- 19 - – Գրադարան – Mashtoz.org

- 19 -

Այդ գիշեր շատ չարչարվեցի, մինչև որ կարողացա քնել: Հիշողությունները, որոնք ներսումս շարժել էի իրենց քարացած վիճակից, շարունակ վերադառնում էին ու մտքիս առաջ հայտնվում, կարծես մի նոր կյանք առած լինեին: Մի պահ զղջացի, որ դրանք դուրս էի հանել գերեզմաններից: Մի քանիսն այնքան խորն էին թաղված, որ կարծում էի, թե բոլորովին մեռած էին: Ինչի՞ համար պիտի ազատ արձակեի այդ բանտարկված դևերին:
Վշտիս հետ շաղախված, ծնվում էին զայրույթի պոռթկումները: Զայրացած էի ծնողներիս դեմ, այն ամենի համար, որ ինձ ասել էին սիրո մասին, բայց շատ ավելի զայրացած էի այն ամենի համար, որ չէին ասել: Զայրացած էի իմ մի քանի դաստիարակների դեմ, ընկերներիցս ոմանց դեմ, և ափսոսում էի կատարածս տենդագին, բայց ապարդյուն փնտրտուքների համար: Զայրացած էի ինքս իմ դեմ, որ մինչև վերջերս հպարտանում էի իմ բազմաթիվ «հաղթանակներով»: Այժմ դրանք ինձ երևում էին որպես նույնքան պարտություններ:
 
 
Մի տեսակ բարի նախանձով նախանձում էի ճշմարիտ հավատացյալներին, որոնք կարողանում էին հաշտվել իրենք իրենց հետ, իրենց եղբայրների և Աստծո հետ: Բայց, ակնհայտորեն, ես դեռ այդ մակարդակին չէի հասել: Գնալ և իմ խեղճությունները ներկայացնել մի քահանայի, դա ինձ անհնարին էր թվում: Ես այդ ամենը պատմել էի Իմաստունին: Ինչո՞ւ նա ինքը չէր կարող տալ ինձ իր Աստծո ներումն ու խաղաղությունը:
Ամեն դեպքում, ես պետք է ձերբազատվեի դրանցից, պետք է ազատագրվեի: Հասկացել էի, որ այն ամենն, ինչ փակված էր իմ ներսում, ապրում էր և անհագ մակաբույծի նման կրծում էր կյանքս, առանց իմ կողմից նկատվելու: Արդյոք սա չէ՞ր պատճառը, որ հաճախ ինձ ուժասպառ զգալով՝ ի զորու չէի լինում պայքարելու:
Իմաստունի խորհուրդին հետևելով՝ աղոթեցի:
Ասացի Աստծուն.
 
«Տե՜ր, Քեզ եմ տալիս իմ անցյալը, քանի որ, ինչպես որ հասկացա, Դու դա ես կամենում: Այն Քեզ կտամ, մինչև որ հիշողությունները կփտեն էությանս զնդաններում:
Ճի՞շտ է, որ բարու նպատակներին ես ծառայեցնում ամեն տեսակի աղբն ու թափոնները, նաև նրանք, որ մեղքեր են կոչվում:
Քո համար, ասում են, ոչինչ կորած չէ. բավական է, որ այն Քեզ ընծայվի,
Եվ Դու վերստին կյանք ես պարգևում այն ամենին, որ մեռած էր:
Ուրեմն բացիր իմ սիրտն ու իմ երկու փակ ձեռքերը – թեև կեղտոտ են – և վերցրու ամենը:
Ես Քեզ տալիս եմ նաև այն, ինչը որ չեմ ուզում տալ ... »:
 
Կրկնում էի այս աղոթքը, սրանց նման և սրանցից տարբեր բազմաթիվ ա՛յլ խոսքերով զգեստավորելով այն, բայց ավա՜ղ, ևս մեկ անգամ, աղոթքս ցավալիորեն բախվում էր Աստծո լռությանը:
 
Երբ ունկնդրում էի Իմաստունի խոսքերը, հիանում էի նրա կողմից արտահայտված մտքերով և չէի կարողանում չհավատալ նրա խոսքերին:
Երբ ունկնդրում էի սրտիս, և է՛լ ավելի՝ մարմնիս ձայնը, լուռ ու մունջ հպատակությամբ հավանություն էի տալիս նրանց պահանջներին:
Նրանք տարբեր լեզուներով էին խոսում: Նրանցից ո՞վ էր իրավացի:
«Երկուսն էլ», պատասխանեց Իմաստունը, երբ հարցս նրան ուղղեցի:
Չէի հասկանում, և Իմաստունը դա նկատեց:
«Կբացատրեմ քեզ», ասաց: «Հարկավոր է, որ դու հասկանաս ... »:
Եվ շարունակեց.
 
«Բազում կյանքեր չկան, այլ միայն մեկ կյանք, իսկ այդ կյանքի սրտում՝ միայն մեկ Ուժ: Միավորող Ուժ, “Աստծո Հոգին, որն ի սկզբանե շրջում էր ջրերի վրայ”[1]:
Մի քանի միլիարդ տարի առաջ, այդ սքանչելագործ Ուժը խորհրդավոր, բայց խելացի կերպով մղում էր օրգանական նյութի ցրված տարրերին իրար փնտրելու, կազմակերպվելու, միանալու, որպեսզի ի վերջո ԱՊՐԵՐ առաջին բջիջը:
Միևնույն Ուժն է, որ այսօր շարժվում, երգում ու աղաղակում է տիեզերքի մարմնում, որպեսզի վերջինս աճի ամեն օր:
Նա այնպես է անում, որ արմատը սիրի հողին:
Նա այնպես է անում, որ ցորենի հասկը սիրահարվի արևին, իսկ արևը՝ շոյի հասկին:
Թռչուններին առաջնորդում է կտրել անցնելու օվկիանոսների վրայով, հասնելու համար իրենց երկրին, ուր հյուսելու են իրենց բույնը:
Կենդանիների մեջ, արուին անդիմադրելի կերպով մղում է դեպի էգը:
 
Բազում կյանքեր չկան, այլ՝ միայն մեկ կյանք:
 
Մի քանի տասնյակ հազարավոր տարիներ առաջ, այդ նույն սքանչելագործ Ուժը ոտքի կանգնեցրեց կենդանուն, վեր բարձրացրեց նրա գլուխը,
բացեց նրա ձեռքերը, որպեսզի կարողանար իր ափերի մեջ վերցնել երկիրը և ձև տար, կաղապարեր այն:
Հրդեհեց նրա մարմինը մի ուրիշ մարմնի կանչով:
Կենդանացրեց նրա միտքն ու ուղեղը, որպեսզի կարողանար ճանաչել իր սեփական էությունը և ճանաչել իր եղբայրներին:
Իսկ մի օր, ի վերջո, ուժգին բաբախել տվեց նրա սիրտը ծագող լույսի դիմաց, մի ուրիշ հայացքի սահմանի վրա:
Եվ այսօր էլ դեռ միևնույն Ուժն է, որ ժամանակների խորքից, կտրել անցնելով տիեզերքն ու մարդկանց բազմությունը, պոռթկուն թափով բխում է քո մեջ, ստորգետնյա ջրերի հոսանքի նման, որն ուժգնորեն ցայտում է և խարխափելով փնտրում իր սեփական հունն ու իր սեփական ծովը:
Նրա ազդեցությամբ ծնունդ են առնում այն հազարավոր իղձերը, որոնք հաճախ տանջում են քեզ ու խռովք պատճառում, որովհետև այնքա՜ն զորեղ են և հեշտ չէ նրանց գոհացնել,
փափաքներ օդի, ջրի, արևի և փափաքներ բարեբեր հողի,
փափաքներ ապրելու և աճելու, և փափաքներ իմանալու, ճանաչելու,
փափաքներ ուրիշներին բացահայտելու, և մանավանդ՝ այն հրաշալի և էությունդ ալեկոծող փափաքները կանանց նկատմամբ,
քո սրտի փափաքը՝ դեպի նրա սիրտը,
քո մարմնի փափաքը՝ դեպի նրա մարմինը,
մինչ երկուսն էլ փնտրում են խոստացված միությունը:
 
Բազում կյանքեր չկան, այլ միայն մեկ կյանք, իսկ նրա ակունքը քո Աստծո Սերն է, որն անդադար ծնում է տիեզերքն ու մարդկությանը:
 
“Ես եմ ԿՅԱՆՔԸ”, ասում է Աստված, և ես հավատում եմ Աստծո խոսքին»:
 
Հանկարծ զգացի, որ ուղիղ կանգնած եմ այս կյանքի խաչմերուկին: Կյանքն իմը չէ, իմ մոտ հասնում է հեռվից: Կենդանացնում է ինձ, ինչպես որ կենդանացնում է կենդանի բոլոր էակներին, ի սկզբանե և այսօր: Ես միացած եմ նրանց, նրանց հետ միևնույն նավի մեջ եմ, միևնույն Ճամփորդության մեջ:
Բայց այդ սքանչելագործ Ուժը շարունակում էր վախեցնել ինձ: Ուժգին փչում էր իմ ճիշտ ուղղությամբ չպարզված առագաստների վրա, և ես, անվարժ նավավար լինելով, արդեն երկար ժամանակ է, ինչ բախվում էի ճամփորդությանս ընթացքում դիմացս խոյացող բոլոր ժայռերին:
Մտածում էի լուռ ու անձայն: Մինչ Իմաստունը, բարձրաձայն, շարունակում էր իր երկար խորհրդածությունը: Խոսելիս աստիճանաբար ավելի էր բորբոքվում, և որոշակի մի պահի, ուժգին ձայներանգով ինձ ասաց. «Գեղեցիկ է կյանքը: Կասես դա քո երեխաներին,
 
Դու նրանց կասես, որ գեղեցիկ է.
 
Դու կասես նախքան նրանց մեջ ցանկություն արթնանալը,
երբ կյանքը դեռ թեթև է հոսում նրանց հանդարտ երակներով.
Կասես, որ այս կյանքը, որ նրանց մեջ գալիս է հեռվից, մի օր ծնվեց իրենց հոր և իրենց մոր փափաքից, երբ սիրտն իր «այո»ն ասաց նրանց գրկախառնված մարմիններին:
 
Դու նրանց կասես, որ գեղեցիկ է.
 
Երբ, կուտակվող ավիշի ազդեցությամբ բացվող բողբոջների նման,
խռովված կհարցնեն, թե ի՛նչ են այդ կսկիծները,
երբ նրանց սրտերը, ակնթարթորեն չափազանց սառը, չափազանց միայնակ դարձած,
կփնտրեն մի ա՛յլ սիրտ, որը չլինի հոր կամ մոր սիրտ:
 
Դու նրանց կասես, որ գեղեցիկ է.
 
Երբ իրենց վշտահար մարմինները կսկսեն զգալ հոսող ու հեռացող կյանքի պատճառած վերքերը,
ու կհարցնեն, թե ո՞ւմ կամ ինչի՞ համար է այս կյանքը ծախսվում առանց որ մի նոր կյանք ծնի.
Եվ երբ, որպես տենչալի խուզարկուներ, այցելելով իրենց մարմինների կղզին և ջանալով քաղել հաճույքի բոլոր պտուղները,
նրանք կերևակայեն ուրիշ մարմիններ և կերազեն մերձեցումներ ու վազք դեպի գանձը.
 
Դու նրանց կասես, որ գեղեցիկ է.
 
Երբ մտքերը, երազներն ու գիշերները հանկարծակի կլուսավորվեն մի դեմքի լույսով,
և գաղտնի կերպով հմայված կլինեն մի մարմնի ուրվագծված տեսքով,
Երբ նրանց անմեղ մատներն ակնթարթորեն կդողան և կփորձեն ստուգել, թե արդյոք պատրանք է կամ իրականություն.
 
Դու նրանց կասես, որ գեղեցիկ է.
 
Երբ ցանկությունները մեկը մյուսի ետևից կարթնանան կրակի նման, որ վառվում է երկար գիշերից հետո,
Եվ նրանք խռովված, բայց բոցից հրապուրված կբացահայտեն, որ կենդանի պահված կրակից կարող է մի ամբողջ հրդեհ ծնվել.
 
Դու նրանց կասես, որ գեղեցիկ է.
 
... Իմաստունը դեպի ինձ կքվեց և բռնեց ձեռքիցս: Ձեռքս ուժեղ սեղմել էր իրեն, հայացքով զննելով ինձ: «Նրանց կասես այդ ամենը, այնպես չէ՞»: «Նրանց դա կասես», կրկնեց: «Բազմաթի՜վ ու բազմաթի՜վ երիտասարդներ չունեն ոչ ոք, որ իրենց ասի այդ ամենի մասին: Փնտրում են խարխափելով, վիրավորվում են, վիրավորում են ուրիշների, և սպանում են սերը, կարծելով, թե այն գտել են ... :
 
Դու նրանց կասես, որ գեղեցիկ է.
Որովհետև նրանց միջով հոսում է կյանքի գետը, որ ժամանակների խորքից անցում է փնտրում նրանց այսօրվա մարմնի միջով, որ դարձել է չափազանց փոքր.
Որովհետև Սիրո շունչն է, որ անսահմանությունից գալիս է բաբախել տալու նրանց սիրտը,
և մի ուրիշ սիրտ է փնտրում, միևնույն ռիթմով բաբախելու համար.
Որովհետև մի երիտասարդ է, – ո՜վ զմայլանք – , որ դառնում է ակունք, և ո՛չ միայն գետ,
մինչ մի մարդ է ծնվում, երբ անցյալի գիրկն է հեռանում երեխան.
Եվ հատկապես որովհետև նրանց մարմնի, նրանց սրտի խորհրդավոր քաղցը,
որ շա՜տ է մտահոգում նրանց՝ նրանց տառապանք պատճառելով,
Աստծո շշուկն է, որ նրանց մեղմիկ ասում է. «Քեզ իմ պատկերով եմ ստեղծել, ո՜վ դու իմ սրտի սիրեցյալ զավակ,
ուստի քեզնում մի՛ խեղդիր փափաքները, թեև քեզ վախեցնում են,
քանի որ այդպիսով խեղդած կլինես իմ ձայնը, որը դեպի քեզ է գալիս այդ կանչի խորքից:
Լսիր առանց ամաչելու: Ինչո՞ւ պիտի ամաչես:
Լսիր առանց դողալու: Ինչո՞ւ պիտի վախենաս:
Ես եմ, որ կանչում եմ քեզ, նաև փոթորիկի մեջ,
 
Քո հետ եմ, միևնույն նավի մեջ. այստեղ եմ քեզ օգնելու համար»:
 
 
Իմաստունը բաց էր թողել ձեռքս: Ուղղվել էր: Աստծո մասին խոսելիս փակել էր աչքերը: Բայց ես գիտեի, որ դա Աստծուն լավագույնս գտնելու համար էր: Գիտեի նաև, որ Իմաստունը փակ աչքերով նույնպես ՏԵՍՆՈՒՄ ԷՐ: Տեսնում էր այն, ինչը ես չէի տեսնում:
Մի՞թե սա չէ հայեցողությունը: Մի մարդ, որ բացահայտում է առարկաներից, մարդկանցից, դեպքերից ու իրադարձություններից անդին գտնվող իրականությունը, նման մի մարդու, որը հողի մեջ կկարողանար տեսնել արմատները, և ավիշը՝ արմատներում, և կենսահյութը՝ հողի խորքում, և վաղվա ծաղիկները, և այս կյանքի սրտում՝ խորհրդավոր սերը, որ կանչում է և հաղթական հունձք է կամենում:
Այո՛, Իմաստունը տեսնում էր անդին, մինչ ես կանգնած էի մնում մակերեսին: Չամբողջացած մարդ էի, սոսկ երեխա, կիսաբաց աչքերով, որ ճիգ ու ջանքով բացահայտում է աշխարհը, որն իրեն է սպասում:
 
Իմաստունը նորից շշնջաց, բայց այս անգամ խոսքն ինքն իրեն ուղղելով. «Որքա՜ն գեղեցիկ է»: Ապա շարունակեց միևնույն մեղմ ու հանդարտ ձայնով.
 
 
«Ա՜հ, այո՛: Որքա՜ն գեղեցիկ է երիտասարդը, որ կամաց կամաց բացվում է սիրո առաջ, և որ խարխափելով փնտրում է իր ճանապարհը գիշերվա մեջ:
Որքա՜ն գեղեցիկ են տղաների ու աղջիկների փորձերը, երբ զննում են միմյանց, մոտենում,
հպվում, փորձելով ճանաչել դիմացինին և դիմացինի մեջ ճանաչել իրենք իրենց, ի սկզբանե կանչված լինելով միությանը, արդեն իսկ սիրված զավակի համար:
Ինչո՞ւ տեսնել միայն սխալ քայլերը, վրիպումներն ու անկումները:
Ինչո՞ւ անլուրջ ժպտալ, ծիծաղել կամ խստորեն դատապարտել, մինչ հարկավոր է հմայվել, տոնել, շնորհակալ լինել, հետո ողջամիտ կերպով կողմնորոշել կարողանալու համար:
 
 
... Բայց ո՞վ եմ ես, Աստված իմ, որ կամենամ սիրո տաղերգուն լինել: Արդյոք չպե՞տք է լռեմ ... »:
 
 
Ապա Իմաստունը խոսքն ինձ ուղղեց. «Երբ վերջապես կհասկանաս, որ սիրո մեջ փայլում է Աստծո անսահման գեղեցկությունը, – քանի որ մարդու մեջ է նրա կենդանի հայելացումը – , այն ժամանակ կկարողանաս ասել քո զավակներին, որ սքանչելի է նրանց երիտասարդական փնտրտուքը,
և կկարողանաս – բայց ա՛յդ ժամանակ միայն – ,
չասել նրանց. “Սա արգելված է, դա արգելված է”,
այլ՝ կասես, որ կյանքի ու սիրո Ճամփորդությունն այնքա՜ն գեղեցիկ է, որ
հարկավոր է ոչինչ չփչացնել,
հարկավոր է ոչինչ չկեղտոտել,
և որ սիրելը շա՜տ դժվարին է, մի երկարատև ճակատամարտ է մարդկանց համար, որոնք պետք է հաղթեն»:

[1] Ծնդ 1, 2

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։