- 18 - – Գրադարան – Mashtoz.org

- 18 -

Վտանգավոր է լույսին մոտենալը: Ես այդ փորձառությունն ունեցել եմ. ցավալի է, բայց և անհրաժեշտ: Երբ տան սենյակներից մեկում տիրում է մթությունը, թաքցնում է սենյակի անմաքրությունները, իսկ երբ հայտնվում է լույսը, տեսանելի են դառնում նաև կահույքի վրայի փոշին ու կեղտոտ հատակը:
Չէի ուզենա, որ Իմաստունն այցելեր իմ «տուն», տեսներ այնտեղ տիրող խառնաշփոթ վիճակը: Եվ սակայն ... :
Սիրտս լիքն էր, խցանված: Այն ամենն, ինչ մտածել էի, երևակայել, երազել և ... արել, իմ բոլոր փնտրտուքները, փորձառությունները, սիրելու փորձերը – այն ամենը, որ ես այն ժամանակ, առնվազն, անվանում էի սեր – խառնաշփոթ կերպով լցված էին վիրավոր սրտիս հիշողության մեջ: Հիշողությունները տոկուն են, և ճիշտ է, կան նաև լուսավոր հիշողություններ, բայց ուրիշ շատերն էլ տխուր ու վատ հիշողություններ են: Նրանց կրում ենք մեզնում, բոլորն իրար գլխի կուտակված, տանիքներում ու նկուղներում նետված այն բոլոր հնացած ու ջարդված առարկաների նման, որոնք ժանգոտվում են ու փտում:
Այսօր որոշել էի, կամենում էի ձերբազատվել դրանցից: Բայց տեղից չէին շարժվում:
Կամենում էի խոսել դրանց մասին, ավելին՝ դրանց մասին խոսելու կարիք էի զգում: Մտածում էի, որ եթե կարողանայի խոսել դրանց մասին, գեթ մասամբ կազատվեի դրանցից: Բայց վախենում էի, որ Իմաստունն ինձնից մի տեսակ հուսախաբ կմնար: Ամաչում էի ցույց տալ ինձ այնպես, ինչպես որ էի ներսումս: Ի՞նչ կմտածեր իմ մասին: Իմ համար մեծապես կարևոր էր նրա ընկերությունը:
Նախատեսածիցս շատ ավելի հեշտ եղավ:
Նախևառաջ նրան պատմեցի այն բոլոր երազանքների ու խենթ ցանկությունների մասին, որոնք արդեն շատ ժամանակ է, ինչ վանդակում բանտված կենդանիների նման պտտվում ու պտտվում էին սրտիս ու մարմնիս մեջ:
Իմաստունն ինձ լսում էր մեծ ուշադրությամբ, հանդարտ ու անխռով:
Այդ հանգամանքն ինձ քաջություն ներշնչեց և ես նրան խոստովանեցի այն ամենն, ինչն այժմ արդեն անվանում եմ իմ սխալները, իմ մեղքերը, այն ամբողջ սերը, որ վատնել էի, կեղտոտել, և որն ինձ խոցել էր, ինչպես որ վստահ եմ, որ խոցել էր ուրիշ շատերին ևս: Ինձ վատ էի զգում: Ինձ այնպես էր թվում, թե թաղված այդ հիշողությունները դուրս հանելով ես նկատում էի, որ է՛լ ավելի տխուր էին, քան ժամանակին ես կարծել էի:
 
Գնալով ավելի դանդաղորեն էի արտահայտում մտքերս:
Մերթ ընդ մերթ, երկչոտ վեր էի բարձրացնում գլուխս, որը խոսելիս խոնարհած էի պահում, կանգ էի առնում և փորձում էի պարսավանքի կամ դատապարտության նշաններ կարդալ Իմաստունի դեմքին: Ապարդյուն: Նա հանդարտ էր մնում: Սիրալիր: Մինչև իսկ ջերմագին: Ուստի համարձակվեցի նրա աչքերի մեջ նայել, և նրա հայացքն ինձ վստահություն ներշնչեց:
Հասկացա, որ ինձ սիրում էր ճիշտ առաջվա նման:
 
«Որքա՜ն ես տառապել», շշնջաց վերջում:
«Երանի՜ թե Ձեզ այն ժամանակ արդեն ծանոթ լինեի», հառաչեցի իմ հերթին:
«Քաջալերվի՛ր, սիրելիս: Անշուշտ, նրանք՝ ովքեր գիտեն, թե ի՛նչ է սերը, որովհետև նրանց դա ուսուցանել են, և հատկապես՝ որովհետև տեսել են, թե սերն ինչպե՛ս է ծաղկում իրենց շուրջը, հաճախ չեն կարողանում արժևորել իրենց վիճակված բախտավորությունը՝ խուսափելու սխալներից ու խոցվելու վտանգներից, անշուշտ եթե հավատարիմ են մնում այդ նույն սիրույն: Բայց մի՞թե կարծում ես, որ ծառը, երբ իր բազմաթիվ արմատները մխրճում է հողի մեջ, դրանք միանգամից ուղիղ խրում է սևահողի մեջ, որով սնվում է: Շատ անգամներ, արմատները մոլորվում են անբարեբեր հողերում: Հանդիպում են քարերի, որոնք նրանց դաժանորեն վիրավորում են: Խարխափում են մթության մեջ, և երբեմն երկար ճանապարհ են անցնում, մինչև որ գտնում են իրենց իրական սնունդը: Բայց եթե հավատարմորեն հարատևում են, իրենց ծառը մի օր ծաղկում է և տալիս իր պտուղները:
Այսպես է նաև մարդու համար: Մթության մեջ է նա արմատներ նետում, և ես վախենում եմ այն պատանու համար, որը երբեք առիթ չի ունեցել պայքարելու: Քամու առաջին իսկ հարվածից իր ծառը կարող է տապալվել: Իսկ ով պայքարում է հավատարմորեն, փնտրելու համար կյանքը, այն անկասկած կգտնի: Արդարև, Կյանքը նրան ընդառաջ է գալիս Սիրո թևերի վրայով, իսկ Սերն “ԻՆՉ-ՈՐ-ՄԵԿՆ” է, որ միշտ մեր կողքին է»:
 
Ընդհանուր առմամբ հանդարտ էի, խաղաղված, բայց ո՛չ ամբողջովին անամպ: Պնդում էի.
«Բայց բոլոր ձախողումներս ու սխալներս», ասում էի, «մնում են իմ մեջ: Կրում եմ դրանց ծանրությունը և դրանք քարշ եմ տալիս իմ ետևից: Դանդաղեցնում են ընթացքս և, վատնածս կյանքի բզկտված ծվենները լինելով, դրանք փտում ու նեխում են սրտիս խորքում:
Հաճախ ճիգ եմ գործադրում մոռանալու այդ ամենը: Բայց ինչպե՞ս կարող եմ չտեսնելու տալ այն չարիքը, որ արել եմ ինքս ինձ և որ արել եմ ուրիշներին: Արդյոք կարո՞ղ եմ նորոգել իմ սիրտն ու վնասված սրտերը, իմ մարմինն ու մարմինները, որոնք հաճախ եմ խոցել»:
«Խոսքը մոռանալու մասին չէ, երբե՛ք: Ընդհակառակն, կարևոր է չմոռանալ դրանք», բացականչեց Իմաստունը:
«Իսկ ի՞նչ կարող եմ անել»:
«Տա՛լ ամեն ինչ, նվիրաբերել»:
«Ինչպե՞ս»:
«Նախևառաջ ընդունելով և գիտակցելով, որ անցյալից ոչինչ չպետք է “թաղես”, այլ ընդհակառակն՝ ամեն բան դուրս հանես հողի ու փոշու տակից, դրան դեմ առ դեմ նայելու համար: Կյանքը, որը կարծում ես, թե ջախջախված է և լռության մատնված, շարունակվում է քո մեջ: Եթե անգիտանաս նրան, մի օր վրեժ կլուծի քեզնից:
Մի՛ վախեցիր, սիրելիս, վերապրելու այն դեպքերն ու պատահարները, որոնք իրենց հետքն են թողել քո վրա: Մի՛ վախեցիր չարիք անվանելու այն, ինչն իրոք չարիք է: Մի՛ վախեցիր մերկացնելու վերքերդ և այն վերքերը, որ հասցրել ես քո եղբայրներին: Դու կարող ես նվիրաբերել միայն այն, ինչ կրում ես քո ձեռքերում»:
«Նվիրաբերե՞լ: Ո՞ւմ»:
«Նրան, ով եկել է կրելու մեր բեռը. Հիսուս Քրիստոսին»:
«Նրա ինչի՞ն են պետք դրանք: Ի՞նչ է անելու դրանք»:
«Այն, ինչին որ ծառայում է չոր փայտը: Սկզբում այն անպիտան թափթփուկ է կարծվում, բայց երբ այն գցում ես կրակի մեջ, վերածնվում է որպես լույս և ջերմություն նրանց համար, ովքեր տան ներսում են:
Հիսուս Քրիստոսին տուր սխալներդ ու տառապանքդ: Նրա Սերն այրում է ամեն բան և վերստին տալիս է Կյանքը»:
«Չափազանց հեշտ է ու պարզունակ»:
«Ո՛չ, շա՜տ ու շա՜տ դժվարին է ու բարդ, քանի որ դժվար է հավատալ, որ Սերն ավելի զորեղ է, քան մեր հանցանքներն ու մեղքերը:
Եվ սակայն, հենց այդտեղ է գտնվում մեր իրական ազատագրման գաղտնիքը»:
 
 
Ազատվել անցյալից: Անշուշտ, կամենում էի փորձել, բայց վաղը, կրկին, ինչպե՞ս էի հակազդելու: Վստահ էի, որ երեկվա քաղցս ու ծարավս վերածնվելու էին: Նույնքան ուժեղ, նույնքան անկարգ: Ինչպե՞ս կարող էի հագուրդ տալ դրանց: Կամ մի՞թե ես էի ստեղծել այս մարմինը, այս սիրտը: Մի՞թե ես էի իմ մեջ դրել այդ խենթ ու խելառ ցանկությունները, որոնք ինձ տանջում էին, մինչ ես ինձ անկարող էի զգում դրանց վրա տիրապետելու:
Ծածուկ կերպով – այս անգամ ևս – մի տեսակ զայրացած էի Իմաստունի դեմ: Նա «բացում էր» իմ աչքերը: Ես «տեսնում էի» իմ սխալները: Բայց այն խորհրդավոր ուժը, որ ծնվում էր ինձնից անդին, քաշում էր ինձ իր ետևից, բարձրացնում էր, ցնցում ու թափահարում գետի հորձանքում հայտնված ծղոտի շյուղի նման, և ես գիտակցում էի, որ վաղն ապրելու էի այնպես, ինչպես և երեկ:
Իմ համար ի՞նչ կարևորություն ուներ բացահայտել և տեսնել սիրո գեղեցկությունը, եթե չէի կարողանալու այն ապրել:
 
 
«Ինչո՞ւ է սիրելն այսքա՜ն դժվարին», բացականչեցի մի երկարատև լռությունից հետո:
«Որովհետև սիրել՝ նշանակում է միավորել», պատասխանեց, «իսկ աշխարհը մեր շուրջ բոլորը փշրվել ու բաժանվել է անթիվ ու անհամար կտորների: Վիթխարի մի խճանկար, որն հարկավոր է վերակազմել՝ վերակազմելու համար տիեզերքը: Բյուրավոր ցիր ու ցան եղած անդամներ, որոնք հարկավոր է վերամիավորել, որպեսզի մարդկությունը դառնա մի մեծ Ամբողջական Մարմին:
Սա մի դժվարին ու սքանչելի արկածախնդրություն է, ուր երկու ուժեր բախվում են. մեկը բաժանման ուժն է, եսապաշտությունն ու հպարտությունը, իսկ մյուսը միության ուժն է, սերը: Եսապաշտության արդյունքում իշխում է մահը, սիրո արդյունքում՝ կյանքը: Արդ, այս պայքարը ներկա է քեզնում, ինչպես որ ինձնում է և յուրաքանչյուր մարդու մեջ, և մեր կյանքի արժեքը չափվում է միության ուժով, որը մեզնից յուրաքանչյուրը ներարկում է աշխարհի մեջ:
 
Ո՜վ մասնատված աշխարհ, անկատար աշխարհ,
սաղմնային վիճակում գտնվող աշխարհ, որ կարող ենք կերտել կամ կործանել,
մարդուն ընծայված աշխարհ, որպեսզի մարդն այն ամբողջացնի.
Ահա՛, կանգնած ես մեր առաջ,
ստեղծմանդ օրից ևեթ նշանված,
որպեսզի մարդն առաջնորդի քեզ հասնելու հավիտենական հարսանիքին:
 
Հարկավոր է, որ գետը ներթափանցի ընդարձակ, հյուրընկալ, կույս հողի մեջ, որպեսզի այն արգասավոր դառնա:
Հարկավոր է, որ մարդու քրտինքով սնված ակոսն ընդունի սերմը, որպեսզի ծնվի ցորենը:
Հարկավոր է, որ քամուց շոյված կանաչ հասկը միանա արևին, որպեսզի հասունանա հունձքը:
Հարկավոր է, որ թթխմորի ազդեցությամբ փքված ալյուրը միանա կրակի ջերմությանը, որպեսզի եփվի հացը:
Հարկավոր է, որ մարդու մարմինն ու սիրտը միանան, որպեսզի մարդը կարողանա ոտքի կանգնած մնալ:
Հարկավոր է, որ մարդու հոգին միանա նյութին, որպեսզի նյութական ամեն ինչ ծառայի կյանքին:
Հարկավոր է, որ մարդու շնորհիվ քարն ու փայտը միանան միմյանց, որպեսզի տուն կառուցվի,
և, կրկին մարդու միջոցով, ավազն ու կրակն իրար հանդիպեն, որպեսզի կամուրջը միմյանց միացնի բաժանված ափերը:
 
Հարկավոր է, որ մարդկանցից մեկն իր ձեռքը երկարի մյուսին, որպեսզի ապրի եղբայրությունը և ծաղկի ընկերությունը:
Հարկավոր է, որ արդարության համար մղված պայքարը մարդու շնորհիվ բացվի սիրո առաջ, որպեսզի ծլարձակի ազատությունը:
Հարկավոր է, որ այրն ամուսնանա կնոջ հետ, որպեսզի ծնվի Բերկրանքը և Բերկրանքի զավակը:
Ի վերջո հարկավոր էր, որ Աստված եռանձն լիներ, և որ երեքը միասին ՄԵԿ լինեին, որպեսզի Սերն ապրեր Ամենասուրբ Երրորդության մեջ:
Հարկավոր էր, որ Աստված ՄԱՐԴ դառնար, որպեսզի մարդն Աստված դառնար՝ դառնալով որդի:
Իսկ այժմ հարկավոր է, որ մարդիկ, ազատորեն, Հոգուց բեղմնավորված հավաքվեն Եկեղեցում, դառնալու համար միայն մեկ Մարմին, որի ներսում շրջանառության մեջ է ԿՅԱՆՔԸ:
 
Այսպիսով, բոլորը վերամիավորված, – տիեզերքը, մարդիկ և Աստված – , սիրո մեջ միավորված,
մենք կկազմենք ԵՐԿԻՆՔԸ, և դա՝ ի հավիտյան:
 
Ո՜վ մասնատված աշխարհ, անկատար աշխարհ,
սաղմնային վիճակում գտնվող աշխարհ, որ կարող ենք կերտել կամ կործանել.
Հակառակ քո ցիրուցան եղած անդամների խռովքին,
Հակառակ բաժանումներին, պայքարներին ու անկումներին,
դու ընթանում ես, անդիմադրելի կերպով, դեպի Միությունը, որի համար ես ստեղծվել,
որովհետև Պատմության Մեծ Երեկոյան, այս մասնատված Աշխարհի վիթխարի խաչին գամված Հիսուսը
Իր Սրտի սրտում քեզ վերաստեղծել է ՆՈՐ,
Եվ ես, այս անծայրածիր տեսարանում փոքր ու տկար,
Անհրաժեշտ անդամ եմ այս Մեծ Մարմնին, որ ծնվում է,
և նվիրվում եմ՝ կյանքի կոչելու Սերը, Աշխարհի հետ, որ սպասում է»:
 
 
Իմաստունը լռեց:
Լռությամբ էր հագեցնում իր ծարավը, ինչպես ճառախոսն է թարմացնում իր կոկորդը ջրի մի երկար ումպով, երբ շուրթերն այրվում են բառերի տաքությունից:
Ես ոտքի կանգնեցի և դուրս ելա առանց ինչ որ մի բան ասելու: Խոսելու ընդունակ չէի, երբ չգիտեի, թե ինչ ասեի:
Իմաստունն արդեն վարժվել էր իմ անակնկալ մեկնումներին: Ժպտում էր, և իր ժպիտը – ես դա գիտեի – ինձ ասում էր. «Շուտով կհանդիպենք»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։