Հեղինակը – Գրադարան – Mashtoz.org

Հեղինակը

Հայր Միշել Քուասթը (Լը Հավր, 18 Հունիս 1921 – Լը Հավր, 18 Դեկտեմբեր 1997) եղել է ֆրանսիացի քահանա և բազմաթիվ աշխարհահռչակ գրքերի հեղինակ:

Տասներկու տարեկանում կորցնելով հորը, ստիպված է եղել աշխատանքի անցնել որպես ապրանքներ ցրող: 1936 թվականի գործադուլների ժամանակ մասնակցել է բանվորական բողոքներին: 1938 թվականին, որպես պատգարակակիր մասնակցելով դեպի Լուրդ ուղղված թեմական մի ուխտագնացության, այնտեղ ծանոթանում և զրույցի է բռնվում մի քահանայի հետ: Այդ զրույցից հետո նրա հոգում ծնվում է քահանա դառնալու որոշումը, ուստի 18 տարեկան հասակում մտնում է Մեոյի հոգևոր ճեմարան, որտեղից հետո տեղափոխվում է Ռուենի բարձրագույն ճեմարան:

Կիսասարկավագական ձեռնադրությունից մի քանի ամիս անց հանկարծակի գրեթե կուրանում է: Բժշկական բազմաթիվ քննություններից ու ապարդյուն բուժումներից հետո, երբ բոլորն այլևս հուսահատվում են և երիտասարդին անբուժելիորեն կուրացած համարում, կրկին հանկարծակի կերպով վերստանում է տեսողությունը:

1947 թվականին քահանա ձեռնադրվելով, սոցիալական և քաղաքական գիտություններ է ուսանում Փարիզի Կաթոլիկ Համալսարանում («Institut catholique de Paris»), ուր դոկտորի աստիճան է ստանում՝ «Քաղաքը եւ մարդը» վերնագրով ավարտաճառ պաշտպանելով Ռուենի ժողովրդական թաղամասերից մեկի մասին, որը հետագայում հրատարակվում է:

Ուսումն ավարտելուց հետո որպես օգնական քահանա է նշանակվում Լը Հավրի բազմամարդ ծխերից մեկում եւ դառնում է տարածաշրջանի երիտասարդական շարժումներից մեկի համակարգողը:

Արտաքին առաքելությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն դրսևորելով, եպիսկոպոսական մի հանձնախումբ է հիմնում Լատինական Ամերիկայի համար: Միաժամանակ, սկսում է քարոզչական իր գործունեությունը, կազմակերպելով գիտաժողովներ, հոգևոր առանձնության շաբաթներ, գրում է աղոթքի, խորհրդածության և հոգեկանության գրքեր, հատուկ ուշադրություն դարձնելով թմրամոլությանը, խաղամոլությանը, հարբեցողությանն ու ա՛յլ մոլությունների զոհ դարձած երիտասարդներին:

1970-1976 թվականներին ծխատեր քահանա է նշանակվում Սեն Մարի և Սեն Լեոն ժողովրդապետություններում: 1971 թվականին Ավեյրոնի Սեն Սիրիս ժողովրդապետությունում վերականգնողական կենտրոն է բացում երիտասարդների ու ավելի մեծահասակների համար, իսկ 1976 թվականին դառնում է թեմի քահանայական թեկնածուների պատասխանատուն, միաժամանակ հովվական տարբեր գործունեություններ իրականացնելով: 1988 թվականին նշանակվում է Լը Հավրի թեմական ձայնասփյուռի տնօրեն:

1996 թվականին քաղցկեղով հիվանդանալով, մահանում է մի տարի հետո՝ 1997 թվականի Դեկտեմբերի 18-ին:

 

Միշել Քուասթի գրքերից կարող ենք հիշել, օրինակի համար. «Աղոթքներ» («Prières»), «Հաջողության հասնել» («Réussir»), «Քրիստոսը ողջ է» («Le Christ est vivant»), «Հիսուս Քրիստոսը ժամադրություն է տվել ինձ» («Jésus-Christ m'a donné rendez-vous»), «Սիրել, կամ՝ Դանիելի օրագրությունը» («Aimer, ou le journal de Dany»), «Նվիրել, կամ՝ Անն-Մարիի օրագրությունը» («Donner, ou le journal d'Anne-Marie»), «Բաց սրտով» («Á cœur ouvert»), և այլն: Պարզ օրինակի համար նշենք, որ «Աղոթքներ» գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուների և մինչև օրս ունեցել է ավելի քան 2.500.000 տպաքանակ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։