« ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈՒՐԸ ԵՎ ՍՈՒՐԸ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Երեմիա 38, 4-10
Իշխաններն այդ ժամանակ ասացին թագավորին. «Թող որ սպանվի այս մարդը, որովհետև նրանց այդպիսի խոսքեր ասելով՝ այդպիսով նա վհատեցնում է այս քաղաքում մնացած զինվորներին և ողջ ժողովրդին. որովհետև այս մարդը ժողովրդի ո՛չ թե բարօրությունն է ուզում, այլ՝ չարիքը»։ Սեդեկիա արքան, ամենևին ձեռնհաս չլինելով նրանց դեմ որևէ բան անելու, ասաց. «Ահա՛, նա ձեր ձեռքերում է»։
Այդ ժամանակ նրանք բռնեցին Երեմիային և նրան գցեցին արքայազն Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Իսկ գբի մեջ բոլորովին ջուր չկար, այլ՝ լոկ ցեխ էր։ Եվ այդպես Երեմիան խրվեց ցեխի մեջ։
Եթովպացի Աբդիմելեքը, ներքինի մի մարդ, որ թագավորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը։ Արդ, մինչ արքան գտնվում էր Բենիամինի դռան մոտ, Աբդիմելեքը դուրս ելավ թագավորական ապարանքից, խոսեց թագավորի հետ ու ասաց. «Տեր իմ արքա, այդ մարդիկ չարիք գործեցին՝ անելով այն, ինչ արեցին Երեմիա մարգարեին, նրան գուբը նետելով։ Նա այնտեղ սովից մեռնելու է։ Դու չարիք գործեցիր՝ սովի միջոցով մահվան մատնելով Աստծո մարդուն, քանի որ այս քաղաքում հաց չկա»։ Այդ ժամանակ արքան հրաման տվեց եթովպացի Աբդիմելեքին և ասաց. «Քո հետ այստեղից երեք մարդ վերցրու և Երեմիա մարգարեին դուրս հանիր գբից, քանի դեռ չի մեռել»։
 
Պողոս Առաքյալի Նամակը Եբրայեցիներին 12, 1-4
Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների ա՛յսչափ բազմություն ունենք, դեն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ. հայացքներս չհեռացնենք Հիսուսից՝ հավատքի հեղինակից ու այն կատարելագործողից, որն Իր առաջ դրված ուրախության փոխարեն հանձն առավ խաչը՝ արհամարհելով ամոթը, և նստեց Աստծո գահի աջ կողմում։ Ապա ուրեմն՝ մտաբերեցե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք ու հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին։
 
Ղուկաս 12, 49-57
«Երկրի վրա կրակ բերելու եկա. և ինչքա՜ն եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լինի։ Եվ մի մկրտություն ունեմ մկրտվելու, և ինչպե՜ս եմ շտապում, որ կատարվի։ Կարծում եք, թե երկրին խաղաղություն տալո՞ւ եկա. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. որովհետև մեկ տան մեջ այսուհետև հինգ հոգի իրարից բաժանված պիտի լինեն. երեքը՝ երկուսի դեմ, և երկուսը՝ երեքի։ Հայրը պիտի բաժանվի որդու դեմ, իսկ որդին՝ հոր, մայրը՝ աղջկա դեմ, իսկ աղջիկը՝ մոր, կեսուրը՝ հարսի դեմ, իսկ հարսը՝ իր կեսրոջ»։ Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է ելնում, իսկույն ասում եք, թե՝ անձրև է գալու։ Այդպես էլ լինում է։ Եվ երբ հարավի քամին է փչում, ասում եք, թե՝ խորշակ է լինելու։ Եվ այդպես էլ լինում է։ Կեղծավորնե՛ր, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ այս ներկա ժամանակը ինչպե՞ս չեք քննում։ Եվ ինչո՞ւ դուք ինքներդ անձամբ չեք դատում, թե ո՛րն է արդար»։
 
 
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
«Եկել եմ բաժանում բերելու, ո՛չ թե՝ խաղաղություն»։ Սովորականից ա՜յն աստիճան տարբերվող խոսքեր են սրանք, որ թվում է, թե ուրիշ շուրթերից են արտասանվել, ուրիշ գրքի մեջ են գրի առնվել։ Բայց ամեն խաղաղություն չէ, որ լավն է, բարի չէ կեղծ խաղաղությունը, որը սոսկ վախերի հավասարակշռություն է, զիջումների մի հյուսվածք, բարի չէ գերեզմանոցներում տիրող խաղաղությունը, կամ անապատներում, որոնք իրենց ետևից թողել են ավերածություններ սփռող բռնությունները։
Խաղաղությունն այսօր այնքա՜ն մաշեցված, այնքա՜ն հոլովված ու արժեզրկված, միաժամանակ բիրտերի ու հեզաբարոների կողմից աղաղակված, բոլոր ուղղություններով այնքա՜ն գործածված բառ է, որ տարբեր հասկացողություններ է նշանակում յուրաքանչյուր մարդու համար։ Անշուշտ, Հիսուսն իրեններին խոստանում է խաղաղությունը, բայց Ինքն իսկ ընդգծում ու ճշգրտում է, որ խոսքը չի վերաբերվում այն խաղաղությանը, որ տալիս է աշխարհը և ինչպե՛ս որ տալիս է աշխարհը (հմմտ. Հվհ 14, 27)։ Եթե ես աղոթում եմ խաղաղության համար և այն Աստծուց աղերսում եմ որպես պարգև, գիտեմ նաև, որ Աստված աշխարհում և պատմության մեջ այլևս չի միջամտում ապշեցուցիչ հրաշագործություններով, այլ՝ գործում է հոգու աշխարհում։ Միջամտում է Իր խաղաղված մտերիմների միջոցով, որոնք նախ իրենք խաղաղված լինելով՝ ընդունակ են իրենցից դուրս ևս խաղաղություն հաստատելու։
Դժվար է ընդունելը, որ Հիսուսի խոսքը կարող է բաժանում սերմանել։ Բայց ամեն բաժանում չէ, որ վատ է։ Աշխարհի սկզբում հնչած խոսքերից մեկը բացատրում է սա. «Թշնամություն եմ հաստատելու քո և կնոջ միջև, քո զավակների և կնոջ զավակների միջև» (Ծնդ 3, 15)։ Յուրաքանչյուր քրիստոնյա նաև կրողն ու պահապանն է այս աստվածային թշնամության՝ օձի զավակների և Կնոջ զավակների միջև. թշնամություն, որը նույնքան հին ու վաղեմի է, որքան բարին ինքը և որքան չարն ինքը։
Յուրաքանչյուր քրիստոնյա, ծերունի Սիմեոնի խոսքերի համաձայն, հակառակության նշան է այս աշխարհում (հմմտ. Ղկս 2, 34)։ Նա հակառակվում է նրանց, ովքեր միայն տիրելու և հաղթելու մասին են մտածում, միայն կուտակելու ու վայելելու. հակառակվում է յուրաքանչյուր ընտրության, նախընտրելով այն ընտրությունները, որոնք առավել ավետարանական են։ Եվ այդպիսով ստեղծվում է մի բաժանում, որի սահմանագիծն անշարժ չէ, այլ՝ տեղաշարժվում է, չի համընկնում Եկեղեցու տեսանելի սահմանների հետ, այլ ավելի՝ կտրում անցնում է մեր սրտի երկրամասերի միջով (Դ. Պեցցինի)։
«Եկել եմ հուր բերելու», ասում է Հիսուսը, այնպես՝ ինչպես գիշերվա սրտում բերվում է ջահը, որի ետևից հնարավոր է դառնում քայլել։ Այնպես, ինչպես վառվում է օջախը մի հանգած տան մեջ, ուր հարկավոր է վերագտնել զգացմունքների ու գորովի ջերմությունը։ Այնպես, ինչպես բորբոքվում է մի կիրք, Աստծո հանդեպ և Մարդու հանդեպ կիրքը, այս սառը ու կշռված հարաբերությունների ներսում, սառցակալած ցուրտ զգացմունքների ներսում։
Աստծո փնտրածը աշակերտներ են, ինչպես Էմմավուսում, որոնց կրծքի տակ կրակով բորբոքված ու հրաշունչ սիրտ է բաբախում։ Աստված մերժում է իրենց սրտում հուր չունեցողներին, ովքեր Լաոդիկեայի քրիստոնյաների նման «ո՛չ տաք են, ո՛չ էլ սառը» (Հյտ 3, 16)։ Ասում էր Բոսսուեն. «Կան կրքեր, որ զուրկ են մեծությունից, բայց չկա, հնարավոր չէ մի մեծություն առանց կրքի»։ Եվ հավատքը, հույսը և սերը պարզունակ համոզմունքներ չեն. կա՛մ կրքոտ արտահայտություններ են, կա՛մ ոչինչ էլ չեն։
Ամենաշատը երախտագիտություն եմ հայտնում Տիրոջը բոցավառ սրտերի հեքիաթային պարգևի համար, ինչպես Էմմավուսում, հոգու այն այրուցքի համար, որ Նրա ձայնը, կամ Իր զավակներից մեկի ժպիտը, կամ արարչության հեծեծանքը կարողանում են վերստին արծարծել։
Այն, ինչը որ խնդրում եմ, միայն այն է, որ եթե այդ բոցը պատահաբար թուլանալու լինի, այդ ժամանակը հնարավորինս կարճ տևի և լի լինի հույսով։ Ուրիշ հրաշքներ չեմ խնդրելու. վարձատրությունը, որ ուզում եմ, միայն մեկն է. կրքով լի, հրաբորբոք, չսառած մի կյանք։ Ես չգիտեմ, թե հավատքն արդյոք ապահովո՞ւմ է երջանկություն, բայց գիտեմ, որ քրիստոնեական հավատքը կյանքը դարձնում է վառ, թրթռուն, կրքոտ, ցայտուն, խանդավառ, լուսավոր. և ուրիշ ի՞նչ է երջանկությունը, եթե ոչ՝ այս մասնակցությունը – մեր ունեցած ամենամարդկային ձևով – գոյություն ունենալու հրաշքին։
 
 
Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 104-105.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։