- 28 - – Գրադարան – Mashtoz.org

- 28 -

Դեռ զայրացած էի ինքս իմ դեմ:
Թեև Իմաստունն ինձ պարգևել էր իր խաղաղ հայացքը, թեև քաջալերական խոսքեր էր ուղղել ինձ, ցավալի տպավորությունն ունեի, որ կրկին նրա ուսերին էի դրել այն ծանր խաչը, որը նա մի պահ վար էր դրել:
Պետք է խոստովանեմ, որ ամեն ինչից ավելի՝ վհատված էի և – ինչն է՛լ ավելի ծանր էր – հուսախաբության զգացումն ունեի: Ուրեմն Իմաստունն էլ էր ճաշակել ձախողված ամուսնության և բաժանված ընտանիքի դառնությունը: Մի պահ անգամ չէի երևակայել դա, կամ մտածել, թե հնարավոր էր:
 
Մանավանդ բարկացած էի նրա կնոջ դեմ. առանց ինչ որ մի բան իմանալու, ես մեղադրում էի նրան: Շատ շուտով ամոթի զգացումը պատեց ինձ և երևակայությանս արգելեցի դատական նիստեր կայացնել: Իսկ հետո, ավա՜ղ, ինչպես տակավին պատահում էր ինձ, զգալով, որ բուռն ճակատամարտ էի սկսելու, վիթխարի վհատության գիրկն ընկա:
Եթե Իմաստունն էլ էր ձախողվել, ո՞վ կկարողանար հաջողություն տոնել: Անդիմադրելի կերպով մտածում էի շրջապատիս այն բոլոր զույգերի մասին, որոնք այնպես էին քանդվում, կարծես թղթե ամրոցներ լինեին խաղացող մանկան մատների ներքո: Միտքս էին գալիս ամուսնալուծությունների թվի հաշվեկշիռները: Եվ նորից, ավերիչ ու կործանարար կասկածը տեղ էր գրավում ու հաստատվում էր մտքիս մեջ:
Հստակ է, որ այդ վիճակից դուրս չէի գալու:
Շուտով, սակայն, վերագտա ինձ, և դրա համար մի տեսակ պարծանք զգացի ինքս իմ նկատմամբ: Այս հակազդեցությունս գրանցեցի որպես հաղթանակ, որպես ապացույց, որ թեև ո՛չ զգալի կերպով, բայց այնուամենայնիվ ավելի ուժեղ էի դառնում:
Այլևս Իմաստունն ինձ խոսում էր նաև այն ժամանակ, երբ իր նյութական ձայնը չէր հասնում մարմնեղեն ականջներիս: Հոգուս խորքում զգում էի, թե ինչպես էր իր քաղցր, բայց միաժամանակ հաստատուն ձայնով ասում. «Մի՞թե քեզ չեմ ասել ու բազմաթիվ անգամներ կրկնել, որ խոսքը վերաբերվում է դժվարին իրողության: Ժամանակդ մի՛ վատնիր, սիրելիս, սիրո ասպարեզում հաջողություն ունենալու հավանականություններդ հաշվելով, երբեմն մտածելով, որ չես կարողանալու, երբեմն էլ գոռոզությամբ նախատեսելով, թե ուրիշներից շատ ավելի լավ վիճակում ես լինելու:
Պատրաստվի՛ր:
Հնարավո՞ր է ինչ որ մի արհեստի գծով աշխատել առանց երկար ժամանակ սովորելու: Հնարավո՞ր է ինչ որ մի քննություն հանձնել առանց նախապատրաստվելու: Հնարավո՞ր է ինչ որ մի մարմնամարզական մրցույթի մասնակցել առանց երբևէ մարզվելու: Ինչո՞ւ են մարդիկ կարծում, թե կարող են երջանիկ ու հաստատուն ընտանիք հիմնել առանց դրան երկար ժամանակ նախապատրաստվելու: Բավական չէ ասել. “Սիրում եմ քեզ”, որպեսզի սիրես ամբողջ կյանքում»:
Եվ ես վերսկսում էի իմ ջանքերն ու ճիգը:
 
 
Վախենում էի կրկին հանդիպել Իմաստունին: Եվ սակայն, դա էի մաղթում ինքս ինձ: Համոզված էի, որ հանդիպումն ինձ հանգստություն կտար: Բայց որպեսզի հանդիպումը նպաստավոր լիներ, պետք է մի քայլ կատարեի, որն իմ ուսերին շատ ծանր էր կշռում: Դատել էի Բարեկամիս, իսկ այժմ դրա համար շատ էի զղջում:
 
«Խնդրում եմ, ներեք ինձ», անհապաղ ասացի նրան բարևիցս անմիջապես հետո:
Զարմացած ինձ նայեց:
«Քեզ արդեն ասացի, սիրելիս, որ դու հանցավոր չես: Դու չէիր կարող իմանալ»:
«Դրա համար չէ, որ ներողություն եմ խնդրում ... »:
Վարանում էի:
«Խոսիր անվախ: Գիտես, որ ինձ կարող ես ամեն ինչ ասել»:
«Ներողություն եմ խնդրում, որովհետև ... մի պահ վստահությունս կորցրեցի Ձեր հանդեպ»:
Եվ ամոթից կարմրելով հավելեցի. «Մտածեցի, թե Դուք այն չեք, ինչ ես կարծում էի»:
«Երբեք հարկավոր չէ կորցնել վստահությունը մարդու հանդեպ, ո՛վ էլ որ նա լինի», ասաց Իմաստունն առանց դժգոհության մի նվազագույն նշույլ անգամ արտահայտելու: «Բայց երբեք հարկավոր չէ որևէ մեկին կատարյալ կարծել: Եթե մի մարդ մի ուրիշ մարդու աստվածացնում է, մի օր անպայման տեսնում է, որ պարզապես մարդ է և ուրիշ ոչինչ: Սիրել մարդուն, նշանակում է սիրել նրան այնպես, ինչպիսին նա կա, իր բոլոր դրական հատկություններով, բայց նաև՝ իր բոլոր թերություններով հանդերձ»:
Իսկույն թեթևացած զգացի ինձ: Մի տեսակ երջանիկ լինելու զգացումն ունեի, քանի որ ազատվել էի այդ բեռից: Ցանկությունն ունեցա բացականչելու. «Ես ձեզ իրոք շա՜տ եմ սիրում, իբրև որդի»: Բայց չհամարձակվեցի: Բավարարվեցի ամբողջ ուժերովս հուսալով, որ նա կկարողանար կռահել դա և հավատալ դրան ջերմ ու սրտանց ժպիտիցս:
 
Բարեկամս ինքը կատարեց առաջին քայլը և խզեց տիրող լռությունը: Առանց իմ կողմից խնդրանքի: Խոսեց դանդաղ, ջանք գործադրելով:
«Կինս հեռացավ ինձնից, նախընտրելով մի ուրիշ տղամարդու ետևից գնալ, որին կարծում էր, թե սիրում էր ինձնից ավելի: Հեռացավ՝ իր հետ կտրել տանելով իմ մի մասը: Իմ երջանկությունը միայն մի քանի տարի տևեց, բայց տառապանքը մնում է, քանի որ մարդ միշտ էլ տառապում է իր մարմնից հատված անդամի համար, նույնիսկ եթե կարողանում է ընդունել վերջնական անդամահատության դաժան իրողությունը:
Սիրտս վայրի տարածք դարձավ, որը գրավել ու խեղդում էին մոլախոտերը: Առաջին անգամ զգացի, թե ի՛նչ է ոխը և, խոստովանում եմ, ատելության դառը համն էլ զգացի: Ստիպված էի պայքարել իմ բոլոր ուժերով, որպեսզի վերագտնեի խաղաղությունը: Խաղաղությունը վերադարձավ միայն այն ժամանակ, երբ վիրավորված ու տառապած սրտիս մեջ վերջապես ցանվեց ներման սերմը: Այդպես կրկին ծաղկեց սերը: Բայց որքա՜ն և ինչպիսի՜ ջանք ու խնամք պահանջվեց ինձնից, աճեցնելու համար այդ նուրբ ծաղիկը:
Այսօր էլ տակավին սիրում եմ նրան, քանի որ շարունակում է մնալ իմ կինը: Աղոթում եմ, որ երջանիկ լինի, ... որ այժմ նրա հետ ապրող տղամարդը նույնպես, չնայած ամեն ինչի, երջանիկ լինի:
 
Արդյոք արե՞լ էի այն ամենն, ինչ պարտավոր էի անել, կնոջս պարգևելու համար այն երջանկությունը, որը նա փնտրում էր իմ մեջ: Կարծում էի, թե այո՛: Բայց սեփական ամուսնության ձախողման դիմաց ո՞վ կարող է վստահ լինել, որ չունի պատասխանատվության իր բաժինը:
Հազարավոր անգամներ մտովին քննում էի ճանապարհը, որն անցել էինք միասին, փորձելով բացահայտել իմ սխալները: Գտա դրանցից մի քանիսը:
Ոչ ոք ինձ չէր սովորեցրել ճանապարհը: Ոչ ոք ինձ չէր ասել, թե ինչպիսիք են ճանապարհին հանդիպող խոչընդոտները: Եվ հատկապես, ոչ ոք ինձ չէր օգնել նախապատրաստվել հաղթահարելու այդ խոչընդոտները:
Կինս էլ էր կարծում, թե միայն համբույրները բավական են ընտանեկան օջախ կերտելու համար:
 
Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչո՛ւ եմ քեզ ասում ու միշտ կրկնում, որ սիրելը դժվարին է և հարկավոր է նախապես, երկարատև ջանքերով սովորել, որպեսզի հետո կարողանաս հաջողության հասնել: Այնքա՜ն կուզենայի, որ ուրիշները չկրկնեին իմ սխալները և չճաշակեին իմ տառապանքները»:
«Որքա՜ն եք տառապել»:
«Այո՛, սիրելիս, տառապել եմ նախ իմ, բայց հետո նաև ուրիշների տառապանքով»:
«Չեմ հասկանում»:
«Երբ վերջապես վերագտա խաղաղությունը, հասկացա, որ իմ տառապանքն ինքնին և փորձառությունը կարող էին բեղուն լինել: Քանի որ բեկված սիրտս կարողացել էր վերապրել, քանի որ վերսկսում էր բաբախել ոխակալության կապանքներից ազատված, զտելու էր, կաթիլ կաթիլ թորելու, ավելի մաքուր էր դարձնելու մի առավել իրական սեր:
Իմ կենակիցն այդուհետև միայնությունն էր լինելու, բայց իմ տրամադիր սիրտն ամեն օր ընդունելու էր նրանց, ովքեր տառապում են, ձրիաբար նրանց մատուցելու համար հացը, որից զուրկ էին:
Եկան առանց իմ կողմից կանչվելու: Միշտ ավելի բազմաթիվ էին նրանք, որ բախում էին դուռս: Ես բացում էի նրանց առաջ, ընդունում և տառապում նրանց հետ, որովհետև երբ իսկապես սիրում ես, տառապում ես նրանց հետ, ում սիրում ես»:
«Բայց նրանց տառապանքը մնում է»:
«Այո՛, բայց ավելի թեթև է դառնում, երբ երկուսով են այն կրում: Հիսուսն Ինքն է մեզ դա սովորեցրել: Հիսուսը չվերացրեց մեր տառապանքները: Նվիրվեց, հանձն առավ կրել դրանք մեր հետ: Բոլոր նրանց, ովքեր Իրեն են տալիս իրենց մեղքերն ու վշտերը, Նա Իր Սիրո մեջ պարգևում է նորոգ վերականգնված մի Կյանք ... »:
Ապա կիսաձայն շարունակեց.
«Կարծում եմ, որ մի քիչ կյանք կարողացել եմ վերադարձնել անձանց, որոնք կարծում էին, թե իրենց կյանքը վերջնականորեն ջախջախված է ... :
Եվ այդպես, վիրավոր մատներով, ես հունցում էի մի նոր հաց, որը գիտեի, որ սննդարար է»:
 
 
 
Մինչ դուրս էի գալիս Իմաստունի տնից, մտածում էի, որ հենց այդ հացից էի ես գալիս սնվելու: Եվ այդ ժամանակ հասկացա, թե ինչո՛ւ այժմ նվազ քաղցած էի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։