- 24 - – Գրադարան – Mashtoz.org

- 24 -

Այժմ – և սա արդեն իսկ մի հաղթանակ էր – ընկերներիս հետ համարձակությամբ էի խոսում փնտրտուքներիս ու հոգևոր ճանապարհորդությանս մասին: Շա՜տ թանկ էի վճարել այդ հաղթանակիս համար, քանի որ երբ միասին էինք, նախևառաջ և ամեն ինչից ավելի աշխատում էինք խենթորեն զվարճանալ:
Դա մեզ չէր հաջողվում, և միակ բանը, որ հնձում էինք, դա ձանձրույթն էր:
Իսկ երբեմն էլ, երբ մեծ վիճաբանությունների մեջ էինք նետվում, միշտ խոսում էինք ուրիշների մասին, հասարակության, աշխարհի անցուդարձի մասին, բայց հազվադեպ էինք քննարկում մեզ և մեր անձնական խնդիրներին վերաբերվող հարցերը:
Իրականում, խումբ լինելով հանդերձ՝ քայլում էինք առանձին ու միայնակ, պոռթկուն ծիծաղների ու խոսքերի աղմուկով արբենալով միայն:
 
Մի օր, մի քանի աղջիկների փորձեցի ասել այն, ինչ ակնկալում էի նրանցից, այն, ինչ նրանք կարող էին տալ ինձ, այն, ինչ կարող էին կործանել ինձնում: Խորհրդածել էի Բարեկամիս խոսքերի շուրջ, որոնք կատարյալ կերպով արտահայտում էին այն, ինչ ես ապրում էի ու զգում:
Հանդիպեցի բուռն հակազդեցության: Ընկերուհիներս ո՛չ միայն պաշտպանվեցին, այլ նաև հարձակվեցին վրաս, սուր քննադատություններով մտրակելով “տղաներ”ին: «Դուք», ասում էին, «մեր վրա եք բարդում աշխարհի բոլոր մեղքերը: Այդպես չափազանց հարմար է ձեր համար: Մինչդեռ ընդհակառակը, շատ հաճախ մենք ձեր զոհերն ենք: Ձեզ եք վերապահում բոլոր իրավունքները և մենք ստիպված ենք լինում շարունակաբար պաշտպանվել ձեզնից՝ գոռոզ տիրակալներիցդ, որ մեզ ուզում եք լոկ ձեր հաճույքի համար»:
Ես էլ իմ հերթին պաշտպանվեցի: Չստացվեց: Մենակ էի և չկարողացա արտահայտել մտքերիս բուն կորիզը: Այն դեռևս շա՜տ նոր էր իմ համար: Դեռևս չէի յուրացրել, ուստի ամոթի ինչ որ մի զգացում անշարժացնում էր խոսքերս:
Թերևս դա պատանեկական մի պարզ վիճաբանությո՞ւն էր, մի քիչ ուշացումով: Այդպիսին էր թերևս կերպերի մեջ, բայց ո՛չ՝ էության:
Նահանջեցի: Մտածում էի, որ այդ աղջիկներն իրավացի էին, երբ գանգատվում էին: Փորձառություններս ցավոք հաստատում էին նրանց կարծիքը:
Մի քիչ վրդովված ու շփոթված, այդ մասին խոսեցի Բարեկամիս հետ:
Ասաց.
 
«Սիրելիս, չենք կարող միաժամանակ արտահայտել մեր բոլոր մտքերը: Իրականությունը նման է բազմաթիվ երեսակներ ունեցող ադամանդին: Ի նկատի առնել դրանցից մեկը՝ չի նշանակում մոռանալ մյուսները:
Ընկերուհիներդ իրավացի են:
Ես քեզ ասել եմ, ճի՛շտ է, որ աղջիկները մեծ իշխանություն ունեն ձեր՝ տղաներիդ վրա: Բայց դուք էլ մեծ իշխանություն ունեք նրանց վրա: Ստեղծված եք մեկդ մյուսիդ համար, և երկու կողմերից յուրաքանչյուրն իր անձնականությունը կարող է կերտել մյուսի օգնությամբ:
Մարդկությունը կկաղա, եթե իր մասերից մեկը ետ քաշվի, և հասարակությունն էլ մի խախուտ կառույց կլինի, եթե այրն ու կինը չընդունվեն իրենց հավասար արժանապատվությամբ: Այրն ու կինը պետք է հանդիպեն միմյանց: Նրանք միմյանց լրացնող ու ամբողջացնող իրականություն են: Բայց ո՛չ մի կյանք չի կարող առողջ ծնվել, եթե նրանք հավասարապես հարգված չեն:
 
Երիտասարդներ, աշխարհը, որ մենք կառուցել ենք ձեր համար, շատ հաճախ վնասում է ձեզ: Մինչդեռ պետք է օգներ ձեզ: Ինչը որ դուք անելու եք – հուսով եմ – կծաղկեցնի ձեր զավակներին, բայց չի գտնի հավասարակշռություն, ո՛չ էլ՝ արգասավորություն, եթե դուք ինքներդ, ձեր միջև, չգտնեք հավասարակշռություն ու արգասավորություն:
Դրանք ադամանդի տարբեր երեսակներն են:
 
Այսօր, սիրելիս, քանի որ սիրտդ քեզ սրան է հրավիրում, ուշադրությամբ լսիր “քո գորշ ճանապարհի գեղեցիկ աղջիկներին”: Հեգնանքով լինի, թե քնքշանքով, շա՜տ բաներ ունեն քեզ ասելու, իսկ դու շա՜տ բաներ ունես նրանցից սովորելու»:
 
«Իսկ ի՞նչ են ինձ ասում»:
«Լսի՛ր նրանց:
 
Տղա, դու գիտես, որ սիրո անտառում, տանդ ետևում, դու հաճախ հմուտ որսագող ես,
և մեկից ավելի աղջիկներ են բռնվել բազուկներիդ ցանցում:
Բայց երբ շշմած ընկերներիդ առաջ հաղթական ցուցադրում ես որսիդ գեղեցիկ ձեռքբերումները,
իմացիր, որ դու ինձ “զզվանք” ես պատճառում, որովհետև ես վայրի որս չեմ քո քմահաճույքի համար,
և ինձ ստիպում ես հավատալ, որ շատ հաճախ դուք՝ տղաներդ
սոսկ տխուր որսորդներ եք, և ուրիշ ոչինչ:
 
Գիտեմ, որ դու ուժեղ ես, երբ ուզում ես տիրանալ նրան, ում ցանկանում ես,
առանց գոնե մի պահ մտածելու, որ վերցնելով նրան քո համար ...
նա, որ քեզ հետևում է շուրթերով ու սրտով,
դու նրան գողանում ես մի ուրիշից, ով կարող էր քո ընկերը լինել
և ով, առանց այդ աղջկան ճանաչելու անգամ, երազում է, որ նա իրեն սպասի,
ինչպես անուշաբույր վարդն իր թփի վրա, և ո՛չ թե՝ արդեն քաղված:
 
Դու գիտես, թե որքան փափուկ է իմ սրտի փայտը, մատղաշ ծառերի ճյուղերի նման, երբ նոր նոր բացվում է գարունը:
Բայց դու, պարզապես անիմաստ զվարճանալու համար, քո անունը փորագրում ես իմ անվան կողքին, փխրուն կեղևի վրա,
չհասկանալով, որ դանակն ավելի խորն է թափանցում, քան որքան դու կարծում ես,
և իզուր քամում է ավիշը վիրավոր սրտիս:
 
Տղա, բազմաթիվ անգամներ ստիպված եմ պաշտպանվել քեզնից,
իսկ երբեմն էլ՝ փակվել միջնաբերդում, իսկույն վեր բարձրացնելով իջեցված կամուրջները:
Որովհետև վախենում եմ վարմունքիցդ, իսկ է՛լ ավելի՝ խոսքերիցդ.
խոսքեր, որոնք մի երեկո կարող են հաղթահարել բոլոր խոչընդոտները
և քեզ հասցնել այնտեղ, ուր ես չէի ուզում քեզ հանդիպել:
 
Դու ինձ ասում ես, որ հարկավոր է նաև զվարճանալ, վայելել և գոհ լինել,
բայց սերը խաղ չէ, ես քո համար խաղալիք չեմ, ո՛չ էլ դու ես իմ համար խաղալիք:
Իսկ եթե հավատում եմ, այո՛, որ հաճույքն արգելված պտուղ չէ,
միաժամանակ նաև գիտեմ, որ պտուղը, քաղելուց առաջ, պետք է հասունանա,
և որ չպետք է այն գողանաս ուրիշի այգուց,
նույնիսկ եթե հանցակից ընկերդ գիշերով այնտեղ է առաջնորդում քեզ:
 
Դու ինձ ասում ես – ցավոք շատերն են այդպես ասում – , որ հարկավոր է ամեն ինչ փորձել,
որ սերն հարկավոր է սովորել և որ պետք է մարզվենք:
Բայց ճիշտ չէ, որ աղջիկները կոշիկներ են ոտքերիդ համար,
որոնք կարող ես մեկը մյուսի ետևից փորձել – ծիծաղելով – , մինչև որ կգտնես քեզ հաճելի ոճն ու հարմար համարը:
Իսկ մարմինս, տղա՜, դաշնամուրի սպիտակ ստեղնաշար չէ,
որի վրա կարող ես հմտանալ,
որպեսզի հետո ուրիշի հետ եղանակես կյանքիդ մեղեդին:
 
Դու ինձ ասում ես, որ գաղտնի սենյակներիս դռները քո առաջ բացելը
սիրո ամենամեծ ապացույցն է, որ կարող եմ քեզ տալ ...
– իրավացի ես, ընկերս –
ապա հանդիսավոր կերպով հայտարարում ես, թե սիրում ես ինձ,
ու երդվում ես, թե ճշմարտացի են խոսքերդ,
խնդրելով, որ սիրեմ քեզ, մինչ պահանջում ես բանալիները:
 
Բայց եթե դու իրոք սիրեիր ինձ, դեպի ինձ կմեկնեիր ձեռքդ,
խոհեմ ու ողջամիտ կերպով,
ձեռքդ, որն ինձ քնքշանքով գգվում է, փնտրելով իմ ձեռքը:
Եվ ես այն կպարզեի դեպի քեզ,
միասին կքայլեինք,
և մեր տրամադիր շուրթերն իրար հետ խոսքեր կփոխանակեին,
կխոսեինք քո, իմ, ուրիշների և այս վիթխարի աշխարհի մասին:
Հիացած, կայցելեինք մեր կյանքերի երկիրը,
և մեր երկու սրտերն համբերությամբ կմերկացնեինք իրենց բոլոր դիմակներից:
Եվ սա կանեինք շա՜տ առաջ, քան այն օրը, երբ – գուցե կհասնենք այդ օրվան – ճանաչելով մեզ և միմյանց ընդունելով այնպես, ինչպես որ իրականում կանք,
միասին կորոշենք միավորել մեր երկու կյանքերը:
Այդ ժամանակ, նախ Աստծո, իսկ հետո նաև մեր ընկերների առաջ այդ որոշումը հաստատելով ու վավերացնելով,
կկարողանանք ի վերջո մերկացնել նաև մեր մարմինները, որպեսզի երկուսս դառնանք միայն մեկ,
և կարողանանք տալ մեզ Բերկրանքը,
և կարողանանք տալ նրանց Որդին ... :
Որքա՜ն գեղեցիկ կլիներ: Այնպես չէ՞:
 
...
Բայց դու, տղա, ինձ ասում ես ... դու ինձ շատ բաներ ես ասում ...
և կորցնում ես մեր ժամանակը, որովհետև ուրիշներն այդ են ասում:
Տե՛ս, ավելի լավ կլիներ, որ պարզապես խոստովանեիր ինձ. “Քեզ շա՜տ եմ ուզում,
որովհետև սիրտս ծարավ է, քաղցած մարմնիս մեջ ... “:
Եվ ես կհասկանայի քեզ, տղա, քանի որ ... ես էլ հաճախ ցանկանում եմ, որ դու գաս,
և փոթորկահույզ կամ մառախլապատ որոշ երեկոներ, պաշտպանական պատվարներս կիսափակ,
հայացքով գաղտնագողի հետևում եմ քեզ, սպասում եմ քեզ,
և դու կկարողանայիր մտնել իմ տուն և մեղրի ավարն առնել,
մինչ ես սրտումս բավականաչափ սեր չէի գտնի,
որն ինձ ուժ տար քեզ մերժելու:
 
Դու, այնուամենայնիվ, գիտես իմ երազը, իմ գաղտնիքը, իմ պայքարները դժվարին:
Բնության մատները – պատահական չէ սա – մարմնումս կնքել են կյանքի դուռը,
և ես կուզենայի – դու գիտես, ուրիշները ժպտում են, բայց ո՛չ ես, ասում եմ քեզ –
որ ով առաջինն է անցնելու նրա սեմից ներս,
լինի սրտիս ընտրյալը, կյանքիս ընդմիշտ ընկերը, միակը, որ կհերկի ու կսերմանի իմ արտը:
Իսկ երբ մեր ամառային սիրո ճառագայթների ներքո կհասունանա մեր պտուղը՝ մեր որդին,
ու կկամենա պոկվել ծառից և հեռանալ բնից, որն մինչ այդ թաքնված էր շուքիս ներքո,
ես ուզում եմ, որ իբրև փոքրիկ արքայազն, իր աշխարհ գալու համար նա ունենա
Արքայավայել Ճանապարհ, որն արժանի լինի իրեն:
 
...
Ասա՛ ինձ, տղա, իմ ընկեր,
դու ինձ հասկանում ես, այնպես չէ՞ ... :
Բայց քանի որ ես որոշ աղջիկներից ավելի ուժեղ չեմ
– ես գիտեմ դա, գիտես նաև դու – ,
շա՜տ եմ զգում քո կարիքը.
երբ դու ինձ ասում ես, որ զգում ես իմ կարիքը,
ես ինքս էլ կարիքն ունեմ քեզ նայելու, քեզնով զմայլվելու, ապշած բացահայտելով քո ծածուկ հարստությունները.
բայց կարիքն ունեմ նաև, որ դու, որպես համբերատար խուզարկու, բացահայտես իմ հարստությունները,
քանի որ հաճախ վախենում եմ, թե “օժիտս” չափազանց աղքատիկ է
և չի կարող հարստացնել ինձ սիրող տղային:
 
Կարիքն ունեմ, որ դու ինձ խոսես մտածումներիդ, զգացումներիդ, ծրագրերիդ մասին,
որպեսզի ես էլ կարողանամ անվախ ներկայացնել քեզ իմ մտածումները, զգացումներն ու ծրագրերը,
քանի որ գիտեմ, որ միմյանցից գաղտնի մնացող հոգիները չեն կարողանա սիրել:
Կարիքն ունեմ բացահայտելու քո ուժը, հասկանալու համար, որ իմ քնքշանքը տկարություն չէ,
այլ՝ անհրաժեշտ ընկերուհի է, ընտելացնելու համար քո կոպտությունը:
Կարիքն ունեմ քեզ ուժեղ տեսնելու, և ընդունակ՝ քայլելու առանց օգնության,
որպեսզի միամիտ աղջիկներն հաճախ քեզ չծառայեն որպես ձեռնափայտ:
Կարիքն ունեմ տեսնելու քո հուզմունքի պահերը, որպեսզի հավատամ, որ սիրտդ բաբախում է,
ու երբ աչքերումդ հայտնվի արցունքի մի կաթիլ, որը չես կարողացել զսպել,
ուզում եմ, որ դու այն թողնես, որ փայլի, առանց ամաչելու, առանց կարծելու, թե ծիծաղելի ես,
քանի որ արցունքի այդ կաթիլն այր մարդու համար հազվագյուտ մարգարիտ է,
և չգիտեի, որ դրանցից ունես քո գանձարանում:
Կարիքն ունեմ տեսնելու, թե ինչպես ես պայքարում եղբայրներիդ համար, պաշտպանելու համար նրանց երջանկությունը,
որպեսզի համոզվեմ, որ վաղը կարողանալու ես պայքարել սիրույդ ու զավակներիդ համար:
Կարիքն ունեմ ... որ դու ինձ նայես, որովհետև քո հայացքի ներքո է միայն, որ անտարակույս համոզվում եմ, որ գոյություն ունեմ:
Կարիքն ունեմ, որ դու ինձ փնտրես ու որ երբեմն ընտրես իմ կողքին մնալ,
որպեսզի չկարծեմ, ավա՜ղ, թե ձանձրույթ պատճառող թշվառ աղջիկ եմ:
Կարիքն ունեմ, որ ինձ պարելու հրավիրես, որպեսզի իմանամ, որ մարմինս ճկուն է, եղեգի կանաչ ու կենսալի ցողունի նման,
և ո՛չ թե չոր փայտ, որից խուսափում են, կամ էլ՝ մերժում:
Կարիքն ունեմ – քեզ արդեն ասել եմ – ուրախությամբ զգալու ձեռքիդ ջերմությունն ու բազկիդ ծանրությունը ուսերիս վրա,
որպեսզի իմանամ, որ տղաների բազուկները լարված թակարդներ չեն, մեզ՝ աղջիկներիս ստոր կերպով որսալու համար:
 
Ի վերջո, տղաներ, կարիքն ունեմ
ձեր ընկերության,
ինչպես դուք կարիքն ունեք մեր ընկերության:
 
Բայց կարիքը չունեմ, ա՜հ ո՛չ,
որ մեկդ մյուսիդ ետևից ինձ ասեք. “Սիրում եմ քեզ”,
քանի որ եթե այդպես վարվեք,
երբ կգա իմ սերը, որին սպասում եմ,
և վերջապես ինձ մեղմորեն կասի. “Սիրում եմ քեզ”,
... իմ համար դժվար կլինի հավատալ, թե ՃՇՄԱՐՏԱՑԻ է»:
 
Իմաստունը լռեց, և ես մտածեցի, թե խոսքն ավարտել էր: Բայց երկարատև լռությունից հետո հավելեց. «Ընկերությունը, սիրուց հետո, երկնքի ամենամեծ ու ամենագեղեցիկ պարգևն է: Երջանիկ է նա, ով կարողանում է նրանով ապրել:
Տղաներ, դուք առաքված եք աղջիկներին, իսկ դուք՝ աղջիկներ, հավասարապես առաքված եք տղաներին, որպեսզի ընկերության միջոցով մեկդ մյուսիդ կարողանաք ինչ որ մի բան պատմել և ինչ որ մի բան հաղորդել Աստծո քնքշանքից ու գորովից:
Այդպես է, որ կսովորեք սիրել»:
 
 
 
Ոտքի կանգնեցի: Արդեն դուրս էի գալիս:
Ճիշտ այդ պահին էր, որ Մանուկը հայտնվեց: Ներս էր մտել անձայն, առանց աղմկելու, և թաքնվել էր Իմաստունի աթոռի ետևում: Ես նրան չէի նկատել: Խորամանկ հայացքով ինձ նայեց ու ձայն չհանելու նշան արեց:
Իմաստունը զգացել էր նրա ներկայությունը: Ժպտում էր, բայց չէր շարժվում:
Մանուկն արագ ցատկեց տեղից ու իր փոքրիկ ափերով փակեց Բարեկամիս աչքերը: Վերջինս մի պահ սպասեց, ձևացնելով, թե փորձում է կռահել, թե արդյոք ո՞վ էր այդ խորհրդավոր հարձակվողը, և հանկարծ բացականչեց, իբրև թե վերջապես գլխի էր ընկել. «Ախր իմ փոքրիկ, ոսկեծամ հրեշտակն է»:
Ոսկեծամ հրեշտակը – որի վարսերն իրականում ոսկեգույն լինելու հետ ոչ մի կապ չունեին – սրտանց ծիծաղեց: Ապա ոտքի մատների վրա բարձրանալով, գլուխն Իմաստունի ուսերին հենեց ու նրան պի՜նդ պի՜նդ գրկեց:
Հետո իսկույն դուրս եկավ, առանց մի խոսք ասելու, այնպես՝ ինչպես որ մտել էր:
Իմաստունը շարունակում էր ժպտալ, տեսանելիորեն երջանիկ դեմքով: Նայում էր ինձ և ուրախանում, տեսնելով, թե որքան զարմացած էի: Բայց ոչինչ չասաց: Ես էլ հարցեր չտվեցի:
 
Դրսում, հեռվից տեսա Մանկանը: Խաչմերուկի անկյունից մի ա՛յլ փողոց շրջվեց:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։