- 35 - – Գրադարան – Mashtoz.org

- 35 -

Թեև Իմաստունը հանգստացնող խոսքեր էր ինձ ասել, ես մեկ անգամ ևս ասում էի ինքս ինձ. «Այս ամենը չափազանց գեղեցիկ է»: Սկսնակ արվեստասերի նման էի, որն երազում է նկարել կամ քանդակել. երբ դիտում է արվեստի մի գործ, սկզբում լոկ հասարակ գույներ է նկատում և կամ սովորական կերպարանքներ, որոնք հազար անգամ կրկնվում են: Բայց երբ արվեստագործը նրա դիմաց մեկնաբանում է իր գործը և կամաց կամաց օգնում է նրան բացահայտելու այդ գործի խորքը, երբ յուրաքանչյուր գույն, յուրաքանչյուր մանրամասնություն իմաստ է ստանում և գլուխգործոցն իր ամբողջությամբ կենդանանում է ու դառնում արարչության երգ, այդ ժամանակ ցնորքներն անհետանում են, մինչ սկսնակի ձեռքերն էլ անշարժանում են: Իսկ հուսալքված միտքը սրտի խորքում շշնջում է. «Սա, ցավոք, իմ համար չէ»:
 
Նմանապես Իմաստունն էր իմ առաջ բացահայտել սիրո իրական տարողությունը և բազմաթիվ անգամներ, կրկնում եմ, ես նրան ասել էի. «Ձեր ասածները չափազանց դժվարին են, Դուք խոսում եք գագաթների մասին, որոնք իմ համար անհասանելի են»: Բայց այս խոսքերն ասելով՝ նրա հանդիմանություններին էի արժանացել:
Այսօր էլ, ամուսնության խորհրդի շուրջ մտածելուց հետո, մեր ամուսնական սերը Հիսուս Քրիստոսի հետ ապրելու հեռանկարն ինձնից ավելի մեծ պատասխանատվություն էր թվում, փոխանակ երևալու որպես մի հեռանկար, որն ինձ ուժ է տալու:
Մի ուրիշ բան էլ էր ինձ վհատեցնում, կամ ավելի՝ գրեթե ցասումնալի զայրույթի հասցնում, ուղղակի ըմբոստանալու: Շրջապատումս լսում էի, թե ինչպես էին ոմն «ողջամիտ»ներ ասում, թե սիրո մեջ այս կամ այն բանն անելը վատ է, կամ նույնիսկ շա՜տ վատ, մինչ ես կարծում էի, որ բնական բաներ են: Եկեղեցականներն էլ, իրենց հերթին, մեր ճանապարհին կանգնեցնում էին արգելքներ արգելքների ետևից, մինչ ձայնասփյուռն ու օրաթերթերը, որոնք անհագ փնտրում են տպավորիչ լուրեր, դրոշի նման պարզում էին իրենց ընդդիմախոս դատապարտությունները:
Մի խոսքով, սերն ինձ ականապատված դաշտի նման մի բան էր թվում, որի մի ծայրից մյուսը միայն քչերը կարող են առանց կյանքները կորցնելու վտանգի անցնել:
Ընկերներիս ու ծանոթներիս մեծամասնությունը ժպտում էր այդ հարցերի վրա, ծիծաղում, կատակում, և շատերը շարունակում էին իրենց սովորական ճանապարհով գնալ, անտարբեր՝ այդ մեղավոր եղբայրների խոսքերին:
Բարեբախտաբար, Բարեկամս այդպես չէր քարոզում: Դրա համար է, որ նրան լսում էի: Բայց նրա խոսքերն ինձ ավելի էին շփոթեցնում, քան այն բոլոր արգելքները, որ հնչում էին իմ անուշադիր ականջներում: Իր ասածները ես չէի կարող ծաղրել ... և ես ինքս էի, որ պետք է որոշում ընդունեի փոխելու կյանքս:
Ամաչում եմ ասելու, բայց երբեմն հասնում էի այն եզրակացության, որ թերևս ավելի հանգիստ կլինեի, եթե ... ոչինչ իմացած չլինեի ... :
Բայց հակառակ այս ամենի, շարունակում էի հարցեր ուղղել Բարեկամիս:
 
Երբ այդ օրն Իմաստունի տուն մտա, նրա սենյակից մի աղջիկ էր դուրս գալիս: «Իմ հիվանդապահուհին է», ասաց Իմաստունը մեզ ծանոթացնելու նպատակով: Հպանցիկ հայացքով միայն նայեցի հիվանդապահուհուն: Մի ակնթարթում, մռայլ մտահոգությամբ պատվեցի: Բարեկամս արդյոք ծանր հիվա՞նդ էր:
Ասաց, որ ո՛չ: Այնուամենայնիվ, կամեցա համոզվել, և երբ ձեռքը սեղմեցի, զգացի, որ իրոք ջերմություն ուներ: Ոտքի ելա, որպեսզի սենյակից դուրս գայի և նրան հանգիստ թողնեի:
«Մոտս մնա», ասաց: «Դեռ պետք է խոսենք, և այս անգամ ևս ... », հավելեց չարաճճի հայացքով ու ձայներանգով, « ... սրտումդ վստահություն ու խաղաղություն հաստատենք»:
Այլևս չէի զարմանում, երբ տեսնում էի, թե նա ինչպես էր կռահում իմ զգացումները, նաև նախքան իմ կողմից դրանց մասին խոսելը: Որոշակի գոհունակություն էի զգում դրանից, մտածելով, որ հարկավոր է ընկերոջը շա՜տ սիրել, կարողանալու համար այդպես կռահել նրա զգացումները: Ուրեմն նա ինձ իրոք շա՜տ էր սիրում:
Մտովին ամփոփվեց ու կարծես աղոթելով ասաց.
 
 
«Սերը դա մի գագաթ է, որի կատարն հասնում է մինչև երկինք,
իսկ այդ երկինքն Աստծո ընտանիքն է. Հայրը, Որդին, Հոգին,
միայն ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ:
Մարդիկ չեն կարող սիրել այնպես, ինչպես Աստվածային Անձերն են միմյանց սիրում Ամենասուրբ Երրորդության մեջ,
մինչև այն օրը, երբ կատարելապես միացած իրենց եղբայրներին, հանձինս Հիսուս Քրիստոսի՝ իրենց Եղբոր,
Նրա իսկ կողմից բազմությամբ կառաջնորդվեն ու կբազմեն հավիտենական հարսանիքի սիրո խնջույքին:
 
Բայց ճանապարհը, որ բացվում է Գագաթին հասնել կամեցող զույգի դիմաց, ոլորապտույտ է,
շրջվում է ու գալարվում մարդկանց երկրի վրա,
բարձրանում է և իջնում, հետո կրկին բարձրանում,
իսկ երբեմն էլ մոլորվում է երազների արահետներում, որոնք ցնդում են՝ ժայռերի պատնեշներին բախվելով:
Ոչ ոք չի կարող բարձրանալ միանգամից, նետի նման, որն ուղիղ սլանում է դեպի նշանակակետը,
քանի որ մարդիկ սավառնելու ունակ չեն, և սոսկ սկսնակներ են, որոնք քայլել անգամ չգիտեն:
Սովորիր սիրո ընթացքը ամենօրյա ճանապարհների վրա ...
... տաքարյուն զույգերը, երջանկությունից շլացած,
հաճախ մոռանում են, որ հովիտները գագաթից բավականին հեռու են:
 
Երբ, երկարատև ուղևորության համար, այդ անհագ սիրահարները խարխափելով փնտրում են արարքներ ու խոսքեր, որոնք հարմար լինեն սնուցելու իրենց սերը,
եսապաշտությունը, նրանց չափազանց նեղ սրտում, նրանց չափազանց ծանր մարմնում,
հաճախ ճակատագրական սխալներ է կուտակում:
Այսպես է, որ մի շարք սիրավեպեր սխալներով են գրված,
բայց Հիսուս Քրիստոսի աչքին պակաս արժեքավոր չեն,
եթե խոնարհաբար, հավատարմաբար, ճանապարհ ընկած ճամփորդներն Իրենից փորձեն սովորել ուղղագրության կանոնները:
 
Մինչ այդ, ուղեցույց առաջնորդը, թեև պիտի քաջալերի՝ կրկնելով անխոնջ, որ մեկնակետը դա նպատակակետը չէ,
շատ վատ առաջնորդ կլինի, եթե միաժամանակ չհիշեցնի նաև, որ լեռներից միայն մեկն է հանդիսանում որպես գագաթ, մյուս՝ ավելի ցածր սարերով շրջապատված:
Վատ առաջնորդ կլինի նաև, եթե շարվեշարան հառաջ ընթացող ճամփորդներից թաքցնի դեպի վեր բարձրացող ճանապարհի երկարությունը, ժայռերի կարծրությունը, սխալ քայլերի վտանգը և հնարավոր անկումները,
պանծացնելով միայն գեղեցիկ տեսարանների հմայքը, գագաթների անարատ մաքրությունը, արևի ճառագայթների ջերմությունն ու հավաքելիք երփներանգ ծաղիկները:
 
Որոշ զույգեր, փորձառու առաջնորդներին արհամարհելով, միայնակ նետվում են՝ գծված արահետներից դուրս սլանալու,
ծիծաղելով ասում են, թե ազատվել են քարացած բարոյականությունից,
ստիպողական արգելքներից,
ասում են, թե բավականին հասուն են՝ զանազանելու համար հյուսիսն ու հարավը,
բավականին ուժեղ են՝ քայլելու համար առանց հացի, առանց ջրի, եթե մոլորվեն հանկարծ:
Նավարկում են անտեսելով քարտեզներն ու կողմնացույցը, համոզված, որ “բնազդն” իրենց մեջ ավելի ապահով առաջնորդ է, քան տխուր օրենքներն ու խիստ զգուշացումները:
 
 
Անմիտնե՛ր:
Ո՞վ կարող է Գագաթին հասնել առանց ճանաչելու Ճանապարհը, վտանգավոր անցումները, խորխորատներն ու վիհերը:
Ո՞վ կարող է փակ աչքերով քայլել առանց կարդալու ցուցանակների նշումները. վտանգավոր շրջադարձ, բազմապիսի խոչընդոտներ, արագության սահմանափակումներ, ... արգելված անցումներ:
Եվ ո՞վ կարող է անտեսել ուղին իմացողի խորհուրդները, մինչ նա ճանաչում է ուղևորության երթի մանրամասն նկարագրությունը:
Անմիտնե՛ր:
Մի՞թե մարզիկը կարող է մրցանակի արժանանալ, եթե մերժի իր ասպարեզի մանրամասն կանոնները և իր մարզիչի ճշգրիտ ցուցմունքները:
Մի՞թե երաժշտությունը կարող է ծնվել դաշնավորման կանոններին չհետևող գործիքներից, և կամ երաժիշտներից, որոնք անտեսում են խմբավարին:
Իսկ ծառը կարո՞ղ է աճել, եթե տնկված չէ իրեն հարմար ու պատշաճ հողում, ստվերոտ կամ արևկող տեղում, ջրաշատ կամ սակավաջուր վայրում, եթե հենակներով ամրացված կամ կանոնավոր կերպով էտված չէ:
Նմանապես սերը, սիրելիս, իր օրենքներն ու իր կանոններն ունի: Ով կամենում է սիրել, չի կարող օրինազանցորեն խախտել այդ կանոնները: Հակառակ դեպքում կտեսնի, թե ինչպես է նվաղում ու մահանում իր սերը»:
 
«Բայց սերը», բացականչեցի, «կանոնագիրք չէ, որին հարկավոր է հետևել, կամ օրենքների հավաքածու չէ, որոնք հարկավոր է հարգել: Այն ամենն, ինչ ինձ ասել եք, հակասում է այս տեսակետին»:
 
«Իրավացի ես: Սիրել՝ չի նշանակում հետևել ... մի կանոնագրքի, այլ՝ հետևել մի Անձի. Հիսուս Քրիստոսին: Նրան, ում մասին Հովհաննես Առաքյալն ասում է. “Նա ՍԵՐՆ է”:
Օրենքները, կանոնները, բարոյական նկարագիր ունեցող խորհուրդները սոսկ ցուցմունքներ են, որոնք հնարավորություն են ստեղծում, որպեսզի կայանա Հանդիպումը և պատշաճ ու վայելուչ կենակցությունը: Հարկավոր է հարգել դրանք, եթե չենք ուզում սխալվել: Բայց երբեք չպետք է մոռանանք, որ ճշմարիտ Առաջնորդը Նա է, “հովիվ”ը, ինչպես Ինքն էր Իրեն անվանում, որ եկել է այցելելու հովիտները, կամավորներին փնտրելու, նրանց ի մի ժողովելու և մինչև լեռան գագաթը բարձրացնելու համար:
Նա քայլում է բոլորի հետ միասին: Ուշադիր, տրամադիր:
Ոմանք ճանաչում են Նրան, ուրիշներ՝ ո՛չ:
Երջանիկ, հազա՜ր անգամ երջանիկ են նրանք, ովքեր ճանաչում են Նրան և հրավիրում, հետևում են Նրան և լսում Նրա Խոսքը»:
«Բայց Նա այլևս չի խոսում»:
«Խոսում է: Լռության խոսքերով, որոնք սիրտն է միայն ընկալում: Խոսում է Իր հետևորդներից կազմված հասարակության՝ Եկեղեցու պատասխանատուների միջոցով: Բայց սկզբում Նա խոսել է իրական մարդկային խոսքերով: Մեր միևնույն մարդկային բարբառով: Եվ իր խոսքերը, հասարակության մեջ ի մի հավաքված Իր առաջին մտերիմների կողմից լսվելով, խորհրդածվելով, այժմ գրի են առնված Գրքում:
Եթե կամենում ես սովորել, թե ի՛նչ է սերը և թե ինչպե՛ս է հարկավոր սիրել, պետք է կարդաս Գիրքը, և ուշադրությամբ քննես, տեսնելու համար, թե ինչպես է սիրում Հիսուսն Ինքը, քանի որ Նա մեզ ասել է, որ պետք է սիրենք “ինչպես Ինքը սիրեց մեզ” »:
 
«Իսկ Եկեղեցու մարդիկ», ասացի, «ինչպե՞ս են խոսում»:
«Հիսուսն Ինքը կամեցավ ու հաստատեց, որ հավատացյալների հասարակությունը պատասխանատուներ ունենա: Խոստացավ, որ նրանց զորավիգ կլինի Իր Հոգիով: Այդ պատասխանատուները կարդում են Նրա Խոսքը: Կարդում են նաև կյանքի գիրքը, այսօրվա կյանքի էջերը երեկվա կյանքի էջերից հետո, և ասում են. “Սիրելու համար, տվյալ պարագաներում, հարկավոր է այսպես կամ այնպես վարվել”:
Կամ էլ ասում են. “Այս կամ այն վարվելակերպը հակասում է սիրո մասին Հիսուսի ուսուցումներին”»:
«Ավելի հաճախ ասում են, որ դրանք “մեղքեր” են»:
«Եվ ճիշտ այդպես է: Մեղանչել՝ միշտ էլ նշանակում է վատ սիրել, կամ ընդհանրապես չսիրել, քանի որ Հիսուսը միայն մեկ պատվիրան է մեզ ավանդել, որի մեջ ամփոփված են մյուս բոլոր պատվիրանները. “Սիրել”: Սիրել Աստծուն, սիրել մեր բոլոր եղբայրներին»:
«Բայց արգելված սերեր էլ կան»:
«Ոչ մեկը»:
Չէի հասկանում: Լսել էի, որ Հիսուսը մի օր ասել էր, թե ով իր սրտում ցանկանում է ինչ որ մի կնոջ, որն իր կինը չէ, դա մեծ մեղք է:
«Ցանկանալ նրան այնպես ու այն աստիճան, որ ուզենաս նրան քոնը դարձնել, այո՛, դա մեղք է», ասաց Իմաստունը, «բայց դա սիրել չէ:
Միայն ցանկանալը, եթե նա ցանկալի է, ո՞վ կարող է հանդիմանել քեզ:
Հարկավոր է, որ մենք մաքրագործենք մեր ցանկությունները և պայքարենք, նաև երկարատև ջանքերով, որպեսզի չցանկանանք վերցնել այն, ինչն ազատակամ պարգևված չէ, և մանավանդ այն, ինչը մերը չէ: Երբեմն էլ պետք է պայքարենք նաև ինքներս մեր դեմ, որպեսզի չընդունենք մյուսից այն, ինչը նա կամենում է տալ, բայց դրա իրավունքը չունի: Եվ այս պայքարներն ու ճակատամարտերը սիրո ապացույցներ են, նույնիսկ եթե մեր տկարությունը ստիպում է մեզ երբեմն ընկնել ... բայց երբե՛ք՝ հրաժարվել պայքարից:
Ահա այսպես է պատահում, սիրելիս, որ ոմանք ավելի սեր են ապրում արգելված ճանապարհների վրա, քան մյուսները, որոնք ընթանում են արտոնված ուղիներով»:
«Ամեն բան, ուրեմն, մեր սրտի՞ց է կախված»:
«Այո՛, եթե մեր սրտում հավատարմորեն լսում ենք Աստծո ձայնը, որ խոսում է լռության մեջ:
... Գիտե՞ս, ոմանց, որոնք բծախնդիր կերպով պահում էին օրենքներն ու կանոնները, Հիսուսը մի օր ասաց, որ պոռնիկներից ոմանք նրանցից առաջ էին անցնելու Երկնքի Արքայության մեջ: Ապահովության պատնեշներն իրոք ամուր տեղադրված են սիրո ճանապարհի երկայնքին և ուղեցույց գիծն էլ շատ հստակ գծված է, բայց մարմինը երբեմն մի ուղղությամբ է շարժվում, որը սիրտը չի կամենում: Միայն նա, ով ապրում է, գիտի, թե ի՛նչ է ապրում իր սրտում, և Աստծուց բացի ուրիշ ոչ ոք չի կարող չափել սիրո ուժը, որով այդ սիրտը բաբախում է յուրաքանչյուր քայլափոխի»:
 
Այս անգամ, կարծում եմ, կարողացա հասկանալ: Պատասխանատուները, որոնք ճանաչում էին սիրո ճանապարհը, այն պետք է ուսուցանեին ուրիշներին, հստակ կերպով, առանց երկմտանքի: Բայց նաև մտածում էի, որ նրանք պետք է բավականաչափ լսեին նրանց, ովքեր այդ ճանապարհով ընթանում էին: Քանի որ խոսելը մի բան է, ապրելն՝ ամբողջովին ա՛յլ բան ... :
 
Եվ մինչ ոտքի էի կանգնում, որպեսզի հրաժեշտ տայի, չկարողացա զսպել ինձ ու չասել Իմաստունին.
«Եթե եկեղեցականները, հատկապես նրանք, որոնք ամուսնացած չեն, ավելի լսեին ամուսիններին, թերևս այնպես չէին խոսի, ինչպես խոսում են այժմ, երբ խոսում են սիրո մասին»:
«Ես էլ եմ այդպես մտածում», պատասխանեց Իմաստունը: «Կամ առնվազն, միևնույն բաները կասեին, թերևս, բայց ուրիշ խոսքերով և առավել քաջալերանքով: Նրանք մեզ ցույց են տալիս նպատակակետը, ... բայց մենք ապրում ենք միջանկյալ հանգրվանները, և դրանք ապրում ենք, երբեմն, տաժանակիր ջանքերով:
Ես իմ ամբողջ ուժով հավատում եմ, որ Հիսուսի Հոգին ընկերակցում է Եկեղեցու պատասխանատուներին, և հավատում եմ, որ նրանք պետք է խոսեն: Բայց նաև հավատում եմ, որ Հոգին ընկերակցում է սիրո այս անթիվ անհամար մշակներին, որոնք ջանում են իրենց ամուսնական կյանքն ապրել Խոսքի լույսի ներքո: Նրանք էլ իրենց խոսքն ունեն ասելու՝ ամբողջական նախադասության մեջ: Ընթերցել Խոսքը Գրքում առանց այն բավականաչափ ունկնդրելու գործնական կյանքում, նշանակում է, իմ կարծիքով, Հիսուսի Ավետարանը կարդալ ընդհատումներով, մի էջն՝ այո՛, իսկ մյուսը՝ ո՛չ»:
 
 
Իմաստունն իր խոսքը դեռ չէր ավարտել: Զգում էի, որ ուզում էր ինչ որ մի բան ասել: Բայց վարանում էր: Թերևս հոգնածությո՞ւնն էր պատճառը: Այդ օրը շատ երկար էի մնացել նրա մոտ: Հենց այն օրը, երբ հիվանդ էր: Թե՞ նրա միտքը գրավել էին ցավալի հուշերը: Նրա դեմքն ակնթարթորեն դարձել էր շատ լուրջ:
Ի վերջո, հազիվ լսելի ձայնով ու հաճախակի ընդհատումներով ասաց.
«Իրենց մեջ բազմապիսի պարագաներ ու տեսանկյուններ պարունակող երկու իրավիճակներ կան, որոնց դիմաց գտնվելով, մարդիկ, ովքեր “գիտեն” ուղեղով, բայց ոչինչ չգիտեն մարմնով ու սրտով, պետք է որ խոսեին անսահման նրբանկատությամբ ու կարեկցանքով, ... կամ էլ, թերևս, պետք է որ ուղղակի լռեին: Տառապանքի դիմաց և սիրո դիմաց, երբ այդ երկուսը դառնում են “կիրք”, այսինքն՝ մի բան, որ տվյալ անձը կրում է:
... Ինչպե՞ս կարելի է կանգնել հիվանդի սնարի մոտ, հիվանդի, որ գամված է իր անկողնուն, ցավերից խեղդվում է, ուրիշ ոչինչ չի կարողանում անել, այլ միայն՝ գոռալ, և ո՛չ իսկ՝ աղոթել, ... ինչպե՞ս կարելի է գեղեցիկ խոսքերով սովորեցնել նրան, թե ինչպե՛ս “պետք է որ” ապրի այդ սոսկալի տառապանքը ... :
... Եվ մեկը, որ գաղափար անգամ չունի, թե ի՛նչ է քնքշանքով գգված մարմնի ջերմությունը և սաստիկ սիրահարված սրտի տրոփյունը, ինչպե՞ս կարող է, վշտահար մարդու դիմաց, – մարդ, որ կրած բեռի ծանրության տակ գետին է ընկած, այրվող սրտով ու բոցակիզվող մարմնով, – ... ինչպե՞ս կարող է բարձրաձայն ու հանդիսավոր կերպով հռչակել, թե որո՛նք են հրդեհը շիջանելու իմաստուն կանոնները, մինչ ամբողջ մարդն է, որ իր կրքի մեջ այրվում է ու սպառվում ... :
...
... Մարիամը, խաչի ստորոտում կանգնած, ՈՉԻՆՉ չէր ասում:
Եվ Հիսուսն Ինքը, մեղավոր կնոջ դիմաց, ԼՌՈՒՄ ԷՐ:
 
...
Բայց կարծում եմ, որ նրանք աղոթում էին»:
 
 
 
Եվ ես, մինչ դուրս էի գալիս, մտածում էի, որ Իմաստունը պետք է որ շա՜տ տառապած լիներ որոշ գեղեցիկ խոսքերի պատճառով, որոնք ոմանք առատորեն հեղել էին նրա բաց վերքերի վրա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։