- 22 - – Գրադարան – Mashtoz.org

- 22 -

Ոչինչ էլ չէի մոռացել: «Մի աղջկա» սիրել սովորելը նշանակում էր սովորել սիրել իմ բոլոր եղբայրներին: Մեկ անգամ ևս, Իմաստունն ինձ ուղղել էր դեպի «ուրիշները», բայց ես մտածում էի միայն մի «ուրիշի» մասին: Փնտրում էի նրան: Սպասում: Վախենում էի, որ Հանդիպման պահը կհասունանար, բայց ես հանկարծ բաց կթողնեի ներկայացած առիթը: Քանի որ, մինչ սկսում էի հավատալ, որ հնարավոր է սեփական կյանքը սիրո զոդով ընդմիշտ միացնել մի աղջկա կյանքին, այժմ վստահ էի, որ խոսքը վերաբերվում է մի Ճամփորդության, որն իրոք սքանչելի է, բայց նաև այնքա՜ն դժվար:
Եվ սակայն, հանկարծ մտածեցի. արդյոք անմտություն չէ՞ այսօրվա մարդու համար երազելը, թե կարող է կառուցել մի աշխարհ, ուր կիշխեն արդարությունն ու խաղաղությունը, մինչ միշտ ավելի անկարող է թվում հիմնելու և կառուցելու իր ընտանեկան օջախը:
 
Այս միտքն ըմբռնելով՝ եռանդս վերականգնվեց, քանի որ ես ուզում էի գոյությունս վեհ նպատակի ու գաղափարականի ծառայեցնել: Եվ այդ անգամ հարցս Իմաստունին ուղղեցի անմիջական և ուղղակի կերպով.
«Բարեկամ, ինչպե՞ս կարող եմ նախապատրաստվել՝ սիրելու “մի” աղջկա»:
«Սիրելով քո եղբայրներին, քեզ արդեն ասել եմ դա, և ապա մտածելով “նրա” մասին և նրան արդեն իսկ սիրելով»:
«Ինչպե՞ս կարող եմ սիրել նրան, երբ նրան դեռ չեմ ճանաչում»:
«Մայրն իր զավակին չի ճանաչում, որին արդեն կրում է իրենում»:
Եվ շարունակեց. «Ինչը որ ճշմարիտ է զավակի համար, ճշմարիտ է նաև քո սիրո համար:
Իր հերթին նա էլ է պատրաստվում – հուսով եմ և մաղթում եմ, որ այդպես լինի, քո բարիքի համար – և ձեր այսօրվա կյանքն արդեն իսկ ձեր վաղվա կյանքն է: Մի՞թե կարծում ես, թե մի ակնթարթում կսիրես, երբ նրան կասես. “Ես քեզ սիրում եմ”: Նրա հանդեպ քո սերը ծնվում է ամեն օր: Աճում է ամեն օր:
Դու նրան նվիրելու ես քո այգու պտուղները. այգիդ, որն այսօրվանից իսկ պետք է սկսես մշակել:
Մտածի՛ր նրա մասին, սիրելիս: Ապրի՛ր նրա համար, բայց, կրկնում եմ, ապրելով եղբայրներիդ համար:
Մտածիր նաև քույրերիդ, այսինքն՝ կյանքիդ ճանապարհին հանդիպող աղջիկների մասին: Քայլիր ճանապարհդ նրանց հետ միասին: Հիասքանչ ճամփորդություն է դա, որ կատարում եք միասին: Այն այլևս երբեք չի կրկնվելու:
Կկարողանաք ճանաչել միմյանց, հարգել ու ընկերաբար սիրել միմյանց, և մեկդ մյուսիդ հետ կնախապատրաստվեք գալիք պատասխանատու և գեղեցիկ ճամփորդությանը: Բայց կարող եք նաև փոխադարձաբար ծանրորեն խոցել ու տկարացնել միմյանց, եթե անհոգ լինեք ու անհագ, փորձելով միասին սեր խաղալ նախքան սիրել իմանալը:
 
Գնա՛ նրանց մոտ ու ասա՛.
 
Իմ գորշ ճանապարհի գեղեցիկ աղջիկներ,
ասում եմ ձեզ. ձեր կարիքը մեծապես ունեմ,
որպեսզի ինձնում ծնվի, հիացմունքով հափշտակված,
մարդը, որին դուք փափաքում եք:
Իմ համար դուք կարող եք նախ մայրեր լինել, մինչ հարսնացուներ լինելը,
տալով ինձ կյանքը, որը ես ձեզ կվերադարձնեմ:
 
Իմ գորշ ճանապարհի գեղեցիկ աղջիկներ,
արդյոք գիտե՞ք, թե ինչպիսին են ձեր կարողությունները:
Դուք, որ – անմեղ կամ անբարո – անցնում եք իմ ամենօրյա ճանապարհներով,
նման գարնան բույրերին, իմ փակ պատուհանների տակ,
որպես արբեցնող մեղեդիներ, երջանկության պարի կրակոտ հրավերներ,
արևահամ մրգեր՝ իմ չորացած բերանի համար,
զովացնող աղբյուրներ՝ գիշերային տենդոտ պահերիս համար,
ծագող արևներ, նուրբ ճառագայթների շոյանքներ՝ սարսռացող սրտիս համար. ճկուն մարմիններ, ծփացող ալիքներով ջրեր. վարսերի փրփուր, ուր կուզենայի ագահորեն սուզվել:
 
Իմ գորշ ճանապարհի գեղեցիկ աղջիկներ,
դուք ինձ արթնացնում եք, հանկարծակի, վաղ առավոտյան, իմ ձմեռնային թմբիրից,
ինձ ստիպում եք դուրս գալ տնից, հանգստավետությանս փակ սենյակներից,
հարմարավետ սենյակներից,
դուք աճապարանքով ազատ եք արձակում իմ մանկական դեռ անփորձ մատներս,
բացում եք աչքերս, հայացքս հեռացնում եք ինձնից.
Եվ ինձ քաշում եք, դուստրեր Եվայի, անդիմադրելի խայծեր,
դեպի հեռավոր ու խորհրդավոր մի վայր, ուր, – ինձ ասում եք, – դուք ունեք չապականված մի գանձ ... :
 
Իմ գորշ ճանապարհի գեղեցիկ աղջիկներ,
ասացե՛ք ինձ.
ո՞րն է ձեր գաղտնիքը,
ո՞ւր եք ինձ տանելու,
ի՞նչ եք ինձ տալու:
 
Պոկելով ձեր մարգերի ծաղիկները, դուք դրանք կարող եք հեռվից դեպի ինձ պարզել, որպեսզի մղեք ինձ քայլելու, կամ հարկադրեք վազելու.
Դուք կարող եք ձգել ինձ դեպի հեռավոր արոտավայրերը, հեռու այն տնից, ուր ծնվել եմ, և իմ տարեց ծնողներիցս հեռու,
Քանի որ առանց կասկածի նշույլի գիտեք, դուք՝ հմուտ ու խորամիտ ընտելացնողներդ, որ ձեզ հետևելու համար կհաղթահարեի ամենաբարձր պատնեշներն անգամ,
Եվ առանց վախենալու, թե կարող եմ պատառոտվել դաշտերի փշալարերի վրա,
առանց ուշադրություն դարձնելու չափազանց մտահոգված մորս հառաչանքներին,
տրորելով իմ գեղեցիկ գաղափարների, վճիռների ու որոշումների հողերը,
Մեկիկ մեկիկ դեն նետելով տոնական հագուստներս, մաքուր և արդուկված,
կվազեմ,
կճախրեմ,
մերկ,
որպեսզի վերջապես բռնեմ ձեզ և պառկեցնեմ ցորենի կանաչ դաշտում,
փշրելով, մանրացնելով հատիկը, որ սպասում է հաց դառնալուն:
 
 
Իմ գորշ ճանապարհի գեղեցիկ աղջիկներ,
այս ի՜նչ արեցիք իմ հետ:
Եվ սակայն, դուք շատ լավ գիտեիք, որ իմ վայրի սրտում մոլախոտերն աճում են՝ խեղդելով օգտակար բույսերին,
քանի որ իմ ծածուկ այգում հաճախ, ավա՜ղ, ես վատ այգեպան եմ եղել:
Դուք գիտեիք, որ մոլորված ուխտավորիս չափազանց ծանր ուսապարկում օրեցօր կուտակվում էր չոր փայտը,
բայց քանի որ ցանկանում եք կրակարանի ջերմությունն ու բոցի լույսը մի պահ վառված,
մի խենթ կայծով կրակի ճարակ դարձրիք պատրանքներս ու հրդեհի մատնեցիք երազանքներս:
 
Իմ գորշ ճանապարհի գեղեցիկ աղջիկներ,
վառված խարույկից ի՞նչ մնաց:
Ածխացած մի քանի ճյուղեր, որոնք չեն պտղաբերի այլևս երբեք,
սև մոխրի համ՝ մեր արդեն սառած բերաններում:
Իսկ դուք ձեր թևերն այրեցիք, միայն մեկ ամառվա թիթեռնիկներ. թևեր, որոնք կարող էին ձեզ տանել սրընթաց, դեպի վսեմ բարձունքները,
մինչդեռ ինձնից միայն մեկ աղաղակ ստացաք, և ո՛չ թե՝ իմ երգն ամբողջությամբ:
 
 
Իմ գորշ ճանապարհի գեղեցիկ աղջիկներ,
ձե՛ր կարիքն ունեի.
ո՛չ թե ձեր հրամոլ պարգևների, իմ ամառային երեկոների վտանգավոր “բոցեր”,
այլ՝ ձեր անսահման քաղցրության, իմ ծանր օրերի առավոտյան բարեբեր ցողի նման:
Ձեր ջինջ աղբյուրի կարիքն ունեի՝ ջրելու համար իմ տնկին, այլ ո՛չ թե ձեր փոթորիկների՝ կոտրելու համար նրա ճյուղերը:
Ձեր լույսի կարիքն ունեի, որ ճառագայթում է ձեր աչքերից, ջնջելու համար ստվերները, որոնք ինձնից թաքցնում են ցերեկվա լույսը:
Կարիքն ունեի, խոստովանում եմ, որ ինձ “ո՛չ” ասեիք, նաև երբ իմ ամբողջ ուժով ձգտում էի ստանալու “այո”ն:
Կարիքն ունեի մի “ո՛չ”ի, որ չլիներ մի խեղճուկրակ, երկչոտ կամ մինչև իսկ սարսափահար “ո՛չ”, և ո՛չ էլ մի տեսակ զզվանքով կամ տրտմությամբ արտասանված “ո՛չ”,
այլ մի “ո՛չ” ժպտուն, զեփյուռի նման զովացնող, որն ինձնում կարթնացներ, հոգուս խորքում, գաղտնաբար, կամքը ...
– քանի որ դրսում, բացահայտ, չէի կարողանա խոստովանել դա, գոռոզությանս պատճառով –
... ինձնում կարթնացներ կամքը ձեզ հարգելու, գեղեցի՜կ աղջիկներ,
և փափաքը հավատալու, որ սերն այնքա՜ն գեղեցիկ ծաղիկ է, որ ափսոս է այն տրորել,
երբ լոկ հաճույքի համար փորձում ենք այն պոկել:
 
 
 
Ո՜վ Հիսուս, Աստված իմ, Դու, որ կարող ես շա՜տ սիրել,
այսօր Քեզ եմ հանձնում ու վստահում իմ գորշ ճանապարհի գեղեցիկ աղջիկներին:
Ընկերակցիր նրանց իրենց ճանապարհներում, իսկ երբ մեր ճանապարհները կխաչաձևվեն,
օգնիր նրանց տալու մեզ՝ տղաներիս, այն, ինչը որ միայն իրենք կարող են տալ մեզ.
փափաքը մեզնից դուրս գալու, փոխանակ ինքներս մեր մեջ թաղվելու,
փափաքը մեզ մոռանալու, փոխանակ միայն մեր մասին մտածելու,
փափաքը մեզ գերազանցելու, փոխանակ սոսկ երազելու,
փափաքը տալու, փոխանակ միշտ ու միայն վերցնել ջանալու:
 
Որովհետև դուք գեղեցիկ եք, մեր գորշ ճանապարհների աղջիկներ,
և կարող եք սովորեցնել մեզ սիրել»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։