- 16 - – Գրադարան – Mashtoz.org

- 16 -

Չափազանց գեղեցիկ էր: Երջանիկ էի, բայց մտահոգ:
Այլևս չէի կարողանում ընթացքս համաչափ պահել: Սիրտս սլանում էր, մինչ ծանր ոտքերս քարշ էին գալիս ճանապարհի եզերքին: Նման այն բանտարկյալին, որը վերջապես վերագտել է ազատությունը, բայց որի աչքերը շլացել են լույսի անսովոր քանակից. խարխափելով է քայլում վերագտնված ճանապարհին:
Կյանքն իմ շուրջը չէր փոխվում: Իրականությունն այնտեղ էր, իր սովորական տեղում, համառ, նվազ գեղեցիկ, քան երազանքներս ... : Երազանքներս թերևս պարզ ցնորքնե՞ր էին: Երբեմն այդ վախն ունենում էի, բայց առանց դրան իրոք հավատալու:
Ընտանիքը, աշխատանքը, աշխարհը վերստին ստացել էին անարև օրերի տժգնությունը:
Դեռ չէի հասկացել, որ լույսն իմ մեջ էր, և ճանապարհը լուսավորվում էր, երբ սիրտս բոցավառվում էր:
Շուրջս գտնվողներն ինձ շատ հեռու էին թվում: Համոզված էի – առանց դա երբևէ ստուգած լինելու – , որ նրանք չէին մտածում այն, ինչ ես էի մտածում, չէին տեսնում այն, ինչ ես էի տեսնում: Ո՞ւմ հետ, հետևաբար, կարող էի կիսել իմ ուրախությունը, իմ հույսերը, իմ կասկածները: Իսկ եթե նույնիսկ հարմար բառեր էլ գտնեի արտահայտվելու համար, միևնույնն է, չէի համարձակվի: Կծաղրեին ինձ:
Կրկին ինձ միայնակ էի զգում:
Այնուամենայնիվ, բացահայտումներս և ստույգ ու հավաստի համոզմունքները, որոնք կամաց կամաց հաստատվում էին ինձնում, ինձ անդիմադրելիորեն հարկադրում էին փոխել կյանքս: Ավելի քիչ էի «դուրս գալիս» և – սա շա՜տ կարևոր նշան է – սենյակումս, որից այլևս չէի խուսափում, լռությունն ավելի հաճախակի էր տիրում, և ես նրան այլևս չէի վռնդում:
 
Երբ դրսում էի, լսում էի մարդկանց և ինքս իմ վրա զարմանում էի, որ նրանց նայում էի բարյացակամ հայացքով: Այսպիսով ծնվում էր համակրանքն այնտեղ, ուր մինչ այդ իշխում էր անտարբերությունը, իսկ երբեմն էլ՝ թշնամանքը:
Ջանում էի միշտ ավելի օգտակար լինել եղբայրներիս, գրեթե առանց նկատելու, կարծես մղված իմ մեջ գտնվող մի ուժից, որն ինքն էլ էր ազատվել և արդ այլևս տրամադիր էր ու գործուն: Արդյո՞ք ՇՈՒՆՉՆ էր:
Չէի համարձակվում պատասխանել, բայց առագաստս ամբողջովին պարզել էի նրա առաջ:
 
Խոստովանում եմ, որ ինքս ինձ այլևս չէի ճանաչում: Ավելի վճռական էի, ավելի ուժեղ, և միաժամանակ՝ ավելի փոքր, ավելի թույլ: Ինքս ինձ ասում էի, որ միայնակ չէի կարողանա ապրել և սիրել այնպես, ինչպես կամենում էի:
«Ինչ-որ-մեկ»ի կարիքն ունեի: Աստծո՞: Թերևս: Համենայն դեպս ո՛չ իմ հին աստծո, այլ՝ այն Աստծո, որի մասին ինձ պատմում էր Իմաստունը, ԱՍՏՎԱԾ-ՍԵՐԸ, իրական և ճշմարիտ Աստվածը: Ես Նրան չէի ճանաչում, և սակայն ... միշտ ավելի զարմանքով նկատում էի, որ ավելի հաճախ էի Նրան աղոթքով դիմում: Առնվազն կարծում եմ, որ աղոթում էի, քանի որ շարունակում էի չիմանալ, թե ի՛նչ է նշանակում աղոթել:
 
Այսպես էի ես ապրում և այսպիսիք էին իմ մտածումները, երբ ստացա Իմաստունի այս նամակը.
 
«Սիրելիս, ևս մեկ անգամ ինքս ինձ հանդիմանում եմ. ինձ թվում է, թե մեր վերջին հանդիպման ժամանակ շատ խոսեցի: Հարկավոր է համբերություն ունենալ: Երկա՜ր ժամանակ է անցնում ցանքից մինչև հունձքը, և անիմաստ է քաշել նոր ծնվող ծիլը:
Ներիր, բայց ջանա՛ հասկանալ ինձ: Քեզնից շատ առաջ, ես էլ եմ տառապել ապրելու քաղցից ու ծարավից, և քո նման ես էլ եմ բացահայտել, որ այդ քաղցի ու այդ ծարավի ներքո, սրտիս ամենախորին խորքում, թաքնված էր սիրելու և է՛լ ավելի՝ սիրված լինելու փափաքը:
Փնտրեցի և հանդիպեցի Աստծուն, որն ընդառաջ է եկել մեզ հանձինս Հիսուս Նազովրեցու: Հավատացի Նրան: Հավատացի Նրա Խոսքին: Այժմ ես գիտեմ, որ ի հավիտենից սիրված եմ: Եվ սիրում եմ Նրան, ով ինձ սիրում է ... [1], և Նրան միշտ ավելի եմ սիրում, մինչ քայլ առ քայլ բացահայտում եմ Նրա Սիրո խորությունը:
Արդ տե՛ս, սիրելիս, քեզ դա արդեն ասել եմ. ով սիրված է և սիրում է, չի կարող չկամենալ բոլորին ծանոթացնել Նրան, ում սիրում է: Այդ պատճառով է, որ խոսել եմ:
Բայց իմ խոսքերի աղմուկը չպետք է ծածկի Նրա շշնջաձայն Խոսքը: Ես քեզ կարող եմ միայն ճանապարհի վրա դնել, հասցնել սրտի ժամադրությանը, բայց «Նա» է, որ քեզ կխոսի Իր սիրո մասին:
Ոտքի կանգնիր, ընդառաջ գնա Նրան, ով ընդառաջ է գալիս քեզ:
 
Անմիտ է այն մարդը, որն հավակնում է ապրել առանց ԿՅԱՆՔԻ և սիրել առանց ՍԻՐՈ:
Իմ՝ հավատացյալիս համար, մոռանալ աղոթել՝ նշանակում է մոռանալ ապրել:
 
Բազմաթիվ մարդիկ այսօր ուժասպառ են լինում, որովհետև մինչ մեծանում են, կարծում են, թե կարող են առանց Աստծո ապրել: Հպատակեցնում են երկիրը, ամեն օր ավելի են տիրում նրան: Կյանքն ինքնին ավելի հեզ է դարձել նրանց հմուտ ձեռքերի ներքո:
Աստված Ինքն է այդպես կամեցել: Բարի ու գեղեցիկ իրողություն է:
Բայց մարդիկ մոռանում են, որ նավի առագաստները չէ, որ ծնում են քամին: Արդ, նրանք շատ ավելի ժամանակ են ընծայում հոյակապ նավերի ծրագրեր կազմելու, կայմեր կանգնեցնելու և առագաստներ նորոգելու, քան թե քամուն նվիրվելու, որն իրենց սլանալ կտա ալիքների վրայով և կտրել անցնել կտա ծովերով:
Աստծուն մոռանալու պատճառով, գոռոզ մարդիկ կարծում են, թե կարող են առաջ գնալ առանց Նրա: Ամեն ոք ինքն իրեն աստված է կարծում և ցանկանում է մենակ աճել, շահագործելով ուրիշներին: Բայց մարդիկ կկարողանան ապրել և երկիրն արդարության ու խաղաղության աշխարհ դարձնել միայն այն դեպքում, երբ կկարողանան հայացքները միասին ուղղել միակ Աստծուն, անվանելով Նրան. «ՀԱՅՐ ՄԵՐ»: Ինչը որ նշանակում է. Դու մեր Կյանքն ես և Դու ես մեր Սերը, մենք Քո զավակներն ենք և եղբայրներ ենք:
Այս պատճառով է, սիրելիս, որ քեզ աղոթել խնդրեցի:
 
Աղոթել՝ նշանակում է ընդառաջ գնալ «մեր Հորը», ՍԵՐ-ԱՍՏԾՈՒՆ, ինչպես գետն իր ակունքին և լույսն իր արևին:
Աղոթել՝ նշանակում է Աստծուն ասել.
 
ԱԿՈ՜ՒՆՔ, ես Քեզնից եմ սպասում կենդանի ջուրն իմ ամենօրյա ափերում.
առանց Քեզ կճահճանամ,
նեխած ու մեռած ջրի վերածվելով:
ԱՐԵ՜Վ, ես Քեզնից եմ սպասում լույսը ցերեկվա ճանապարհների համար.
առանց Քեզ, մանկան նման կլինեի, մութ գիշերվա գրկում,
մոլորված,
ճանապարհի վրա, որ ելք չունի:
 
ՔԱՄԻ՜, ես Քեզնից եմ սպասում ուժը, որը կարող է ուռեցնել պարզածս առագաստները.
առանց Քեզ, լքված նավակի կվերածվեի միայն,
որը նավահանգստի ամբարտակներից ներս երբեք չի մտնի:
 
ԶԵՓՅՈ՜ՒՌ, ես Քեզնից եմ սպասում շունչը, որպեսզի թևերս բացեմ ու սավառնեմ.
առանց Քեզ, թևերը կեղտոտ թռչուն կլինեի միայն,
որ քարշ է գալիս ցեխի մեջ:
... Եվ Քեզնից, ԱՐՎԵՍՏԱԳԵ՜Տ, սպասում եմ, որ բխեցնես
իմ փայտից ու իմ լարերից
կյանք մի խորհրդավոր,
որովհետև առանց Քեզ մի անպետք գործիք կլինեի միայն, անտեսված, անշարժ, համր, օրերիս պահարանում փակված:
 
... Բայց ես Քեզ ընդառաջ եմ գալիս,
ահա՛ ես, ո՜վ աննկարագրելի ԱՐՎԵՍՏԱԳԵՏ.
Քո սիրալիր ձեռքերում պահված ջութակի նման,
ինձ փնտրող մատներիդ ներքո ամփոփ ու ազատ,
ես ինձ նվիրում եմ սիրո գրկախառնումով Քեզ միանալու համար:
Եվ մեր որդին կլինի ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, որպեսզի երգի Աշխարհը:
 
 
 
Այո՛, սիրելիս, աղոթե՛լ. նշանակում է՝
ոտքի կանգնել և ընդառաջ գնալ Աստծուն, որն ընդառաջ է գալիս մեզ.
ընդունել և խոստովանել, որ ՆԱ է մեր ԿՅԱՆՔՆ ու մեր ՍԵՐԸ.
անմնացորդ կերպով հավաքվել և անմնացորդ կերպով նվիրվել, թողնելով, որ Նա սիրի մեզ, նախքան կամենալը, որ մենք ինքներս սիրենք:

[1] 1Հվհ 4, 10

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։