« Մարմին Տերունական » տոնի խորհրդածություն. « ՓՈՔՐԻԿ, ՍՊԻՏԱԿ ԵՎ ԼՈՒՌ » – Գրադարան – Mashtoz.org

« Մարմին Տերունական » տոնի խորհրդածություն. « ՓՈՔՐԻԿ, ՍՊԻՏԱԿ ԵՎ ԼՈՒՌ »

Ծնթ. – Այս խորհրդածության ձայնային տարբերակը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։

 

Հոգեգալստից հետո Երկրորդ Հինգշաբթի

3 Հունիս 2021

 

Ավետարանական հատված. Մարկոս 14, 12-16.22-26

ՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔԸ    և   ՀԱՂՈՐԴՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

(Մտթ 26, 17-30; Ղկս 22,7-23; Հվհ 13, 21-30; 1Կր 11, 23-25)

 

Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»: Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը եւ երբ այն քաղաքը մտնէք, կը պատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից: Եւ նա ո՛ր տունը որ մտնի, տանտիրոջը կ՚ասէք. “Վարդապետն ասում է՝ որտե՞ղ է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ”: Եւ նա ձեզ ցոյց կը տայ մի զարդարուած վերնատուն. այնտե՛ղ պատրաստեցէք մեր համար»: Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան՝ ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին:

[...] Եւ մինչ դեռ ուտում էին, Յիսուսը հաց վերցնելով՝ օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինը»: Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին: Եւ Յիսուսը նրանց ասաց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ թափուելու է շատերի համար: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու մինչեւ այն օրը, երբ կը խմեմ նոր գինին Աստծոյ արքայութեան մէջ»:

Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը:

 

Տասնյակ տարիներ են արդեն, ինչ մասնակցում եմ Սուրբ Պատարագի, մերձենում եմ Ամենասուրբ Հաղորդությանը՝ քայլելով դեպի խորանը, երբեմն մի քիչ մտքերով ցրված ու անվստահելի, և սակայն, Աստված երբեք չի մերժում ընծայվել, չի մերժում պարգևել ինձ Իր Մարմինն ու Արյունը։

Խորանի վրա է՝ իբրև մի փոքրիկ կտոր սպիտակ հաց, որ յուրահատուկ համ անգամ չունի, և որ լռություն է, խորագույն լռություն։

Ի՞նչ կարող է տալ ինձ հացի այս փոքրիկ կտորը, թեթև՝ օդում սավառնող թևի նման, աղքատ ու այսքա՜ն փոքր, այն աստիճան, որ ամենափոքրիկ երեխային անգամ չի կարող հագեցնել։

Մի պահի տևողությամբ կանգնում եմ Աստծո անսահմանության առաջ, Աստծո՝ որ փնտրում է ինձ, Աստծո՝ որ եկել է, որ պաշարում է ինձ, որ ներս է մտնում և Իրեն տուն գտնում։ Իմ դեպի խորան ձգվող քայլքը սոսկ տժգույն խորհրդապատկերն է Իր հավիտենական գալու՝ դեպի մարդը, դեպի ինձ։

Սերը տուն է փնտրում։

Հաղորդությունը, իմ կարիքը լինելուց ավելի, Աստծո կարիքն է։

Լցված եմ Աստծով։ Եվ չեմ կարողանում խոսքեր արտաբերել, չունեմ նվիրաբերելիք ընծաներ, չունեն բարձրագոչ ծրագրեր, քաջություն չունեմ։ Բայց ներսումս ինչ որ մի բան բացվում է, որպեսզի այնտեղ դրոշմվի Աստծո թեթև ոտնահետքը։

Հաղորդվում եմ և Նա բնակություն է հաստատում իմ մեջ, ես Իր տունն եմ։ Անհավատալի Աստվածը գոհանում է վախերի այս խճճված կծիկով, ցանկությունների այս քարկապով, որ ես եմ։

Եվ ջանք եմ գործադրում ՝ ուղեղիցս մտքեր քամելու և խոսքեր, որ կարողանամ Իրեն ձոնել, բայց վերջում Իրեն եմ նվիրում իմ լռությունը։ Եվ սակայն, Նա ինձ երբեք չի լքել։ Երբեք չենք հեռացել միմյանցից։

Ժամանակն է, որ մտածենք Աստծո մասին ո՛չ միայն որպես Հայր, որ թիկունք է կանգնում, այլ նաև՝ որպես կողքդ ներկա Մայր, որ Իրենով է կերակրում Իր զավակներին, Իր կրծքով, Իր մարմնով։ Մտածել Աստծո մասին որպես Փեսայի, հորդառատ սեր, որ պատասխան է փնտրում։ Եվ Իր հետ հանդիպումը նման է Երգ Երգոցի սիրահարների հանդիպմանը. նվիրում և բերկրանք, ուժգնություն և քնքշանք, արգասավորություն և հավատարմություն։

«Ահա՛ իմ մարմինը», և ո՛չ թե, ինչպես կարող էինք ակնկալել. «ահա՛ իմ միտքը, ահա՛ իմ կամքը, ահա՛ իմ աստվածությունը, ահա՛ իմ լավագույն մասը», այլ՝ պարզապես, աղքատորեն, մարմինը։ Վեհությունը խոնարհության մեջ, փառքը կավեղեն անոթի մեջ, զորությունը տկարության մեջ։

Տերը միայն փրկություն չի բերել, այլ՝ ազատագրություն, որ շա՜տ ավելին է։ Փրկությունը դա ինչ որ մեկին դուրս հանելն է ջրերից, որոնց մեջ նա խեղդվում է. ազատագրությունը դա փոխակերպելն է տկարությունը ուժի, անեծքը օրհնության, Պետրոսի ուրացումները սիրո խոստովանության, լացը պարի, տրտմության հանդերձը ուրախության զգեստի, մարմինը Աստծո տան։

Վերցրե՛ք այս մարմինը. սա նշանակում է, որ Հիսուսը մեզ է հանձնում Իր պատմությունը. մսուրը, փողոցները, լիճը, դեմքերը, Խաչի դժնդակությունը, դատարկ գերեզմանը և կյանքը, որ շուրջբոլորը ծաղկում էր, երբ Ինքն էր անցնում։ Եվ Իր Արյամբ հեղում է կրքի կարմիրը, հավատարմության քաջությունը, ի սպառ։

Սքանչելի Աստված, որ չի բեկում ուրիշներին, այլ՝ բեկում ու բաշխում է Ինքն Իրեն։

Վերցրեք ամե՛ն ինչ ինձնից ... և անակնկալ լուսավորմամբ վերհիշում եմ փոքրիկ Ռութի խոսքերը. «Մի՛ պնդիր՝ ասելով ինձ, թե պետք է թողնեմ քեզ. ո՛ւր որ դու կգնաս, կգնամ նաև ես. քո ժողովուրդը կլինի իմ ժողովուրդը և քո Աստվածը կլինի իմ Աստվածը. ո՛ւր որ դու կմեռնես, կմեռնեմ նաև ես ու կթաղվեմ։ Տերը թող որ պատժի ինձ ինչպես կամենա, եթե մահվանից բացի ա՛յլ բան կբաժանի ինձ քեզնից» (հմմտ. Ռութ 1, 16-17)։

Սերը հաղթում է նաև Աստծուն, եթե այդ Աստվածն հենց Ինքը Սերը չէ։

Վերցրե՛ք ինձ ... և չգիտեմ, թե ուրիշ ինչպե՞ս կարող եմ սիրել ձեզ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։