« ՀԱՎԱՏԱԼ ... ՎԵՐՔԵՐԻՑ ԱՆԴԻ՞Ն, ԹԵ՞ ՎԵՐՔԵՐԻ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԱՎԱՏԱԼ ... ՎԵՐՔԵՐԻՑ ԱՆԴԻ՞Ն, ԹԵ՞ ՎԵՐՔԵՐԻ ՄԵՋ »

Ծնթ. – Այս խորհրդածությունը Հայր Լուիջի Մարիա Էպիքոկոն կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։

 

«Ի՞նչ է մարդը, որ հոգատար ես նրա հանդեպ» (Սղմ 8, 5)։ Ի՞նչ է մարդը։ Սաղմոսերգուն սա ասում է՝ դիտելով աստղերը, աստղերի անհունությունը, արարչության, տիեզերքի ... ։ Ես կարծում եմ, որ մեծամեծ պարգևներից մեկը, որ մեզնից յուրաքանչյուրն ունի, հենց այն է, որը մենք անվանում ենք Հավատքի պարգև, Հավատալու պարգևը։

Բայց կարծում եմ նաև, որ մի մեծ թյուրիմացություն կա՝ Հավատքի պարգևի, Հավատալու պարգևի ետևում։ Թյուրիմացությունը, երբեմն, թաքցնելու՝ մեր Հավատքի ետևում, սոսկ մեր վախերը, մեր անապահովության զգացումները։ Մահվան վախը, կյանքի վախը, որը միշտ ավելի մեծ է, քան մեր մտքերը։ ... Ուստի, երբեմն մեր շուրջը պարիսպ ենք քաշում Հավատքով, բաց դեմքով չդիմագրավելու համար կյանքի ողբերգականությանը։

Ահա՛, հավատալու այս ձևը Հիսուս Քրիստոսի կողմից մեզ ուսուցանված հավատալու ձևը չէ։ Հիսուս Քրիստոսը մեզ մի կրոն, մի կրոնականություն չի տվել, որը մեզնից հեռացնում է Ավագ Ուրբաթ օրը։ Հիսուսը մեզ ուսուցանել է, մինչդեռ, դեմառդեմ դիմագրավել այն բանին, որն է խաչի փորձառությունը, գայթակղության փորձառությունը, ցավի փորձառությունը, տառապանքի փորձառությունը։

Եվ սակայն, կարծում եմ, որ Հավատքի համար ավելի կործանարար արգումենտ չկա, քան հենց ցավի ու տառապանքի փորձառությունը։ Այսինքն, երբ կյանքը մեզ վիրավորում է, երբ մենք կյանքի մեջ փորձառությունն ենք ունենում ինչ որ մի բանի, որը մեր վրա անջնջելի հետք է թողնում, դա նաև այն ճշգրիտ պահն է, երբ ճգնաժամի մեջ է մտնում նաև մեր Հավատքը, մեր Հավատալը։ Եվ սա՝ ինչո՞ւ։ Որովհետև սովորաբար, գիտեք, երբ ծանոթանում ենք մի մարդու, երբ ճանաչում ենք մի ընկերոջ, երբ սիրահարվում ենք ինչ որ մեկի, անխուսափելի է, որ մենք անմիջապես ստեղծում ենք երևակայական պատկերների մի ամբողջություն այդ անձանց մասին։ ... Երբ ձեռք ես բերում մի նոր ընկեր, սկսում ես տեսնել ամեն լավ կողմ այդ անձի մեջ, նրան գաղափարականացնում ես։ ... Երբ սիրահարվում ես մեկի, մտածում ես, որ գտել ես քո կյանքի նշանակությունը, ամբողջ իմաստը քո գոյության, ... գաղափարականացնում ես սերը։

Եվ սակայն, այս ամենը շատ վտանգավոր է։ Քանի դեռ չի ավարտվել հմայվածությունը, ... և հմայվածությունն ավարտվում է, երբ այդ անձը, օրինակ, սխալվում է, ընկնում է, դավաճանում է, անում է ինչ որ մի բան, որ չպետք է աներ։ Հիշեցնում է քեզ, որ ինքն Աստված չէ։ Հիշեցնում է, որ ինքը սահմանափակ էակ է։ Այդ պահից սկսած, երևակայական պատկերների ամբողջությունը, որ դու ստեղծել էիր ընկերության մասին, քանդվում է, ջարդուփշուր լինում։ Բոլոր այն երևակայական պատկերները, որոնք սիրահարվածությունը ստեղծել էր քո ներսում, քարուքանդ է լինում։ Բայց դա՛ է այն ճշգրիտ պահը, երբ մենք կարող ենք որոշել, թե՛ լինել այդ մարդու ընկերը, և թե՛ սիրել այդ մեկին։ Այսինքն, միմիայն այն ժամանակ, երբ քանդվում է մեր երևակայությունների, մեր ակնկալիքների հորինվածքը, մենք անզեն ու անպաշտպան հայտնվում ենք իրականության դիմաց։

Ուստի, քանի դեռ Հավատքը չի հասնում մեզ հիասթափեցնելու, մենք տակավին հավատացյալներ չենք։ Սկսում ենք հավատացյալներ լինել՝ միայն և միմիայն երբ կյանքում, որոշակի մի պահի, պատահում է ինչ որ մի բան, որը մեզ անցնել է տալիս հիասթափության նեղ ու դժվարանցանելի ճանապարհով։ Հավատքը պետք է հիասթափեցնի քեզ, պետք է քարուքանդ անի քո երևակայությունները, այն՝ ինչը որ դու ակնկալում ես Աստծուց։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստվածը, որ մենք ակնկալում ենք, Աստվածը, որ մենք երևակայում ենք մեր գլխի մեջ, Աստվածը, որ մենք պատկերագրում ենք մեր ցանկությունների ու մեր ակնկալիքների ներսում, ... չափազանց նմանվում է մեզ, նմանվում է այն բանին, որ մեզ պակասում է, նմանվում է անապահովության մեր զգացումներին, նմանվում է մեր վախերին։ Բայց Աստված սոսկ մի ցավազրկող հաբ չէ, ընդամենը ինչ որ մի բան չէ, որ հորինում ենք՝ մեզ լավ զգալու համար, բացարձակապես օփիում չէ, ինչպես ասում էր ոմն մեկը, իբր թե «ժողովուրդների օփիումն» է։ Եվ սակայն, մեր ապրած քրիստոնեությունը քանի՜ ու քանի՜ անգամներ օփիում է. մենք շփոթում ենք Հավատքը այն բաների հետ, որոնք Հավատքի հետ առընչություն չունեն։ Որովհետև մոռանում ենք, որ Հավատքը սկսում է իսկապես Հավատք դառնալ միմիայն գայթակղության փորձառությունից մեկնակետ առնելով, ... գայթակղությունը Խաչի։

Գիտե՞ք ի՛նչ է նշանակում «գայթակղություն» բառը։ Թերևս այն ուրիշ շատ անգամներ ևս լսել եք։ Իր ամենախորին արմատի մեջ գայթակղություն բառը նշանակում է «գայթման քար», այսինքն՝ երբ մինչ դու քայլում ես, չես նկատում ոտքիդ առաջ ընկած քարը, ոտքդ այդ քարին ես խփում ... ու ընկնում։ Այդ ընկնելը քեզ ստիպում է կանգ առնել, այսինքն՝ ընդհատում է քո ընթացքը, իրողությունների բնականոն ընթացքը։ Այդ վախը ամեն ինչ կանգնեցնում, սառեցնում է, ... քեզ ստիպում է ընդհատել ընթացքդ, հարկադրում է մի տեսակ մտորումներ կատարել, որոնք չէիր նախատեսել, ... սա՛ է գայթակղության փորձառությունը։ Փորձառությունը հանդիպելու մի բանի, որը մեզ գայթել, մեզ ընկնել է տալիս, դանդաղեցնում է մեր ընթացքը։

Եվ կարծում եմ, որ եթե մեզնից յուրաքանչյուրը նայի իր սեփական պատմությանը, կտեսնի, թե ի՛նչն է գայթակղություն եղել իր կյանքում։ ... Երբեմն, դա եղել է մեր տանը. հարաբերությունները մեր հոր հետ, մեր մոր հետ, եղբայրներից կամ քույրերից մեկի հետ. մի անձի հետ, որը նշանակալի կերպար է եղել մեր կյանքում, բայց դարձել է նաև գայթակղության կերպար մեր համար ... ։ Երբեմն դա մի հիվանդություն է, երբեմն մի դավաճանություն, երբեմն մի երկրաշարժ, ... ։ Մեզնից յուրաքանչյուրն ունի մի փորձառություն, որն իրեն հարկադրել է հաշվի նստել իրապաշտության, ռեալիզմի հետ, ... որը քարուքանդ է արել կյանքի ակնկալիքների հեքիաթային պատկերը, ... և որն իրեն խորապես ընկղմել է իրապաշտության ջրերի մեջ։

Նայեք որ, սովորաբար, Խաչի այս գայթակղեցուցիչ փորձառության դիմաց փախնում են բոլորը, է՜, բոլո՛րը։ Այս պատճառով է, որ Ավետարանը գրաքննության չի ենթարկում այն, ինչ կատարվում է, երբ Հիսուսը ձերբակալվում է, և ապա տարվում է տարբեր դատարանների առաջ, մինչև որ հասնում է խաչվելու Գողգոթայի վրա, ... Իրենները, Իր ընկերները, մարդիկ, որ իր մտերիմներն էին, անձինք, որոնց վրա Նա ամենաշատն էր ներդրում կատարել, ... գիտեք, որ Հիսուսն Իր հասարակական կյանքի երեք տարիների ընթացքում շրջեց քարոզելով, հրաշքներ կատարելով, ... բայց, հիմնականում, նվիրվեց մի փոքրիկ խումբ մարդկանց, շատ սեղմ քանակով՝ ընդամենը տասներկու հոգի, ... շա՛տ լավ, այդ տասներկու հոգուց ոչ մեկը ներկա չէր խաչելության պահին, բացառությամբ ամենաանխոհեմի ... ամենաերիտասարդը, պատանի Հովհաննեսը ... ։

Խաչի ստորոտին ոչ ոք չկա, բոլորը փախչում են, որովհետև մարդկային առաջին, մեծ հակազդեցությունն է, որը մենք բոլորս ունենում ենք խաչի փորձառության դիմաց, ... ձախողման փորձառության դիմաց, ... ցավի գայթակղության դիմաց։ Գիտե՞ք սա ի՛նչ է նշանակում շատ պարզ բառերով ասված։ Որ բոլորս ենք մեզ վատ զգում, երբ տեսնում ենք, որ իրողություններն այնպիսին չեն, ինչպիսին որ մենք երևակայել էինք։

Եվ սակայն, կյանքը սկսում է ճշգրիտ կերպով հենց այդ պահին, այսինքն՝ երբ երևակայականի փլուզումից հետո դու վերջապես սկսում ես ունկնդրել իրականությունը, որն առաջ չէիր տեսնում, որովհետև նայում էիր նախապաշարումներով։ ... Երբ դու ինչ որ մի անձի մասին մտածում ես միմիայն լավը, այդ անձի վերաբերյալ չունես խորը ճանաչողություն, որովհետև մեզնից յուրաքանչյուրը բաղկացած է մի բաժին լույսից ու մի բաժին խավարից, ... և եթե դու սիրում ես այդ անձի միայն լուսեղեն կտորը, ճիշտ չէ, որ սիրում ես նրան, ... որովհետև դու սիրում ես մեկին, երբ սիրում ես նաև իր խավարը, ո՛չ միայն իր լույսը։ Եվ ճիշտ երբ դրսևորվում է այդ անձի խավարը, այդ ժամանակ է, որ ինչ որ մի կետում դու ինքդ քեզ հարց ես տալիս, թե արդյոք տակավին արժե՞ սիրել այդ անձին, թե ո՛չ։ Եվ գործածում ես քո ազատությունը՝ ընտրելու համար՝ սիրել այդ անձին։

Ուստի տեսնո՞ւմ եք, Հավատքը մի պարգև է, մի փորձառություն, որը մենք ինքներս չենք տալիս մեզ, բայց Հավատքը չի ապահովագրում մեր ազատությունը, այլ՝ շարժման մեջ է դնում այն։ Մենք կարող ենք նաև ստանալ Հավատքի պարգևը, բայց անխուսափելի կերպով, ինչ որ մի պահի, մեր Հավատքի ամբողջ երևակայական մասը փշուր փշուր է լինում կյանքի մի մանրամասնության դիմաց. մի բանի դիմաց, որ չէիր նախատեսել, և սակայն՝ տեղի է ունեցել. ... զավակի մահը, ... ջարդուփշուր է անում ամեն բան. ... այլևս ոչ մի բան չկա, այդ պահին. ... ինչի՞դ է պետք Հավատքի պարգևը, երբ այն ամենն, ինչին որ հավատացել ես, և հուսացել ես ամբողջ կյանքիդ ընթացքում, ոչնչացվում է աչքերիդ առաջ։

Զգույշ եղեք, պետք է չափազանց ուշադիր լինենք՝ խոսքերով ու հռետորությամբ չլցնելու նմանատիպ մի փորձառություն, որն, իրականում, Ավետարանը թողնում է լռության մեջ։ Մեզնից ոչ ոք չի կարող ինքն իրեն արտոնել՝ փորձելու մեկնաբանել մի բան, որ մնում է անճառելի, անասելի։ Մեզնից ոչ ոք չի կարող լցնել այդ լռությունը, որը մի փորձառություն է, պարզապես խոսքերի բացակայություն չէ, այլ՝ կյանք է, որ չի կարողանում հարմար խոսքերը գտնել։

Ավետարանիչները, երբ մեզ պատմում են Հիսուսի խաչելությունը, չունեին, այսպես ասած, մտքի շփոթվածության մի պահ՝ մինչ պարզապես ներկայացնում էին այդ խաչելության վերաբերյալ սակավաթիվ կցկտուր նկարագրություններ, ... նայեք, իսկապես չափազանց սակավաթիվ են խոսքերը Հիսուսի Խաչելության դրվագում, այն աստիճան, որ դարերի ընթացքում ստիպված ենք եղել հնարել մի բարեպաշտություն, նվիրված՝ Խաչի վրա Հիսուսի վերջին յոթը խոսքերին։ Եվ, այդ յոթը խոսքերը գրի առնելու համար, պետք է միավորենք չորս Ավետարանները, կարողանալու համար դուրս կորզել յոթը խոսք, ... որովհետև լռության մի անծայրածիր հարթավայր է Հիսուսի Խաչելությունը։

Խոսքեր չկան, ինչպես որ չկա խոսք, որն ինչ որ կերպ ի զորու է լցնելու դատարկության անծայրածիր տարածքը զավակ կորցրած մոր սրտում, ... անբուժելի հիվանդության բացահայտման դեպքում, ... երկրաշարժի դեպքում, որը քեզնից խլում է ամեն բան, որ քարուքանդ է անում պատմությունդ, ... ։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է նկատել, որ այն պահին, երբ ավարտվել է հմայվածությունը, մենք դառնում ենք ընդունակ՝ որոշելո՛ւ Հավատալ։ ... Ուրեմն. Հավատքը չի ծնվում մեր որոշումից, ... այն մի պարգև է, որ ստանում ենք։ ... Բայց ինչ որ մի պահի այդ Հավատքը մեզ հարցաքննում է, պահանջելով, որ մեզնից յուրաքանչյուրը որոշում կայացնի Հավատալու։ Մի ընկերոջ նման. ընկերոջը կարող ես ընդունել որպես պարգև, ո՛չ որպես հաշվարկ, բայց հետո, երբ նկատում ես այդ անձի մարդկային բոլոր կողմերը, այդ ժամանակ է, որ կարող ես որոշել, թե շարունակելու ես կամ չես շարունակելու ներդրում կատարել այդ ընկերության մեջ։

Այս առումով, Աստվածային Շնորհը և Մարդկային Ազատությունը, Քրիստոնեության մեջ, միշտ միասին են գործում։ Հավատալն, այո՛, Շնորհի պարգևն է, բայց նաև մեր Ազատության ընտրությունն է։ Եվ մեր այս ազատությունը երևան է գալիս, հատկապես երբ քանդվում է Աստծո վերաբերյալ մեր երևակայական պատկերացումների ամբողջությունը։ Երբևէ մտածե՞լ եք այն բանի մասին, որ ամբողջ Հին Կտակարանը կառուցված է մի ծայր աստիճան պահանջկոտ պատվիրանի շուրջը. պատվիրանը՝ չկերտելու Աստծո վերաբերյալ ո՛չ մի պատկեր։ Ինչը որ մեր՝ մարդկանցս համար ամենաանբնական բանն է, որովհետև առաջին բանը, որ ծնվում է մեր մտքում, երբ ինչ որ մի բան է պատահում մեզ, անմիջապես մեր երևակայությունը սանձազերծելն է, մեր երևակայական պատկերացումները։ Հավատալ կարողանալու համար՝ մենք պետք է հրաժարվենք մեր երևակայություններից. «Աստծո վերաբերյալ ոչ մի պատկեր չստեղծես»։ Միմիայն եթե դու ինքդ քեզ դուրս ես հանում Աստծո մասին մտքումդ ստեղծված պատկերից, գտնվում ես իրական Աստծո առաջ, կենդանի Աստծո առաջ։ Երբ, մինչդեռ, կանգնում ես Աստծո պատկերի առաջ, սա կռապաշտություն է, սա կուռքն է։ Ո՞րն է տարբերությունը կուռքի և Աստծո միջև. կուռքը նկարում ենք, որպեսզի մեզ ապահովություն ներշնչի. Աստված, մինչդեռ, մեզնից խլում է մեր ապահովությունները, որովհետև այդպիսով է, որ մեզ ստիպում է քայլել։ «Ճանապա՛րհ ընկիր, քո հայրական տնից և քո հայրենիքից, դեպի այնտեղ, որ ես քեզ ցույց կտամ»։ Այսպես է, որ սկսվում է հարաբերությունը Աստծո ու Աբրահամի միջև Հին Կտակարանում։

Հավատքը դա ապահովությունները թողնելն է, ո՛չ թե ապահովություններ գտնելը։ Տերը խլում է հողը մեր ոտքերի տակից, այսինքն՝ խլում է ամբողջ ապահովությունը մեր մտածումների, մեր երևակայության, որպեսզի տա մեզ մի ապահովություն, որն առավել խորն ու արմատական է. դա ապահովությունն է մի հարաբերության։ Դու հավատում ես, երբ հրաժարվում ես մտքերի, մտորումների կռապաշտությունից, և վստահում ես մի հարաբերությանը։ Մի հավատացյալ, – լսո՞ւմ եք այս բառը՝ հավատացյալ, մի բայ է, է՜, մի գործողություն, ... – հավատում է, միշտ, մի շարժման ներսում, դա երբեք փակ գործողություն չէ, հավատալու գործողությունը։ Եվ սակայն, տեսնո՞ւմ եք, բանն է, որ մեզ ամեն ինչից ավելի է գայթակղեցնում, երբ դրա փորձառությունը սկսում ենք ունենալ մեր կյանքի ներսում։

Պատահել է նաև մարդկանց, որ հետևում էին Հիսուսին, է՜։ Սկզբում ՝ հրավառություննե՜ր, մարդկանց բազմություններ, որ գնում էին Նրա ետևից, ... բայց կամաց կամաց, որքան Իր խոսքերը դառնում էին պահանջկոտ, մարդկանց բազմությունն Իր շուրջը սկսում էր նվազել։ Մինչև որ հասնում ենք Ավետարանի մի շա՜տ նշանակալի տողի, երբ Հիսուսը չի թաքցնում Իր հուսախաբությունը, երբ տեսնում է, որ մարդկանց մեծամասնությունը, – այն բոլոր ճառերից հետո, որ Ինքը խոսել էր Հացի մասին, Երկնքից իջած, – ոչ ոք չէր հասկանում դրանք, Իր աշակերտներն էլ չէին հասկանում։ Կարծր, դժվարըմբռնելի է Տիրոջ խոսքը։ Ուզում եմ ասել՝ շոյանք չէ, շա՜տ հաճախ մի բան է, որ քեզ կանգնեցնում է, և թույլ չի տալիս առաջ շարժվել, քանի դեռ չես թափանցել իրողությունների խորքը։ Ուրեմն, Նա, նայելով Իրենների աչքերի մեջ, ասում է. «Դուք է՞լ եք ուզում գնալ», հեռանալ ինձնից։

Որովհետև սա է, որ մեզ թողնում է առանց խոսքերի. Հավատքի մեջ մենք միշտ էլ կարող ենք գնալ, հեռանալ։ Միշտ էլ ելքի մի դուռ կա, կարող ենք փախչել այս հարաբերությունից։ Ստիպված չենք Հավատալու։ Մենք կարող ենք որոշել՝ Հավատալ։ Ուրեմն, կամեցա այս նախաբանը խոսել ձեզ՝ ասելու համար, որ մենք սովորաբար վատ ձևով ենք խոսում ցավի, տառապանքի մասին։ Վատ ձևով ենք խոսում ՝ ինչո՞ւ։ Մի կողմից՝ փորձում ենք միշտ արդարացնել այն, գտնելու համար արդարացումներ՝ հա՜, բա՜յց, վերջում Տերը չարիքը գործածում է բարիք ստանալու նպատակո՜վ ... ։

Տեսնո՞ւմ եք, միշտ մեր փորձելն է՝ մեջտեղից վերացնելու տառապանքի ու ցավի գայթակղությունը։ Այս ճառախոսություններն արդյունավետ են, քանի դեռ դո՛ւ ինքդ չես տառապում։ Երբ սկսում ես տառապել, այս տեսակ քարոզները դառնում են անպիտան, բացարձակ կերպով։ Այդ ժամանակ հասկանում ես, որ Աստծո Խոսքը քեզ օգտակար է ո՛չ միայն այն բաներով, որ քեզ ասում է, բայց նաև այն բոլոր բաներով, որ քեզ չի՛ ասում։ Եթե ցանկանում եք երաժշտության մի գործ ունկնդրել, չպետք է վերցնեք միայն նոտաները, այլ՝ նաև դադարները, շնչառությունները, ... ։ Աստվածաշունչը գրված է նաև լռություններով։ Կան խոսքեր, որ ասված չեն Աստվածաշնչում։ Եվ ասված չեն ո՛չ որովհետև բացակայում են, գոյություն չունեն, այլ՝ որովհետև ոչինչ չասելն էլ մի խոսք է։ ... Ոչինչ չասել ... ։

Ուզում եմ ձեզ մի քանի օրինակ տալ՝ Հին Կտակարանի կորիզի մեջ մտնելուց և գոնե մի քիչ հասկանալուց առաջ, թե որտեղի՛ց է սկիզբ առնում մեր այս փորձառությունը. հնարավոր է Հավատալ, Հավատում ենք վերքերի մե՞ջ, թե՞ վերքերից անդին։

Կա մի պահ՝ կյանքի մեջ՝ սովորականից դուրս մի մարդու, որին արդեն մեջբերեցի քիչ առաջ. Աբրահամը, երբ վերջապես իրականանում է որդի ունենալու խոստումը, որ նրան տրվել էր։ Եվ սակայն, տարինե՜ր, տարինե՜ր, տարինե՜ր շարունակ տեսնելուց հետո, թե ինչպե՛ս է հուսախաբ մնում իր այս ակնկալիքը, Աստված անսպասելի կերպով – ինչպես որ մի՛շտ է կատարվում Աստվածաշնչում. Աստված անձանց կյանքից ներս է մտնում անսպասելի կերպով, այսինքն՝ երբ այլևս չեն էլ սպասում, որ Նա կմիջամտի – մտնում է, և ինչ որ մի բան է անում Աբրահամի ու Սառայի կյանքում. տալիս է նրանց մի զավակ՝ Իսահակին։ Եվ սակայն, ինչ որ մի բան կա, որ ճիշտ չի աշխատում այս հայրական հարաբերության մեջ, – գեղեցկագո՜ւյն հարաբերություն էր, է՜ – չգիտեմ, եթե նկատել եք, բայց եթե գնաք կարդալու Աստվածաշնչի այդ հատվածը, Հին Կտակարանից, կնկատեք իսկույն, որ քանի դեռ հարաբերությունը հոր՝ Աբրահամի և որդու՝ Իսահակի միջև այսքա՜ն սերտ ու մտերիմ է, Իսահակը կին չի գտնում։ Չի կարող կին գտնել, որովհետև հոր հետ ունեցած հարաբերությունը պոսսեսիվ է, տիրողական։ Ուստի, միակ ձևը, որ Աստված ունի՝ այդ զավակին ազատելու համար, նրան մեռնել տալն է։

Պետք է մեռնի Իսահակը, կամ ավելի ճիշտը՝ Աբրահամն է, որ պետք է ընդունի որդու մահը, պետք է ընդունի որդու կորուստը, ինչը որ թարգմանաբար նշանակում է՝ պետք է ընդունի՝ դադարել տիրապետություն ունենալ որդու վրա։ Պետք է նրան ազատ թողնի։ Այդ ժամանակ տեղի է ունենում մի բան, որ պաշտոնական է, բայց ողբերգական է, որովհետև ամեն անգամ, որ Աստված պետք է ինչ որ մի բան ասի Աբրահամին, սովորաբար նրան անվանում է, մի քանի անգամ, նրան չի դիմում ասելով. «Աբրահամ», այլ. «Աբրահամ, Աբրահամ»։ Գրեթե-գրեթե մեկը կմտածի, թե բարկացած է, ուրիշ մեկի հանդեպ։ «Աբրահամ, Աբրահամ», հենց քո՛ հետ եմ։ «Ահա՛ ես»։

Այդ գիշեր, – կարծում եմ այդ գիշերն իսկապես հոգեվարքի գիշեր է եղել Աբրահամի համար, – Աստված նրանից մի աբսուրդ բան է ուզում. Վերցրո՛ւ զավակիդ, և սպանի՛ր։ Որովհետև ես այդպես եմ ուզում։ ... Արդ, հասկանում եք, որ եթե Աբրահամը չանի այն, ինչ իրենից ուզում է Աստված, է՜հ, դուրս է գալիս խաղից, խզում է հարաբերությունը։ Եթե Աբրահամն անի այն, ինչ Աստված իրենից ուզում է, ասե՛ք ինձ, ի՞նչ տարբերություն կա Աբրահամի ու ինչ որ մի կրոնական ֆանատիկոսի միջև։ Է՜հ, ես պիտի մորթեմ իմ որդուն, որովհետև Աստված այդպես է ուզում։ Սա կրոնական ֆանատիզմ է։ ... Ուրեմն, ինչպե՞ս է հնարավոր փրկվել այս երկդիմությունից. չենթարկվել Աստծուն, թե ենթարկվել Աստծուն։ Այդ պահին Աբրահամն ուրիշ բան անելու ընդունակ չի, եթե ո՛չ միայն՝ լրջությամբ մոտենալու միայն հաջորդ քայլին, միայն մի մետր իր դիմաց. սկսում է ապրել՝ վստահելով, հանձնվելով։ Հայտնվել է մի իրավիճակի մեջ, որն իրենից շա՜տ ավելի մեծ է, և ինքը չգիտի, թե ինչպե՛ս կարող է դուրս գալ այս ամբողջ կոնֆլիկտի միջից։ Պատահել է իրեն մի բան, որ կործանել է իր կյանքում ամեն բան, ընդամենը մի ակնթարթում, և չգիտի, թե ինչպե՛ս է հարկավոր ապրել։ Եվ միակ բանը, որ կարողանում է անել, ... հաջորդ քայլը գցելն է, ... վստահել, հանձնվել։ ... Ուստի, պատրաստում է փայտը, ... վերցնում է ծառաներին, ... բեռները դնում է ուղտերի վրա, ... քայլում են դեպի լեռը, ... ապա թողնում է ծառաներին, ... իր հետ վերցնում է միայն որդուն, ... փայտերը դնում է նրա ուսերին, ... ... ... տրվում են նկարագրություններ, որոնք մինչև իսկ անօգուտ են, կարող ենք անգամ մտածել, թե ինչո՞ւ է Սուրբ Գիրքն ասում բոլոր այս բաները։ Եվ սակայն, Աստվածաշունչը բնավ չի հայտնում, գոնե մի քանի բառով, թե Աբրահամն ի՛նչ էր մտածում այդ պահին։ ... Ի՞նչ է մարդ մտածում, երբ տառապում է։ ... Իմ սիրելի քույրեր ու եղբայրներ, շա՜տ բաներ է մարդ մտածում, երբ տառապում է։ Մտածում է, որ ուզում է մեռնել, ... որ ուզում է դուրս հանվել այդ վիճակից, ... թվում է իրեն, թե խելագարվում է, ... կուզենայիր փախչել ... ։ Շա՜տ բաներ են անցնում մարդու մտքի միջով, երբ տառապում է։ Բայց Աստվածաշունչը գրի չի առել և ո՛չ իսկ մեկ խոսք։ Եվ միակ երկխոսությունը, որ գրի է առնվել այդ պահի վերաբերյալ, մի տարրական զրույց է հոր՝ Աբրահամի, և որդու՝ Իսահակի միջև։ «Հա՜յր»։ «Ասա՛, որդի՜ս»։ Տեսե՛ք, երկխոսությունը սրտաճմլիկ լինելու չափ հուզիչ է իր գեղեցկության մեջ։ «Ահա՛ ես», պատասխանում է Աբրահամը։ «Ո՞ւր է ողջակեզը», ո՞ւր է կենդանին, որ պետք է զոհաբերենք։ ... Պետք է ստի, պետք է սուտ ասի։ Աբրահամը սուտ չի ասում։ Պատասխանում է. «Աստված կհոգա»։

Եբրայեցիներին ուղղված Նամակի հեղինակը, խորհելով այս մարդու մասին, ասում է. «Հույս ունեցավ՝ ամեն տեսակ հույսի դեմ»։ Վստահեց ու հանձնվեց՝ հակառակ ամեն ինչի ու ամենքի։ ... Սա՛ է ցավի, տառապանքի գայթակղության փորձառությունը. ... երբ կյանքը խլում է քեզնից ամեն բան, ... երբ դու չունես անգամ մտքերը, որոնցից կարող ես կառչել, ... երբ այլևս ոչ մի պատկեր չունես, որ քեզ ապահովություն ներշնչի, ... մերկացած ես դու՝ քո ազատության հետ միասին, և միակ բանը, որ կարող է անել քո ազատությունը, կա՛մ հուսահատվելն է, կա՛մ էլ ընտրելը՝ վստահելու հակառակ ամեն ինչի ու ամենքի։ ... Սա՛ է, որ փոխում է պատմությունը։ Գիտե՞ք, ինչո՛ւ է այն փոխում. ո՛չ միայն որովհետև երբ կբարձրանան այդ լեռան վրա, Աստված կդադարեցնի այդ զոհաբերությունը, – գիտեք, որ թույլ չի տա, որ որդին սպանվի, – այլ՝ որովհետև երբ իջնում են այդ լեռան բարձունքից, այլևս նույն մարդիկ չեն, ինչ առաջ։ Մի մարդ երբե՛ք նույնը չէ տառապելուց հետո։ Երբե՛ք նույնը չէ։ Բայց ուշադրությո՛ւն. երաշխավորված չէ, որ ավելի լավն է դառնում տառապանքից հետո, ... երբեմն, ցավի գայթակղության հետ հանդիպումը մեզ դարձնում է ավելի վատը, չարացնում է, ... երաշխավորված չէ, որ դուրս է հանում մեզնից յուրաքանչյուրի ներսում թաքնված սրբին ... ։ Պատմության վերջավորությունը երբեք երաշխավորված և փակ չէ, սա՛ է նշանակում։

Լա՛վ, կամեցա պատմել ձեզ այս պատմությունը՝ ասելու համար ձեզ՝ ի՞նչ։ Որ Աստվածաշնչում, նաև այն, ինչը որ չի ասվում, դա էլ է հաղորդակցվելու մի միջոց։ Այդ լռությունը, բացատրությունների կամ պատճառաբանությունների այդ բացակայությունը, հաղորդակցության միջոց են։ Բայց ամենանշանակալի պատմությունը, որ մեզ հասկանալ է տալիս, թե ի՛նչ է իրենից ներկայացնում գայթակղությունը մի ցավի, մի վերքի, գայթակղությունը մի կյանքի, որ չի ընթանում այնպես, ինչպես պետք է որ ընթանար, գտնվում է մի նշանակալի գրքում, մի հանրահայտ գրքում, այսպես ասած՝ ժողովրդական մակարդակով, մեզ բոլորիս, – երբ մտածում ենք ինչ որ մեկի մասին, որ տառապում է, անմիջապես մտածում ենք ... Հոբի մասին, Հոբի տառապանքների ու Հոբի համբերության մասին։ Նաև սովորական խոսակցության մեջ, չէ՞, ասում ենք. «Այստեղ Հոբի համբերությունն է պետք»։ Ի՞նչ է նշանակում Հոբի համբերությունը։

Այստեղ էլ, ցավոք շատ ժամանակ չունենք, ուզում եմ միայն մի դրվագ քաղել այդ պատմությունից, որն իրականում շատ գեղեցիկ կլիներ վերընթերցել ծայրից ծայր, քաղելով բոլոր տպավորությունները, որ մեզ ընձեռում է այդ պատմությունը։ Բայց ամենատպավորիչ բանը գիտե՞ք որն է. որ այս գիրքը սկսվում է մի երկխոսությամբ, սուռռեալ, Աստծո ու սատանայի միջև, Աստծո ու չարի միջև. որ սկսվում է մի տեսակ միամտությամբ՝ Աստծո կողմից, – ասում եմ «միամտություն», թող որ Տերը ների ինձ, – միամտություն, որովհետև դուք գիտեք, որ երբ ցանկանում եք կործանել ինչ որ մեկին, պետք է նրա գովասանքը անեք բարձրաձայն, ... եթե լավ բաներ եք խոսում մեկի մասին, բոլորի դիմաց, սկսում են ատել նրան, ... այսպե՛ս է, ... ուստի, եթե սիրում ես ինչ որ մեկի, չափից ավելի լավ մի՛ խոսիր նրա մասին, ... եթե նրա մասին խոսում ես լավը՝ բարձրաձայն, արթնացնում ես ինչ որ մեկի նախանձն ու ատելությունը, ... – Աստվածաշունչը լի է եղբայրասպանությունների պատմություններով, այս պատճառից դրդված, է՜հ, ... Կայեն-Աբելից սկսած, մինչև Հովսեփն ու եղբայրները, և այլն, և այլն, միշտ պատահում է նախանձի պատճառով ... ։ – Հոբի դեպքում էլ, սատանան ասում է. «Է՜հ, ամեն ոք կարող է լավը լինել Հոբի նման, եթե այն փողերն ունենա, որ Հոբն ունի. տունը, որ Հոբն ունի. կենդանիները, որ Հոբն ունի. զավակները, որ Հոբն ունի. վրանները, որ Հոբն ունի. հողերը ... ։ Փորձիր ձեռքից առնել այս բաները, տեսնենք, թե կշարունակի՞ Քեզ օրհնել»։

Եվ Աստված թվում է, թե համաձայնվում է այդ խաղին։ Ասում է. «Ա՛ռ, նրան քո ձեռքն եմ հանձնում։ Միակ բանը. կյանքը նրանից չխլես»։ Աստված, որ մեզ գործածում է խաղաքարերի նման՝ սատանայի հետ շախմատ խաղալու համար։ ... Ինչո՞ւ, ձեզ երբևէ չի պատահե՞լ զգալ ձեզ այսպիսի վիճակում։ Զգալ, որ ... ինչո՞ւ, ինչո՞ւ այս ամենը ինձ։ Ինչո՞ւ է այս բանը պատահում ինձ։ Ինչո՞ւ է Աստված թույլատրում, որ նման բան կատարվի։ Ինչո՞ւ ... ։ Ավելի մարդկային ի՞նչ կա, քան «ինչո՞ւ»ն, որ բխում է մարդկային սրտից։ ... Որովհետև սատանան լրջորեն է մոտենում այդ խաղին. Հոբից խլում է ամեն ինչ. նրան կորցնել է տալիս ունեցվածքները, վրանները, հարստությունը, աշխատանքը, բախտավորությունը, խլում է զավակներին, զրկում է նրան ամեն ինչից ... ։ Այն ամենը, որ «ուներ», նրանից խլում է։ ... Եվ ահա՛ վերադառնում է Աստծո մոտ, ... որովհետև Հոբը չի անիծում Աստծուն այս փորձառությունից հետո, ... և ավելի է ծանրացնում դոզը, սատանան, որովհետև ասում է. «Դե պարզ է, ... փորձենք ձեռք տալ նրան այն բաներում, ինչ որ նա ինքը ''է'', ո՛չ այն բաներում, որոնք ''ունի''։ Եվ տեսնենք, թե կշարունակի՞ Քեզ օրհնել»։

Եվ այսպիսով, չարիքը, որի փորձառությունն ունեցել էր իր շուրջը, սկսում է դառնալ մի խավարաշատ չարիք իր իսկ ներսում։ Մի անվերջանալի պայքար է մի տառապանքի դեմ, որն իրեն բզկտում է ներսից, որն իրեն քանդում է ներսից։ Ո՛չ միայն մարմնի մեջ, այլ՝ նաև հոգու։ Մի ահավոր ծանր տեսակ է ընկճվածության, տագնապի, որին Հոբը ենթարկվում է։ Գիտե՞ք ինչ է կատարվում այդ պահին։ Ներկայանում են Հոբի հայտնի երեք ընկերները։ Որոնք չեն հանդուրժում գաղափարը, որ որևէ բացատրություն չկա այդ տառապանքին։ Որոնք չեն հանդուրժում գաղափարը, որ Հոբը շարունակում է ասել «ինչո՞ւ»։ ... Բոլորս կկամենայինք բացատրել խաչը, բոլորս կկամենայինք բացատրել խավարը, բոլորս կկամենայինք բացատրել չարիքը։ ... Բայց բանը, որ ավելի շատ է ցավ պատճառում, նրանք են, ովքեր փորձում են բացատրել այն, ինչը որ բացատրություն չունի. ... ինչը որ մնում է որպես «խորհուրդ»։

Դուք գիտեք, որ այդ պատմությունը շարունակվում է Հոբի պատասխաններով, ով հերթով փակում է իր ընկերներից յուրաքանչյուրի բերանը, նրանց բոլորին զգաստացնում է, բոլորի՛ն, ... պատասխանում է ասելով, որ նրանց պատճառաբանությունները ոչնչի պետք չեն։ ... Իսկ հետո ապստամբում է, անիծում է օրը, որում ծնվել է, ... արտահայտում է իր ողջ սրտնեղությունը, այդ զգացմունքը աղաղակում է առ Աստված, ... ։ ... Կուզենայի կարենալ ասել ձեզ, թե այդ գիրքը մեզ բացատրում է ցավի ու տառապանքի նպատակը։ Թե ինչո՛ւ է Աստված թույլատրում, որ Հոբը տառապի, թե ինչո՛ւ է Աստված թույլատրում, որ այդ ծայրահեղ իրավիճակը պատահի ու Հոբը դրա փորձառությունն ունենա։ ...

Բայց իրականում այդ գիրքը չի պատասխանում այս հարցին։ Եվ գիտե՞ք ինչու։ Որովհետև Աստված չի պատասխանում հարցերին։ Աստված տալի՛ս է հարցերը։ Ահա՛ Հավատքի հեղափոխությունը։ Մենք իսկապես գտնվում ենք Հավատքի մեջ, երբ Աստծուն թույլատրում ենք հարցեր տալ մեզ։ Եվ բաներն են, որ մեզ պատահում են կյանքի ընթացքում, որ մեր մեջ ծնունդ են տալիս հզորագույն հարցերի։ Ի՞նչ իմաստ ունի այս ամենը։ Ինչո՞ւ եմ արթնացել այսօր առավոտյան։ Ի՞նչ իմաստ է ունեցել ինչ որ մեկի սիրելը, եթե վերջում ավարտվել է այնպես, ինչպես որ ավարտվել է։ ... Հավատքը արյունոտ փորձառությունն է տեսնելու, թե ինչպես են այս հարցերը տարածք բացում ու գրավում մեր մեջ, առանց փախուստի ելքեր թողնելու։ ...

Հիսո՛ւսն է ուսուցանել մեզ սա։ Ուսուցանել է մեզ, որ հենց այն պահին, երբ դու զգում ես քեզ առավելագույնս միայնակ, – մարդկայնորեն ասած, որովհետև բոլորը փախել են. և ներքուստ, որովհետև զգում ես, որ քո Հայրը բացակայում է այդ պահին. ... «Ինչո՞ւ լքեցիր ինձ», – այդ պահին կարծես Աստված Ինքն է, որ մի մեծ հարց է տալիս Որդուն. «Տրամադի՞ր ես հավատալու ինձ, երբ այլևս ոչինչ չկա»։ ... Այս հարցին հնարավոր է պատասխանել միմիայն կյանքով, ո՛չ խոսքերով։ ... Ահա՛ Հավատքի իսկական փորձառությունը։ Այն, որ ծնունդ է առնում հիասթափությունից։ ... Հիսուսն այս բանի փորձառությունն ունեցել էր իր հասարակական կյանքի սկզբից ևեթ, ... հիշո՞ւմ եք, երբ անապատում ... սատանան Իրեն ասում է. «Նետվի՜ր տաճարի աշտարակից։ ... Եթե Քո Հայրն է, ... եթե ճիշտ է, որ Դու Իր Որդին ես, ... Քեզ Իր գիրկը կառնի»։ Դա նաև Սաղմոսն է ասում. «Կգան Իր հրեշտակները և Քեզ օդի մեջ կբռնեն, որպեսզի ոտքդ քարի չխփես»։ ... Սա մեջբերում է Սաղմոսից, արտակարգ աստվածաշնչագետ է սատանան։ ... Եվ Հիսուսը պատասխանում է. «Մի՛ փորձիր Տիրոջը՝ քո Աստծուն»։ ... Ինչո՞ւ։ Որովհետև, թերևս ձեր մոտ չի պատահում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ աշխարհի բազմաթիվ կողմերում պատահում է, որ անձինք փորձի են ենթարկում ... ասենք դու սիրում ես ինչ որ մեկի, ասում ես՝ տեսնեմ, թե իրո՞ք ինձ սիրում է, և նրան փորձի ես ենթարկում, ունենալու համար հաստատում, որ քեզ սիրում է ... ։

Շա՜տ հաճախ մենք հենց այսպես ենք վարվում Աստծո հետ։ «Եթե ճիշտ է, որ ինձ սիրում ես, այնպես արա, որ այսինչ բանը պատահի»։ «Եթե ճիշտ է, որ ինձ սիրում ես, ընդունիր իմ աղոթքը»։ «Եթե ճիշտ է, որ ինձ սիրում ես, ես մատաղ կանեմ, իսկ Դու ... Դու իմ այսինչ ցանկությունը կատարիր»։ Իսկ հետո պատահում է, որ դու քո մատաղը անում ես, բայց ... և՜ ... և իրավիճակն ավելի է վատանում ... ։ Այդ ժամանակ ինքդ քեզ հարցնում ես, թե արդյոք աղոթքները լավ չես կատարել, ինչ որ մի բառ այնպես չես արտասանել, ... ինչ որ մի բան պատահել է այդ մեխանիզմի մեջ, որն այդքան խորապես մոգական է, և որին մենք հավատում ենք, չէ։ ... Ինչո՞ւ։ Որովհետև մենք փորձում ենք Աստծուն, այդ պահին։ ... Ի՞նչ է սա նշանակում. որ այլևս չպե՞տք է աղոթենք՝ շնորհներ հայցելու համար։ Անշուշտ թե պետք է աղոթենք։ Բայց հայցելով ամենամեծ շնորհը, որ կայանում է ունակության մեջ՝ ասելու Աստծուն. «Թող որ կատարվի Քո՛ կամքը»։ ... «Թող որ կատարվի Քո՛ կամքը»։ ... «Եվ եթե այս բանը մաս է կազմում Քո կամքին, այդ դեպքում ունկն դիր ինձ»։ ...

Բայց տեսնում եք, այս բաները շատ գեղեցիկ ու պոետիկ են, բայց նստած այստեղ և ո՛չ թե կյանքի ողբերգական ինչ որ մի դրվագ ապրելիս։ Երբ հայտնվում ենք ողբերգական դրվագի ներսում, ճիչը, որ բարձրանում է մեր սրտից, այս մյուսն է. «Ինչո՞ւ»։ ... «Ինչո՞ւ»։ ...

Ուրեմն, եթե Աստված Նա չէ, Ով նախևառաջ պատասխանում է հարցերին, այլ՝ Նա, Ով տալիս է հարցեր. եթե Աստծուն անհնարին է փորձել, այլ՝ Ինքն է, որ փորձում է մեզ. ... գրում է Լյուիսը, անգլիացի այդ սքանչելի հեղինակը, ով դարձի է եկել Քրիստոնեության, ... ասում է. «Փորձությունները, որ Աստված ինձ տալիս է, պետք չեն Իրեն՝ հասկանալու, թե ո՛վ եմ ես. պիտանի են ինձ՝ հասկանալու, թե ո՛վ եմ ես»։ ... Եթե Աստված թույլատրում է, որ փորձություններ պատահեն մեր կյանքում, այն բանի համար չեն, որ ուզում է տեսնել մեզ, թե ի՛նչ սանրի կտավ ենք, այլ՝ որպեսզի մե՛նք գիտակցենք, թե ի՛նչ սանրի կտավ ենք մենք։ ... Եվ շատ հաճախ, բացահայտում ենք մեզ այսքա՜ն սարսափելի կերպով մարդկային, ... վախեցած, ... միայնակ, ... սարսափահար։ ... Երբևէ մտածե՞լ եք, որ Հիսուսն անցել է այս ամեն ինչի միջով։ Ի՞նչ ապրեց Գեթսեմանիի պարտեզում, եթե ո՛չ՝ մեռնելու վախը։ Մահվան սարսափը, ցավի սարսափը։ ... Ի՞նչ զգաց, եթե ո՛չ՝ լքվածության զգացումը, այն աստիճան տագնապահար լինելու զգացումը, որ սկսեց արյուն քրտնել։ ... Մեր համար գայթակղեցնող է այս բանը։ Բայց գրեթե երբեք չենք մտածում, որ Հիսուսը զգացել է այն, ինչը որ շատ հաճախ զգում ենք մենք։ ... Քրիստոնյա լինել՝ չի նշանակում մի ճանապարհ գտնել՝ խուսափելու համար այս ամեն ինչից, ... այլ՝ մի ճանապարհ՝ այս ամեն ինչի միջով անցնելու, ավելի անդին հասնելու համար։

Ահա՛, տեսնում եք, սա է ինձ հնարավորություն տալիս ասելու ձեզ, ... և հասցնելու ձեզ իմ այս մտորման մի կետի, ... այն բոլոր անգամներին, որ Հարուցյալ Հիսուսը երևում է Իր աշակերտներին, ... չի հայտնվում այնպես, ինչպես շատ հաճախ մենք նկարում ենք, ... մենք Իրեն նկարում ենք որպես փառավոր ու լուսավոր, ... բայց Ավետարանը չի ասում, թե Հիսուսը հայտնվում է փառքերի ու լույսերի մեջ, ... Ավետարանն ասում է, որ նշանը, որով Իրեն ճանաչել է տալիս, ցույց տալն է Իր ձեռքերը, ... Իր կողը, ... Իր ոտքերը։ ... Այսինքն. Հարուցյալը, Իրեն ճանաչել տալու համար որպես Հարուցյալ, ցույց չի տալիս ողջացա՛ծ ձեռքերը, ... այլ՝ վիրավո՛ր ձեռքերը։ ... Մենք բոլորս մտածում ենք, որ մեր ցավի դարմանը վերականգնվելն է այն վիճակի մեջ, որի մեջ գտնվում էինք դրանից առաջ, ... այսինքն՝ գերազանցել մեր վերքերին, ... չենք նկատում, որ Հարության ամենահզոր նշանը մեր հենց վերքերն են։ ... Մենք կուզենայինք ազատվել մեր վերքերից, բայց չենք հասկանում, որ հենց դրանք են, որ մեզ Հարության փորձառությունն ունենալ են տալիս։ ... Եվ սա՛ է քրիստոնեական հեղափոխությունը։ ... Հավատում ենք, երբ սկսում ենք նշմարել Զատիկը այն բաների մեջ, որոնք ամենաշատն են մեզ տառապանք պատճառել։ Ո՛չ երբ գտել ենք մի ձև՝ փախչելու համար տառապանքից, որն ապրել ենք։ ... Զատիկը գտնվում է ամենախորը հատակին, այդ խորշերի։ Ո՛չ թե փակված խորշերի մակերեսին։ ... Մենք կուզենայինք մի Աստված, որ լուծեր մեր կյանքի խնդիրները։ Մեր Աստվածը, մինչդեռ, մղում է մեզ վերարժևորելու մեր կյանքը, այսինքն՝ այն մի նոր իմաստով լցնելու, ... որպես մեկնակետ վերցնելով այդ ցավը, որ ապրել ենք։

Արդ, եթե Զատիկը, ճանաչվելու համար, եթե Հարուցյալ Հիսուսը, ճանաչվելու համար, ցույց է տալիս Իր վերքերը, – հասկանում եք, որ մեր համար սա ամենաակնհայտ նշանն է, թե ինչպե՛ս մենք պետք է վարվենք մեր կյանքի վերքերի հետ։ ... Մինչդեռ, շատ հաճախ, մեր պայքարը հենց մեր վերքերի դեմ է։ Տարիներ ու տարիներ շարունակ մենք ջանք ու ճիգ ենք թափում ՝ ազատվելու համար մեր վերքերից։ Տարիներ ու տարիներ շարունակ մենք կուզենայինք դարմանել մեր տագնապները, այն՝ ինչը որ մեզ դյուրաբեկ է դարձնում, այն՝ ինչը որ մեզ միայնակ է զգալ տալիս։ ... Տարիներ ու տարիներ շարունակ մենք փորձում ենք լցնել մեր դատարկությունները, ... մենք կուզենայինք ջնջել մեր մարդկային բնությունը, .... բայց Հիսուս Քրիստոսը, մինչդեռ, ուսուցանում է մեզ, որ միմիայն այն ժամանակ, երբ թույլ ենք տալիս մեզ հաշտվել մեր մարդկային բնության հետ, ... երբ թույլ ենք տալիս մեզ հաշտվել մեր վերքերի հետ, ... երբ հաշտվում ենք խաչի հետ, ... այդ ժամանակ, միմիայն այդ ժամանակ բացահայտվում է Հարության զորությունը։ ...

Աստված կյանքի խնդիրների լուծումը չէ, Աստված կյանքի իմաստն է։ ... Կո՛ւռքն է ներկայանում որպես խնդիրների լուծում, ... մեր Աստվածը, մինչդեռ, ներկայանում է որպես իմաստ։ ... Որովհետև միմիայն եթե դու իմաստ ունես, քո կյանքն արժեք ունի։ Քո՛ կյանքը արժե ապրել։ Երբ դու կորցնում ես իմաստը, ոչ մի բան արժեք չունի, նույնիսկ եթե առողջ ես, ... նույնիսկ եթե առողջությունդ տեղն է, ... նույնիսկ եթե իրողությունները քո կողքին աշխատում են, ստացվում, ... ։ ... Որովհետև հանդիպել Աստծուն, նշանակում է հանդիպել մի բանի, որը մեր կյանքը դարձնում է իմաստով լի։ ... Ուրեմն, հասկանում եք, որ Հավատքի փորձառությունը մի փորձառություն է, ինչպես ասացինք, որ սկսում է իսկական դառնալ, երբ անցնում է ցավի հիասթափության միջով։ Երբ կյանքը ջարդուփշուր է անում այն պատկերը, որ մենք երևակայել էինք Իր մասին։ Երբ այլևս չենք փախչում խաչի փորձառության դիմաց, ... այն բանի, որը մենք չենք ընտրել, բայց մեզ պատահել է։ ... Երբ մեր վրա ենք վերցնում պատասխանատվությունն այն բաների, որոնք մաս են կազմում մեր իսկ գոյությանը։

Որովհետև Հավատքը մեզ չի ասում. «Հիմա դու հավատա, և ես քեզ կտամ պատասխանը», «Հիմա դու հավատա, և ես քեզ կտամ բացատրությունը», «Հիմա դու հավատա, և ես քեզ կտամ այն, ինչ փնտրում ես»։ Ո՛չ։ Հավատքը երբեք ո՛չ բացատրություն է, ո՛չ՝ մի պատասխան, ո՛չ՝ մի ապահովության երաշխիք։ ... Հավատքը փորձառությունն է հանդիպելու Մեկի, Ով իմաստ է տալիս այն բանին, ինչը որ մի ակնթարթ առաջ դու ապրում էիր որպես հակասական ու անբացատրելի։ Եվ դա անում է ինքնին կյանքի միջոցով։ ... Եթե Հիսուսը չի ամաչում ... Իր վիրավոր ձեռքերից, ... ինչո՞ւ ես պետք է ամաչեմ այն ամեն ինչի պատճառով, ինչը որ իմ կյանքում չի ստացվել։ ... Այս առումով է, որ ցավի փորձառությունը երբեք չի կարող բաժանվել հաշտության ու ներման փորձառությունից։ ... Այստեղ միայն ես չեմ քահանա, կան երկու եպիսկոպոսներ, ուրիշ քահանաներ, ... մենք կարող ենք ձեզ վստահեցնել, – կարծում եմ, Սրբազան Հայրեր, – որ շատ անգամներ ... երբ լսում ենք մարդկանց խոստովանությունները, ... ամենադժվարին բանը նրանց Աստծո ներումը երաշխավորելը չէ, ... այլ՝ օգնելը մարդկանց, որ ներեն իրենք իրենց։ ... Աստծո շնորհի առաջ պատնեշ է բարձրացնում այն, որ շատ հաճախ մենք չենք ներել մեր պատմությանը։ ... Չենք ներել, որ չի ստացվել այնպես, ինչպես որ մենք պատկերացրել էինք, երևակայել։ ... Չենք ներել հակասությունները մեր կյանքի, ... չենք ներել հանդիպումը խաչի հետ ... ։ ...

Սա՛ է խոչընդոտում մեզ՝ ապրելու Զատիկը։ ... Կա մի շատ գեղեցիկ ժեստ, որը Հովհաննես Ավետարանիչը դնում է Վերջին Ընթրիքի տեղը, որ է՝ Ոտնլվան։ ... Մի պահ է գալիս, որ Պետրոսն ասում է. «Դու իմ ոտքերը երբեք չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանում է. «Եթե ոտքերդ չլվանամ, դու իմ հետ սեղան չես նստի»։ ... Հաշտության փորձառությունը թույլատրելն է Հիսուսին, որ հպվի մեր ամենակեղտոտ մասին, ... մեր ամենագարշահոտ մասին, եղբայրներս, ... այն մասը, որն ամենաշատն է պատմում այն ճանապարհների մասին, որոնցով քայլել ենք, ... որովհետև եթե քեզ սիրված չես զգում քո պատմության այդ մասի մեջ, որն այդքա՜ն դժվարին է եղել, այդքա՜ն խավար, ... չես կարող և ո՛չ իսկ սեղան նստել Հիսուսի հետ։ ... Միակ բանը, որ կսովորես Քրիստոնեության մասին, կլինեն անգիր սովորածդ պատասխանները. ... կարող ես անգիր սովորել Քրիստոնեական Վարդապետության գիրքը, բայց չես իմանա, թե ի՛նչ է նշանակում Հավատալը։ ...

Ահա՛ թե ի՛նչ է նշանակում Հավատալու մարտահրավերը։ ... Թույլ տվեք ինձ, սակայն, – ընթացք եմ վերցնում դեպի մի գաղափարական ավարտ, չնայած որ անհնարին է եզրահանգման հասցնել այս թեման, – ճիշտ է նաև, որ երբեմն, առաջ գնալ կարողանալու համար, հարկավոր է մոռանալ։ ... Ի՞նչ եմ ուզում ասել սրանով։ Ահա՛, կա մի պատկեր, որ մեզ հուշում է Աստվածաշունչը, որը կօգնի մեզ հասկանալ։ Ասում է. Մի կին, երբ ծննդաբերում է, շատ է տառապում. բայց երբ զավակը ծնվում է, ուրախությունն այնքան մեծ է, որ այլևս չի հիշում այն ամբողջ ցավը, որ ապրել է։ ... Դուք գիտեք, որ կա մի ֆիզիկական մեխանիզմ նաև, չէ՞, որ կնոջը հնարավորություն է ընձեռում գերազանցելու ծննդաբերության տրավման՝ նաև ֆիզիկապես. մարմինն արտադրում է մի նյութ, որը նրան հնարավորություն է տալիս գրեթե մոռանալու մի փոքրիկ կտոր՝ այդ ցավի ողբերգականությունից, ... ինչո՞ւ, ... որովհետև երբեմն, եթե մարդ հիշում է ամբողջ-ամբողջը, ... չի կարողանում այլևս ոչ մի բան անել։ ... Ահա՛, ուրեմն, Հավատքի փորձառությունը փորձառությունը չէ մոռանալու անցյալը, այլ՝ մոռանալու անցյալի այն կտորը, որը մեզ շղթայած՝ թույլ չի տալիս, որ առաջ գնանք։ ... Հասկանո՞ւմ ենք, չէ՞, թե ի՛նչ եմ ուզում ասել։ Որ կան բաներ, որ ապրել ենք, և որ գամում են մեզ, ... չեն թողնում, որ առաջ գնանք, ... չենք կարող ամեն ինչ ջնջել, .... պետք է ջնջենք այն կտորը, որ մեզ չի թողնում առաջ գնալ։ ... Բայց միշտ հիշելով, որ զավակներն ենք այդ պատմության։ ... Հավատքի ու բժշկության գործընթացի մեջ, ... և հաշտության, որ Քրիստոսը բերում է մեր կյանքի մեջ, ... կա նաև այս մոռացությունը։ ... Աստված տալիս է մեզ մի բան, որը մեզ մոռանալ է տալիս ամբողջ տրավման, որ ապրել ենք. ... հիշում ենք միայն ընդհանուր գծերը. այն մասը, որը մեզ գամված չի պահում այնտեղ։ ...

Հուսահատվածների կյանքը՝ կյանքն է նրանց, ովքեր կանգ են առել կյանքի ինչ որ մի կետում, և չեն կարողանում առաջ շարժվել։ Եվ երեսուն, քառասուն տարի շարունակ անշարժացած են մնում կյանքի այդ կետում, որն իրենց վիրավորել է։ ... Հանդիպել Քրիստոսին՝ չի նշանակում հանդիպել ինչ որ մեկի, ով մոգական եղանակով ջնջո՛ւմ է քո անցյալ պատմությունը, ... այլ՝ որ ազատո՛ւմ է քեզ քո անցյալ պատմությունից։ ... Ազատում է քեզ, որովհետև անցյալը քեզ այլևս գամված չի պահում, ... վերջը չէ այլևս, այլ՝ սոսկ անցումային կետ։ ... Իսկ ո՞րն է աստվածաբանական եզրը, որով մենք ասում ենք «անցում». «Զատիկ»։ ... Զատիկը դա փորձառությունն է ազատվելու Ավագ Ուրբաթ օրվա գամերից։ ... Մենք մեր կյանքի մեծ մասն անցկացնում ենք Ավագ Ուրբաթ օրվա մեջ, չենք կարողանում ազատվել որոշ իրավիճակների գամերից։ ... Տակավին չենք դարձել լիովին հավատացյալներ, որովհետև տակավին չենք դարձել զատկական քրիստոնյաներ։ ... Կերպարանակից ենք դարձել, երբեմն, միայն խաչված Հիսուսին, բայց ո՛չ տակավին՝ Հարուցյալ Հիսուսին։ ... Չենք հասկացել, որ այդ ցավը չպետք է միայն ապրվեր, այլ՝ այդ ցավի միջոցով մենք խորհրդավոր կերպով փրկված ենք, ... – ուշադրությո՛ւն. դիտավորյալ գործածեցի այս բառը, ... – խորհրդավո՛ր կերպով փրկված. այսինքն՝ մի՛ հարցրեք ինձ ինչո՞ւ, դա կհարցնեք Իրեն, մի օր, երբ կտեսնեք Իրեն դեմառդեմ, ... – որովհետև երբեմն ... ես չգիտեմ, թե ինչո՛ւ ենք կյանքում ապրում որոշ իրավիճակներ, ... բայց գիտեմ, որ Տերը մեզ միայնակ չի թողնում, նաև այն իրավիճակներում, որոնք բացատրություն չեն գտնում։ ...

Սա՛ է մեր ուժը։ Սա՛ է այն, որ փոխում է ամեն բան մի մարդու կյանքում. Զատկվա այս տեսակ փորձառությունը։ ... Սա ասում եմ, որովհետև, եթե մեր այս հանդիպումը միայն ներքին զրույց չէ մեր՝ հավատացյալներիս համար, այլ՝ կամենում է նաև բացվել ուրիշների առաջ, ... այն, ինչը որ աշխարհն անհանդուրժելի է համարում մեր՝ քրիստոնյաներիս մեջ, երբեմն, այն է, որ աճապարանքն ենք ունենում ՝ փորձելու բացատրել նաև աշխարհի ցավը ... որ աշխարհում է։ ... Շատ հաճախ, մենք ուզում ենք բացատրել ցավը՝ Հավատքի պակասի՛ պատճառով, ո՛չ որովհետև հավատացյալներ ենք։ ... Ցանկանում ենք արդարացնել Աստծուն, որպեսզի մե՛նք ինքներս մեզ ապահով զգանք։ ... Աշխարհը ... մեզնից չի ակնկալում բացատրություններ, ... մեզնից ակնկալում է ներկայություն։ ... Այսինքն. մի հիվանդ, որ հիվանդանոցում մահամերձ պառկած է քաղցկեղի պատճառով, չի ակնկալում, որ մի քրիստոնյա գնա այնտեղ և իրեն բացատրի քաղցկեղը, ... այլ՝ որ գնա այնտեղ՝ բռնելու իր ձեռքը։ ... Ներկա լինելու առաջնայնությունն է, ... բացատրությունների առաջնայնության նկատմամբ, որը շա՜տ ու շա՜տ է մեզ հմայում։ ... Բացատրությունների կուռքը։ ... Ուրեմն, հասկանում եք, որ այս առումով մենք միշտ կարող ենք քարոզել. ... որովհետև չպետք է համոզենք աշխարհին, ... պետք է ցույց տանք աշխարհին մի ներկայություն, ... ո՛չ թե արդարացնել այն։ ... Եվ եթե ներկայացնում ենք մեր հույսի հիմքերը, դա անում ենք որպես մեկնակետ ունենալով մե՛ր իսկ վկայությունը, երբե՛ք առանձնացնելով դրանք մեր կյանքի վկայությունից։ Այս երկու բաները միասին են դարձնում մեզ թթխմոր, ... լույս, ... աղ, ... համ, ... մի աշխարհում, որի մեջ եթե ներկայանում ենք պարզապես քրիստոնյայի զգեստ հագած, մեզ անհապաղ դուրս են վռնդում։ ... Մենք օտար մարմիններ ենք, եթե ներկայանում ենք սոսկ զգեստավորված որպես քրիստոնյաներ։ ... Եթե իսկապես քրիստոնյաներ ենք, ոչ ոք չի նկատի մեզ, եթե ո՛չ միայն՝ արդյունքներից։ ... Ի՞նչ է ակնկալում Աստծո ժողովրդի այս կտորը, այս քաղաքը, այս երկրամասը ... , կհամարձակվեի ասել՝ աշխարհի որևէ անկյունում, ի՞նչ է ակնկալվում մի քրիստոնյայից։ ... Որ ա՛ղ լինի։ ... Որ լո՛ւյս լինի։ ... Որ լինի թթխմո՛ր։ ... Բայց սա իրականանում է միայն այնքանով, որքանով որ մենք զգում ենք մեզ միացած Հիսուսին ՝ խաչված և՛ հարություն առած։

Այժմ, պատասխանելու համար, – և ավարտում եմ, – մեր հարցին. «Հավատում ենք վերքերի մե՞ջ, թե՞ վերքերից անդին»։ Պետք է որ ասենք. երկու դեպքում էլ։ ... Վերքերի մեջ է, որ մենք ապրում ենք Զատկվա փորձառությունը։ Բայց խորհրդավոր կերպով Զատիկը օգնում է մեզ գնալու վերքերից անդին, ... նոր մեկնարկ տալու կյանքին, ... ասելու. որ Զատկվա կիրակիից հետո սկիզբ է առնում մի ա՛յլ պատմություն։ Դա մե՛ր պատմությունն է։ Կա մի վերստին մեկնարկ, կա տակավին մի հույս, դեռևս կյանք կա։ ... Ի՞նչ է նշանակում հանդիպել Հարությանը։ ... Այո՛, դուք ինձ կասեք ... կյանքի վերջում հարություն ենք առնելու, նաև մեր մարմիններով։ Եվ ճիշտ եք ասում։ ... Բայց անդադար, ա՛յս մեր կյանքը, լիուլի է Հարության նշաններով։ ... Երբ մի ընտանիքի կյանքը նոր մեկնարկ է ապրում, սա մի՞թե Հարության նշաններից մեկը չէ։ ... Երբ մի մարդ, հոգով կամ սրտով վիրավոր, որ տարիներ շարունակ միայն զայրացած ու չարացած է եղել, թույլատրում է, որ ներումը հասնի իրեն, ... և ներում է, ... սա մի՞թե Հարության նշաններից մեկը չէ։ ... Երբ մի մարդ հաշտվում է հիվանդության հետ, որն իրեն անկողնուն գամված է պահում, սա մի՞թե Հարության նշաններից մեկը չէ։ ... Երբ մի հիվանդ, որ վերադառնում է Լուրդի սրբավայրից, ... վերադառնում է միևնույն սայլակին նստած, բայց աչքերը լիացած խաղաղությամբ, ... որն աշխարհը չի տալիս, ... մի՞թե սա չէ Հարությունը։ ... Երբ դու հասկանում ես սա, ... այլևս Աստծուն չես խնդրում փոխել քո կյանքը, այլ՝ լիացնել քո կյանքը։ ...

Քրիստոսը Նա է, Ով չփոխեց աշխարհը, այլ՝ լիացրեց աշխարհը իմաստով։ ... Եվ մեզնից յուրաքանչյուրին թողեց որպես պատմության մեջ իմաստի այս ներկայության երկարաձգում։ ... Եթե մենք թերանում ենք մեր այս կոչման մեջ, անարդյունավետ ենք դարձնում Փրկության Պատմությունը, պատմական այս տվյալ պահին։ Այս առումով, սիրելի ընկերներ, եթե մենք կրկին ճանապարհ չենք ընկնում ՝ որպես մեկնակետ ունենալով մեր վերքերը, ... և եթե թույլ չենք տալիս ազատել մեզ մեր վերքերից, ... մենք ցույց չենք տալիս Քրիստոնեությունը, այլ սոսկ՝ ծաղրանկարը մի աստծո, որին, վերջին հաշվով, լավ էին արել, որ մեջտեղից վերացրել էին։ ... Մինչդեռ այսպես չէ. Հիսուսն Ինքն Իր մասին ասում է. «Շինարարների կողմից խոտան համարված քարը ... անկյունաքար դարձավ»։ ... Ահա՛ Տիրոջ գործը, ... մի սքանչելի՜ք մեր աչքին։ ... Մեծ ուսուցումն է տեսնելու, որ այն, ինչը խոտան է համարվում, ... այն, ինչը որ խոտան է մեր կյանքում, ... Աստված այն միշտ փոխակերպում է մի անկյունաքարի, ... այն միշտ փոխակերպում է մի նոր փորձառության, ... մի նոր սկզբի, ... մի նոր Հարության։ ... Սա՛ է մեր Հավատքը։ Սա Եկեղեցո՛ւ Հավատքն է։ Եվ մենք պարծենում ենք՝ դավանելով այն, ի Քրիստոս Հիսուս, ի Տերն մեր։ Ամեն։

Շնորհակալություն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։