« ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՎԱՏՔԻ ԴԵՄ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Երկրորդումն Օրինաց 26, 1-11
«Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը քեզ է տալու իբրև սեփականություն, երբ ժառանգես այն ու բնակվես այնտեղ, ապա կվերցնես քո Տեր Աստծո քեզ տված երկրի պտուղների առաջին բերքը, կլցնես զամբյուղի մեջ և կգնաս այնտեղ, ուր կընտրի Տեր Աստվածը, որպեսզի իր անունը հայտնի դարձնի այնտեղ։ Կգնաս այդ ժամանակ քահանայություն անողի մոտ և կասես նրան. «Այսօր գոհություն եմ հայտնում իմ Տեր Աստծուն, քանի որ մտա այն երկիրը, որ Տերը երդվեց մեր հայրերին, որ մեզ տա»։ Այն ժամանակ քահանան քո ձեռքից վերցնելով զամբյուղը՝ այն թող դնի քո Տեր Աստծո զոհասեղանի առջև։ Պատասխան տալով՝ կասես քո Տեր Աստծո առջև. «Իմ հայրը թողեց Ասորեստանն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ մնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։ Եգիպտացիները չարչարեցին, ճնշեցին, տաժանակիր աշխատանքի լծեցին մեզ։ Մենք աղաղակ բարձրացրինք դեպի մեր հայրերի Աստվածը, Տերը լսեց մեր ձայնը, տեսավ մեր տառապանքները, չարչարանքն ու նեղությունը, և Տերն ինքը մեծ զորությամբ, ամուր ձեռքով ու հզոր բազկով, մեծամեծ տեսիլքներով, նշաններով ու զարմանահրաշ գործերով մեզ դուրս հանեց Եգիպտոսից, մեզ բերեց այս վայրը, մեզ տվեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ Արդ, ահա բերել եմ Տիրոջ ինձ տված երկրի բերքի երախայրիքը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում»։ Այնտեղ երկրպագություն կանես քո Տեր Աստծո առջև, այնտեղ կուրախանաք դու, ղևտացին ու քեզ մոտ բնակվող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ քո Տեր Աստվածը տվել է քեզ ու քո ընտանիքին»։
 
Պողոս Առաքյալի Նամակը Հռոմեացիներին 10, 8-13
Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. «Մոտ է խոսքը քեզ, քո բերանում և քո սրտում»։ Այսինքն՝ հավատքի խոսքը, որը քարոզում ենք. որովհետև, եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, թե Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես. քանի որ արդարանալու համար սրտով եք հավատում և փրկության համար խոստովանում բերանով. քանզի Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու». որովհետև չկա խտրություն հրեայի և հեթանոսի, քանզի նո՛ւյն Տերը բոլորինն է, հասնող բոլորին, որոնք կանչում են նրան. որովհետև ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի։
 
Ղուկաս 4, 1-13
Եվ Հիսուս Սուրբ Հոգով լի վերադարձավ Հորդանանից. և Հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից։ Չկերավ և չխմեց այն օրերին. և երբ քառասուն օրերը լրացան, քաղց զգաց։ Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծո Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց լինի»։ Հիսուս նրան պատասխանեց և ասաց. «Գրված է. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ՝ Աստծո ամեն խոսքով»։ Եվ սատանան տանելով նրան մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները։ Եվ սատանան նրան ասաց. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված, և ում որ կամենամ, կտամ այն։ Արդ, եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինի»։ Հիսուս պատասխանեց նրան և ասաց. «Գրված է. «Քո Տեր Աստծո՛ւն պիտի երկրպագես և նրա՛ն միայն պիտի պաշտես»։ Եվ տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծո Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրված է. «Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, որ քեզ պահեն. և իրենց ձեռքերի վրա կբռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»։ Հիսուս պատասխանեց նրան և ասաց. «Ասված է. «Քո Տեր Աստծուն պիտի չփորձես»։ Եվ սատանան կատարած լինելով բոլոր փորձությունները՝ նրանից միառժամանակ հեռու մնաց։
 
 
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Փորձությունները, որոնց Հիսուսը ենթարկվեց անապատում, իրենց մեջ համառոտում են մեր կյանքի մեծագույն խաբեությունները։ «Մեծ փորձությունները, իրականները, այն փորձությունները չեն, որոնցով մտահոգվում կամ որոնց վրա մտասևեռվում են որոշ բարոյապաշտ քրիստոնյաներ, այն փորձությունները չեն, որոնք առաջին հայացքից կարող են այդպիսին թվալ, օրինակի համար նրանք, որ վերաբերվում են սեռային ոլորտին, այլ՝ այն փորձություններն են, որոնք որպես նպատակ ունեն հավատքը քանդելը» (Օ. Քլեման)։

Առաջին փորձությունը Աստծուն փոխարինելու փորձությունն է, և Նրան առարկաներո՛վ փոխարինելը. «Ասա՛ այս քարերին, որ հաց դառնան. սա է կյանքը, ա՛յլ բան չկա»։

Տաճարի աշտարակի վրա տեղի ունեցած փորձությունը քանդում է հավատքը՝ նմանակելով հավատքին, ձևացնելով, թե հավատքից դրդված քայլ է. «Աստծուց մի հրաշք խնդրիր»։ Եվ այն, ինչը թվում է, թե հավատքի գերագույն աստիճանը կարող է լինել, իրականում հավատքի ծաղրանկարն է. Աստծո հանդեպ վստահություն չէ, այլ՝ սեփական շահի որոնում. Աստծո նկատմամբ սեր չէ, այլ՝ սեփական եսի սեր, խելացնորության աստիճան։

Իշխանության փորձությունն ասում է. «Ինձ դավանիր իբրև քեզ աստված և կունենաս աշխարհի ողջ իշխանությունը։ Մի կողմ թող այս Աստծուն, որն աղքատներին է դարձնելու Իր Արքայության իշխանները, և մանուկներին նմանվողներին՝ Իր արքունիքի մեծերը. այս Աստծուն, որ եկել է ծառայելու, բարեկամ է մաքսավորներին ու մեղավորներին ու պոռնիկներին։ Մոռացի՛ր այս Աստծուն, որ չի մտնելու հզորների պալատները, եթե ոչ միայն՝ որպես գերի. այս Աստծուն, որ երբեք զորքեր չի հավաքել, և որ մտադիր է նվաճելու աշխարհը սոսկ Խաչի խենթությամբ»։

Խորին իմաստը, որով այս երեք փորձությունները միանում են միմյանց, ճակատային հարձակումն է հավատքի դեմ՝ այն Աստծո հանդեպ, որին Հիսուսն ավետարանում է։ Իսկ Աստծո վերաբերյալ սխալվելը վատթարագույն բանն է, որ կարող է պատահել մեզ։ Դա տեսնում ենք հանձինս կրոնական ծայրահեղականների և նրանց ուրախությամբ, երբ մահ են սփռում իրենց իսկ մահվամբ։

Աստծո վերաբերյալ սխալվելը հասցնում է սիրելու մահը։ Իսկ սա մարդու վերջն է։

Փորձությունների խորին իմաստը մեզ վերադարձնում է աստվածաշնչյան ողջ ավանդության գերագույն պատվիրանին. «Ընտրիր կյանքը։ Քո առաջ դրել եմ կյանքն ու մահը, ընտրի՛ր։ Բայց ընտրիր կյա՛նքը» (2Օր 30, 19)։

Մեծ խաբեությունը դա մեզ հավատացնելն է, որ մեր ամբողջ կյանքը, մեր ողջ ապագան արդեն ներկա է մի կտոր հացի, մի կտոր իշխանության, մի կտոր աշխարհային հաջողության մեջ, և դրանց միջոցով ջնջել փորձելը մեր միջից երկնքի ու խաղաղության, արդարության ու գեղեցկության մեր քաղցը, քաղցը ծառայելու կյանքին ո՛չ թե հրեշտակների ձեռքերի վրա քայլելով, այլ՝ առաջ գնալով այնքան ուժով, որքան որ բավական է առաջին քայլի համար։ Ուժեղ, ինչպես մանուկները, միայն այն ուժով, որով նրանց սեղմում է իրենց հոր գրկախառնումը։

Ղուկասի Ավետարանի այս հատվածը պատմությունն է նաև այն բանի, թե ինչպե՛ս է հարկավոր հաղթահարել փորձությունները։ Հիսուսը դրանք դիմագրավում է բաց դեմքով. չի փախչում, այլ՝ պատասխանում է մի ավելի բարձր խոսքով. «Միայն հացով մարդը մահանում է»։

Եվ սա մի պայքար է երկու ծրագրերի միջև, մի ընտրություն է երկու սերերի միջև։ Որ մինչև վերջին օրը շարունակվելու է մեր սրտի խորքում, մեր սրտի ստվերների ներքո. սիրտ, որ բաղկացած է մոխիրներից ու լույսից։

Մոխիրներից, որոնք հարություն են առնելու յուրաքանչյուր անգամ, երբ Աստծո խոսքը վեր կբարձրացնես որպես քեզ առաջնորդ՝ կյանքի ջանքի ու բերկրանքի մեջ։


Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 50-51.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։