի և վստահության մտքեր, հիմնավորումներ, սա՛ կլինի այն մեկը, որը միշտ ավելի մեծ կդառնա: ... ... ... Թունիսում գտնվող մի պատմական առանձնատան մեջ տեսել եմ շենքերից մեկի շեմը՝ խճանկարով զարդարված, որի վրա հունարենով գրված էր. «Ներսումդ արձագանքել տուր հույսերիդ». այսինքն՝ այնպես արա, որ հույսերդ երգեն, ... կերակրիր հույսերդ, ... լսիր նրանց, ... ձայն, տարածք տուր նրա՛նց, ո՛չ թե քո վախերին: ... ... ...

Բայց խնդիրն այս դեպքում դառնում է հետևյալը. ի՞նչ և ինչպիսի՞ հույսեր են երգում իմ մեջ։ Ի՞նչ մակարդակի նպատակներ ունեմ ես: Գոհանում եմ մի քիչ առողջությա՞մբ, մի քիչ փողո՞վ, մի քիչ ապահովությա՞մբ։ Ո՞րն է իմ երազանքը: Լողավազանով առանձնատուն և Ֆեռռառին ավտոտնակո՞ւմ ... տղաների համար։ ... ... ... Սրանք, սակայն, հույսեր են, որոնք հակված են դեպի վախը, ... դեպի վախը՝ կորցնելու այն, ինչը որ ձեռք եմ բերել։

Որովհետև այն, ինչը որ մենք ակնկալում ենք կյանքից, մենք դա չենք չափում ՀՆԱ-յի՝ համախառն ներքին արդյունքի համեմատ, ... այլ, թույլ տվեք այսպես ասել, մի հիպոթետիկ ԵՆԱ-յի, այսինքն՝ երջանկության ներքին արդյունքի հիմքի վրա: ... ... ... Ուրեմն, ի՞նչ եմ ես ակնկալում, ինչի՞ հույսն ունեմ ՝ երջանկության ներքին արդյունքի համար: ... Ես ուզում եմ երջանիկ ընտանիք և գեղեցիկ ընկերություններ, ... ավելի շատ մշակույթ վայելել, ... ... ... ես ուզում եմ ազնվությունը և կաշառակերության վերջը, ... ես ուզում եմ պաշտպանել արարչության գեղեցկությունը, ... խաղաղություն եմ ակնկալում իմ և երկրագնդի համար, ... ... ... ցանկանում եմ արդարություն իմ և Աստծո բոլոր զավակների համար, և ազատություն և հարգանք՝ ամենաաղքատներից սկսած: ... ... ... Ուստի դուք հասկանում եք, որ հավատքը ձգտում է կյանքի տարածմանը՝ իր ամենագեղեցիկ կերպի մեջ: ... ... ...

Տարածել, ընդարձակել քրիստոնեական հավատքը՝ նշանակում է նաև տարածել, ընդարձակել հենց վստահությունը, վստահությունը մյուսի հանդեպ, ... վստահությունը, որ նա նույնպես իր սրտի խորքում փնտրում է միևնույն բաները, որոնք ես եմ փնտրում: ... ... ... Եվ ուրեմն, ընծայում եմ վստահության մի ''կանխավճար'' յուրաքանչյուր մարդու, որովհետև դա մյուսին ընծայելով՝ մյուսի մեջ նվազում է վախը, և հավանական է, որ վստահության պարույրը վստահություն ծնի, վստահություն Աստծո հանդեպ, վստահություն Աստծո մեջ։ ... ... ... Ես վստահում եմ Նրան. ինչո՞ւ: ... Որովհետև Նա վստահում է ինձ, Նա ցույց է տվել ինձ դա: ...

Սիրում եմ Նրան, Ով սիրում է ինձ, ... ... ... հավատում եմ Նրան, Ով հավատում է ինձ: ... ... ... Կա, գրեթե, հավատքի մի կրկնապատկում: ... ... ... Խոնարհվում եմ Նրա առաջ, Ով իմ ոտքերի առաջ խոնարհվեց Վերջին Ընթրիքի ժամանակ: ... ... ...

Եվ այստեղ հիշում եմ Ֆրանցիսկոս Պապի այն հուզիչ խոնարհումը ամբոխի առաջ՝ խնդրելու համար հավաքվածների օրհնությունը։ ... ... ... Խոնարհվում եմ, մտածեցեք, մարդու առաջ ... ... ... ո՛չ թե հզորների, ո՛չ թե հարուստների, ո՛չ թե կաշառակերների առաջ, այլ՝ ... Երկրագնդի յուրաքանչյուր ամենափոքր զավակի առաջ: ... ... ... Եվ ապա, վստահություն աշխարհի և նրա ճակատագրի հանդեպ, որովհետև ապագան լավն է լինելու, ... աշխարհը չի վերջանալու կրակի մեջ, այլ՝ վերջանալու է գեղեցկության մեջ: ... ... ...

Վերընթերցենք Աստվածաշնչի վերջին գրքի՝ Հովհաննու Հայտնության վերջին տեսիլքը։ ... ... ... «Տեսա, թե ինչպես էր նոր երկիրը իջնում երկնքից, գեղեցիկ՝ ինչպես հարսը, որ պատրաստ է սիրո հանդիպման համար»։ ... ... ... Եվ վստահություն ինքս իմ հանդեպ, քանի որ Աստված վստահություն ունի իմ հանդեպ:

Եվ ես կարծում եմ, որ հավատքի ներկայիս ճգնաժամը սկսվում է հավատալու մարդկային գործողության ճգնաժամից: Հավատքի ճգնաժամը վստահության ճգնաժամի արգասիքն է, վստահության ճգնաժամ սեփական անձի, մարդու, ուրիշների, ապագայի նկատմամբ։ Այսօր շատերն այլևս չեն հավատում սիրույն։ ...

Մինչդեռ, ո՞րն է քրիստոնեական տարբերությունը: Հովհաննեսի Ընդհանրական Առաջին Նամակում, գլուխ 4-րդ, տող 16-րդ, կարդում ենք. «Մենք նրանք ենք, ովքեր հավատացել են սիրույն, Աստծո սիրույն»։ ... Դու, քրիստոնյա, ինչի՞ն ես հավատում: ... Եթե ​​մեզ հարցնում են դա, մենք անմիջապես պատասխանում ենք. Հավատում եմ Աստծուն՝ Ամենակալ Հորը, Արարչին, ... հավատում եմ Հիսուս Քրիստոսին, ... Սուրբ Հոգուն:

Մեր միջի լավագույնները կավելացնեն. Հավատում եմ Սուրբ, Ընդհանրական, Առաքելական Եկեղեցուն։ ... ... ... Եվ սակայն, ո՛չ։ ... Մենք նրանք ենք, ովքեր հավատում են սիրույն։ ... ... ...

Իսկ սիրույն հավատալը հնարավոր է բոլորի համար։ ... Կրոնական մի ճանապարհի ներսում և կրոնական ճանապարհից դուրս: ... Հնարավոր է, անկախ քո հավատքից ու դավանանքից, հնարավոր է հավատալ սիրույն: ... ... ...

Այսպիսով, իսկապե՛ս, յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալ՝ սիրո՛ւյն հավատացող է, այսինքն՝ վստահություն վերարթնացնող, կապեր վերակենդանացնող, ... մեկը, ով օգնում է մարդկանց՝ վերագտնել հավատքը իրենք իրենց, ուրիշների, կյանքի, սիրո հանդեպ: ... ... ... Այնուհետև, ... հավատալու մարդկային գործողության ներսում, ... Աստծո հանդեպ հավատքը նույնպես հող կգտնի՝ զարգանալու համար: ... Սա՛ կարող ենք փոխանցել նոր սերունդներին։ ... Քրիստոնեությունը՝ սիրույն հավատալն է: ... ... ...

Եվ եթե ես, ... եթե ես՝ առօրյա կյանքի մարմնի մեջ, աշխատանքային ժամերին, օրվա հանդիպումների մեջ, ... ես վստահության կապեր եմ կառուցում, ... եթե վստահելի եմ և արժանահավատ, ... եթե ցանցում շրջանառության մեջ դնում եմ հավատարմություն և առատաձեռնություն, ... եթե ընդարձակում եմ վստահասիրտ և առատաձեռն անձանց թիվը, ... ուրեմն իմ քաղաքի, իմ ընտանիքի, իմ ժողովրդի համար՝ ես տարածք եմ դառնում աշխարհի մեջ Աստծո մուտքի համար: ... Որպեսզի աշխարհը դառնա ա՛յլ, քան այն, ինչ կա: ... Ահա՛ այն, ինչը որ ընդարձակում է հավատքը։ ...

Մենք հավատացինք սիրույն: ... ... ... Մարիթենը գրում է. «Բոլորս շատ սիրո կարիք ունենք՝ լավ ապրելու համար»։ Իսկ միջնադարյան ասացվածքներից մեկը. «Արդարները քայլում են, իմաստունները՝ վազում, իսկ սիրահարները՝ ճախրում են»:

Եվ «սեր»ը Հիսուսի վերջին խոսքն է։ ... Եվ սա սենտիմենտալ իրողություն չէ: ... Սիրեցե՛ք միմյանց, այլապես՝ բոլորդ կոչնչացնեք իրար։ ... Սիրեցե՛ք միմյանց, այլապես՝ ապագա չի լինի Երկիր մոլորակի համար։ ... ... ...

«Սիրել» հասկացողությունը Ավետարանում միշտ ներկայացվում է «տալ» բայով։ ... ... ... Կցանկանայի հիշել մի դրվագ իմ կյանքից, որը մեծապես տպավորել է ինձ։ ... Հռոմի Ջեմելլի հիվանդանոցում էի։ ... Եղբայրակիցներիցս մեկին էի այնտեղ տարել, քանի որ երկար ժամանակ ընկճախտով էր տառապում։ ... Մի որոշ ժամանակով հոսպիտալացվեց։ ... Հետո, երբ դուրս գրվեց, ցանկացա խոսել Հոգեբուժության բաժնի ղեկավարի հետ։ ... Եվ նրանից խորհուրդ խնդրեցի, թե ինչպե՛ս պետք է վարվեի: ... Եվ նա ինձ այսպե՛ս պատասխանեց. «Որպեսզի այնպես անենք, որ այս եղբայրն իրեն լավ զգա, պետք է օգնենք նրան՝ տալ սովորել»: ... ... ... Դա ապշեցրեց ինձ: ... Հարցրեցի. «Բայց, տալ ... ի՞նչ»: ... Եվ նա. «Այն, ի՛նչ ունի, ի՛նչ կարող է։ ... Իր ժամանակը, իր մշակույթը, իր հավատքը, իր ընկերությունը»: ... Եվ հավելեց. «Որովհետև մարդը, իրեն լավ զգալու համար, պետք է տա»։ ... ... ... Այդ ժամանակ ես նրան հարցրեցի. «Բայց, բժիշկ, մարդն, իրեն լավ զգալու համար, ինչո՞ւ պետք է տա՝ իր ժամանակը և իր ունեցած մյուս բաները»։ ... Եվ նա ինձ պատասխանեց այս խոսքերով, որոնք այլևս երբեք չմոռացա. «Որովհետև տալը՝ կյանքի օրենքն է: Կյանքի օրենքը վերցնելը չէ, տալն է»։ ... ... ...

Եվ իրոք, Ավետարանում «սիրել» բայը, ուշադրություն դարձրեք, միշտ ներկայացվում է մեկ ա՛յլ՝ փոքրիկ, պարզ, կոնկրետ բայով, որը «տալ» խոնարհ բայն է: ... «Աստված այնքա՜ն սիրեց աշխարհը, որ տվեց Իր Որդուն ... » (Հվհ 3, 16)։ ... «Չկա ավելի մեծ սեր, քան սեփական կյանքը տալը» (Հվհ 15, 13)։ ... «Ով անգամ մի բաժակ սառը ջուր կտա ... » (Մտթ 10, 42)։ ... ... ... Ամբողջ Ավետարանը մի բաժակ սառը ջրի մեջ։ ... ... ...

Բայց «սառը», որ նշանակում է ամենալավը, որ դու ունես, ... ամենալավը, որ գտել ես, ... այն, որը տրվել է սրտանց, ... որտեղ սրտազեղություն կա։ ... ... ... Ամբողջ Ավետարանը «տալ» բայի մեջ, մարդու բարօրության կանոնը: ... ... ...

Քրիստոսը եկել է որպես բարու հանդեպ ուշադրություն, ... կրկնում է, որ գոյության իմաստը՝ կյանքում կյանք տվող լինելն է։ ... Ի՛ր նմանությամբ։ ... Այդ ժամանակ քեզ լավ ես զգում, ... կյանքով՝ իր բոլոր ձևերի մեջ: ... ... ... Դու ապրում ես, եթե կյանք ես տալիս: ... Եթե ​​տալիս ես սեր, ողորմություն, ուշադրություն, ժամանակ, սիրտ, ... ... ... դու հարուստ ես միայն նրանով, ինչը որ տվել ես։ ... ... ...

Եվ ի վերջո, ... ազատությունից ու վստահությունից, սիրուց բացի, ... հավատքն առաջ է բերում մի բան, որը չեմ վարանում անվանել ապրելու հաճույքը: ... Հավատքը երջանիկ լինելու ռիսկն է, ... բարի լուրը, որով բացվում է Ավետարանը: ... ... ... Ավետարանի կարծես կրկնապատկում լինելով, հրեշտակի առաջին խոսքը՝ Մարիամին ուղղված, «caire»ն է, այսինքն՝ ուրախացի՜ր։ ... Ուրախացի՜ր, Մարիամ, երջանիկ եղիր։ ... ... ... Չի ասում. սա՛ արա, ա՛յն արա, ծունկի՛ արի, աղոթի՛ր, գնա՛, արի՛, ... ... ... ո՛չ, ... ուրա՛խ եղիր, երջանի՛կ եղիր։ ... ... ... Նախքան Մարիամի կողմից «այո՛» ասելը, Աստված արդեն «այո՛» ասաց նրան: ... ... ... Եվ Աստված տակավին հմայում է, քանի որ միշտ խոսում է բերկրանքի լեզվով: ... ... ...

Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ո՞րն է հոգևոր կյանքի առաջին հարցը: ... Ո՞րն է առաջին բանը, որ պետք է հարցնեմ ինքս ինձ: ... Խղճի քննությունը։ ... Խղճի ճշմարիտ քննությունը չի սկսվում այն բաների ցանկով, որոնք անելիս սխալվել եմ, իմ մեղքերի ցանկով: ... ... ... Թե լավն եմ եղել, կամ վատը: ... Խելոք եմ եղել, թե ո՛չ։ ... Վերարթնացված կյանքը սկսվում է այս հարցով. «Բայց ես, արդյո՞ք ես գոհ եմ»: ... Այսօր ես գո՞հ եմ: ... Եվ ապա, ի՞նչն է ինձ գոհացնում։ ... Ինչի՞ մեջ եմ ես բերկրանք գտնում: ... Բերկրանք, որ տևական լինի: ... ... ... Բոլոր հարցերից առաջինը, բոլոր հարցերի մայրը սա՛ է. «Գո՞հ եմ»։ ... Եվ երկրորդը. «Ի՞նչն է ինձ բերկրանք պատճառում»։ Բայց բերկրանք, որ տևական լինի, քանի որ երջանկության խնդիրը համընկնում է կյանքի խնդրի հետ:

Երջանկությունն այն ամեն ինչն է, որի ցանկությունը ինձ կենդանի է պահում: ... Երջանկությունը համաչափ է իմ ցանկությունների որակին։ ... Իհարկե, եթե ցանկանում ես հաղթել խաղատանը, վաղը պետք է նորից սկսես: ... Քոնը կորցնելու վախն է, ո՛չ թե՝ երջանկության ցանկությունը: ...

Կարծում եմ, որ ժամանակն է այլևս, որ մենք խոսենք հավատալու բերկրանքի մասին: ... ... ... Որովհետև հավատալը, ինչ որ մեկի հանդեպ վստահություն տածելը, – մարդ, թե Աստված, – մարդկայնություն ծնող իրականություն է, ... կրկնապատկում է կյանքը, ... բերում է հանդիպումների ցնծություն, ... հավերժության սերմ է դնում սիրո մեջ: ... ... ...

Խորքում, սեր տալը և սեր ստանալը այն է, ինչի վրա կշռվում, հավասարակշռվում է կյանքի երջանկությունը: ... ... ...

Պատարագի արարողակարգի մեջ մի հրաշալի աղոթք կա հանգուցյալների համար։ ... Գոհաբանական Երրորդ Աղոթքի մեջ, մի որոշակի պահի, ասվում է. «Ընդունի՜ր նրանց՝ վայելելու Քո Դեմքի լույսը»: ... ... ... Ուշադրություն դարձրեք գործածված բային. «Վայելել»։ ... Ո՛չ թե՝ ընդունիր նրանց գովաբանելու, աղոթելու, հայելու, հանգստանալու, ... ... ... այլ՝ վայելելու: ... ... ... Վերջին բայը, որ մնում է, երբ այլևս ոչինչ չի մնում: ... ... ... Եվ հավատքը, վերջում, իր տեղը զիջում է վայելքին, որովհետև սա՛ է իր նպատակակետը։ ... ... ... Եվ այս մեծապես մարդկային բային, որն ամենաշատն է մերը, ... ամենացանկալին, ... և Աստված հետ է քաշվում, անհետանում է կարծես, Իր զավակների վայելքի ետևում: ... ... ...

Եվ տեսեք, Իր զավակների երջանկությունն Աստծո համար ավելի կարևոր է, քան նրանց հավատարմությունը: ... ... ... Դա հստակ կերպով տեսնում ենք Հոբի պատմության մեջ, ... դա տեսնում ենք Անառակ Որդու առակի մեջ: ... ... ... Յուրաքանչյուր ներման մեջ, Իր զավակների երջանկությունն ավելի կարևոր է Նրա համար, քան մեր հավատարմությունը: ... ... ...

Որովհետև ներումը, ի՞նչ է։ ... Միակ պարգևն է, որը մեզ զոհ չի դարձնի այլևս, որն այլևս զոհեր չի անի երկրի վրա՝ ... ո՛չ մեզնից դուրս, ո՛չ մեր ներսում։ ... Եվ հավատքն ինձ վստահեցնում է, որ ներումը – հավատքի կառուցվածքային մասը լինելով – ներումը մեզ դուրս է բերում մեր բոլոր ցմահ բանտարկության ներքին զնդաններից, որտեղ մենք ինքներս մեզ փակում ենք՝ գործված սխալների վախի պատճառով, ... ներումը քանդում է կախաղանները, որոնց վրա քարշ տալով բարձրացնում ենք ինքներս մեզ և ուրիշներին։ ... ... ... Ազատագրված և ներում գտած տղամարդիկ և կանայք միայն կարող են ազատություն և սեր տանել ուրիշներին: ... ... ...

Ահա՛, ուրեմն, հավատքը գործում է մեր ժամանակվա գերագույն արատի, գերագույն ախտի դեմ, որը մակերեսայնությունն է։ ... ... ...

Դա ասում եմ Քիերքըգորի այլաբանական այս պատկերով, որն ակներև կերպով մանկավարժական նպատակներ է հետապնդում։ ... Քիերքըգորն ասում է, որ մենք նման ենք ճանապարհորդների, ... մի նավի վրա, որը ճանապարհ է ընկել դեպի օվկիանոսից այն կողմ գտնվող մի վայր, ... ... ... բայց նավի վրա ապստամբություն է տեղի ունեցել, նավն ընկել է ապստամբների ձեռքը, և ապստամբների առաջնորդը նավի խոհարարն է, ... ... ... նավապետին փակել են իր սենյակում, ... և այժմ նավի վրա հրամաններ տվողը խոհարարն է։ ... ... ... Այս պատճառով է, ահա՛, որ նավի բարձրախոսներից սկսում են տեղեկատվություններ հեռարձակել ճաշի և ընթրիքի ճաշացանկի, տախտակամածի վրա անցկացվող ուրախ ժամանցի, և երեկույթի համար նախատեսված նվագախմբի ու պարային ծրագրի մասին: ... ... ... Ոչ ոք, մինչ այդ, այլևս, ոչ մի հիմնական կարևորության տեղեկատվություն չունի՝ ծովի վիճակի, երթուղու ճշգրտության, անվտանգության սարքավորումների աշխատունակության մասին, ... կամ այն մասին, թե որքա՛ն ժամանակ է մնացել մինչև ժամանումը։ ... Թե արդյո՞ք ճիշտ ուղղությամբ ենք նավարկում։ ... Մոռանում ենք էականը, ... ... ... ճամփորդությունն, այո՛, ավելի զվարճալի է թվում, ավելի հանգստացնող, ... ... ... բայց դա մակերեսայնությունն է։ ... ... ... Ոչ ոք չգիտի այլևս, թե դեպի ո՛ւր ենք գնում, կամ թե՝ երբևէ կհասնե՞նք արդյոք այնտեղ: ... ... ...

Ես ազատ եմ, անշո՛ւշտ, ... սիրում ենք ինքներս մեզ հանգստացնել, ինքներս մեր գլխի տակ փափուկ բարձ դնել, թերևս, ... ... ... բայց իմ կյանքն ընկել է նավի վրա ապստամբություն բարձրացրածների ձեռքը, և ղեկավարվում է նավի խոհարարի կողմից։ ... ... ... Ի՞նչ անուն ունի նավի այս խոհարարը, որ առաջնորդում է մեր կյանքը: ... Անունն ունի մի քիչ փողի, ... մի քիչ հաճույքների, ... մի քիչ իշխանության, ... ցուցամոլության, ... ծափահարություններ լսելու անհագ ցանկամոլության, ... կամ ինչ որ մի ֆուտբոլիստի, կամ շոու-տիկնիկ-աղջկա հայտնիության ... ... ... ։ Մեր խնդիրն է՝ մեր ճանապարհորդության նավը, մեր կյանքի նավը նորից վերադարձնել, կրկին դնել Նավապետի ձեռքերի մեջ։ ... ... ...

Ահա՛, ուրեմն, այժմ ընթացք վերցնեմ դեպի խոսքիս փակումը։

Հավատք ձեռքբերելը, ուրեմն, ի՞նչ է։ Հավատք ձեռքբերել – քրիստոնեակա՛ն հասկացողությամբ – նշանակում է կրկին ձեռքբերել կյանքի գեղեցկությունը: ... Շեքսպիրն ասում է. «Կյանքը նման է մի անմիտ հեքիաթի, որը բեմի վրա պատմվում է մի տխմարի կողմից, ... աղմուկով ու կատաղությամբ լի մի հեքիաթ, որը, սակայն, ոչինչ չի նշանակում»: ... Կամ Բերթոլտ Բրեխտը, ով ասում է. «Կանայք բոլորը ծննդաբերում են մի գերեզմանի վրա չոքած», այսինքն, ուզում է ասել, ծնում են մահվան համար։ ... ... ...

Ահա՛, սա՛ է կյանքի վերաբերյալ տրված սահմանումը նրա, ով չունի հավատք և վստահություն: ... Ես, մինչդեռ, որպես քրիստոնյա հավատացյալ, զգում եմ, որ կարող եմ ամենայն ապահովությամբ ասել. քրիստոնեական հավատքը ձեռքբերել՝ նշանակում է ձեռքբերել ապրելու գեղեցկությունը, ... բացահայտել, որ ապրելը գեղեցիկ է, ... գեղեցիկ է սիրելը, ստեղծագործելը, ծնելը, կյանքը դնելը – վստահելով – նրա ձեռքերի մեջ, ով իր կյանքը դրել է քո ձեռքերի մեջ: ... ... ... Իմ համար գեղեցիկ է վանական լինելը, քահանա լինելը, ... կամ միանձնուհի, կամ ընտանիքի հայր և մայր, ... ... ... որովհետև ամեն ինչ դրական նշանակություն ունի։ ... ... ...

Ամեն ինչ շարժվում է դեպի կյանքը և ո՛չ թե դեպի մահը, ... դեպի լուսապայծառ ելք՝ այստեղ և հավերժության մեջ, ... դեպի լավ ու բարի, գեղեցիկ և երանելի մի կյանք, ... և Քրիստոսի ձեռքում է դրա բանալին: ... ... ... Եվ ես վանական եմ ո՛չ թե ինչ որ մի բարոյական պարտականությունից ելնելով, այլ՝ որովհետև կյանքի ուրիշ ո՛չ մի ձև, ուրիշ ոչ մի կենսակերպ չգիտեմ, որի մեջ – ե՛ս – կունենամ կյանքի նույնքան լիություն, կյանքի նույնքան ինտենսիվություն: ... Սա իմ կոչումն է, ... բայց սա նաև բոլորի կոչումն է՝ ունենալ կյանքի լիությունը: ... ... ...

«Եկել եմ, որպեսզի կյանք ունենաք և այն առատորեն ունենաք» (հմմտ. Հվհ 10, 10): ... Միայն մենք ենք ձևավորում, կաղապարում, կերպարանք տալիս այս լիությանը՝ տարբեր ուղղություններով։ ... Ես հավատում եմ և դրանով ձեռք եմ բերում ապրելու գեղեցկությունը, ... ... ... որովհետև ժամանակն է այլևս, որ վերջ տանք կրոնի գաղափարը որպես զոհաբերություն, հրաժարում, սահմանափակում ներկայացնելուն, ... ... ... ժամանակն է խոսել հավատալու հաճույքի մասին:

Հավատքը – քրիստոնեակա՛ն հավատքը – չի ծնվում մի հանումից, այլ՝ մի գումարումից, ... լավ ու բարի կյանքի մի հավելումից, ... Հիսուսի կողմից խոստացված հարյուրապատիկից, ... «ով թողած կլինի ամեն ինչ, հարյուրապատիկը կստանա», ... ... ... թողնում են ամեն ինչ, բայց ամեն ինչ բազմապատկված ունենալու համար: ... ... ... Բոնհոֆֆերը փորագրել, արձանագրել է այս նախադասությունը իմ հոգու մեջ. «Մեզ հետաքրքրում է միայն այն աստվածայինը, որը ծաղկել է տալիս մարդկայինին», ... ծաղկեցնում է մարդկայինը:

Մի աստվածային, որին չի համապատասխանում մարդկայինի ծաղկելը, արժանի չէ, որ նվիրվենք իրեն: ... ... ... Այսինքն՝ ավելի Աստված հավասար է ավելի կյանքի՝ իմ համար, ավելի գեղեցկության՝ իմ համար, ավելի իմաստի՝ իմ կյանքի համար, ավելի հորիզոնների՝ իմ կյանքի համար։ ... ... ...

Եթե Աստված չկա, ես չկամ։ Եթե Աստված պակասում է, ես պակասում եմ։ Որքան ավելի Ավետարան է մտնում իմ կյանքի մեջ, այդքան ավելի եմ ես ապրում։ ... Չպետք է պակասեցնեմ, նվազեցնեմ մարդկայինը, որպեսզի տեղ զիջեմ աստվածայինի համար, ... ընդհակառակը։ ... ... ...

Հայր Ջովաննի Վաննուչչին, ... Մարիամի Ծառաների Միաբանության վանականներից, ... մի միստիկ անձնավորություն, ... թերևս Քսաներորդ դարի մեծագույններից մեկը, ... գրել է այս նախադասությունը, պարզ ու հստակ. «Աստծո Արքայությունը կգա կյանքի ծաղկմամբ՝ իր բոլոր ձևերի մեջ»: ... ... ... Ահա՛. «Աստծո Արքայությունը կգա կյանքի ծաղկմամբ՝ իր բոլոր ձևերի մեջ»: ... ... ... Սա՛ է իմ հավատքը։ ... Արքայությունը կգա, ... որպես շնորհ և որպես հանձնառություն, ... կգա կյանքի ծաղկմամբ՝ իր բոլոր ձևերի մեջ: ... ... ...

 

Ահա՛, ավարտում եմ մի լեհ քահանայի՝ Յան Տարդովսկու բանաստեղծությամբ, ով քաղցր հումորով գրում է.

 

Չեմ եկել Ձեզ դարձի բերելու, հարգարժան Պարոն,
չեմ էլ կարող, քանի որ բոլոր քարոզները մտքիցս թռել են.
բավական ժամանակ է արդեն, ինչ հռետորությունից մերկացել եմ ... ։
Կորցնել չեմ տա Ձեր համբերությունը՝
հարցնելով, թե ի՞նչ եք մտածում Թոմաս Մերթընի մասին,
և, բանավիճելով, Ձեզ չեմ կտցահարի,
ինչպես մի հնդկահավ, կարմիր կաթիլը կտուցից կախված ... ։
Ինձ չեմ գեղեցկացնի, ինչպես կռնչան բադը հոկտեմբեր ամսին։
Չեմ փորձի գդալիկով աստվածաբանություն լցնել Ձեր ականջների մեջ։
Պարզապես կնստեմ Ձեր կողքին
և Ձեզ կվստահեմ իմ գաղտնիքը.
որ ես, մի քահանա,
հավատում եմ Աստծուն, ինչպես մի երեխա։

 

Այսքանը։ Շնորհակալություն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։