- 27 - – Գրադարան – Mashtoz.org

- 27 -

Այդ օրը Իմաստունն ինձ ասաց. «Սիրելիս, զույգի իրական հավատարմությունն այն չէ, ինչ դու մտածում ես: Օրենքի, հասարակության, Եկեղեցու կողմից հարկադրաբար հրամայված պարտադրանք չէ: Պահպանումը չէ մի համաձայնագրի, որով խիստ պատիժներ են նախատեսված զանցառուների համար:
 
 
Դա մի ճամփորդություն է, ճանապարհ, որով պետք է ընթանանք, որովհետև ճանապարհն է, որ ընտրել ենք:
Հավատարմությունն ապրում ու զարգանում է, ճիշտ այնպես, ինչպես ապրում ու զարգանում է միմյանց սիրողների սերը.
Հենց այդ սերն է, քայլող, ճանապարհ ընկած,
Այդ սիրո ամենօրյա հացն է և նրա ուրախության գինին:
 
 
Սերն արդեն պատրաստի իրողություն չէ: Այն հարկավոր է կերտել:
 
 
Արդեն փաթեթավորված հագուստ չէ,
այլ՝ կտոր, որն հարկավոր է ձևել, կտրել, նախապատրաստել ու կարել:
Բանալիներն հանձնելու պատրաստ բնակարան չէ,
այլ՝ մի տուն, որն հարկավոր է նախագծել, կառուցել, պահպանել և – հաճախ – վերանորոգել:
Լեռան գրավված գագաթ չէ,
այլ՝ մեկնում ցածրադիր հովտից, ոգևորող մագլցումներով ու ցավալի անկումներով,
գիշերվա ցրտի կամ արևի կիզիչ ճառագայթների ներքո:
Երջանկության նավահանգստում հաստատուն խարիսխ նետել չէ,
այլ՝ խարիսխ բարձրացնելը, նավարկելը բաց ծովում, մեղմ զեփյուռի կամ ահեղ փոթորկի ներքո:
Մի հաղթական «ԱՅՈ՛» չէ, վիթխարի անշարժ մի կետ, որը շահում ես երաժշտության, ժպիտների ու ծափահարությունների ուղեկցությամբ,
այլ՝ «այո՛»ների մի բազմություն է, որ կետ առ կետ գծում է կյանքի արահետը,
«ո՛չ»երի մի բազմության միջով, որոնք ճանապարհի ընթացքին ջնջվում են:
Մի նոր կյանքի հանկարծակի հայտնվելը չէ, որ կատարյալ է ծնված իսկ պահից,
այլ՝ աղբյուրի բխումն է և գետի երկար ու ոլորապտույտ ընթացքը,
երբեմն ծանծաղ, երբեմն էլ՝ հորդահոս,
բայց միշտ ընթացող դեպի անծայրածիր ծովը:
 
 
Հավատարմությունն արդեն պատրաստի իրողություն չէ: Սիրո նման, հավատարմությունն էլ է կերտվում, քանի որ սիրո անբաժանելի ընկերն է:
 
 
Այսպիսով, տե՛ս, հավատարիմ լինել չի նշանակում
չմոլորվել,
չպայքարել,
չընկնել:
Նշանակում է միշտ կրկին ոտքի կանգնել և միշտ շարունակել քայլել,
կամենալ մինչև վերջ իրագործել միասին և ազատ որոշմամբ նախապատրաստված ծրագիրը,
վստահել մյուսին, ստվերներից ու գիշերվա խավարից անդին,
միմյանց փոխադարձաբար թիկունք կանգնել, անկումներից ու վերքերից անդին,
վստահասիրտ հավատք տածել ամենակարող ՍԻՐՈ հանդեպ, սիրուց անդին:
 
Հավատարմությունը, սիրելիս, երբեմն – ունկն դիր անվախ –
հավատարմությունն է Հիսուսի, որը խաչին գամված,
մարդկության անհավատարմությունից մարմինն ու սիրտը պատառոտված,
միայնակ,
լքված,
դավաճանված,
մնում է հավատարիմ մինչ ի մահ,
ներում է, կրկին պարգևում
և Իր կյանքի պարգևմամբ
ԸՆԴՄԻՇՏ ՓՐԿՈՒՄ Է ՍԵՐԸ»:
 
 
...
«Հիսուսն այո՛», շշնջացի գրեթե անլսելի ձայնով, «բայց մա՞րդը: Սիրել այդպես, ի սպառ, անհավատարմություններից, լքումներից, խզումներից անդին, մինչ ի մահ ... անհնարին է»:
«Մարդկային ուժերով միայն, այո՛, անհնարին է», պատասխանեց Իմաստունը: «Հիսուս Քրիստոսի հետ միությամբ՝ ո՛չ»:
«Բայց հարկավոր է հավատալ Նրան»:
«Աստված, Իր Որդու միջոցով, ընկերակցում է բոլոր մարդկանց, նրանց, ովքեր մի օր որոշել են աննենգ անկեղծությամբ սիրել միմյանց: Այդպես է վարվում, որովհետև Հայր է: Սիրում է Իր զավակներին, և սիրում է Իր այն բոլոր զավակներին, ովքեր սիրում են միմյանց»:
«Իսկ երբ նրանք այլևս չե՞ն սիրում միմյանց»:
«Նա շարունակում է սիրել նրանց ... միասին»:
«Ամբողջական ձախողում, հետևաբար, գոյություն չունի՞»:
«Եթե մարդը կամենում է, ապա Խաչից հետո՝ ԵՐԲԵՔ հնարավոր չէ ամբողջական ձախողումը»:
 
 
...
«Չեմ կարող ընդունել», ասացի երկարատև լռությունից հետո: «Անհնարին է»:
«Հետո կհասկանաս, սիրելիս: Ինձնից էլ շատ ժամանակ պահանջվեց, մինչև որ հասկացա»:
«Հասկանալ ուղեղով, գուցե հնարավոր է, բայց երբ սիրտը խոցված է, ո՞վ կարող է ամոքել նրա սաստիկ ցավը: Խոսքերն հեշտությամբ են դուրս գալիս նրա բերանից, ով երբեք չի տառապել»:
Իմաստունը խոսքերիցս հուզվեց, թեև թեթև ու աննշմարելի կերպով: Պետք է որ նկատեի նրա հոգեվիճակը, մինչդեռ ծանր, գրեթե հարձակողական ձայներանգով պնդեցի.
«Դո՛ւք, օրինակի համար, ինչպե՞ս եք կարողացել հասկանալ»:
Եվ պատասխանը եկավ, այդ անսպասելի պատասխանը, անմշակ ու բիրտ՝ ինչպես պայծառ երկնքում անակնկալ կերպով թնդացող կայծակը.
«Որովհետև անձամբ անցել եմ այդ փորձառության միջով»:
 
...
Ներաշխարհս մի ակնթարթում տակնուվրա էր եղել, շփոթվել էի, նման մի մարդու, որն ակամա շարժումով կրկին բացում է վերքը ընկերոջ մարմնում:
Իմաստունը լուռ էր: Անշարժ: Հայացքով զննում էի նրան, փորձելով դեմքի արտահայտությունից չափել ու հասկանալ վերարծարծված տառապանքի ուժգնությունը:
Նրա սրտից արյուն էր կաթում: Դա հասկացա, քանի որ նրա աչքերից կաթում էին արցունքները:
Ի՞նչ ասել: Ի՞նչ անել: Ամոթի սաստիկ զգացումն անշարժության էր մատնել ինձ: Երկարատև լռությունից հետո, երկչոտությամբ մոտեցա Բարեկամիս ու ձեռքս նրա ձեռքի վրա դրեցի: Այդ հպումն ինձ վստահություն ներշնչեց:
«Ներեցեք», խնդրեցի կիսաձայն, «չգիտեի»:
«Ինչպե՞ս կարող էիր իմանալ, սիրելիս»: Եվ իր հայացքն ինձ վստահեցրեց, որ վիրավորված չէր ինձնից:
Ապա շարունակեց. «Անհոգ եղիր, այս արցունքներն այլևս խաղաղության արցունքներ են, այլ ո՛չ թե՝ հուսահատության կամ ընդվզումի: Սրանք բեղուն են, մինչ նախկինները հզոր ծծմբաթթվի նման քայքայում էին սիրտս:
Արցունքները մնում են, ինչպես տեսնում ես, երբ սիրտը խոցված է: Բայց ոչ ոք չի կարող աճել և ծաղկել, եթե դրանք չի փոխակերպում նոր կյանքի աղբյուրի:
Այսպես է, որ Հիսուսը մեզ կրկին պարգևեց ԿՅԱՆՔԸ, հակառակ մեր անհավատարմություններին»:
 
 
«Քեզ ամեն բան կբացատրեմ», հավելեց ոտքի կանգնելով և ինձ դեպի դուռն առաջնորդելով: «Բայց ո՛չ այսօր ... : Այսօր չեմ կարող ... »:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։