- 17 - – Գրադարան – Mashtoz.org

- 17 -

Ես աղոթում էի:
Այս անգամ աղոթում էի: Վստահ էի դրան ... և միևնույն ժամանակ՝ ապշած:
Ժպտում էի, երբ մտածում էի, որ ծնողներս, ընկերներս, որոնք ինձ շրջապատում էին, շա՜տ հեռու էին երևակայելուց, որ իմ կյանքում տեղի էր ունեցել այդ խոր հեղաշրջումը: Խոստովանում եմ, և՛ս մեկ անգամ, որ չէի համարձակվում հայտնել այդ իրողությունը: Բայց ո՛չ թե ամոթից դրդված, այլ՝ որովհետև վախենում էի, որ իրենց մի դիտողությամբ, մի ժպիտով, նրանք կարող էին վնասել իմ մեջ այն բանին, որը նոր նոր ծնվում էր իր ամբողջ գեղեցկությամբ:
Ծաղիկն ավելի դյուրաբեկ է, եթե բացվում է գարնանն առավոտյան:
Չէի աղոթում սոսկ բառերով, այլ՝ իմ ամբողջ էությամբ կենտրոնացած, ջանալով ներկա դարձնել ինձ Նրա առաջ, որին գիշերվա մեջ զգում էի անսահմանորեն ՆԵՐԿԱ: Եվ ինչպես Իմաստունն էր խորհուրդ տվել ինձ, աշխատում էի պարզապես թողնել, որ Նա սիրի ինձ: Լռության մեջ:
Զգում էի, որ դա էր էականը: Հետագայում Ընկերս հաստատելու էր դա, նաև նկատել տալով, որ շատ կարճ ժամանակում էի բացահայտել դա:
Արդեն գիտեի, որ այլևս չէի կարողանալու – ինչպես մի ժամանակ երբեմն երբեմն անում էի, երբ մոլորված էի, տկար, վախեցած – փորձել դեպի ինձ ձգել իմ այն ժամանակվա աստծո բարեհաճությունը: Քաղցած մարդկանց համար նախատեսված այդ չգիտեմ ինչ հանրախանութի այդ մի տեսակ ամենակարող տերը:
Ոչինչ չէի խնդրում: Միակ Ուժը, որ փափաքում էի, ԱՊՐԵԼՈՒ և ՍԻՐԵԼՈՒ Ուժն էր:
Հեշտ չէր: Հոգիս դեգերում էր, իսկ ցանկություններն այրում էին սրտիս մեջ: Կարծես մի խենթ աշխարհ ներխուժած լիներ իմ մեջ, ուր պարում էին, ծեծկռտվում, գոռում ու գոչում հանրային հրապարակներում: Ես դրանց միջով անցնում էի անխռով, առանց հոգուս անդորրը կորցնելու: Մանավանդ թե, անցնելիս սեղմում էի ընկերներիս ձեռքը, կրում էի նրանց մտահոգությունների բեռն ու աշխարհի խնդիրները, իսկ հետո, այդ մեծղի բեռներով ծանրաբեռնված, դանդա՜ղ, հաճախ դժվարությամբ, իմ դյուրաբեկ նավակով բարձրանում էի գետի ընթացքն ի վեր, հասնելու համար իմ Ակունքին:
Վարձատրված էի: Երբ Ակունքից ես խմում, հագենում ես:
Դրա մասին հետո իմացա: Հիսուսն ասել է.
 
«Ով կխմի այն ջրից, որը ես կտամ նրան,
այլևս երբեք ծարավ չի ունենա:
Ջուրը, որը ես կտամ նրան,
նրանում ջրի աղբյուր կդառնա, որ առատորեն բխում է հավիտենական Կյանքի համար»[1]:
 
Այդտեղ էր ԿՅԱՆՔԸ: Վստահ էի դրան: Բայց, կրկնում եմ, հեշտ չէր:
 
Հեշտ չէր իմ հին սովորությունների պատճառով, իմ ծանրության, բայց նաև իմ մի քանի հարցերի պատճառով, որոնք տակավին մնում էին անպատասխան: Այժմ արդեն ավելի լուրջ հարցեր էին, ավելի խորին, և այդ իսկ պատճառով էլ՝ ինձ դե՛ռ ավելի շփոթության էին մատնում:
Շարունակում էի Իմաստունի տված լուսաբանումների կարիքն ունենալ: Դրանց կարիքն ունենալու էի դեռ շա՜տ երկար ժամանակ:
 
 
«Բարեկամ», ասացի նրան այդ երեկոյան, «Դուք ինձ խորհուրդ եք տալիս ամեն ինչ Աստծուց սպասել, բայց եթե ամեն ինչ Նրանից պետք է սպասեմ, ինձ անելիք ի՞նչ է մնում»:
«Քեզ ամեն ինչ է մնում անելիք», պատասխանեց: «Փորձիր հասկանալ ինձ.
 
Ամենահմուտ երաժիշտն անգամ չի կարող նվագել կտրված լարերի վրա.
Քամու շունչն անզոր է նավի դիմաց, որը կայմ չունի և որի առագաստները ծալված են ու փաթաթված.
Ամենամաքուր սառցադաշտից անգամ չի կարող վճիտ ջրերով հարուստ գետ ծնվել, եթե նրա հունի խորքում կուտակված են կեղտն ու աղտոտությունը.
... Աստված-Սերն էլ ոչինչ չի կարող անել, եթե ազատ մարդը չի ներկայանում ուղիղ ոտքի կանգնած,
որպես անխոնջ կերտողն իր սեփական կյանքի
և աշխարհներ կառուցող, իր եղբայրների հետ միասին:
 
 
Ամեն ինչ պետք է մենք անենք – բայց ազատ ենք անելու կամ ո՛չ – և միաժամանակ ամեն ինչ պետք է ՍԻՐՈՒՑ սպասենք, առանց որի ոչինչ չի ապրում և գոյատևում»:
«Բայց մենք վատ ենք գործում: Ահավոր կերպով վատ: Ինչո՞ւ է Աստված թույլատրում, որ այդքա՜ն սխալներ կուտակենք ու այդքա՜ն տառապանքների ենթարկվենք»:
«Որովհետև չի կարող արգելել»:
«Բայց Նա ամեն ինչ կարող է»:
«Ամեն ինչ, մեզ ազատությունից զրկելուց բացի»:
 
Չէի ուզում հասկանալ:
Զգում էի, որ ինձնում անակնկալ կերպով վերարթնանում էին անցյալի բոլոր ընդվզումները: Մտածում էի կյանքիս այն բոլոր պահերի մասին, որոնք վատնել էի այդ «ազատության» պատճառով: Մտածում էի այն չարիքի մասին, որ գործել էի ինքս իմ և ուրիշների դեմ: Բայց հատկապես մտածում էի աշխարհում տիրող թշվառությունների մասին. հիվանդությունները, սովը, անարդարությունները, պատերազմները, ... սարսափելի այդ շքախումբը անթիվ ու աննկարագրելի տառապանքների, որոնք մարդկությունը քարշ է տալիս իր ետևից անհիշելի ժամանակներից ի վեր:
Աստված, ուրեմն, որպես անխռով հանդիսատե՞ս էր դիտում այդ հրեշային խառնակույտին:
Ինչպե՞ս կարելի էր ընդունել այդ ամենը:
 
Մի ակնթարթում, ստույգ վստահությունները, որոնք կարծում էի, թե ամրապինդ հենքի վրա էին, կրկին երերացին իրենց հիմքերի վրա: Արդյոք փլուզվելո՞ւ էին:
Կրկին հայտնվեց կասկածը: Կարծում էի, թե վերջնական հաղթանակ էի տոնել նրա դեմ: Այն, մինչդեռ, շարունակում էր գոյատևել, ավերիչ տերմիտի նման, իմ դյուրաբեկ երջանկության բարակ խավի տակ:
Այո՛, կասկածում էի ՍԻՐՈՒՅՆ:
Գիտակցելն այդ իրողությունը՝ ինձ վրդովմունք էր պատճառում: Վհատված էի: Բայց ընդվզումն ինձնում ավելի հզոր գտնվեց, քան իմ իսկ վհատությունը, և գրեթե գոռալով խոսքս ուղղեցի Իմաստունին.
«Ինչո՞ւ է Աստված մեզ տվել այս ազատությունը, որ սպանում է: Նա գիտեր, որ ազատությունը կարող էր նաև սպանել»:
«Որովհետև մեզ սիրում է», պատասխանեց մեղմորեն:
«Հետևաբար, սիրել նշանակում է տառապանքի ու մահվան վտանգի տա՞կ թողնել նրանց, ում սիրում ենք:
Թողնել, որ փտե՞ն բանտերում, ճչա՞ն տանջանքներից, սովամա՞հ լինեն, պատերազմե՞ն, սպանեն ու սպանվե՞ն»:
Զայրույթիս բաժակը լցվում էր մարդկանց բոլոր ողբերով ու հեծեծանքներով: Սնվում էր աղերսողների չկատարված աղոթքներով, որոնք դարեր շարունակ խնդրել էին ապարդյուն, իրենց և իրենց հարազատների համար, որ ոտքի կանգնեցվեին, պաշտպանություն գտնեին, փրկվեին:
Ես պատասխան էի ուզում: Ուրիշների համար: Իմ համար: Կարիքն ունեի հարվածելու ինձնում կասկածին և այն տապալելու ընդմիշտ: Կասկածը սրտիս մեջ, ես չէի կարող վերադառնալ կյանքին:
«Հանդարտվի՛ր, սիրելիս», ասաց Իմաստունը: «Լսի՛ր.
 
Մայրն արդյոք կսիրե՞ր իր որդուն, եթե հրաժարվեր նրան աշխարհ բերել, որովհետև աշխարհն ապականված է:
Կսիրե՞ր նրան, եթե մանուկ հասակում չդներ նրան գետնին, որովհետև քայլել չգիտի և կարող է ընկնել ու վնասվել:
Կսիրե՞ր նրան, եթե պատանեկական տարիքում նրան տանը փակեր, որովհետև դեռ չգիտի ապրել ու սիրել»:
 
Լռեց: Ես էլ ոչինչ չէի ասում: Ասելիք ոչինչ չունեի: Գիտեի, որ հետո միայն, երբ տուն վերադառնայի, նոր հարցականներ կգտնեի կռվելու համար:
Այդ պահին, մեկ անգամ ևս ճաշակեցի այն տհաճ զգացումը, որ Իմաստունի հետ վիճելն անօգուտ էր: Հոգիս ընդվզում էր, բայց – զգում էի դա – սիրտս գաղտնի կերպով արդեն «այո» էր ասում:
Այն, ինչն ինձ զինաթափ էր անում, դա Բարեկամիս հանդարտությունն էր: Նրա հեզությունը: Զգում էի, որ ինձ չէր ուզում համոզել, որպեսզի ինքը հաղթանակած լիներ, այլ՝ որպեսզի հասկանայի իմ իսկ բարիքի համար:
Եվ հենց այդ պատճառով է, որ սրտիս խորքում հավատում էի, որ ... պետք է որ իրավացի լիներ:
Վերսկսեց խոսակցությունը. «Տե՛ս, սիրելիս, մայրը, որն իրական սիրով է սիրում, կարող է, հենց այդ սիրո պատճառով իսկ, ընդունել վտանգի հնարավորությունը, որ զավակը կարող է ընկնել, վիրավորվել և մահանալ. ավելի լավ է սա, քան նրանից խլել ապրելու ազատությունը: Եվ սակայն, նա կանխավ արդեն գիտի, որ որդին տառապելու է:
Եթե վտանգի այդ հնարավորության առաջ ետ ընկրկելով նա հրաժարվի կամաց կամաց բաժանվել իր սիրեցյալ որդուց, նրան չ”պահել” այլևս, նրան չ”պաշտպանել” այլևս – կյանքի փորձություններից նրան զերծ պահելու պատրվակով – կսպանի նրա մեջ մարդուն, որը նա պետք է դառնար»:
«Բայց եթե զավակը վիրավորվում է», ասացի երկչոտ ձայնով, քանի որ զայրույթիցս ծնվող վստահությունն արդեն անցել էր, «մայրը նրան կլքի՞, այն պատրվակով, որ ... մարդ է»:
«Ո՛չ, նրան մենակ չի թողնի: Նրան ընդառաջ կգնա, նրա կողքին կլինի և նրա հետ միասին կկրի նրա տառապանքը»:
«Բայց տառապանքը կմնա»:
«Անշուշտ: Բայց եթե զավակը թույլ տա, որ սիրո ալիքը հասնի իրեն, ավելի ուժեղ կդառնա տառապանքին դիմակայելու համար: Երբ իրական ու ճշմարիտ սերը “հպվում է” ինչ որ մեկին, նրանում բխեցնում է մի ծածուկ ուժ. չափազանց երկար ժամանակ բանտարկված կյանքի ուժը:
 
Սիրել՝ նշանակում է մյուսի մեջ մի նոր կյանք արթնացնել: Վերակազմավորել նրան»:
 
«Այդպես է նաև Աստծո՞ պարագայում»:
«Այո՛, ճիշտ այդպես: Միայն թե, Նրա դեպքում, Նրա Սերն հավիտենական է, իսկ Կյանքը, որ մեզ պարգևում է, հավիտենական ԿՅԱՆՔՆ է»:
«Ուրեմն, մեզնից պահանջվում է միայն բացվել Աստծո առաջ»:
«Այո՛, բայց դրանում էլ ենք ազատ: Ի՞նչ սեր կլիներ, եթե ստիպված լինեինք սիրել»:
 
 
 
«Այդպիսով, կամաց կամաց հասկացա», շարունակեց Իմաստունը, «որ Աստված, քանի որ ՍԵՐ է, ուղղակի չէր կարող մեզ ազատ չստեղծել: Ու քանի որ Հայր է, չէր կարող մեզ ինքնիշխան և լիովին պատասխանատու չստեղծել. պատասխանատու ինքներս մեր, մեկս մյուսի և, բոլորս միասին, տիեզերքի և մարդկության համար:
Մենք աճել մեծացել ենք: Եվ աշխարհի ու կյանքի վրա ունեցած մեր իշխանությունն այժմ ավելի ընդարձակ է: Դեռ ավելի ենք մեծանալու: Բայց այսօր, դրանում վստահ եմ, մարդն արդեն իսկ չափահաս է դարձել»:
«Բայց շարունակում է տկար մնալ»:
«Ճիշտ է: Որովհետև մարդն Աստծո պատկերն է, բայց Աստված չէ: Սա հաճախ մոռանում ենք և արդյունքում մեր մտածումներն անտրամաբանական են լինում: Գոռոզանում ենք մեր ազատությամբ և այն պաշտպանում ենք համառությամբ: Պահանջում ենք, որ այն ամբողջական լինի, բայց երբ այն սխալ ենք գործածում, հայնժամ “աղոթում ենք” Աստծուն, որպեսզի Նա ուղղի մեր սխալներն ու դարմանի մեր վերքերը:
Իսկ քանի որ Նա չի միջամտում այնպես, ինչպես մենք կցանկանայինք, գայթակղվում ենք և կասկածում Իր սիրույն, կամ մինչև իսկ ... Իր գոյությանը»:
«Բայց միջամտո՞ւմ է, գոնե երբեմն»:
«Մարդկանց ձևով երբե՛ք, այսինքն՝ “վերցնելով իշխանությունը” մեր փոխարեն: Եթե այդպես վարվեր, մեզ հարգած չէր լինի: Մեզ չէր սիրի և – եթե կարող եմ նման կերպ արտահայտել միտքս – տառապում է, որ չի կարող այդպես վարվել: Կարծես Իր Սիրո բանտարկյալը լինի:
Բայց մեր մոտ է առաքում Իր Որդուն, մեզ հայտնելու համար այդ անսահման ՍԵՐԸ և այն ավելի մոտ դարձնելու համար մեզ՝ մարդկանցս:
Հիսուսը գալիս է ո՛չ որպես այն ամենակարող աստվածը, որին մենք հաճախ սպասում ենք, այլ՝ որպես ԱՍՏՎԱԾ-ՄԱՐԴ, մեր եղբայրը, որ հասկանում է մեր սխալները և որն ա՛յլ զորություն չունի, քան միայն՝ Սիրո ուժը, որ տրվում է և որ փրկում է:
Նա էլ մեզ միայնակ չի թողնում մեր տառապանքի մեջ: Մեր վշտերը կրում է Իր տառապանքի հետ միասին, և Իր ԿՅԱՆՔԸ մեր համար նվիրաբերելով՝ միաժամանակ մեզ վերադարձնում է մեր ազատագրված ԿՅԱՆՔԸ: ՆՈՐ ԿՅԱՆՔ և վերագտնված կյանք, հարություն առած, մեր սրտերում, որ այն ընդունում են:
Վերաստեղծված ենք, բայց միշտ՝ ազատ:
... Դու աստիճանաբար միայն կմտնես ՍԻՐՈ այս խորհրդի մեջ: Այն ժամանակ իսկապես կկարողանաս սիրել:
 
 
Հանգստացի՛ր: Ինձ չեն զարմացնում քո ընդվզումները: Դրանց փորձառությունը ես էլ եմ ունեցել: Ես էլ, որոշակի օրերի, ցանկացել եմ իմ բողոքն աղաղակել Աստծո ահավոր լռության դիմաց: Եվ նզովել եմ այս գեղեցիկ, բայց եղերական ազատությունը, որը շա՜տ հաճախ աշխարհը դարձնում է պատերազմի դաշտ, իսկ մեզ՝ տառապող էակներ: Բայց հասկացել եմ, որ եթե մենք, մի անհնարին ենթադրությամբ, կարողանայինք հրաժարվել այս ազատությունից, միաժամանակ հրաժարված կլինեինք նաև մարդ լինելուց և այլևս չէինք կարողանա սիրել:
Հայնժամ, լիակատար գիտակցությամբ ընդունեցի գեղեցիկ փաստը, որ կյանքը վտանգի ենթարկվելու հնարավորության տակ է ... , որ սերը վտանգի ենթարկվելու հնարավորության տակ է ... : Այդ փաստն ընդունեցի իմ համար ... , – Իմաստունը մի պահ վարանեց, ապա հավելեց – , ... և ուրիշների ... :
Մի օր կբացատրեմ քեզ»:
 
 
Երկար ժամանակ ամփոփվեց: Ապա, առանց տեղը փոխելու, առաջին անգամ լինելով՝ իմ ներկայության բարձրաձայն աղոթեց.
 
«Կարող էիր, ո՜վ Տեր, անտառում մեզ ծառ ստեղծել, կամ գառնուկ՝ դաշտում.
Կարող էիր մեզ Պատմության թատերաբեմում ցատկռտող խամաճիկներ ստեղծել,
և Դու Ինքդ քաշելով թելերը մեր հլու անդամների,
անսխալ կներկայացնեինք մարդկային կատակերգությունը:
Բայց մենք Մարդ ենք, ինքնիշխան և ազատ,
 
Շնորհակալություն, ո՜վ Տեր,
 
Որ չուզեցիր մեզ որպես շքեղ խաղալիքներ ստեղծել երկնաբնակներին զվարճացնելու համար,
Այլ որպես որդիներ՝ Քեզ սիրելու,
և որպես եղբայրներ՝ միմյանց սիրելու համար:
 
Կարող էիր, ո՜վ Տեր, մեզ գեղեցիկ ու պատրաստ աշխարհ նվիրել, ուր փնտրելու ոչինչ չէր լինի և ոչինչ չէր լինի գտնելու,
կատարյալ քաղաքներ և սանձված գետերի վրա գցված կամուրջներ,
կառուցված բնակարաններ և հարթված լեռների վրայով անցնող ճանապարհներ,
դրախտային գործարաններ հլու աշխատավորների համար,
կիրարկելիք ծրագրեր, որոնցում բացառվում է սխալի հնարավորությունը:
Բայց մենք Մարդ ենք, ինքնիշխան, ազատ
և Աշխարհը կերտող,
 
Շնորհակալություն, ո՜վ Տեր,
 
Որ չուզեցիր մեզ որպես երկնքից հասնող հրահանգների անհոգի գործադրողներ ստեղծել,
այլ՝ տիեզերքի նկատմամբ պատասխանատուներ,
ազատ ստեղծագործողներ՝ Քո հայրական հայացքի ներքո:
 
Կարող էիր, ո՜վ Տեր, ծրագրել մեր ամուսնությունները և կառուցել մեր օջախները,
մեզ արդեն մեծացած զավակներ պարգևել և թոռնիկներ, սահմանված թվով:
Կարող էիր հաշվով սահմանել մեր համբյուրների քանակը և կարգավորել մեր գրկախառնումները,
առաջնորդել մեր ձեռքերը դեպի ձեռքերը մեր եղբայրների
և այդպիսով ծաղկեցնել, ինչպես մի երազային երկրի վրա,
հավերժ անբաժան զույգեր, հարկադրված ընկերություններ,
պարտադրված խաղաղություն:
Բայց մենք Մարդ ենք, ինքնիշխան, ազատ
և Մարդկության նկատմամբ պատասխանատու,
 
Շնորհակալություն, ո՜վ Տեր,
 
Որ չուզեցիր մեզ որպես մարմնեղեն տիկնիկներ ստեղծել, որոնք կենթարկվեին Քո հմուտ մատներին,
այլ՝ սիրված զավակներ, հարուստ՝ որպես պարգև ստացած կյանքով,
որոնք ընտրում են սիրել
և կամ ... հրաժարվում են սիրուց:
 
Իսկ երբ մենք՝ մեր Հորը մոռացած սոսկալի զավակներս ամեն բան ավերեցինք այս դյուրաբեկ աշխարհում,
մեր օգտին բռնագրավելով այն, ինչը եղբայրների համար էր,
վիճելով իշխանության համար, փոխադարձաբար շահագործելով միմյանց, կռվելով ու սպանելով,
Դու կարող էիր, ո՜վ Տեր, մեզնից հուսահատվելով հեռացնել մեզնից Քո վստահությունն ու Քո խելակորույս սերը,
և ետ վերցնելով մեզնից իշխանությունը, որ տվել էիր մեզ,
վերստեղծել, Դու՝ մեր փոխարեն, մի դրախտ այս երկրի վրա,
բայց մենք՝ Մարդիկս այլևս չէինք լինի ազատ ու ինքնիշխան:
 
Հայնժամ, ո՜վ Տեր, որպեսզի փրկեիր մեզ առանց ոտնակոխ անելու մեր ազատությունը,
Դու առաքեցիր Քո Որդուն, որպես մեր նման մարդ, ինքնիշխան և ազատ.
և Դու, Հիսուս, կարող էիր քարերը հացի վերածել[2] և Քո ձեռքերով կերակրել քաղցած մարդկանց,
Դու կարող էիր մարդկությանը հրապուրել Քո ամենակարողությամբ, որն ի վերջո բացահայտած կլինեիր մեր աչքերի առաջ,
և մենք Քեզ “այո” կասեինք, առանց կարողանալու ասել “ոչ”,
բայց մենք այլևս Մարդ չէինք լինի, ինքնիշխան և ազատ:
 
Դու կարող էիր լինել, մե՛ր համար, հաղթական Աստվածը, որ փախուստի կմատներ մեր թշնամիներին,
և մենք կստանայինք խաղաղությունն առանց այն վաստակած լինելու.
Դու կարող էիր, ապա, առանց խոչընդոտների հասնել երկինք, Քո Հոր մոտ,
Խաչի Ճանապարհից տարբեր մի ճանապարհով,
Իսկ մենք կմնայինք, մարդիկ ինքնիշխան, բայց միայնակ, և մեր ձեռքերում կունենայինք մեր մեղքերը, մեր տառապանքները, սիրո այդ թափոնները, որոնք առաջանում են, երբ սերը ձախողվում է:
 
Բայց Դու գամվեցիր մեռած ծառին,
միանալով մեր մեղքերին ու մեր տառապանքներին, միանալով այդ ծառին,
Եվ ծառը վերստին ծաղկեց նոր ԿՅԱՆՔՈՎ,
և իր պտուղը ՍԵՐՆ է, որ փրկում է ու ազատ դարձնում:
 
Տեր իմ, սիրում եմ Քեզ, որովհետև Դու ինձ այնքա՜ն ես սիրում, որ կամենում ես, որ ես ազատ լինեմ,
և այս ազատության համար, վտանգելով Քո փառքը, մեր մոտ եկար որպես մարդ անզոր, բայց ամենակարող՝ Սիրով:
Ո՜վ Տեր, սիրում եմ Քեզ, որովհետև այս սարսափելի ազատությունը, որ մեզ բազում տառապանքներ է պատճառում,
միևնույն սքանչելի ազատությունն է, որ մեզ հնարավորություն է ընձեռում սիրելու:
 
Ուրեմն, երբ մեր օրերի խաչի ներքո կքված,
իսկ երբեմն էլ ընկնելով,
երբ լալով, աղաղակելով աշխարհի խաչի դիմաց,
իսկ երբեմն էլ ճչալով,
փորձությունը կունենանք Աստվածությանդ դեմ ըմբոստանալու,
փախչելու, կամ պարզապես նստելու,
մեզ ուժ տուր՝ դարձյալ ոտքի կանգնելու և շարունակելու մեր քայլքը,
առանց նզովելու Քո Աջը, որ դեպի մեզ ես պարզում, բայց չես կրում մեր խաչերը,
եթե մենք ինքներս չենք կրում դրանք,
ինչպես Դու կրեցիր Քոնը»:
[1] Հվհ 4, 14
[2] Մտթ 4, 1-11
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։