- 26 - – Գրադարան – Mashtoz.org

- 26 -

Ճիշտ է: Ո՞վ կարող է ապրել ու հասունանալ առանց սիրո: Ինչպիսի՞ աշխարհ կարելի է կառուցել սիրո բացակայությամբ: Դա բացահայտել էի Իմաստունի հետ առաջին հանդիպումներիս ժամանակ: Այժմ վերաբացահայտում էի դա:
Մարդիկ այսօր այլևս չեն կամենում ռիսկի ենթարկել իրենց կյանքը հանուն սիրո: Մի՞թե սրանում չի կայանում նրանց եղերական տկարությունը: Ոմանք պարզապես ընտրում են «փորձելու» տարբերակը ... և քանի դեռ փորձում են, ճանապարհին արյունաքամ են լինում, մասնատվում, ցրվում, և աշխարհն էլ իրենց հետ, որովհետև այդպիսով պակասում է այն էական ուժը, ո՛րը միայն կարող է կենսալի պահել իրենց:
Այսպիսի խորհրդածումների մեջ էի, երբ ստացա Իմաստունի հետևյալ բանաստեղծությունը.
 
 
«Սե՜ր,
քաղցածի սնունդ,
ծարավածի վճիտ ջուր,
ընդարմացած մադու արև,
կյանքի անհրաժեշտ ավիշ:
 
Սե՜ր,
այս դաժան աշխարհի աղքատ մանկիկ,
սեր, որին կասկածում են,
սեր, որին ենթարկում են փորձարկումների,
սեր, պայմանների բանտում գերի,
սեր, սահմանափակ ժամանակով միայն:
 
Ո՜վ ապերջանիկ աշխարհ, սիրով թերսնուցված,
աշխարհ, որ ամեն կողմից ճաքճքում ու կտոր կտոր է լինում անջրդի հողի նման,
աշխարհ եղբայրների, որոնք թշնամիներ են դառնում,
աշխարհ թշնամիների, որոնք շահագործում են իրար ու ոչնչացնում:
 
Ո՜վ ապերջանիկ մարդիկ,
մորթազերծված,
պատառոտված,
տակնուվրա եղած,
մարդիկ՝ սիրուց զրկված:
 
Մարդիկ,
որ գիշերվա գույնով ներկված իրենց օրերը գործածում են
փնտրելու,
ստուգելու,
կշռելու,
թե սիրված եղե՞լ են,
թե սիրվա՞ծ են,
թե սիրված կլինե՞ն:
 
Մարդիկ, որ սիրո փշրանքներ են մուրում,
որպեսզի գոյատևեն մինչև վաղը:
Մարդիկ, որ ջանում են լռեցնել իրենց ուղեղը, վայելել,
և գիշերն անցկացնում են հաճույքի գրկում,
մոռանալով, որ ուղեղներն անջատում են իրենց տագնապների վրա
և վրան են խփում իրենց վախերի հողում:
 
Ո՜վ Սեր,
ե՞րբ ես վերադարձվելու այս խենթ աշխարհին, որը կասկածի տակ է դնում քեզ
և քեզ չհավատալու պատճառով դանդաղորեն մեռնում է:
 
 
Աստված իմ, վերստին պարգևիր ինձ սիրելու ուժը,
որովհետև աշխարհը սպասում է և իմ կարիքն ունի:
Իսկ եթե դեռ չեմ կարողանում հավատալ ուրիշների սիրույն
և չեմ կարողանում բավականաչափ հավատալ Քո Հայրական Սիրույն,
գեթ տուր ինձ քաջությունը՝ կյանքս վտանգի ենթարկելու ուրիշների համար և “ուրիշի” համար,
որպեսզի իմ նման ուրիշներ
իմ նման չտառապեն»:
 
 
Ես էլ, իմ խենթ երազներից անդին, խանդավառություններիցս անդին, երբ լսում էի Իմաստունի խոսքերը, կասկածում էի իմ հանդեպ ուրիշների սիրույն և նրանց սիրելու իմ ունակությանը: Ամաչում եմ դրա համար, բայց խոստովանում եմ. դա էր իմ հոգին կրծող չարիքը:
Իրական սիրով երբևէ սիրվե՞լ էի, կամ արդյոք կսիրվեի՞ մի օր: Սիրվել այն աստիճան, որ մի աղջիկ ընդունակ լիներ տալու իր կյանքն իմ համար, իսկ ես՝ նրա:
Այսօր հստակ կերպով դնում էի այդ հարցն իմ առաջ, բացահայտելով, որ այդ հարցը վաղուց ներկա էր ինձնում և «հոգուս սրտխառնոցի» պատճառն էր: Այո՛, ես էլ նրանցից մեկն էի, ովքեր կասկածում էին, և այս դաժան հիվանդությունը կրծում էր հոգիս ու կործանում էր ինձ:
Նրա արմատները հեռավոր ժամանակների էին հասնում:
Որոշեցի ամեն բան պարզել:
 
 
Ծնողներս, արդեն ասել եմ, իրենց ձևով սիրում էին ինձ: Վա՛տ: Դրանում վստահ էի: Հաճախ, անորոշությանս պահերին, փորձի էի ենթարկել նրանց սերը և շատ շուտով նկատել էի, հատկապես երբ որոշակի չափով արդեն մեծացել էի, որ նրանք ինձնից գոհացումներ էին ակնկալում, իրե՛նց համար, ավելի՝ քան թե իրական երջանկություն էին մաղթում կամ փնտրում ի՛մ համար: Դեռ ավելին. երբեմն ձանձրացնում էի նրանց և նրանք ինձ դա հասկացնում էին առանց լեզուները կծելու: Այժմ կարծում եմ, որ նրանց խոսքերից ոմանք, գոնե մասամբ, հավանաբար լոկ ակնթարթային պոռթկումներ էին: Խոսքերն իրենց իրական մտածումներին չէին համապատասխանում: Բայց ես այն ժամանակ լրջորեն էի ընդունում դրանք և հետևաբար եզրակացնում, որ նրանք ինձ սիրում էին լոկ պարտքի զգացումից մղված: Իմ համար ոչինչ ավելի ցավալի չէր, որքան այդ միտքը:
Այդ ամենի համար, նրանց նկատմամբ ոխ էի պահել: Վրեժս լուծել էի նրանց վշտացնելով: Հետո վարժվել էի, իրավիճակին համակերպվել, շուրջ բոլորս պատվարներ բարձրացրել:
Ամենացավալի իրողությունն այն էր, որ այդ ամենի արդյունքում եզրակացրել էի, և՛ս մեկ անգամ, որ ոչ ոք սիրված չէ ինքնըստինքյան, և հետևաբար՝ որ իրական սեր գոյություն չուներ: Կամա թե ակամա, փշրանքներով պիտի գոհանայի միայն:
Այդ փշրանքներն էի ես փնտրում անհագ: Ընկերներիցս, մտերիմներիցս բնականաբար, բայց նաև – այժմ հասկանում եմ – բազմաթիվ արարքների, վարվելակերպի, խոսքերի, կեցվածքների մեջ, որոնցով էր հյուսված իմ առօրյա կյանքը: Աշխատում էի ուշադրություն գրավել իմ վրա: Տեսանելի լինել: Ուզում էի, որ իմ վրա նայեին, ինձնով հիանային, ինձ հարգեին ու սիրեին: Ուզում էի ուրիշներին գոնե հիշեցնել, որ գոյություն ունեի:
Ինձնում ամեն բան ենթագիտակցաբար մասնակցում էր այդ երկարատև փնտրտուքին – մի հայացքի փնտրտուքին – . խոսքերս, սրամտություններս, բայց նաև, որոշակի պահերի, լռություններս ու ստախոսություններս. ծիծաղի պոռթկումներս կամ չափազանցված վշտերս, ազնիվ բարեկրթությանս սաստիկ մղումները կամ բռնի հարձակողականությունս. երկչոտությանս շրջանները և մինչև իսկ, այժմ վստահ եմ, մարմնական խանգարումներիցս մի քանիսը: Բոլորն էլ լռաձայն կանչեր էին, կամ աղմկոտ պահանջներ, ծովը նետված շշեր էին, օգնության աղերսանք պարունակող, այն խենթ հույսով, որ ինչ որ մեկը կգտներ դրանք ու կպատասխաներ:
 
Այսօր ես գիտեմ, որ չորս կողմս, ամենուր, հնչում են այդ միևնույն կանչերը: Արդեն սովորել եմ դրանց լեզուն ու ապշեցուցիչ բառապաշարը: Ընդունակ եմ ըմբռնելու դրանք: Կարո՞ղ էի, ուրեմն, շարունակել սրա կամ նրա մասին կարծիք կազմել սոսկ արտաքին կեցվածքի հիման վրա, անմտորեն անցնելով, որպես կույր և խուլ, սիրո այդքա՜ն բազմաթիվ նավաբեկյալների միջով:
Ուրիշների կողմից նկատված, հարգված, սիրված լինելն ինձ չէր գոհացնում: Շատ շուտով, բնականաբար, ջանացի գրավել հատկապես աղջիկների ուշադրությունը: Ի՜նչ չէի անի մի հայացքի, մի խոսքի, մի համբույրի, մտերմիկ մի պահի համար: Անշուշտ, ինձ հետաքրքրում էր հաճույքը, բայց այդքա՜ն արագ մարող հաճույքների ներքո ես անդադար մուրում էի մի քիչ ընկերություն և մի քիչ սեր:
Մի հուսախաբությունից մյուսին էի անցնում, բայց մտքովս չէի անցկացնում, և ո՛չ իսկ մի պահ, որ սիրված լինելու համար նախ ես ինքս պետք է ընդունակ լինեի սիրելու:
 
Եվ վերջապես հայտնվեց Իմաստունը: Մտավ իմ կյանք: Առաջին իսկ հանդիպումներից համոզվեցի, որ նա ինձ ընդունում էր և որ կսիրեր ինձ: Ինձ տալիս էր իր ժամանակը: Ինձ տալիս էր իր ուշադրությունն ամբողջովին: Ինչ որ մի բան տալուց առաջ ու ավելի, տալիս էր իր իսկ անձը, նվիրվում էր ... և փոխարենը ոչինչ չէր պահանջում:
Այլևս վստահ էի, որ նա ինձ սիրում էր իրական ու անպայմանադիր սիրով: Եվ այդ կուռ «հավատքն» ինձ կամք էր ներշնչում աճելու և ... սիրելու: Իմաստունին հաճելի լինելու նպատակո՞վ: Թերևս մի քիչ, բայց շատ ավելի խորն էր մյուս պատճառը. նրա դիմաց ինձ ընդունակ էի զգում ինքս ինձ գերազանցելու: Իր վստահությունն ինձ վստահություն էր ներշնչում: Սկսում էի հավատալ ինքս ինձ, որովհետև նա հավատում էր ինձ: Մինչև իսկ սխալներս, թերություններս, չէին խոչընդոտում ինձ ու չէին կասեցնում ընթացքս. երբ դրանք պատմում էի նրան, խոստովանում, գիտեի, որ չնայած այդ ամենին՝ նա շարունակում էր հարգել ինձ, սիրել ու վստահել:
Սքանչելի էր այն անծանոթ ուժը, որ բխում էր ինձնում, ինձնից: Խորհրդավոր մի ուժ, որ ծածուկ ապրում էր սրտիս ամենախորին խորքում, ԿՅԱՆՔ, որը միշտ տրված էր ինձ, բայց որը ոչ ոք, մինչև այդ օրը, չէր կարողացել բացահայտել և բխեցնել իմ բերրի հողերում:
 
Մեր առաջին հանդիպումների ժամանակ Իմաստունն ինձ ասել էր, որ այդ ԿՅԱՆՔԸ, և ՍԵՐՆ այդ կյանքի կենտրոնում, ուրիշ տեղից էին գալիս. Աստծուց: Այն ժամանակ դա հասկացել էի սոսկ մտքով: Այժմ դրա փորձառությունն էի ունենում սրտով:
Այդպես էր, որ, զուգահեռաբար, ես կամաց կամաց բացահայտում էի Աստծո իրական դեմքը: Խոսքերից ավելի, Իմաստունի կեցվածքը Նրա կենդանի արտացոլանքն էր:
Աստված Նա է, ով սիրում է առանց պայմանների: Եվ ով ընդունում է բացվել այս Սիրո առաջ, թույլ տալ, որ Նա հասնի իրեն, «հպվի» իրեն, կարծես հրաշքով կրկին ոտքի է կանգնում, իր անդամալուծությունից բուժված: Թողնելով հիվանդի իր անկողինը, վազում է դեպի ուրիշները: Այո՛, այլևս վստահ էի, որ երբ Հիսուսն Ավետարանի հիվանդներին ասում էր. «Գնա՛, հավատքդ փրկեց քեզ», խոսքը վերաբերվում էր այս անսահման Սիրո հանդեպ հավատքին: Եվ այս հավատքը բուժում էր: Մարդուն կարող և ընդունակ էր դարձնում «լեռները վեր բարձրացնելու»:
 
Մարդիկ այս հավատքի կարիքն ունեն: Եթե հիվանդ են, մահամերձ, պատճառն այն է, որ այլևս չեն հավատում:
Այս Սիրով է, որ ես պիտի սիրեմ ինձ շրջապատողներին, ինչպես կամենում է Հիսուս Նազովրեցին, ինչպես սիրում է Իմաստունը՝ Նրա աշակերտը:
Այս Սիրով ես պիտի սիրեմ այն աղջկան, ով կընդունի սիրել ինձ: Սա ես հասկանում էի: Փափաքում էի ամբողջ ուժով: Բայց արդյոք կկարողանայի՞ հավատարիմ լինել նրան: Հավատարիմ՝ ամբողջ կյանքում:
Չէի կարողանում հավատալ դրան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։