- 13 - – Գրադարան – Mashtoz.org

- 13 -

Որոշեցի ճանապարհ ընկնել՝ հայտնաբերելու խորհուրդը:
Իրոք, ի՞նչ գիտեի ես սիրո մասին:
Սերն անշուշտ այն ամենն էր, ինչ ինձ ասել էր Իմաստունը: Այն ինձ ավելի հստակ էր երևում, այն օրվանից, ինչ Բարեկամս սկսել էր կամաց կամաց բացել աչքերս: Իմ համար, սակայն, Սերը շարունակում էր մնալ նախևառաջ նորապսակների երազը, իրականացած և կամ դաժանորեն հուսախաբված. մայրերի քնքշանքն ու հայրերի ուժը իրենց սիրելի զավակների համար. բաղձալի ընկերությունը, որն այնքա՜ն հաճախ անորսալի է մնում և հուսախաբ թողնում. և դե՛ռ ավելին, արդեն բավական ժամանակ եղավ, և ամեն օր է՛լ ավելի, փափաքն “աղջկա”, որն անցնում էր ամայի ճանապարհովս, որի վրա հայացքով հարձակվում էի, կամ էլ՝ շոյում ու փայփայում, պատասխան հայացք ակնկալելով. աղջիկ, որին հպվում, գգվում ու շոյում էի հանկարծակի ազատություն առած մատներովս. աղջիկ, որին երբեմն փորձում էի բանտարկել իմ սանձազերծված բազուկների գրկում:
Բայց սերն իմ համար նաև ավելին էր: Նորապսակներից, ծնողներից, ընկերներից, “աղջիկներից” անդին ... սրտի ուրախություններից և մարմնի անուշ դողերից անդին ... ի՞նչ էր:
Չգիտեի ... :
... Իմ անհայտ կղզին էր, նավահանգիստս էր գիշերվա գրկում,
քաղցս էր ու ծարավս,
փնտրտուքս էր ու պայքարներս,
վերքերս, տառապանքներս,
խղճիս խայթերն էր ... :
Իմ փափաքն էր, հոգուս տվայտանքը,
որը չգիտեի, թե որտեղից էր ծնվում և ուր էր գնում ... :
Ի՞նչ գիտեի ես սիրո մասին:
 
Իմաստունն ինձ ասաց.
«Բարեկամս, Սերը գերազանցում է սիրույն,
 
Սերը թռչունի ճախրանքն է անծայր կապույտի մեջ,
բայց նրա թռիչքն ավելին է,
քան մարմնեղեն մի փոքրիկ էակի սավառնելն օդում,
ավելին՝ քան նրա սիրահարված թևերը, քամուց փաղաքշված,
ավելին՝ քան անասելի ուրախությունը, երբ դադարում են թևածումները և մարմինը հանդարտ ճախրում է լույսի մեջ:
 
Սերը ջութակի մեղեդին է, որ երգում է աշխարհի երգը,
բայց ջութակի մեղեդին
ավելին է, քան փայտն ու աղեղը, անշարժ ու միայնակ,
ավելին՝ քան երեկոյան զգեստներով նոտաները, որ պարում են ձայնաշարի վրա,
և ավելին՝ քան երաժշտի մատները, որ սլացիկ սահում են լարերի վրայով:
 
Սերը լույս է, մարդկանց ճանապարհների համար,
բայց լույսը, որ տրվում է,
ավելին է, քան առավոտյան շոյանքը, որ բացում է քնաթաթախ աչքերը,
ավելին՝ քան հրեղեն ճառագայթները, որ ջերմացնում են մարմինները,
և ավելին՝ քան հազարավոր մետաքսյա վրձինները, որ գունազարդում են դեմքերը:
 
Սերն արծաթյա գետ է, որ հոսում է դեպի ծովը,
բայց կենդանի գետը, որ հապաղում է կամ աճապարում,
ավելին է, քան իր հյուրընկալ հունը, – մի տուփ, որ չի պահում, –
ավելին է, քան ջուրը, որ կարմրում է մայրամուտի հայացքի ներքո,
և ավելին՝ քան գետեզերքին կանգնած մարդը, որ խայծ է նետում և դուրս քաշում նրա պտուղները:
 
Սերն առագաստանավ է, որ ջրի վրա ճեղքում է ալիքները,
բայց առագաստանավի ընթացքն ավելին է,
քան հրապուրված նավախելը, որ մխրճվում է ծովի մեջ, որ նվիրվում է կամ վիճում,
ավելին՝ քան զեփյուռի շոյանքից կամ քամու ապտակներից թրթռացող առագաստները,
ավելին՝ քան ղեկը պինդ սեղմող նավաստու ձեռքերը,
մինչ անխոնջ հետապնդում է իր վայրի սիրուհուն:
 
... Սերը գերազանցում է սիրույն ... :
 
Սերն անսահման ՇՈՒՆՉ է, որ գալիս է մի ուրիշ տեղից և գնում է մի ուրիշ տեղ:
 
Սերը մարդու միտքն է, որ ճանաչում և ընդունում է ՇՈՒՆՉԸ,
մարդու ազատությունն է, որ անմնացորդ շրջվում է Նրա կողմը:
Սերը մարդու համաձայնությունն է ՇՆՉԻՆ, որ հրավիրում է,
մարդու սիրտն է, որ բացվում է՝ Նրան ընդունելու և Նրան ուրիշներին ևս պարգևելու համար,
մարդու մարմինն է, որ ամփոփվում է, պատրաստակամ,
որպեսզի Նրա բնակավայրը դարձած, Նրանով համակված,
ճախրի դեպի ուրիշները,
դեպի ... ուրիշը,
և որպեսզի ի վերջո
այն, ինչը որ հեռու էր, վերամիավորվի ու կրկին ներդաշնակվի,
այն, ինչը որ բաժանված էր, դառնա մեկ
և ՄԵԿ-ից մի նոր կյանք բխի»:
 
...
«Բարեկամ», ասացի, «հայտնեցեք ինձ այդ հզոր և խորհրդավոր ՇՈՒՆՉԸ
և ես կբացեմ սիրտս
և կնվիրեմ մարմինս
ՇՆՉԻՆ, որին սպասում եմ, որպեսզի իմ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ապրի
և ապրի ԿՅԱՆՔԸ»:
 
Իմաստունն ամփոփվեց: Փակեց աչքերը:
Լուռ էր:
Այդ լռությունն ինձ այլևս չէր շփոթեցնում: Ընդհակառակն: Արդեն գիտեի, որ դա արշալույսն էր մի արևի, որ ծագում էր:
Այդ օրը, սակայն, ավելի երկար տևեց:
 
Նայում էի Ընկերոջս և զարմանում, որ նույնիսկ փակ աչքերով՝ իր դեմքն այդքա՜ն խոսուն էր: Պահպանում էր լրջությունը, անշարժ էր, գրեթե կարծրացած: Որոշակի պահի, իր շուրթերը սկսեցին աննշմարելիորեն շարժվել: Խոսո՞ւմ էր:
Այդ պահից, դեմքի լարված կնճիռները սկսեցին մեկիկ մեկիկ թուլանալ: Կյանքի մի ալիք անցավ դեմքի վրայով, ինչպես թեթև զեփյուռը, որ կյանք է հաղորդում ցորենի արտին: Է՛լ ավելի խորն էր. այժմ, իրոք, իր դեմքը փոխվում էր: Ավելի ջինջ էր, պայծառ ու թափանցիկ, կարծես ներսում մի խորհրդավոր լույս վառված լիներ:
 
Ի վերջո աչքերը բացեց, ինձ երկար նայեց ու ասաց.
 
«Աղոթի՛ր, սիրելիս, աղոթի՛ր»:
 
Ապա ոտքի կանգնեց և ինձ ճանապարհ դրեց մինչև դռան մոտ:
Ես լուռ ու մունջ դուրս ելա, առանց և ո՛չ իսկ մտածելու՝ ցտեսություն ասել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։