« ԼՈՒՍԱՎՈՐ ՍՊԻԵՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ԼՈՒՍԱՎՈՐ ՍՊԻԵՐ »

Ծնթ. – Այս խորհրդածության ձայնային տարբերակը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
Խորհրդածություն Մարկոս  9, 38-48 հատվածի շուրջ
 
Ավետարանական հատված. Մարկոս  9, 38-48. « ՈՎ ՄԵԶ ԴԵՄ ՉԷ, ՆԱ ՄԵՐ ՀԵՏ Է »
 

Հովհաննեսը Նրան ասաց. «Վարդապետ, տեսանք մեկին, որ Քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, քանի որ մեր հետևորդներից չէր»: Բայց Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան: Արդարև, չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի և անմիջապես հետո կարողանա չարախոսել իմ դեմ: Արդ, ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է:

Եվ ով որ ձեզ մի բաժակ ջուր կտա խմելու հանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ իր վարձը չի կորցնի:

Իսկ ով որ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, որ իր պարանոցից ծանր ջաղացքար կախվի և ծովը նետվի: Եվ եթե քո ձեռքն է քեզ գայթակղեցնում, հատի՛ր այն. քո համար ավելի լավ է միձեռանի մտնել կյանքի մեջ, քան թե երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշեջ կրակի մեջ: Եվ եթե քո ոտքն է քեզ գայթակղեցնում, հատի՛ր այն. քո համար ավելի լավ է մի ոտքից զրկված մտնել կյանքի մեջ, քան թե երկու ոտք ունենալ ու գեհեն գցվել: Եվ եթե քո աչքն է քեզ գայթակղեցնում, հանի՛ր այն. քո համար ավելի լավ է միակնանի մտնել Աստծո արքայության մեջ, քան թե երկու աչք ունենալ ու գցվել գեհեն, ուր նրանց որդը չի մեռնում և կրակը չի մարում»:

---

« Վարդապետ, այդ մարդը մերոնցից չէ ... ։

Կարևորություն չունի հանգամանքը, որ լավ մարդ է, հրաշքներ է գործում և իր ձեռքերից բողբոջում են կյանք և լույս։ Ստվեր է գցում մեր վրա։ Մեզնից հանդիսատեսներ է գողանում։ Մի ուրիշ պատմությունից է սերում, մինչդեռ մենք պետք է մե՛րը պաշտպանենք »։

Հիմնարկը ամեն ինչից առաջ, պատկանելությունը հրաշքից առաջ, գաղափարախոսությունը ճշմարտությունից առաջ։

Մերոնցից չէր, մերոնցից չեն։ Բոլորը կրկնում են դա. այն ժամանակվա առաքյալները, ապա եկեղեցիները, ազգերը, կուսակցությունները։ Բաժանում են։ Մենք, մինչդեռ, կամենում ենք հետևել պատնեշներից զուրկ այս մարդուն, այս Հիսուսին, որ մի ա՛յլ գաղափարական ունի, ընդունակ՝ փոխելու պատմության ընթացքը. « Մի՛ խոչընդոտեք, արգելք մի՛ հանդիսացեք, որովհետև ով մեր դեմ չէ, մեր կողմից է »։

Անձը միշտ առավել առաջնահերթ է, քան օրենքը, մինչև իսկ առավել առաջնահերթ, քան ճշմարտությունը։

« Յուրաքանչյուր ոք, որ օգնում է աշխարհին՝ ծաղկելու, իմ աշակերտն է »։

Հնարավոր է սեփական հոգու և սրտի մեջ Ավետարանին բնորոշ գաղափարականներ մարմնավորել, երազանքների նման, նաև առանց քրիստոնյա լինելու. Արքայությունը շա՜տ ավելի ընդարձակ ու խորն է, քան բոլոր հիմնարկները միասին վերցված։ Հնարավոր է Աստծո այրեր լինել՝ նաև առանց Եկեղեցու այրեր լինելու, և Արքայությունն անսահմանորեն ավելի մեծ է, քան բոլոր եկեղեցիները։

Յուրաքանչյուր ոք, որ բարիք է գործում, յուրաքանչյուր ոք, որ մի կում ջուր է տալիս, մի կում հրաշք է պարգևում, մերոնցից է։

Մարդն ամբողջովին մերոնցից է, և «մարդ»ը մենք բոլորս ենք։ 

Քանի՜ քանիներ Քրիստոսինն են և դա չգիտեն անգամ։ Պայքարում են անարդարության, բռնության, կեղեքման դևերի դեմ. ի զորու են սիրո հրաշքներ կատարելու, ընդունակ են կյանք ու ազատություն ու ապագա պարգևելու քույրերից ու եղբայրներից միայն մեկին կամ բազում բազումների։ Ճամբարից դուրս են, և սակայն՝ լույսի մարգարեներ են։ 

« Երանի՜ թե բոլորը մարգարեներ լինեին », բացականչում է Մովսեսը։ Ուրեմն սովորենք վայելել բարությունը և երախտագետ լինել բարության համար, ո՛ւմ կողմից էլ որ այն կատարված լինի։

Բազմաթիվ անգամներ չարիքի դիմաց զգում ենք մեզ լլկված ու անկարող։ Հիսուսն ասում է. « Դու քո մի բաժակ ջուրը բեր։ Վստահ եղիր, վատթարը չի գերակշռի »։ Այսպիսով քեզ մղում է նետվելու մարգարեների Հոգու մեջ և ապրելու բազմաթիվ կյանքեր, ապրելու ուրիշների պատմությունները ևս, կարծես անձամբ քոնը լինեին։ Եթե բոլոր միլիարդավոր անձինք բերեին իրենց մի բաժակ ջուրը, սիրո ինչպիսի՜ օվկիանոս կտարածվեր՝ ծածկելու աշխարհը։

Եվ խոսքն ավարտում է կոշտ խոսքերով. « Եթե քո ձեռքը, քո ոտքը, քո աչքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր, քեզնից դե՛ն նետիր »։ Լուսավոր սպիերի Ավետարան, որովհետև Հիսուսի խոսքերը կոչ և հրավեր չեն անօգուտ ինքնահաշմման, այլ՝ պատկերավոր, տպավորիչ արտահայտություններ են, որոնց միջոցով հասկացվում է լրջությունը, որով հարկավոր է մերձենալ կյանքի էական խնդիրներին։ Անգամ կորցնելը այնպիսի բաների, որոնք խիստ թանկարժեք են քո համար, ինչպես սեփական ձեռքը, ոտքը կամ աչքը, ամեն դեպքում համեմատելի չէ այն վնասին, որ կրում ես և կրելու ես կյանքիդ ընթացքը սխալ հունով առաջ տարած լինելու պատճառով։

Հարկավոր չէ մեղքը միշտ ուրիշների վրա գցել՝ հասարակության, մանկության, հանգամանքների։ Եթե չարիքը բույն է դրել քո ներսում, քո աչքի մեջ, քո ձեռքի մեջ, քո սրտի մեջ, դու փորի՛ր քո ներաշխարհը, գտի՛ր ստվերներով պատված քո խորհրդավոր անկյունները, և դարձի՛ բեր դրանք։ Աստված մեզ կոչ է անում վախենալու ավելի ձախողված կյանքից, քան թե ինքնին իսկ կյանքի ցավալի վերքերից։

Լուծումը կտրված ձեռքը չէ, այլ՝ դարձի եկած ձեռքը. մի ձեռք, որ երջանիկ է ինքնանվիրման մեջ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։