« ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ » – Գրադարան – Mashtoz.org

« ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՒՐ ԻՐԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Թվոց 6, 22-27
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. ''Այսպե՛ս օրհնեցեք իսրայելացիներին և ասացե՛ք նրանց. (իմ անունը թող դնեն իսրայելացիների վրա, և ես՝ Տերս, կօրհնեմ նրանց). Տերն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցույց տա քեզ ու ողորմի քեզ։ Տերն իր երեսը դեպի քեզ դարձնի և քեզ խաղաղություն պարգևի''»։

Գաղատացիս 4, 4-7
Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո։

Ղուկաս 2, 16-21
Եվ հովիվները շտապ եկան ու գտան Մարիամին ու Հովսեփին և մսուրի մեջ դրված մանկանը։ Եվ ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր մանկան մասին։ Եվ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվները ասացին իրենց։ Իսկ Մարիամը այս բոլոր ասվածները պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։ Եվ հովիվները վերադարձան. փառավորում և օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես իրենց պատմվել էր։ Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում։
 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Օրհնությունը, որով սկիզբ է տրվում նոր տարվան, մի հրավեր է չերկնչելու. Աստված մուտք է գործում մարդկանց կյանքից ներս, չնայած այն բանին, որ մարդկանց աշխարհն անպատշաճ է Իր մեծվայելչությանը, կամ թերևս հենց ա՛յս պատճառով է գալիս։ Աստված չի մերժում մեր տկարությունը, այլ միայն՝ կեղծավորությունը։
Մի՛ վախեցիր տկարությունիցդ, այն Տիրոջ համար խոչընդոտ չէ, այլ՝ մի պատեհություն։
Այսօր զգում եմ որպես իմը, որպես ի՛նձ ասված, հրեշտակի կողմից Մարիամին ուղղված խոսքը. «Տերը քո հետ է»։ Իմ այս անպատշաճ կյանքում. Տերն իմ հետ է։ Իմ այս ցրված ու ամեն տեսակ թափոններով լցված, անցումները փակված կյանքում. Տերն իմ հետ է։ Հրեշտակի խոսքերն արձագանքում են Հին Ուխտի մարգարեի խոսքերը, որոնք Աստծո անունից ասում են. «Ես քո հետ էի ամենուր, ո՛ւր էլ որ գնում էիր»։
Սիրահարի խոսքեր։ Քո հետ, ամենուր, միշտ։ Խոսքեր, որոնք իրականում ոչ մի արարած չի կարող ասել քեզ, որքան էլ որ քեզ սիրի։ Ոչ ոք չի կարող ամենուր իմ հետ լինել, ո՛ւր էլ որ ես գնամ. ոչ ոք չի եղել իմ հետ այն բոլոր քայլերում, որ կատարել եմ, որ կորցրել եմ, որ գտել եմ։ Միմիայն Աստված։
Որտեղի՞ց է ծնվում, Տեր, Քո այս ցանկությունը, որից մղված՝ Ինքդ Քեզ կորցնում ես մեր ետևում, հետևում ես ինձ և իմ տարօրինակություններին, քայլում ես իմ հետ, քայլերդ դանդաղեցնում ես իմ քայլերի ռիթմով, կարծես թե ես, կարծես թե մարդկանցից յուրաքանչյուրը – և սա ճիշտ է, որոշակի առումով բոլորս այդպիսին ենք – կարծես թե նախակարապետդ լինեի, Մկրտչի նման։ Քայլիր մեր հետ, Տեր, ինչպես ասում է մարգարեն, ինչպես կրկնում է հրեշտակը. քայլիր իմ հետ, և թող որ այս կյանքը լինի Քո տունը, Քո վրանը։
Եվ այսօր, Սուրբ Ծնունդից յոթն օր անց, որտե՞ղ ենք պատկերացնում Աստծուն։ Ռաբբի Մենդելը զարմացնում էր իր աշակերտներին, երբ նրանց հարցնում էր. «Որտե՞ղ է բնակվում Աստված»։ Վստահ ու համոզված՝ պատասխանում էին. «Վարդապետ, Նա ամենուր է»։ «Եվ սակայն, ո՛չ», ասում էր ռաբբին, «Աստված միայն այնտեղ է, ուր Իրեն թույլ են տալիս մտնել։ Նա մտնում է տվյալ մարդու կյանքի մեջ, նույնիսկ եթե անպատրաստ է Իրեն ընդունելու, միայն թե ունկնդրության մի ճեղք գտնի, լռության մի փոքրիկ բացվածք։
Դավիթը Տիրոջ համար ուզում էր քարերով և մայրու փայտերով շինված տաճար կառուցել, բայց Աստված նրան խոսում էր հոտերի արահետների մասին։ Ուզում էր դնել Նրան բարձր ու ապահով մի վայրում, բայց Աստված նրան խոսում էր վրանների ու արոտավայրերի մասին։ Նա փողոցի Աստվածն է, կյանքի մեջ մտնող Աստվածն է։ Մենք էլ Դավթի նման ենք, ուզում ենք տաճարային Աստված տեսնել, իսկ Աստված, մինչդեռ, տակավին կրկնում է, ինչպես Նազարեթում. Ես չեմ ապրում քարաշեն պատերի ներսում, Ես ուզում եմ մարմնիդ նեղ շրջագիծը։
Որտե՞ղ ենք պատկերացնում Աստծուն։ Թերևս եկեղեցիներո՞ւմ, ժողովարաններո՞ւմ, մզկիթներո՞ւմ։ Ճշմարիտ Աստվածը, մինչդեռ, Աստված է, որ անակնկալ կերպով հանդիպում է մեզ փողոցներում, վրանի Աստվածն է, արոտավայրերի Աստվածը, հովվի հոտերի ետևից ընթացող Աստվածն է, որ բնակվում է ծնելու գործողության մեջ, երեսների, հայացքների Աստվածն է, ուղևորության մեր Ընկերը։ Աստծո անակնկալը կյանքի մեջ է, և մեզ կանչում է տաճարային անշարժությունից դեպի անհանդարտ քայլքը մարդկության, որին պատկանում ենք։
Եվ հենց այնտեղ է, որ Աստված «պատահում է». պատահում է մի վեցերորդ ամսում, որ նշված է կյանքի օրացույցի վրա, վեցերորդ ամիսը մի նոր կյանքի, Եղիսաբեթի արգանդում։
«Բարձրյալը կծածկի քեզ Իր ստվերով»։ Լույսը դառնում է ստվեր, քողարկվում է մարմնի մեջ, թաքնվում է գրեթե, իբրև հովանի մի աղջնակի վրա, երջանկության դող՝ նրա արգանդում։
Ա՛յլ ձև չկա, որպեսզի Տերը կարողանա մնալ այս անպատշաճ կյանքում, այս մոլորումների ներսում, եթե ոչ միայն՝ աղքատ նշանների ներքո, որոնք մեզ ամենահամապատասխանողներն են։ Նրան չես գտնի շլացուցիչ տեսիլքներում, Նրան չես գտնի տաճարի շքեղության մեջ, այլ՝ կյանքում, որն հաճախ ստվերներով լի սափոր է, վախերով լի անոթ։
Մի արգանդի խավարի մեջ է կյանքի լույսը, իմ կյանքի խավարի մեջ։ Եվ ինձ օրհնում է։
 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 26-27.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։