- 36 - – Գրադարան – Mashtoz.org

- 36 -

Ամբողջովին նոր դիմագծեր էի բացահայտել Իմաստունի նկարագրում: Նա, որ ինձ այդքա՜ն խիստ էր թվում, այդքա՜ն պահանջկոտ՝ սիրո մաքրությունը պաշտպանելու հարցում, վերջին հանդիպման ժամանակ դրսևորել էր իրեն որպես սիրահարների ճանապարհին հանդիպող հնարավոր դժվարությունների նկատմամբ ապշեցուցիչ կերպով ուշադիր ու նրբանկատ: Դա ինձ խորապես մխիթարում էր ու քաջալերում: Սիրել, վերջին հաշվով, նշանակում է ամբողջ կյանքի ընթացքում ջանալ սիրել, և հազա՜ր ու հազա՜ր անգամ կրկնել այն «այո՛»ն, որը ես միակ ու եզակի էի կարծում:
Միշտ չէ, որ իսկույն ըմբռնում էի Բարեկամիս միտքը: Նրա խոսքերը նոթագրում էի մի փոքրիկ տետրում, հետո վերընթերցում էի դրանք, այն մրգերի նման, որոնք ուտելուց առաջ՝ նախ հարկավոր է կեղևը խնամքով մաքրել: Որոշ խոսքեր ու մտքեր, սակայն, ուղղակիորեն թափանցում էին մինչև հոգուս խորքը: Սրտիս շեմից ներս էին մտնում առանց նախապես ուղեղիս միջով անցնելու, և ինքս ինձ ասում էի. «Սա վաղուց ի վեր մտածված ու նախատեսված է հենց իմ համար»:
Իմաստունն ասել էր. «Մարմինը երբեմն մի ուղղությամբ է շարժվում, որը սիրտը չի կամենում», և այս միտքը, աղեղից արձակված նետի նման, խոցել էր ինձ: Այն ինձ էր սահմանված:
Ես տակավին իմ մարմնի տերը չէի:
 
 
Արդեն շատ ժամանակ է, ինչ մարմինս ինձ շփոթեցնում էր: Դեռ հազիվ էի պատանեկական հասակի առաջին տարիքիս հասել, բոլոր երեխաների նման, ինչ բացահայտել, զննել, սիրել էի մարմինս: Դժբախտաբար, ծնողներս ու դաստիարակներս ինձ զգուշացրել էին նրա դեմ, փոխանակ ասելու, որ նա իմ ընկերն է: Նման մտայնությամբ ինչպե՞ս կարող էի բարիդրացիական հարաբերություններով ապրել մարմնիս հետ:
Հետագայում, երբ մի քիչ ավելի էի մեծացել, մարմինս կամենում էի ավելի ամուր և ուժեղ տեսնել, և տառապում էի, երբ նկատում էի, որ նույնքան ուժեղ չէր, որքան այս կամ այն ընկերս, որոնք միշտ հաղթում էին կազմակերպված բազմապիսի մրցումներում:
Երիտասարդությանս առաջին տարիներին, մինչդեռ, նախանձում էի ընկերներիցս ոմանց, որոնց համարում էի ինձնից ավելի գեղեցիկ, և հետևաբար՝ ավելի գրավող ու հմայիչ: Խոսքս նրանց մասին է, որոնց աղջիկներն առաջինն են նայում: Ճիշտ է, այդ արտաքին պերճանքի նկատմամբ ինձ անտարբեր էի ձևացնում, բայց իրականում բազմաթիվ ու բազմապիսի հնարքներ էի գործի դնում՝ ծածկելու համար արտաքին թերություններս: Մոտս բավականին լավ էր ստացվում, բայց սրտիս խորքում դա ինձ ստորացնում էր:
Նմանապես շուտով փորձառությունն էի ունեցել նաև այն բանի, որ եթե մարմինս մի կողմից կարող էր ինձ շփոթեցնել, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ տառապանք պատճառել, մյուս կողմից, սակայն, այն նաև ընդունակ էր ինձ մեծ գոհունակություններ պարգևելու: Երբ ցանկանում էի, ըստ պահանջի, ինձ հրաշալի հաճույքներ էր տալիս, որոնք, միայն թե, անցողիկ էին, ավա՜ղ: Պետք է շարունակ վերանորոգեի դրանք, բայց որքան ավելի էի դրանք վերանորոգում, այնքան ավելի ցանկություններ էին հառնում իմ առաջ, տոկո՜ւն, սաստի՜կ ցանկություններ, որոնք մինչև իսկ բռնություն էին բանեցնում վրաս:
Մի տեսակ անհագ հետաքրքրասիրություն լինելուց հետո, աղջիկներին հանդիպելը մի տեսակ մտասևեռում էր դարձել իմ համար. հաճույքը, որ նրանք տալիս էին ինձ, մի պահանջ. այդ պահանջի բավարարումը՝ կյանքի իմաստ: Դա ինձ չէր զարմացնում, քանի որ տղաները, որոնց հետ ընկերություն էի անում, նրանք էլ էին նույն բաները զգում, նրանք էլ էին նույն արկածներն ապրում: Երբ միասին հավաքվում էինք, պատմում էինք մեր սեռային թափառումների մասին, և մեր պատմություններն անպարկեշտ էին ու լկտի: Այդ ամենը մենք «սեր» էինք անվանում:
Բայց շուտով, Իմաստունի հետ հանդիպումներս շարունակելով, սրտիս խորքում մի անբացատրելի շփոթմունք էր արմատացել: Մի տեսակ տագնապի զգացումն ունեի, անհանգիստ էի, երբեմն էլ՝ մի տեսակ զզված: Հասկանում էի, որ կեղտոտել էի ինչ որ մի շա՜տ գեղեցիկ բան, և թեև ջանքեր էի գործադրում ինքս իմ վրա՝ աղջիկներին ա՛յլ հայացքով դիտելու համար, հաճախ ինձ բռնի կերպով մղված էի զգում վերցնելու այն, ինչն այլևս չէի ուզում վերցնել:
Այս պայքարիս մասին արդեն վաղուց կամենում էի խոսել Իմաստունի հետ: Պարզապես չէի համարձակվում: Բայց այն նրբանկատ գորովի խոսքերը, որ նրանից լսել էի մեր նախորդ հանդիպման ժամանակ, հրավերի նման հնչում էին իմ մեջ:
Վաղը կկարողանամ:
 
 
«Մարդկային մարմինը գեղեցիկ է», ասաց ինձ Բարեկամս, սկսելով մեր այդ օրվա զրույցը, «և թերևս առավել յուրօրինակ կերպով՝ կնոջ մարմինը: Մարդու հայացքն է, որ երբեմն կեղտոտում է այն, նրան անմաքուր ցանկությամբ հպվելով:
Ինչպես կեղտոտ ձեռքն է աղտոտում այն առարկան, որը կամենում է բռնել:
Հարկավոր է լվանալ սեփական աչքերը, նախքան դրանք կհպվեն մի մարմնի: Միմիայն այդպես մարդը կկարողանա դիտել մարդկային մարմինը, հմայվել նրանով և հարգել այն»:
«Իմ մարմինը գեղեցիկ չէ», ասացի ես, «դեմքս էլ հասարակ ու սովորական դեմք է»:
«Քեզ արդեն ասել եմ, որ սրտի լուսավորության մեջ է կայանում իրական գեղեցկությունը: Ամենագեղեցիկ ջահերն անգամ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, երբ լույսը նրանց մեջ մարած է:
Դու գեղեցիկ կլինես, սիրելիս, եթե սիրտդ լուսավոր լինի, եթե մարմինդ սրտիդ կարծես հավատարիմ փեսան լինի»:
«Բայց իմ մարմինն անհավատարիմ է: Անհոգ գտնվեցի և այն խույս տվեց հսկողությունիցս»:
«Ճիշտ է, բազմաթիվ են այն մարդիկ, որոնք կարծես բաժանված լինեն իրենք իրենց անձում: Իրենց մարմնին ասել են, թե ազատ է, նա էլ առիթից օգտվել է: Արդ, ոչ ոք չի կարող լիովին հասունանալ, եթե միասին անբաժան չի պահում իր միտքը, սիրտն ու մարմինը: Մարդը մի միասնություն է, Աստված նրան այդպես է ստեղծել, և ոչ ոք չի կարող առանց վատթար հետևանքների բաժանել այն, ինչն Աստված միավորել է:
Երբ սիրես և կամենաս սիրեցյալիդ նվիրվել, քեզնից ի՞նչ կկարողանաս նվիրել, սիրելիս, եթե մարմինդ քոնը չէ: Եվ ի՞նչ կյանք կկարողանաս նվիրել, եթե սիրտդ մարմնիցդ դուրս է ապրում, և հետևաբար՝ մարմինդ անբնակ տարածք է:
 
Գնա՛, հասիր մարմնիդ և ասա՛ նրան.
Դու տնկվել ես, իմ մարմին, որպես հորս սերմ, հերկված հողի մեջ, մորս արգանդում:
Դու խմորի նման շաղված ես, իմ մարմին, արյամբ, մսով, ժպիտներով, երգերով, ու թերևս նաև արցունքներով ... :
Դու շաղվել ես սրտի ռիթմով. սիրտ, որ բաբախում է, սպասելով ցերեկվան:
Դու ինձ տրվել ես, իմ մարմին, սրտիս և հոգուս հետ միասին, որպես մեկ միասնություն,
որպեսզի անդամներիցդ ոչ մեկը, և ո՛չ իսկ ամենափոքր մասնիկը, չկարողանա ասել. “Ես եմ”, եթե մյուսներին միացած չէ:
Դու աշխարհ ես բերվել, իմ մարմին, տաժանակիր շինհրապարակում քրտնաջան աշխատելու համար,
ուր, հանդիպելով եղբայրներիդ՝ որպես պարգև ստացած այս աշխարհի սիրահար մշակներին,
միասին պետք է կատարելագործեք այն, դարձնելով մի Դրախտ:
Դու ընկղմվել ես ջրի մեջ, իմ մարմին, երբ ծնողներս, խոստովանելով, որ իրենց զավակը նաև Աստծո զավակն է,
քեզ ներկայացրել են Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն, որպեսզի դառնամ Նրա Մարմնի կենդանի անդամներից մեկը:
Դու սովորեցիր խոսել, իմ մարմին, խոսքերից անդին, որպեսզի մատներով, շուրթերով, քո ամբողջ էությամբ հաղորդվելով մի ուրիշ՝ կնոջ մարմնի հետ,
դու կարողանաս ասել. “Ես սիրում եմ քեզ”, ողջագուրման գագաթնակետին,
և որպեսզի դուք միասին մի նոր եղբայր պարգևեք մարդկանց,
իսկ Աստծուն՝ մի նոր զավակ:
 
Դու առաքվել ես, իմ մարմին, որպեսզի բոլոր մարդկանց, բայց առաջին հերթին նրանց, ում կսիրես,
դու կարողանաս պատմել Աստծո մասին:
Իրոք, դու գիտես, իմ մարմին,
որ երբ Աստված այդքա՜ն հեռվից կամեցավ հանդիպել մարդկության հետ,
խոստովանելու նրան Իր Սերը,
մի մարմին Նա խնդրեց խոնարհ Մարիամից,
և այդ մարմինը Մարիամը ծնեց,
այն Նրան ընծայեց, ընծայելով աշխարհին,
իսկ Նա Իր հերթին այն մեզ հանձնեց,
որպեսզի Իր հետ մենք հաղորդվենք,
և միասին, ընդմիշտ, դառնանք ՄԵԿ,
ինչպես Ինքն է ՄԵԿ Հոր և Հոգու հետ:
 
Ապա, ասա՛ նրան տակավին.
Ես չեմ կամենում, իմ մարմին, քո՝ սրտիս փեսայի հետ վարվել իբրև սոսկ հաճույքի առարկայի,
և չեմ կամենում քեզ գործածել այնպես, որ կարծես զվարճանքի գործիք լինեիր, որը գործածում են, որին չարաշահում են, իսկ հետո, ծիծաղելով, այն դեն են նետում:
Ես չեմ կամենում, իմ մարմին, որ դու ինձնից հեռու փախչես վախկոտ դասալիքի նման, որը սահմանն անցնում է ճակատամարտից փախչելու համար:
Ես չեմ կամենում, իմ մարմին, որ դու ինձնից տարբեր մեկը լինես, ինչ-ինչ հագուստների ներքո ծպտված, որոնք թաքցնում են իմ ո՛վ լինելը և ինձ դավաճանում են:
Ես չեմ կամենում, իմ մարմին, անուղղելի փախստական, որ տնից հեռու թափառելով՝ դու քո հաճույքի համար պտուղներ հավաքես, որոնք ես չեմ ընտրել:
Ես չեմ կամենում, իմ մարմին, որ դու իմ մասին սուտ ու կեղծիք պատմես, երբ իմ մասին խոսես:
 
Իմ սրտի նվագին քեզ կներդաշնակեցնեմ, որպեսզի երգեցողությունդ ճիշտ հնչի,
և ամեն օր քեզ կհարցաքննեմ, որպեսզի խոսքերդ լինեն ճշմարտացի:
 
Ի՞նչ ես ասում իմ մասին, իմ մարմին, հայտնելու համար հոգիս:
Ի՞նչ ես ասում, իմ ձեռք, երբ սեղմում ես ընկերոջս ձեռքը:
Ի՞նչ ես ասում, իմ հայացք, սրտի լույս, երբ դիտում ես աչքերիս պատուհանից:
Ի՞նչ ես ասում, իմ ժպիտ, շուրթերիս պարտեզում բացված ծաղիկ:
Ի՞նչ ես ասում, իմ համբույր, դու իմ կյանքի շունչ՝ սիրեցյալիս դեմքին:
 
Ի՞նչ եք ասելու, իմ սիրահարված բազուկներ, – օրորոց, ուր քնելու է իմ քնքուշ սերը, –
երբ միասին դարձած ենք լինելու միայն մեկ մարմին:
Ի՞նչ եք ասելու, իմ հոգնած անդամներ, երբ չարի ժանիքների մեջ սեղմված՝ տառապանքս եք աղաղակելու, և նրա դուստրը՝ միայնությունը:
 
Իսկ երբ բերանս կլռի, աչքեր իմ, դուք դեռ կխոսե՞ք:
Իսկ երբ աչքերս էլ կփակվեն, իմ սառած դեմք, հեռացած հոգուս քաղցր լույսը դու դեռ կարտացոլե՞ս:
 
 
Ո՜վ պարգևված մարմին,
սիրված մարմին,
իմ հոգու խոսք,
իմ սիրո երգ,
մարմին հաճախ ապստամբ և հաճախ անհավատարիմ.
իմ բոլոր ուժերով կամենում եմ քո հետ վերսկսել մեր համընդհանուր կյանքը,
որովհետև առանց քեզ ես չեմ կարող ինքս ինձ լինել,
իսկ առանց ինձ, դու սոսկ խելակորույս նավակ ես, որը կոտրելով նավամատույցի սյուներն ու ամրանները, փախչում է բաց ծով և նրանից, վերջում, փշրված բեկորներ են միայն գտնվում:
 
Վերադարձի՛ր իմ մոտ, մարմին իմ, և կապրենք միասին,
կսիրենք միմյանց, կսիրենք միասին և կպարգևենք կյանքը:
Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ միասին կառաջնորդի մինչև մեր ճանապարհի ավարտակետը,
գերեզմաններից անդին,
դեպի Հարությունը»:
 
Արդեն դուրս էի գալիս, երբ հիվանդապահուհին ներս մտավ: Կարծես նախապես որոշված լիներ, որ հանդիպելու էինք:
Նրա հետ էր նաև Մանուկը: Ներս մտան ձեռք ձեռքի տված: Երկուսն էլ բավականին ուրախ էին:
«Մոտիկից ծանոթացանք», ասաց հիվանդապահուհին, «իսկ հիմա թույլատրել եմ, որ ներս գա, բայց միայն մի համբույրի ու հրաժեշտի համար: Դուք չպետք է հոգնեք»:
Ապա մոտեցավ Իմաստունին, ձեռքը նրա ճակատին դրեց, հետո բռնեց նրա ձեռքը և այն մի պահ իր ձեռքի մեջ պահեց:
«Ջերմություն ունեք: Շատ եք խոսել ... », ասաց քնքշորեն, գրեթե գուրգուրանքով: Ապա կրկին ոտքի կանգնեց, դեպի ինձ նայեց ու ավելացրեց, այս անգամ արդեն հաստատուն ձայնով. « ... խելամիտ չէ՛ ... »:
Հանդիմանությունը, պարզորոշ կերպով, ինձ էր հասցեագրված: Հասկացա և իսկույն դուրս ելա, քթիս տակ փնթփնթալով այդ հիվանդապահուհու դեմ, որին իսկապես գտնում էի սակավ քաղաքավարի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։