« ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՅԻ ՄԵՋ. ''ՊԻՏԻ ՍԻՐԵՍ'' »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ


2 Օրինաց 30, 10-14
Եթե լսես քո Տեր Աստծո ասածը՝ պահես ու կատարես այս օրենքների գրքում գրված Նրա բոլոր պատվիրանները, Նրա օրենքներն ու Նրա կանոնները, քո Տեր Աստծուն վերադառնաս քո ամբողջ հոգով ու էությամբ։ Այն պատվիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժվար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի։ Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թե՝ «Մեզնից ո՞վ կելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք և կատարենք», ո՛չ էլ՝ ծովի մյուս ափին, որ ասես, թե՝ «Ո՞վ պիտի անցնի ծովի մյուս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդա, և մենք կատարենք»։ Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը. քո բերանում, քո սրտում է, և դու ի վիճակի ես կատարելու այդ։

Պողոս Առաքյալի Նամակը Կողոսացիներին 1, 13-21
Գոհություն Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու լուսաբնակ սրբերի վիճակին. Նա փրկեց մեզ խավարի իշխանությունից և մեզ փոխադրեց արքայությունն իր սիրելի Որդու, որով փրկություն ունենք Նրա արյամբ և մեղքերի թողություն՝ Նրա մարմնով։ Նա պատկերն է աներևույթ Աստծո, անդրանիկը բոլոր արարածների. որովհետև Նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է և ինչ որ՝ երկրի վրա, ինչ որ երևում է և ինչ որ չի երևում. թե՛ գահեր, թե՛ տերություններ, թե՛ պետություններ, թե՛ իշխանություններ, - ամեն ինչ Նրանով և Նրա համար ստեղծվեց. և Նա կար առաջ, քան ամեն ինչ. և ամեն ինչ Նրանով է կանգնած հաստատ։ Եվ Նա է գլուխը մարմնի, որ Եկեղեցին է. Նա, որ սկիզբ է, անդրանիկը՝ մեռելների միջից, որպեսզի Ինքը լինի ամեն ինչում նախապատիվը. որովհետև Աստվածության լրիվ ամբողջությունը Նրա մեջ հաճեց բնակվել և Նրանով հաշտեցնել ամեն ինչ Իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած Իր արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքում եղածների համար։

Ղուկաս 10, 25-37
Եվ ահա՛ օրինականներից մեկը վեր կացավ, փորձում էր նրան և ասում. «Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Եվ նա նրան ասաց. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»։ Սա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով. և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ և կփրկվես»։ Եվ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին։ Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ. նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ։ Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց։ Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և դնելով նրան իր գրաստի վրա՝ տարավ մի իջևան և խնամեց նրան։ Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց և ասաց. «Խնամիր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։ Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձավորի պես վարվեց նրա հետ, ով ավազակների ձեռքն էր ընկել»։ Եվ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛ և դու նույն ձևով արա»։


ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ


«Մի մարդ Երուսաղեմից իջնում էր դեպի Երիքով»։ Մի մարդ։ Եվ չպետք է լինի ոչ մի ածական. առաքինի կամ մեղավոր, հարուստ կամ աղքատ։ Կարող է մինչև իսկ վատահամբավ մեկը լինել, կամ ինքն էլ՝ մի ավազակ։ Մարդն է, յուրաքանչյուր մարդ։
Նրա անունն է. մերկացված, ծեծված, միայնակ, կիսամեռ թողնված։ Մշտատև անուն. ամենուր աշխարհը հեծեծում է՝ կտրված զարկերակներից արյուն հոսեցնելով։ Արցունքների մի վիթխարի բեռ կա այն ամեն ինչի մեջ, որ ապրում է։
«Մի քահանա իջնում էր այդ նույն ճանապարհով»։ Եվ առաջինը, որ անցնում է, մի քահանա, շրջանցում է նրան, խուսափում է նրանից, «անցնում է անդին»։ Բայց որտե՞ղ է այդ «անդին»ը։ Ի՞նչ կա «անդին»։ Մարդուց անդին չկա ոչինչ, կա աբսուրդը, անօգուտը։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինքը կապված չէ մարդու ճակատագրին, ոչ ոք չի կարող ասել. «Ես կապ չունեմ»։ Բոլորս միևնույն ճանապարհի վրա ենք, միևնույն պատմության ներսում. փրկվելու կամ կորչելու ենք բոլորս միասին։ «Մի սամարացի, մինչդեռ, կարեկցանք զգաց, մոտեցավ նրան»։ Անսահման լիցք պարունակող, երկու գեղեցկագույն բառեր։ Բառեր, որոնցից մարդկային որակ է ճառագայթում։ Մարդկային որակ չկա առանց կարեկցանքի և առանց մոտիկության։ Կարեկցանքը զգացմունքների մեջ ամենանվազ զգացմունքայինն է, նվազ մեղրահամը, նվազ զգացականը։ Կարեկցանքը «կարիքին կցվելը», «միասին տառապելն» է։
Իջնում է ձիուց, կքվում է, և գուցե վախենում է նաև, թերևս մտածում է, որ այդ մարդու վրա հարձակված ավազակները դեռ մոտակայքում են, կամ տեսարանն ընդամենը ծուղակ է։ Բայց կարեկցանքը բնազդ չէ, կարեկցանքը ձեռքբերում է, նվաճում։ Մոտիկությունը դա մի նվաճում է, որն իր ուշադրության կենտրոնում դնում է մյուսի ցավը, ո՛չ թե սեփական զգալը։
Եվ կան միմյանց հաջորդող տասը բայեր՝ նկարագրելու համար սերը. տեսավ, գթաց, իջավ, լցրեց, փաթաթեց, գրկեց, բարձրացրեց, ... մինչև տասներորդը. ետ վերադարձիս կվճարեմ, եթե հարկավոր լինի։ Սա նոր տասնաբանյան է, նոր տասը պատվիրանները յուրաքանչյուր մարդու, հավատացյալ լինի, թե ո՛չ, որպեսզի մարդը մարդ լինի, որպեսզի երկիրը բնակեցված լինի «մոտիկներով», որպեսզի ստեղծվի ու կիրառվի աշխարհի ու պատմության մի նոր ճարտարապետություն։ Հարցնում են Հիսուսին. «Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի կյանքով լի լինեմ». «Ինչպե՞ս կարելի է մարդ լինել, և մնալ»։ Հիսուսը պատասխանում է մեկ բայով. «Պիտի սիրես», և մի պատմությամբ, որի մեջ ամփոփված է Պատմության հնարավոր լուծումը, աշխարհի և յուրաքանչյուր մարդու ճակատագիրը։
Մեր ողջ ապագան կայանում է մեկ բայի մեջ. « Դու պիտի սիրես »։ Ապառնի եղանակով գործածված մի բայ, որովհետև սա երբեք չեզրափակվող գործողություն է, որովհետև տևելու է այնքան, որքան տևելու է ժամանակը։ Որովհետև մի ծրագիր է, և միակն է։ Հարկադրանք չէ, այլ՝ անհրաժեշտություն է ապրելու համար։
Ի՞նչ պետք է անեմ վաղը՝ կյանքով լի լինելու համար։ « Դու պիտի սիրես »։
Ի՞նչ պետք է անեմ եկող տարի, և իմ ապագա տարիներին։ « Դու պիտի սիրես »։
Իսկ մարդկությո՞ւնը, նրա ճակատագիրը, նրա Պատմությունը։ Միայն սա. « Դու պիտի սիրես »։
Մի առակ՝ Ավետարանի կենտրոնում, իսկ առակի կենտրոնում ՝ մի մարդ։ Եվ մի բայ. « Դու պիտի սիրես »։ «Գնա՛, և դու էլ նույնը արա»։ Եվ կգտնես կյանքը։

Հատված Հ. Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 94-95.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։