« ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵԶ ԱՄԵՆԱՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՍՐԲԵՐԸ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Եսայի 60, 1-6
Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քո վրա է ծագելու։ Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։ Թագավորները գալու են դեպի քո լույսը, հեթանոսները՝ դեպի քո լույսի փայլը։ Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից և, իրենց ուսերին առած, բերում են քո դուստրերին։ Ահա դու պիտի տեսնես ու խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետև ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստությունը քո կողմը պիտի դառնա։ Դեպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի և Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր և տալու են Տիրոջ փրկության ավետիսը։

Եփեսացիս 3, 2-3.5-6
Թերևս դուք լսած լինեք Աստծո շնորհի տնտեսության մասին, որ տրվեց ինձ ձեր համար. որովհետև հայտնությա՛մբ ցույց տրվեց ինձ խորհուրդը, ինչպես ավելի վերև գրեցի ձեզ համառոտակի, [...] խորհուրդ, որ այլ սերունդների մարդկանց որդիներին ցույց չտրվեց, ինչպես այժմ այն հայտնվեց իր սուրբ առաքյալներին և մարգարեներին Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի հեթանոսները Քրիստոս Հիսուսի միջոցով ժառանգակից, նույն մարմնի անդամ և նրա խոստմանը հաղորդակից լինեն Ավետարանով։

Մատթեոս 2, 1-5.7-12
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրով, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ Եվ երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց, նրա հետ՝ և Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը։ Եվ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրենսգետներին՝ հարցրեց նրանց, թե ո՞ւր պիտի ծնվի Քրիստոսը։ Եվ նրանք ասացին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում [...] ։ Այն ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին և նրանցից ստուգեց աստղի երևալու ժամանակը։ Եվ նրանց Բեթղեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացե՛ք ստույգ իմացեք մանկան մասին և երբ գտնեք, տեղեկացրե՛ք ինձ, որպեսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։ Եվ նրանք երբ թագավորից լսեցին այս, գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր։ Աստղը տեսնելուն պես չափազանց ուրախացան։ Եվ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր՝ Մարիամի հետ միասին և ընկան ու երկրպագեցին նրան. և բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ Եվ երազի մեջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդեսի մոտ, ա՛յլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։
 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Տեր, Դու եկել ես, որպես բոլոր ճանապարհների խաչմերուկ, որպես աշխարհի շեղ ու խոտոր գծերն իրար կապող հանգույց։ Տեր, Դու եկար և իսկույն մարդիկ աստղերի լույսի ներքո կտրեցին անցան անապատների ու քաղաքների միջով։
Աստվածահայտնությունը Աստծո հայտնությունն է հեռավորներին, Մոգերին, որոնք մեզ ամենահոգեհարազատ Սրբերն են, մարդիկ, որոնց սրտերը երբեք կուշտ չեն։ Նրանց պատմությունը վկայում է Սուրբ Օգոստինոսի խոսքի ճշմարտությանը. «Անհանգիստ է մեր սիրտը, քանի դեռ չի հանգչում Աստծո մեջ»։
Անհանգիստ է թվում մինչև իսկ աստղը, քանի դեռ չի հասնում այն տանը, ուր գտնվում է Տերը։
Մոգերը մեզ ամենահոգեհարազատ Սրբերն են, որովհետև Տիրոջից հեռու են, մեր նման։ Որովհետև նրանց ընթացքը լի է սխալներով, մերինի նման. ժամանում են սխալ քաղաք, կորցնում են աստղը, Մանկան մասին խոսում են մանկասպանի հետ, փնտրում են մի թագավոր և գտնում են Աստծուն։
Բայց նրանց ընթացքը լի է նաև վերսկսելու անսահման համբերությամբ և այդպես մխիթարում են ինձ իմ ուղևորության ընթացքում, մինչ առաջ եմ գնում անհաստատ քայլերով, ինձ այս ու այն կողմ խփելով, վստահեցնելով ինձ, որ ողբերգությունը սխալները չեն, այլ՝ սխալներին հանձնվելը, անձնատուր լինելը։ Վստահեցնում են ինձ, որ մեր կյանքն առաջ է շարժվում վերսկսումից վերսկսում ընթանալով։
Մոգերը մեզ ամենահոգեհարազատ Սրբերն են, որովհետև քայլում են ոտքները գետնին կպած, բայց աչքերը երկնքին հառած. որովհետև մեր ականջներին կրկնում են, որ գոյությունը ստատիկ (անշարժ) չէ, այլ՝ էքստատիկ (հափշտակված). նշանակում է դուրս գալ ինքներս մեզնից, արյան նեղ շրջագծից, դեպի աստղերի անսահմանորեն մեծ պտույտը, տան բակից՝ դեպի ողջ աշխարհը։
«Երբ այն տունը մտան, տեսան մանկանն իր մոր հետ, և գետին ընկնելով՝ երկրպագեցին նրան»։ Երկրպագել մի մանկան։ Ինչպիսի՜ խորհրդավոր դաս։ Չեն երկրպագում մի խաչեցյալի, չեն երկրպագում մի հարուցյալ Աստծո։ Պարզապես՝ մի մանկան։ Եվ ծունկի են գալիս, տարածվում են գետնին, փոքրանում են անսահմանորեն փոքրի դիմաց։
Ո՛չ միայն «Աստված մեր հետ», այլ մինչև իսկ՝ «Աստված մեր նման»։
Մոգերը մեզ մի մեծ դաս են տալիս. Աստծուն հանդիպելու համար հարկավոր է հանդիպել Հիսուսին։ Մարդու և Աստծո միջև ամենակարճ ու ամենաուղիղ ճանապարհը Հիսուսի Մարմինն է, որն այժմ Մոր գրկում է, իսկ մի օր լինելու է Խաչի գրկում։
Եվ մենք կցանկանայինք նրա նման հպվել Նրան, և մենք կցանկանայինք լսել Նրա ձայնը և ծանոթանալ Նրա պատմությանը, Նրա ծածուկ կյանքի տարիներին, Նրա հրապարակային արարքներին, Նրա խոսքերին, բորոտներին հպվող Նրա ձեռքերին, Նրա ձայնին, որ բարձր գոչում է՝ Իր մտերիմ ու ընկեր Ղազարոսին դուրս կանչելով գերեզմանից։
Կցանկանայի ճանաչել Նրա քաղցը անապատում, Նրա վախը պարտեզում, փողոցների փոշով և թանկարժեք օծանելիքներով պատված Նրա ոտքերը, և Նրա աչքերը, որ հանդիպում են ձկնորսների աչքերին։ Եվ ապա՝ գամերով բացված անցքերը Նրա ձեռքերի վրա։
Կուզենայի վերստին գեղեցկություն և կուսություն հաղորդել Հերովդեսի խոսքերին. «Գնացեք և ստույգ իմացեք մանկան մասին, և երբ գտնեք նրան, ինձ էլ տեղեկացրեք»։
Խոսքեր, որոնք կուզենայի կրկնել ընկերոջս, աստվածաբանին, արվեստագետին, բանաստեղծին, գիտնականին, փողոցում հանդիպող մարդուն, ձեզնից յուրաքանչյուրին. «Գտե՞լ ես Մանկանը»։
Խնդրում եմ, էլի ուշադիր փնտրիր գրքերում, արվեստի գործերում, պատմության մեջ, գոյությունների սրտում, փնտրիր հույսի խորքում։ Փնտրիր տակավին, մանրակրկիտ կերպով, հայացքդ սևեռելով երկնքի վիհերին և սրտի անդունդներին։ Եվ ապա՝ տեղեկացրու ինձ, որպեսզի ես էլ գամ Նրան երկրպագելու։ Օգնիր ինձ գտնել Նրան և կգամ իմ փոքրիկ ընծաներով և սիրո ողջ փառապանծությամբ։
 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 30-31.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։