- 23 - – Գրադարան – Mashtoz.org

- 23 -

«Իսկ “նրա՞” համար: Ինձ դեռ չասացիք, Բարեկամս, ինչպե՛ս մտածել “նրա” մասին և ինչպե՛ս աղոթել “նրա” համար»:
Իմաստունը չէր պատասխանում: Չէի հասկանում, թե ինչո՞ւ էր հարցս անպատասխան թողնում: Ինձ խոսում էր «ուրիշներ»ի մասին, հետո՝ իմ ճանապարհի աղջիկների մասին: Իսկ «նա՞»: Նա, ում սպասում էի: Չէ՞ որ ինձ ասել էր, որ արդեն իսկ հարկավոր էր մտածել «նրա» մասին:
 
Մտախոհ էր: Կարծես վարանում էր:
Հանկարծ ոտքի կանգնեց: Ես նրան հայացքով հետևում էի: Մոտեցավ մի մեծ պահարանի, որն հաճախ էի դիտել, քանի որ շատ գեղեցիկ էր: Ձեռագործ հրաշալի աշխատանք, որն ինձ հիշեցնում էր մի ժամանակվա վարպետների հմտությունը:
«Պապիկիս ծնողների պահարանն է», ասաց մի փոքր պարծանքով:
Բացեց այն: Մի քանի րոպե փնտրեց, ապա վերադարձավ՝ երկու ձեռքով զգուշորեն ու խնամքով փայտյա մի փոքրիկ տուփ բռնած, որը նույնպես պետք է որ բավական տարիք ունենար: Միջից թղթերի մի տրցակ հանեց և զգուշությամբ արձակեց թելը, որով այդ թղթերը կապված էին:
Մինչ փնտրում էր այդ թղթերի մեջ, ասաց. «Ես էլ եմ շատ ջանք գործադրել՝ բացահայտելու համար իմ ճանապարհը: Բազմաթիվ խոչընդոտների եմ բախվել, ճանապարհներում, որոնք ելք չունեին և ոչ մի տեղ չէին տանում ... »: Կրկին երկմտեց, ապա նախադասությունն ավարտեց գրեթե անլսելի ձայնով. « ... Ես էլ հաճախ խոցել եմ ուրիշների, խոցելով նաև ինքս ինձ: Սրա համար է, որ կարծում եմ, թե հասկանում եմ քեզ և շա՜տ կուզենայի օգտակար լինել քեզ»:
Ապա հառաչեց ու ավելացրեց. «Երբ վատ ենք սիրում, միմյանց փոխադարձաբար մեծ վնաս ենք հասցնում ու ցավ պատճառում ... »:
Մի պահ լռություն տիրեց: Կարճատև այդ ժամանակն ինձ բավական էր ուրախանալու համար, լսելով Իմաստունի այդ խոստովանությունը: Ո՛չ թե ուրախացա, որովհետև նա էլ էր տկար գտնվել, – և թերևս դեռ այդպիսին էր – , այլ՝ որովհետև ի վերջո պատասխան էի գտել մշտապես վերադարձող ու խոցող առարկություններիս, երբ լսելով, թե Իմաստունն ինչպես էր գեղեցիկ արտահայտություններով խոսում սիրո մասին, ինքս ինձ ասում էի. «Եթե իմանար, թե ի՛նչ է նշանակում փնտրել, ընկնել, չէր խոսի այնպես, ինչպես հիմա է խոսում», բայց չէի համարձակվում նույնն իրեն ասել:
Նա, ուրեմն, գիտեր: Եվ նրա խոսքերը հանկարծակիորեն մի արտասովոր արժեք էին ստանում: Հարուստ էին կյանքով:
Բարեկամս մեծ խնամքով փակել էր տուփը: Այժմ իր ձեռքում ծալված մի թուղթ էր բռնել: Բացեց այն: Ես սպասում էի, որ բարձրաձայն կկարդար գրությունը, մինչ հայացքն անձայն սահեցնում էր տողերի վրայով: Նա, մինչդեռ, հանկարծ ծալեց թուղթն ու այն դեպի ինձ պարզեց: Նկատեցի, որ հուզված էր:
«Դե՛, սիրելիս, վերցրո՛ւ»:
Վարանում էի: Մի ակնթարթում դարձել էի երկչոտ, քանի որ զգում էի, որ Իմաստունն այդպիսով իմ առաջ բացում էր իր ներաշխարհի դռները:
«Վերցրո՛ւ», կրկնեց: «Ես էլ եմ վախեցել բաց թողնել Հանդիպման առիթը: Եվ պայքարի երեկոներից մեկում էր, որ “նրա” համար գրել եմ այս տողերը, որպեսզի ինքս ինձ օգնեմ աղոթելու: Իմ խոսքերն են: Դրանք քեզ փոխ եմ տալիս: Դրանք քեզ նվիրում եմ: Բայց շուտով մոռացիր դրանք, որպեսզի փոխարինես դրանք քո սեփական խոսքերով: Նման այն բանին, որ կատարվում է երգչախմբում. ով ծանոթ է երգին, սկսում է առաջին տողը, որպեսզի մյուսներն, ավելի վարանոտ, կարողանան շարունակել երգեցողությունը»:
 
Ուշ էր արդեն, բայց հազիվ թե տուն վերադարձա, կարդացի.
 
«Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
դու շնչում ես ու ապրում,
ես չգիտեմ, թե որտե՛ղ,
ինձնից հեռու, կամ թերևս ինձ մոտիկ ... :
Դիմագծերիդ շնորհալիությունը ես չեմ ճանաչում,
ո՛չ էլ մատների ու թելերի մասին, որոնք հյուսել են քո կյանքը,
ես ոչինչ չեմ իմանա, մինչև չսովորեմ քեզնից
ոստայններն ու հանգույցները, որոնք ծնունդ են տվել կտավին:
 
Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
կուզենայի, որ այս երեկո դու մտածեիր իմ մասին, ինչպես ես եմ մտածում քո մասին,
ո՛չ թե ոսկեզօծ երազներում, պատկերներով, որոնք ես չեմ կարող լինել,
այլ՝ երկարաձիգ գիշերվա մեջ, որին քո անհամբեր սիրտն ընդունում է,
քանի որ ես էլ գոյություն ունեմ և ԻՐԱԿԱՆ եմ,
և դու չես կարող հորինել ինձ, առանց ինձ կերպարանափոխելու:
 
Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
ես քեզ սիրում եմ նաև առանց դեմքի:
Քո համար, իմ ամբողջ ուժով այժմ ուզում եմ հարստանալ,
որպեսզի հետո կարողանամ քեզ հարստացնել:
Եվ շարունակաբար կվարժվեմ տալու, վերցնելուց խուսափելով,
որովհետև երբ դու կհայտնվես, աչքերիս համար հմայիչ,
ես չեմ ուզում հափշտակել քեզ, վրա հասնող գողի նման,
այլ՝ ընդունել քեզ որպես պարգևված մի գանձ,
որովհետև գանձը կլինես ԴՈՒ, և կնվիրվես ինքնակամ:
 
Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
վաղն ինձ կներես, ...
երբ վստահությամբ գրկումս կամփոփվես,
երբ հայացքդ կնավարկի աչքերիս երկնքում,
մեկ առ մեկ այցելելով ամենահեռավոր ամպերն անգամ,
ինձ կներես, որ – ավա՜ղ – ճանաչում եմ սիրո վարմունքն ու արարքները.
դրանք քեզնից չէ, որ սովորել եմ,
բայց այսօր, քո՛ համար, շա՜տ կուզենայի դրանք սովորած չլինել,
որովհետև գիտեմ, թե որքա՜ն գեղեցիկ կլիներ,
որ մենք երկուսով փնտրեինք և միասին գտնեինք
ձայների ճիշտ և հարուստ միավորումը, որոնք կընկերակցեին մեր կյանքի երգերին,
ուրախության երգերին և վշտակրության երգերին:
 
Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
այս երեկոյան աղոթում եմ քո համար, որովհետև դու գոյություն ունես, և ես արդեն իսկ ուզում եմ քեզ հավատարիմ լինել,
որովհետև դու էլ ես տառապում, և թերևս իմ համար:
Ես ինձ նախապատրաստում եմ, դու նախապատրաստում ես քեզ, և վաղն իմ ամբողջ ուժով, մաղթում եմ սա մեզ,
ես կլինեմ քո արևը, իսկ դու կլինես իմ աղբյուրը,
ես քեզ կջերմացնեմ, իսկ դու կհագեցնես իմ ծարավը:
Կմիավորենք մեր մարմինները մի նոր կյանքի համար, և աշխարհին կտանք այն, ինչի կարիքն իսկապես ունի.
մեր սիրո կշիռը, որն առանց մեզ՝ կպակասի նրան:
 
Սակայն, իմ գեղեցիկ, բայց առայժմ անծանոթ սեր,
հարկավոր է տակավին սպասել,
և որքա՜ն ցավալի է գիշերային սպասումը սիրահարների, որոնք դիմագծեր չունեն:
Բայց ես գիտեմ, որ մեր երկու կյանքերն իրար են փնտրում և իրար կանչում,
և այժմ վստահ եմ, որ մեր գիշերային փափաքների սրտում
լույսի մեջ երգում է Աստծո փափաքը:
Մեր երկնավոր Հոր հայացքն ուղղված է մեր վրա, իմ սեր, և ի հավիտենից – ես հավատում եմ դրան – Նա սիրում է մեզ, մեղմիկ շշնջալով.
 
“Եթե կամենում են,
վաղը միասին ՄԵԿ կլինեն”:
 
Իր հայրական երազանքն է,
մեր որդիական որոշումը կլինի»:
 
 
Խորապես հուզված էի, և հասկանում էի Բարեկամիս զգացմունքները:
Աղոթքը շատ գեղեցիկ էր, բայց ես դեռ վարանում էի այն իմը դարձնել: Այդքա՜ն մտերի՞մ էի Իմաստունի հետ, որ ինձ թույլ տայի հագնել իր սրտի հագուստները: Իր մասին ոչինչ չգիտեի:
Արդյոք հանդիպե՞լ էր իր աղոթքի անծանոթուհուն: Ապրե՞լ էր սիրո մի գեղեցիկ պատմություն: Այս հարցերն ինքս ինձ ուղղելն անգամ անփափկանկատ էր թվում ինձ: Եվ ինչո՞ւ պետք է մտածեի այդ հարցերի շուրջ, երբ որոշել էի հարգել Իմաստունի խորհուրդը:
 
Կսպասեի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։