« Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« Ո՛Չ ՈՔ ... ԵՐԲԵ՛Ք ... ԻՄ ՁԵՌՔԻՑ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Գործք Առաքելոց 13, 14.43-52
Պերգեից եկան Պիսիդյան Անտիոք քաղաքը. և շաբաթ օրը, ժողովարան մտնելով, նստեցին։ [...] Եվ երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից և հրեության դարձած աստվածապաշտներից շատերը գնում էին Պողոսի և Բառնաբասի հետևից, որոնք խոսում էին նրանց հետ ու համոզում նրանց, որ շարունակեն մնալ Աստծո շնորհի մեջ։ Եվ երբ հաջորդ շաբաթ օրը եկավ, գրեթե ամբողջ քաղաքը հավաքվեց Աստծո խոսքը լսելու։ Երբ հրեաները այդ բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և, Պողոսի ասածներին ընդդիմախոսելով, հայհոյում էին։ Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծո խոսքը խոսեինք. բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները. որովհետև Տերը մեզ այսպես պատվիրեց. «Քեզ դրեցի որպես հեթանոսների լույս, որպեսզի դու փրկության միջոց լինես մինչև երկրի ծագերը»։ Այս բանը լսելով՝ հեթանոսները ուրախացան և փառավորում էին Տիրոջ խոսքը. և ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար, հավատացին։ Եվ Աստծո խոսքը ամբողջ գավառում տարածվում էր։ Բայց հրեաները աստվածապաշտ և երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին գրգռեցին և, Պողոսի ու Բառնաբասի դեմ հալածանք հարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին։ Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրա թափ տալով, եկան Իկոնիոն։ Եվ աշակերտները լցվեցին ուրախությամբ և Սուրբ Հոգով։
 
Հայտնություն 7, 9.14-18
Եվ դրանից հետո տեսա մի մեծ բազմություն, - որին թիվ չկար, - բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք կանգնած էին աթոռի առաջ և Գառան առաջ՝ իրենց վրա սպիտակ զգեստներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։ [...] Ես նրան ասացի. «Տե՜ր, գիտես դու»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց զգեստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։ Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծո գահի առաջ և զօր ու գիշեր պաշտում են նրան իր տաճարի մեջ։ Եվ նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ։ Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ էլ ծարավելու են. և նրանց չի վնասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տոթը։ Եվ Գառը, որ իր աթոռի մեջտեղում է, պիտի հովվի նրանց ու պիտի առաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը կենդանի ջրի, քանզի Աստված նրանց աչքերից սրբեց ամեն արտասուք»։
 
Հովհաննես 10, 25.27-30
Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. « [...] Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց. և նրանք գալու են իմ հետևից. և ես նրանց կտամ հավիտենական կյանքը. և նրանք չեն կորչի հավիտյան. և ոչ ոք նրանց իմ ձեռքից չի խլի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է. և իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող խլել նրանց։ Ես և իմ Հայրը մի ենք»։
 
 
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
«Իմ ոչխարները լսում են իմ ձայնը»։ Լսելը մեր առաջին գործն է, Աստծուն և մերձավորին մատուցվելիք առաջին ծառայությունը, առաջին կերպը՝ տալու համար մյուսին – Աստծուն կամ եղբորը – նրա գոյության ակնհայտությունը, ակնհայտությունը, որ նա մեր համար կարևոր է։ Սիրելը նաև լսել է նշանակում։ Ամեն օր մի քիչ սիրտ և մի քիչ ժամանակ հատկացնել այն ձայնի ունկնդրմանը. «Քո վարդը կարևոր է, որովհետև նրան ժամանակ ես հատկացնում» (Անտուան Դը Սենթ-Էքզյուպերի)։
Բայց ինչպե՞ս ճանաչել Նրա ձայնը։ «Մարդիկ իրար կանչում են մի լռությունից դեպի մյուսը, իրար փնտրում են մի միայնությունից դեպի մյուսը։ Եվ յուրաքանչյուր ձայն գալիս է դրսից։ Բայց Դու, Դու մի Ձայն ես, որ հնչում է հոգու խորքում» (Գ. ֆոն Լը Ֆորտ)։ Խոսքը վերաբերվում է, ուրեմն, ամենայն խնամքով սիրտը պահպանելուն, որպեսզի, ինչպես ասում էին հները, սիրտն է աստվածների դուռը. որովհետև, ինչպես ասում է Աստվածաշունչը, սրտից է բխում կյանքը (Առկ 4, 23)։
Բազմաթիվ բարբառներում գոյություն անգամ չունեն «հնազանդվել», «ենթարկվել» բայերը, այլ՝ դրանք ամբողջովին փոխարինված են «լսել» բայով։ Քանի՜ անգամներ են ծնողների տրտունջները կրկնում. «Այս որդիս ինձ չի լսում», «Այս որդիս այլևս ոչ ոքի չի լսում»։ Եվ ուզում են ասել. «Չի հետևում ոչ ոքի խորհուրդներին»։ Աստծո միևնույն բողոքն է, որով լի է Աստվածաշունչը. «Լսի՛ր, Իսրայել»։ Լսել՝ նշանակում է հնազանդվել։
Ավետարանի այսօր ընթերցված հատվածում մի անհամաչափություն կա, ամբողջովին ի շահ մեր, այն բաների միջև, որոնք Հիսուսն անում է մեր համար, և այն բաների, որոնք մենք պետք է անենք՝ Իր պարգևին պատասխանելու համար։ Եվ ավելի կարևոր է, գոնե մի անգամ, կանգ առնել այն բաների վրա, որոնք Հիսուսը խոստանում է։ Չափազանց քիչ անգամներ ենք այսպես վարվում։
Բոլորն անդադար հիշեցնում են մեզ մեր պարտականությունները, մեր հանձնառությունները, ձիրքերը ծաղկեցնելու ջանքը, պատվիրանների գործադրումը, և բազմաթիվ քրիստոնյաներ վհատության եզրին են հասնում, որովհետև ավելին չեն կարողանում։ Եվ այդ ժամանակ լավ է, հոգու փրկություն է ներշնչել այն ուժը, որ ծնվում է Հիսուսի այս խոսքերից. «Ես նրանց տալիս եմ կյանքը»։
Աստծո կյանքը տրված է, մեր մեջ ներկա է որպես խոնարհ սերմնահատիկ, որը մեր սրտում գրեթե շարժվելու է սկսում այն ամեն անգամ, երբ Հիսուսին հպվում ենք մի քիչ ավելի մոտիկից (Ա. Լուֆ)։
«Ո՛չ ոք քեզ չի խլի իմ ձեռքից»։ Ո՛չ ոք, ո՛չ հրեշտակներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կյանք, ո՛չ մահ, ո՛չ ներկա, ո՛չ ապագա, ոչ մի բան երբեք չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց (Հռմ 8, 38)։
Այս բացարձակ բառի ուժն ու մխիթարությունը. «Ո՛չ ոք»։ Որն իսկույն կրկնապատկվում է. Չի խլի քեզ «երբե՛ք», «հավիտյա՛ն»։
Կա այս խոսքի մեջ մի բայ, որ գործածված է ո՛չ թե ներկա, այլ՝ ապառնի ժամանակով, մատնացույց անելու համար մի ամբողջ պատմություն, որն այնքան երկար է, որքան Աստծո ժամանակը։ Մարդն Աստծո համար է մի այնքա՜ն մեծ կիրք է, որ ի զորու է կտրել անցնել ողջ հավիտենությունը։
«Ո՛չ ոք, երբե՛ք, իմ ձեռքից». ձեռքեր, որ երկինքները տարածեցին և երկրի հիմքերը գցեցին, Եդեմի կավն աշխատող բրուտի ձեռքերը, արարիչ ձեռքերը խորը քուն մտած Ադամի վրա, որոնցից ծնվում է – իբրև Ադամի հափշտակություն – Եվան. խաչին գամված ձեռքեր, որոնք լայն տարածվել են մի գրկախառնության համար, որն այլևս երբեք չի ավարտվելու։ Ո՛չ ոք քեզ չի խլի այս ձեռքերից. սրանք խոսքեր են՝ մեզ քաջություն ներշնչելու համար։
Իբրև ճնճղուկներ, մեր բույնը Նրա ձեռքերի մեջ է։
Իբրև մանուկներ, մեր ողջ ուժով կառչում ենք այդ ձեռքից, որը չի թողնի, որ մենք ընկնենք մահվան դատարկության մեջ։
Իբրև խաչվածներ, կրկնում ենք. Քո ձեռքերի մեջ եմ հանձնում իմ կյանքը։
 
 
Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 70-71.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։