« ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՆՈՒՇԱՀՈՏ ՕԾԱՆԵԼԻՔ ԲԵՐԱԾ ԿԻՆԸ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ


2 Սամուել 12, 7-10.14
Նաթանն ասաց Դավթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը։ Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. ''Ես եմ, որ քեզ թագավոր օծեցի ամբողջ Իսրայելի վրա, ես եմ, որ քեզ փրկեցի Սավուղի ձեռքից, քեզ հանձնեցի քո տիրոջ՝ Սավուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տվեցի Իսրայելն ու Հուդայի երկիրը, և եթե դրանք քիչ ես համարում, նույնքան էլ կավելացնեմ''։ Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար, նրան սպանեցիր ամոնացիների սրով։ Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից, փոխարենն այն բանի, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար»։ [...] Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի»։


Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 2, 16.19-21
Իմանալով, որ մարդը արդարացված չէ օրենքի գործերով, այլ միմիայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով. մենք նույնպես հավատացինք Հիսուս Քրիստոսին՝ Քրիստոսի հանդեպ հավատքով արդարացվելու համար, և ո՛չ թե՝ օրենքի գործերով. քանի որ օրենքի գործերով ոչ ոք երբևէ չի արդարացվելու։ [...] Օրենքի միջոցով ես մեռել եմ օրենքին, որպեսզի ապրեմ Աստծո համար։ Խաչվել եմ Քրիստոսի հետ, և այլևս ես չեմ, որ ապրում եմ, այլ՝ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Մարմնի մեջ այս կյանքը, ես այն ապրում եմ Աստծո Որդու հավատքով, ով սիրեց ինձ և Իր Անձը տվեց իմ համար։ Չեմ արժեզրկում, ուստի, Աստծո շնորհը. իրոք, եթե արդարացումը գալիս է օրենքից, ուրեմն Քրիստոսն իզուր է մեռել։


Ղուկաս 7, 36-50
Փարիսեցիներից մեկն աղաչում էր Նրան, որ իր հետ ճաշ ուտի. և Նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց։ Եվ քաղաքում մի մեղավոր կին կար. երբ նա իմացավ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիվ յուղ բերելով, կանգնեց Հիսուսի ետևում, նրա ոտքերի մոտ. և լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը և այդ յուղով օծում։ Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է մոտենում իրեն, որովհետև մեղավոր է»։ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Սիմոն, քեզ ասելու բան ունեմ»։ Եվ նա ասաց. «Ասա՛, Վարդապետ»։ Եվ Հիսուսն ասաց. «Մի փոխատու երկու պարտապաններ ուներ. մեկը հինգ հարյուր դահեկան պարտք ուներ, իսկ մյուսը՝ հիսուն։ Եվ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛, ո՞վ ավելի շատ կսիրի նրան»։ Սիմոնն ասաց. «Ինձ այնպես է թվում, թե նա, ում ավելի շատը շնորհվեց»։ Եվ Հիսուսն ասաց նրան. «Ուղիղ դատեցիր»։ Եվ դառնալով կնոջ կողմը, Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտա քո տունը, ոտքերիս համար ջուր չտվեցիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը և իր մազերով սրբեց։ Դու ինձ մի համբույր էլ չտվեցիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։ Դու յուղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ յուղով ոտքերս օծեց։ Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ՝ սակավ»։ Եվ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներված են»։ Եվ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողություն է տալիս»։ Եվ նա ասաց այդ կնոջը. «Քո հավատքը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ»։


ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ


Ահա՛ մի կին եկավ ... ։ Մի կին, որն ընդամենը մի ժեստով ընդունակ է այրելու ու մոխրացնելու տխուր հաշվարկների մի ողջ ժառանգություն։ Ի՞նչը մղեց այդ կնոջը տնից դուրս գալու։ Թերևս լսել էր Հիսուսի մասին իբրև մեկի, ով չի սպառնում մեղավորներին, նրանց մատնացույց չի անում և չի գամում ամոթի ու արհամարհանքի սյունին, այլ՝ փնտրում է նրանց, շփվում է նրանց հետ, ասում է, որ միշտ հնարավոր է վերսկսել, խոսում է սիրո մասին, ընկեր է։ Թերևս միակն է, որ կարողացել է խոսել իր սրտին։
Եվ գալիս է անուշահոտ օծանելիքի սրվակը ձեռքին։ Ո՛չ դրան համարժեք գումարով, որն հնարավոր կլիներ տալ աղքատներին, ո՛չ դատարկ ձեռքերով, ո՛չ զղջման ու ապաշխարության պատրաստի խոսքերով։ Գալիս է՝ բերելով այն, ինչ ունի, ինչով ավելի իր սերն է արտահայտում, քան իր զղջումը։
Մի մեղավոր կին, մի կին, որ լավ գիտի մարդկանց մարմինը, գալիս է՝ ինչ որ մի բան բերելով Հիսուսի մարմնի համար։ Ճանաչում է մարմինը, նախընտրում է խոսել մարմնի բարբառով. օծանելիքով, վարսերով, համբույրներով, արցունքներով։ Բայց ահա՛ մարմինն այն վայրն է, ուր բացահայտվում է սիրտը։
Նվեր տալը միշտ էլ կարևորություն ընծայելու արտահայտություն է։ Խնջույքի սրահ մտնող այդ կինը Հիսուսին ավելի կարևոր է համարում, քան իր սեփական ամոթը, քան սովորույթները, քան հաշվարկները։ Հիսուսը կնոջը, նրա արժանապատվությունը, նրա էական ճշմարտությունը ավելի կարևոր է համարում, քան սեղանակիցների կարծիքն ու դատաստանն Իր մասին, որ թույլ է տալիս, որ մի պոռնիկ այդպես հպվի Իրեն։ Հիսուսն ու կինը, նրանցից յուրաքանչյուրը մոռանում է իրեն, իր սեփական անձը, որովհետև պարգևի մեջ կարևորը Դու-ի խորհուրդն է։
Ամբողջական պարգևը, որ Հիսուսն ընծայում է այդ կնոջը, ներումն է։ «Շատ բաներ ներվեցին նրան, որովհետև շատ սիրեց»։ Չարը չի խզում, չի արժեզրկում գործված բարին, այն չի զրոյացնում։ Բարին է, ընդհակառակը, որ չեզոքացնում է մի ողջ կյանքի ընթացքում տևած չարը։ Բարին ավելի ուժեղ է, քան չարը։ Կյանքի կշեռքի նժարներին սերն ավելի ծանրակշիռ է։ Լավորակ ցորենի հասկերն ավելի կարևոր են, քան ամբողջ դաշտի որոմը։
Ինչո՞ւ է Աստված ներում։ Որովհետև մարդը չի նույնանում իր մեղքի հետ, այլ՝ իր լավագույն հնարավորությունների։ Հիսուսի ներկայության գտնվելով՝ այդ կինը չի նույնանում իր անցյալի հետ, այլ՝ իր ապագայի. նախկին պոռնիկը չի նույնանում իր մեղքի հետ, այլ՝ սիրելու իր կարողության, իր ազատության, իր վեհանձնության, իր առատաձեռնության, իր ստեղծագործ երևակայության, իր անշահախնդրության, իր արցունքների հետ։ Սիրելը բժշկում է կյանքի վերքերը, առողջացնում է հոգին։ Սրտի օրենքն է։ Սիրո միայն մեկ ժեստ, նույնիսկ անձայն ու անարձագանք, ավելի օգտակար է, այս աշխարհի համար, քան ամենատպավորիչ գործը։
Այդ կինը լվանում է Հիսուսի ոտքերը իր արցունքներով, չորացնում է իր վարսերով, անուշահոտ յուղով օծում է դրանք ու համբուրում։ Վիթխարի գորովի ժեստեր են սրանք։ Եվ այո՛, որոշ ժամանակ անց, Վերջին Ընթրիքի ժամանակ, Հիսուսը կրկնելու է այդ կնոջ՝ մեղավոր, անծանոթ, սիրահար կնոջ ժեստը։ Լվանալու է Իր աշակերտների ոտքերը և չորացնելու է Իր գոտկատեղին կապված սրբիչով։
Ինչ որ մի մեծղի, վիթխարի, հուզիչ բան կա այս պատմության մեջ. Աստված ընդօրինակում է մարդու ժեստերը, Հիսուսն Իրենն է դարձնում մի մեղավոր կնոջ ժեստը։ Մարդն ու Աստված հանդիպում են այն ժեստերի մեջ, որոնք սերն ընդունակ է ստեղծագործելու։ Երբ սիրում է, մարդն աստվածային ժեստեր է կատարում։ Մարդկային յուրաքանչյուր ամբողջական դիրքորոշում, այն ամենը, որ կատարվում է ամբողջ սրտով, իր մեջ կրոնական ինչ որ մի բան է պարունակում, մոտեցնում է մեզ Աստծո բացարձակությանը, Աստծո Դեմքն է մեր մեջ։


Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 86-87.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։