- 15 - – Գրադարան – Mashtoz.org

- 15 -

«Նա» ինձ ձգում էր դեպի Ինքը: Դրանում վստահ էի, այժմ: Վաղուց, մի՜շտ, «Նա» ինձ ձգում էր, առինքնում:
«Նա» է, որ ինձ նշան էր տալիս չհագեցած քաղցիցս ու ծարավիցս անդին: Ինքս իմ հանդեպ զգացած տհաճությունից, ձանձրույթներից, խղճահարություններից անդին: Անարդարության և մարդկանց տառապանքների դեմ ընդվզումներիցս անդին: Ճշմարտության, խաղաղության, սիրո խենթ փափաքներիցս անդին Նա էր:
«Նա». Աստված-Սերը:
Ձգում էր ինձ, ... բայց ինչպե՞ս էի կարողանալու հանդիպել Նրան: Ինքս ինձ բանտարկել էի ամեն կողմից փակ տանս պատերի մեջ: Հարկավոր էր ոտքի կանգնել և դուրս գալ:
Ոտքի էի կանգնել: Դուրս էի եկել: Բայց վարանում էի, շեմին կանգնած: Իսկ Իմաստունն ինձ առաջ էր մղում:
Ինձ առաջ էր մղում իմ մարդկային ճանապարհի երկայնքին: Ի՛մ ճանապարհի: Ո՛չ թե գաղափարներիս, երևակայությանս, երազներիս ճանապարհը: Ո՛չ էլ ունեցածս տպավորությունների, զգացումների, հուզմունքների ճանապարհը: Այլ՝ ամեն օրվա եղբայրներիս ճանապարհը, իմ ամենօրյա կյանքում:
Ասում էր ինձ. «Սիրի՛ր նրանց», և ինձ նրանց ճանապարհի վրա դնելով՝ ինձ Աստծո ճանապարհի վրա էր դնում: Ճշմարի՛տ Աստծո:
Ես չգիտեի, որ «Աստծուն ոչ ոք չի տեսել»[1], այլ՝ որ Նա մարդկային դեմք է ընդունել հանձինս Հիսուս Քրիստոսի: Եվ որ Հիսուսի գալստից հետո ոչ ոք չի կարող սիրել և ծառայել Աստծուն, որին չի տեսնում, եթե չի սիրում ու ծառայում իր եղբայրներին, որոնց տեսնում է[2]:
Մթության մեջ խարխափելով փնտրում էի Աստծուն, բայց Նրան չէի փնտրում ճիշտ ճանապարհի վրա: Իսկ աստծուն, որին փնտրում էի, կեղծ աստված էր:
Արդ, ամեն բան պետք է սովորեի:
Կեղծ զգեստներից մերկացած Աստվածս,
մերկ՝ մսուրի մեջ,
մերկ՝ խաչի վրա,
ամբողջ ուժերովս փափաքում էի ճանաչել Նրան և սիրել:
 
Իմաստունի մոտ վերադարձա և նրան ասացի. «Բարեկամս, էլի խոսեք ինձ Աստծո մասին»:
«Կխոսեմ, սիրելիս, քանի որ դու դա փափաքում ես: Բայց իմացիր, որ Աստծուն չեն “սովորում”: Աստված հայտնվում է:
Իմ խոսքերի միջոցով թերևս որոշակի լուսաբանումներ կունենաս Նրա մասին, բայց “ՆՐԱՆ”, սիրելով է, կյանքիդ ներսում, որ կկարողանաս հանդիպել ու ճանաչել»:
«Բայց միևնույնն է, խոսեք ինձ Ձեր հավատքի մասին»:
«Իմ ամբո՞ղջ հավատքի մասին»:
«Այո՛»:
«Դեռ ժամանակը չէ: Միայն ուղեղով կհասկանաս, բայց սիրտդ ետևից չի հասնի»:
«Միևնույնն է, խոսեք ինձ Ձեր հավատքի մասին: ... Սիրտս կհետևի ... հեռվից»:
Հայնժամ ասաց.
 
Ես հավատում եմ, որ Աստված ՍԵՐ «Է»[3]:
Ես հավատում եմ, որ Աստված ԸՆՏԱՆԻՔ «Է».
Հայրը, Որդին, Սուրբ Հոգին,
ՍԻՐՈ զոդով ամբողջովին միացած երեք անձինք,
որ ՄԵԿ են ըստ բնության:
 
Հավատում եմ, որ Աստված անսահման երջանկություն է,
որովհետև անսահման ՍԵՐ է:
Հավատում եմ, որ արարչությունը ՍԻՐՈ արդյունքն է,
որովհետև ՍԵՐԸ կամենում է մասնակից դարձնել իր երջանկությանը:
Հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ, գոյության կանչվելուց առաջ արդեն,
անձնապես և անսահմանորեն սիրված է Աստծուց[4],
և հավիտյանս սիրված է լինելու, ինչպիսին էլ որ լինեն իր դեմքն ու իր կյանքի ոլորապտույտ արահետները:
Հավատում եմ, որ մարդ արարածն Աստծո սիրո մտահղացումն է, մարմնացած,
և որ Աստծո պատկերն իր մեջ
կարող է աղավաղվել, բայց երբեք չի կարող ջնջվել:
Հավատում եմ, որ ՍԻՐՈ միջոցով ստեղծված մարդը
ստեղծվել է ՍԻՐՈ համար,
ուստի՝ ԱԶԱՏ է
և կանչված է ՍԻՐՈ հավիտենական երանությանը:
 
Ես հավատում եմ, որ Աստված ամբողջ արարչագործությունը պարգևել է մարդկանց,
որպեսզի միասին տիրեն նրան, ամբողջացնեն այն
և այն դնեն ի սպաս բոլորի:
Ես հավատում եմ, որ Աստված մարդուն ստեղծել է արարելու կարողությամբ, Իր հետ,
– մարդկային ընտանիքի միջոցով, որն Իր ԸՆՏԱՆԻՔԻ պատկերն է –
և ազատ՝ բխեցնելու կյանքը կամ մերժելու այն:
 
Հավատում եմ, որ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ առաքեց Իր Որդուն»[5],
և որ այդպիսով անսահման ՍԵՐԸ, Մարիամի մեջ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵՐՊԱՐԱՆՔ առավ,
մարդկային Մարմին,
մարդկային Սիրտ.
Հիսուս Նազովրեցին,
կյանքի երեսուներեք տարիներ, որ մխրճված են մարդկության պատմության կենտրոնում և ամբողջովին ծածկում են այն:
Հավատում եմ, որ Հիսուսը,
քանի որ մարդ է, եղբայր է բոլոր մարդկանց,
քանի որ բոլոր մարդկանց եղբայրն է, ըմբռնումով է մոտենում նրանց մեղքերին ու ոչ-սերերին,
և տառապում է նրանց տառապանքներով այնպես, ինչպես տառապեց իրեններով:
 
Հավատում եմ, որ Հիսուսը, զոհաբերելով Իր կյանքն Իր եղբայրների համար,
մեզ յուրաքանչյուրիս և ամբողջ Մարդկությանը կրկին պարգևեց
այն ամբողջ սերը, որ մենք վատնել էինք,
և որ վերադարձնելով սերը՝ մեզ վերադարձրեց կյանքը:
Հավատում եմ, որ Հիսուսը անցավ մահվան միջով, որ ՈՂՋ է,
մեր մեջ է մինչև ժամանակների վախճանը,
և որ մարդիկ, Իր միջոցով և Իր մեջ,
կարող են ապրել անմայրամուտ ԿՅԱՆՔԸ:
 
Հավատում եմ, որ Հիսուսին հավատացողներն ու Նրան սիրողները միասին մի մեծ ժողովուրդ են կազմում, մի մեծ հասարակություն. Եկեղեցին:
Հավատում եմ, որ այդ հասարակություն-Եկեղեցին, որին անդամակցում եմ միացած լինելով Հիսուսին և եղբայրներիս հետ,
մեր գործերով խեղճ է ու մեղավոր,
և չի կարողացել պահպանել իր Միությունը:
Բայց ես հավատում եմ, որ Եկեղեցին կանչված է՝ լինելու Սուրբ,
ՄԵԿ և նշան ՍԻՐՈ:
 
Հավատում եմ, որ Հիսուսը Եկեղեցու համար պատասխանատուներ է կարգել,
և որ այդ պատասխանատուները մարդիկ են, ուստի՝ մեղավորներ, որ կարող են սխալվել,
բայց նրանց հարգում և սիրում եմ, որովհետև Հիսուսն է նրանց կամեցել, ընտրել, կանչել,
և Իր Հոգին նրանց ընկերակցում է Պատմության երկարաձիգ արահետներում:
 
Ես հավատում եմ, որ Հիսուսի Հոգին, ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, ՍԻՐՈ ՇՈՒՆՉ է,
որ ընդառաջ է գալիս մարդուն – ազատ – .
ազատություն, որ կարող է բացվել Նրա առաջ,
Նրան ընդունելու համար,
Նրանով լիանալու, Նրանով թաթավվելու
և դեպի ուրիշներն առաքվելու համար:
ՍԻՐՈ ՇՈՒՆՉ, որ մարդուն միացնում է մարդուն,
մարդկանց՝ մարդկանց և տիեզերքին,
և որ հիմնում ու հաստատում է «Հոր Արքայությունը».
ՍԻՐՈ Արքայությունը, որի արմատները մարդկային պատմության այսօրվա մեջ են,
վաղը ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՍԻՐՈ մեջ ծաղկելու համար:
... Այս պատճառով է, որ ես հավատում եմ, սիրելիս, որ Հիսուս Քրիստոսի հետ, Հիսուս Քրիստոսի մեջ,
ԱՊՐԵԼ նշանակում է ՍԻՐԵԼ, ՀՈԳՈՒ ՇՆՉԻ ներքո:
Եվ ես հավատում եմ, որ ՍԵՐԸ չի կարող մեռնել,
որովհետև գալիս է Աստծուց
և վերադառնում է Աստծուն»:
 
Իմաստունի խոսքերն ինձ նվաճել էին, հմայել: Ճիշտ է, չէի հասկանում, բայց վստահում էի: Այսպես է ինքն իր մեջ ամբողջովին ամփոփված մարդն իր հայացքը սևեռում հորիզոնի մութ գծի վրա, ուր գիշերը դեռևս վարանում է, բայց հետո կամաց կամաց անհետանում է ծագող արևի դիմաց:
Եվ լույսի շոյանքները, ծաղիկների կոկոնների վրա, մեկիկ մեկիկ չորացնում են գիշերվա արցունքները:
 
«Նա» էր իմ արևը, «Լույսը, որ լուսավորում է յուրաքանչյուր մարդու»[6]:
Նա վեր էր բարձրացել սրտիս խավարի մեջ և սիրտս Նրան ճանաչել էր, բայց ո՛չ ամբողջովին: Ուրախ էի, և բացականչեցի.
«Բարեկամ, ուրեմն “Նա” է ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՇՈՒՆՉԸ, որ գալիս է մի ուրիշ տեղից և գնում է մի ուրիշ տեղ»:
«Այո՛, սիրելիս, Նա է, ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, ՍԻՐՈ Հոգին, ԱՍՏՎԱԾ»:
«Իսկ Աստծո Հոգին ներկա՞ է մարդկային սիրո մեջ»:
«Այո՛, սիրելիս, ինչպես արևն է ներկա իր յուրաքանչյուր ճառագայթի մեջ և ինչպես ակունքն է ներկա գետի ջրի յուրաքանչյուր կաթիլի մեջ:
Տե՛ս, Արևի ճառագայթներն ԱՐԵՎԸ չեն: Գետն ԱԿՈՒՆՔԸ չէ: Բայց գոյություն չէին ունենա ո՛չ լույս, ո՛չ գետ առանց ԱՐԵՎԻ և առանց ԱԿՈՒՆՔԻ, որոնք նվիրվում և ապա պարգևվում են:
Նմանապես, ՍԵՐՆ ավելի մեծ է, քան քո սիրտը, և շա՜տ ավելի մեծ, քան մարմինդ: ՍԵՐՆ Աստծո ՇՈՒՆՉՆ է, որ համակ պարփակում է ամբողջ երկիրը: Թափանցում է սրտիցդ ու մարմնիցդ ներս, ինչպես թափանցում է յուրաքանչյուր մարդու մեջ, որ սիրում է: Որովհետև “յուրաքանչյուր սեր – յուրաքանչյուր իրակա՛ն սեր – Աստծուց է բխում”  և վերադառնում է Աստծուն, անցնելով ազատ մարդու միջով, որ բացվում է, ստանում և իր հերթին պարգևում է այդ սերը»:
«Բայց ուրեմն», ասացի հանկարծակիորեն խռովված, «ինչպե՞ս կարող են սիրել բոլոր նրանք, ովքեր չեն ճանաչում Սեր-Աստծուն»:
«Արևի ճառագայթները չեն ճանաչում Արևին և ո՛չ էլ գետն է ճանաչում իր Ակունքին. և սակայն, լույսը փայլում է աշխարհի վրա, իսկ գետի հունով ջուրը հոսում է դեպի ծովը: Ահա այսպես, սիրելիս, բազմաթիվ մարդիկ սիրում են իրենց եղբայրներին առանց ճանաչելու ՍԵՐԸ, որն իրենց ոգեշնչում է, և առանց ճանաչելու Անունն ու Դեմքը Նրա, ում սիրում են՝ սիրելով իրենց եղբայրներին:
Եթե հավատարիմ են, մի օր կբացահայտեն դրանք, երբ ԿՅԱՆՔԸ կծաղկի խաբուսիկ մահից հետո, որը սերմի մահն է, որ մեռած է ասվում, որովհետև դրվել է հողի տակ: Այդ ժամանակ նրանց աչքերն ու ականջները կբացվեն և Հիսուսը նրանց կասի. «ԵՍ ԷԻ»:
 
ԵՍ ԷԻ այն սովահարը, որին կերակրեցիր,
մինչ խաղաղության, արժանապատվության, ընկերության քաղցն ունեի:
ԵՍ ԷԻ այն պանդուխտ օտարականը, որին հյուրընկալեցիր,
այն արտասահմանցին, ... սահմաններ, որոնք դուք եք գծել:
ԵՍ ԷԻ այն գերին, որին ազատեցիր,
ստրուկը, գամված այն բոլոր շղթաներին, որոնք մարդիկ են կռել:
ԵՍ ԷԻ ... [7]: ԵՍ ԷԻ ... :
ԵՍ ԷԻ այն ԱՂՔԱՏԸ, աղքատ, որովհետև քո կողմից լքված, քանի դեռ կյանքն ինքդ քո համար պահելով, այն Ինձ չէիր պարգևում՝ պարգևելով ուրիշներին:
 
... և նրանք կմտնեն անսահման ՍԻՐՈ բերկրանքի մեջ, որովհետև սիրել են »[8]:
«Ուրեմն», ասացի ես, «բավական է միայն սիրել: Ի՞նչ կարևորություն ունի, թե մարդն իր Աստծուն ճանաչում է կամ ո՛չ, երբ Նրան հավատարիմ է»:
«Այդպես մի՛ ասա, սիրելիս: Կամաց կամաց կբացահայտես, որ Նա, ով սիրում է, միայն մի բաղձանք ունի. հայտնվել իր սիրեցյալին: Իսկ նա, ով սիրված է, միայն մի փափաք ունի. ճանաչել իր ՍԻՐՈ անունն ու դեմքը: Այդպես մեկը և մյուսը, լույսի մեջ, կարող են ազատորեն ընդունել և նվիրվել մեկը մյուսին»:
 
Սենյակից դուրս ելա առանց աղմուկ հանելու: Ուրախ ու մտամփոփ, ինչպես մի մարդ, որն հուզված գնում է ինչ որ մեկին հանդիպելու: Իմ համար, իրոք, Աստված այսօր դարձել էր ... «ԻՆՉ-ՈՐ-ՄԵԿԸ»:
[1] 1Հվհ 4, 12
[2] 1Հվհ 4, 20
[3] 1Հվհ 4, 8
[4] Եփս 1, 4-5
[5] Հվհ 3, 16
[6] Հվհ 1, 9
[7] 1Հվհ 4, 7
[8] Մտթ 25, 31-46
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։