- 30 - – Գրադարան – Mashtoz.org

- 30 -

Ինչպես արդեն ասացի, բաժանված բազմաթիվ զույգեր էի ճանաչում: Իմ շրջապատում նրանց թիվն օրեցօր այնքա՜ն էր ավելանում, որ ինքս ինձ հարցնում էի, թե մեր օրերում հաջողակ ամուսնություն ունենալն արդյո՞ք բացառիկ երևույթ չէր:
Կասկած այլևս չկար, միշտ ավելի լավ էի հասկանում Իմաստունին, երբ պնդում էր, որ երիտասարդները պետք է լրջորեն նախապատրաստվեն ամուսնությանը: Ո՞վ կարող է սիրել առանց իմանալու, թե ի՛նչ է սերը և առանց գիտակցորեն նախապատրաստվելու սիրույն:
Այդպիսով, միշտ ավելի էի հիանում մարդկային անձի մեծությամբ, որ կանչված է ազատակամ հանձնառության, ամբողջ կյանքի համար, և սկսում էի հիանալ նաև ի տես այն անսահման հարգանքի, որն Աստված ցուցաբերում է մարդկանց կողմից կայացված որոշման նկատմամբ. Նա, որ ընդունում է Իր Սիրո կնիքով դրոշմել այդ անմնացորդ հանձնառությունը, եթե մարդիկ իրենք դա Իրենից խնդրում են:
Բայց շարունակում էին գոյություն ունենալ այն բազմաթիվ ձախողումները, որոնք ես տեսնում էի, իրենց ցավալի հետևանքների հետ միասին ... :
Իմաստունն ինձ ասել էր, որ Հիսուս Քրիստոսի Խաչից հետո ոչ մի ամբողջական ձախողում այլևս գոյություն չունի: Բավական է, որ մարդը դա կամենա, ընդունի իր ազատ կամքով: Ես դա ինքս ինձ մաղթում էի իմ բոլոր ուժերով, բայց չէի տեսնում, թե դա ինչպես էր լինելու, քանի որ Բարեկամս նաև ասում էր, որ մարդը չի կարող լուծարել իր ամուսնությունը և փորձել կրկին ամուսնանալ:
Ուզում էի, որ ինձ բացատրեր այդ միտքը:
 
«Սերը ցորենի հատիկի նման է», սկսեց ասել ինձ Իմաստունը,
«ցրտի, խավարի մեջ թաղված, մոռացված,
մարդկանց աչքին այն երբեմն մեռած է թվում:
Բայց կեղծ է այդ մահը, որ կյանք է ավետում,
եթե սերմը շարունակում է ջրվել և ստանալ արևի ջերմությունը:
 
Սիրո եղանակները կյանքի եղանակներն են:
Որոշ ձմեռներ մեղմ են,
նրանց համար, ովքեր պատրաստված են ցրտից պաշտպանվելու,
ուրիշների համար դաժան են, երբ մեկ առ մեկ ցնդում են խենթ ցնորքները,
և փչում է հուսախաբությունների ցրտաշունչ քամին:
 
Որոշ գարուններ ուրախալի են,
սպասվող և արդեն երևացող ծաղիկների ու մրգերի տոնն են,
մինչ ուրիշներ խռովք են պատճառում,
այլայլված սրտերին՝ իրենց արբեցնող համերով:
 
Ամառներն առատ հունձք են բերում նրանց,
ովքեր տքնաջան վարել են և վստահությամբ ցանել,
բայց նաև, երբեմն, հրաբորբոք բոցեր են կեսօրվա սերերի համար,
որ չորացնում են հոգիներն ու հրդեհում մարմինները:
 
Սիրո պարտիզպաններ, իմացած եղեք, որ սերը մշակվում է
և որ բազմաթիվ սերեր, որոնք կարծվում են, թե մահամերձ են,
ո՛ղջ են տակավին և դեռ կարող են ծաղկել ու պտղաբերել»:
 
 
«Բայց մարդկանցից, հատկապես երիտասարդներից շատերն անփորձ են և չեն տիրապետում հարկավոր գիտելիքներին», ասացի ես: «Չգիտեն ինչպե՛ս մշակել և իրենց սովահար սերը չի կարողանում գոյատևել»:
«Գոյություն ունեն սրտի բժիշկներ, սիրելիս, գոյություն ունեն վստահելի ընկերներ, Աստծո մարդիկ, որոնք կարող են օգնել բուժելու հիվանդ սերերը»:
 
 
Ես դա հասկանում էի: Ծնողներիս դիտելով, շա՜տ անգամներ էի մտածել, որ բազմաթիվ բախումներից ու տառապանքներից կկարողանային խուսափել, եթե ինչ որ մեկը նրանց օգներ հաղթահարել իրենց բազմաթիվ անհասկացողությունները, նրանց համար հնարավորություն ստեղծելով վերջապես ամուսնանալու այնպես, ինչպես կային իրականում, և ո՛չ թե՝ ինչպես մեկը և մյուսը կամենում էին, որ դիմացինը լիներ:
Բազմաթիվ զույգերի համար, սակայն, չափազանց ուշ էր: Արդեն թաղել էին սերը, որը մեռած էին կարծել, և այդ կոխկրտված հողից փորձել էին մի նոր սեր աճեցնել: Բայց կարո՞ղ էին հաջողություն գտնել, եթե Աստված նրանց մերժում էր ու Իրենից հեռու վանում:
Երբ Իմաստունին հայտնեցի այս միտքս, թափով ոտքի կանգնեց, անակնկալ կերպով ջղագրգռված:
«Լռի՛ր», ասաց: «Աստված մեզ ԵՐԲԵՔ չի մերժում: Մենք ենք, որ հեռանում ենք Նրանից»:
«Ի՞նչ պետք է անեն, ուրեմն, բաժանված ամուսինները, որոնք մի նոր ընկեր կամ ընկերուհի են ընտրել»:
«Սկսելու համար, պետք է ճանաչեն և ընդունեն իրենց տկարությունները, իսկ հետո՝ աղոթեն, ստանալու համար Լույսը»:
«Ինչպե՞ս»:
«Տառապող մանուկների նման:
 
Աստված իմ, հասկացիր ինձ,
Դու, որ հասկանում ես Քո հավատարիմ զավակներին,
այնպես, ինչպես հասկանում ես նաև Քո մեղավոր զավակներին:
Չկարողացա միայնակ ապրել, լքված ու կորած,
սիրտս կծկվել էր սաստիկ ցրտից,
իսկ մարմինս էլ չափազանց քաղցած էր:
 
Ինչպե՞ս կարող էի միայնակ նավարկել կյանքի խռովահույզ ծովում,
ջարդված կայմով ու պատառոտված առագաստներով,
առանց փնտրելու մեկին, որն օգներ ինձ վերանորոգելու նավակս
և շարունակելու կյանքի ճանապարհորդությունս:
Ինչպե՞ս կարող էի ես, որպես կին, միայնակ կերակրել հաշմված երեխաներիս,
երբ ուժասպառ կրծքիցս կաթ էին պահանջում,
մինչ ինքս էի վիրավոր, արնաքամ, սիրո արյունից զրկված:
 
Չմերժեցի, Աստված իմ, այն մի քիչ սերը, որն ինձ առաջարկվեց կրկին,
և երջանկության մի քանի փշուր՝ դատարկ ափերիս խորշում:
Փորձեցի մի նոր բույն հյուսել, ուր պատսպարվեինք,
փոխարեն նախորդի, որ քանդվել էր:
Եվ չեմ էլ համարձակվում ազատ շարժվել իմ այս նոր սիրո մեջ,
վախենալով, որ կթռնի ու կհեռանա սարսափած թռչունի պես:
 
Չնայած ստացածս վերքերին, չնայած կրածս բեռին,
երջանիկ եմ, – կարծում եմ – ,
և այս երջանկությունս նման է երկչոտ ծիածանի
իմ ամպամած երկնակամարի վրա:
 
Աղաչում եմ Քեզ, Աստված իմ,
մի՛ խլիր ինձնից ուրախությունս:
... Բայց վախ կա սրտումս և կասկածների գրկում եմ,
որովհետև ինձ ասում են, որ Դու չես կարող օրհնել այս նոր օջախը:
 
Ինչո՞ւ, Աստված իմ: Ինչո՞ւ:
Ի՞նչ վատ բան կա նրանում, որ մարդ կամենում է երջանիկ լինել,
մինչ շա՜տ է տառապել,
կամ էլ՝ պարզապես վատնել է մի վաղանցուկ երջանկություն:
 
Սիրի՛ր ինձ, Աստված իմ, մի՛ լքիր ինձ,
որովհետև Քեզնից էլ սիրվելու կարիքն ունեմ,
Եվ քանի որ այսօր ես փորձում եմ ավելի լավ սիրել,
կարո՞ղ եմ ընծայել Քեզ այս նոր սիրո փշրանքները գեթ,
որոնք ես կարծում եմ, թե սեր են»:
 
«Բարեկամս, իսկ Ձեզ հայտնի՞ է Աստծո պատասխանը»:
«Շա՜տ երկար եմ սպասել Նրա պատասխանին, սիրելիս: Շատ հաճախ մարդիկ վհատվում են այն բանի դիմաց, որը կարծում են, թե Նրա լռությունն է: Սխալվում են: Հիմա արդեն գիտեմ, որ Աստված խոսում է, բայց մենք ենք, որ Նրան չենք լսում:
Ունկնդրել եմ, սրբելով ու մաքրագործելով սիրտս, և կամաց կամաց սկսել եմ լսել Նրա ձայնի շշուկը: Եվ այսպես, բոլոր նրանց, ովքեր – միշտ ավելի բազմաթիվ – գալիս էին տանս դուռը բախելու ... սրտիս դուռը բախելու ... վերջում համարձակվում էի փոխանցել պատասխանը, որը կարծում եմ, որ լսել էի:
 
Ես կարծում եմ, սիրելիս, որ Աստված այսպես էր խոսում.
 
 
Զավակս, քեզ միշտ էլ սիրել եմ և միշտ էլ սիրում եմ:
Իրական հայրը երբեք չի մերժում իր որդուն,
նույնիսկ եթե նա, անառակ որդի լինելով, հեռանում է:
 
Չկարողացար մենակ ապրել, գիտեմ տկարությունդ ...
և դու ինքդ ես, որ որոշում ես:
Դու ազատ ես, զավակս,
քեզ անսահմանորեն սիրելուս պատճառով է,
որ ես կամեցա, որ դու ազատ լինես:
 
Բայց ճիշտ է նաև, որ ես չեմ կարող լուծարել այն զոդը,
որը միասին, դուք երկուսդ և ես,
որպես դաշինք հաստատեցինք:
Եկեղեցիս էլ ոչինչ չի կարող անել[1],
որովհետև ես ՍԵՐՆ եմ,
իսկ ՍԵՐՆ հավատարիմ է,
և ինձ չեք կարող ստիպել, որ անհավատարիմ լինեմ:
 
Շա՜տ սիրելի զավակս, դու տառապում ես:
Հասկանում եմ տառապանքդ, ընդունում եմ աղոթքդ,
ինչպես նաև խոսքերիդ սաստկությունը,
որովհետև ո՞վ կարող է դրանք մեղմորեն արտաբերել,
մինչ սրտից արյուն է ծորում, իսկ մարմինն էլ տանջահար է:
Բայց, զավակս, չգիտե՞ս, որ քո տառապանքը նաև իմն է:
 
Իմ Խաչը երեկվանը չէ միայն, այլ նաև այսօրվանը,
լինելու է նաև վաղվանը:
Իմ իրական չարչարանքը,
մտրակի հարվածներից, փշերից ու գամերից ավելի,
անարգված ու արհամարհված Սիրո անսահման տառապանքն է:
 
Մարդիկ չեն դադարել գամել ինձ փայտին,
ձեռքերս տարածված մինչև ժամանակների վախճանը:
 
Բայց գամված այս երկու ձեռքերիս ափերին
ես կրում եմ ձեզնից յուրաքանչյուրին,
իմ սիրելի զավակներ, այժմ միմյանցից բաժանված,
և Սիրտս այն Կենտրոնն է, որ ձեզ միավորում է ընդմիշտ,
որովհետև իմ Սիրտը կենդանի է և շարունակում է սիրել:
 
Վստահությամբ գոտեպնդիր սիրտդ, զավակս,
և դեպի Ինձ եկ առանց վախի,
բազմաթիվ են ճանապարհները, որոնցով կարող ես Ինձ հասնել,
և բազմաթիվ են ճանապարհները, որոնցով կարող եմ քեզ հասնել:
Ընդունի՛ր, հանձն ա՛ռ, ստանձնի՛ր բաժանման տառապանքը,
և քանի որ, բաժանված Եկեղեցուս նման,
դու ևս չես կարող վկայել պահպանված միությանը,
թող որ բաժանման վիշտը վկայի միության մեծությանը:
 
... Բայց ամեն ինչից ավելի, սիրելի զավակս,
ընդունիր սխալներդ ու տկարություններդ,
ներում հայցիր,
և քո հերթին էլ ներիր ում պետք է ներես,
որովհետև սերը չի կարող վերապրել մի սրտում, որ փակվում է:
 
Ապա, ասում եմ քեզ,
առանց վարանելու ընծայիր ինձ քո նոր սիրո թոթովանքները,
Խաչիս վրա կընդունեմ դրանք,
... իսկ մնացածով Ես Ինքս կզբաղվեմ»:
 
Կարծում եմ, որ այդ օրը ես հասկացա էականը. մեր բաժանումների պատճառով Աստված տառապում է հանձինս խաչված Հիսուսի, բայց եթե մենք դա կամենում ենք, Նա մեզ փրկում է, ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՍԻՐԵԼ ՄԵԶ:

[1] Եկեղեցին չի կարող լուծարել վավերականորեն կատարված ամուսնության զոդը: Ամուսնական միության կապն Աստծուն է պատկանում: Առավելագույնը, որ Եկեղեցին կարող է երբեմն կատարել, դա սոսկ կատարվածի անվավերականությունը ճանաչելն է. այսինքն, թեև կատարվել է ամուսնության արարողակարգը, սակայն անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով ամուսնություն տեղի չի ունեցել: Հմմտ. Մրկ 10, 6-9.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։