« ՄԻ ՕՐԵՆՔ, ՈՐ ԴՈՒՐՍ Է ԲՈԼՈՐ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԻ ՕՐԵՆՔ, ՈՐ ԴՈՒՐՍ Է ԲՈԼՈՐ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ »

Ծնթ. – Այս խորհրդածության ձայնային տարբերակը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։

 

Խորհրդածություն Մատթեոս  22, 34-40 հատվածի շուրջ

 

Ավետարանական հատված. Մատթեոս 22, 34-40. « ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏՎԻՐԱՆԸ »

Երբ փարիսեցիները լսեցին, որ Նա սադուկեցիների բերանը փակեց, ի մի հավաքվեցին. և նրանցից մեկը՝ մի օրենսգետ, Նրան փորձելու համար հարցրեց. «Վարդապետ, Օրենքի մեջ ո՞րն է պատվիրաններից ամենամեծը»։ Եվ Նա ասաց նրանց. «Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով։ Սա՛ է պատվիրաններից ամենամեծն ու առաջինը։ Եվ երկրորդը նման է առաջինին. Պիտի սիրես քո մերձավորին ինչպես ինքդ քեզ։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքն ու Մարգարեները»։

 

Ո՞րն է մեծ պատվիրանը։

Բոլորը դա մանկուց ի վեր գիտեին. Շաբաթ օրվա հանգիստը, մի օրենք, որն Աստված Ինքն էլ պահում է։

Հիսուսն ավելի անդին է գնում, պատվիրաններից ոչ մեկը չի մեջբերում, այլ՝ մատնանշում է բոլորի կարիքը. «Պիտի սիրես», ցանկություն, երազ, երջանկության մարգարեություն բոլորի համար։

Օրենսգետը հարցնում է, թե ո՞րն է ամենամեծ պատվիրանը, որոշյալ հոդով, իսկ Հիսուսը միանգամից երկուսն է ընծայում, մարդու սիրտը երեք ուղղությամբ մղելով. սիրի՛ր քո Տեր Աստծուն, սիրի՛ր քո մերձավորին, սիրի՛ր ինքդ քեզ։

Ամբողջ մտքովդ, ամբողջ սրտովդ, ամբողջ հոգովդ, ամբողջ ուժովդ, ... ամբողջ, ամբողջ, ամբողջ ... , բոլոր կարողություններովդ, ողջ էությամբդ։

Սա կոչ է՝ ձգտելու անհնարինին։ Մարդն, այո՛, սիրում է, բայց միայն Աստված կարող է սիրել Իր ողջ էությամբ։

Դու սիրի՛ր քո ողջ մտքով, քանի որ սերն իմաստուն է և իսկույն հասկանում է, հասնում է ավելի խորքերն ու ավելի հեռուները։

Սիրի՛ր քո բոլոր ուժերովդ, զինված ու անզեն, տկար՝ սիրեցյալիդ առջև, բայց ապա նաև ընդունակ՝ լեռներ տեղափոխելու։

Եվ հավելում է. մերձավորը նման է Աստծուն, նրան պիտի սիրես ինչպես ինքդ քեզ։ Հաճախ մոռացված, մի կողմ նետված պատվիրան է սա. բայց դու ողջ ես, կյանքով լի ես Աստծո ձեռքում, և Նա չի խանդում, երբ դու սիրում ես։

Աստվածային կայծ ես դու, և եթե չես նայում, չես հետևում, չես խնամում ու չես պահպանում ինքդ քեզ, ընդունակ չես լինի սիրո. ընդունակ կլինես միայն վերցնելու, պահանջելու, գողանալու, փախչելու կամ բռնադատելու, առանց բերկրանքի ու առանց հույսի։

Երբ գտնվում ես մերձավորիդ դիմաց, սիրո հակառակը անտարբերությունն է, և ո՛չ թե ատելությունը, որը նրա խելագարված տարբերակներից մեկն է։ Անտարբերությունը թունավորում է մարդուն և երկիրն ինքնին, դարձնելով բոլորին մեղսակից, արմատական կերպով։

Անտարբերը ներգրավված է ամեն դեպքում, որովհետև իր դիրքորոշմամբ իսկ ասում է, թե մյուսը գոյություն չունի, չկա, կարևոր չէ, ոչինչ է։

Նրան սպանում է՝ չուզենալով հետաքրքրվել նրանով։

Սա չարիքի ծածուկ ավիշն է։

Դու պիտի սիրես. չպիտի անտարբեր լինես։

Քրիստոնեության նորությունը Աստծուն սիրելու պատվիրանը չէ. դա արդեն իսկ անում են բոլոր կրոնների միստիկները. ո՛չ էլ մերձավորին սիրելու պատվիրանն է, որովհետև այն ներկա է նաև Հին Կտակարանում։

Քրիստոնեության նորությունը սիրելն է Քրիստոսի նման, երբ լվանում է աշակերտների ոտքերը, երբ արտասվում է մեռած ընկերոջ համար, երբ ցնծում է բուրումնավետ նարդոսով օծվելիս, երբ դավաճանին դիմում է՝ նրան «ընկեր» անվանելով, և սկսում է ամենամոլորվածներից, ամենակորածներից։

Պիտի սիրես։ Սիրելու ես։ Մի բայ, որ ամբողջովին ապառնի ժամանակով է, երբեք չավարտված գործողություն, որ տևելու է այնքան, որքան ժամանակը. եզակի ծրագիր, սրտում Աստծո համբերությունը, որն ինձ դարձնում է սիրվածից սիրող։

Հիսուսն ասում է, որ մերձավորի դեմքը մի սրբազան գիրք է, միշտ բաց. որ նրա խոսքը սուրբ է իմ ականջին. որ նրա աղաղակն իմն է, կարծես Աստծո խոսք լիներ։

«Քո մարմնի վերևում պար են բռնել հրեշտակները,

ինչպես մի եկեղեցու,

... և Նրանն են քո աչքերը» (Դ.Մ. Թուրոլդո)։

Սիրեցեք միմյանց ո՛չ թե որքան, այլ՝ «ինչպես» ես ձեզ սիրեցի. ո՛չ թե քանակը, այլ՝ ոճը։ Ա՛յլ կերպ անհնարին է, կճզմվենք այդ բեռի ներքո։

Անհնարին է սիրել այնքան, որքան Ինքը։ Բայց հնարավոր է հետևել Իր հետքերին, քաղել Իր սիրո համը, թթխմորը, աղը, ... և ներմուծել դրանք մեր օրերի մեջ, մարդու և արարչության բերկրանքի ու գեղեցկության մեջ։

Մի բազմապատկված սիրտ, բազմաձայն հորիզոնով, որտեղ սերն է գլխավոր մեղեդին, հաստատուն երգը, որի շուրջը, սակայն, ընդարձակ տարածվում են մյուս սերերի պատասխաններն ու արձագանքները։ Եվ ծնվում է կյանքի բազմաձայնությունը (Դ. Բոնհոֆֆեր)։

Տե՜ր, ի՞նչ պետք է անեմ ՝ կյանքով լի լինելու համար։

Դու պիտի սիրես։ Ա՛յլ բան չկա։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։