« ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ. մի աստվածաշնչյան հայացք » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ. մի աստվածաշնչյան հայացք »

Ծնթ. – Այս խորհրդածությունը Հայր Լուիջի Մարիա Էպիքոկոն կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։

 

 

Այսօր կուզենայի ձեր հետ կիսվել մի խորհրդածությամբ, որի կատարման համար կջանամ այս կերպ առաջ գնալ. կփորձեմ փոխանցել ձեզ մտքեր ու զգացողություններ, որոնք նույնն են, որ ընկերակցում են նաև անձամբ ինձ՝ իմ մարդկային և քրիստոնեական ինքնության ապրման, ... իմ կրոնական-քահանայական կոչման, ... ծառայության իրականացման մեջ։

Ա՛յլ կերպ ասած, համոզմունքը, որ աստվածաշնչյան պատմությունները մի մեծ հայելի են, որոնց միջոցով կարող ենք մեր կյանքին նայել մի նոր հայացքով, ... մի տարբեր հայացքով, ... ... դիտել մեզ և մեր կյանքը մի ամբողջովին տարբեր տեսանկյունից։

Եվ, ... սա շա՜տ կարևոր է ընդգծել, ... այս բաները վավերական և օգտակար են – այո՛ – այն դեպքում, երբ արդեն իսկ ունենք Հավատքի պարգևը, այսինքն՝ հավատացյալներ ենք, Աստծո ժողովուրդ, ... բայց նաև այն դեպքում, երբ մեկը Հավատք չունի, դրանք շարունակում են ճշմարիտ իրողություններ մնալ, որովհետև վերաբերվում են ... հպվում են ... գոյության այն մեխանիզմին, որը մենք բոլորս ունենք, ... որը մենք բոլորս ե՛նք, ... որը մեր էությունն է, մեր իրականությունը ... ողջ մարդկության։

Սա, կարծում եմ, կարևոր է մեզնից յուրաքանչյուրի համար, ... այսինքն՝ հասկանալը, որ Քրիստոնեությունը այսպես ասած գաղափարների, մտքերի, աշխարհայացքի, դիրքորոշումների պաշար չէ միայն հավատացյալի համար։ ... Քրիստոնեությունը մի՛շտ հարուստ պաշար է՝ մարդկային որևէ էակի համար, ընդհանուր առմամբ։ ... Եվ որ ... երբ մենք, այսպես ասած, բացում ենք դարպասները այն մշակույթի, որ գտնվում է քրիստոնեական փորձառության ետևում, հասկանում ենք, որ պատմությունների ետևում, որ կարողացել ենք ընդունել, ... բազմաթիվ մարդիկ վերագտնում են, կարծես, իրե՛նց քայլքի կողմնացույցը, ... վերագտնում են քարտեզը, մեկնաբանելու համար նաև սեփական պատմությունը՝ մի ամբողջովին նոր ձևով։

Սա՛ է պատճառը, որի համար այսօր բազմաթիվ մեջբերումներ կկատարեմ աստվածաշնչյան կերպարներից։ Բայց ուզում եմ հուսալ, որ աստվածաշնչյան այս կերպարներին ոգեկոչելով՝ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա հայացք նետել իր սեփական կյանքի վրա, ... հասկանալ, որ անկախ այն բանից, թե ինչպիսի՛ վիճակում է գտնվում մեր Հավատքը – թե առաջին քայլերն է նետում, թե պինդ է, թե չափահաս և ամուր, թե տկար ու հիվանդ, թե սասանվող, և այլն ... , որովհետև գոյություն չունի ''հավատացյալ լինելու'' մի ստանդարտ ... – Աստվածաշնչի պատմություններն ու պատգամները նախևառաջ ուղղված են մեզ որպես մարդկանց, և ո՛չ թե՝ որպես հավատացյալների։ ... Միայն ու միայն այն ժամանակ, երբ մենք կսովորենք լինել Մարդ, այդ ժամանակ է, որ հնարավորություն կունենանք լինելու նաև Հավատացյալ։ ... Հուսով եմ, ուստի, որ այս կերպարները կարող են գոնե մի քիչ լուսավորել մեր մարդկությունը, մեր մարդ լինելը։ Եվ դա անելով, այսպես ասած՝ լույսի մի ճեղք բացել մեր գոյության սև ամպերով պատված երկնքում, այնպես՝ որ հետո, իրար հետ զրուցելով, կիսվելով, կամ միայնակ՝ ինքներդ ձեր հետ խորհրդածելով, կկարողանաք ուժ գտնել և ուժ փոխանցել միմյանց։ ...

... ... ...

Ահա՛, ուրեմն, կուզենամ որպես մեկնակետ առնել մի հավաստում, այսինքն՝ մի փաստի ընդունում, որը, կարծում եմ, չափազանց կարևոր հավաստում է։ ... Մենք՝ մարդիկս, հանդարտ էակներ չենք, այսինքն՝ մենք, մեր կազմությամբ իսկ, մեր էությամբ իսկ, անհանդարտ էակներ ենք։ ... Եվ անհանդարտ էակներ ենք, որովհետև ամենամեծ փաստը, որ մենք կենդանի էակներ ենք (ողջ ենք, ապրող ենք), կայանում է հե՛նց մեր անհանդարտ լինելու վիճակի մեջ։ Այսինքն, եթե կյանքը ինչ որ մի նշան ունի մեր մեջ, դա հենց այս անհանդարտությունն է, որ զգում ենք, որի փորձառությունն ապրում ենք մեր մեջ։

Շատ անգամներ մենք մտածում ենք, որ աճել, հասունանալ՝ նշանակում է լուծում գտնել այս անհանդարտությանը, որի ներկայությունը զգում ենք մեր մեջ։ Բայց ... եթե մենք (դիցուք, եթե կարողանայինք) հանգցնեինք այս անհանդարտությունը մեր մեջ, այսինքն՝ հասնեինք այն խաղաղեցնելու, ... գործնական գետնի վրա՝ կհասցնեինք մեզ մահվան, ... որովհետև միակ պահը, որի ժամանակ մեր այս կենսական անհանդարտությունը այսպես ասած որսվում է, դրվում է վանդակի մեջ, դա այն պահն է, երբ մենք այլևս ողջ չենք։ ... ... Չմոռանանք, որ խաղաղության, լռության, հանդարտության տարբեր ձևեր ու իրավիճակներ կան, որոնցից մեկն է, հե՛նց, գերեզմանի խաղաղությունը, գերեզմանոցի լռությունը, դամբարանի հանդարտությունը։ ... ... Եվ մեզ բազմաթիվ անգամներ պատահում է, որ տրամադիր ենք լինում դնելու ինքներս մեզ հոգևոր, այլաբանական ''մահվան'' վիճակի մեջ, միայն թե կարողանանք լռեցնել այս անհանդարտությունը մեր մեջ։

Այսինքն, պարզ խոսքերով ասած, օրհնության հայացք, բարյացակամության հայացք չունենք այս պայքարի հանդեպ, որ տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներաշխարհում։ Շատ հաճախ այս իրականությանը նայում ենք բացասական հայացքով, բացասական մեկնաբանություն տալով։ ... Որովհետև այս ներքին պայքարը, որ մենք բոլորս ապրում ենք, մեզ շատ հաճախ անկայունացնում է, մեզ զգալ է տալիս մեր ողջ անկայունությունը, ... շատ հաճախ մեզ ճգնաժամի է ենթարկում, ... ծնունդ է տալիս հարցերի, ... բաներ, որոնք մինչև երեկ մեզ թվում էին անսասան ու անկործանելի ճշմարտություններ, մեկ օրից մյուսը հանկարծ սկսում են երերալ, ... ... և մեզ տհաճ է անկայունության այս փորձառությունը ... ։

Եվ սակայն, անկայունությունը, ... անհանդարտությունը, պայքարը, ... այս շարժումը, որ կա մեզնից յուրաքանչյուրի ներսում, միայն ու միայն կյանքի (թույլ տվեք ասել) ''ախտանիշ'' է, սիմպտոմ, ... տգեղ, վատ բան չէ, այլ ընդհակառակը՝ արտակարգ ձևի գեղեցիկ բան է։ ... Եվ կարծում եմ, որ եթե մենք սկսեինք՝ փոխելով մեր հայացքը այն բաների հանդեպ, որոնք մեր ճգնաժամերն են, մեր ողբերգությունները (դրամմաները), մեր ներքին պայքարները, արդեն իսկ կատարած կլինեինք մեր հոգևոր ճանապարհի մի զգալի, նշանակալի մասը։ Այսինքն՝ մենք չպետք է մեր ներսը նայենք՝ լուծում տալու համար այս բաներին ... ( – որոնք, իմիջիայլոց ասենք, եթե նույնիսկ պետք է լուծվեն, մենք չենք, որ կարող ենք լուծել դրանք, այլ՝ միայն ու միայն Աստված, ... ԵԹԵ կամենա դա անել – ), ... այլ՝ նայում ենք մեր ներսը, որպեսզի այս լուծում չգտած խնդիրները, փոխանակ կործանելու մեզ, առաջնորդեն մեզ դեպի ինչ որ մի նպատակակետ։ ... ... ...

Էներգիան (հայերեն ասած՝ ուժականությունը) այս կերպ է գործում. երբ դու չես կարողանում կողմնորոշել այն դեպի մի նպատակակետ, այն կործանարար է դառնում։ Բայց երբ դու կարողանում ես այն կողմնորոշել դեպի մի հստակ նպատակակետ, այն դառնում է շինիչ, կառուցող, օգտակար, այսինքն՝ դառնում է քեզ ի նպաստ աշխատող ուժ ... (լույս կամ պայթյուն)։ ... Ձև չկա՝ այս էներգիան ճնշելու, բանտարկելու ( – այն կյանքի իսկ ուժն է, աստվածաստե՛ղծ – ), այլ մանավանդ թե՝ ամեն անգամ, որ մենք փորձում ենք ճնշել, բանտարկել այս էներգիան, ավելացնում ենք նրա կործանարար ուժը։ ... ... ... (հիշենք ատոմային ռումբի օրինակը) ... ... ... Ահա՛ թե ինչո՛ւ, կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հասկանալ, որ աճել, մեծանալ, հասունանալ՝ չի նշանակում լուծում գտնել այս անհանդարտությանը, այլ՝ ընդունել այն, հաշտվել նրա հետ, համագործակցել, որպես մի բան, որ բացարձակապես մարդկային է ու բնական՝ մեր գոյության մեջ։

Արդ, եթե փորձենք մի քիչ ավելի մոտիկից նայել այս անհանդարտությանը, որ բնակվում է մեզնից յուրաքանչյուրի ներաշխարհում, կարող ենք ասել, որ այս պայքարը՝ պայքար է երկու իրողությունների միջև, ... որոնք այսպես ասած պայքարում են մեր սրտում գերագահությունն ունենալու համար, ... մեր սիրտն իրենց կողմը քաշելու համար, ... մեր սրտի գահը ձեռքբերելու համար։ ... Երկու մղումներ ( տալչոկ ), որոնցից առաջինը կարծում եմ ճանաչելու կարիքն է, վերահսկողության, ... իրականությունը վերլուծելու կարիքը, ... որպեսզի ... այն պահենք մեր վերահսկողության ներքո ( ... ճանաչել՝ նշանակում է վերահսկել ... ), մեր բանականության, մեր մտքի, մեր հասկացողությունների վերահսկողության ներքո, ... ա՛յլ խոսքերով ասած՝ այն է, որ մեզնից յուրաքանչյուրը կարիքն ունի իր ոտքերի տակ հաստատուն հող զգալու, ... այսինքն՝ մենք բոլորս կարիքն ունենք ինչ որ մի հաստատուն բանի, որի վրա կարող ենք կերտել մեր կյանքը։ ... Կամաց կամաց, որքան ավելի ենք մենք մեծանում, ավելանում են մեր ճանաչողությունները, մեր ինքնագիտակցությունը, մեր գիտելիքները, ... և մենք մի տեսակ ինքնախաբեություն ենք ձևավորում, թե բոլոր այս բաները ճանաչելով՝ կարող ենք մե՛նք հրամայել, մե՛նք ղեկավարել, մե՛նք կողմնորոշել մեր գոյության ուղևորությունը ... (ոմանք հասնում են մինչև իսկ կարծելու, թե ո՛չ միայն իրենց անձնական, այլ ընդհանրապես՝ ողջ արարչության գոյությունը կարող են ղեկավարել)։ ...

Մինչև որ, ապա, կյանքում տեղի չի ունենում ինչ որ մի բան, որը տրավմատիկ կերպով ( ... ընկնելու, ոտքդ կոտրելու նման... ) մեզ գահընկեց չի անում, ... մեր ձեռքից չի խլում այդ ''ղեկը'' ( ռույլը ), ... և կրկին վերադարձնում է մեզ խորը, արմատական անկայունության վիճակի մեջ։

Արդ, հարցնում ենք ինքներս մեզ. մի՞թե վատ բան է հստակություններ, կայունություն փնտրելը, ... վա՞տ բան է ճանաչել կամենալը, վա՞տ բան է վերահսկողություն ցանկանալը, վա՞տ բան է ոտքերիդ տակ ամուր հող փափագելը։ ... ... Ո՛չ, վատ բան չէ՛։ Նման է ցանկանալուն ասել. «Ես կարիքն ունեմ իմանալու, թե ես ո՛վ եմ։ ... Կարիքն ունեմ իմանալու, թե ի՛նչ է կատարվել և ի՛նչ է կատարվում իմ կյանքում։ ... Կարիքն ունեմ իմանալու, թե ի՛նչ է կատարվելու իմ հետ վաղը։ ... Կարիքն ունեմ իմանալու, թե ի՛նչ ձևով պետք է ապրեմ իմ գոյության այս տվյալ պահը»։ ... Ուրեմն ի՞նչն է սխալ։ ... Սխալ է այն, որ մոռանում ենք, որ մեր՝ արարածներիս համար, գոյություն չունի ամեն ինչ համապարփակ – կասեի՝ համ-ընդգրկուն – կերպով ճանաչելու հնարավորությունը ... ( ... արարածն իր էությամբ իսկ, իր սահմանումով իսկ սահմանափակ է, ... մենք որպես անհատ ''սահմանվում ենք'' մեր ''սահմաններով'' ... ) ... , այսինքն՝ այս կարիքը միշտ խիստ սահմանափակ իրականություն է, և միշտ մնալու է որպես այդպիսին։ ... Օրինակ, այս պահին իսկ, տեսնելու իմ կարողությունը հասնում է մինչև որոշակի կետի, իմ տեսադաշտը չի ծածկում իրականությունը 360 աստիճանով, տեսնում է միայն որոշ բաներ, բայց չի կարող իր ուշադրությունը սևեռել ամբողջ իրականության վրա և այդ ամբողջին մաս կազմող յուրաքանչյուր մանրամասնության ( դետալի ) վրա։ ... Ինքնախաբեություն է կարծելը, մտածելը, թե մեր՝ մարդկանցս համար կարող է գոյություն ունենալ իրողությունների մի ճանաչողություն, մի հայացք, որ կարող է համապարփակ լինել, համընդգրկուն։ ... Իրականությունը ճանաչելու մեր կերպը միշտ և միշտ շատ մասնակի է։ ... Բայց երբ դու սկսում ես համոզվել, թե բաները, որ ճանաչում ես, ճշգրիտ կերպով այն են, ինչ դու ճանաչում ես դրանց վերաբերյալ, և քո համար չեն ներկայացնում ոչ մի ''լույս չտեսած'', ոչ մի խորհրդավոր տեսանկյուն, ... դու պարզապես մեծ տառապանք ես ապրում, երբ այդ բաները վերադառնում են քեզ հիշեցնելու, որ շա՜տ ավելի մեծ են, քան որքան որ դու պատկերացնում ես, և որքան որ դու կարողացել ես հասկանալ։ ...

Ուզում եմ անմիջապես մի կոնկրետ օրինակ ներկայացնել. երբ մեր սրտում համակրանքի, գորովի զգացում է ծնվում ինչ որ մեկի հանդեպ ... (գորով և համակրանք՝ որպես ընկերություն, կամ որպես սիրահարվածություն, ... երկուսն էլ նույն կերպ են գործում ... ) ... , անխուսափելիորեն մենք սկսում ենք ճանաչել այս ''ինչ որ մեկին'', և ապա ինքներս մեզ համոզում ենք, ինքներս մեր մեջ համոզմունք ենք ձևավորում, թե նրան ճանաչում ենք ամբողջովին, անմնացորդ կերպով։ ... Բայց մեր կողքին գտնվող անձանց ամբողջովին ճանաչելու այս հավակնությունը (գոռոզությունը) մեզ ապրել է տալիս այլևս ո՛չ թե մի հարաբերություն, այլ՝ մի տեսակ նախապաշարում։ ... Եթե ես գիտեմ, որ դու այսպիսին ես, ես դադարում եմ լսել քեզ, ... դադարում եմ ինչ որ մի բան սպասել քեզնից, ... ամեն ինչ արդեն որոշված է, հստակ է, ես գիտեմ, թե դու ինչպե՛ս ես մտածում, ի՛նչ ես անում, ի՛նչ չես անում, որո՛նք են քո լուսավոր կողմերը, որո՛նք են քո ստվերոտ կողմերը, ... այսինքն՝ հավակնությունը, թե ճանաչում ենք ինքներս մեզ, ճանաչում ենք մեր շուրջը գտնվողներին, ճանաչում ենք մեզ շրջապատող իրականությունը, ... սա շա՜տ, շա՜տ վտանգավոր հավակնություն է կյանքում։ ... Ինչո՞ւ։ ... Որովհետև ոչ մի տարածք չի թողնում անակնկալներին, չնախատեսված դեպքերին։ Տեղ չի թողնում ոչ մի տակավին ''լույս չտեսած'', այսպես ասած՝ չհրատարակված էջերին, որոնք դեռ պետք է գրվեն մեր կյանքում։ ... Մինչդեռ գիտե՞ք, Հավատքի փորձառության մեջ, մեծամասնությունն այն բաների, որ Աստված անում է, դրանք գրեթե միշտ անում է անսպասելի, անակնկալ դեպքերի միջոցով, ... դեպքերի, որոնք գտնվում են մեր գիտակցության, մեր տեսանկյան հաշվարկներից դուրս (օրինակ՝ Սուրբ Ծնունդը)։ ... Օրինակ, ներման փորձառությունը ... ծնվում է փաստից, որ դու ընդունում ես, որ մյուս անձը, որ կանգնած էր քո դիմաց, գաղափարական ( իդեալական ) անձ չէ, այնպես՝ ինչպես դու ''գծել'', պատկերացրել էիր իրեն, ... մի անձ է, օրինակի համար, որ ինչ որ մի կետում սխալվել է, ... ցույց է տվել իր տկար, դյուրաբեկ կողմերից մեկը, որը դու հաշվի չէիր առել, չէիր հաշվարկել ... , նրա հետ պատահել է մի բան, որ գտնվում է քո տեսադաշտից դուրս, ... ուստի ներել՝ նշանակում է ընդունել, որ գոյություն ուներ մի մաս, որը դու չէիր ճանաչում։ ... Եվ սիրել ինչ որ մեկի՝ նշանակում է հարցնել ինքդ քեզ, թե դու սիրում էիր այն ''գծագիրը'', որ դու ստեղծել էիր քո գլխո՞ւմ, թե՞ սիրում ես այն կոնկրետ անձին, որ գտնվում է քո դիմաց։ ...

Ուրեմն, եթե մի կողմից, տեսնում եք, կա այս ցանկությունը, մեզնից յուրաքանչյուրի կողմից, ճանաչելու, կամենալու վերահսկել իրականությունը, պահելու հողը սեփական ոտքերի տակ, ... և ասացինք, որ սա վատ բան չէ, ... կարող է վատ բան դառնալ, երբ այս ցանկությունը՝ պահելու հողը սեփական ոտքերի տակ, դառնում է մի չափազանց կուռ իրականություն, չճկվող ... ։ Եվ, վանդակի ճաղերի նման, բանտարկում է մեր կյանքը մի սխեմայի ներսում։ ...

Մյուս կողմից, մեր ներսում, կա մի ուրիշ մղում, ... թերևս այն բնութագրիչն է, որ բոլորից ավելի է մեզ մարդկայնացնում, ... մեր մարդ լինելու ամենանշանակալի մասն է։ ... Դա հարաբերվելու կարիքն է։ ... Եթե մի խոսքով ասելու լինենք. մենք ծնվել ենք հարաբերվելու, հարաբերություններ ապրելու համար։ ... Եվ գիտե՞ք ի՛նչ է սա նշանակում. որ մենք չենք գոհանում պարզապես կյանքով, ... կյանքը մեր համար դառնում է նշանակալի, իմաստալի, միայն և միայն այն ժամանակ, երբ անցնում է մի հարաբերության միջով։ ... Հետևաբար, միայն հարաբերության մեջ է, որ մենք տեսնում ենք, որ կյանքը նշանակալի է, արժեք ունի։ ... Եթե չկան հարաբերություններ, դու կարող ես ունենալ բոլոր բաղադրամասերը, բայց միևնույնն է, իմաստ չի լինի կյանքի մեջ, ... չի լինի երջանկության փորձառություն։ ... Կարող ես ունենալ առողջություն, ... խելք, ... կարող ես ունենալ փող, ... հարգարժան պաշտոն և դիրք, ... բայց եթե չկա մեկը, որ քեզ սիրում է, ամբողջ այդ բարիքը, որ կա քո շուրջը, դու այն չես զգում, չես ընկալում որպես բարիք։ ... Հարաբերությունների մեջ է, որ քո կյանքը սկսում է նշանակալի դառնալ։ ... Այս պատճառով է, որ մենք բոլորս փնտրում ենք հարաբերություններ։ ... Այսինքն՝ մենք բոլորս փնտրում ենք նշանակալի հարաբերություններ, որովհետև միմիայն հարաբերության միջնորդությամբ, միջոցով է, որ կյանքը սկսում է դառնալ ինչ որ մի մեծ բան, ինչ որ մի բան, որ լիովին մարդկային է։ ...

Ուստի, տեսնո՞ւմ եք, մեր ներսում կան այս երկու մղումները. կարիքը՝ ոտքներս հողի վրա ամուր հաստատված պահելու, և կարիքը՝ հարաբերվելու։ Երկուսն էլ շա՜տ լավ բաներ են։ Արտակարգ ձևի լավ բաներ, որ պետք է պաշտպանենք մեր ողջ ուժով։ ...

Որտե՞ղ է, ուրեմն, ծնվում պայքարը։ Պայքարը ծնվում է այսպես. ոտքերս հողի վրա ամուր պահելու ցանկությունը բախվում է հարաբերություններ ապրելու ցանկության հետ։ Որովհետև հարաբերությունները – հարաբերությունների հենց իսկության իսկ պատճառով – քեզ ''պոկում են'' քո հստակություններից, քո համոզմունքներից ... ( ... պոկում են ՝ գամերը հանում են, որոնցով դու գամված ես ... ) ... , քեզ պոկում են ճանաչածդ բաների ապահովությունից, ... և փոխարենը՝ քեզ դնում են քայլքի մեջ, ընթացքի մեջ, ... քեզ հարկադրում են, ստիպում են փորձառությունն ունենալ տարբեր բաների, ... մի խոսքով ասած՝ անկայունության, բաների, որոնք դու չես վերահսկում։ ... ... ...

Կա Աստվածաշնչում մի շատ գեղեցիկ պատմություն. երբ Աստված առաջին անգամ, լրջորեն, բովանդակալի կերպով, Իր խոսքն ուղղում է մի մարդու, և սկսում է այդ մարդու հետ մի ծանրակշիռ հարաբերություն, այն պահն է, երբ Աստված խոսում է Աբրահամին։ ... Եվ առաջին խոսքերը, որոնք Աստված ուղղում է Աբրահամին, սրանք են. «Մեկնի՛ր քո երկրից, քո հայրենիքից և քո հոր տնից, դեպի երկիրը, որ ես քեզ ցույց կտամ» (Ծնդ 12, 1)։ ... Այսինքն՝ սկիզբը մի հարաբերության ... համընկնում է փաստի հետ, որ դու պետք է ''պոկվես'', ''կտրվես'' քո ապահովություններից, ... պետք է ''պոկվես'' ոտքերիդ տակ ամուր պահած հողից։

Է՜հ, հասկանում եք, չէ՞, որ մի շատ լուրջ խնդրի առաջ ենք։ Մենք չենք կարող ապրել առանց հարաբերությունների, և միևնույն ժամանակ՝ ցանկանում ենք հողը մեր ոտքերի տակ պահել։ Եվ ահա՛ մեր ներսում սանձազերծվում է անհանդարտության փոթորիկը։ ... Ի՞նչ պետք է անեմ։ ... Երբ դու մուտք ես գործում հարաբերության մեջ, անխուսափելի կերպով դառնում ես խոցելի։ ... Որովհետև հարաբերությունները քեզ – այսպես ասած – վեճի մեջ են դնում, հակառակվում են քո վստահություններին, ''հակաճառում են քեզ'', քեզ ''պոկում են'' քո մտապատկերներից, ... վեճի են դնում քո պատկանելիությունը, այն բաները, որոնք մինչև երեկ կարծում էիր, թե վերահսկում էիր ամբողջական կերպով, ... ... ... հարաբերությունը, մինչդեռ, խնդրահարույց է դարձնում քո այդ վստահությունը, ... սկսում է քանդել այն, կտոր առ կտոր, ... և դու պետք է որոշում կայացնես, թե ի՛նչ ես կամենում. քո փաթեթավորված վստահություննե՞րը, թե՞ հարաբերությունը։ ... Ունենալ վստահություններ, որոնք կարող ես վերահսկե՞լ, թե՞ սկսել սիրել ինչ որ մեկի։ ... Բայց եթե դու սկսում ես սիրել ինչ որ մեկի, դառնում ես խոցելի։ ... Քեզ հաճելի՞ է խոցելի լինելը։ Ո՛չ, հաճելի չէ։ ... Ուստի, տեսնո՞ւմ եք պայքարը որտե՛ղ է. մենք կուզենայինք ապահովություններ, – երաշխիքներ, գրեթե – կուզենայինք ինչ որ մեկի կողմից սիրված լինել, ... բայց միաժամանակ՝ չէիք ուզենա անկայուն լինել, և չէինք ուզենա խոցելի լինել։ ...

Ահա՛ սա այն է, որ կարող է տեղի ունենալ մեզնից յուրաքանչյուրի սրտում։ ... Անշուշտ, շատ աղքատ բառերով ասված, պարզեցված կերպով։ Իրական կյանքում ավելի բարդ ու հոդավորված է։ Բայց մեխանիզմը սա է։ ... ...

Ուրեմն, եթե առաջին քայլը, որ մենք պետք է անենք, դա հաշտվելն է այս անհանդարտության հետ, թերևս երկրորդ քայլը, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է անի, դա ընդունելն է, որ այն պահից սկսած, ինչ դու որոշել ես սիրել ինչ որ մեկին ( – դա կլինի Աստված, մի ընկեր, կին կամ ամուսին, զավակ՝ որդի կամ դուստր, եկեղեցական համայնք, վանական միաբանություն ... – ), ինչ որ մեկին սիրելու որոշումը քեզ դարձնելու է խոցելի։ ... ... ... Եվ սա վատ բան չէ բնավ։ ... Որովհետև եթե դու մի հարաբերության մեջ չես ապրում այս խոցելիության փորձառությունը, նշանակում է, որ քեզ ''վեճի չես դնում'', ... և որ այդ հարաբերությունը գործածում ես սոսկ առավել ևս, առավել չափազանցված կերպով, հաստատելու համար քո վստահությունները, քո համոզմունքները, պատկերավոր կերպով ասած՝ ամրացնելու համար ոտքերիդ տակի հողը։ ... ...

Գիտե՞ք, թե այս տեսակ հիվանդ հարաբերություններին ի՛նչ անուն է տալիս Աստվածաշունչը. դրանք անվանում է «կռապաշտություն»։ ... ... Ի՞նչ է կռապաշտությունը։ Կերտել աստված՝ իմ պատկերով ու նմանությամբ։ Կուռքը դա մի բան է, որ ստեղծում եմ ես, կերտում, քանդակում եմ ես, ... և այն քանդակում եմ պատկերով ու նմանությամբ՝ իմ վախերի, իմ անապահովությունների, իմ անվստահությունների, ... այն բաների, որոնք կուզենայի ստանալ մյուսից, ... ես կուզենայի, որ Աստված փրկեր ինձ այս բաներից, և հետևաբար՝ ես իմ համար պատկերում եմ Նրան ա՛յս կերպ։ ... Ահա՛, սա կուռքն է։ ... Եվ երբ մենք կատարում ենք կռապաշտական այս արարքը Տիրոջ նկատմամբ, մենք անցնում ենք Հավատքի հարաբերություն ստեղծող փորձառությունից՝ մի տեսակ հավատքի փորձառության, որ թունավոր է, և որը, հենց, կռապաշտությունն է։ ...

Կարող եք նաև պատկերացնել, որ այդ նույն բանը տեղի է ունենում մարդկային կոնկրետ հարաբերություններում ՝ որդու, դստեր, կնոջ, ամուսնու, ընկերոջ հետ, ... այսինքն՝ եթե դու սիրում ես ինչ որ մեկի (նրա հանդեպ համակրանք ես տածում, նրա բարիքն ես ուզում), ... մյուսը երբեք կուռք չէ, այսինքն՝ ստեղծված չէ ''քո ճեղքերը ծեփելու'' համար, ... քո կյանքի նավակի ծակերը փակելու, պակասությունները խցանելու համար, ... նա պատկերով ու նմանությամբ չէ՝ քո վերքերի, ... ա՛յլ է, ուրի՛շը, ... և հե՛նց որովհետև ա՛յլ է, հարկադրում է քեզ ''վեճի դնել քեզ'', հարկադրում է քեզ փորձառությունն ունենալ քո խոցելիության, հարկադրում է քեզ ... – Աստվածաշունչը անզուգական է նաև այս հարցում, թե ինչպե՛ս է նկարագրում այս խոցելիությունը – ... հարկադրում է քեզ՝ ճանապարհ ընկնել, մեկնել, քայլել։ ... Ճամփորդելը դա մի քայլք է, մի ընթացք, ... այսինքն՝ դու հրաժարվում ես, թողնում ես ոտքերդ հողի վրա ''գամված'' պահելուց, բարձրացնելու համար ոտքերդ և սկսելու համար մի ուղևորություն։ ... Պետք է ''պոկվես'' քո ''տեղից'', գնալու համար ինչ որ մի տեղ։ ... ( ժողովրդական ասելաձևն էլ է, չէ՞, ասում. պոկվեցինք ) ...

Անձինք, որ ասում են. «Ես երբեք չեմ փոխվում, ես միշտ միևնույն անձն եմ», ... է՜հ, սա շատ լուրջ խնդիր է։ ... Որովհետև կյանքը պետք է որ փոխի մեզ, ... իրադարձությունները փոխում են մեզ, ... տարիների անցնելը փոխում է մեզ, ... փորձառությունները, որ ունենում ենք, փոխում են մեզ, ... անձինք, որոնց հանդիպում ենք, փոխում են մեզ, ... այսինքն՝ ինչ որ մի կերպ նպաստում են ինչ որ մի բան ասելու, ինչ որ մի բան հայտնելու մեր մասին, ... և մենք պետք է ընթացքի մեջ մտնենք, և բացահայտենք չսպասված բաներ, ... բաներ, որոնք մեզնից ոչ ոք թերևս չէր էլ երևակայում։ ...

Վստահաբար, Աբրահամն էլ, երբ սկսեց իր այդ ճամփորդությունը, Տիրոջ հետ իր այդ հարաբերությունը, սկզբում ստեղծած պետք է որ լինի իր երևակայական պատկերները՝ այդ ուղևորության վերաբերյալ, այսինքն՝ ինչ որ ակնկալիքներ պետք է որ ունեցած լինի։ ... Բայց այն ամենը, որ կատարվում է իր ճամփորդության ժամանակ, – և որը մենք այսօր կոչում ենք Փրկության Պատմություն, – Աբրահամն ինքը, քանի դեռ քայլում էր, մինչև վերջ չգիտեր, թե ո՛ւր է հասնելու Փրկության այդ Պատմությունը։ Երբ հազարավոր տարիներ հետո ծնվելու է Հիսուսը, ... և ծնվելու է Հրեաստանի արվարձաններում, մի կորած գյուղում, ... Աբրահամը անշուշտ չգիտեր, որ Փրկության այդ Պատմությունը հետո մարմնանալու էր ա՛յդ մարդու, ա՛յդ Մեսսիայի անձում, ա՛յդ պատմության մեջ, ... ... և ապա, Հիսուսից հետո, մի ա՛յլ պատմություն ևս, մի աներևակայելի պատմություն, ... ... ... ։

Երբ դու մի զավակ ես լույս աշխարհ ծնում, անխուսափելի է, որ ակնկալիքների մի ամբողջություն ես ստեղծում նրա կյանքի վերաբերյալ, ... բայց այդ որդին, կամ այդ դուստրը, իրավունքն ունեն լինելու եզակի, բացառիկ, և հետևաբար՝ լինելու անսպասելի կերպարներ։ ...

Սա է պատճառը, որ երբ մեկն ընթերցում է Աստվածաշունչը, երբեք չի ընթերցում գաղափարական (իդեալական) պատմություններ, – Աստվածաշնչի պատմությունները նման չեն առասպելաբանություններին. մեկը ծնվում է, ապրում, կռվում չար վիշապի դեմ, հաղթում, և՝ ապրեցին գոհ ու երջանիկ, ... ... սրանք հեքիաթներն են, վեպերը, առասպելները, – Աստվածաշունչը երբեք չի պատմում նման տիպար պատմություններ, այլ՝ միշտ պատմում է կոնկրետ պատմություններ՝ կոնկրետ անձանց, որոնք կոնկրետ խնդիրներ ունեն, ... և որ շատ հաճախ, նրանց կյանքի իրավիճակների ու խնդիրների կոնկրետության մեջ, Տերը ինչ որ մի բան է անում նրանց հետ։ Այսինքն՝ գոյություն չունի մի տիպար կենսակերպ, որը կարող ենք որդեգրել որպես բնականոն (նորմալ) և գաղափարական (իդեալական)։ Այլ՝ որ, Աստվածաշնչի համաձայն, մեր կյանքի բնականոնությունն ու արդարացիությունը բացահայտվում են հենց դրա թերության, անկատարության մեջ։ ... Այսինքն, երբ տեղի է ունենում մի բան, որը դու չէիր սպասում, չէիր հաշվարկել, և ճի՛շտ որովհետև ա՛յդ կերպ հայտնվում է քո կյանքում, քեզ հուսախաբ է անում։ ... Բայց գեղեցիկ է մտածելը, որ միմիայն հուսախաբության միջոցով է, որ մենք կարևոր անցումներ, քայլեր ենք կատարում հարաբերությունների մեջ։ Այսինքն, ճի՛շտ երբ ինչ որ մեկը մեզ հուսախաբ է անում, հենց դա՛ է հարմարագույն պահն ու վայրը՝ որոշելու, թե շարունակենք սիրել այդ անձին, թե ո՛չ։ Որովհետև քանի դեռ այդ անձը համապատասխանում է ինձ, ճշգրիտ կերպով այն է, ինչ ես սպասում եմ իրենից, այդտեղ դեռևս գործում է մի տեսակ հայելի, ... ես չեմ հանդիպում մյուսին, ես տակավին հանդիպում եմ ինքս ինձ, իմ երազներին, իմ ակնկալիքներին ... ։ Մինչդեռ երբ ես հուսախաբ եմ լինում, ահա՛ այդ հուսախաբությունից հետո ես կարող եմ մի նոր որոշում կայացնել։ ...

Իմ համեստ կարծիքով, ո՞րն է լրջագույն սխալը, որ մենք թույլ ենք տալիս մեզ. – և մի բան է, որի վրա Հիսուսը շատ է պնդել Իր ողջ քարոզչության ընթացքում, – սխալը, որ մենք անում ենք, այն է, որ հուսախաբությունների դիմաց հայտնվելով՝ մենք չափազանց շատ ժամանակ ենք կորցնում՝ մեղավորներ փնտրելով ... ։ ... Ո՞ւմ մեղքով սա տեղի ունեցավ։ ... Եթե սա պատահեց, ո՞ւմ մեղքով է, որ պատահեց։ ... Սա, սակայն, ամենահետաքրքրական բանը չէ, ... ամենահետաքրքրական բանը մեղավորներ գտնելը չէ, այլ՝ հարցնելը ինքդ քեզ, թե ի՞նչ կերպ ես ուզում վարվել այդ բանի հետ, որ պատահել է քեզ, ... այսինքն՝ ի՞նչ կերպ ես ուզում, որ այն մաս կազմի քո կյանքին, ... ի՞նչ կերպով ես ուզում տեղ, տարածք հատկացնել այդ բանին քո կյանքի ներսում ... ։ ... Այլապես, այն մնալու է որպես օտար մարմին, որին դու որոշ ժամանակով հանդուրժում ես, բայց այն քեզնից դուրս նետելու անհամբերությամբ, կտրել հանելու քո գոյությունից ... ։ Բայց սա մի մեծագույն ինքնախաբեություն է։ ... Մենք մեր կյանքում պատահածների համար կարող ենք միայն տարածք բացել, ... նաև այն բաների համար, որ չէինք սպասում, ... ... երբ նկատում եմ, որ տեղ է գտնում իմ մեջ մի տկարություն, ունեմ ''հեշտ կոտրվող մի դետալ'' իմ հոգում, ... և որ չեմ կարողանում ապրել կյանքս այնպես, ինչպես կարողանում էի ապրել մինչև երեկ, չափազանց քիչ է՝ ժամանակս անցկացնել՝ մեղավորներ մատնացույց անելով ... – մանավանդ և նաև՝ ինքս ինձ մատնացույց անելով որպես հանցավոր, որպես միակ պատասխանատու – ... կամ էլ՝ մեղքը բարդելով ուրիշ մեկի վրա, այն բաների համար, որոնք ես ապրում եմ տվյալ պահին, ... ... ։ Պետք է ինքս ինձ հարցնեմ. Այս բանը, որ պատահեց, ինչպե՞ս եմ ուզում վարվել սրա հետ իմ կյանքի ներսում, ... ինչպե՞ս եմ ուզում ինտեգրել սա իմ կյանքի մեջ։ ... Ի՞նչ ձև եմ ուզում, որ հավելյալ արժեք դառնա։ ...

Կարծում եմ, որ կյանքի մի փորձառության մեջ, – նման այն փորձառություններին, որոնք մեզնից յուրաքանչյուրը կամ մեր հարազատներից կամ մեր մտերիմներից յուրաքանչյուրը ապրում է, – բժշկումը չի կայանում այն բանի մեջ, որ տվյալ անձը դադարի լինել այդ տկար և դյուրաբեկ անձը, այլ՝ որ կարողանա հավելյալ արժեքի փոխակերպել այդ տկարությունն ու այդ դյուրաբեկությունը ( – Պողոս Առաքյալը մինչև իսկ ասում էր. «Ես ուժեղ եմ այն ժամանակ, երբ տկար եմ» – )։ ... Այսինքն՝ այն փոխակերպել ուժի կետի, ո՛չ թե՝ մի հաշմանդամության ... ։ Որովհետև հենց այսպես է կատարվում. երբ կյանքը մեր գոյության պատուհանից ներս է նայում մի անակնկալով, և հետևաբար՝ մեզ հուսախաբ է անում, մենք այդ հուսախաբությանը նայում ենք որպես հաշմանդամություն. ... մի օտար մարմին, որը չէինք ցանկանա հյուընկալել մեր մեջ. ... մի բան, որ տեղի է ունեցել, բայց պետք է անպայման գտնենք այն մեր միջից խլել հանելու միջոցը։ ... ... Ո՛չ, մինչդեռ, ... այլ՝ պետք է անպայման գտնենք միջոցը՝ հարցնելու ինքներս մեզ, թե ինչպե՞ս կարող ենք փոխվել՝ որպես մեկնակետ ունենալով այս պատահարը, և ... զինաթափ անել այդ հուսախաբությունը, ... թույլ տալ, որ այդ հուսախաբությունը մեր կյանքի մեջ մտնի մի ամբողջովին նոր ձևով ... ( ... ո՛չ որպես կործանարար իրականություն, այլ՝ որպես շինարար իրականություն ... )։ ...

Լա՛վ, ուրեմն, ... եթե այս առակի մեջ, այսպես ասած, որ մեզ ընծայում է Աստվածաշունչը, մենք նկատում ենք, որ մենք անձեր ենք, որ պայքարում են երկու իրականությունների միջև՝ «կամենալ հողը մեր ոտքերի տակ» և «վեճի դրվել մի հարաբերության մեջ», «ունենալ ապահովություններ» և «լինել խոցելի», ... այս երկու ուժերի միջև, որ պայքարում են մեր ներսում, այս երկու մղումների միջև, որ բնակվում են մեր ներաշխարհում, ... ինչ որ մի կետի հասնելով՝ երկուսից մեկը պետք է որ հաղթի ... ( ... մե՛նք երկուսից մեկին պետք է օգնենք, որ հաղթի, մե՛նք պետք է անցնենք երկուսից մեկի կողմը ... ) ... ։ Եվ ո՞րն է, բնականոն կերպով, որ պետք է գերակշռի. ... պետք է գերակշռի հարաբերությունը։ ... Ինչո՞ւ պետք է գերակշռի հարաբերությունը։ ... Որովհետև, ինչքան էլ որ արդարացի լինի, որ մեզնից յուրաքանչյուրը վերահսկողություն ունենա իր կյանքի հանդեպ, հասկանա, հողը զգա իր ոտքերի տակ, ունենա ապահովություններ, ... կրկնում եմ, միայն ու միայն այն ժամանակ, երբ դու քեզ խաղի ես դնում (որպես խաղադրույք) մի հարաբերության մեջ, կյանքը դառնում է նշանակալի։ ... Դու կարող ես ամեն ինչ իմանալ, և միևնույն ժամանակ զգալ, որ կյանքդ իմաստ չունի։ ... Սա՛ է վստահ ու ապահով գիտելիքների պարադոքսը, առեղծվածը. ... գիտելիքները չեն փրկում, ... եթե ո՛չ միայն այն ժամանակ, երբ անցնում են մի հարաբերության միջով։ ... Օրինակ, մի անձ, որ սիրո կարիք ունի, կարող է մի դեզի չափ գրքեր կարդալ, որոնք իրեն ասում են, որ ինքը արժանի է հարգանքի, սիրո, ... կարող է ժամերով քարոզներ լսել, որոնք իրեն կրկնում են այս բաները, ... կարող է անվերջանալի թերապիաների ենթարկվել, որոնք իրեն ասում են. «Օ՜հ ո՜չ, դու պետք է ընդունես ինքդ քեզ, ընդունես քո վիճակը»։ ... Գիտե՞ք, ի՞նչ են այս բաները. ... տեղեկություններ ( ինֆորմացիա )։ ... Սիրո փորձառությունը դա ինքնահամոզում չէ, ինքնատպավորում չէ, ... այնպես չէ, որ դու փակվում ես մի սենյակում և ինքդ քեզ հազարավոր անգամներ կրկնում ես «Ես սիրված եմ», «Ես լավն եմ», «Ես միակ եմ», «Ես շատ գեղեցիկ եմ», և այլն, ... և վերջում արդյունք ես ստանում։ ... Առավելագույն դեպքում, նույնիսկ եթե արդյունք ստանաս, դա իրականություն չէ, դա տպավորություն է, իսկ տպավորությունները մի տասը րոպե են տևում, ընդամենը։ ... Մի քանի օր, առավելագույնը։ ... Հետո դու վերադառնում ես մեկնակետին։ ... Իսկ եթե այդ տեղեկությունը – որ դու, այսինքն, արժանի ես սիրո, – քեզ հասնելու համար անցնում է մի հարաբերության միջով, այսինքն՝ ինչ որ մեկը փաստացի սիրում է քեզ, ահա՛, այդ ժամանակ անջնջելի է դառնում քո կյանքում։ ... Միմիայն երբ մեզ տրվում են հարաբերության մեջ, դրանք դառնում են անջնջելի։ ... ... Եվ, ուշադրություն դարձրեք, սա այնքա՜ն պարադոքսալ է, որ հարաբերությունների միջով չի անցնում միայն բարին, անցնում է նաև չարը։ ... Եվ հետևաբար, եթե մի հարաբերության մեջ դեպի քեզ անցնել է չարը, գրեթե անջնջելի է դարձել, ... կառուցվածքային է դարձել քո մեջ, ... դժվար է ուսերիցդ վար թոթափել մի չարիք, որ ստացել ես հարաբերության միջոցով։ ... Միմիայն մի հարաբերություն կարող է բուժել մի ուրիշ հարաբերության թողած վերքերը։ ... Բավական չեն տեղեկությունները, բավական չէ ինֆորմացիան։ Բավական չէ մտածելը։ Բավական չէ վերահսկողությունը։ ...

Ահա՛ թե ինչու, շատ գեղեցիկ է, որ կյանքում, այն ամենը, որի կարիքն ունենք ապրելու համար, միշտ և միշտ հարաբերությունների մի շրջանակ կերտելն է. մի ցանց, որի միջով կարող է անցնել մեր կյանքի համար էականը։ ... Եվ այստեղ ևս կուզենայի մի պատկեր գողանալ, մի պատկեր քաղել Աստվածաշնչից, որ վերաբերվում է անհրաժեշտությանը՝ նախընտրելու հարաբերությունը ավելի, քան հողը մեր ոտքերի տակ։ ... Իսրայելի պատմության մեջ կա մի պահ, երբ Հին Կտակարանի ժողովուրդը հաստատված է մի վայրում. ... դեռևս Խոստացված Երկրում չէ ... բայց հաստատուն գտնվում է մի վայրում, գտել է իր անկյունը, ուր իրականացնում է կյանքի մի ծրագիր ... ։ Այդ վայրը կոչվում է Եգիպտոս։ Եվ Իսրայելի ժողովրդի կարգավիճակը Եգիպտոսում ՝ ստրկության կարգավիճակ է։ Ո՛չ թե՝ ազատության։ ... Կարծես թե աստվածաշնչյան էջերն ուզում են հուշել մեզնից յուրաքանչյուրին, որ երբ դու ընտրում ես քո «ես»ը և վերջ, այսինքն՝ երբ դու չես բացվում մի հարաբերության դիմաց, արտաքուստ, երևութապես՝ դու ապահովություն ունես, բայց իրականում դու ստրկության մեջ ես։ ... ... Ինձ միշտ հաճելի է կրկնել հանդիպումների ժամանակ, որ երբ մենք պատմում ենք Իսրայելի պատմությունը, որ դուրս է գալիս Եգիպտոսից, ... չար ու վատ փարավոնը, որ ցանկանում է բանտարկված պահել իսրայելացիներին, չէ՞, ... ապա նրանք ազատվում են, Մովսեսի շնորհիվ, որ նրանց ազատում է այդ ստրկությունից՝ անվնաս անցկացնելով Կարմիր Ծովի միջով, և այլն, և այլն ... բոլորս գիտենք, թե ո՛ւմ դատը պետք է պաշտպանենք, բոլորս էլ անցնում ենք իսրայելացիների կողմը, ասում ենք՝ փարավոնը չար է ու վատը ... ։ ... Բայց եթե ես ասեի, որ փարավոնը իմ «ես»ն է, մեր «ես»ն է, յուրաքանչյուրիս «ես»ը, տեսնո՞ւմ եք, որ ամեն ինչ փոխվում է։ ... Այսինքն, երբ «ես»ը տիրապետություն է հաստատում, իշխանությունն իր ձեռքն է առնում, ... մեր կյանքը ... կա մի բառ, որ շատ լավ է այս գաղափարն արտահայտում ... դառնում է եսապաշտ, եսամոլ ( էգոիստ )։ Երբ մենք էգոիստ ենք, դա նշանակում է, որ մեր «ես»ը ա՜յն աստիճան կենտրոնում է, որ երևութապես թվում է, թե փարավոն ենք, բայց իրականում՝ ստրուկներ ենք։ Եսը, միայնակ, երբեք ազատ չէ. մեզնից յուրաքանչյուրը, միայնակ, երբեք ազատ չէ։ ... Անշուշտ, կարող ենք ասել. «Եթե ոչ ոքի չեմ սիրում, ավելի քիչ եմ տառապում»։ «Եթե ինձ ''վեճի չեմ դնում'' մի հարաբերության մեջ, ավելի շատ ապահովություններ կունենամ»։ Լրիվ ճիշտ է, ... բայց երբեք երջանիկ չես լինի։ Հնարավոր չէ երջանիկ լինել ստրկության մեջ։ Հնարավոր չէ երջանիկ լինել ''Եգիպտոսում''։ Սա՛ է մեծ պատմությունը։ ... Այդ ժամանակ, ի՛նչ է անում Աստված։ Կտրում է Իսրայելի ժողովրդին այդ ստրկությունից, և նրանց՝ իսրայելացիներին, դնում է ազատագրության ընթացքի, քայլքի մեջ։ ... Այսպես, ուրեմն, Եգիպտոսը խորհրդանշում է միայնության ընտրությունը, այսինքն՝ չսիրելու ոչ ոքի, չուզենալու հարաբերության մեջ մտնել ոչ ոքի հետ, ունենալ միշտ ինքներս մեզ ամեն ինչի կենտրոնում, –– չափազանց դժվարին է հարաբերություն մշակել անձանց հետ, ովքեր կենտրոնացած են միայն իրենք իրենց վրա. ... անհնարին է գրեթե, ... ինչո՞ւ, ... որովհետև ամեն ինչ պտտվում է իրենց շուրջը, ... երևութապես կա հարաբերություն, բայց մի տեսակ սուտ-հարաբերություն, ուր միայն ու միայն այդ անձն է կենտրոնում. ... եթե հանկարծ պատահում է, որ ես դադարում եմ հարաբերության կենտրոնում լինել, այդ հարաբերությունն այլևս դուր'ս չի գալիս. –– ... ... բայց սիրո ամենաճշմարիտ, ամենաիրական փաստը, – եթե երբևէ նկատել եք դա, – ամբողջովին հակառակն է. դու սիրում ես, երբ ընդունում ես ապա-կենտրոնանալ ... դու սիրում ես, երբ նկատում ես, որ զավակդ քեզ վար է իջեցրել գահից, ... երբ դուստրդ քեզնից խլել է ''կենտրոնը'', այլևս դու չես ''կենտրոնը'', նրա՛նք են, ... այլևս դու չես, այլ՝ անձը, որին սիրում ես, ... քո ամուսինը, քո կինը, քո Աստվածը ... այլևս քո էգոիզմի միայնությունը չէ, այլ՝ այն ընկերը, այն ընկերուհին, որին սիրում ես, որի հանդեպ բարյացակամ ես, ... և որ սկսում է խլել քեզնից գերագահությունը, ... այլևս միայնակ չես՝ հրամայելու, ... և դա նկատում ես, ինչպե՞ս ... որովհետև քեզ սկսում են հետաքրքրել այդ անձանց ուրախություններն ու ցավերը, ... եթե այդ անձինք լավ են, դու էլ ես քեզ լավ զգում, իսկ եթե իրենք վատ են, դու էլ ես վատ զգում քեզ. ... ա՛յլ խոսքերով ասած՝ դառնում ես խոցելի. ... և սա անխուսափելի է սիրո հարաբերության մեջ. ... պետք է մի կողմ թողնես այդ միայնության հարմարավետությունը, ... գիտեք չէ՞, որ ստրկությունը նաև հարմարավետություն է –– ուզո՞ւմ եք դրա փաստը Աստվածաշնչից. Ամեն անգամ, որ Իսրայելը դեպի Խոստացված Երկիր ձգվող ճանապարհի ընթացքում հանդիպում է դժվարությունների, ի՞նչ է անում. ... սկսում է տրտնջալ. «Է՜հ, ի՜նչ լավ էր Եգիպտոսում» ... ( –– կամ հիշենք մեր իրականությունից՝ Սովետական Միության մեջ ապրածների տրտունջները –– ) ... ողբալ անցյալը ... «Է՜հ, ավելի լավ էր, երբ մենակ էի», «Սաղ սխալ արեցի», «Էս ի՜նչ ախմախություն էր արածս», «Ինձ գցեցի այս խաղի մեջ և ահա՛ ուր հասցրեց ինձ, հիմա այսքան խնդիր է բարդվել գլխիս»։ ... ... Կարծես թե մենք կարոտն ունենանք մի իրավիճակի, ուր – պարադոքսալ կերպով – գիտեինք, որ երջանիկ չէինք, և սակայն՝ ողբում ենք, կարոտով, ... ։ Իսրայելի պարադոքսն է։ Բայց, խորքում, մեզնից յուրաքանչյուրի պարադոքսն է, չէ՞։ ...

Ուրեմն, տեսնո՞ւմ եք, եթե մի կողմից՝ մի տեղում հաստատուն մնալը խորհրդանշում է Եգիպտոսը, հաղորդության մեջ դրվելը սկիզբ է տալիս ուղևորությանը։ Բայց, այստեղ էլ, շատ գեղեցիկ է, որ Աստվածաշունչը մեզ ասում է, որ Իսրայելի ժողովուրդը այնպես չէ, որ դուրս է գալիս Եգիպտոսից և միանգամից մտնում է Խոստացված Երկիր, ... դա տեղի չի ունենում անհապաղ, անմիջապես, ... գալիս են անապատի մեջ թափառելու (ուխտագնացության) քառասուն տարիները ... ։ Այսինքն, Աստվածաշունչը, պատմելու համար մեզ, թե ինչի՛ մեջ է կայանում հարաբերությունը, մեզ պատմում է, որ պետք է քայլենք անապատի միջով։ ... Ինչը որ, ասենք, այդքան էլ հարմարավետ, հեշտ ու հանգիստ զբոսանք չէ։ ... Երբ որ դու սկսում ես սիրել ինչ որ մեկի, – դա, կրկնենք, Աստված կլինի, կին կամ ամուսին, զավակ թե ընկեր, – սկզբնական ոգևորվածության ավարտին՝ հայտնվում ես անապատի մեջ։ Եվ զգում ես, կաշվիդ վրա, որ ճանապարհը հեշտ չէ, ... որ անապատում կարող ես մոլորվել, և հաճախ իրոք մոլորվում ես ... և որ անապատը դու չես վերահսկում, ... որ անապատում շատ հաճախ զուրկ ես ջրից, ... քաղցած ես, սոված, ... գլուխդ պտտվում է, ... ավազը փախնում է ոտքերիդ տակից, ... մի խոսքով ասած՝ դա չես մեկնաբանում որպես օրհնություն, այլ՝ գրեթե որպես վատթարացում քո իրավիճակի, ... բայց իրականում, երբ դու քեզ իսկապես ''վեճի ես դրել'' մի հարաբերության մեջ և կտրել անցել ես այդ հարաբերության անապատի միջով, սա՛ է, որ քեզ մտցնում է Խոստացված Երկիր, Ավետյաց Երկիր, այսինքն՝ սա քեզ տալիս է փորձառությունն ունենալ Ազատության։ ...

Այժմ դուրս գամ պատկերից և փորձեմ անդրադառնալ մեզնից յուրաքանչյուրի կյանքի փորձառությանը. կարծում եմ, որ ձեզնից ոչ ոք որպես մեկնակետ չէր ուզենա իր կյանքում, օրինակ, դիմագրավելը զավակի հիվանդությունը։ ... Ոչ ոք։ ... Միայն մազոխիզմով հիվանդ մեկը կարող է նման բան փափագել, մինչդեռ մեզնից ոչ մեկը կցանկանար, որ իր զավակը ապրեր նման ցավալի ու դժվարին փորձառություն։ ... Բայց պատահել է, ասենք, տեղի է ունեցել, կա՛։ Արդ, դիմագրավել այդ իրավիճակը՝ նշանակում է ապրել անապատի փորձառությունը. երբեմն չիմանալ, թե գլուխդ ո՛ր պատին տաս, ... երբեմն զգալ քեզ մտամոլոր, կողմնորոշումդ կորցրած, ... զգալ քեզ ծարաված՝ իմաստի, նշանակության. ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում, ... ո՞վ կօգնի մեզ այս վիճակում, ... ո՞վ կազատի մեզ այս պատմությունից։ ... ... Բայց եթե դու ընդունում ես կատարել այս քայլքը, այս ընթացքը, ... այդ քայլքի վերջում տեսնում ես, որ դուք այլևս նույն անձերը չեք, ինչ սկզբում էիք։ Անձեր եք շա՜տ ավելի մարդկային և շա՜տ ավելի ազատ։ ... Ամենամեծ նվերը, որ ձեզ տվել է այդպիսի դժբախտությունը, եղել է շնորհը՝ վերաբացահայտելու ձեզ ավելի մարդկային, ավելի ազատ, ավելի դուք ինքներդ՝ ձեր ինքնությունը։ ...

Բայց սա մարդը հասկանում է ... հետո։ ... Քանի դեռ ապրում է այս իրավիճակը, չի կարողանում տեսնել սա։ Ահա՛ թե ինչո՛ւ երբեմն կարիքն ունենք կանգ առնելու և վերհիշելու բաներ, որոնք կարող են օգնել մեզ այս ճանապարհի ընթացքում։ ... Բայց հասկանո՞ւմ եք, որ եթե մենք ըմբոստանում ենք այս անապատի մտքի դեմ, այսինքն՝ եթե չենք ընդունում, որ այդ բանը կատարվել է, ... եթե չենք ընդունում, որ հենց մե՛ր հետ է կատարվել այդ բանը, ... չենք ընդունում փաստը, որ պատասխաններ միշտ չէ, որ ունենք, ... չենք ընդունում ապրել մի վիճակում, ուր ստիպված ենք ասել. Հուսանք, որ ինչ որ մեկն իմանա, թե ի՛նչ է հարկավոր անել նման իրավիճակում, ... որովհետև ամենամեծ ցավը, որ մարդ կարող է ապրել սիրո մեջ, գիտեք չէ՞ ո՛րն է. անկարողությունը, անուժությունը ... ։ Չգիտեմ ի՛նչ անել։ Չգիտենք ի՛նչ անել։ Որովհետև բնականոն վիճակում, եթե ես գիտեմ, որ – ի՞նչ ասեմ – եթե պատուհանը կոտրվել է, պետք է գնամ ապակեգործի մոտ և նոր ապակի պատվիրեմ, ... բայց կան բաներ, որ պատահում են, և ոչ ոք չգիտի, թե ճշգրիտ կերպով ի՛նչ է հարկավոր անել, որովհետև մեզնից յուրաքանչյուրը եզակի է, ... տեխնիկա չէ, հասկանո՞ւմ եք, որ դու տառացի հետևում ես ինստրուկցիաներին և վստահ ես, որ խնդիրը կլուծվի, արդյունքը տեսանելի կլինի ... ։ ... Միևնույն բանը մի անձի դեպքում կարող է հոյակապ կերպով արդյունավետ լինել, ուրիշի դեպքում ՝ ամբողջովին անօգուտ. ... մենք առաջ ենք քայլում փորձարկումներով ... անցնում ենք անապատի միջով։ ...

Անշուշտ, կարիքը չկա անպայման նման տրավմատիկ իրողություններ ունենալ կյանքում, նման փորձառություն հասունացնելու համար. ՄԻ՛ՇՏ է այսպես, կյանքը միշտ նշանակում է թողնել ապահովությունները, անցնել իրավիճակների միջով, որոնք մեզ բնավ չեն թվում նպաստավոր իրավիճակներ, և նկատել, սակայն, որ եթե դրանք ընդունել ենք, և դիմագրավել ենք մեր ամբողջ կարողությամբ, այդ իրավիճակները մեզ փոխել են. մեզ դարձրել են ավելի ազատ։

Հետևաբար, տեսնո՞ւմ եք, ո՛րն է անցումը. դու ազատ չես, որովհետև կարծում ես, թե ուժեղ ես, ... դու ազատ ես, երբ ընդունում ես, որ տկար ես։ ... Երբ մինչև խորքը ընդունել ես քո տկարությունը, ա՛յդ ժամանակ ազատ ես։ Որովհետև գիտես, թե ի՛նչ կերպ կարող ես վարվել տկարությամբդ։ Քո կարծեցյալ ուժովդ ոչինչ չես կարող անել։ Բավական է, որ ինչ որ մի բան պատահի, և ամենակարողությանդ ցնորքը հօդս է ցնդում։ ... ... ...

Այժմ, այս մտքերի շարքին, որ փորձեցի կիսել ձեր հետ, կարծում եմ, որ մխիթարական կլինի, եթե մի քանի սպեցիֆիկ կերպարներ հիշատակենք։ Եվ տեսնել, որ երբ խոսում ենք մի պրոբլեմի մասին, մի հարաբերության, մի ջանքի մասին, որ մենք գործադրում ենք, երբ նման ճանապարհի մեջ ենք մտնում, ... –– չենք խոսում միայն մեկ խանգարման մասին, ... ինչպես մեկը կարող է մտածել՝ «չկա ավելի ողբերգական բան, քան սննդային խանգարումը» ... ... որովհետև երբեք գոյություն չունի մի առանձին խնդիր, խնդիրներից յուրաքանչյուրը կապակցված, կցված է ա՛յլ, ավելի խորը, ավելի արմատական իրողությունների, ... –– տեսնել, որ մեզնից յուրաքանչյուրն իր մեջ կրում է ինչ որ մի ծուռ կողմ, մի նշան, որը – ո՛չ միայն ուրիշների աչքին, այլ նաև՝ մեր իսկ աչքին – կարող ենք հանգիստ անվանել թերություններ։ Մենք թերի ենք՝ յուրաքանչյուրս ինչ որ մի կետում։ Բայց ինչպե՞ս ենք վարվում մեր թերի կյանքի հետ։ Այսինքն, երբ դու ինչ որ մի թերություն ունես, կա՞ քո համար ինչ որ մի հնարավորություն։ Թե՞ պետք է կատարյալ լինես՝ երջանիկ լինելու համար։ ... Երբ մենք մոտենում ենք աստվածաշնչյան պատկերներին, կերպարներին, պատմություններին, ո՞րն է սխալը, որ կարող ենք թույլ տալ մեզ. ... կսխալվենք, եթե գաղափարականացնենք (իդեալականացնենք) այդ անձերին։ Եթե մոռանանք, օրինակ, որ. ... ... ...

Առաջին, Պողոս Տարսոնացին՝ Սուրբ Պողոս Առաքյալը, ... երբ այս մարդուն հանդիպում ենք Աստվածաշնչում ( – հաշվի առնենք, որ Նոր Կտակարանի կեսը իր մասին է – ), թերևս քչերն են հիշում, որ առաջին անգամ այս կերպարը հրապարակ է իջնում այն օրը, երբ գազանաբար սպանում են Ստեփանոսին՝ Եկեղեցու առաջին մարտիրոսին, որին իրավամբ կոչում ենք Նախավկա, այսինքն՝ առաջին մարտիրոս։ Երբ սպանում էին Ստեփանոսին, բոլոր նրանք, ովքեր իրենց ձեռքերին քարեր էին բռնել և այդ քարերով հարվածում էին Ստեփանոսին, իրենց թիկնոցները դնում են այս երիտասարդի՝ Պողոսի ոտքերի առաջ, որը դիտում է բռնության այդ տեսարանը, և այնտեղ կանգնած պահում է թիկնոցները նրանց, ովքեր սպանում են Ստեփանոսին (այսինքն՝ գլխավորում է այդ արարքը)։ Կարճ ժամանակվա մեջ Պողոսը իրական թալեբան է դառնում, որ պարծենում է Եկեղեցուն հասցրած իր հալածանքներով, ինչպես ինքն իսկ պատմում է, պարծենում է քրիստոնյաներին բանտարկելով, նրանց չարչարելով, որովհետև պետք է պաշտպաներ իր ազգային-կրոնական համոզմունքները։ ... Անձինք, որ անհանդուրժողական են, ֆունդամենտալիստ, ... հոգեվերլուծությունը ցույց է տալիս, որ միշտ ծայրաստիճան անվստահ հոգիներ են, վեհերոտ, ներքուստ ընկճված (դեպրեսսիվ), ... և զարգացնում են բռնության մի աստիճան, որ ահավոր է։ ... Մի անձ, որ իր մեջ կրում է նման հոգեվիճակ, ... որ ֆունդամենտալիստ լինելու հակում ունի, ... կարո՞ղ է սրբանալ։ ... Այո՛։ ... Եվ գիտե՞ք, Պողոսի դարձը այնպես չէ, որ Պողոսը գայլից միանգամից փոխակերպվում է գառնուկի, ... այսպես՝ մի վայրկյանից մյուսը, ... այլ՝ իր այդ կարծրության ներսում բացվում է լույսի մի ճեղք, ... հասկանում է, որ իր կարծր լինելու մեջ ինչ որ մի սխալ բան կա, ... և որ մի ուրիշ տեսակի կարծրություն կա, ուղղամտությունը, և սկսում է ուղղամիտ լինել այն գիտակցությամբ, որ առանց Աստծո սիրո – առանց Շնորհի, ասում է ինքը – մենք ոչինչ անել չենք կարող։

Ուստի, տեսնո՞ւմ եք, անձինք, որ փորձառությունն են ունեցել ինչ որ մի բանի կյանքում, որը նրանց դարձրել է ծայրաստիճան բռնի և չափազանց կառչած սխեմաների, եթե դիմագրավում են իրենց այս կարծրությանը, իրենց այս սխեմաներին, իրականում փրկության պատմություն կա նաև իրենց համար։ ... ... ...

Երկրորդ կերպարը՝ Մովսեսը։ Իր դեպքում տեսնում ենք հաղորդակցության լուրջ խնդիրը։ Մովսեսը կակազող էր։ Այսինքն՝ փարավոնի հետ դիվանագիտական բանակցություններ վարելու և Իսրայելի ժողովրդին ազատագրելու պաշտոնը տրվում է – Աստծո՛ կողմից – մի կակազողի։ Հասկանում եք, չէ՞, որ շատ տարօրինակ իրավիճակ է նկարագրվում Աստվածաշնչում։ Այն աստիճան, եթե հիշում եք հինկտակարանյան դրվագը, որ Մովսեսը, փարավոնի հետ խոսելու համար, հետը տանում է իր եղբորը՝ Ահարոնին։ Ահարոնն է, որ փաստացի խոսում է, որովհետև ... Մովսեսը կակազում է։ ... ... Ահա՛, կակազելու խնդրի ետևում չկա միայն խոսքի մեխանիկական խնդիր, կոկորդի, ձայնալարերի խնդիր, այլ՝ ուղղակի արտահայտվելու խնդիր, հոգեբանական խնդիր։ Երբեմն մենք ընդունակ չենք հաղորդակցվելու։ Անձինք, որ դժվարությունների են հանդիպում հաղորդակցվելու հարցում, իրենց միայնակ են զգում։ Ավելի՛ միայնակ, քան ուրիշները։ Որովհետև չեն կարողանում ասել։ ... Արդ, մի անձ, որ դժվարություն ունի խոսելու մեջ, կարո՞ղ է շանս ունենալ կյանքում։ ... Այո՛։ ... Երբ հասկանում է, որ այս թերությունը պահպանելով հանդերձ՝ կարող է վայելել ընկերությունը նրանց, ովքեր իրեն հասկանում են, ովքեր իրեն օգնում են՝ հասկանալու ինքն իրեն և հասկացվելու ուրիշների։ ... Այսինքն, այնպես չէ, որ Մովսեսը դառնում է ազատ, որովհետև բժշկվում է և դառնում է Մովսես հռետորը, ... ո՛չ, կակազող մարդն է, որ սակայն ընդունում է իր այս տկարությունը՝ շրջապատվելով ընկերություններով (հաղորդություններով), որոնք իրեն օգնում են անել այն, ինչին որ ինքը կանչվել է Աստծո կողմից։ ... Գեղեցկագույն է սա։ Երբ դու հասկանում ես, որ չափազանց տկար ես, դյուրաբեկ, դու հասկանում ես, որ կյանքում առաջ ընթանալու համար դու կարիքն ունես այս ու այն բանի, և վե՛րջ, ... խոնարհությամբ ... ընդունում ես, որ կարիքն ունես այս ու այն բանի։ ... Մենք բոլորս կարիքն ունենք ինչ որ մի բանի, որ մեզ օգնի։ Մեզ ի՞նչն է օգնում առաջ գնալ կյանքում։ ... Մովսեսը հասկանում է, որ կարիքն ունի Ահարոնի ու Միրիամի՝ իր եղբոր և իր քրոջ։ ... Մենք կարիքն ունե՞նք ինչ որ մեկի, որ օգնի մեզ։ ... Հասկանո՞ւմ եք, որ առաջին խնդիրը – ո՛չ միայն զավակների, այլ նաև՝ հենց մեր – այն է, որ չենք ընդունում գաղափարը, որ ինչ որ մեկը մեզ օգնի, այլ որ՝ մենք ամեն ինչ պետք է մենակ անենք։ ... Բայց մենք չենք կարող մենակ անել ամեն ինչ, մենք միշտ կարիքն ունենք, որ ինչ որ մեկը մեզ օգնի։ ... Հետևաբար՝ սխալը, կա՛մ ուրիշի վրա թողնել ընտրությունները, որոնք պետք է ես անեի, – սա սխալ է, – կա՛մ էլ՝ չթողնել, որ ինձ օգնեն, մտածելով՝ թե ամեն ինչ պետք է մենակ անեմ։ ... Այս երկու ծայրահեղությունները չեն աշխատում։ Ուստի հասունանալ նշանակում է հասկանալ, որ ինչպիսին էլ որ դու լինես, դու կարիքն ունես ինչ որ մեկի, որ քեզ օգնի քո տկարության մեջ։ Քո ''կակազելը'' դարման է գտնում հարաբերությունների մեջ, որ մշակում ես շուրջբոլորդ։ ... ... ...

Երրորդ կերպարը. Եղիա Մարգարեն։ Նա եղել է Իսրայելի ամենամեծ մարգարեներից մեկը, ... և մեկն է, ով ակնհայտ կերպով տառապում է ընկճվածությամբ, (ընկճախտ, ինչպես ասում են հիմա, դեպրեսսիա )։ ... Մի մարդ է, որ տառապում է դեպրեսսիայով։ Դա երևում է նրա վարվելակերպից։ Որոշակի պահի նրա հոգին բռնվում է այնպիսի տրտմությամբ, որ դառնում է անկառավարելի, փախնում է անապատ, Կարմեղոս լեռան վրա, ու ցավագին աղոթքներ է բարձրացնում առ Աստված։ ... Քանի՜ անգամներ ենք հանդիպում ընկճված անձանց, որոնց միակ ցանկությունը գտնելն է մի բան, որ իրենց դուրս հանի ընկճվածությունից, դեպրեսսիայից։ Բայց ի՞նչ պետք է անենք մենք, եթե ո՛չ միայն՝ հասկանալ, որ մինչև իսկ հոգու տվայտանքի մեջ, տխրության փորձառության մեջ, կա մի ճեղք, մի ելք, ... այդտեղ էլ կա սրբանալու մի կերպ։ ... Կա բժշկվելու մի ձև, որ կայանում է մեր այս իրականությունը ինտեգրելու մեջ։ ... Օրինակ, Աստված, Եղիայի նկատմամբ, նրան հասկացնում է, որ դեպրեսսիայի պարանոյայից՝ ընկճվածության մտասևեռումից դուրս գալու համար, պետք է դադարի չափազանց լուրջ հայացքով դիտել իր սեփական անձը։ ... Երբ դու միտքդ չափազանց սևեռում ես ինչ որ մի բանի վրա, արդյունքն այն է, որ դառնում ես այդ բանի գերին, բանտարկյալը։ ... Եվ Աստծո ու Եղիայի միջև տեղի է ունենում մի շատ գեղեցիկ երկխոսություն, ուր ընկճված Եղիան տրտմությամբ աղաղակում է առ Աստված. «Էլ մարդ չի մնացել, ... մենակ ես եմ մնացել, ... էլ մարգարե չկա, ... ամեն ինչ կործանված է, ... սաղ քարուքանդ է եղել», Աստված նրան ասում է. «Այդպես չէ՛։ ... Ես իմ համար հազարավորների եմ պահել ... և ... դու էլ մի հաջորդ ես ունենալու՝ Եղիսեն, որ զբաղեցնելու է քո տեղը»։ ... Այսինքն, կարող ենք ասել, Աստված վերաձևակերպում է Եղիային։ ... Մի՞թե մենք էլ կարիքը չունենք ինչ որ մեկի, ով երբեմն երբեմն վերաձևակերպի մեզ՝ մեր մելամաղձոտությունների մեջ։ ... Մի՞թե կարիքը չունենք, որ ինչ որ մեկը մեզ դուրս հանի մեր մտասևեռումներից (մեր ֆիքսվածություններից), որ առաջանում են մեր կյանքում։ ... Կարիքն ունենք հարաբերությունների, որոնք գուցեև չեն լուծում, չեն անցկացնում մեր տագնապը, և այդ տագնապը ընկերակցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում, բայց այդ անձանց շնորհիվ մենք վերաձևակերպվում ենք, տխրությունը այլևս գահին նստած չէ, հրամաններ արձակողն ինքը չէ, ... կա տակավին, բայց մի անկյունում փակված։ ... Ընկճված մարդն էլ կարող է երջանիկ լինել։ ... ... ...

Չորրորդ կերպարը. Գեդեոնը։ Գեդեոնը զինվորական էր, Իսրայելի զորքերի հրամանատար։ Նրա անձնական կյանքի անցուդարձերում, եթե հիշում եք, հստակ երևում է մի ցանկություն –– կարծես հայրական կերպարի բարդույթ ունենա, որ մանկուց իր մեջ մնացել է առանց գոհացում գտնելու –– , որովհետև նա ցավագին կարիքն ունի, որ Աստված Իր Աջը դնի իր՝ Գեդեոնի ուսին, և վստահություն ներշնչի՝ անելու այս կամ այն բանը։ ... Ինչպես մենք բոլորս։ ... Բայց մի խնդիր կա. միշտ չէ, որ մարդը ստանում է ճի՛շտ վստահացումներ ճի՛շտ պահին։ Եվ եթե դու վստահացումներ (այսպես ասած՝ գարանցիաներ) չես ստացել՝ անելու այսինչ բանը, ի՞նչ է, չպիտի՞ անես այդ բանը։ Պե՛տք է դիմագրավես կյանքի իրադրություններին, նույնիսկ եթե չունես գարանցիաները, որ փնտրում ես։ ... Այս խեղճ Գեդեոնը իր տրամադրության տակ ուներ 300 հոգուց բաղկացած մի զորախումբ, գումարտակ, ... և պետք է ճակատամարտի բռնվեր ... ու հաղթեր ... 30.000 հոգուց բաղկացած զորքի։ ... Բոլորս էլ կվախենայինք ուժերի այսպիսի անհամաչափությունից, չէ՞։ ... ... Բայց այս նույն զգացումը չէ՞, որ շատ հաճախ զգում ենք մեր առօրյայում, ... որ մենք չափազանց փոքր ենք՝ այն բանի համեմատ, որ մեզ պատահում է։ Եվ որ ահավոր շատ կարիքն ունենք, որ ինչ որ մեկն իր աջը դնի մեր ուսին, ... որ մեզ վստահություն ներշնչի ... ։ Գեդեոնի դեպքում էլ բժշկությունը չի կայանում այն բանի մեջ, որ իր այդ անվստահությունը չքվում է, ո՛չ, ... այլ՝ որ հասնում է մի պահ, երբ նա հասկանում է, որ ինքն ունի հոգեկան այդ խնդիրը, բայց կարիքն ունի ըմբոստանալու, չենթարկվելու իր այդ խնդրին։ ... Կարիքն ունի գործելու իր այդ ներքին մղման դեմ։ Կարիքն ունի անելու մի բան, որն այդ անվստահության պրոբլեմը երբեք չէր թողնի, որ ինքն անի։ ... Ո՞րն է դա։ ... Ռիսկի դիմել։ ... Սիրով եմ մտածում այն բանի մասին, որ անձինք սկսում են բժշկվել, երբ սկսում են ռիսկի դիմել։ Մինչդեռ կուզենային համոզված լինել, որ ո՛չ միայն այն, ինչ անում են, արդարացի է, այլ նաև՝ որ ապահով կերպով կստանան այն արդյունքը, որ ունեն իրենց մտքում։ ... «Եթե դու ինձ կտաս բոլոր գարանցիաները նախապես, այդ ժամանակ ես կկատարեմ քայլը»։ Բայց ի՞նչ է, մոգություն է սա։ Կյանքն այսպես չի աշխատում։ Բոլոր ընտրությունները կյանքում ՝ իրենց մեջ ռիսկի չափաբաժին են պարունակում։ ... Դաստիարակել ռիսկի դիմելու, ո՛չ թե՝ փորձել արմատախիլ անել անվստահությունը։ Երբեք չենք կարողանալու մեր ուսերից վար թոթափել անվստահությունը, բայց՝ կարող ենք չհնազանդվել նրան։ ... ... ...

Ա՜հ, կա մի ա՛յլ՝ շատ արժեքավոր օրինակ այժմ. Հովնանը, Հովնան Մարգարեն։ ... Երբ կարդում եք Հովնան Մարգարեի պատմությունը, արդեն իսկ գիտեք, սկզբից ևեթ, որ ամեն ինչ շատ վատ է սկսվում։ ... Ինչո՞ւ։ ... Որովհետև Աստված նրան մի առաքելություն է տալիս, իսկ նա ելնում փախնում է աշխարհի մյուս կողմը։ Չէ՞։ ... Իսկ հետո, երբ նրա ետևից գնում է նրան ետ որսալու ... ( ... մեծապես գեղեցիկ է այս ''աստվածային համառությունը'', այս հետաքրքրվելը Հովնանով, ... նա փախչում է, բայց Աստված գնում է նրա ետևից ... ) ... , երբ նրան ետ է վերադարձնում կատարելու իրեն վստահված առաքելությունը, ... բավական են լինում այս մարդու մի քանի խոսքերը, – ասվում է, որ անցավ Նինվե քաղաքի մի մասը միայն՝ միայն մեկ երրորդը, հետևաբար՝ ամբողջ քաղաքը չէ, – և բավական եղավ այս մարգարեի անցնելը քաղաքի մեկ երրորդ մասով, որպեսզի ամբողջ քաղաքը դարձի գար, թագավորը, արքունիքը, մարդիկ, ... մինչև իսկ կենդանիները անցան ծոմ պահելու, ասվում է, ... բոլո՛րը դարձի եկան ... ։ ... Իսկ ի՞նքը՝ Հովնա՞նը։ Ինքը փոխանակ ուրախանալու, ահավոր վատ է մնում։ Ինքն իր մեջ այսպես է մտորում. «Տեսար, չէ՞։ Սրանք մի հատ մեղա՜ ասեցին, մի օր ծոմ պահեցին, ու Նա փրկում է նրանց, ներում է» (այդ «Նա»ն մի տեսակ հանդիմանական ձայներանգով ասված)։ Ողորմա՜ծ է Նա։ ... Գիտե՞ք, ի՛նչ է թաքնված Հովնանի հոգու խորքում։ ... Նախանձը։ ... Ի՞նչ է նախանձը։ Նախանձը դա անկարողությունն է ուրախանալու ուրիշների բարիքով։ ... ... Ինչպե՞ս է ի հայտ գալիս նախանձը մեր կյանքում։ Երբեմն, կամ հաճախ, մենք թերևս չենք էլ նկատում։ Բայց մենք անդադար համեմատության մեջ ենք դնում մեր կյանքը ուրիշների կյանքի հետ։ ... Ինչո՞ւ է իմ ընտանիքին այսինչ բանը պատահում, իսկ հարևանիս մոտ ամեն ինչ կարգին է։ ... Ինչո՞ւ մենք պետք է այսինչ դժվարության միջով անցնենք, իսկ իմ այսինչ ընկերը կամ ընկերուհին՝ ո՛չ։ ... Ես՝ այո՛, տղաս կամ աղջիկս՝ ո՛չ։ ... Այսինքն, ուրեմն, երբ դու հանդիպում ես բարիքին, բարիքը քեզ բարիք չի անում, քեզ բարկացնում է։ Չես կարողանում ուրախանալ ուրիշներին պատահած բարիքով։ Որովհետև դա մեկնաբանում ես որպես քեզնից խլված մի բան։ Դա մեկնաբանում ես որպես անարդարության արտահայտություն քո հանդեպ։ ... Գիտեք, սրանք բաներ են, որ տեղ են գտնում մեր ոչ-ռացիոնալ հատվածում, ... իրոք, եթե ես ասեմ. «Ուրա՞խ ես, որ այսինչը տղա է ունեցել», այն դեպքում, երբ դու, թերևս, զավակ չես ունենում, կամ տղա չես ունենում, և դու ի՞նչ ես ասում. ... գիտակցության մակարդակով. «Այո՛, անշո՜ւշտ ուրախ եմ», բայց ներսում ինչ որ մի բան կրծում է ներաշխարհդ ... ։ ... Ուրիշների բարիքի նկատմամբ ուրախության այս պակասը, կամ ամբողջական բացակայությունը, կարո՞ղ է կործանել մեզ։ Այո՛։ ... Կարող է կործանել մեր կյանքը, կարող է մահացու կերպով հիվանդացնել մեզ։ ... Ուրեմն, կարո՞ղ ենք արմատախիլ անել այս նախանձը մեր կյանքից։ Ամբողջությամբ՝ ո՛չ։ ... Արմատախիլ անել չենք կարող, բայց կարող ենք հակառակվել դրան։ Կարող ենք ինքներս մեզ կրթել, դաստիարակել՝ չհետևելու այս ներքին մոլությանը, որ մղում է մեզ լրտեսել ուրիշների կյանքը, և չուրախանալ ուրիշների բարիքով։ ... Օրինակ, կարող ենք դադարել նայել – ժողովրդական ասացվածքը գործածելով – հարևանի պարտեզի խոտին, թե որքա՛ն ավելի կանաչ է մերինից (կամ, առավել ևս, հարևանի հարսին ... ), և դադարենք մտածել, որ մեր ընտանիքը ''սխալ'' է, ''անհաջող'' է, պարզապես որովհետև չի նմանվում հարևանի ունեցածին։ ... Առանց ասելու նաև, որ միշտ այսպե՛ս է տեղի ունենում. որ մենք կարծո՛ւմ ենք, թե ճանաչում ես ուրիշների կյանքը (գտնելով այն նախանձելի), բայց երբ իսկապես ճանաչում ենք, թե ինչե՜ր են կատարվում ''հարևանի տանը'', ... վատ է ասել, բայց երբ իմանում ենք, սկսում ենք մխիթարվել, մարդկային տձև մտայնությամբ, որովհետև իմանալով այլոց դժվարությունների ու դժբախտությունների մասին, կարծես թեթևանում ենք ... ... չէ՛, խոսքը չի վերաբերվում այլոց դժբախտություններով ուրախանալուն, ... պարզապես շատ հաճախ մենք չգիտենք, թե ի՛նչ է տեղի ունենում այլոց կյանքում ... ... և պետք է, մինչդեռ, քաջությունն ունենանք դադարել՝ լրտեսել ... և փոխարենը՝ նայել մեր կյանքին։ ...

Մի ա՛յլ կերպար. Դավիթ թագավոր մարգարեն։ ... Դավիթը ակնհայտ կերպով խնդիրներ ունի գորովի հարթության վրա։ Գորովի և սեռականության։ ... Խնդիրներ ունի։ ... Պատմությունը, որ տիրանում է իր լավագույն ընկերոջ կնոջը, և ապա ծրագրում է նաև սպանել իր լավագույն ընկերոջը՝ միշտ կնոջ հետ կապված մոլի ցանկության պատճառով, նրան ընդհանրապես օրինակելի կերպար չի դարձնում։ ... Բայց հասկանո՞ւմ եք, որ երբեմն, մենք ունենք գորովի ու սեռականության խանգարումներ, որ չենք ընդունում, ... դրանք իրենց անունով չենք կոչում, ... չենք դիմագրավում դրանց ... ։ ... Դավիթը անում է մի բան, որը մենք չենք անում գրեթե երբեք. նա ընդունում է իր հանցանքը։ ... Այն բարձր ձայնով ասում է։ ... Իր զղջումը իրեն անմիջապես հասցնում է ներումը։ ... Հարցը սա չէ. սպանել եմ մեկին, մեկը ինձ ներում է։ ... Այլ՝ փաստը, որ ընդունում, խոստովանում եմ, որ ես խնդիր ունեմ, արդեն իսկ ճանապարհ է հարթում բժշկության համար։ Որովհետև մի խնդրի գոյության ընդունումը կարծես մեր ձեռքերից վերցնում է այդ խնդիրը, այն արևի լույսի տակ է հանում։ ... ... Գորովի ու սեռականության ոլորտը մի արգելված ոլորտ, մի տաբու է մեր կյանքում։ ... Եվ շատ հաճախ դա մի տաբու է, որ ծածուկ պահում ենք նկուղում։ ... Չենք կարող արմատախիլ անել մեր գորովի կարողությունն ու մեր սեռականությունը։ Բայց տանել այն արևի լույսի տակ, սա, սակայն, այո՛, կարող ենք անել։ ... Բժշկությունը կայանում է նկուղից որոշ հրեշներ դուրս բերելու մեջ։ ... ( ... կյանքի արյունը ծծող վամպիրները մոխրանում են լույսի ճառագայթների տակ ... )։ ... Մի բան է, որ վերաբերվում է մեզ, և վերաբերվում է մեր զավակներին։ ...

Հաջորդ կերպարը. Նոյը։ ... Նոյը խնդիրներ ունի ալկոհոլի չարաշահման հետ։ ... Հիշում եք, չէ՞, համաշխարհային ջրհեղեղից հետո, ... ... ջրհեղեղից քիչ ժամանակ անց այս մարդուն գտնում ենք հարբած։ Եվ այն աստիճան, որ գայթակղեցնում է մինչև իսկ իր որդիներին։ ... Ուզում եմ մտածել, որ այս կերպարի ետևում տեսանելի են կախվածությունների բոլոր տեսակներն ու մակարդակները։ ... Հանդիպում ենք բազմաթիվ, բազմաթի՜վ կախվածությունների։ Օրինակ, խաղամոլությունը դա մի կախվածություն է, ... բայց խոսքը կարող է վերաբերվել կախվածությանը բախտախաղից, ալկոհոլից, ծխախոտից, Աստված ո՛չ արասցէ՝ թմրախոտերից ու թմրադեղերից, ... կամ կախվածություն որոշ անձանցից, որոշ զգացմունքներից, ... կախվածություն աշխատանքից ... ... ։ Կախվածությունը, կախվածության բոլոր տեսակները ... ի՞նչ են անում։ ... Մեզ զրկում են ազատությունից։ ... Ո՞րն է իմ կախվածությունը, հարցնենք յուրաքանչյուրս մեզ այսօր։ ... Ի՞նչն է, որ բանտարկում է ինձ։ ... Եվ մենք բոլորս պետք է մեկնենք այն նախադրյալից, որ ... պետք է փոխենք մեր կյանքը՝ նախևառաջ անուն տալով մեր կախվածությանը (լույսի տակ բերելով)։ ... Նայելով մեր կախվածության երեսին և ճանաչելով այն, ո՛չ թե՝ խուսափելով։ ...

Եվս մեկ կերպար. Հակոբ նահապետը։ ... Գիտե՞ք, թե ինչպես Հակոբը դարձավ Հակոբ։ ... Գողանալով առաջնեկությունը իր եղբորից։ ... Գողացավ առաջնեկությունը, ... խարդախ խաբեբա է։ ... Շատ հաճախ կյանքում, ... սա, ցավոք, մի բան է, որ հաճախ է պատահում կյանքում, ... մենք մտածում ենք, որ խորամանկ լինել՝ նշանակում է խելացի լինել։ ... Եվ հետևաբար, ... եթե դու բավական խորամանկ ես, և միշտ ընկնում ես ոտքերիդ վրա (կատվի նման), կարողանում ես հարմարացնել իրավիճակները, մի քիչ խաբում ես, մի քիչ ճիշտ ես ասում, ... բայց խնդիրն այն է, որ մարդիկ, որ սովորություն են դարձնում հաճախակի բազմաթիվ ստեր ասել, վերջում հենց իրենք իսկ հայտնվում են մի վիճակի մեջ, ուր չեն կարողանում այլևս զանազանել ճշմարտությունը։ Իրենք անգամ չեն իմանում, թե ո՛րն է ճիշտ, ո՛րը՝ սխալ։ ... Եվ սա, կհամաձայնվեք կարծում եմ, լուրջ խնդիր է։ ... Որովհետև նա, ով այլևս չի հիշում, թե ի՛նչն էր ճիշտ, ի՛նչը՝ սխալ, հենց ինքն է առաջին հերթին զոհը դառնում ստերի, որ ինքը պատմում է։ ... Բայց ո՞վ ես դու, այդ բոլոր բաների մեջ, որ պատմում ես։ ... Ճշմարտության համաձայն ապրել և գործել՝ նշանակում է կոչել իրողությունները ''սպիտակ'' և ''սև'' (փոխաբերաբար ասված), ճիշտ կամ սխալ։ ... Կեղծիքն ու ճշմարտությունը բաներ են, որ կարիքն ունենք յուրաքանչյուրին իր տեղը դնել մեր գոյության ներսում։ ... Բայց ... Հակոբը նահապետներից մեկն է։ ... Փրկության պատմության առանցքային կերպարներից մեկն իր անհատական իրագործման պատմությունը սկսել է ստախոսությամբ։ ... Ով, սակայն, –– Աստված նրան չի թողնում այդ խորամանկության մեջ, –– նրան դարձի է բերում, և նա ընդունում է իր սխալը և խոնարհաբար ներողություն է հայցում եղբորից։ ... ...

Եվ թույլ տվեք վերջին կերպարը. այս անգամ մի կին՝ ... Մարթան։ ... Հիշո՞ւմ եք, երբ Հիսուսը մտնում է Մարթայի ու Մարիամի տուն, – որոնք Ղազարոսի քույրերն էին, որին Հիսուսը հետո հարություն է տալիս, – իրականում Մարթան է, որ Հիսուսին տուն է հրավիրում, ... և որոշակի պահի Մարիամը մնում է նստած՝ լսելու Հիսուսի խոսքերը, ... և Մարթան գնում է բողոքելու Հիսուսի մոտ. և Նրան ասում է. «Հոգդ չէ՞, որ ինձ մենակ է թողել տան գործերի մեջ, ճաշը պատրաստելու հարցով ... և այլն ... »։ ... Ուզո՞ւմ եք, որ պարզ բառերով ''թարգմանեմ'', թե ի՛նչ է նշանակում. «Հնարավո՞ր բան է, որ այս ամբողջ պատմության մեջ, որ ապրում եք, սաղ մենակ ես պիտի անեմ»։ ... Սաղ իմ ուսերին է բարդված։ ... Ամուսինս ոչ մի բան չի անում, ... կինս ոչ մի բան չի անում, ... տղաս ոչ մի բան չի անում, ... եղբայրներս (քույրերս) ոչ մի բան չեն անում, ... սաղ ես ... ... ։ ... Բռնվել այս հիվանդությամբ՝ նշանակում է կորցնել էականը։ Այսինքն, որ յուրաքանչյուր ոք իրավունքն ունի որևէ մի խնդրի համեմատ հաստատել իր սեփական հեռավորությունը, իր աստիճանականությունը, իր ընթացքը, ... և մտածել, որ ես հասկացել եմ ամեն բան, իմ վրա է հիմնվում կյանքի ողջ ծանրությունը, ... ... գիտեք, չէ՞, ինչ է պատասխանում Հիսուսը Մարթային. «Մարթա՜, Մարթա՜, դու քեզ պատեպատ ես տալիս չափազանց շատ բաների համար։ Բայց միայն մեկ բանի կարիք կա»։ ... Եվ այդ միակ բանը դու կորցրել ես։ ... Ինչո՞ւ։ Որովհետև երբ դու չափազանց մտահոգ ես մի բանի համար, չես կարողանում այլևս տեսնել և ո՛չ իսկ էականը։ Ի՞նչն է, որ իսկապես կարևոր է։ Ի՞նչն է, որ իսկապես կարևոր է։ ... Հիշում եմ մի անգամ, մի մայր կիսվեց իր այս մտքով, որը շատ տպավորեց ինձ։ Ասաց. ես միշտ հարաբերվել եմ ո՛չ թե աղջկաս հետ, այլ՝ աղջկաս խնդիրների հետ։ Եվ կորցնում էի մի շատ կարևոր բան. աղջկաս։ Այսինքն՝ մոր և դստեր մեր հարաբերությունը։ Այնպես էր, որ մենք կարծես այլևս հարաբերություն չունեինք որպես մայր և դուստր, այլ՝ «պրոբլեմբեր լուծող» և «պրոբլեմներ»։ Կարծես այդ խնդիրը ծածկած, մոռացության մատնած լիներ նաև մայր-դուստր հարաբերությունը։ Մենք այլևս չէինք տալիս մեզ հնարավորությունը՝ ապրելու մայր-դուստր հարաբերությունը, որովհետև այդ խնդիրը դարձել էր ամեն ինչ։ Այո՛, կյանքում կան խնդիրներ, բայց չպետք է կորցնենք էականը. մենք մայր և դուստր ենք։ ... Եվ սա՛ է էականը։ ... Երբե՛ք չպետք է կորցնենք էականը։ ... Եթե ես և դու իրար սիրում ենք, դիմագրավենք խնդիրը միասին։ Բայց եթե խնդրի պատճառով մոռանում ենք, որ ես և դու իրար սիրում ենք, մնում է միայն խնդիրը, պրոբլեմը։ ... Եվ պրոբլեմը ծանրանում է մեր վրա, ճզմում է մեզ։ ... ... ...

... ... ...

Ամփոփելով, թանկագին ընկերներ, չգիտեմ, թե կարողացա կամ ո՛չ, բայց ընդամենը ուզում էի ձեզ ասել, որ մենք կատարյալ էակներ չենք, ... Աստվածաշնչի օգնությամբ մի հայացք նետեցինք մեր անկատարության տարբեր դրսևորումների վրա, ... և տեսանք, որ բժշկումը, անհատի կողմից կատարվող քայլքը, ընթացքը, ... չի կայանում անցնելու մեջ – հանկարծակի ոստումով, ցատկով – անկատարությունից կատարելության, ... այլ՝ կայանում է տանելու մեջ Լույսը մեր անկատարության մեջ, ... և թույլատրելու մեջ, որ մեզ ավելի ու ավելի մարդկային դարձնեն բաները, որ տեղի են ունենում մեր կյանքում, ... նաև եթե այն, ինչ տեղի է ունենում, ապակայունացնում է մեզ, վեճի է դնում մեզ, քանդում է մեր սխեմաները, մեր ապահովությունները, ... ակնկալիքները, որ ունեինք, ... հուսախաբ է անում մեզ, ... լա՛վ, այս ամենը պարզապես նշանն է այն բանի, որ ողջ ենք, կենդանի ենք, ապրում ենք, ... և որ վատ բան չէ, ... և որ միշտ՝ հազար անգամ ավելի նախընտրելի է անապատը, քան թե ստրկությունը, ... և որ միշտ՝ հազար անգամ ավելի նախընտրելի է այս քայլքը, քան թե նախկին ապահովությունները, նախկին կայունությունը, ... որը նույնպես, չմոռանանք, վիշտ ու տառապանք էր պատճառում, այլապես՝ այդ խնդիրն ինքնին առաջ չէր գա ... ... ։

Ուրեմն, երբ մի մարդ իր մեջ տարածք է տալիս՝ սեփական կյանքին ու սեփական պատմությանը նայելու այս նոր կերպին, ... չեմ ասում, թե արդեն իսկ լուծում է տալիս իր խնդրին, ... բայց առնվազն 80%-ն արդեն լուծված է։ ... Որովհետև նկատում է, որ այն ամենը, որ կցանկանայինք արմատախիլ անել, իրականում մաս է կազմում մի շատ ավելի մեծ իրականության, ... և որ ամենամեծ շնորհը, որ մեզ տրվելու է, տրվելու է ճանապարհի ինչ որ մի կետում, հետո ... որովհետև չկա մի կետ, որին հասնելով՝ դու ասում ես. «Օքեյ, այստեղ ամեն ինչ վերջացած է, այլևս ակնկալիքներ չունեմ», ... այլ՝ հասնում է մի պահ, երբ դու կարող ես ասել. «Գործի մեծ մասը կատարված է, ... կարող եմ ետ նայել ... և մեծ երախտագիտություն զգալ այն ամեն ինչի համար, որ կատարվել է»։ ... ... Ահա՛, կարծում եմ, որ անձերը, որ կարողացել են դուրս գալ ծանծաղուտից, ճահճից, ... նրանք են, որոնք կարողանում են երախտագիտություն զգալ այն բոլոր բաների համար, որոնք կատարվել են իրենց կյանքում։ ... Ո՛չ միայն սոսկ սփոփանք, այլ՝ երախտագիտություն։ Գրեթե ասելու չափ. «Բայց տես, է՛հ, իրականում ՝ շնորհակալություն նաև այդ բաների համար, ... որովհետև եթե ես այսօրվա այս անձն եմ, դա նաև այն բաների շնորհիվ է, որ ապրել եմ»։ ... ...

Ահա՛, սա երախտագիտությունն է, որ մեզ ուսուցանում է Աստվածաշունչը։ Եվ սա այն երախտագիտությունն է, որ կուզենայի մաղթել ձեզնից յուրաքանչյուրին, ... և ինքս ինձ։

Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։