- 33 - – Գրադարան – Mashtoz.org

- 33 -

Զարմանալի էր, թե ինչպես էի փոխվել: Առաջ աղջիկների մեջ փնտրում էի – դիտելով մի հայացքով, որը փորձառու էի համարում – հաճույքների որակը, որ նրանք կարող էին ինձ պարգևել: Հետո, միշտ ավելի ու ավելի, նրանցից ակնկալում էի ստանալ քնքշանք, բացահայտելով, որ հաճույքի առումով ագահ և ցանկությունից ցնցված նկարագրիս արտաքին կերպարանքի տակ թաքնված՝ բաբախում էր մի զգայուն սիրտ, որ տառապում էր միայնությունից: Նրան հուզող միակ հարցը սա էր. արդյոք երբևէ սիրված կլինե՞մ:
Բայց շարունակում էի ինքս իմ վրա կենտրոնացած մնալ: Փնտրելով իմ անձնական երջանկությունը, չէի հասկանում, որ այն կկարողանայի գտնել միմիայն ինքս ինձնից դուրս գալով, կամենալով ուրիշների երջանկությունը, և ի մասնավորի՝ «նրա» երջանկությունը, ով դառնալու էր իմ կյանքի ընկերը:
Ի վերջո, սակայն, հասա այն գիտակցությանը, որ սկսեցի աղջիկներին դիտել ո՛չ որպես «առարկաներ»ի – հաճույքի, կամ նաև՝ քնքշանքի – , այլ կամաց կամաց՝ որպես անձերի, որոնք արժանի են ինձնից գոհունակություն ստանալու, իրենց ժպիտի համար, իրենց սրտի համար, «իրենց» իսկ համար: Եվ մտաբերում էի այն, ինչն ինձ ասել էր Իմաստունը. «Սիրելու համար հարկավոր է վերցնելու ցանկությունից անցնել տալու և ընդունելու կամքին»: Սրանում էր կայանում ջանքը, որ ես պետք է գործի դնեի և շարունակեի գործի դնել մինչև նպատակակետին հասնելը:
Անհնարին է ավարտել «սիրո դպրոցը»: Այն պետք է հաճախենք մեր ամբողջ կյանքի տևողության: Բայց ճանապարհին, մինչ առաջ էի ընթանում, մարզվում էի, և տեսնում էի, թե ինչպես էր փոխվում իմ ամբողջ կյանքը:
Երջանիկ էի: Իմաստունը նկատում էր դա:
 
«Բարև, “կյանք” », ասաց ինձ, երբ ներս մտա:
Նայում էր ինձ ու ժպտում, տեսնելով իմ բացահայտ ուրախությունը:
«Այո՛», պատասխանեցի, «ապրում եմ և երջանիկ եմ ապրելուս համար, և վաղը, իմ սիրո՝ իմ սիրեցյալ կնոջ հետ միասին, երեխաներ կծնենք կյանքի: Նրանց Ձեր մոտ կբերենք և Դուք կտեսնեք, որ սիրված ու հաջողված երեխաներ կլինեն»:
 
Այդ ի՞նչ էի ասել, որ Իմաստունն հանկարծակի այդքա՜ն լուրջ հայացք ընդունեց: Լռում էր:
Այժմ այլևս ընդունակ էի հասկանալու այդ լռությունները: Դրանցից մի քանիսը ուրախալի էին, ուրիշներ՝ տխուր: Այս անգամվանը տխուր լռություն էր:
Իմաստունն ի վերջո շշնջաց. « ... Իսկ եթե չկարողանա՞ք երեխաներ ունենալ»:
«Կունենանք ... “ամեն գնով” կունենանք», պատասխանեցի վստահությամբ լի: «Գիտնականներն այսօր հրաշքներ են գործում: Վաղն է՛լ ավելի մեծերը կգործեն»:
«Այդպես մի՛ ասա, սիրելիս: Երեխան իրավունք չէ, այլ՝ պարգև. սիրո պարգևն է, երբ հանդիպում է յուրաքանչյուր կյանքի Հոր անսահման Սիրույն:
Ճիշտ է, որ մարդիկ զարգանում են և որ ընդունակ են սքանչելի ձեռնարկների: Ես դրանով հպարտ եմ, բայց ... երբեմն էլ մտահոգվում եմ»:
«Մի՞թե Աստված կարող է վախենալ նրանց կարողություններից, երբ հենց Ինքն է, որ պարգևում է բոլոր ձիրքերն ու ունակությունները»:
«Նրանց ձիրքերից ու կարողություններից՝ անշուշտ ո՛չ, բայց ահա այն բանից, թե ինչպե՛ս են գործածում այդ կարողությունները, թերևս ... :
Տե՛ս, մեր սերնդի մարդիկ բացահայտեցին նյութի գաղտնիքները, և կարելի է ասել՝ իրենց իշխանության տակ առան նրա ներսում թաքնված վիթխարի ուժականությունը: Բայց առաջին անգամ, որ երկրի երեսին գործածեցին այդ ուժականությունը, դա արեցին երկու հարյուր հազար մարդ սպանելու համար, Հիրոշիմայում»:
«Բայց գիտնականները ծառայում են կյանքին, երբ խոսքը վերաբերվում է երեխաների ծննդին»:
«Ո՛չ միշտ: Նրանք իրոք ծառայում են կյանքին, եթե հարգում են մի էական պայման. եթե երբեք չեն մոռանում, որ իրենք կյանքի բացարձակ տերերը չեն: Նրանց գործունեությունը կարող է ավերիչ լինել, եթե իրենց գործին խառնեն գոռոզ հպարտության թթխմորը և փորձեն կյանքեր “արտադրել” պատվերով, այնպիսի մարդկանց համար, ովքեր, քո նման, համոզված են, թե երեխան իրենց իրավունքն է ... “ամեն գնով”:
 
Զգում եմ, թե ինչպես է բաբախում կյանքով,
ժամանակի ստվար տարածքում,
որպես անքննելի խորհուրդ,
Սիրո բոցավառ սրտից բխած սրբազան ակունք:
Զգում եմ, թե ինչպես է հոսում,
ավիշ, որ եռում է անծայրածիր մարդկության անթիվ երակներում:
Զգում եմ, թե ինչպես է կանչում, պահանջում իր գոհարը,
փնտրելով երկու սիրտ, որ սիրեն միմյանց,
երկու մարմիններում, որ տալիս են իրենց համաձայնությունը,
որպեսզի ծնվի ծաղիկը և ծաղիկի պտուղը,
Աստծո արևի ներքո:
 
 
Կհավատայի՞ք, գիտության մարդիկ
– բայց որ տգետ եք կյանքում –
թե հմուտ աճպարարն իր անակնկալների արկղից
պատահմամբ է դուրս քաշում կյանքը:
Իմացեք, ուրեմն, որ սերմը, որին դուք փորձարկումների եք ենթարկում
ձեր վարակազերծված ունելիներով բռնած,
հազարավոր մարդիկ են այն պատրաստել,
իրենց ուրախություններով ու իրենց ցավերով:
Եվ իմացեք, որ երեխան, որ կծնվի հաջողված “փորձարկումից”,
երբեք չի լինի միայն ձեր սքանչելի ստեղծագործությունը,
քանի որ դարե՜ր ու դարե՜ր են, որ իր կտավը հյուսվում է
սիրո ջուլհակների երկարատև աշխատանքով:
Հատկապես իմացեք, իմաստակ ու հպարտ մարդիկ,
որ ինչքան էլ մեծ լինի ձեր միշտ ավելի փորձառու մատների հմտությունը,
դուք երբեք չեք կարողանա ձևավորել մի մանուկ,
եթե Արարչի մատները նրան չձևավորեն ձեր հետ:
 
Եթե դուք այս ամենին հավատում եք,
գիտության մարդիկ, Աստծո գործակիցներ,
ծունկի եկած,
ծունկի եկած և աղոթելով է,
որ խոնարհաբար կծառայեք կյանքին,
և թերևս Սուրբ Ծնունդն էլ կտոնակատարեք
ձեր ապակյա մսուրներում:
 
Բայց արդյո՞ք Աստված դա ձեզնից ակնկալում է:
Եվ մի օր, արդյո՞ք մարդն ընդունակ կլինի բավականաչափ սիրելու,
այնքան, որ կտա մանկանը, նրա ծննդից առաջ արդեն,
այն ամբողջ սերը, որի իրավունքը մանուկն ունի,
և որը նա ակնկալում է ստանալ ... :
 
 
Գիտնականներ, և դուք բոլորդ՝ մարդկանց պատասխանատուներ,
Լսեցեք վաղվա փոքրիկ մանկան երգը.
 
 
Ամբողջ հավիտենականությունից ես սպասում եմ,
ես, որ կենդանի փափաքն եմ Հոր,
որպեսզի ճանապարհ ընկնեմ
դեպի իմ երկար ուխտագնացությունը:
Ես գալիս եմ հեռվից,
Ես գալիս եմ ուրիշ մի տեղից,
քայլում եմ,
քայլում եմ ի հավիտենից:
Ձեր բոլորիդ կարիքն ունեմ,
ինձ նախորդած եղբայրներ իմ ու քույրեր,
որ իմ համար փորեք իմ հունը, ձեր կյանքերի հունի մեջ:
Իսկ երբ, դարերի անհամար ափերն անցնելով,
երկրի վրա ոտք դնելուցս առաջ,
կյանքի իմ առաջին ճիչն արձակելուցս առաջ,
իմ նոր ժպիտը ծաղկի թերթիկների նման բացվելուց առաջ,
իմ անկրկնելի պատգամի առաջին խոսքերը թոթովելուցս առաջ,
կարիքն ունեմ երկու հայացքների, որոնք հասկանան միմյանց,
երկու ձեռքերի, որոնք փնտրեն միմյանց,
երկու շնչի, որոնք փոխանակվեն միմյանց հանդիպող շուրթերի վրա,
կարիքն ունեմ ազատակամ արտասանված երկու «այո՛»ների,
կարիքն ունեմ երկու կենդանի մարմինների, որոնցում բնակվում են երկու սրտեր,
մարմիններ ու սրտեր, որոնք միասին երգում են սիրահարների սիրո երգը:
 
Ծնվելու համար կարիքն ունեմ մի հոր, որն ի՛մ հայրը լինի,
և մի մոր, որն ի՛մ մայրը լինի,
հայր և մայր, որոնք ինձ կկրեն իրենց սրտերում,
նախկան կարողանալը կրել ինձ իրենց գրկում:
Բայց չեմ ուզում ծնվել մոգերի աշխատանոցում ընտրված սերմից,
ո՛չ էլ վեհանձն անծանոթների կողմից տրված սերմից,
որոնք տալիս են իրենց համար ավելորդը:
Կարիքն ունեմ կազմավորվելու սիրո երկար կանչով,
որպես հաջողված ժամադրություն,
ապշեցուցիչ հանդիպում,
մարմնի մեջ տնկված երջանկության արմատ:
Բայց չեմ ուզում ծնվել ձեր անսիրտ փորձանոթներում,
սառցաշունչ գրկախառնումներից,
ծնողներից, որոնք ձեռքեր չունեն,
չունեն շուրթեր, և չունեն կենդանի մարմին:
 
Կարիքն ունեմ մորս տաքուկ արգանդի,
որպեսզի նրանում կուչ գամ ես հանգիստ,
և կարիքն ունեմ նրա սրտի զարկի,
որն ամանակավորում է ճամփորդությունս դեպի ելքը երկունքի:
Հորս ձեռքերի կարիքն ունեմ, նրա շուրթերի հպումը մորս մարմնին,
և նրա սիրո խոսքերի, որոնք անձրևեն մորս մարմնի բլուրներին,
ինչպես գիշերային ցողն է թրջում ծնվող բողբոջին:
 
Բայց վարձակալված արգանդ ես չեմ ուզում,
ուր կլսեի երգեր, որոնք հետո էլ չէի լսի երբեք:
Իսկ է՛լ ավելի չեմ ուզում ձեր չարաշուք ու դաժան սառցարանները,
ուր, միայնությունից դողալով,
պիտի սպասեի տրամադիր մի սիրո ջերմությանը,
վարձատրված պահակների անհայացք աչքերի առաջ,
որոնք այլևս չգիտեն, թե ի՛նչ անեն կամ ո՛ւր տեղադրեն
իմ չափազանց բազմաթիվ եղբայրներին:
 
Իսկ երբ, հասնելով իմ երկարատև ճամփորդության ավարտին,
հաղթահարելով հազարավոր խոչընդոտներ,
կհամարձակվեմ առաջին քայլս կատարել այս դժնի մոլորակի վրա,
և հայտնվել ձեր աչքին, որպես կազմավորված, բայց դեռ չավարտված մի գլուխգործոց,
ճամփորդությանս քրտինքները վրայիցս լվանալու համար
կարիքն եմ ունենալու մորս արցունքների, որն իմ վրա արտասվի ուրախության առատ հորձանքից:
Կարիքն եմ ունենալու իմ առաջին լուսեղեն լոգանքին, մորս գրկի ծովափին,
զննելով այն մարմինը, որի միայն ներքին մթությունն էի մինչ այդ ճանաչում:
Բայց չէի ուզենա, որ ծնունդս մի նավաբեկում լիներ,
որն ինձ տագնապահար նետեր անծանոթ կրծքերի վրա,
որպես անհայտ կղզի մի ծովում, որի ալիքների ծփանքն իմ համար կլիներ անծանոթ:
 
 
 
Գիտության մարդիկ, մի՛ ծիծաղեք այն մյուս գիտնականների վրա, որոնք ապագայում փորփրելու են ձեր վաղեմի աշխատությունները: Նրանց ապշած աչքերին դրանք թվալու են անսպառելի հանքեր:
Դրանցում նրանք գտնելու են հազարավոր թաղված հիշողություններ,
որոնք դուք երբեք չեք կարող բացահայտել ձեր կույր մանրադիտակներով:
Որովհետև մենք՝ երեխաներս տեսնում ենք, զգում ենք, ընկալում ենք մեր այս աշխարհ գալուց դեռ շա՜տ առաջ,
և դուք մոռանում եք, որ մենք ոչինչ չենք մոռանում:
 
Վաղը, այս հիշողությունների խորհրդավոր հիմքերի վրա, մենք կառուցելու ենք մեր կյանքը,
և ուրիշներ ջանալու են բացահայտել ու հասկանալ, թե ինչո՞ւ տները միշտ չէ, որ ամուր են կառուցված
և թե ինչո՞ւ են երբեմն փլվում աշխարհի փոթորիկների դիմաց:
Պատճառն այն է, որ եթե դուք, որպես հմուտ բրուտներ, կարող եք հեշտ աշխատվող կավով ձևավորել մեր մարմինները,
դուք մոռանում եք, որ մեր մանկական մարմիններում բնակվում է մի սիրտ, իսկ մեր սրտերի մկանը դուք չեք կարող ձևավորել:
 
Գիտնականներ, հիանում եմ ձեզնով, ձեր գիտությունն ինձ հաճելի է, ես էլ եմ ապագայի մարդկանցից մեկը,
բայց ես էլ եմ վախենում, որ ձեր ուղեղն ավելի արագորեն է զարգանում, քան ձեր սիրտը:
Որովհետև դուք ինքներդ եք, միշտ նույն գիտնականներդ,
որ այսօր հոյակապ աշխատանքներ եք կատարում մի նոր կյանքի ծնունդ տալու համար,
մինչ վաղը ուրիշ հազարավոր կյանքեր եք արմատախիլ անում արգանդներից, որոնք չափազանց բեղուն են համարվում:
Իսկ մեր ողբն ու լացի ձայները չափազանց տկար են և դուք դրանք չեք լսում,
քանի որ մանկական ձայներ են, ծածկված մարդկանց գոռոցից,
որոնք հպարտորեն ցույցի են դուրս գալիս, պաշտպանելու համար ... ձեր ազատությունը:
 
Մենք՝ երեխաներս, վախենում ենք:
Ինչպիսի՞ աշխարհ ենք մուտք գործելու:
 
 
 
Գիտնականներ, և դուք բոլորդ՝ մարդկանց պատասխանատուներ, լսեցեք ինձ դեռ ևս մի քիչ:
Արդարև ասում են, որ մանուկների բերանից է բխում ճշմարտությունը:
Եթե մի մանուկ եմ, փախած՝ խավարային դահճից,
կապված՝ սիրո մի բարակ թելի, որը չգիտեմ, թե որտեղից է գալիս:
Եթե մի մանուկ եմ, ընկած՝ իր բնից, լքված՝ հորից ու մորից,
որոնց չգիտեմ, թե ի՛նչ է պատահել:
Եթե մի մերկ մանուկ եմ, առանց սիրո զգեստների, կամ էլ ուրիշների փոխ տված հագուստներով եմ,
շարունակում եմ, այդուամենայնիվ, ունենալ ապրելու իրավունքը,
որովհետև ողջ եմ ու արժանապատիվ:
Եվ եթե այդ միևնույն պահին սիրահար անձինք լալիս են դատարկ օրորոցի առաջ,
երեխա փաղաքշելու բաղձանքով վշտացած.
եթե հարուստ են սիրով, որը կարծում են, թե իզուր է վատնվում,
և կամենում են ձրիաբար պարգևել իրենց այդ սերը,
որպեսզի աճի ու ծաղկի այն, ինչն իրենք չեն տնկել.
ուրեմն ես ուզում եմ, որ լռաձայն գան ինձ հարցնելու,
թե արդյոք ես ուզո՞ւմ եմ ընդունել իրենց որպես սրտիս ծնողներ:
Բայց չեմ ուզում երեխայամոլների, որոնք արվեստի գործեր հավաքողների նման՝ տենդագին փնտրում են այն հազվագյուտ առարկան, որ պակասում է իրենց ցուցափեղկում:
Չեմ ուզում հաճախորդներ, որոնք պատվեր են տվել ու հաշվեգիր վճարել, ուստի հիմա էլ պահանջում են իրենց պատրաստի երեխան, գործարանի արտադրանքի նման:
Որովհետև ես չեմ ստեղծվել անդամահատված ծնողներ փրկելու համար,
այլ՝ նրանք են – ո՜վ խորհրդավոր ընթացք, հիասքանչ ծրագիր – , որ պետք է փրկեն սրտները պատռված, թերևս նաև դատապարտված, մանուկներին:
 
... Եվ մեկս մյուսիս վարժվելու նման մի բան կլինի ... :
 
Ես կխմեմ մի կաթ, որի համն անգիտանում էի,
կլսեմ անծանոթ մեղեդիներ, կսովորեմ նոր երգեր:
Ձեր մատների վրա, ձեր շուրթերի վրա, իմ սրտի ծնողներ,
ես կամաց կամաց կընթերցեմ գորովի այբբենարանը:
Եվ իմ համար անծանոթ ու անհայտ սերը
կմարմնավորվի ու դեմք կառնի ձեր աչքերի լույսով:
 
Դուք ձեր կյանքերը կպատվաստեք իմ վայրի բնին,
և ձեր շնորհիվ ես կծնվեմ մի երկրորդ անգամ:
Այդպիսով հարուստ կլինեմ չորս ծնողներով.
երկուսը՝ մարմնիս սկզբնավորման ծնողները,
իսկ երկուսդ՝ սրտիս ու աճող մարմնիս ծնողները:
 
Դուք չեք դատապարտի իմ անծանոթ ծնողներին,
շնորհակալություն կհայտնեք նրանց,
և ինձ էլ կօգնեք, որ հարգեմ նրանց.
որովհետև պետք է որ կարողանամ – գիտեմ – ստվերում սիրել նրանց,
եթե մի օր կամենում եմ սիրել ինքս ինձ օրվա լույսի տակ:
Իսկ եթե փոթորկալի մի երեկոյան, կրակոտ պատանի դարձած,
շփոթված ու ինքս ինձնից գլուխ չհանելով,
համարձակվեմ խստորեն հանդիմանել ձեզ՝ ինձ ընդունած լինելու համար,
խնդրում եմ, չվշտանաք, այլ՝ սիրեք ինձ է՛լ ավելի.
գիտեք, որ պատվաստը կպչելու համար հարկավոր է, որ մի վերք բացվի,
և, վերքը փակվելուց հետո, մնում է սպին ... :
 
...
Բայց ես երազում եմ ... :
 
Ես երազում եմ, որովհետև ճանապարհ ընկած մի մանուկ եմ սոսկ,
ցամաքից հեռու:
Իմ խոսքը լուռ է, իսկ երգս՝ առանց երաժշտության:
Այն, ինչն այսօր ձեզ ասում եմ ցած ձայնով,
չեմ կարողանա մի օր բարձրաձայն ասել,
եթե չգա ու չհասնի այն օրը, երբ դուք ինձ որդեգրելով,
իմ սրտում այնքա՜ն սեր ու իրական ազատություն կդնեք,
իսկ շուրթերիս վրա՝ բավականաչափ խոսքեր, որ կարողանամ ասել.
“Հայրիկ, Մայրիկ, ես ձեզ ընտրում եմ ու ծնողագրում”:
 
... Այդ օրը կիմանաք, որ ձեր սերը պարգև է, և որ հաջողված է»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։