« ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻ ՍՐՏՈՒՄ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
1 Թագավորաց 1, 20-22.24-28
Տերը նրան հիշեց, և կինը հղիացավ։ Երբ ժամանակը հասավ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուել, ասելով, թե՝ «Նրան զորությունների Տեր Աստծուց եմ խնդրել»։ Նրա ամուսինը՝ Եղկանան ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ տարվա զոհը մատուցելու։ Նա իր ուխտ արած ընծաներն ու ամբողջ ունեցվածքի տասանորդը ընծայեց։ Բայց Աննան չգնաց նրա հետ և ասաց իր ամուսնուն. «Մնամ այստեղ, մինչև մանկանը կրծքից կտրեմ, ապա կտանեմ նրան, որ ներկայանա Տիրոջ առջև և այնտեղ ծառայի ընդմիշտ»։ [...] Դրանից հետո նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զվարակ, կլոր հացեր, մեկ արդվի չափ ընտիր ալյուր և մի սափոր գինի։ Նրանք մտան Սելովում գտնվող Տիրոջ տունը։ Մանուկն իրենց հետ էր։ Նրանք նրան ընծայեցին Տիրոջը։ Նրա հայրը մորթեց զոհը, որ ամեն տարի մատուցում էր Տիրոջը։ Նա մոտ բերեց մանկանը և մորթեց զվարակը մանկան փրկության համար։ Աննան՝ մանկան մայրը, նրան տարավ Հեղիի մոտ, ասելով. «Աղաչում եմ, տե՛ր իմ, ինչպես ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպես էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջև և Տիրոջն էի աղոթում ահա այս մանկան համար։ Տերը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը։ Արդ, իբրև դրա հատուցում, նրան նվիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։

1 Հովհաննես 3, 1-2.21-24
Տեսե՛ք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում այն պատճառով, որ Նրան էլ չճանաչեց։ Սիրելինե՛ր, այժմ Աստծո որդիներ ենք. և դեռ հայտնի էլ չէ, թե ինչ ենք լինելու։ Գիտենք, որ, երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպես, ինչպես նա կա։ [...] Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծո առաջ. և ինչ էլ որ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները և կատարում նրան հաճելի բաները։ Եվ նրա պատվիրանը այս է. որ հավատանք իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը և սիրենք միմյանց, ինչպես որ նա՛ պատվիրեց մեզ։ Եվ ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծո մեջ, և Աստված՝ նրա մեջ։ Եվ մեր մեջ Աստծո բնակվելը իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որը նա տվեց մեզ։

Ղուկաս 2, 38-52
Եվ երբ նա տասներկու տարեկան եղավ, տոնի սովորության համաձայն՝ Երուսաղեմ ելան։ Եվ երբ տոնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը մնաց Երուսաղեմում, և նրա ծնողները այդ չիմացան։ Կարծում էին, թե նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրվա չափ ճանապարհ եկան և նրան փնտռեցին ազգականների ու ծանոթների մեջ։ Ու երբ չգտան, Երուսաղեմ վերադարձան՝ նրան փնտրելու համար։ Եվ երեք օր հետո նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց և հարցեր էր տալիս։ Եվ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստության և պատասխանների վրա։ Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, որ ես Հորս տանը պետք է լինեմ»։ Բայց նրանք չհասկացան այն խոսքը, որ նա իրենց ասաց։ Եվ Հիսուս նրանց հետ իջավ ու Նազարեթ գնաց. և նա հնազանդ էր նրանց։ Եվ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում։ Իսկ Հիսուս զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով Աստծո ու մարդկանց առջև։
 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Մարիամն ասաց «հայրդ», ակնարկելով Հովսեփին։ «Ո՛չ, իմ Հայրը», պատասխանում է Հիսուսը և ակնարկում է, բայց ո՞ւմ։ Մարիամն ու Հովսեփը չեն հասկանում, միայն զգում են, որ երկու «հայր»երը – «քո» հայրը, «իմ» հայրը – ցավալի կերպով ընդհարվում են իրենց սրտում։ Եվ աճում է նրանց մտատանջությունը։
Զգում են, ինչպես բազմաթիվ, ինչպես թերևս բոլոր ծնողները, որ ի վերջո «զավակները մերը չեն», պատկանում են Աստծուն, իրենց առաքելությանը, աշխարհին, իրենց սերերին, իրենց կոչմանը, մինչև իսկ՝ իրենց սահմաններին։
Խոսքը Սուրբ Ընտանիքի մասին է, Նազարեթի Սուրբ Ընտանիքի, և սակայն՝ ճգնաժամի մեջ է մտնում։ Ընտանիքներից լավագույնն էլ զերծ չէ տառապանքից, անհասկացողությունից, սահմանից։ Սրբեր ու մարգարեներ երբեմն չեն հասկանում իրենց իսկ ընտանիքին։
Բայց ահա՛ էական տարբերությունը. «Նրա մայրը հոգատարությամբ պահպանում էր բոլոր այս բաները», ուշադիր կերպով հավաքում ու պահպանում էր Աստծո խոսքերն ու կյանքի դեպքերը, դրանք պահում էր իր սրտում, որպեսզի մի օր, դրանք միմյանց հետ բաղդատելով, ի վերջո կծիկը կքանդվեր և ի հայտ կգար ոսկյա թելը, որով դրանք բոլորը կբացատրվեին՝ լուսավորվելով և միմյանց կապվելով։
Մարիամն ու Հովսեփը չհասկացան Իր խոսքերը, և սակայն Հիսուսը գնաց նրանց հետ և նրանց հնազանդ էր։ Հնազանդվում է նրանց, ովքեր Իրեն չեն հասկանում։ Ընդգծում է Իր ինքնուրույնության պատճառն ու իրավունքը, և սակայն մնում է նրանց հետ։
Ընտրում է աճելու, մեծանալու մարդկանց բնորոշ կերպը, այսինքն՝ երկխոսությունների, անհասկացողությունների, փոխադարձ հնազանդությունների կերպը։ Հիսուսն աճում և հասունանում է սուրբ ու անկատար մի ընտանիքում, և Նրա գործադրած ջանքն ինձ թվում է, թե գովքն է մեր բոլոր ընտանիքների, մխիթարությունն է նրանց բոլոր սահմանների։
«Հիսուսն աճում էր հասակով, իմաստությամբ և շնորհով»։ Հնարավոր է աճել շնորհի մեջ՝ նաև ենթակա լինելով այլոց սահմաններին. հնարավոր է աճել իմաստությամբ՝ ենթակա լինելով չհասկանալուն և չհասկացվելուն։ Որովհետև մեզնից յուրաքանչյուրը շա՜տ ավելին է, քան իր խնդիրները, հասկանալուց կամ չհասկանալուց շա՜տ ավելին է։ Հայրս կամ մայրս, ամուսինս կամ որդիս, չեն համընկնում իրենց թերությունների հետ, իրենց թերությունների միևնույն չափը չունեն։ Նրանց մեջ բնակվում է խորհուրդը։ Որն իր առջև ճանապարհ է բացում ընդմեջ կասկածների, թյուրիմացությունների, ջանքի ու տառապանքների։ Անձի ճշմարիտ մեծությունը կախում ունի նրանից կամ այն բանից, որով ինքը բնակեցված է։ Նրանց մեջ բնակվում է Աստծո հայրությունը և սրտում պահված Նրա խոսքը։
Այս ավետարանից չեմ խնդրելու էժանագին խորհուրդներ իմ ընտանիքի կյանքի համար, այլ՝ ուժ տվող գաղափարներ մի իրական, վավերական քրիստոնեական գոյության համար. Աստծուն վերաբերվող հարցերը կյանքի կենտրոնում. ոչ մի իրավունքի չհավակնել՝ զավակների վրա տիրապետություն հաստատելու համար. մեր սրտերում վստահությամբ պահել այն, ինչն այսօր չենք հասկանում, պատասխանը մի օր կգա և կլինի լույս. աճել երկխոսության ու սահմանի դանդաղ ռիթմով. ընդունակ լինել միմյանց միավորելու Նազարեթն ու Երուսաղեմը, Աստծո քաղաքն ու իմ տունը, «որովհետև Հայրը իմ կյանքի դռանը բախում է նախևառաջ ի դեմս յուրաքանչյուր անձի, որ ապրում է իմ կողքին» (Լ. Պոցցոլի)։
 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 24-25.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։